воскресенье, 12 июня 2011 г.

Փտած գերանը գրողների տան առաստաղին

Չէի գրի այս հոդվածը, գրիչն ու թուղթն էլ համբերություն ունեն, եթե վերջերս «Հայոց Աշխարհ»-ում չկարդայի 70 հոգու (ոչ գրողների) ստորագրությամբ նամակ` ուղղված Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, որի մեջ ասված է. «Խոսքը վերաբերում է Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանին եւ իր համախոհներին, որոնք գրական աշխարհում իրենց անունն ու դիրքը պահելու այլ հնար չեն գտել, բացի հայհոյանքից առ Աստված... Ձեր զորավոր ձայնը բարձրացրեք եւ Հայաստանյաց իշխանություններին հորդորեք, որպեսզի Հայաստանի պաշտոնյա մարդը, հատկապես արվեստի եւ գրականության հետ գործ ունեցողը, լինի բարեկիրթ, մեր դավանանքին հավատարիմ հայ... Իրենց արարքներով նզովք վաստակած այդ հայ կոչեցյալները միթե՞ պիտի շարունակեն պաշտոնավարել մի ասպարեզում, որ ժամանակին զբաղեցրել է Ավետիք Իսահակյանը»։

Ահա այստեղ է, որ ստիպված պետք է անդրադառնամ մեր անցյալ գրական կյանքի սարդոստայնային այն ինը տարիներին, որ արյունալի դարձան 37-ից` Չարենցի մահով, եւ քիչ թե շատ տանելի եղան 46-ից` Ավետիք Իսահակյանի նախագահ դառնալով։ Արդեն ինը տարի է, ինչ Գրողների տանը` Մարշալ Բաղրամյան պողոտայով իր «քարավանն» է քայլեցնում Լեւոն Անանյանը։ 37-ից սկսվող այն ինը տարին եւ 2001-ից ծայր առնող այս ինը տարին դրեք կողք կողքի եւ կտեսնեք, որ նման են իրար, ինչպես նույն սարդի հյուսած երկու ոստայնները։

Ասում են` պատմությունը հաճախ կրկնվում է, բայց այսպիսի՞ տառացիությամբ։ Երկարը կարճ ու համառոտակի ներկայացնեմ` Հայաստանի գյուղերը արդեն համատարած կոլխոզներ էին դարձել` գալիֆե հագած իրենց նախագահներով։ Գրական «կոլխոզ» գոյացրին նաեւ մայրագյուղ,- Չարենցի բառն է,- Երեւանում եւ Լեւոն Անանյանի նման մերձգրական մեկին` ինչ որ Դրաստամատ Տեր-Սիմոնյանի նախագահ դրեցին։ Դրեցին` դրեցին, սակայն գրական կյանքի կենտրոնն ու առաջնորդը դարձյալ մնաց ու մնում էր Չարենցը, նույնիսկ այն ժամանակ, երբ նրան հեռացրել էին Գրողների միությունից` որպես ազգայնամոլի եւ Ստալինի դեմ ահաբեկչություն նախապատրաստողի, ինչպես որ հիմա այս խստաշունչ Անանյանն է հեռացնում իրեն քննադատողներին` նրանց համարելով «Գրողների միությունը եւ նրա նախագահի անունը վարկաբեկողներ»։

Չասե՞ս սրան` ուշ ես ծնվել, ուշ, 37-ին դու պետք է ասպարեզում լինեիր։ Վրա հասավ «37 թվական» կոչված սեւ շունը, Չարենցի գլուխը կերան, հանճարներ ծնող եւ հանճարներ խժռող ազգ ենք։ Չարենցից հետո գրական ասպարեզը «համբակներուն թողնվեց», ինչպես հիմա է, աշխուժացան ժրաջան մատնիչները` Աբովը, Վշտունին, Վանանդեցին, Ոսկերչյանը, Նաիրի Զարյանը...

Վերջինս գնդակահարված, աքսորված, զնդանված գրողների փոխարեն գրական «կոլխոզի» անդամ դարձրեց անգրագետ ու կիսագրագետ աշուղներ Աշխույժին, Ահմեդին, Չալոյին, Հրկեզին, Աթային,Վերդուն, Նոր-Սոխակին, Սյունիքին, Շափաղաթին, Ծերուկին, Որսորդին եւ անճաշակ ու անճոռնի նման անուններով եւս հարյուրի։ 38-ի փետրվարին այս Նաիրին այս աշուղագրողների համագումարին զեկուցում կարդաց` փնովելով Չարենցին, դրվատելով Չալոյին, վայր գցելով Բակունցին, վեր հանելով Ատրպետին, նսեմացնելով Մահարուն, վսեմացնելով Շափաղաթին...

Մի զարմացեք եւ ոչ էլ քմծիծաղեք, որ նման արտառոցություն եղել է այն բռի 30-ական թվականներին, այլ զարմացեք, քմծիծաղեք եւ գլուխներդ տարուբերեք, որ ճիշտ ու ճիշտ նման ղամմազություններ անում է Լեւոն Անանյանը` դրվատելով, վեր հանելով, վսեմացնելով, մրցանակներ տալով այսօրվա ապաշնորհ ու միջակ չալոներին, ատրպետներին եւ շափաղաթներին։ Այսպես, վերջին ամիսներին, երբ օր-օրի հրամայական է դառնում նրան պաշտոնից հեռացնելու եւ ֆինանսական եւ այլ կարգի շորթումների համար դատի տալու հարցը, նա մոտ հարյուր հոգու բռնել խցկել է ՀԳՄ շարքերը, որոնցից մի քանիսն են գրող, մնացածը գրամոլներ են եւ մերձգրական կիսատ-պռատներ։

Ի՞նչ նպատակ ունի։ Ինքը մտածում է, որ իր օգտին այս պահից իսկ արդեն 100 քվեարկող ունի։ Դե, սրանց ավելացրեք իր շուրջը վխտացող անարժան մրցանակակիրներին, մրցանակի խոստում ստացածներին, աննպատակ եւ նպատակային քծնողներին, քանիսը՞ եղան... Եւ ինքը Ավետիք Իսահակյանի աթոռը պղծած կպահի եւս...
Իմ խորին համոզմամբ եւս ոչ մի տարի։

Ինչո՞ւ։ Որովհետեւ, եթե, ինչպես ասում են, «գողինը եւ ... 40 օր է», ապա ապաշնորհինը եւ շորթողինը ինը տարուց հո՞ ավելի չի լինելու։ Այստեղ ուզում եմ Անանյանին քծնողներին, ինչպիսիք են Լյուդվիգ Դուրյանը, Համլետ Կարճիկյանը, Նորայր Ադալյանը եւ սրանց նման ուրիշ մի քանիսը բացատրություն տալ, թե ինչո՞ւ եմ ակնարկ անում Անանյանի շորթումների մասին։ Ես` ո՜ւր, Անանյանի շորթումները` ո՜ւր, ես` ո՜ւր, քծնողները` ո՜ւր...

Ակնարկ չէի անի, եթե «Հայոց Աշխարհ»-ում չկարդայի «Գրողների միությունում այսօր տիրում է քծնանքի եւ գորշության մթնոլորտ» վերնագրով հարցազրույցը։ Այ, թե ով է եղել խելքուշնորհքով` անզոր, բայց խարդախությամբ զորեղ Անանյանը։ Այսպես, 2001-ին Գրողների միության նախագահ դառնալով, առաջին գործն ի՞նչ լինի, որ լավ լինի` նախեւառաջ ազատում է բացառիկ ազնվության տեր գլխավոր հաշվապահ Աստղիկ Կնյազյանին, որին անձամբ ճանաչել եմ, երբ միության քարտուղարն էի։

Անանյանը, կարծում եմ, կարծում է` Գրողների տանը դրված նախագահի աթոռը պատվանդան է, ինքն էլ վրան դրված չուգունաձույլ արձան, ինքն իրեն ինչպե՞ս վեր կենա գնա։ Այս եզակին կառչած է իր պաշտոնին, որը, ի տարբերություն իրենից առաջ հրաժարական տված չորս նախագահների, ինքը դարձրեց եկամտավոր պաշտոն։ Կարծում եմ, շան գլուխը` Անանյանի գաղտնիքը, այստեղ է թաղված։ Նա ինը տարի զարտուղի եկամուտներ ստանալով, այսինքն` խեղճ գրողների հասանելիքը հափշտակելով` փորձում է եւս մի քանի տարի մնալ եկամտավոր պաշտոնին, մի առանձնատուն առել է Ավան-Առինջում, մեկն էլ առնի Ջհանդամդարասիում... Սակայն բժշկի նման զգուշացնենք, որ փող շատ շորթելը շատ շաքար ուտելու պես բան է, շաքարի շատությունը կարող է շաքարախտ դառնալ, այս դեպքում շաքարախտ ասելով` նկատի ունեմ Կոշի դառն ու դժնի կալանավայրը։

Այսպես, օրինակ, անցյալ տարի մեծ մի «շաքարակերություն» գլուխ բերեց։ Իշխանությունների հետ մերձ ու մոտիկ մի ճարպիկ պետգանձարանից պոկեց-պլոկեց-բերեց 180 միլիոն դրամ,- հեգ հարկատուներ, թշվառ թոշակառուներ,- Գրողների տունը իբր վերանորոգելու համար։ Եւ Անանյանը ափերը շփելով, աջ ձեռքի մատների երկարած եղունգներով ձախ ձեռքի բուռը քորելով,- փող ձեռք գցելու նշան է,- անցավ գործի` սկսեց, ավարտին հասցրեց, հետն էլ թերթերին տված հարցազրույցներում հոխորտաց, թե, տեսեք, իրեն` Գրողների տունը առոք-փառոք վերանորոգողին «խառնակիչ», «պատեհապաշտ» գրողները ուզում են ժողով անել եւ հանել։

Եթե սոսկ հանվելով, պրծնի՜... Որովհետեւ այդ վերանորոգում ասվածը սոսկ վերաներկողություն է, բացահայտ փողփախցնոցի, եւ եթե Վերահսկողության պալատի Իշխան Զաքարյանն իր մարդկանց առած գա ու ճկույթի եղունգով պատերից մեկի ներկը քերի, իր ափի մեջ եղած գծերի պարզությամբ կտեսնի, թե 180 միլիոնից քանի միլիոնն է Գրողների տան պատերին «հետք թողել» եւ քանիսն է անհետացել` մտնելով Անանյանի ճոռթած գրպանները։
Մի բան էլ հավելեմ Գրողների տան «վերանորոգման» մասին. շենքը կառուցվել է 40-ականների վերջերին` հարկերի միջնորմները գերան-տախտակյա են, գործածված են անգամ խրճիթ շինելու պիտույքներ` եղեգ, սալոմ, տաշեղ, այնպես որ, շինարարության այբուբենին քիչ թե շատ ծանոթ ամեն ոք գիտի, որ այդպիսի շենքերը վերանորոգելիս` թողնում են միայն դրսի պատերը, մնացածը Նուբարաշենի աղբանոց տանելու բաներ են։ Կարծում եք այդ բանը Անանյանը չգիտի՞։ Լավ էլ տեղը-տեղին գիտի, սակայն այս ծակաչքին դա ոչ էլ հետաքրքրում է, այնինչ արի տես, որ նրա անսահման փողատենչությունը, Աստված չանի, կարող է ողբալի վերջ ունենալ։

Ինչպես բոլոր սենյակների, այնպես էլ մեծ դահլիճի առաստաղը հենված է փտած գերանների ծայրերին, մի հանդիսության ժամանակ «բուռն եւ երկարատեւ ծափահարությունների» պահին կարող է առաստաղը փուլ գալ ծափահարողների գլխին,- սա ասում եմ թերթի ընթերցողներին, թող Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանն իմանա եւ վաղն իսկ իր փորձագետներին ուղարկի, որպեսզի դահլիճի առաստաղի ամրացման պահանջ դնեն, այլապես հետագայում ստիպված կլինեն փլատակներից հանել վիրավոր գրողներին եւ մեղավոր Անանյանին։ Այս կանխագուշակությունս թող չիրականանա։

Սակայն ի՞նչ ասենք, ի՞նչ անենք, եթե գրողների ջանին ընկած այս ժամկետանց «նախագահը» շարունակում է իր շորթումներն ու չարաշահումները, փոխանակ օր առաջ հեռանալու, ժամանակ շահելու, չէ՞ որ առաջիկայում իրավապահները քեզ նեղելու են խուզարկու հարցերով` սկսած Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցու կողքին գտնվող Գրողների միության վարչական բնակարան-արվեստանոցի ապօրինի վաճառքից, որտեղ ապրում-ստեղծագործում էր Համո Սահյանը, ապա, նրա մահից հետո, պաշտոնավարող նախագահը, «մեռնեմ օրենքին» սկզբունքով, տրամադրեց Վահան Թամարյանին, բայց երբ առեղծվածային մահով մեռավ խեղճ արձակագիրը, դու, Անանյան Լեւոն, ուրախ-զվարթ անմիջապես ծախեցիր վաճառքի ոչ ենթակա վարչական բնակարանը։

Եթե ազնվության մի կորեկ լիներ մեջդ, դու էլ «մեռնեմ օրենքին» ասելով` պետք է այդ բնակարանը տայիր մի անտուն գրողի։ Ծախեցիր։ Որովհետեւ, ինչքան էլ Շերամի երգում հնչի` «քեզանից մաս չունիմ», դու վաճառքի գումարից հաստատ մաս ունեիր։ Ո՞ւմ ծախեցիր, ի՞նչքանով ծախեցիր, դա քննիչների գործն է` թող հարցնեն, իմանան, արձանագրեն։ Սակայն իրավապահներից առաջ ընկնելով` ես քեզ հոգեւոր կարգի մի հարց տամ` քո շորթած մասից մի 100 դրամի մոմ առա՞ր` Սուրբ Սարգիս եկեղեցու խորանում վառեցի՞ր։
Առած չես լինի, վառած չես լինի։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ
«Հայոց Աշխարհ»
Հունիս 03, 2009

Комментариев нет:

Отправить комментарий