Կամ ի՞նչ կարժենա մեկ կրակոցը Թանզանիայի անտառներում
Հավանաբար հարցադրումը տարօրինակ է թվում, գուցե և այդպես է… Մեր ժամանակներում, մեր ազգային կյանքում շատ բաներ ու երևույթներ կան, որոնք տարօրինակ ու անկապ են թվում, բայց և այնպես խոր ու արմատական կապ ունեն մեր ժողովրդի առօրյա կյանքի, լավի ու վատի հետ: Օրինակ, Ղարաբաղի Քարինտակ գյուղի դպրոցական աշակերտի ծակ կոշիկները ուղիղ կապ ունեն Թանզանիայի անտառներում կրակած փամփուշտի հետ: Էլ ավելի աբսուրդ կարող է թվալ, եթե հարցնենք ինչքա՞ն ծախս կպահանջի Սևանա լճի մեկ սափոր ջուրը Աթլանտյան օվկիանոսի ջրի հետ խառնելու համար: (Այս հարցին ճշգրիտ կպատասխանի Զորի Բալայանը):
Հարգելի Զորի Բալայան, նախ ցանկանում եմ շնորհավորել Ձեր ծննդյան 75 ամյակը և ցանկանալ այն ամենը, ինչ ցանկացել է Ձեզ Հայաստանի նախագահը: Ավելի լավ գովասանքի խոսքեր չեմ կարող ասել, միայն ավելացնեմ՝ Ձեզ արևշատություն...
Հարգելի Բալայան, եթե մոտիկից Ձեզ ծանոթ չլինեի ու տեղյակ չլինեի Ձեր ամենօրյա ներկայությանն ու անդադրում աշխատանքներին Արցախյան շարժման ու ազատագրման ընթացքում, կարող էի մի շարք երևույթներ այլ կերպ մեկնաբանել… Հենց սկզբից ասեմ, որ անարդար եմ գտնում չգնահատել մարդկանց արածը և քննադատել նրանց, իրենց չարածների համար: Իսկ քննադատողը պետք է այնքան վաստակ ունենա, որ խոսելու իրավունքը շահած լինի:
Լեռներից հոգնած՝ «Կիլիկիա» ու «Արմենիա» նավերով ծովեր ու օվկիանոսներ եք կտրում: Դուք հարմար առիթ եք գտել Ձեր նախասիրած զբաղմունքին (հոբբին) գիտական բնույթ տալով համարձակ ծովային ճամփորդություններ կատարել, որն, անշուշտ, գովասանքի արժանի է: Սակայն այստեղ մի այլ իրողություն կա: Դուք, ազգային երանգ տալով ձեր նավարկությանը, Եռագույն առագաստով ու մեսրոպյան 36 տառերով աշխարհի հայաշատ նավահանգիստներն եք այցելում՝ ազգը, հայրենիքն ու սփյուռքը համախմբելու վերամբարձ կոչերով:
Մեկ անգամից ասեմ, եթե այդպիսի մոգական կարողություն ունեք, բարի եղեք այն օգտագործել Հայաստանում երկպառկտությունները, հասարակական հակասություններն ու քաղաքական տարաձայնությունները վերացնելու ուղղությամբ: Դուք ինչո՞ւ եք կարծում, որ մենք՝ սփյուռքում ապրող հայերս, ընդունակ չենք գիտակցելու և չենք հասկանում, որ միասնությունը լավ բան է, և դուք չէ, որ պետք է նավերով գաք մեր անելիքները մեզ բացատրելու: Հարգելի Բալայան, Ձեր այս կեցվացքը, մեղմ ասած, վիրավորական է յուրաքանչյուր սփյուռքահայի համար:
Սփյուռքահայերիս բան սովորեցնելու փոխարեն, ազգի համար ավելի օգտակար կլինի, եթե կենտրոնանաք Հայաստանի ու Արցախի հայության կյանքի վրա: Դուք ինչպե՞ս եք կարողանում համակերպվել Հայաստանի ու Արցախի բնակչության ներկա սոցիալ վիճակի հետ: Աշխատանք ունենալը յուրաքանչյուր քաղաքացու ամենաառաջին իրավունքն է: Աշխատանք չկա, իսկ աշխատանք ունեցողների աշխատանքային իրավունքները չեն պաշտպանվում: Դաժան կեղեքման ու շահագործման հասարակարգ է տիրում Հայաստանում. «Մեկին հազար ձի ու ջորի, մեկն էլ իսկի մաքի չունի»: Այս վիճակը անընդունելի է, իսկ դուք՝ մտավորականներդ, մեղսակից լռություն եք պահպանում:
«Հայ-թուրքական հարաբերություն» կոչվող գործում լուրջ խորհրդատուի դերում հանդես գալու փոխարեն, Հայաստանի շուրջ 300 մտավորականների գլուխ անցնելով, «ակնածանքովե նամակ եք գրում («Երկիր», 09.12.08) Թուրքիայի Հանրապետության փանթուրքիստ նախագահ Աբդուլա Գյուլին: Սակայն, ի տարբերություն Հայաստանի պալատական մտավորականների, նույն այդ ժամանակ պատնեշի վրա կանգնած բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը գրեց իր «Մի անհարմար ցեղասպանություն» պոեմը (հայերենով, իսպաներենով ու անգլերենով)՝ դատապարտելով հայոց դեմ ծրագրված ու գործադրված ցեղասպանությունը որպես հանցագործություն մարդկության դեմ, և որտեղ անարգանքի սյունին է գամում թե՛ Թուրքիայի Հանրապետության, թե՛ մեծ պետությունների պատեհապաշտ գործիչներին՝ միևնույն ժամանակ պախարակում Հայաստանի իշխնություններին՝ իրենց ցուցաբերած անկարողությունների, անհետևողականության ու սփյուռքի նկատմամբ ցուցաբերած իրենց ոչ հարգալից վերաբերմունքի համար:
Հայաստանի իշխանությունները, նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ու մտավորականների լուռ համաձայնությամբ, իրենց «Հայ-թուրքական արձանագրություններով» այնպիսի ավերածություններ կատարեցին մեր ազգային կյանքում, որոնք տասը «Կիլիկիա» ու «Արմենիա» նավերի այցելություններով էլ վերականգնել հնարավոր չէ:
Այս նավարկությունների ծախսերն էական չեն, այստեղ առավել գործի բարոյակա՛ն կողմն է կարևոր: Բանից անտեղյակ մարդիկ կարող են մտածել. տես ինչպիսի բարեկեցիկ երկիր ունենք, որ կարող է այսպիսի շռայլություն թույլ տալ իրեն: Այս նույն խաբկանքն է, երբ դարերի ընթացքում Հայաստանի թագավորներն ու իշխանավորները հոյակապ վանքեր էին կառուցում կողք կողքի՝ փաստելու համար, թե երկիրն ու ժողովուրդը բարգավաճ վիճակում են…
Հավանաբար բաց օվկիանոսում լուրջ փոթորիկներ եք հաղթահարել… Այս գործն էլ անկասկած քաջություն է պահանջում: Օվկիանոսում նավարկելու քաջություն չեմ ունեցել, սակայն Ստեփանակերտից Երևան Ձեզ հետ ուղղաթիռով թռչելու սարսափը դեռ ինձ մոտ չի մարել: 1993 թ. ամռանն էր: Ղարաբաղյան պատերազմի թեժ տարին: Շվեդիայից, Ամերիկայից բերած Արցախին անհրաժեշտ միջոցները, յոթ բեռնատար մեքենաներով՝ Սարգիս Հացպանյանի, Իրանից եկած իմ հարազատների և երկու գերմանացի թղթակիցների հետ Ղարաբաղ հասցրինք: Գիշերը Զառինբաղում քնեցինք հատակին՝ փորի վրա: Հաջորդ օրը հանդիպեցինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և մշակույթի նախարար տիկ. Նելլի Ոսկանյանին: Միասին գնացինք Շուշիի շրջանի Քարինտակի գյուղի դպրոցը: Իմ նախորդ այցելության ժամանակ դպրոցի վերանորոգման համար գումար էինք հատկացրել Շվեդիայի որոշ հայ միությունների կողմից, և նաև թոշակ՝ կարիքավոր երեխաներին: Դպրոցը վերանորգվել էր, բայց և այնպես անելիքներ շատ կային: Մի քանի երեխաներ արտասանեցին… Աչքներս թաց դուրս եկանք դպրոցից: Մեծ ցավով իմացա, որ իմ մի քանի ծանոթներ զոհվել էին: Հերոսի մահով ընկել էր նաև գյուղապետ Առուշանյանը:
Երևան վերադարձի միակ միջոցը այն ուղղաթիռն էր, որով վիրավորներ էիք տեղափոխում: Ուղղաթիռի հատակին հարմարեցված ներքնակների վրա պառկած, վիրակապերով փաթաթված ծանր վիրավորները տնքում էին: Իսկ դուք, ապագա նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իմ հարազատներն ու ես նստած էինք մեխերով իրար ամրացրած տախտակյա աթոռի վրա: Ուղղաթիռը այնպիսի ցնցումներ էր անում, որ թվում էր՝ ուր որ է կործանվելու է: Բոլորս լուռ էինք: Դուք դիմեցիք ինձ՝ ասելով. «Լսեցի, որ Քարինտակի գյուղի դպրոցը վերանորոգել եք, լավ կլիներ Շոշ գյուղի դպրոցի վերանորոգման համար էլ միջոցներ հատկացնեիք»: Ձեզ խոստացա, որ անպայման կլինի… Նայում էի տնքացող վիրավորներին ու մտածում. «Տեսնես այս ուղղաթիռը տեղ կհասնի՞, այս վիրավորները կապրե՞ն...»: Չգիտեմ, հայրենիքի համար մարտնչած ու ծանր վիրավորված ֆիդայիններից ո՞ր մեկն ապրեց, ո՞ր մեկը՝ մահացավ, բայց մենք ապրեցինք: Դուք ծովեր ու օվկիանոսներ նավարկեցիք, Ռոբերտ Քոչարյանը տասը տարի նախագահ եղավ, իսկ հեռանալուց առաջ թողեց արյունոտ մարտի մեկը, ու հիմա էլ Թանզանիայում հազվագյուտ կենդանիների ու առյուծի որս է անում... Չհարցնելով, թե այդ թանկ որսի ծախսերը որտեղի՞ց է ապահովում պարոն Քոչարյանը՝ ցանկանում եմ հավատալ, որ նամուսով Ղարաբաղցին սատկած կենդանու մեջքին չէր նստի:
Հարգելի Բալայան, Դուք անշուշտ հիշում եք Հեյդար Ալիևի հորդորանքները Ղարաբաղի ազերի բնակչությանը, որ մշտապես ասում էր՝ բազմացեք, բազմացեք: Խելացի ու դիվանագետ մարդն ուներ Նախիջևանի օրինակը և գիտակցում էր, որ Ղարաբաղի հարցը վերջնականապես լուծելու է բնակչության գերազանցությունը: Իսկ դուք՝ Ղարաբաղցի առաջնորդներդ, փոխարեն լուրջ հայրենադարձություն, Արցախադարձություն կազմակերպեիք դեպի Ղարաբաղ, բնակեցնեիք ազատագրված տարածքները, պայմաններ ստեղծեիք բնակչության արագ աճի համար, զբաղված եք նավարկությամբ ու որսորդությամբ: Տեսնես Թանզանիայի անտառներում առյուծ որսալու համար արձակված փամփուշտների ծախսով քանի՞ դպրոց կարելի էր վերանորոգել Արցախում…
Ես ինձ իրավունք եմ տալիս դժգոհելու ձեր չարածների համար, գործեր, որ միայն դուք և Ձեր նմանները կարող էիք անել ու պարտավոր էիք անելու:
Դոկտոր ԱՐԱՄԱՅԻՍ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ
ԼՂՀ-ի «Երախտագիտության» մեդալի շքանշանակիր,
Սթոքհոլմի թագավորական տեխնոլոգիական
ինստիտուտի դասախոս,
Շվեդիա, Սթոքհոլմ, 15 մայիս 2010թ.
Տարբերեք մեդալը շքանշանից, ամոթ է։ Ի՞նչ ասել է՝ «մեդալի շքանշանակիր»։
ОтветитьУдалить