«Ես տեսնում եմ, եւ պատմությունն է սա փաստել, որ եկեղեցու կարիք մենք չունենք, որովհետեւ եթե եկեղեցին այդքան օգտակար լիներ ազգին, ազգը Դեր Զոր գնացած չէր լինի հոգեւորականների գլխավորությամբ, նրանք զենքի, մարտի կկոչեին... ոչ թե դրախտի սին գաղափարներով ուղեղները արդուկել եւ հանուն ոչնչի նահատակվել»:
Հայտնի հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այս դատողություններով տեսանյութին պարբերաբար կարելի է հանդիպել համացանցում ու սոցիալական ցանցերում: Շարունակությունն այս է. «Ես փաստերին եմ հավատում, իսկ փաստերը հետեւյալն են. 1915 թվականի Մեծ եղեռնի նախօրեին Արեւմտյան Հայաստանի նույնիսկ ամենահետին գյուղում գոնե մեկ մատուռ կար, որոշ գյուղերում՝ մեկից ավելի եկեղեցիներ, եւ ունեինք ծով հոգեւորականություն, բայց հնարավոր եղավ, չէ՞, մեզ հետ եղեռն անել: Եվ լուսանկարներում տեսնում ենք՝ քահանան առջեւից է քայլում՝ գլուխը կախ, հանգիստ, ընդամենը մեկ-երկու զինվորի ուղեկցությամբ իր ամբողջ հոտը հետեւից գցած՝ ուղիղ դեպի Դեր Զոր»:
Տեսանյութը շարունակում է տարածվել՝ չնայած որ տեսագրվել է դեռ 2012-ին: Հուշարձանագետից երեկ հետաքրքրվեցինք՝ իր կարծիքով ի՞նչն է նման հետաքրքրության պատճառը: Նրա այդ եւ այլ պատասխանները՝ ստորեւ.
- Այդ կարծիքը շատերն են կիսում մեր հասարակության մեջ, եւ դրանից է գալիս, հավանաբար, որ անարձագանք չի մնացել ու պարբերաբար տարածվում է: Բնականաբար, եկեղեցիների խնդիրը մեր հասարակությանը պիտի հուզի, որովհետեւ դրանք շատ մեծածախս են: Բայց հարցն այն չէ, որ գումար չունենք եւ ես ափսոսում եմ, քանի որ պաշտպանությանն է պետք առաջին հերթին ուշադրություն դարձնել: Ճիշտն ասած՝ եթե նույնիսկ մի օր Հայաստանը շատ հարուստ երկիր լինի (չգիտեմ` դա երբ կլինի) եկեղեցի կառուցելը նորից չի արդարացվում: Ես ուղղակի պատմությունից ինչ-որ չափով տեղյակ եմ: Ձեզ միայն մեկ օրինակ բերեմ. մեր եկեղեցաշինության ամենաբուռն, աննախադեպ շրջանը երկու-երկուսուկես տասնամյակ տեւած այն խաղաղ ժամանակաշրջանն էր, որ մենք ունեցանք 12-րդ դարի վերջերից մինչեւ 13-րդ դարի 20-ականները: Այսօր գոյություն ունեցող կամ թեկուզ ավեր մեր վանքերի ու եկեղեցիների 80 տոկոսը հենց այդ շրջանից է: Եվ երբ որ մոնղոլները մուտք գործեցին մեր երկիր, մենք ոչ միայն հիմնական զորքերի, այլեւ նախապես ուղարկված նրանց հետախուզական ջոկատների դեմ արգելք չենք հանդիսացել: Այսինքն` երբ որ տեղի է ունեցել բուռն եկեղեցաշինություն, դրան հաջորդել է անատամ վիճակ:
...Հարեւան Վրաստանն էլ է եկեղեցիներ կառուցում եւ ոչ պակաս բուռն եկեղեցաշինության մեջ է, բայց բոլոր դարերում եւ այսօր էլ եկեղեցին գործիք է պետության ձեռքին, պետության շատ կարեւոր գործիքներից մեկը: Հայաբնակ գյուղերում, որտեղ մեկ վրացի ընտանիք չկա, վրացական եկեղեցիներ են բացվում, վրացի հոգեւորականներ են մեջը: Կամ 40-ի չափ այն բնակավայրերում, որտեղից հույները հեռացան, իսկ վրացի չկա, եկեղեցի են բացել, որպեսզի հայաբնակ գյուղերից հայերը չհոսեն այնտեղ: Եկեղեցին ռազմական բազա է, ըստ էության եւ ռազմավարական առաքելություններ է իրականացնում: Մեր եկեղեցին մեր պաշտպանությանը չի նպաստել: Ճիշտ հակառակը. մինչեւ վերջ քայքայել է մեզ այն աստիճան, ոչ մի իշխան սուր չի բարձրացրել մոնղոլի դեմ: Մոնղոլները եկել են եւ ուղղակի տիրապետել են այնքան, ինչքան ի վիճակի են եղել, որովհետեւ տեղացի ազգը բացակայի հաշիվ էր դարձել իր հոգեւոր կառույցի պատճառով, որն իր ցանած սերմերով ազգին ուղղակի տղամարդկությունից զրկել էր: Ազգս լրիվ անատամ էր: Մենք տեսնում ենք՝ վրաց եկեղեցին ոչ թե ատամներ ունի, գործում է ժանիքներով:
- Այսինքն` դուք մեկ ա՞յլ եկեղեցի կուզենայիք տեսնել, ոչ թե այն մերժում եք ընդհանրապես:
- Այնպես չէ, որ ես ընդհանրապես եկեղեցին մերժում եմ... Ուղղակի մեր կառույցը իր վարքագծով, իր անցած պատմությամբ, իր էությամբ ինձ չի գոհացնում: Ես հայ առաքելական եկեղեցու ազգասպառող դարավոր կեցվածքին եմ դեմ, ինձ համար դա հանդուրժելի չէ: Ոչ միայն եկեղեցին, ազգությամբ հայ անդամներից կազմված որեւէ կառույց, եթե չի գործում ի շահ իր ազգի, ապազգային է, ուրեմն ինձ համար ընդունելի չէ: Նման կառույց ես չեմ կարող ողջունել, ու պարզ է՝ պիտի քննադատեմ եւ այնքան քննադատեմ, մինչեւ որ կա՛մ ուղղակի իրենք հասկանան իրենց սխալները եւ շտկեն, ազգային դաշտի մեջ վերակառուցվեն, կա՛մ լուծարվեն, վերջանա, գնա: Եկեղեցին դարերի ընթացքում ցույց է տվել, որ ինքը կրավորական, չեղածի հաշիվ է իբրեւ ազգային կառույց: Ինքը իր վարքագծով այնպես է անում, որ իր հոտը նույնիսկ երես թեքի իրենից: Պատմիչների վկայություններ ունենք, 15-րդ դարում, օրինակ, հայերը զանգվածաբար մահմեդականություն էին ընդունում հայ առաքելական եկեղեցու անհասկանալի, անմարդկային հարկերից խուսափելու համար:
- Պարոն Կարապետյան, այսօր եկեղեցին մուտք է գործել բանակ, ուսումնական հաստատություններ, նույնիսկ ամբողջ դպրոցներ են հանձնվում եկեղեցու ենթակայությանը: Սրա պատճառն ու նպատակը, ըստ ձեզ, ո՞րն է:
- Պատճառը, որ եկեղեցին մուտք է գործել տարբեր ոլորտներ, լայն հաշվով մեր հասարակության ընդհանուր տգիտությունն է: Ուրիշ պատճառ չի կարող լինել: Այսինքն` եթե որեւէ երկրում կրոնական կառույցներին պետության աջակցությամբ մեծ տեղ է տրվում, դա խոսում է նախ եւ առաջ այդ հասարակության հետամնացության մասին, որովհետեւ երրորդ հազարամյակ է, եւ հիմա գիտությունն այնպիսի մակարդակների է հասել, որ այդ միջնադարյան, կաղապարված այդ խնդալիք պատկերացումներով առաջնորդվող եւ այդ գաղափարները կրողներին տեղ տվող երկրները ծիծաղի առարկա են: Նրանց կարող են տեղ տալ՝ միայն օգտագործելով պետության շահերի համար: Եթե հոգեւորականը մտել է բանակ եւ զինվորին ասենք թե աղոթել է սովորեցնում, որ անփորձանք մնա եւ այլն... Ամենաարդիական զենքին տիրապետելն է, որ կարող է մեր զինվորի կյանքն ապահովագրել եւ թշնամու նկատմամբ մենք առավելություններ ունենանք: Ես ընդհանրապես աղոթելուն դեմ եմ, որովհետեւ երրորդ հազարամյակում ենք: Հիմա միայն կարող ես գիտության նվաճումներին աղոթել, եթե պիտի աղոթես, ձգտես դեպի լույսը: Անցել են այն ժամանակները, երբ խավարը կարող է երկրպագության հասցեատերը լինել: Ես շատ անգամ եմ ասել, որ եկեղեցին չէ միայն, որ կարող ես հիշատակ թողնել: Կարող ես ռազմական ինստիտուտներ կառուցել, ռազմական արդյունաբերության գործարաններ կառուցել եւ նորից քո անունը լինի:
- Վերջին օրերին դարձյալ բուռն քննարկումներ են ծավալվել դպրոցում դասավանդվող «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի հարցով՝ մարդու իրավունքների տեսանկյունից: Այդ առարկային ե՞ւս բացասական եք վերաբերվում:
- Միանշանակ: «Հայ եկեղեցու պատմության» դասագիրքը նախ ամբողջը հրեից պատմություն է: Հայկական բարձրավանդակի, մեր հավատքների հետ ոչ մի կապ չունի, սա ներմուծված գաղափարախոսություն է եւ այն էլ արյունով: Դասագիրքն աղճատված եւ կողմնակալ ձեւով է շարադրված:
- Եթե պատկերացնենք, որ վաղը ոչ եկեղեցի ունենք, ոչ էլ քրիստոնեությունն ենք ընդունում, ի՞նչ կլինի, պետությունը ավելի ուժե՞ղ կդառնա:
- Շատ ավելի ուժեղ: Ես միշտ ասում եմ, այսօր մեր ամբողջ ազգը մի հավատքի հետեւորդ չէ, Արեւմտյան Հայաստանում ունեք բավական թվով մահմեդական հայեր, բայց որ խոսում են, երգում են, պարում են հայերեն, օրինակ, ի դեմս համշենահայերի, կամ ասենք քրիստոնեությունը տրոհված է, չէ, ունենք կաթոլիկ հայեր, ունենք բողոքական հայեր եւ վերջապես ունենք հայեր, որ որեւէ կրոնական ուղղության հետեւորդ չեն: Վերջերս էլ շատացել են իրենց հեթանոս համարողները: Եվ բնականաբար այդ իրավիճակից ելնելով պիտի տեսնենք, թե որ ճանապարհն է, որ ազգին ոչ թե դեպի ավելի պառակտում կտանի, այլ դեպի համախմբում: Ես միշտ ասում եմ` կրոնական ուղղություններից որեւէ մեկին ավելի մեծ ուժ հաղորդելով՝ համայն հայության միավորմանը չենք հասնելու: Երբ հնչեցվում է` ով առաքելական չէ, հայ չէ, մի՞թե սա ազգի հզորացմանն է նպաստում: Ճիշտ հակառակը: «Մեկ ազգ մեկ եկեղեցի». նման ապուշությունները ազգակործան են ուղղակի:
Комментариев нет:
Отправить комментарий