Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում երեկ առաջին անգամ ելույթ ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որից հետո, Վեհաժողովի պատվիրակների՝ հատկապես ԼՂ խնդրին եւ Կազանում վաղը սպասվող հանդիպմանը վերաբերող հարցերին պատասխանելիս, նա բավական ուշագրավ հայտարարություններ արեց։ Նախ մինչ ելույթ ունենալը Սերժ Սարգսյանը Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում ԼՂ խնդրին անդրադառնալիս նշել էր.
«Բավական երկար բանակցային պրոցես ենք անցել, շատ հարցեր ենք քննարկել, կողմերի դիրքորոշումները հստակ են։ Եվ կարծում եմ՝ եկել է ժամանակը, որպեսզի կողմերն իրենց վերջնական, այսպես, կարծիքն ասեն Հիմնարար սկզբունքների մասին։ Թե ինչպես կավարտվեն բանակցությունները` կտեսնենք»։
Ավելի ուշ, ԵԽԽՎ-ում պատասխանելով պատվիրակների հարցերին, Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Ես Կազան եմ մեկնելու լավատեսությամբ լցված եւ ցանկանալու եմ իրոք, որ մենք գանք ընդհանուր հայտարարի, որովհետեւ եւ Հայաստանը, եւ Լեռնային Ղարաբաղը խորապես շահագրգռված են խնդրի հնարավորինս արագ լուծմամբ։ Արդար եւ տեւական խաղաղություն հաստատելու կարիք ունենք մենք»։
Կազանում քննարկվելիք փաստաթուղթը, նրա խոսքով, «իհարկե, հայկական կողմի երազած փաստաթուղթը չէ, բայց հնարավորություն է տալիս ձեռնամուխ լինել մեծ հիմնական պայմանագրի ստորագրմանը, պայմանագրի նախապատրաստման աշխատանքներին»։ «Այնպես որ, եթե մենք հանդիպենք կառուցողական մոտեցման, եթե ադրբեջանական կողմը լրացուցիչ նոր առաջարկներով հանդես չգա, ես կարծում եմ, որ կարող ենք ակնկալել դրական արդյունքներ»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը։ Ուշագրավ էր թերեւս Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե ինքը դեռ 1993-ից է հայտարարել, որ խնդիրը փոխզիջումային տարբերակով պետք է լուծվի.
«Արդեն տարիներ ի վեր ունենք Լեռնային Ղարաբաղի պրոբլեմ։ Եվ ես, լինելով պաշտպանության նախարար եւ շուրջ 15 տարի աշխատելով այդպիսի կառույցներում, սկսած 93 թվականից, խոսում եմ խնդիրը փոխզիջումների հիման վրա լուծելու մասին։ Դուք լսե՞լ եք որեւէ, ադրբեջանական պաշտոնյայի հայտարարություն խնդիրները փոխզիջումներով լուծելու մասին։ Սա արդյոք չի՞ խոսում անհանդուրժողության մասին»։
Գուցե սա դիվանագիտական քայլ է՝ միջազգային կառույցներին հավաստիացնելու, որ հայկական կողմը պատրաստ է այդքան սպասված կազանյան հանդիպմանը ստորագրել ոչ «մեր երազած» մադրիդյան սկզբունքների տակ, սակայն հարց է առաջանում՝ 93-ին, երբ դեռ պատերազմը չէր ավարտվել, եւ հայտնի էլ չէր, թե ինչ ելքով է ավարտվելու, ի՞նչ հիմքով է այն ժամանակվա պաշտպանության նախարարն այդ կարծիքն ունեցել։ Սարգսյանը նշել է նաեւ, որ այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի հիմնական կորիզը 1988-ից հետո ծնվածներն են։
«Եվ այս մարդիկ, եւ առաջին հերթին Ադրբեջանում ծնվածները մեծացել են այդ թշնամության մթնոլորտում։ Եվ ինչպե՞ս կարող ենք այսօր խոսել այն մասին, որ առաջին գծում կարելի է ստեղծել վստահության մթնոլորտ։ Վստահության մթնոլորտ կարելի է ստեղծել, երբ մարդիկ իրապես համոզված են դրանում»։ Մեջբերելով Դովիլի հայտարարության այն միտքը, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, ոչ թե պատերազմի, Սարգսյանը հայտարարել է՝ այստեղ Հայաստանն առավելություն ունի, քանի որ Հայաստանն իր ժողովրդին պատրաստել է խաղաղության, սակայն միեւնույն ժամանակ կրկին անսպասելի հայտարարություն է արել.
«Եթե, Աստված մի արասցե, պատերազմ լինի, ապա առավելություն կստանա Ադրբեջանը, քանի որ այն իր ժողովրդին քսան տարի պատրաստել է պատերազմի»,-միջազգային ամբիոնից հայտարարել է մեր երկրի զինված ուժերի գերագույն հրամանատարը։ Սերժ Սարգսյանն այդուհանդերձ հույս է հայտնել, որ պատերազմ չի լինի, քանի որ այդ դեպքում թե Հայաստանը, թե Ադրբեջանը մեծ կորուստներ կկրեն։
Ի՞նչ է սա՝ կրկին դիվանագիտական քա՞յլ, թե՞ զիջումների գնալու հող է նախապատրաստում… Դա պարզ կդառնա մեկ օրից, երբ Կազանում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները։ Ի դեպ, Հայաստանի նախագահին հարցեր տալու համար նախապես հերթագրվել էին ադրբեջանցի 5 պատվիրակներ, սակայն հարցերն այդպես էլ չեն հնչեցրել։
Լուսինե Շահվերդյան
hraparak.am
23.06.11
Комментариев нет:
Отправить комментарий