среда, 21 декабря 2016 г.

Հայկ Ա. Մարտիրոսյան. «ԼՏՊ-ի՝ վերջին հարյուրամյակում՝ շատերի գնահատմամբ ազգային ամենամեծ դավաճանի եւ ներկայիս համակարգի հիմնադրի ելույթը բխում է նախեւառաջ իշխանության շահերից...»


Կարծում եմ, որ ԼՏՊ-ի՝ վերջին հարյուրամյակում՝ շատերի գնահատմամբ ազգային ամենամեծ դավաճանի եւ ներկայիս համակարգի հիմնադրի ելույթը բխում է նախեւառաջ իշխանության շահերից եւ արտահայտում է հենց իշխանության մոտեցումները: Մեկ անգամ չէ, որ ԼՏՊ-ն գնացել է կոնսենսուսի՝ իրեն փոխարինած ուժերի հետ՝ հանուն ինչ-որ լծակներ ետ ստանալու կամ որոշակի քաղաքական ազդեցության: Հիմա շահերի երկրորդ համընկնումն է առաջ եկել. գաղափարական: Կիսելյովի հարցազրույցում արտահայտված բոլոր դրույթները համընկնում էին ԼՏՊ-ի հիմնադրած գծին եւ դրա անխախտ շարունակությունն էին: Հիմա Մատենադարանի նախկին գիտքարտուղարը իր դավաճանական գաղափարները վերակենդանացնում է, որովհետեւ կա ոչ թե հասարակական, այլ իշխանական պահանջարկ:

Եւ այն, որ լայն հասարակությունն այնուամենայնիվ հանդուրժում է դա՝ անչափ մտահոգիչ է: Պետք չէ խաբվել ԼՏՊ-ի մի քանի փոքրիկ ճշմարտախոսություններով: Դրանք չեն կարող եւ չպետք է դրականության շղարշ հաղորդեն ելույթի բուն մասին, որ բացահայտ դավաճանական, հանցավորության աստիճան հակազգային մոտեցումներ են:

Եւ այն, որ նման մարդը, որ հիմա, եթե ամեն բան տրամաբանորեն լիներ՝ պետք է ցմահ դատապարտյալների բանտում լիներ, կամ պետական բարձրագույն հանցագործությունների եւ պետական դավաճանության համար դատարանով մահապատժի դատապարտվածների անանուն մի գերեզմանում՝ Հայաստանում հին-նոր դիսկուրս է վերսկսում եւ անգամ գովեստի խոսքերի արժանանում որոշ անձանց կողմից՝ ներկայիս բանականությունը կորցրած հասարակության մեղքն է եւ մեղավորությունը:

Նման պահերին հիասթափությունը հայկական հասարակությունից գագաթնակետին է հասնում: Ու սկսում ես մտածել, որ ամեն բան հենց այդ հասարակության մեղքն է եւ այն արժանի է նրան՝ ինչը հանդուրժում է ու հաճախ անգամ քաջալերում:

Վերջապես պետք է վերաիմաստավորենք ինքներս մեզ: Երկիրն անդունդի եզրից արդեն այն կողմ է անցել: Պետք է գոնե անկումը կառավարելի դարձնել։

*  *  *
Հրեաները, ճապոնացիները, նորզելանդացիները, մասոնները, երևակայական իլումինատիները, վուդույի կախարդները, շամաններն ու համաշխարհային գերգաղտնի կառավարության մութ ուժերը որևէ կապ չունեն ո՛չ ԼՏՊ-ի և ոչ էլ Հայաստանի իշխանությունների հետ ու նրանց թելադրանքով չէ, որ դավաճանությունը դառնում է ընդունելի հոգեբանություն: Խնդիրը մենթալիտետի, անձնական զարգացածության, հանցավոր մոտիվների և հանուն իշխանության՝ դավաճանության հակման մեջ է:

Մի դրեք մի քանի անձերի անձնական հանցանքի և հանցավոր մտածողության պատասխանատվությունը երևակայական ուժերի վրա: Հարգեք ինքներդ ձեր ինտելեկտը և հասկացեք, որ շատ ավելի պարզ հանցագործություն է կատարվում. մարդիկ սեփական մաշկի հարմարավետության համար վաճառում են սեփական հայրենիքը: Եվ ընդերքի ջրերի անվերադարձ շահագործումը՝ հանուն ձկնաբուծության, հանքավայրերի խայտառակ շահագործումը՝ հանուն չհարկվող գումարների, հին Երևանի ավերումն ու բանակի թալանը, տնտեսության մոնոպոլիզացիան, որ ոչնչացնում է երկրի տնտեսությունը վերոնշյալ տարրերի հետ կապ չունեն: Դրանք նույնպես հանուն սեփական մաշկի և հանուն գրպանի կատարվող հանցագործություններ են: Հայրենիք վաճառելն ընդամենը այդ բոլորի առավել բարդ և առավել եկամտաբեր աստիճանն է: Հիմարություն է կարծելը թե ԼՏՊ-ին և իր գաղափարակիցներին վճարում կամ թելադրում են մասոնական տաճարներից կամ Թել Ավիվի գրասենյակներից: Երևանին Անկարան ավելի մոտ է՝ քան Թել Ավիվը, առավել ևս՝ ֆրանսիական մեծ օթյակը:

Եթե պատվիրատուներ եք փնտրում՝ ավելի լավ է փնտրեք դրանց Անկարայում, Բաքվում և Երևանում, իսկ ավելի լավ է՝ առաջին նախագահի ուղեղում, ոչ թե երևակայական հասցեներում:

Հայկ Մարտիրոսյանի
Ֆեյսբուքյան էջից

воскресенье, 18 декабря 2016 г.

«Առաջին անգամը չէ, որ այս մարդը «ազգին» հեգնելու, ծաղրելու առիթներ է օգտագործում». Հրանուշ Խառատյան


«Ազգ, որի ուրախության ու հպարտության միակ առարկան այսօր Հենրիկ Մխիթարյանն է»,- «ազգին» հեգնել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Է, ինչպես չասել՝ Հենրիկ Մխիթարյանը պատվով է կատարում իր առաքելությունը, «ազգն» էլ նրանով ազնվորեն ուրախանում է, իսկ Լևոն Տեր Պետրոսյանն ուներ բոլոր հնարավորությունները ազգի ուրախության և հպարտության առարկան լինելու, եթե պատվով կատարեր ա՛յն առաքելությունը, որն ի՛ր հետ կապել էր «ազգը»:
Ուժի՞ց էր վեր, թե՞ բոլորովին այլ, «ազգին» անհայտ առաքելություն ուներ, և դրանք հակդրվեցին միմյանց: Ո՞րն է փորձել պատվով կատարել՝ «ազգի» կողմից իրեն վերապահվա՞ծը, թե՞ «ազգին» անհայտը: Առաջին անգամը չէ, որ այս մարդը «ազգին» հեգնելու, ծաղրելու առիթներ է օգտագործում: «Ա՞զգը» իր քիմքին հարմար չի գալիս, թե՞ «խաղողը խակ է»: Որքան մտածում եմ՝ ավելի ու ավելի եմ համոզվում՝ հայ ժողովուրդը և Հայաստանի հասարակությունը Լևոն Տեր Պետրոսյանին դուր չեն գալիս: Իր «հասարակական ճարտարապետությունն» էլ թույլ է՝ հեգնանքից այն կողմ չի անցնում: Կարող են, իհարկե, դուր չգալ, բայց այդ դեպքում ինչու՞ և ինչպե՞ս է ուզում նրանց ղեկավարել, հեգնանքո՞վ, թե՞ չօգտագործված նոր ռեսուրսներ է հայտնաբերել իր իմացաբանական խոհանոցում։

Հրանուշ Խառատյանի գրառումը
Hayeli.am

понедельник, 12 декабря 2016 г.

Հին մեռելները վերակենդանացան, դուրս եկան դաշտ


Մեր զրուցակիցն է երգիչ–երգահան Արմեն Մովսիսյանը, ով վերջին տարիներին բնակվում է Միացյալ Նահանգներում

- Պարոն Մովսիսյան, «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության անդամներից շատերն ապրիլին կլինեն Հայաստանում և կվերահսկեն խորհրդարանական ընտրությունները։ Ինչպե՞ս եք գնահատում այս նախաձեռնությունը, Հայաստանի խնդիրն ընտրություների թափանցիկությունն ապահովելու մե՞ջ է։

- Մենք ընկել ենք մի բանի հետևից, որը տարիներ շարունակ իր չգոյությունը ցույց է տվել, այսինքն՝ իրականության մեջ մենք երևի շատ կարճ հիշողություն ունենք, մոռանում ենք՝ անցյալ տարի դեկտեմբերին սահմանադրական հանրաքվեն ինչպես անցկացվեց, դրանից առաջ՝ 1996-ից սկսած ինչպես են ընտրություններն անցկացվում։ Ինչո՞ւ է մեզ թվում, թե հրաշք պետք է կատարվի, ընտրություններ կազմակերպողները նույն մարդի՞կ չեն, նույն Մուկուչյա՞նը չէ, որ հաշվելու է ձայները։ Այսինքն՝ այս ամենը մի փոքր իրականությունից կտրված է։ Վերջին հաշվով, պետք է նայել ընդհանուր դեպքերի ընթացքը։ Նույնիսկ այն դեպքում, որ իբր կառավարությունը փոխվեց, նոր կառավարություն ձևավորվեց, շատուշատ հարցեր, միևնույն է, կիսատ մնացին, որոնց պատասխանը չտվեցին, այսինքն՝ ներքին ուժային կառույցները, որոնք երկիրը դարձրել են ոստիկանական կառույց, էլի մնացել են նույն մարդկանց իշխանության տակ։ Իշխանությունն իր համար ոստիկանական ուժերից հենարան է սարքել, որին չի կարող անգամ նոր վարչապետը կպնել, ինչի՞ մասին է խոսքը։ Եթե մինչ այդ հույս ունեինք, որ նոր վարչապետը կգա և ինչ-որ բաներ կշարժվեն դեպի դրականը, շուտով կլրանա վարչապետի պաշտոնավարման 100-րդ օրը, որևէ քայլ նկատե՞լ ենք, որ իրականության մեջ ինչ-որ բան փոխվել է։

- Ներդրումների վրա մեծ շեշտադրում է կատարվում, սակայն ներդրողներ չեն ավելանում, ինչո՞ւ։ Վարչապետն էլ պնդում է՝ Հայաստանում մենաշնորհ չկա։

- Այսինքն՝ ի՞նչ... բանանային երկիր էինք սարքում, մի անգամ  բանան բերեցինք, սկսեցին գրել, որ մեկը առանց արգելքի բանան է բերել Հայաստան... լավ էլի, ծիծաղելի է, աճպարարությանը թող վերջ տան, համատարած դեմագոգիա է։ Մանավանդ դրսի մտավորականների մեծ մասը, որոնց համար հայրենիքի հետ կապը մի փոքր ավելի ռոմանտիկ սիրողական կապ է, երևի լավ չեն պատկերացնում Հայաստանի անցքերը, դեպքերը,  որ սա Եվրոպան չէ, որ կանգնեն որպես դիտորդ, ամեն ինչ վերահսկեն և ամեն ինչ լավ լինի։ Մեզ մոտ հսկայական մետաստազներով մեխանիզմ է մտածված՝ ինչպես աճպարարություն անել, և ես կարծում եմ իրատեսական չէ ընտրությունները հսկելով՝ իրականություն փոխելը։ Ես կասեի այս մեխանիզմը կաշխատի, եթե իրականության մեջ տեսնեի, որ վարչապետի գալուց հետո 100 օրվա ընթացքում ինչ-որ փոփոխություններ են տեղի ունեցել։ Բայց քանի որ դա չկա, պատճառահետևանքային կապը ինձ հուշում է, որ ոչինչ էլ չի փոխվի։

- Ձևավորվող դաշինքները կարո՞ղ են արդյոք այլընտրանք լինել իշխանությանը։ ՀԱԿ ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՀԿ ցուցակը՝ Սերժ Սարգսյանն է  գլխավորելու, ԲՀԿ երբեմնի առաջնորդն է վերադառնում քաղաքականություն։

- Ձեր թված բոլոր անունները մղջավանջի միջից դուրս եկած սարսափ ֆիլմի հերոսներ են, ինչպես ասում են՝ հին մեռելները վերակենդանացան, դուրս եկան դաշտ։ Նրանք իրենց ամլությունը ցույց են տվել քաղաքական դաշտում երկրի կառավարման, երկրին տեր կանգնելու առումով։ Իրականության մեջ հիմա քաղաքական դաշտը մեռած է, Ազգային ժողովը իր բոլոր կոալիցիաներով, կոմունիստական հավաքով, 7000 ՀՀԿ անդամագրություններով, այս բոլորը մեռելածին գործողություններ են, և ժողովուրդը  հիասթափված է այդ ամենից և զզվանքով է նայում։ Այսինքն՝ աճպարարությունը չի աշխատելու, թեև այս պարագայում ևս կտան մի քանի օրվա հացի փող, ժողովուրդը էլի կվերցնի և կընտրի նրան, ով իրեն վճարի։ Սա տխուր փաստ է, և ես շատ մեծ ցավով եմ դա ասում, բայց կարծում եմ՝ իրականությունն այսպիսին կլինի։ Կա առողջ մաս, որը փաստորեն չի կարողանա էական դեր կատարել երկրի այս տխուր քաղաքական ընթացքը փոխելու համար։ Սա վատ ճանապարհ է, շատ վատ։

- Հայաստանում ո՞ր դեպքում է հնարավոր հասնել փոփոխությունների, ՀՀԿ-ն իմիջն է փոխում, երիտասարդ կադրեր բերում ԳՄ, ի՞նչ տպավորություն եք ստանում այս գործընթացներից։

- Միանշանակ թատրոն է այս ամենը։ Հայաստանում մի դեպքում կարող է փոփոխություն լինել, եթե հրաշք տեղի ունենա, և բոլոր հին, վարկաբեկված դեմքերը հանկարծ որոշեն դառնալ ազնիվ քաղաքացիներ, բայց դա հնարավոր չէ։ Կամ եթե Սերժ Սարգսյանը տղերքին մատաղ անելուց, հողեր կորցնելուց հետո հրաժարական տա, ասի՝ տղերք, չստացվեց ինձ մոտ, եկեք հայավարի մի քայլ անեմ, հեռանամ, բայց նա աթոռին շատ է կպած։ Իհարկե, պայմանականություններով են կպած էդ աթոռին, ու հիմա կթում են երկիրը, կթում են շատ դաժանորեն, այսինքն այն, ինչ կարելի է կթել, ուղղակի քամում են։ Սրանք երկրի մասին չեն մտածում։

- Բայց նոր կառավարությունն ու վարչապետը խոսում են  մնաշնորհների, ստվերի ու կոռուպցիայի դեմ պայքարից։ Ձեր կարծիքով, եթե վարչապետը նույնիսկ շատ ցանկանա, կկարողանա՞ որևէ փոփոխություն անել այս առումով։

- Եթե իր ձեռքերը լրիվ բաց թողնեն, գուցե, բայց նա շատ պայմանականություններով կապված է այս իշխանությունների հետ։ Առաջին քայլն էլ արեց՝ գնաց դարձավ ՀՀԿ-ի անդամ։ Այստեղ արդեն շատ հարցեր պարզվեցին, թե խաղն ինչ կանոններով է գնալու։ Եթե նույնիսկ կար էդ հույսը, ՀՀԿ-ի «սովետասոցիալիստական» համագումարից հետո ինձ համար ամեն ինչ պարզ դարձավ, որ չէ, այս անգամ էլ փուստ տվեցինք։ Տխուր բան եմ ասում, բայց իսկապես ծանր իրավիճակ է երկրում։ Ես հոռետես չեմ, շատ կուզեմ լավ լինի, ես մտածում եմ երկրի մասին, բայց շատ վատ մարդիկ են այսօր մեր երկիրը ղեկավարում։ Նրանք երկրի համար չեն ցավում։

- Քանի որ բանակի հետ  սերտ կապեր եք ունեցել, հետաքրքիր է, ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծումը, սա մտահոգվելու առիթ տալի՞ս է, թե՞ ոչ։ Շատերը նշում են, որ սրանով ինքնիշխանության կորստի առջև ենք կանգնում։

- Այո, մենք մեր անկախությունը կաթիլ-կաթիլ հանձնում ենք։ Ես չգիտեմ, էլ ինչ պետք է լինի, որ հասկանանք, որ մենք անկախություն ենք կրվում։ Ինչ պետք է անեն, որ մենք դա հասկանանք։ Մնում է մեզ պարտադրեն ռուսական հիմնը երգել։

Հարցազրուցավար`
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

суббота, 3 декабря 2016 г.

Երևի արդեն բացարձակ անհնար անելիքը


 Որոշ տրամաբանական պարզեցումներ անեմ, որ հասկանանք թե ինչ է կատարվում։

1. Պետք է գիտակցվի, որ հայկական իշխանություններն առաջին հերթին քրեական հանցագործներ են,  դրանից հետո նոր տականք, սրիկա, մարդակեր և այլն։
Հանցագործության առաջին հայտանիշն այն է, որ  իրենք արդեն 21 տարի է ուզուրպացրել են իշխանությունը շարունակաբար կեղծվող ընտրություններով։
 Թող ամեն մեկն իրեն պատկերացնի ընտրական կեղծիքում։ Մեզանից քանիսը կհամարձակվի ուրիշ մեկի ձայնն իրենով անել։ Լուրջ եմ հարցնում, նման հանցագործության գնալու համար քրեական հոգեբանության տեր է պետք լինել։

2. Հետևաբար, իշխանության մեջ եղածներն ու նրա վերարտադրմանը սատարողները բոլորն առնվազն հանցակիցներ են։ Այսինքն՝ Հայաստանի մոտ 10-15 տոկոսը քրեական հանցագործներ են։

3. Արդյո՞ք քաղաքականության մեջ եղած ընդդիմադիրներն իրենց հաշիվ տալիս են, որ քաղաքական մեթոդներով պայքարի են մտնում ահռելի քրեական բանդայի դեմ, որն աբսուրդ է։
Ըստ 21 տարվա փորձի կարելի է հաստատապես պնդել, որ ընդդիմությունն այդ ոչ ադեկվատությունը չի հասկանում, կամ էլ ուղղակի իրեն անհասկացողի տեղ է դնում։

4. Արդյո՞ք մենք գիտակցում ենք, որ քրեականը մարդկայինից դուրս է, քանի որ նրա առաջին հատկանիշը հակամարդկայնությունն է,  մարդու ու մարդկայինի  դեմ ի շահ իրեն գործելը։

5. Արդյո՞ք մենք  հասկանում ենք, որ քրեականի դեմ պայքարի միակ միջոցը նրան պատժելն է,  մեկուսացնելը, կամ էլ ոչնչացնելը։ Որովհետև մարդկային պատմության մեջ քրեականի վերջնական ուղղման դեպքեր նկարագրված չեն (բացառությամբ որոշների կրոնամոլ դառնալու և դրա հետևանքով վերափոխվելու)։

6. Արդյո՞ք ժամանակը չէ, որ ամբողջ հայությունը հասկանա վիճակի տրագիզմը և հարցին մոտենա հենց այս բանաձևով՝ ինչպես հաղթահարել հայությանը հոշոտող իր իսկ 10-15 տոկոս քրեականին։

7. Անհնար է քաղաքական կամ ճակատային որևէ ընդհարումով պայքարել ներքին մետաստազներ տված այս հրեշի դեմ։ Ու սա փորձով է ապացուցվել  հազարավոր անգամներ։

8. Ես որպես միակ լուծում տեսնում  եմ ամեն մեկի խնդրի գիտակցումը և մեկուսացումը իշխանություններից ու նրա հենարանից։ Պետք է կարողանանք կերտել պատկերավոր ասած,  ստվերային նոր հայություն, որը կապրի ուրիշ օրենքներով, կմեկուսանա  իր իսկ սրիկա բարեկամից ու կհոգա իր հոգսերը որպես այլ հայ։

Քաղաքականները հաճախ պնդում են լյուստրացիայի մասին։ Բայց ի՞նչ լյուստրացիայի մասին կարող է խոսք լինել ։ Ով չգիտի իր ծանոթ, բարեկամ, հարևան ու նույնիսկ հրապարակային հրեշներին։ Ո՞վ է կասկածում, որ քրեականն իր գաղտնիքները չի բացի առանց մեծ արյան։

9. Մոտավորապես նման բան ես ասում եմ արդեն տարիներ շարունակ, բայց արդյունքը զերո է։ Հասկանում եմ, որ երևի սա էլ ուժերից վեր խնդիր է, բայց մյուս կողմից էլ հենց էնպես վերանալն էլ սիրուն չէ։

Սաղ-ուրախ, գյոզերով,  մուղամով, եղունգներով, փալաններով ու նամանավանդ իրար էշի տեղ դնելով։

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

понедельник, 31 октября 2016 г.

«Անասունների ագարակը»


hayeli.am-ի հարցազրույցը գրող, թարգմանիչ Սամվել Մկրտչյանի հետ

– Սկսենք գլխավոր հարցից. ըստ Ձեզ՝ ո՞րն է այսօր գլխավոր հարցը:
– Ինչպես դարեր շարունակ՝ ողջ մնալը. գոյատևել՝ իրականացնելու մեր հավիտենական առաքելությունը: Ամեն ինչ անել՝ չմեռնելու համար: Մենք ուրիշ ոչնչով չենք զբաղված: Մենակ թե չասեք, թե պետություն ենք կառուցում: Հասուն մարդիկ ենք ու պետք է հասկանանք, որ այսպիսի պետություն չի լինում, ու պետությունն այսպես չեն կառուցում: Այսպիսի մշակույթ, ԶԼՄ-ներ, նախագահ, կառավարություն, ԱԺ, նույնիսկ սերիալներ չեն լինում. սրանք հակացուցված են մարդկությանը: Մեր իրականությունն այնքան է աղճատվել, որ սկսել ենք իրար հետ տարբեր լեզուներով խոսել:

– Ուրիշ ո՞ւմ, եթե ոչ Ձեզ պիտի հարցնել որպես «Ուլիսեսի» թարգմանչի՝ արդյո՞ք մեռած լեզու չի գրական կոչված հայերենը. կյանքի այսօրվա ռիթմին, բաց տեքստերին կարողանո՞ւմ է այդ լեզուն սպասարկել:
– Եկեք վերջնականապես ճշտենք «գրական»-ի տեղը. դա գրականության լեզուն է, որը լեզվաբանները որպես «բարձր» են դասակարգում՝ ի տարբերություն «ցածրի» (խոսակցական, բարբառներ, արգո, ժարգոն, և այլն): Այս դասակարգման մեջ հետին միտք չկա: Այն, որ ժարգոնով կարելի է գեղարվեստական գործ գրել՝ մասնավոր հարց է: Որքան սրանք իրարից հեռու են մի լեզվում, այնքան մեծ է երկլեզվության վտանգը: Ղըրղըզներն, օրինակ, ունեն «ժողովրդական» ու «փիլիսոփայական» (իրենց իսկ բնորոշմամբ), ընդ որում հասարակ ժողովուրդը բացարձակապես չի հասկանում «փիլիսոփայականը»: Մենք դեռ այդքան չենք հեռացել, բայց շատ գրողներ, ԶԼՄ-ների հետ միասին, ամեն ինչ անում են, որպեսզի չշեղվեն ամեն ինչ հարամ անելու բնատուր տաղանդից: Գրական հայերենը փառավոր լեզու է, Բայրոնի ասած՝ Աստծո հետ խոսելու լեզու. բարդ, խրթին, բայց իսկական գրականության թարգմանիչները սա իրենց մաշկի վրա են զգացել: Հայոց լեզվի համար ամեն ինչ թարգմանելի է և արտահայտելի (մի կարծեք, թե բոլոր լեզուներին է տրված այս շռայլությունը): «Ուլիսես»-ում լեզվական բոլոր շերտերը կան. ես ցանկացել եմ ապացուցել, որ հայերենը ևս (կրկնում եմ՝ ի տարբերություն բազմաթիվ «զարգացած» համարվող լեզուների) ունի այդ շերտերը: Քանի դեռ կա գիր, գրականություն ու թարգմանություն, լեզուն մեռած չի կարող լինել: Ափսոս, որ գրականն ու ամենօրյա խոսակցականը շատ են հեռացել իրարից: Հարցի մյուս կողմը. գրական լեզուն, այո, չի կարող լինել, և ծիծաղելի կհնչի, եթե լինի, «ժողովրդական», բայց խոսակցական, կենդանի լեզու այդպես էլ չի ստեղծվում. ռուսերենն ու դրանից բխող գողալեզուն իրենց ազդեցությունն այստեղ ևս ունեն: Այսօր միայն մի քանի անհատների ուսին է՝ քո ասած կյանքի ռիթմն արտահայտելու, կենդանի լեզվով հաղորդակցվելու «բեռը»: Լեզուն ամենայն հոգածությամբ պղծվում է պետական մակարդակով, ու հայերենն այստեղ մեղք չունի: Հղում անենք հոգեբան, լեզվաբան Ն. Չոմսկիին, ով պնդում է, որ լեզուն անհատական է ու աճում է որպես կենդանի օրգան՝ ձեռք, աչք, թոք: Այսօր մի դուրսպրծուկ գրող ու լեզվի տեսչության մի խեղկատակ հաջողությամբ ապացուցում են, որ հայերենը կռնատ է, կամ միաչքանի: Ղըրղըզերենի ճյուղ: Մինչդեռ իրենք են հաշմված: Ցավալի է հատկապես կլիմաքսային բանաստեղծներին հետևելը:

– Միգուցե, հենց այդ երկլեզվանիությունից էլ գալիս է էսքան սուտն ու անհարմարությունը, մեր պատճառով մեր լեզուն ստվել է. մեր երեխաները դպրոցի, տան, փողոցի լեզվական սղումների մեջ մանկուց սկսում են կեղծիքին հարմարվել: Դուք հրապարակային նման խոստովանություն չեք արել, բայց ինձ թվում է, որ «Ուլիսես» թարգմանելու պատճառներից մեկն էլ այն է եղել, որ շտապել եք հայերենը շփել անգլերենի բոլոր բառերի հետ միաժամանակ, ստեղծելով լեզվի, ոճի բազմազան հայերեն ֆորմաներ. հիմա դրանցից ո՞րն է ավելի օրինակելի զանգվածայնացնելու համար:
– Լեզուն, ի միջի այլոց, նաև ստի խոսափող է, բայց ոչ նրա գործարանը: Լեզուն չի սիրում կաղապարներ. այն ազատ է, միշտ զարգացման մեջ է, քանի որ կախված չէ մեկ անհատից: Եթե կուզեք՝ լեզուն ինքն է գտնում համապատասխան ձևերը, և այս օրգանիզմի համար կարևոր է, թե ինչ միջավայրում է այն աճում: Ժարգոնը նույնպես մշակույթի մաս է, բայց նույնիսկ նա կարող է «կռնատ» լինել, քանի որ չունի «մատեր» (տարատեսակներ): Վկա՝ այսօրվա «խոսակցական» հայերենը, որն առավելապես գողական ժարգոնն է: Չզարմանաք, եթե ասեմ, որ համընդհանուր նորմալ լեզու (գրական թե խոսակցական) վերջին հաշվով չի կարող լինել մի երկրում, որտեղ չկա քաղաքացիական հասարակություն, այսինքն՝ որտեղ ամեն ինչ (առաջին հերթին՝ լեզուն) ենթակա է այլասերման ու լճացման: Իսկ «օրինակելի զանգվածայնացնելու» ձևը ամենից լավ գտել է հեռուստատեսությունը. ապազգային ապուշները գլխի են ընկել, որ մարդկանց ապուշացնելու հզորագույն միջոցը մեդիան է: Ինչը և անում են՝ իրենց չխնայելով: «Ներքին թուրքին» ներքին մասոնն է փոխարինում:

– Սամվել, պարզ է, որ լեզուն պիտի դուրսուներս անի, որ չդախանա, ճկուն մնա. չլիներ հների թարգմանական եռանդը, մենք վաղուց վերջացած կլինեինք. հիմա Դուք՝ որպես այդ գործի ամենահմուտ մասնագետ, ինչի՞ վրա կհրավիրեք երիտասարդ թարգմանիչների ուշադրությունը՝ հատկապես ինչը եւ ինչպես արժե թարգմանել. գոնե մի քանի կարևոր բան Դուք պիտի հուշեք, որովհետև, ինչպես երեւում է, վերեւները զահլա չունեն էսպիսի բաների հետ, առավելագույնը թարգմանչաց տոն կանեն՝ «ուտուշ–խմուշի» սուրբ ռիտուալով:
– Տերտերների մենաշնորհը թողնենք տերտերներին. իրենք դրանից լավ են զգում: Ի՛նչ թարգմանել. պարզ է՝ այն լավագույնը, ինչը մեզ կմոտեցնի աշխարհի մշակույթին ու ամենակարևորը՝ կհարստացնի հայերենը: Բայց պետական քաղաքականությունը (այսինքն՝ դրա բացակայությունը) ամենամեծ խոչընդոտն է: Ոչինչ: Պետություն չենք ունենա, բայց լեզուն կպահպանենք. դարերի փորձ ունենք: Կներեք սև հումորի համար: Ունենալ հրաշալի լեզու, մտավոր ներուժ ու միաժամանակ լինել էսքան աննպատակ, տափակ ու պոռոտախոս: Սա նույնիսկ հարևանիդ կատուն չի ների, ուր մնաց՝ պատմությունը:
– Սամվել, Դուք մոդեռնիստական գրականության հոր գործ եք թարգմանում, մարդու ենթագիտակցական շերտերի քննություն եք առաջադրում մի հասարակության, որն իսկի իր կենցաղային պարզագույն պետքերը չի կարողանում հոգալ. ինձ թվում է, որ «Ուլիսես» չթարգմանած ժողովուրդները ոչ թե լեզվից են տկար եղել, այլ իրենց գրաշուկան միգուցե ավելի լավ է հաշվել պահանջարկը. հիմա, ըստ Ձեզ, Ուլիսեսին հասանելի քանի՞ ընթերցող կլինի մեր երկրում:
– Երկու միլիոն: Լավ, մի քիչ ծաղկացնում եմ: Երկու հոգի:

– Ի՞նչը կարող է մեզ մի քիչ կարգի բերել. դատելով Ձեր հրապարակային խոսքից՝ Դուք կարծես, ոգեւորված էիք քաղաքացիական շարժումներով…
– Ոչ դեմոկրատիան. այն սպառել է իրեն և վերածվել չարիքի: Դեմոկրատիան պարարտ հող դարձավ մարդկության շարունակական այլասերման համար: Ջ. Լենոնը երգում էր. «Քեզ բթացնում են կրոնով, սեքսով ու TV-ով»: Անձամբ ինձ պետք չէ դեմոկրատական-կղերական սուտ շիլան: 21-րդ դարում ամոթ է fucking peasant (նույն երգից է) լինել ու մամուլը հեղեղել անգրագետ գողերի մասին լուրերով ու նրանց հետ հարցազրույցներով: Մենք կյանքի կոչեցինք Օրվելի անասունների ագարակը: Բայց առանց ջանք թափելու կարելի է մի շատ պարզ բան հասկանալ՝ եթե չարիքը պարբերաբար վերարտադրվում է, հարկավոր է այն խեղդել: Հիասթափված լինելով հանդերձ (կամ այդ պատճառով) ես ռադիկալ քայլերի կողմնակից եմ: Ինձ այսօր ջղայնացնում է այն ամենը, ինչ խանգարում է իմ քաղաքացիական անհնազանդությանը: Non serviam, Ջոյսի սկզբունքն է. «Չեմ ծառայի»՝ ոչ պետությանը, ոչ՝ եկեղեցուն:

– Մեր երկրում արդեն մարդու կյանքի հետ անհամատեղելի դրություն է ստեղծվել. կարելի է ասել՝ աղետ է. ազնիվ, մտածող խավն, ով դեռ երեկ կարողանում էր իրենն աներ ու իրենն ասեր, արդեն մատնվում է սովի: Ի՞նչ կասես քո այդ եղբորը:
– Այս տարիների մեծագույն արհավիրքը ուրացումն ու դավաճանությունն է: Ինչպես մարդիկ, ում անկաշառ ես կարծել, հերթով, հեշտուհանգիստ խուրդվեցին: Իսկական ռնգեղջյուրացում: Հայաստանում գենային, օրգանական տեսակի աղետ է տեղի ունեցել. մտավորականության տեղը զբաղեցրել են ինչ-որ մուտանտ-դեգեներատներ, ովքեր դրամատիրական կարգեր են հաստատել: Ուշադիր նայեք ամենուր հայտնվող դրանց մռութներին ու կտեսնեք էվոլյուցիոն խախտման հետևանքները: Զզվելի է ապրել մի երկրում, որտեղ յուրաքանչյուր 10-ից 9-ի հետևում ուրիշի ականջներ են ցցված: Ծախվածն ավելի վտանգավոր է, քան գնորդը. վերջինս իր գործը հստակ է անում, քանի որ ծախվածների հսկայական բանակ ունի՝ յուրաքանչյուր գումարտակ, վաշտ, ջոկատ իր յուրօրինակ տեսակով: Սա ոգու սովն է, իսկ մեծագույն աղետը հոգու աղետն է, որից ավելի սարսափելին՝ այդ աղետը հավուր պատշաճի ընդունելն է: Սովյալը մի կերպ հաղթահարում է սովը, օլիգարխ դարձած գողը՝ երբեք: Դրանք բոլորը միասին վերցրած նույնիսկ գոմաղբ չարժեն, բայց երկիրը վերածեցին գոմի: «Ինչ անելը» մոռացած՝ գլխումս մի հարց է անընդհատ պտտվում՝ որտեղի՞ց Հայաստանում, կներեք, էսքան շատ գյոթ: Նույնիսկ Սովետի տարիներին ոնց որ էսքան չկային. որտեղի՞ց բուսնեցին: «Քռչ» բառը, առանց ձայնավորի, դրանց վրա ավելի լավ է նստում, քան թանկարժեք «կաստումները»: Դրանց մասին խոսելուց հետո մարդ պիտի ցնցուղ ընդունի: Հիմա ես ի՞նչ ասեմ իմ ազնիվ, մտածող, չուրացող, հեռացող ու վերացող եղբորը, սիրելի Վարդ: Ջարդիր քեզ սովի մատնողի գլուխը:

– Իսկ ի՞նչ կասեիք երկրի նախագահին, եթե աչքը աչքին հանդիպեիք նրան:
– Բարև, Ռոբ:

Վարդուհի Սիմոնյան

пятница, 28 октября 2016 г.

Ինչո՞ւ Հայաստանում իշխանությունը գրավեց գողական-քրեականը


Լռել պարտադրող տաբուներն ու մեր լինել-չլինելը

Ընտանիքի դրվածքներում ամրացած՝ զսպող, արգելող, համակերպվելն ու հանդուրժելը հաստատող տաբուների մեջ ենք:
Մենք հայ ենք, հայ ընտանիքից եկող «հայության» շնորհիվ: Մեզ որպես հայ կերտում է նախ հայ ընտանիքը և հետո նոր հայ հանրությունը, որն ինքնին հետևանք է հայ ընտանիքի: Նմանապես, հրեային հրեական ընտանիքն է կերտում, անգլիացուն՝ անգլիական ընտանիքը:

Մարդու անձնական գենետիկայով պայմանավորված հատկությունները մշտապես գտնվում են ընտանիքում և հանրային կոդեքսներում եղած վարքային նորմերի ճնշման ներքո և դրսևորվում են աղճատված տեսքով:
Նույն բնական խիզախության, բայց տարբեր հանրություններում ծնված ու մեծացած մարդիկ տարբեր էություններ ու դրսևորումներ ունեն:

Ըստ եղած փաստերի, առավելագույն հաջողության են հասնում այն հանրությունները, որոնք կարողանում են ներդաշնակել մարդու ներքին մղումներն ու հասարակայնորեն արժեքավոր վարքի նորմերը:
Սովետների օրոք ձևավորվել էր «սովետական մարդը», որը զուրկ էր նախաձեռնելու, գործարարության ու մրցակցելու ունակություններից:
Սովետ միության փլուզումից հետո այդ «միջին» մարդը հայտնվեց դեմ-հանդիման քրեականին: Այդ պահին մեր մեջ այլ տեսակի անհատներ ու գործող սուբյեկտներ ուղղակի չկային՝ միջին, սովետական մարդն էր ու գողականը: Նույնիսկ կուսակցական ապարատի կեսը միջին մարդ էր, իսկ մյուս կեսն էլ՝ գողականի կազմում:

Պարզ էր, որ «ուժեղ» լինելով իր գիշատչային հատկություններով, կեղծելու ու խաբելու իր արտակարգ ունակություններով, գողականը վերցրեց ներհանրային կյանքի բոլոր լծակները և այս կամ այն չափով, մինչև հիմա դրանք պահում է իր ձեռքերում:

Հարցը, թե hետսովետական որ երկրում ինչ չափով էր քրեականը դրության տերը և ինչքանով միջին մարդը կարողացավ պաշտպանել իր շահերը, արդեն կախված էր   տվյալ ժողովրդի ներընտանեկան ու ներհանրային արժեքայիններում եղած դրվածքներից, տաբուներից ու ազատություններից:

Մերձբալթյան երկրները, Վրաստանն իրենց ներընտանեկանում ամրացած արժեքայինով կարողացան հաղթահարել իրենց գողականին, իսկ մենք անսահման հանդուրժող ու լուռ եղանք  մեր տականքի հանդեպ:

Եվ օգտվելով դրանից, հայկական գողական-քրեականը գրավեց իշխանությունը, ապա ավելի ու ավելի ուժեղացնելով իր դիրքերը, հասավ օրենքներից վեր կարգավիճակի:
Ներհայկական հարցերը չեն լուծվում, որովհետև հայը սխալ պատկերացում ուներ և ունի թե դիմացի հայի մասին ու թե իշխանական սուբյեկտների հետ հարաբերվելու սկզբունքների մասին:

Անկախության սկզբին միջին, ավանդական արժեքայինով ձևավորված հայ ընտանիքում մեծացած հային թվում էր, թե այլ հայն իր պես մեկն է, իր նման մտածող, իր նման հարցերը տեսնող, իր հոգսերն ու նպատակները նույն կերպ դիտարկող ու հասկացող: Եվ նման մտածողության միակ հենարանն էլ այն էր, որ դիմացինը ևս հայ է:

Սակայն մի քանի տարի անց, երբ հասկացանք, թե ով-ով է, տականքն արդեն ջրի երեսին էր ու իշխանություն վերցրած: Իսկ մենք էլ՝ «միջիններս», տասնյակ հազարավորների զոհվելուց, ազգի կեսի արտագաղթելուց, հարյուրավորների քաղաքական սպանություններից, ընտրությունների շարունակական կեղծումներից, քրեական իշխանության դեմ բազմաթիվ անարդյունք քայլերից հետո էլ անտեղյակության մեջ ենք՝  թե ինչ անել, ոնց անել, ում վրա ինչպես ազզդել:

Արդեն միջին դարերում, անվերջ իրար արյուն թափելուց հետո, անգլիացիք, իսկ հետո նաև եվրոպացիք հասկացել էին, որ դիմացինին չափավորելու լավագույն միջոցը նրա ճակատին սեփական կարծիքը հայտնելն է: Իսկ առավել «չհասկացողներին»՝ խոսքի փոխարեն գնդակ ուղղելը:
Եվ հենց այդ գիտելիքի ու դրանից ածանցված արժեքայինի հաշվին է, որ այդ հանրություններում սրիկան չի կարող թաքնվել ազգակից լինելու շղարշի հետևում և հոշոտել միամիտին:

Դրա հաշվին է, որ այդ ազգերը շարունակաբար ծնում են հանրային վրիժառուների, Սնոուդենների, Ասանժների ու Մաննինգների, որոնք պատրաստ են զոհողության՝ հանուն ճշմարտության:
Ու նաև պատահական չէ, որ ամերիկյան սահմանադրության առաջին փոփոխությունը վերաբերում է խոսքի ազատությանը, իսկ երկրորդը՝ զենքի իրավունքին:

Մենք իհարկե զենքն ատող ժողովուրդ ենք և այդ մասին որևէ հարց քննարկելն ավելորդ է: Բայց խոսելուց էլ հո թույլ չենք:  Երկրորդականի, հիմարությունների մասին խոսելիս արգելք իհարկե չունենք, բայց լուրջից խոսելն էլ արդեն տաբուապատ է: Իրոք, ինչ խոսես, երբ տաբուն ասում է՝ եղունգ ունես՝ գլուխդ քորի, ով էշ է՝ դու փալան եղիր: Ու առհասարակ, «բա քեզ պետք ա՞»:
Մեզ «պետք չէր», ու առաջին «ոչ պետքականը» եղավ մեր հողում արժանապատիվ ապրելու իրավունքը: Հիմա արդեն գործը հասել է ոչ թե արժանապատիվ, այլ հայկական հողի վրա առհասարակ ապրելու իրավունքին:

Եթե այսպես շարունակվի, այդ իրավունքն էլ կզիջենք: Բայց մինչ այդ, զուտ տեսականորեն շեշտենք, որ զենքի ու արդար պատժի մերժման պայմաններում պետական ու ազգային այս մղձավանջից դուրս գալու միակ միջոցը խոսելն է, մտքինն արտահայտելը, ճշմարտությունն ամեն քայլափոխի ասելը, դիմացինին ճշմարտությամբ սաստելը:
Ընտանեկանում հաստատ չունենք այդ որակը, և հիմա ստիպված ենք այն  գիտակցված ներդնելու:

Իշխանավորներին միավորում է ստելու, խաբելու, կեղծելու մեծ ունակությունը:   Բոլոր երկրներում էլ իշխանավորները մոտավորապես այդպիսին են: Բայց և նրանց ու նրանց հենարանի վրա ներազդելու միակ միջոցը ամեն քայլափոխի նրանց դեմ ասվող ճշմարտությունն է, նրանով միջավայրը լցնելն է ու կեղծիքը սահմանափակելը:
Ողորմելիության գերագույն աստիճանը վախից լռելն է, հանուն օրվա հացի կեղծիք հանդուրժելն ու նրան համակերպվելը:

Մեր լռելն է, որ քաջալերել է տականքին այսօր հարց լուծող դառնալու և մեր պատմության անիվը արգելակելու: Եվ կապ չունի, թե ում դեմ ենք լռում և ինչու ենք լռում, որովհետև զոհասեղանին Հայաստանն է, հայն ու հայությունը:
Բարեկամ տականքի արածների դեմ լռելը նույնքան մերժելի է, որքան նախագահի, դատավորի, կամ «թաղ նայողի» դեմ լռելը:

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

среда, 5 октября 2016 г.

Հայաստանի երեք միլիոն թշնամիները


Կոնֆորմիզմը կամ հարմարվողականությունը միայն քաղաքական դիրքորոշում կամ դիրքորոշման բացակայություն չէ, ինչպես ներկայացվում է ավելի հաճախ։ Կոնֆորմիզմի բոլոր տեսակների հավաքական ֆունկցիոնալությունն է քաղաքական իմաստ ստանում, որովհետև կոնֆորմիզմը բոլոր հակադեմոկրատական, իմա՝ հակամարդկային իշխանությունների ամենահավատարիմ ու ամենահզոր դաշնակիցն է ու երաշխավորը։

Կոնֆորմիզմի տեսակները շատ են, ու որքան շատ են, այնքան ավելի են բացահայտում մարդու արատավորությունը։ Իսկ երբ մարդն ապրում է երկրում, որի իշխանության հենարանը ոչ թե մարդն ինքն է, ընտրողը, քաղաքացին, այլ նրա կոնֆորմիզմը, այդ արատավորությունը հասնում է կատարելության, որը տվյալ դեպքում՝ հակակատարելություն է, հասկանալիորեն։

Մենք հարմարվող ազգ ենք եղել պատմականորեն ու կանք նաև ու առավել ևս՝ այսօր։ Մենք հարմարվում ենք ամենայնին, ինչը չի վտանգում միայն մեր ֆիզիկական անվտանգությունը։ Մնացած ամեն ինչը մեզ համար ոչ միայն մերժելի չէ, այլև ընդունելի է ու բնականոն՝ կենսակերպ լինելու աստիճանի։

Մենք հանդուրժում ենք լպիրշ հարևանին, եթե նա ունի փող կամ կուսակցական որևէ կրծքանշան, չնայած հանդուրժում ենք հարևանի հատկապես այն տեսակին, որի կրծքին իշխող կուսակցության «զնաչոկն» է։

Մենք հանդուրժում ենք կաշառակեր բարեկամին, հատկապես, եթե նա մեր մոտիկ բարեկամը չէ ու բարեկամը չէ ընդհանրապես, այլ ընկերոջ մոտիկն է կամ ավելի հեռու մեկը։ Հանդուրժում ենք ոչ թե սովորականորեն, այլ քծնանքով ու փառաբանմամբ, որովհետև ենթագիտակցորեն մտածում ենք՝ «կարող ա մի օր պետք գա»։ Չնայած ենթագիտակցությունը բանական սիստեմավորում չէ, այլ մեր տեսակային, գուցե՝ գենային կոդավորումը, կամ արքետիպերի պահեստարանը, ինչպես ասում էր Յունգը։ Այսինքն, ստորաքարշությունը, ըստ էության, ոչ թե գիտակցված ընտրություն է մեզ համար, այլ ենթագիտակցական անայլընտրանքություն, ինչը ոչ թե՝ բարձրացնում է մեզ, այլ իջեցնում է ավելի ողորմելիության մակարդակի։

Մենք հանդուրժում ենք մեր երեխաներին ուսուցանող թերուս ուսուցիչներին ու մեր երեխաներին բուժող անիմաց բժիշկներին։

Մենք հանդուրժում ենք թաղապետարանի փողկապավոր չինովնիկի բռիությունն ու բանկի սանձարձակ աշխատակցուհու լկտիությունը։

Մենք հանդուրժում ենք խոպանից փող ստացող մերձավորի պորտաբուծությունն ու հանդուրժելով՝ չենք մերժում նաև անաշխատ եկամուտով հարստացածի տված օգնությունը։

Մենք հանդուրժում ենք պետությունից փող ստացող պաշտոնյայի հակապետականությունը, եթե նա ընդմիջման ժամերին կամ հանգստյան օրերին լավ հացկատակ է՝ խաշի սեղանի շուրջ, կամ լավ ախպեր է՝ իր նմանների ախպերության շրջապատում։

Մենք հանդուրժում ենք գողականից վախեցող ոստիկանապետերին ու ոստիկանապետերից վախեցող գողականներին, որովհետև մենք հանդուրժում ենք մեր ինքնաթողտվությունը, որ մեր երեխաների համար գողականները դառնան ընդօրինակման առարկա, որովհետև մենք հանդուրժում ենք նեղ օրերին նույն այդ ոստիկանապետերից ու գողականներից օգնություն խնդրելու մեր թուլությունը։

Մենք հանդուրժում ենք թաղի տականքի ընտրակաշառքի առաջարկն ու ընտրակեղծարարությամբ ընտրված պաշտոնյային կաշառք առաջարկելու մեր ինքնահանցագործությունը։

Մենք հանդուրժում ենք օտարի առաջ ստորացող մեր դիվանագետին ու դիվանագիտորեն ստորանում ենք նրանց առաջ, եթե ճակատագիրն ընձեռում է ստորացման այդ հնարավորությունը։

Մենք հանդուրժում ենք գերհարուստ այն պաշտոնյային, ով նույնիսկ ամենացնորված երազում այդքան հարստանալ չէր կարողանալու, ու հանդուրժում ենք այդ պաշտոնյաներին հաստանալու հնարավորություն տվածներին՝ դա համարելով նորմալ ու բնականոն։

Հանդուրժում ենք ոչ թե՝ որովհետև ամենաալտրուիստ ենք աննախադեպորեն, այլ՝ որովհետև ցանկանում, երազում ու տենչում ենք հայտնվել բոլոր նրանց դիրքերում, ում նախանձում ենք ներքնապես ու հանդուրժում ենք արտաքուստ։
Մենք օրենք չենք սիրում, որովհետև մենք չենք սիրում լինել հավասար։ Մենք կարողանում ենք լինել հավասարներից պակաս հավասար՝ հույսով, որ երբևէ լինելու ենք մեկը՝ ավելի հավասարներից։ Մենք հավասարությունն ատող հասարակություն ենք։

Մենք ատում ենք պետությունը, որովհետև պետությունը հավասարություն ապահովող ինստիտուտ է, այսինքն՝ մեր՝ երբևէ ավելի հավասար ու հանդուրժողից հանդուրժվող դառնալու մարմաջի իրագործումը կանխող ինստիտուտ է։ Մենք պետությունն ատող հասարակություն ենք։

Մենք չենք սիրում պետությունը, բայց սիրում ենք իշխանությանը, որի դեմ պայքարի իմիտացիայով ավելի անհագուրդ ենք սիրում նրան, որովհետև իշխանության մեջ տեսնում ենք ինքներս մեզ, ու որքան ավելի այլասերված է իշխանությունը, այնքան ավելի ենք սիրում նրան, որովհետև սիրելով իշխանությանը՝ մենք սիրում ենք երբևէ դրանում տեղ զբաղեցնելու մեր հույսը։ Եվ ուրեմն, մենք հակացուցված ենք պետությանը, որովհետև պետության գոյությունն ու ապագան այն իշխանությամբ, իշխանության այն տեսքով, որը սիրում ենք մենք ներքուստ ու որի դեմ պայքարում ենք ցուցադրաբար, փոխմերժելի են ու փոխբացառելի։

Մենք ատում ենք մարդուն, որովհետև մարդը հավասարության արտահայտություն է։ Իշխանության հետ ու հանուն իշխանության՝ մենք ամեն օր լուծում ենք իշխանության թիվ մեկ խնդիրը՝ սպանել մարդուն։ Մենք ատում ու սպանում ենք ինքներս մեզ, որովհետև մենք ապրում ենք ոչ թե մարդ լինելու, այլ մարդուց ավելի մարդ լինելու ցանկությամբ ու հույսով, որը ոչ միայն հակամարդկային է, այլև հակաքրիստոնեական է ու հակաաստվածային։
Աստված մեզ օգնական։

ԳԱՌՆԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ