понедельник, 12 декабря 2016 г.

Հին մեռելները վերակենդանացան, դուրս եկան դաշտ


Մեր զրուցակիցն է երգիչ–երգահան Արմեն Մովսիսյանը, ով վերջին տարիներին բնակվում է Միացյալ Նահանգներում

- Պարոն Մովսիսյան, «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության անդամներից շատերն ապրիլին կլինեն Հայաստանում և կվերահսկեն խորհրդարանական ընտրությունները։ Ինչպե՞ս եք գնահատում այս նախաձեռնությունը, Հայաստանի խնդիրն ընտրություների թափանցիկությունն ապահովելու մե՞ջ է։

- Մենք ընկել ենք մի բանի հետևից, որը տարիներ շարունակ իր չգոյությունը ցույց է տվել, այսինքն՝ իրականության մեջ մենք երևի շատ կարճ հիշողություն ունենք, մոռանում ենք՝ անցյալ տարի դեկտեմբերին սահմանադրական հանրաքվեն ինչպես անցկացվեց, դրանից առաջ՝ 1996-ից սկսած ինչպես են ընտրություններն անցկացվում։ Ինչո՞ւ է մեզ թվում, թե հրաշք պետք է կատարվի, ընտրություններ կազմակերպողները նույն մարդի՞կ չեն, նույն Մուկուչյա՞նը չէ, որ հաշվելու է ձայները։ Այսինքն՝ այս ամենը մի փոքր իրականությունից կտրված է։ Վերջին հաշվով, պետք է նայել ընդհանուր դեպքերի ընթացքը։ Նույնիսկ այն դեպքում, որ իբր կառավարությունը փոխվեց, նոր կառավարություն ձևավորվեց, շատուշատ հարցեր, միևնույն է, կիսատ մնացին, որոնց պատասխանը չտվեցին, այսինքն՝ ներքին ուժային կառույցները, որոնք երկիրը դարձրել են ոստիկանական կառույց, էլի մնացել են նույն մարդկանց իշխանության տակ։ Իշխանությունն իր համար ոստիկանական ուժերից հենարան է սարքել, որին չի կարող անգամ նոր վարչապետը կպնել, ինչի՞ մասին է խոսքը։ Եթե մինչ այդ հույս ունեինք, որ նոր վարչապետը կգա և ինչ-որ բաներ կշարժվեն դեպի դրականը, շուտով կլրանա վարչապետի պաշտոնավարման 100-րդ օրը, որևէ քայլ նկատե՞լ ենք, որ իրականության մեջ ինչ-որ բան փոխվել է։

- Ներդրումների վրա մեծ շեշտադրում է կատարվում, սակայն ներդրողներ չեն ավելանում, ինչո՞ւ։ Վարչապետն էլ պնդում է՝ Հայաստանում մենաշնորհ չկա։

- Այսինքն՝ ի՞նչ... բանանային երկիր էինք սարքում, մի անգամ  բանան բերեցինք, սկսեցին գրել, որ մեկը առանց արգելքի բանան է բերել Հայաստան... լավ էլի, ծիծաղելի է, աճպարարությանը թող վերջ տան, համատարած դեմագոգիա է։ Մանավանդ դրսի մտավորականների մեծ մասը, որոնց համար հայրենիքի հետ կապը մի փոքր ավելի ռոմանտիկ սիրողական կապ է, երևի լավ չեն պատկերացնում Հայաստանի անցքերը, դեպքերը,  որ սա Եվրոպան չէ, որ կանգնեն որպես դիտորդ, ամեն ինչ վերահսկեն և ամեն ինչ լավ լինի։ Մեզ մոտ հսկայական մետաստազներով մեխանիզմ է մտածված՝ ինչպես աճպարարություն անել, և ես կարծում եմ իրատեսական չէ ընտրությունները հսկելով՝ իրականություն փոխելը։ Ես կասեի այս մեխանիզմը կաշխատի, եթե իրականության մեջ տեսնեի, որ վարչապետի գալուց հետո 100 օրվա ընթացքում ինչ-որ փոփոխություններ են տեղի ունեցել։ Բայց քանի որ դա չկա, պատճառահետևանքային կապը ինձ հուշում է, որ ոչինչ էլ չի փոխվի։

- Ձևավորվող դաշինքները կարո՞ղ են արդյոք այլընտրանք լինել իշխանությանը։ ՀԱԿ ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՀԿ ցուցակը՝ Սերժ Սարգսյանն է  գլխավորելու, ԲՀԿ երբեմնի առաջնորդն է վերադառնում քաղաքականություն։

- Ձեր թված բոլոր անունները մղջավանջի միջից դուրս եկած սարսափ ֆիլմի հերոսներ են, ինչպես ասում են՝ հին մեռելները վերակենդանացան, դուրս եկան դաշտ։ Նրանք իրենց ամլությունը ցույց են տվել քաղաքական դաշտում երկրի կառավարման, երկրին տեր կանգնելու առումով։ Իրականության մեջ հիմա քաղաքական դաշտը մեռած է, Ազգային ժողովը իր բոլոր կոալիցիաներով, կոմունիստական հավաքով, 7000 ՀՀԿ անդամագրություններով, այս բոլորը մեռելածին գործողություններ են, և ժողովուրդը  հիասթափված է այդ ամենից և զզվանքով է նայում։ Այսինքն՝ աճպարարությունը չի աշխատելու, թեև այս պարագայում ևս կտան մի քանի օրվա հացի փող, ժողովուրդը էլի կվերցնի և կընտրի նրան, ով իրեն վճարի։ Սա տխուր փաստ է, և ես շատ մեծ ցավով եմ դա ասում, բայց կարծում եմ՝ իրականությունն այսպիսին կլինի։ Կա առողջ մաս, որը փաստորեն չի կարողանա էական դեր կատարել երկրի այս տխուր քաղաքական ընթացքը փոխելու համար։ Սա վատ ճանապարհ է, շատ վատ։

- Հայաստանում ո՞ր դեպքում է հնարավոր հասնել փոփոխությունների, ՀՀԿ-ն իմիջն է փոխում, երիտասարդ կադրեր բերում ԳՄ, ի՞նչ տպավորություն եք ստանում այս գործընթացներից։

- Միանշանակ թատրոն է այս ամենը։ Հայաստանում մի դեպքում կարող է փոփոխություն լինել, եթե հրաշք տեղի ունենա, և բոլոր հին, վարկաբեկված դեմքերը հանկարծ որոշեն դառնալ ազնիվ քաղաքացիներ, բայց դա հնարավոր չէ։ Կամ եթե Սերժ Սարգսյանը տղերքին մատաղ անելուց, հողեր կորցնելուց հետո հրաժարական տա, ասի՝ տղերք, չստացվեց ինձ մոտ, եկեք հայավարի մի քայլ անեմ, հեռանամ, բայց նա աթոռին շատ է կպած։ Իհարկե, պայմանականություններով են կպած էդ աթոռին, ու հիմա կթում են երկիրը, կթում են շատ դաժանորեն, այսինքն այն, ինչ կարելի է կթել, ուղղակի քամում են։ Սրանք երկրի մասին չեն մտածում։

- Բայց նոր կառավարությունն ու վարչապետը խոսում են  մնաշնորհների, ստվերի ու կոռուպցիայի դեմ պայքարից։ Ձեր կարծիքով, եթե վարչապետը նույնիսկ շատ ցանկանա, կկարողանա՞ որևէ փոփոխություն անել այս առումով։

- Եթե իր ձեռքերը լրիվ բաց թողնեն, գուցե, բայց նա շատ պայմանականություններով կապված է այս իշխանությունների հետ։ Առաջին քայլն էլ արեց՝ գնաց դարձավ ՀՀԿ-ի անդամ։ Այստեղ արդեն շատ հարցեր պարզվեցին, թե խաղն ինչ կանոններով է գնալու։ Եթե նույնիսկ կար էդ հույսը, ՀՀԿ-ի «սովետասոցիալիստական» համագումարից հետո ինձ համար ամեն ինչ պարզ դարձավ, որ չէ, այս անգամ էլ փուստ տվեցինք։ Տխուր բան եմ ասում, բայց իսկապես ծանր իրավիճակ է երկրում։ Ես հոռետես չեմ, շատ կուզեմ լավ լինի, ես մտածում եմ երկրի մասին, բայց շատ վատ մարդիկ են այսօր մեր երկիրը ղեկավարում։ Նրանք երկրի համար չեն ցավում։

- Քանի որ բանակի հետ  սերտ կապեր եք ունեցել, հետաքրքիր է, ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծումը, սա մտահոգվելու առիթ տալի՞ս է, թե՞ ոչ։ Շատերը նշում են, որ սրանով ինքնիշխանության կորստի առջև ենք կանգնում։

- Այո, մենք մեր անկախությունը կաթիլ-կաթիլ հանձնում ենք։ Ես չգիտեմ, էլ ինչ պետք է լինի, որ հասկանանք, որ մենք անկախություն ենք կրվում։ Ինչ պետք է անեն, որ մենք դա հասկանանք։ Մնում է մեզ պարտադրեն ռուսական հիմնը երգել։

Հարցազրուցավար`
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий