Արցախյան զինված ստորաբաժանումների զորավարժություններին ՀՀ նախագահի մասնակցության, այդ նույն ստորաբաժանումների զինվորների առաջ նրա ելույթի ֆոնին շատ ավելի ցցուն է դառնում շփման գծում ծառայություն իրականացնող ստորաբաժանումներից մեկում տեղի ունեցած նոր ողբերգությունը: Ստացվում է, որ ասվածը տեղ չի հասնում, ստացվում է, որ չենք կարողանում տեղ հասցնել, անգամ մեր ներկայությամբ, կենդանի շփումներով:
Ոչ ոք չի պնդում, որ բանակը ռոբոտ է` միմյանց զոդված, ընդհատվող եւ շարունակվող էլեկտրալարերի մի խուրձ: Ավելին` հասկանում ենք, որ «բանակ» ասվածը մարդկանց հավաքականություն է, սովորական հասարակությունից մի փոքր տարբեր, բայց, այնուամենայնիվ, հավաքականություն: Ուստի նրան էլ անխուսափելիորեն հատուկ են հավաքականություններին բնորոշ ներքին խնդիրները, այդ ներքին խնդիրներով պայմանավորված` այլ հավաքականությունների եւ իրեն ծնող ու սնող հասարակության հետ ունեցած խնդիրները: Սակայն, որպեսզի բանակ-հասարակություն փոխհարաբերությունը կայանա, անհրաժեշտ է մի հարթություն, որտեղ տրվում են «ինչի՞ համար է բանակը» եւ «ինչո՞ւ է հասարակությունը պահում ու գուրգուրանքով վերաբերվում իր ծնած, թեկուզ հավաքական, բայց հարազատ զավակին» հարցերի պատասխանները:
Մեզանում այդ հարթակն է, որ դեռեւս չի ձեւավորվել կամ չի ծառայում իր բուն նպատակին: Քանի դեռ մենք զինակոչիկին զոռով ենք բանակ տանում, եւ նա բանակից խորշում է ինչպես թուրքը խոզի մսից, քանի դեռ բանակը ձեռնամուխ չի եղել հասարակությանն ու զինակոչիկին հակառակն ապացուցելու գործին, քանի դեռ չի սովորել դողալ ամեն մի զինվորի կյանքի համար, հասարակություն-բանակ երկխոսությունը չի կարող կայանալ: Այն կայանում է առանձին բարձրաստիճան զինվորականների աշխատասենյակներում` փողի ծրարների շուրջ, եւ հետո շարունակվում կազարմաներում` վերեւ-ներքեւ քնելու, հատակն ավլելու, հերթապահելու, քնել-չքնելու, դրսից «օբշչագի» համար փող եւ ուտելիք պահանջելու, գրեֆների դիմաց «օտպուսկ» թռչելու, անգամ բջջային հեռախոսի եւ բազմաթիվ այլ հարցերի շուրջ: Այս բանակի առաջ խոսել կայացած, հաղթական, իր ճամփից ամեն մի խոչընդոտ վերացնելու, թշնամուն վերջնական ջախջախիչ հարված հասցնելու պատրաստ բանակի մասին, համաձայնեք, դառնում է անհնարին:
Ո՞վ է այս ամենը բոլորից շուտ նկատում: Իհարկե հակառակորդը: Ո՞վ է սրանից ամենաշատը ուրախանում. դարձյալ նա, ով պիտի տափ աներ` այս բանակի դրբի տակ եւս մեկ անգամ չհայտնվելու համար: Եվ խնդրեմ, աչքի անցկացրեք ադրբեջանական կայքերն ու լրագրերը: Մենք ուղղակի նպաստում ենք նրանց բանակի մարտունակության բարձրացմանը:
Հարց է առաջանում` եթե գերագույն գլխավոր հրամանատարն իր ներկայությամբ եւ իր` հիրավի մարտակոչ հիշեցնող ելույթով չի կարողանում զսպել բանակային «խարոշիների» մոլուցքը, եթե հայ սպան չի կարողանում սեփական ստորաբաժանման ներսում (չենք ասում՝ մարտի դաշտում) ապահովել իրեն վստահված զինվորի կյանքը, չի՞ նշանակում արդյոք, որ բանակն աստիճանաբար դադարում է մեր հասարակության մասնիկը լինելուց ու դառնում է անկառավարելի` սրանից բխող բոլոր հետեւանքներով:
Ընդդիմադիր մամուլն այս խնդրի լուծման մեկ ելք է տեսնում` կադրային փոփոխություններ եւ վերջ: Պետք է փոխել նախարարին, գլխավոր շտաբի պետին, պետք է պոկել գնդերի հրամանատարների ուսադիրները, հիմքից քանդել այս բանակն ու նորը ստեղծել… Սա նույնպես ծայրահեղություն է եւ երբեք չի հանգեցնի բանակ-հասարակություն ճիշտ փոխհարաբերությունների: Ավելին, վտանգավոր է այն պատճառով, որ հասարակության պատկերացրած ժողովրդավարական թափանցիկությունը ուզածդ բանակը կդարձնի նույնքան անկառավարելի, որքան ժողովրդավարական հասարակությունն է:
Մինչդեռ հայկական բանակին շատ ավելի կարեւոր մի բան է պակասում` իր կոչման գիտակցումը: Եթե դա կար պատերազմի օրերին, եթե դա կար հաշտությանը հաջորդող տարիներին, ապա հետագայում այն դարձավ տրանսպարանտ, անկարեւոր բառերի մի կույտ, որ գրված է յուրաքանչյուր զորամասի մուտքի առջեւ` ժանգոտած մետաղյա վահանակի վրա: Ինչ ասես գրված չէ հիմա այդ վահանակներին, նույնիսկ հայրենիքին զինվոր տվող ծնողի խոսք` ուղղված հայ սպային, ում նա հանձնում է իր որդու կյանքը: Ինչո՞ւ այդ ամենը չի իրականանում, եւ զինվորը, ոտք դնելով շարահրապարակ, երազում է միայն այն օրվա մասին, թե երբ կազատվի ծառայություն կոչվող այս տաժանակրությունից: Իսկ դա քիչ ժամանակ չէ` երկու տարի:
Բնական է, որ նորակոչիկի ներսում ծագելու են հոգեբանական խնդիրներ (եթե նույնիսկ դրանք դրսից չեն եկել նրա հետ), երկար ծառայած զինվորների հետ փոխհարաբերությունները սեփական ուժերով կարգավորելու անհրաժեշտություն, իսկ ժամանակի հետ էլ՝ սեփական ազդեցությունը նորեկների վրա տարածելու ցանկություն: Եթե սա է դրվածքը եւ սրա դեմ չէ մեր պայքարը, ապա ուզածդ նոր նախարար ու շտաբի պետ, անգամ գերագույն գլխավոր հրամանատար ի զորու չի լինի միայն խոսքով կարգուկանոն հաստատել:
Կարգուկանոն հաստատողը պետք է զինվորի կողքին քնող սպան լինի, հոգեբանը, այն մարդը, որ կարգազանցի գլուխը կկարողանա մի հասարակ ճշմարտություն մտցնել` այնպես վարվիր, որ կողքիդ ծառայողը մարտի դաշտում հոգի տա քեզ համար, քեզ վերաբերվի ինչպես հարազատ եղբոր, որ պատրաստ լինի գլուխն էլ մահու տալ, միայն քեզ հեռացնի թշնամու կրակի տակից: Այսպես են Շուշի ազատագրել, այսպես են փախուստի մատնել թշնամուն: Հակառակ դեպքում, ինչքան էլ դիպուկ կրակեք, ձեր փամփուշտը նպատակակետին չի հասնի, միշտ կքնեք դիրքի վրա, կմորթվեք թշնամու դավադիր դանակներով, կվախենաք անգամ զինակիցներից:
Արցախյան զորամիավորումների առջեւ նախագահի ելույթը ցույց տվեց, որ պատերազմը չի ավարտվել, որ մեծ խզում կա մեր բանակի խաղաղ օրերի քարոզչության ու հայ զինվորի իրական ծառայության միջեւ: Այն պետք է չեզոքացվի: Զինվորացու ամեն երիտասարդ պետք է հասկանա ինչու է գնում բանակ, եւ բանակն էլ պետք է հասկանա, թե ինչու է նրան զորակոչում: Բանակը պետք է հասկանա, որ եկողն իր զինվորն է եւ ոչ թե գերին, ումից հնարավոր է ամեն ինչ պոկել: Բանակը, որպես հավաքականություն, պետք է հասկանա մեկ հատիկ զինվորի արժեքը:
Ունե՞նք այսօր մեր հասարակության մեջ եւ բանակում այնպիսի անհատներ, որոնք կկարողանան հարթակ ստեղծել, «երկխոսություն» ապահովել հասարակության ու բանակի միջեւ: Կան իհարկե: Նրանք մեր հերոսամարտի մասնակիցներն են, ում, ցավոք, եթե հիշում էլ ենք, ապա առիթից առիթ, հոբելյաններին: Բայց նրանք լուրջ անելիք ունեն դեռ, նրանք դեռ ամեն ինչ չէ, որ տվել են մեր բանակին: Ոչինչ, որ նրանք ճչացող զինվորական կոչումներ ու փայլուն ուսադիրներ չունեն, նրանցից շատերը ձեռնափայտով կամ սայլակով են տեղաշարժվում, զինկոմիսարիատներում պաշտոններ չեն զբաղեցնում, կյանքում զինվոր ծեծած չկան, հրամանատարներին չեն հայհոյել երբեք: Նրանք ուժեղ են հոգով, խիստ` հայացքով, ճշմարտացի` խոսքով: Նրանք այդպիսին դարձել են հայրենիքի պահանջով:
Թող ինձ ներեն նրանք, ովքեր այս հերոսների շարքից են, բայց բարձր պաշտոններ են զբաղեցնում: Տղերք ջան, ուրեմն հոգնել եք, ուրեմն ձեր ուժերը բավական չեն, ուրեմն բոլորով պետք է կանգնել ու բանակը բանակ դարձնել, հասարակությունը` հասարակություն:
ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
«Հրապարակ»
23.11.2010
Комментариев нет:
Отправить комментарий