Показаны сообщения с ярлыком ընդդիմություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ընդդիմություն. Показать все сообщения

понедельник, 12 декабря 2016 г.

Հին մեռելները վերակենդանացան, դուրս եկան դաշտ


Մեր զրուցակիցն է երգիչ–երգահան Արմեն Մովսիսյանը, ով վերջին տարիներին բնակվում է Միացյալ Նահանգներում

- Պարոն Մովսիսյան, «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության անդամներից շատերն ապրիլին կլինեն Հայաստանում և կվերահսկեն խորհրդարանական ընտրությունները։ Ինչպե՞ս եք գնահատում այս նախաձեռնությունը, Հայաստանի խնդիրն ընտրություների թափանցիկությունն ապահովելու մե՞ջ է։

- Մենք ընկել ենք մի բանի հետևից, որը տարիներ շարունակ իր չգոյությունը ցույց է տվել, այսինքն՝ իրականության մեջ մենք երևի շատ կարճ հիշողություն ունենք, մոռանում ենք՝ անցյալ տարի դեկտեմբերին սահմանադրական հանրաքվեն ինչպես անցկացվեց, դրանից առաջ՝ 1996-ից սկսած ինչպես են ընտրություններն անցկացվում։ Ինչո՞ւ է մեզ թվում, թե հրաշք պետք է կատարվի, ընտրություններ կազմակերպողները նույն մարդի՞կ չեն, նույն Մուկուչյա՞նը չէ, որ հաշվելու է ձայները։ Այսինքն՝ այս ամենը մի փոքր իրականությունից կտրված է։ Վերջին հաշվով, պետք է նայել ընդհանուր դեպքերի ընթացքը։ Նույնիսկ այն դեպքում, որ իբր կառավարությունը փոխվեց, նոր կառավարություն ձևավորվեց, շատուշատ հարցեր, միևնույն է, կիսատ մնացին, որոնց պատասխանը չտվեցին, այսինքն՝ ներքին ուժային կառույցները, որոնք երկիրը դարձրել են ոստիկանական կառույց, էլի մնացել են նույն մարդկանց իշխանության տակ։ Իշխանությունն իր համար ոստիկանական ուժերից հենարան է սարքել, որին չի կարող անգամ նոր վարչապետը կպնել, ինչի՞ մասին է խոսքը։ Եթե մինչ այդ հույս ունեինք, որ նոր վարչապետը կգա և ինչ-որ բաներ կշարժվեն դեպի դրականը, շուտով կլրանա վարչապետի պաշտոնավարման 100-րդ օրը, որևէ քայլ նկատե՞լ ենք, որ իրականության մեջ ինչ-որ բան փոխվել է։

- Ներդրումների վրա մեծ շեշտադրում է կատարվում, սակայն ներդրողներ չեն ավելանում, ինչո՞ւ։ Վարչապետն էլ պնդում է՝ Հայաստանում մենաշնորհ չկա։

- Այսինքն՝ ի՞նչ... բանանային երկիր էինք սարքում, մի անգամ  բանան բերեցինք, սկսեցին գրել, որ մեկը առանց արգելքի բանան է բերել Հայաստան... լավ էլի, ծիծաղելի է, աճպարարությանը թող վերջ տան, համատարած դեմագոգիա է։ Մանավանդ դրսի մտավորականների մեծ մասը, որոնց համար հայրենիքի հետ կապը մի փոքր ավելի ռոմանտիկ սիրողական կապ է, երևի լավ չեն պատկերացնում Հայաստանի անցքերը, դեպքերը,  որ սա Եվրոպան չէ, որ կանգնեն որպես դիտորդ, ամեն ինչ վերահսկեն և ամեն ինչ լավ լինի։ Մեզ մոտ հսկայական մետաստազներով մեխանիզմ է մտածված՝ ինչպես աճպարարություն անել, և ես կարծում եմ իրատեսական չէ ընտրությունները հսկելով՝ իրականություն փոխելը։ Ես կասեի այս մեխանիզմը կաշխատի, եթե իրականության մեջ տեսնեի, որ վարչապետի գալուց հետո 100 օրվա ընթացքում ինչ-որ փոփոխություններ են տեղի ունեցել։ Բայց քանի որ դա չկա, պատճառահետևանքային կապը ինձ հուշում է, որ ոչինչ էլ չի փոխվի։

- Ձևավորվող դաշինքները կարո՞ղ են արդյոք այլընտրանք լինել իշխանությանը։ ՀԱԿ ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՀԿ ցուցակը՝ Սերժ Սարգսյանն է  գլխավորելու, ԲՀԿ երբեմնի առաջնորդն է վերադառնում քաղաքականություն։

- Ձեր թված բոլոր անունները մղջավանջի միջից դուրս եկած սարսափ ֆիլմի հերոսներ են, ինչպես ասում են՝ հին մեռելները վերակենդանացան, դուրս եկան դաշտ։ Նրանք իրենց ամլությունը ցույց են տվել քաղաքական դաշտում երկրի կառավարման, երկրին տեր կանգնելու առումով։ Իրականության մեջ հիմա քաղաքական դաշտը մեռած է, Ազգային ժողովը իր բոլոր կոալիցիաներով, կոմունիստական հավաքով, 7000 ՀՀԿ անդամագրություններով, այս բոլորը մեռելածին գործողություններ են, և ժողովուրդը  հիասթափված է այդ ամենից և զզվանքով է նայում։ Այսինքն՝ աճպարարությունը չի աշխատելու, թեև այս պարագայում ևս կտան մի քանի օրվա հացի փող, ժողովուրդը էլի կվերցնի և կընտրի նրան, ով իրեն վճարի։ Սա տխուր փաստ է, և ես շատ մեծ ցավով եմ դա ասում, բայց կարծում եմ՝ իրականությունն այսպիսին կլինի։ Կա առողջ մաս, որը փաստորեն չի կարողանա էական դեր կատարել երկրի այս տխուր քաղաքական ընթացքը փոխելու համար։ Սա վատ ճանապարհ է, շատ վատ։

- Հայաստանում ո՞ր դեպքում է հնարավոր հասնել փոփոխությունների, ՀՀԿ-ն իմիջն է փոխում, երիտասարդ կադրեր բերում ԳՄ, ի՞նչ տպավորություն եք ստանում այս գործընթացներից։

- Միանշանակ թատրոն է այս ամենը։ Հայաստանում մի դեպքում կարող է փոփոխություն լինել, եթե հրաշք տեղի ունենա, և բոլոր հին, վարկաբեկված դեմքերը հանկարծ որոշեն դառնալ ազնիվ քաղաքացիներ, բայց դա հնարավոր չէ։ Կամ եթե Սերժ Սարգսյանը տղերքին մատաղ անելուց, հողեր կորցնելուց հետո հրաժարական տա, ասի՝ տղերք, չստացվեց ինձ մոտ, եկեք հայավարի մի քայլ անեմ, հեռանամ, բայց նա աթոռին շատ է կպած։ Իհարկե, պայմանականություններով են կպած էդ աթոռին, ու հիմա կթում են երկիրը, կթում են շատ դաժանորեն, այսինքն այն, ինչ կարելի է կթել, ուղղակի քամում են։ Սրանք երկրի մասին չեն մտածում։

- Բայց նոր կառավարությունն ու վարչապետը խոսում են  մնաշնորհների, ստվերի ու կոռուպցիայի դեմ պայքարից։ Ձեր կարծիքով, եթե վարչապետը նույնիսկ շատ ցանկանա, կկարողանա՞ որևէ փոփոխություն անել այս առումով։

- Եթե իր ձեռքերը լրիվ բաց թողնեն, գուցե, բայց նա շատ պայմանականություններով կապված է այս իշխանությունների հետ։ Առաջին քայլն էլ արեց՝ գնաց դարձավ ՀՀԿ-ի անդամ։ Այստեղ արդեն շատ հարցեր պարզվեցին, թե խաղն ինչ կանոններով է գնալու։ Եթե նույնիսկ կար էդ հույսը, ՀՀԿ-ի «սովետասոցիալիստական» համագումարից հետո ինձ համար ամեն ինչ պարզ դարձավ, որ չէ, այս անգամ էլ փուստ տվեցինք։ Տխուր բան եմ ասում, բայց իսկապես ծանր իրավիճակ է երկրում։ Ես հոռետես չեմ, շատ կուզեմ լավ լինի, ես մտածում եմ երկրի մասին, բայց շատ վատ մարդիկ են այսօր մեր երկիրը ղեկավարում։ Նրանք երկրի համար չեն ցավում։

- Քանի որ բանակի հետ  սերտ կապեր եք ունեցել, հետաքրքիր է, ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծումը, սա մտահոգվելու առիթ տալի՞ս է, թե՞ ոչ։ Շատերը նշում են, որ սրանով ինքնիշխանության կորստի առջև ենք կանգնում։

- Այո, մենք մեր անկախությունը կաթիլ-կաթիլ հանձնում ենք։ Ես չգիտեմ, էլ ինչ պետք է լինի, որ հասկանանք, որ մենք անկախություն ենք կրվում։ Ինչ պետք է անեն, որ մենք դա հասկանանք։ Մնում է մեզ պարտադրեն ռուսական հիմնը երգել։

Հարցազրուցավար`
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

суббота, 20 февраля 2016 г.

Պետականություն


Մեր պետականության ներկա ողբալի վիճակը շատերս բացատրում ենք պետականության ավանդույթների բացակայությամբ: Փորձենք պարզել, թե իրոք դա է մեր հիմնական խնդիրը:

Նախ պարզենք, թե որոնք են եղել պետականության մեր ավանդույթները, որոնք իբր կորցրել ենք: Այս հարցի համար լավագույն ելակետն ու երևի նաև վերջակետը, Խորենացին է՝ իր «Ողբով» (ստորև որոշ կրճատ հատվածներ են).

-«Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը»։

« Զարթի՛ր, Երեմիա, և ողբա որ տգետ հովիվներ պետք է երևան գան:

-Ուսուցիչները տխմար ու ինքնահավան, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը։

-Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր։

-Վիճակավորները հպարտ, դատարկապորտ, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող։

-Աշակերտները սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են։

-Աշխարհականները ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասակար, ժառանգությունից փախչող։

-Զինվորականները անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, ելուզակ, ավազակներին համաբարո։

-Իշխանները ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերող, աղտեղասեր, ստրուկներին համախոհ։

-Դատավորները տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անկայուն, ընդդիմացող։
-Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած»։

Չեմ կարծում, թե որևէ ժամանակակից ազգ 15 դարյա վաղեմության նման գրառում ունենա, որը ստորակետի ճշգրտությամբ համապատասխանի ներկային:

Խորենացու նկարագրությունից հետևում է, որ թվարկած խմբերի այլասերումը հետևանք է պետականության անկման: Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ պետականությունն ինքնին համակարգող, զսպող, սթափեցնող, զգաստացնող գերակա մի ուժ է, որը ավտոմատ է հանգեցնում կարգ ու կանոնի և ներհանրային սկզբունքայնության:

Այո, դա այդպես է, բայց պայմանով, որ պետականությունը սուվերեն է և կայուն: Իսկ ներկա հայկականում նշված երկու պայմանն էլ բացակայում են` ոչ պետականությունն է ինքնիշխան (ինքնակամ, Ռուսաստանին ստորադասված ապասուբյեկտային տարածք  է Հայաստանը), և ոչ էլ այն կայուն է (ըստ բոլոր օբյեկտիվ տվյալների, գնում է անկման):

Անկախությունը որպես ժառանգություն ստացած հետսովետական երկրներից ամեն մեկը գնաց իր ճանապարհով՝ համաձայն պետականության մասին իր ժողովրդի պատմական ավանդույթների:
Միջինասիցիք գնացին ընդգծված ավտորիտարիզմի, մերձբալթները գնացին դեպի Եվրոպա, վրացիք վերականգնեցին միջնադարյան հզոր Վրաստանի պետականության ավանդույթները՝ հիմնված արժանապատվության վրա, ադրբեջանցիք գնացին Ալիեվի գերդաստանին որպես սուլթան ունենալու ուղիով:

Մենք էլ մեր ուղին անցանք՝ իշխանությունը զիջեցինք քրեական թաղային հեղինակություններին ու ղարաբաղյան պատերազմի վրա մակաբուծող «գեներալիտետին»:
Իմ կարծիքով, մեր ավանդույթային-արժեքային անկումն ամենամասշտաբայինն էր հետսովետականների ցանկում: Մեզանում հենց առաջին տարիներին պետությունն այլասերվեց ֆեոդալական - օլիգարխիկ մասնատված բզկտված սեփականության –քչերի ունեցվածքի:

Ինչ ուղիով կարող էինք գնալ, բայց չգնացինք:

Ա. Կարող էինք արդյոք գնալ ասիական վագրերի ճանապարհով, ուր հզոր ամբիցիոզ, խիստ գրագետ լիդերները գործելով որպես կառավարիչ - մենեջերներ՝ կամային կերտեցին հզոր պետությունն ու հետո ամրացրին դրվածքները որպես ներհանրային ավանդույթ:
Ոչ, չէինք կարող, որովհետև մեզանում արժեքայինի մակարդակում է մերժված տեխնոկրատ, ինտելեկտուալ մարդը, որը կգործի ներքին կամային մղումներով, այլ ոչ փողի համար, կամ էլ որպես «հայրենասեր» կամ «ազգայնական»:

Բ, Կարո՞ղ էինք արդյոք գնալ արևմտյան երկրների ուղիով, ուր պետականակերտող հիմնական գործոնը իրենց շահերին տեր կանգնած սկզբունքային շարքային մարդիկ են, որոնք ժողովրդավարական մեխանիզմներով մշտապես վերահսկողություն ունեն իշխանությունների հանդեպ՝ որը և հենց պետականության ավանդույթն է:
Մի գուցե կարող էինք այս ճանապարհով գնալ, եթե ղարաբաղյան հիմնահարցը չլիներ և պատերազմով հրապարակ եկած ասֆալտի գեներալիտետն ու թաղային տականքն այդ պատրվակով մեջտեղ չգար:

Բայց հիմա ունենք այն, ինչ ունենք, և խնդիրն արդեն ոչ թե պետականության ավանդույթներն են, այլ պետությունն ինքը, որը կործանվում է:
Հնարավո՞ր է արդյոք մեր պետությունը հանել վայրընթացի վեկտորից, և եթե այո, ապա ինչպե՞ս:
Եթե մանրամասն վերծանենք արևմտյան պետականության մոդելը, ապա կարելի է պնդել, որ այնտեղ պետությունը նախ մարդու արժեքայինում է, հետո գիտակցված է մտքում, հետո վարքի մեջ է, հետո կամքով  և մահակով ապահովվող պահանջների մեջ է, և ամենավերջում նոր այն իրավունք է, բոլորի համար տանիք ու քարտեզի վրայի սուբյեկտ:

Այսինքն՝ արևմտյան պետությունը  սկսվում է ներքևներում՝ մարդկանց մեջ և դեպի վեր՝ կազմակերպվում է որպես վերահսկելի իշխանություն և բարեկեցիկ միջավայր:
Արևմտյան մոդելում ոստիկանը, դատավորը, քննիչը, փողատերը,  պառլամենտականը, ցանկացած հարց լուծող սուբյեկտ հետևանք է շարքայինների կամքի հետ կոմպրոմիսի:

Ոստիկանն արևմուտքում  աշխատավարձ է ստանում, որովհետև քաղաքացին  ինքնակամ, բայց վերահսկելի, հարկերի ձևով նրան փող է հատկացնում իր գործն անելու համար: Եթե ոստիկանը համը հանի, նախ կպատժվի օրենքով, իսկ եթե օրենքը չաշխատեց, ապա զինյալ անհատ շարքայինը նրա հարցերը կլուծի:

Սա է արևմտյան քաղաքացիական, ներպետական ու հանրային գործի ու պատժի մեխանիզմի տրամաբանությունը՝ հիմքում քաղաքացին է, որի հարկերով, օրենքի շրջանակներում կառավարվում է երկիրը, գործում է դատաիրավական համակարգը: Եվ այս բոլորից վեր նորից կանգնած է նույն քաղաքացին՝ անհատ, բայց արդեն զինված, պատժող, տեր-տիրական քաղաքացին:

Առանց ամենավերում դիրքավորված, զինված, վրիժառու, իր արժանապատվությանն ու իրավուքներին տեր կանգնած  անհատ քաղաքացու չի կարող գոյություն ունենալ արևմտյան քաղաքակրթությունը, պետությունն ու հանրությունը:

Ես մի քանի անգամ շեշտել եմ «անհատ» բնորոշիչը, որպեսզի շեշտեմ աչքի զարնող տարբերությունը՝ հայկական միլիոնանոց միտինգի հույսի և արևմտյան անհատ  մարդու հզորությունների ահռելի տարբերությունը՝ հօգուտ անհատի:

Իսկ հիմա արևմտյան քաղաքական կյանքի ելակետային դրվածքների տրամաբանության բարձունքից  նայենք հայկական քաղաքական-քաղաքացիական ու ընդդիմադիր միջավայրին: Մտքում թարմացնենք  ամենաերևելի ընդդիմադիրների մոտեցումները ու հիշենք նրանց ողորմելի խրոխտությունը՝ առ հույսը հանդեպ օրինավոր հայ ոստիկանը: Ադեկվա՞տ են արդյոք նրանք անկախ պետականությանն ու պահանջվող անձնական սուբյետությանը:

Հիշենք, որ ցանկացած պետություն սեփականություն լինելով հանդերձ, նաև մարդկային հարաբերությունների դաշտ է, որը կարգավորվում է առաջին հերթին պատժով: Վերացրու պատիժը՝ և կվերանա պետությունը: Հայաստանում վերացված է արդարացի պատիժը: Եվ այդ փաստի վրա արդեն 20 տարի շարունակ թքած ունի ընդդիմությունը՝ մշտապես կեղծվող ընտրությունների է մասնակցում:

Հիշենք, որ ցանկացած պետություն «չալաղաջ» է պատեհապաշտների ու սրիկաների համար և դառը «կռճոն»՝ այդ չալաղաջը կերտողների համար:
Եթե պետությունը չի կարող «չալաղաջը» հոշոտող սրիկաների դեմն առնել, ապա  շարքային մարդկանց խնդիրն է սրիկաներին սաստելն ու պատժելը՝  հնարավոր բոլոր միջոցներով:

Հարցնենք ընդդիմադիրներին, թե որն է նրանցից այս տեսակետի կողմնակիցը: Կամ հետաքրքրվենք, թե որն է անձնապես մի սրիկայի խաթրին գոնե թեթևակի՝ ֆիզիկապես կպել:
Հիշենք, որ սահմանադրությամբ չի սկսվում պետությունը, սահմանադրությամբ այն ապրում է հետագայում, երբ արդեն պայմանավորվել են իրար “չքցելու” մասին: Կա՞ արդյոք ժողովրդին «չքցելու» որևէ համաձայնեցված կետ ներկա կեղծված սահմանադրության մեջ:

Բոլորը գիտեն, որ չկա: Հետևաբար, մարդկանց շահերն անտեսող սահմանադրության որ դրույթներով է ընդդիմությունը գնում նոր ընտրությունների: Հարցնենք  ընտրության գնացողներին և բացատրություն  պահանջենք,  թե ինչով են նրանք տարբերվում ինքնակոչ իշխանություններից:
Հիշենք, որ ժողովրդավարությունը, ազատությունը, արդարությունը, արժանապատվությունը, իրավունքը, բարեկեցիկ կյանքը, իրավական պետությունը, օրենքը, կարգ ու կանոնը, օրինականությունը չեն մուրում՝ նվաճում են:

Հարցնենք ընդդիմադիրներին, թե ինչո՞ւ են նրանք շարունակաբար մուրում այս ամենը ոստիկանից, օլիգարխից ու թաղային տականքից:
Մեր ներկա խնդիրն այլևս իշխանությունը չէ, այլ տգետ ընդդիմությունն է, որը զուրկ է քաղաքագիտական տարրականի մասին պատկերացումներից ու համարժեք մեթոդականից, բայց  մշտապես հարթակում է, ամբիոնի մոտ ու ազգափրկիչի դերում:
Ցավոք և դժբախտաբար:

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մեկնաբան

пятница, 22 января 2016 г.

Պարտիզանության փոխարեն այլևս երևակվողը, դոշ ճղողը, բանտարկվողը, ծեծվողը, որպես հերոս ֆռացողը կամ հիվանդ է, կամ սրիկա


1995-ի խորհրդարանական ընտրություններից  սկսվեցին ընտրական մասսայական, հիմնարար կեղծիքները, ու ամեն անգամ տականքը սկսվեց հռչակվել հաղթող:

Անցել է 21 տարի, բոլոր ընտրություններն ու հանրաքվեները լկտիորեն կեղծվել են: Ու ոչ միայն կեղծիքն է եղել, այլ պրոցեսն ընթացել է  մարդկայինի ու մարդու, ազգի ու ժողովրդի արժանապատվության վրա թքելով, մարդկայինի սկզբունքներն ու հիմքերը քանդելով:

Իշխանությունները եղել են կեղծիքի նախաձեռնողն ու իրացնողը, բայց 98-ից սկսած պրոցեսը տարվել է  ներդրված ընդդիմադիր տեսքի կամակատարների ու մանկլավիկների միջոցով:

Թվում էր, թե  21 տարվա երկիր կործանած փորձերից հետո հին մեթոդաբանությունը՝ ապակողմնորոշման,  խաբեության , աճպարարության ավանդույթը պետք է իսկույն նկատվեր մարդկանց կողմից ու մերժվեր: Բայց արի ու տես, որ հեքիաթը կենսունակ է ու մեթոդն աշխատող:

Ես այլևս իրավունք չունեմ որևէ իշխանականի մեղադրելու այս հարցում: Մեղավորները միայն ու միայն ընդդիմադիրներն են, որոնք կամ տգետ էին, կամ սրիկա, կամ աճպարար, կամ հիմար, բայց փաստ է, որ կարողացան  ամեն անգամ մարդկանց տանել ընտրատեղամաս և պարտադրել պարտություն:

Հաջորդ ընտրություններին  քիչ ժամանակ է մնացել:  Ես իմ ողջ ուժերը ներդնելու եմ մարդկանց ընտրատեղամաս տանողների դեմ: Ընտրությունները պետք է բոյկոտվեն ազգովի: Մարդիկ պետք է կանգնեն տեղամասերի մուտքին ու տեսնեն, գրանցեն տեղամաս մտնող ճիվաղներին որպես դավաճանների, սրիկաների, ազգակործանների: Թքեն երեսներին ու ցույց տան մատով՝ կենցաղում ու փողոցում, աշխատանքի վայրում ու ամենուր:

 Մենք կորցնում ենք երկիրը մարդկանց միամտության,  պարզամտության, պրիմիտիվիզմի պատճառով:

Ընդդիմադիրի առաջին խնդիրը պետք  լինի  արժանապատիվ, իր իրավունքներին տեր կանգնող, ինքնուրույն կողմնորոշվող, վրիժառու  մարդու կերտումը: Այդ նպատակով ոչ թե ընտրությունների նախօրեին  է պետք  ակտիվանալ, ու մարդկանց տանել տեղամասեր, այլ միջընտրական ժամանակներում մարդուն պետք է բացատրվի իր իրավունքներին տեր կանգնելու ձևերը, անզիջողականություն, վրեժի մշակույթ քարոզվի՝ հանդեպ օրինազանց ցանկացած մեկը՝ քանի որ երկրում բացակայում է դատարանը, ոստիկանը, օրենքն ու արժանապատվությունը: Մենք խեղված ենք հիմքերից սկսած:

Անտեսեք ընտրության տանող ընդդիմադիրին, զբաղվեք ձեր նեղ շրջապատով, վրեժխնդիր եղեք ցանկացած մեկից, ով կհանդգնի ձեզ շահագործել որևէ ձևով, կաշառք շորթել,  ապօրինի տուգանել: Դառեք պարտիզան, ժպտացեք դեմքին ցերեկով՝ վնասեք գիշերով: Գիշերով չեք կարող, մարդ վարձեք, դա էլ չեք կարող՝ անիծեք, աղոթեք, որ ձեր վրեժը տեղ հասնի: Բայց մի ենթարկվեք ոչ տականքին, ոչ փրկիչ ֆռացողին:

Էսքանից հետո, մինչև չգրված ու գրված օրենքների հաստատումը երկրում, երբ բոլորը ստիպված լինեն հաշվի նստել մարդու արժանապատվության ու իրավունքների հետ, նորմալ օրենքի տառի հետ, ոչ պարտիզանականով գնացողը, ընտրության գնացողը, բանտարկվողը,  դոշ ճղողը, սուրբ կամ հերոս ձևացողը, կամ հիվանդ է, կամ սրիկա:

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ֆեյսբուքյան էջից

четверг, 13 августа 2015 г.

Ժամն է ծուռ նստելու եւ շիտակ խոսելու


Տագնապալի օրեր ենք ապրում: Երկիրն օր-օրի գահավիժում է: Արտագաղթողը հիասթափված ու հաստատակամ լքում է երկիրն ու իրեն ստորացրած հայ իրականությունը, իսկ մնացողներն էլ երանի տալով գնացածներին, շիվարած են թե ներկայի և թե ապագայի առումով:
Անհույս, անթափանց վիճակ է շարքային մարդկանց մոտ,  ուր համար մեկ հարցն է, թե լավ, բա վաղն ի՞նչ է լինելու:

Տրամագծորեն հակառակն է իշխանական դաշտում: Տղերքն այնքան էներգիա, անամոթություն ու կամք ունեն, որ իրենց կերտած համազգային այս աղետից  փոխանակ գետինը մտնելու, իրենց վերարտադրությունն ապահովող նոր սահմանադրությունն են համառորեն առաջ տանում:
Ու սոսկալին այն է, որ ողջ հայությունը գիտի, համոզված է, որ սրանց դեմ ոչ մի շանս չկա՝ կեղծելու են՝ արյամբ, թե թարախով իրենցն են անելու, թեկուզ և վերջին հայի գոյության գնով:

Փորձենք մի վերջին անգամ «ծուռը նստել - շիտակ խոսել» և իրերն իրենց անուններով կոչել:

Առաջին հերթին հասկանանք, ինչ սուբյեկտներ են  ասպարեզում, ինչ  են անում, և ինչու են անում:
- Իշխանականն առանձնապես քննարկել էլ պետք չէ: Բոլորն էլ գիտեն, որ ռեժիմի դեմքն ու հիմքը տասնյակի հասնող կրկնահանցագործներ են: Կենտրոնական դեմքերն էլ այդ հանցագործների և պատվիրատուն են, և վերին տանիք- հովանավորները:
Իշխանական ստորին օղակներում ժողովրդի ու իշխանության արանքը սպրդած, «տուն պահող»՝ մեր բարեկամ երկերես պնակալեզներ են: Իսկ առանցքում էլ ոստիկանն է՝ ոստիկանապետության հիմնային բյուրեղը:
Իրականում իշխանականը մեր ներկա արժեքայինի վրա հիմնված կուռ համակարգ է, ուր ամեն ինչը հաշվարկված է ֆեոդալական ենթակայության, ստորամտության, տգիտության ու նաև լպիրշության վրա: 25 տարի է այն կա, բարգավաճում է, և երբևէ դեռ սայթաքած չկա:

- Ովքեր են և ինչ է ընդդիմությունը: «Հները»-հայտնիները՝ իրենց սպառած ու երբևէ հաղթելու ունակություն ու կամք չցուցաբերած, ինքնասիրահարված, բայց ամբիցիոզ թույլիկներ են, որոնք այլ երկրներում վաղուց մոռացված ու անցած փուլ կլինեին: Իսկ մեզանում նրանք դեռ կան ու «ակտիվ» են, քանի որ ասպարեզը կայուն «հին» է իր էությամբ, խնդիրներով ու մեթոդականով:

«Նորերը»- ջահելներն էլ տարբեր պատճառներով թաղ նայողի կարգավիճակի չձգած մարգինալների մի հախուռն կոհորտա է, որը չգիտի իր անելիքը  և չի պատկերացնում ժամանակակից աշխարհի քաղաքական ու քաղաքացիական  որևէ դրվածքը:
Մարդիկ դեռ հայրերի ձեռքը բռնած գնացել են  միտինգի, երթի, նստացույցի, հացադուլի, պահանջելու ու  վանկարկելու: Հիմա էլ մեծացել են, ինքնուրույն են նույնն անում՝ միայն հոր փոխարեն իրար ձեռք բռնած: Գործը «վատ չի գնում», առավել ևս, որ իշխանականի տղերքը ժամանակ առ ժամանակ առիթը տալիս են:

Քաղաքական շրջապտույտի սցենարն ու ողջ ընթացքը  վաղուց հայտնի  է: Ոնց ցուլի դեմ կարմիր լաթ խաղացնող մատադորն է խաղը հաղթում, այնպես էլ հայ իշխանություններն են հերթական «բողոքը» հանգեցնում սահմանադրական ցույցի, միտինգի, ստորագրահավաքի, երթի, նստացույցի, հացադուլի ու հաղթում:
Եվ թվում է, թե աշխարհում չկա մի ուժ, մի միտք, մի օրինակ, մի Աստված, մի առաքյալ, մի Գանդի, որը հայ ընդդիմադիրին կստիպի կանգ առնել ու բետոնակուռ  ճակատի ու անիմաստ կոկորդի փոխարեն, ուղեղ աշխատեցնել:

Դրա համար, ես ոչ իշխանականին ու ոչ էլ ընդդիմադիր ակտիվին ասելիք չունեմ: Դրանք նույն մետաղադրամի երկու երեսներն են՝ մեկը արծվի, մյուսն էլ թագավորի տեսքով: Բայց մենք հո գիտենք, որ մեզանում ոչ արծիվը կա, ու ոչ էլ թագավորը:
Ասելիքս իմ կողքիններին է, շարքայինին մարդուն: Նրանց, ովքեր վաղը ստիպված են պանդխտության ցուպը վերցնելու, ոնց շատերս ենք արդեն արել:
Խնդիրն իրականում մենք ենք՝ ոչ նրանք: Մենք ենք նրանց թույլ տվել, որ հանցագործ լինելով հանդերձ իշխանավոր դառնան: Գող, ավազակ ու  տգետ լինելով՝ մեր հարցերը լուծեն:

Մենք ենք հանդուրժել, որ հարցերը չլուծվեն, գումարվեն, կուտակվեն ու դառնան դժոխային: Մենք ենք թույլ տվել, որ աճպարարները մեզ երեխայի պես խաբեն,  ու քթներիցս բռնած իրենց ուզածն անեն:
Մենք ենք թողել, որ միտինգի յալանչին քաղաքական գործիչ համարվի ու մեզ պատեպատ տալով ջնջխի: Մենք ենք թույլ տվել, որ երկու ստանդարտներ լինեն մեր մեջ, մեկը՝ իրական գործնական-անձնականի մասով, իսկ մյուսը՝  հեքիաթային, անիրական՝ պետական-քաղաքական-հանրային մասով:

Անձնականում մենք  դաժան ճշմարտացի ենք՝ սկսած ունեցած եղունգով գլուխ քորելուց, իսկ հանրայինում մանկական հեքիաթային ենք՝ պայքար-պայքար մինչև վերջով:
Խնդիրը մեր մեջ է: Նրանում է,  որ մենք անտեղյակ ենք քաղաքագիտականի այբուբենին: Եվ մեզ երբևէ ոչ մեկը բացատրած չկա, որ իշխանությունը բյուրեղ է, որի մեջ ամենքս էլ կանք, մեր տեղն ունենք, եթե միայն հասկանանք, թե որտեղ, ինչպես ու ինչ լծակներով:
Ընդդիմադիր ակտիվը 20 տարի շարունակ քարոզել է, թե արի կողքս կանգնի, շատանանք, ու մեր տեսքից իսկ նախագահի սիրտը կանգնի, ոստիկանությունը կեղբայրանա ու պրծ, գործը կավարտվի:

Բայց տասնյակ անգամներ նույն սցենարով պարտվելուց հետո էլ, երբևէ ոչ մեկը չի ասել, թե հարգելիս, ես պարտվող եմ, իմ կողքերում անելիք չկա: Ես էլ քո պես անկարողի մեկն եմ, ուղղակի քեզ դես ու դեն տանելով հավակնություններիս եմ հագուրդ տալիս՝ ի հաշիվ քո անտեղյակության:

Չի ասել, որ դու գնա, տանը, քո շրջապատում, քո մերձավորների մեջ, քո աշխատավայրում քո իրավունքները պաշտպանի: Սկզբունքային դարձիր, ազնվություն ու կարգապահություն մտցրու: Փոքր հանցագործին դեռ սկզբներում  ինքդ դիմադրիր, որ չդառնա մեծ պատուհաս: Պնակալեզին արժանին մատուցիր, տգետին մի քծնիր, անարդարին ճանապարհ մի տուր, ընտրակեղծիքի մի գնա՝ մայրդ ու հայրդ էլ լինեն, ձեռքներից բռնի ու կարգի հրավիրի: Շանտաժին տեղի մի տուր, ոստիկանին, քննիչին, դատավորին, հարկահավաքին, չինովնիկին ու իշխանական որևէ սրիկային մի ենթարկվիր, քեզ հասու ամեն հնարավոր ձևերով ու գործիքներով քո իրավունքները պաշտապանիր, քո վրեժը լուծիր, որովհետև անօրեն է երկիրը, ու միակ  օրենքը ինքնադատաստանն է:

Չեն ասել, որ սա է մեր ազգային ծուռ դրվածքը, մեր ներքին կրկնակի, եռակի ու բազմակի ստանդարտը: Չեն ասել, որ ստորին սրիկան է վերին սրիկայի հենարանը, և վերին սրիկային գահից գցելու միակ ձևը ստորին սրիկային չեզոքացնելն է:
Հայ ավանդական, թույլ արժեքայինն ու հայ տգետ ընդդիմությունը ձեռք-ձեռքի կերտել են մեր իրականության ահավոր կեղծ մի պատկեր, ուր սրիկան իբր մեր մասնիկը չէ, այլ ուրիշ է ու մեզանից դուրս: Ուր խնդիրների լուծման մեջ դու կաս միայն հրապարակային ներկայությամբ միտինգին, բայց ոչ երբևէ  որևէ գործով, կամ գոնե վերաբերմունքով:
Ուր դատավորն ուրիշն է, պատժողը՝ ուրիշը, հարց լուծողը՝ ուրիշը, որոշում կայացնողը՝ ուրիշը: Իսկ դու ոչ մի բան ես՝ շախմատային լեզվով ասած, զոհաբերության զինվոր ես, որին կզոհաբերի ով ուզի, երբ ուզի, ինչ նպատակի համար ուզի ու ոնց ուզի:
Այ սա են ներշնչել  իրենց քաղաքական գործիչ հորջորջածները՝ լինեն անկախական, ժողովրդավար, կոմունիստ, ռուսամետ թե արևմտամետ:

Ինչո՞ւ:

Միթե որևէ մեկի մտքով չի անցել այս ամենին հակասող տարրականը, որը գրված է քաղաքագիտական ցանկացած դասագրքում, մեկնաբանել, բացատրել, տեղ հասցնել: Ես իմ կասկածներն ունեմ, թե ինչու չի արվել դա, բայց չեմ բարձրաձայնի, որովհետև ավելի գորշ պատկերների կհանգենք:

Բավարարվեմ վերահաստատմամբ:

1. Ներկա հայկական ընդդիմություն կոչված խառնամբոխն իր տեսականով, տեսլականով, մոտեցումներով և գործիքադարանով կատեգորիկ ոչ համարժեք է իրավիճակին: Այն երբևէ չի խոստովանի իր սնանկությունը, բայց կշարունակի մարդկանց տանել-բերելն ու հիասթափեցնել-երկրից արտագաղթեցնելը:

2. Իշխանությունները երբևէ չեն գնա զիջումների ու ներքին ռեֆորմացիայի, որովհետև դրա ոչ խթանն ունեն և ոչ էլ կարիքը: Իրենք իշխում են, և դրանից ավել իրենք որևէ այլ նպատակ չունեն: Իրենց քրեական ուղեղին չի հետաքրքրում, թե կտրում են այն ճյուղը, որին նստած են: Անհաղորդությունը հատուկ է նույնիսկ գրագետ իշխանություներին, որովհետև իշխանություն ասածն իրականությունից կտրված իներցիոն կառույց է, և չափազանց դժվար է նրանում ներքին ռեֆորմների գնալը:

3. Որպես վերափոխման միակ ռեսուրս մնում են շարքային մարդիկ, ովքեր ունակ կլինեն հասկանալու մեզ համակած պրոբլեմների խորքային բնույթը և իրենց մեջ ուժ կգտնեն դիմադրելու երեք ճակատով՝

Ա-. Կհակառակվեն տգետ ընդդիմությանը, և նրան կպարտադրեն ադեկվատ վարք ու մոտեցումներ:

Բ-. Կլուսավորեն անտեղյակ բարեկամությանը, ընկերականին, հարևանությանը՝ անձնական սկզբունքայնությամբ երկիրը կործանումից փրկելու մասին:

Գ. Կսաստեն իրենց հասու իշխանական ստորին պնակալեզների շերտին՝ վերջացնելու երկակի խաղը, իսկ կարկառուններին էլ անձնապես արժանին կմատուցեն:

Սա է ելքն ու միակ անելիքը:

Ցավոք, ասվածի դեմ են մեր ազգային դարավոր տաբուները՝ փրկիչի, արտակարգ լիդերների անհրաժեշտության մասին, միասնականության մասին, «գյուղ կանգնի-գերան կկոտրի»-ի մասին:

Երևի ուշացած է արդեն, բայց սա է՝  կամ կհասկանանք, կսթափվենք, և ամեն մեկս մեր տեղում տեր կկանգնենք մեզ կործանող ներքին ստահակին, կամ կմնանք տգետ ընդդիմադիրի, կեղծ փրկիչի, ճարպիկ աճպարարի հույսին և դուրս կգանք պատմության թատերաբեմից:


ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մեկնաբան