Տեր-Պետրոսյանն ինքն էլ դժվար է կողմնորոշվում
Օրերս ՀՀ առաջին նախագահ եւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանն ու թե ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում Ղարաբաղը՝ հայտարարել է. «Այդ հարցը դուրս է սուբյեկտիվ ցանկությունների շրջանակից: Հայաստանի բոլոր երեք նախագահները չեն ճանաչել Ղարաբաղը: Նշանակում է` կա օբյեկտիվ պատճառ:
Նրանք ասում են, չէ՞, որ իրենք հայրենասերներ են, որ Ղարաբաղի կողմից են: Այդ ինձ կարող էին մեղադրել, թե ես չեմ ճանաչում, որովհետեւ դավաճան եմ: Ես ուրախ եմ, որ նրանց ուղեղն էլ է հերիքում նման անզգույշ քայլ չանել: Առաջին՝ դա ոչ մի օգուտ չի բերի: Հայաստանը կլինի միակ երկիրը, որը կճանաչեր Ղարաբաղը, այնպես, ինչպես միայն Թուրքիան է ճանաչել Հյուսիսային Կիպրոսը: Թուրքիան դրանից չտուժեց, իսկ Հայաստանն այդ ֆորմալ ցուցադրական քայլից կարող է եւ տուժել: Դա կհաստատի, որ Հայաստանը մաքսիմալիստ է, որեւէ փոխզիջման չի գնում:
Ղարաբաղյան ողջ քաղաքականությունը, գոնե խոսքերի մակարդակով, մինչ օրս հիմնված է այն բանի վրա, որ մենք փոխզիջում ենք որոնում: Ճանաչելով Լեռնային Ղարաբաղը՝ մենք հրաժարված կլինեինք այդ սկզբունքից, նույն պահին կդադարեին բանակցությունները: Նույն պահին Ադրբեջանի համար կստեղծվեր այլընտրանք չունեցող իրավիճակ, քան ուժի գործադրումն է: Եվ այդ դեպքում, հավաստիացնում եմ, համաշխարհային հանրության համակրանքը կլիներ Ադրբեջանի կողմը»:
Լ. Տեր-Պետրոսյանի այս դիրքորոշումը կիսում են նաեւ ՀԱԿ-ում: Թերեւս դա նորմալ ու բնական է, բայց անհասկանալի ու առնվազն տարօրինակ է, երբ այս դիրքորոշմանը տրամագծորեն հակառակ մոտեցումն էլ է արժանանում կոնգրեսականների նույնքան ջերմ հավանությանը, բայց բացառապես այն դեպքում, երբ դա հնչում է հենց նույն Տեր-Պետրոսյանի խոսքում, իսկ նման բան, հավատացեք` եղել է ու ոչ շատ վաղ անցյալում:
Այսպես, 2008թ. հոկտեմբերի 17-ի ՀԱԿ հանրահավաքում իր ծավալուն ելույթում (http://www.levonpresident.am/?catID=20&contID=377) անդրադառնալով նույն հարցին՝ Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարում էր. «Նկատի ունենալով այն մտահոգիչ հանգամանքը, որ Կոսովոյի, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից հետո Ղարաբաղի հարցը, որոշակի առումով, դուրս է մնում սառեցված հակամարտությունների լուծման ընդհանուր գործընթացից, թերեւս ժամանակն է մտածել այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովը հանդես գա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման նախաձեռնությամբ։
Սերժ Սարգսյանը պարտավորված չպետք է լինի արձագանքելու այդ նախաձեռնությանը, բայց մի կողմից՝ ունենալով խորհրդարանի որոշումը, իսկ մյուս կողմից՝ առկախ թողնելով նրա վավերացումը, նա արտաքին ճնշումները դիմակայելու եւ խուսանավելու մեծ հնարավորություններ կստանա առաջիկա բանակցություններում։ Իրադրությունը, ոչ սովորական լինելով, ոչ սովորական քայլեր, դիվանագիտական հրաշագործություններ ու երեւակայության թռիչքներ է պահանջում»։ Իհարկե, հասկանալի է, որ հնչեցված մոտեցումը, Տեր-Պետրոսյանի դիտարկմամբ, ընդամենը դիվանագիտական հնարք էր լինելու, բայց սա խնդրի լուծում չէր կարող լինել, որովհետեւ Հայաստանի օրենսդրությունը ՀՀ նախագահին պարզապես հնարավորություն չի ընձեռում ԱԺ-ում ընդունված օրինագծերն ամիսներով ու տարիներով պահել` դրանք պետք եկած դեպքում «տաք-տաք» մատուցելու համար. ԱԺ ընդունած օրենքը ՀՀ նախագահը պարտավոր է վավերացնել կամ առարկություններով խորհրդարանին վերադարձնել 21-օրյա ժամկետում:
Այսուամենայնիվ, նույնիսկ այս դեպքում բաց է մնում հարցադրումը, թե ինչո՞ւ նույն այդ հնարքը չէր կարելի կիրառել հենց իր` Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք, երբ բանը հասել էր «լրջանալու պահին», կամ` 2008-ի այս ելույթից հետո ընկած ժամանակահատվածում, երբ «Ժառանգություն» կուսակցությունն էր նման նախաձեռնությամբ հանդես գալիս: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ն ի պատասխան այս նախաձեռնության վերաբերյալ հարցադրումներին՝ անվերապահորեն հայտարարում էր, թե դա միայն կարող է խոչընդոտել ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցություններին եւ Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման սպառնալիք ստեղծել, մինչդեռ Տեր-Պետրոսյանն ինքն էր ժամանակին նման հնարավոր լուծում առաջարկել:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
aravot.am
28.06.2011
Комментариев нет:
Отправить комментарий