Մեր պետականության ներկա ողբալի վիճակը շատերս բացատրում ենք պետականության ավանդույթների բացակայությամբ: Փորձենք պարզել, թե իրոք դա է մեր հիմնական խնդիրը:
Նախ պարզենք, թե որոնք են եղել պետականության մեր ավանդույթները, որոնք իբր կորցրել ենք: Այս հարցի համար լավագույն ելակետն ու երևի նաև վերջակետը, Խորենացին է՝ իր «Ողբով» (ստորև որոշ կրճատ հատվածներ են).
-«Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը»։
« Զարթի՛ր, Երեմիա, և ողբա որ տգետ հովիվներ պետք է երևան գան:
-Ուսուցիչները տխմար ու ինքնահավան, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը։
-Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր։
-Վիճակավորները հպարտ, դատարկապորտ, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող։
-Աշակերտները սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են։
-Աշխարհականները ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասակար, ժառանգությունից փախչող։
-Զինվորականները անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, ելուզակ, ավազակներին համաբարո։
-Իշխանները ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերող, աղտեղասեր, ստրուկներին համախոհ։
-Դատավորները տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անկայուն, ընդդիմացող։
-Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած»։
Չեմ կարծում, թե որևէ ժամանակակից ազգ 15 դարյա վաղեմության նման գրառում ունենա, որը ստորակետի ճշգրտությամբ համապատասխանի ներկային:
Խորենացու նկարագրությունից հետևում է, որ թվարկած խմբերի այլասերումը հետևանք է պետականության անկման: Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ պետականությունն ինքնին համակարգող, զսպող, սթափեցնող, զգաստացնող գերակա մի ուժ է, որը ավտոմատ է հանգեցնում կարգ ու կանոնի և ներհանրային սկզբունքայնության:
Այո, դա այդպես է, բայց պայմանով, որ պետականությունը սուվերեն է և կայուն: Իսկ ներկա հայկականում նշված երկու պայմանն էլ բացակայում են` ոչ պետականությունն է ինքնիշխան (ինքնակամ, Ռուսաստանին ստորադասված ապասուբյեկտային տարածք է Հայաստանը), և ոչ էլ այն կայուն է (ըստ բոլոր օբյեկտիվ տվյալների, գնում է անկման):
Անկախությունը որպես ժառանգություն ստացած հետսովետական երկրներից ամեն մեկը գնաց իր ճանապարհով՝ համաձայն պետականության մասին իր ժողովրդի պատմական ավանդույթների:
Միջինասիցիք գնացին ընդգծված ավտորիտարիզմի, մերձբալթները գնացին դեպի Եվրոպա, վրացիք վերականգնեցին միջնադարյան հզոր Վրաստանի պետականության ավանդույթները՝ հիմնված արժանապատվության վրա, ադրբեջանցիք գնացին Ալիեվի գերդաստանին որպես սուլթան ունենալու ուղիով:
Մենք էլ մեր ուղին անցանք՝ իշխանությունը զիջեցինք քրեական թաղային հեղինակություններին ու ղարաբաղյան պատերազմի վրա մակաբուծող «գեներալիտետին»:
Իմ կարծիքով, մեր ավանդույթային-արժեքային անկումն ամենամասշտաբայինն էր հետսովետականների ցանկում: Մեզանում հենց առաջին տարիներին պետությունն այլասերվեց ֆեոդալական - օլիգարխիկ մասնատված բզկտված սեփականության –քչերի ունեցվածքի:
Ինչ ուղիով կարող էինք գնալ, բայց չգնացինք:
Ա. Կարող էինք արդյոք գնալ ասիական վագրերի ճանապարհով, ուր հզոր ամբիցիոզ, խիստ գրագետ լիդերները գործելով որպես կառավարիչ - մենեջերներ՝ կամային կերտեցին հզոր պետությունն ու հետո ամրացրին դրվածքները որպես ներհանրային ավանդույթ:
Ոչ, չէինք կարող, որովհետև մեզանում արժեքայինի մակարդակում է մերժված տեխնոկրատ, ինտելեկտուալ մարդը, որը կգործի ներքին կամային մղումներով, այլ ոչ փողի համար, կամ էլ որպես «հայրենասեր» կամ «ազգայնական»:
Բ, Կարո՞ղ էինք արդյոք գնալ արևմտյան երկրների ուղիով, ուր պետականակերտող հիմնական գործոնը իրենց շահերին տեր կանգնած սկզբունքային շարքային մարդիկ են, որոնք ժողովրդավարական մեխանիզմներով մշտապես վերահսկողություն ունեն իշխանությունների հանդեպ՝ որը և հենց պետականության ավանդույթն է:
Մի գուցե կարող էինք այս ճանապարհով գնալ, եթե ղարաբաղյան հիմնահարցը չլիներ և պատերազմով հրապարակ եկած ասֆալտի գեներալիտետն ու թաղային տականքն այդ պատրվակով մեջտեղ չգար:
Բայց հիմա ունենք այն, ինչ ունենք, և խնդիրն արդեն ոչ թե պետականության ավանդույթներն են, այլ պետությունն ինքը, որը կործանվում է:
Հնարավո՞ր է արդյոք մեր պետությունը հանել վայրընթացի վեկտորից, և եթե այո, ապա ինչպե՞ս:
Եթե մանրամասն վերծանենք արևմտյան պետականության մոդելը, ապա կարելի է պնդել, որ այնտեղ պետությունը նախ մարդու արժեքայինում է, հետո գիտակցված է մտքում, հետո վարքի մեջ է, հետո կամքով և մահակով ապահովվող պահանջների մեջ է, և ամենավերջում նոր այն իրավունք է, բոլորի համար տանիք ու քարտեզի վրայի սուբյեկտ:
Այսինքն՝ արևմտյան պետությունը սկսվում է ներքևներում՝ մարդկանց մեջ և դեպի վեր՝ կազմակերպվում է որպես վերահսկելի իշխանություն և բարեկեցիկ միջավայր:
Արևմտյան մոդելում ոստիկանը, դատավորը, քննիչը, փողատերը, պառլամենտականը, ցանկացած հարց լուծող սուբյեկտ հետևանք է շարքայինների կամքի հետ կոմպրոմիսի:
Ոստիկանն արևմուտքում աշխատավարձ է ստանում, որովհետև քաղաքացին ինքնակամ, բայց վերահսկելի, հարկերի ձևով նրան փող է հատկացնում իր գործն անելու համար: Եթե ոստիկանը համը հանի, նախ կպատժվի օրենքով, իսկ եթե օրենքը չաշխատեց, ապա զինյալ անհատ շարքայինը նրա հարցերը կլուծի:
Սա է արևմտյան քաղաքացիական, ներպետական ու հանրային գործի ու պատժի մեխանիզմի տրամաբանությունը՝ հիմքում քաղաքացին է, որի հարկերով, օրենքի շրջանակներում կառավարվում է երկիրը, գործում է դատաիրավական համակարգը: Եվ այս բոլորից վեր նորից կանգնած է նույն քաղաքացին՝ անհատ, բայց արդեն զինված, պատժող, տեր-տիրական քաղաքացին:
Առանց ամենավերում դիրքավորված, զինված, վրիժառու, իր արժանապատվությանն ու իրավուքներին տեր կանգնած անհատ քաղաքացու չի կարող գոյություն ունենալ արևմտյան քաղաքակրթությունը, պետությունն ու հանրությունը:
Ես մի քանի անգամ շեշտել եմ «անհատ» բնորոշիչը, որպեսզի շեշտեմ աչքի զարնող տարբերությունը՝ հայկական միլիոնանոց միտինգի հույսի և արևմտյան անհատ մարդու հզորությունների ահռելի տարբերությունը՝ հօգուտ անհատի:
Իսկ հիմա արևմտյան քաղաքական կյանքի ելակետային դրվածքների տրամաբանության բարձունքից նայենք հայկական քաղաքական-քաղաքացիական ու ընդդիմադիր միջավայրին: Մտքում թարմացնենք ամենաերևելի ընդդիմադիրների մոտեցումները ու հիշենք նրանց ողորմելի խրոխտությունը՝ առ հույսը հանդեպ օրինավոր հայ ոստիկանը: Ադեկվա՞տ են արդյոք նրանք անկախ պետականությանն ու պահանջվող անձնական սուբյետությանը:
Հիշենք, որ ցանկացած պետություն սեփականություն լինելով հանդերձ, նաև մարդկային հարաբերությունների դաշտ է, որը կարգավորվում է առաջին հերթին պատժով: Վերացրու պատիժը՝ և կվերանա պետությունը: Հայաստանում վերացված է արդարացի պատիժը: Եվ այդ փաստի վրա արդեն 20 տարի շարունակ թքած ունի ընդդիմությունը՝ մշտապես կեղծվող ընտրությունների է մասնակցում:
Հիշենք, որ ցանկացած պետություն «չալաղաջ» է պատեհապաշտների ու սրիկաների համար և դառը «կռճոն»՝ այդ չալաղաջը կերտողների համար:
Եթե պետությունը չի կարող «չալաղաջը» հոշոտող սրիկաների դեմն առնել, ապա շարքային մարդկանց խնդիրն է սրիկաներին սաստելն ու պատժելը՝ հնարավոր բոլոր միջոցներով:
Հարցնենք ընդդիմադիրներին, թե որն է նրանցից այս տեսակետի կողմնակիցը: Կամ հետաքրքրվենք, թե որն է անձնապես մի սրիկայի խաթրին գոնե թեթևակի՝ ֆիզիկապես կպել:
Հիշենք, որ սահմանադրությամբ չի սկսվում պետությունը, սահմանադրությամբ այն ապրում է հետագայում, երբ արդեն պայմանավորվել են իրար “չքցելու” մասին: Կա՞ արդյոք ժողովրդին «չքցելու» որևէ համաձայնեցված կետ ներկա կեղծված սահմանադրության մեջ:
Բոլորը գիտեն, որ չկա: Հետևաբար, մարդկանց շահերն անտեսող սահմանադրության որ դրույթներով է ընդդիմությունը գնում նոր ընտրությունների: Հարցնենք ընտրության գնացողներին և բացատրություն պահանջենք, թե ինչով են նրանք տարբերվում ինքնակոչ իշխանություններից:
Հիշենք, որ ժողովրդավարությունը, ազատությունը, արդարությունը, արժանապատվությունը, իրավունքը, բարեկեցիկ կյանքը, իրավական պետությունը, օրենքը, կարգ ու կանոնը, օրինականությունը չեն մուրում՝ նվաճում են:
Հարցնենք ընդդիմադիրներին, թե ինչո՞ւ են նրանք շարունակաբար մուրում այս ամենը ոստիկանից, օլիգարխից ու թաղային տականքից:
Մեր ներկա խնդիրն այլևս իշխանությունը չէ, այլ տգետ ընդդիմությունն է, որը զուրկ է քաղաքագիտական տարրականի մասին պատկերացումներից ու համարժեք մեթոդականից, բայց մշտապես հարթակում է, ամբիոնի մոտ ու ազգափրկիչի դերում:
Ցավոք և դժբախտաբար:
ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մեկնաբան
Комментариев нет:
Отправить комментарий