Показаны сообщения с ярлыком եկեղեցի. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком եկեղեցի. Показать все сообщения

пятница, 29 апреля 2016 г.

Ինչի՞ պակաս ունեինք, երբ 1,5 միլիոն մարդ կարողացան թուրքերը մորթել… եկեղեցու՞, թե՞ զենքի եւ մարտական մտածողության


ԳԱԼԱ-ի զրուցակիցն է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

- Պարոն Կարապետյան, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան աշխարհի տարբեր անկյուններում: Ո՞րն է Ձեր գնահատականը, ի՞նչ կարողացանք փոխել եւ ի՞նչ ուղերձ հղել աշխարհին:

- Աշխարհում ավելի շատ մարդիկ իմացան, թե ինչ է տեղի ունեցել 100 տարի առաջ, դա ակնհայտ է… աննախադեպ ավելի շատ: Իսկ եթե նայենք այն տեսանկյունից, թե ինչ արժեք ունի… չգիտեմ, ճիշտն ասած: Դա այդքան լուրջ բան չէ: Շատ մարդիկ իրազեկվեցին, հետո՞ ինչ: Նախարարություններ կան, որ տարեվերջին պետք է հաշվետվություն ներկայացնեն, թե այս արեցինք, այն արեցինք… ինչ-որ ծիտիկներ ստանան: Դրա նման էր շատ: Այսինքն, ինչ կապ ունի 2015-ը: Եթե մենք ինչ-որ անելիքներ ունենք, ինչ-որ նպատակներ ունենք, դա պետք է ամեն տարի, ամեն օր, ապրիլի 24-ից հետո, պետք է միշտ ապրենք դրանով: Մենք չենք ապրում դրանով: Վախենում եմ ասել, բայց բեմադրության նման մի բան էր, որովհետեւ ճամփու դրեցինք, հիմա նորից կարծես հանգստացանք, եւ համոզված եմ, որ պետք է ապրենք այնպես, ինչպես ապրել ենք մինչեւ հիմա:

- Լավագույն տարբերակը ո՞րը կլիներ, որ ինչպե՞ս ապրեինք՝ համախմբվա՞ծ, ինչպես Ապրիլի 24-ին…

- Նպատակն է պետք հստակեցնել: Չի երեւում՝ մենք հանուն ինչի՞ ենք ապրում: Հայ մարդու առաքելությունն ի վերջո ինչու՞մն է կայանում: Ի՞նչ պարտքեր ունի, տեսնու՞մ ենք այդ պարտքերը, տե՞ր ենք այդ պարտքերին, թե՞ չէ: Եթե տերն ենք, ուրեմն ի՞նչ քայլեր ենք անում, ինչպե՞ս ենք ապրում, որ մեր պապերի պարտքերը մարենք:  Դրանք գործնականում ես չեմ տեսել եւ չեմ տեսնում: Բեմադրությունների վարպետ ենք դարձել, մե՜ծ բեմադրությունների, այն էլ՝ ուրիշների համար: Խորքում գործնականում չենք տեսնում մեր առաքելությունը: Ինձ սա՛ է մտահոգում: Ասենք մինչեւ Անտարկտիդա իմացան, որ նման բան է եղել, հետո ինչ…

- Պարոն Կարապետյան, 100 տարի է անցել Հայոց ցեղասպանությունից: Ի՞նչն է մեզ խանգարել, որ չենք կարողացել հստակ ձեւավորել մեր նպատակներն ու պահանջները… հանունները՝ ինչի համար պետք է ապրի հայ ժողովուրդը:

- Պատճառները շատ խորն են, այնքան, որ ասելու չէ: Ազգային տեսակի մեջ մենք անարմատ ենք: Հանունները երբեւէ ուղղորդված չեն եղել, հանունների հասցեատերը հայրենիքը չի եղել՝ որեւէ դարում, գոնե վերջին 17 դարերի ընթացքում: Ամեն ինչի իմաստը, գերագույն արժեքը հայրենիքն է, սրբությունների սրբոցը: Եթե դու չես ընկալում, որ հայրենիքից բարձր արժեք չկա, նախ դու վերածվում ես աշխարհով մեկ սփռված ասպանդական ինչ-որ մի  էակի՝ անդեմ, անգույն, անպատկան: Չեմ իմանում՝ ինչի ենք վերածվում: Անցած տարվա վիճակագրություններն էր, չէ՞, որ պարզվել էր, որ հայաստանաբնակ քաղաքացիների 40 տոկոսը երազում է լքել Հայաստանի Հանրապետությունը: Արդեն իհարկե շատերն են գնացել, մնացողների էլ 40 տոկոսը… Մի ուրիշ վիճակագրություն էլ կար, որ իրենց դժբախտ համարող ազգերի տասնյակի մեջ էինք: Այս վիճակագրությամբ Հայաստանում ապրող մարդն իրեն դժբախտ է համարում, ինչո՞ւ՝ որ Հայաստանում է: Արմատը չի զգում, տեսակի մեջ է խնդիրը: Որ դերասանության ենք տրված, բեմադրությունների ենք տրված… դա նրանից է, որ արմատը չենք զգում: Արմատին հավատարիմ ազգը  թատերական վիճակներում չի էլ հայտնվում:

- Այդ դեպքում ինչո՞ւ ենք հեռացել արմատից, եւ մեր հանունը հանուն ինչի՞ է եղել դարեր շարունակ:

- Արդեն 17 դար մենք հայրենիքը փոխարինել ենք խաչով, ապրում ենք հանուն խաչի, հանուն Քրիստոսի, աշխարհով մեկ տարբեր տեղերում շատ հանգիստ ապրում ենք, որովհետեւ խաչը հայրենիք չունի: Ուր ասես գնում ենք, էդ խաչը տնկում ենք, եկեղեցին կառուցում ենք: Առաջ որ մարդ էին սպանում, դատապարտում էին եւ ուղարկում Սիբիր: Հիմա լցվել ենք Յակուտսկ, 2,5 միլիոն դոլար էլ դրել եկեղեցի են  կառուցել: Մեր հանունները մշուշի մեջ են, ապրեցնող չեն, որովհետեւ եթե չես ապրում հանուն հայրենիքի, այլեւս հեռանկար չունես, խոտանված ես: Նորմալ հասարակություն չէ, ինքն այդ հայրենիքին արժանի հասարակություն չէ: Ազգեր  կան՝ նախանձում եմ բարի նախանձով: Օրինակ՝ իսլանդացիները: Տնաշենների երկրի մեծ մասը սառույցի տակ է, բայց իրենք պաշտում են իրենց սառույցը: Խոտից այն կողմ բան չի բուսնում էդ երկրում, այնքան ցրտաշունչ է կլիման, թուփ չի բուսնում: Երկիր դրախտավայրը մեզ էր ի վերուստ պարգեւած, բայց մենք պատկանելություն չունենք: Անարմատ ենք, անարմատ… 17 դար անարմատ: Հանունները կարեւոր են, հանունների հասցեատերը կարեւոր է:

- Դուք ասում եք՝ հանուն խաչի ենք ապրել եւ հայտնվել այս վիճակում: Կրո՞նն է մեզ կործանել:

- Աշխարհում մենք տեսնում ենք, որ ամենահզոր ազգերը հենց քրիստոնյաներն են: Ուրեմն խնդիրը հենց քրիստոնեության մեջ չէ: Քրիստոնեության այն ճյուղի մեջ է, որի հետեւորդն է հայ ազգը եւ մյուս ազգերը: Իմիջիայլոց, այդ ճյուղի բոլոր մյուս ազգերն էլ կամ վերացան, կամ վերացածի հաշիվ են՝ հաբեշները, ասորիները, ղպտիները… Լավ վիճակում դեռ մենք ենք, մեր չեղած հալով: Խնդիրը քրիստոնեության մեջ չեմ տեսնում: Այդ հավատքի տարբեր եվրոպական ազգեր տեսնում ենք, որ աշխարհն են տիրել եւ տիրում են: Քրիստոնյա ազգերն աշխարհի հզորագույն ազգերն են: Կրոնի մասին չէ խոսքը, կրոնի այն ճյուղի մասին է, որի հետեւորդն ենք մենք:

- Իսկ հայի տեսա՞կը… իսկ գուցե խնդիրը փորձենք մե՞ր մեջ փնտրել:

- Ցանկացած ազգի դաստիարակիչ կառույցն իր եկեղեցին է, յուրաքանչյուր ազգային տեսակ իր հավատքի, գաղափարաբանության պտուղն է: Մենք մեր լավով, վատով մեր եկեղեցու ցանած սերմերի բերքն ենք, պտուղն: Անհատներին մի կողմ դնենք, հասարակության լայն զանգվածների իմաստով հայրենիք ասվածը ոչինչ չի նշանակում եւ երբեւէ չի նշանակել: Անեցիները հանկարծ վեր են կենում եւ մինչեւ Լեհաստան են հասնում կամ չգիտես ուր: Կամ 7-րդ դարի գաղթը՝ Մորիկ կայսեր ժամանակ: 100.000-ներով գաղթել են Բարձր Հայքից: Բոլոր գաղթերի առաջնորդները եղել են հոգեւորականներ: Ինչ ասեմ, մենք սովորեցինք ապրել առանց հայրենիքի, որը որ չի կարող ապագա խոստանալ:

- Հայը կարողանում է դրսում, օտար հողում իրեն դրսեւորել, կառուցել, ստեղծագործել, արարել: Ինչո՞ւ նույնը չանել սեփական երկրում:

- Ես համաձայն չեմ Ձեզ հետ: Որպես մարդկության անդամ գուցե ճիշտ եք, բայց ոչ որպես ազգության անդամ: Արվածը կորած, ուծացված, ինչ-որ մի մարդկային խառը վիճակ է՝ ոչ գույն ունի, ոչ դեմք, ոչ ազգային պատկանելություն, ոչ հիշողություն: Ազգը միայն հայրենիքում կարող է ազգ մնալ: Հայրենիքի հաշվին է  ազգն իր ազգությունը պահպանում:

- Պարոն Կարապետյան, չե՞ք կարծում, որ աշխարհով մեկ սփռված ազգը ցանկություն ունի միավորվել, մոտենալ իր արմատին: Ապրիլի 24-ն այդ առումով թերեւս այն բացառիկ օրերից մեկն է, որ դա զգալի է դառնում՝ միասնության համընդհանուր պահանջն ու ցանկությունը:

- Չնչին բացառությամբ կան անհատներ, որ նորմալ կյանքով չեն էլ ապրում, որովհետեւ հազար իրենց ազգակիցների չարածն ազգային դաշտում կարծես փորձում են իրենց վրա վերցնել եւ ուզում են անել: Մենք բոլոր ժամանակներում ունեցել ենք անհատներ՝ գերազգային, այսինքն իրենց պարտականությունները խորապես գիտակցող եւ այլն: Բայց նրանք մեկուսացած վիճակում են եւ ֆոն չեն ստեղծում փաստացի: Հաշվեկշիռը մեծապես վտանգված է ի շահ անդեմների: Նրանք են գերակշռում… Բարդ իրողություն է: Այսօրվա տարածաշրջանը մեծ վտանգներով է հղի.  երախը բացած Ադրբեջանի եւ մեծ եղբոր արանքում, օր օրի զինվող, օր օրի ռազմականացող եւ հոխորտացող երկրների արանքում ենք: Այն օրը, երբ որ ձեռքերը հասավ, պետք է փորձեն անպայման մեզ մեջտեղից վերացնել: Ի՞նչ ենք անում մենք դրա դիմաց: Երկնաքեր եկեղեցի՞ ենք կառուցում, հերթական 20 միլիոնը դնելու համա՞ր: Խոջեվանքի և հին հայկական պանթեոնի տեղում Սուրբ Երրորդության մայր տաճարի կառուցման ժամանակ  բողոքի ձայն էինք բարձրացրել, որ բեռնատարներով ոսկորներ էին տանում թափում, որովհետեւ հայ հանգուցյալներ էին թաղված (տարածքում եղել է Խոջիվանքի հայկական գերեզմանատունը): Հիմա այստե՞ղ, ի՞նչ ենք անում, նույն բանն է եղել: Խորհրդային տարիներին այգի է կառուցվել՝ գերեզմանոցի տարածքում: Հիմա որ սկսեն հիմքը փորել, նույն ձեւով, ոնց որ Խոջիվանքում էր դուրս գալիս,  հարյուրավոր, հազարավոր հանգուցյալների ոսկորներ պետք է դուրս գան: Հետո վրացիներից էինք դժգոհում: Նույն բանն այստեղ է լինելու եւ քանի՜-քանի՜ միլիոնի ներդրումով: Ո՞ր դարն է, մի հատ նայու՞մ են իրենց շուրջը: Այդ միլիոնները ու՞ր պետք է ուղղորդված լինեին: Այդ գումարի գոնե մեկ տասներորդը նվիրաբերե՞լ են մեր բանակին: Մենք սովոր ենք գործը հասցնել Սարդարապատների: Հասցնել լինել-չլինելու պահին, բայց ճիշտն ասած պատմությունը ցույց է տվել, որ միշտ չէ, որ Սարդարապատ ենք հասել եւ հաջողել: Լինել-չլինելու վիճակի պետք չէ հասցնել գոյության խնդիրը, ավելի խելամիտ է պետք գործել:

1915 թվականի դրությամբ, երբ որ 1,5 միլիոն մարդ կարողացան թուրքերը մորթել, ինչի՞ պակաս մենք ունեինք: Եկեղեցու՞… ամեն գյուղում եկեղեցի կար, տերտերն էլ մեջը: Զենքի պակաս ունեինք եւ մարտական, ռազմիկ մտածողության եւ հոգեբանության: Դրա պակասն ունեինք: Հիմա նորից վերադառնում ենք 1915 թվակա՞ն: Կառուցում ենք մի հատ աղոթատեղի, որ նորից վտանգի պահին, երբ որ ադրբեջանցիները հարձակվեն, մտնենք եկեղեցի ու սկսենք աղոթե՞լ, ոնց որ անում էինք 15 թվականի՞ն: Մարդկանց եկեղեցու մեջ էին հրդեհում… Մենք մարտական ոգու պակաս ունեինք, ոչ թե եկեղեցու: Նույնիսկ վաղը, եթե հասկանանք, որ սխալ գործ ենք արել, էդ տեսակ կառույցները ոչ մի բանի պիտանի չեն: Ոչ որպես զորանոց կլինի օգտագործել, ոչ որպես բնակարան, ոչ հիվանդանոց: Եկեղեցի մեզ պետք չէ, աղոթել պետք չի… Իսկ եթե մենք աղոթում ենք, հասցեատերը պետք է հայրենիքը լինի:

Արմենուհի Վարդանյան

суббота, 6 февраля 2016 г.

Սամվել Կարապետյան. «Ես աղոթելուն դեմ եմ, եկեղեցու կարիք էլ չունենք»


«Ես տեսնում եմ, եւ պատմությունն է սա փաստել, որ եկեղեցու կարիք մենք չունենք, որովհետեւ եթե եկեղեցին այդքան օգտակար լիներ ազգին, ազգը Դեր Զոր գնացած չէր լինի հոգեւորականների գլխավորությամբ, նրանք զենքի, մարտի կկոչեին... ոչ թե դրախտի սին գաղափարներով ուղեղները արդուկել եւ հանուն ոչնչի նահատակվել»:

Հայտնի հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այս դատողություններով տեսանյութին պարբերաբար կարելի է հանդիպել համացանցում ու սոցիալական ցանցերում: Շարունակությունն այս է. «Ես փաստերին եմ հավատում, իսկ փաստերը հետեւյալն են. 1915 թվականի Մեծ եղեռնի նախօրեին Արեւմտյան Հայաստանի նույնիսկ ամենահետին գյուղում գոնե մեկ մատուռ կար, որոշ գյուղերում՝ մեկից ավելի եկեղեցիներ, եւ ունեինք ծով հոգեւորականություն, բայց հնարավոր եղավ, չէ՞, մեզ հետ եղեռն անել: Եվ լուսանկարներում տեսնում ենք՝ քահանան առջեւից է քայլում՝ գլուխը կախ, հանգիստ, ընդամենը մեկ-երկու զինվորի ուղեկցությամբ իր ամբողջ հոտը հետեւից գցած՝ ուղիղ դեպի Դեր Զոր»:

Տեսանյութը շարունակում է տարածվել՝  չնայած որ տեսագրվել է դեռ 2012-ին: Հուշարձանագետից երեկ հետաքրքրվեցինք՝ իր կարծիքով ի՞նչն է նման հետաքրքրության պատճառը: Նրա այդ եւ այլ պատասխանները՝ ստորեւ.

- Այդ կարծիքը շատերն են կիսում մեր հասարակության մեջ, եւ դրանից է գալիս, հավանաբար, որ անարձագանք չի մնացել ու պարբերաբար տարածվում է: Բնականաբար, եկեղեցիների խնդիրը մեր հասարակությանը պիտի հուզի, որովհետեւ դրանք շատ մեծածախս են: Բայց հարցն այն չէ, որ գումար չունենք եւ ես ափսոսում եմ, քանի որ պաշտպանությանն է պետք առաջին հերթին ուշադրություն դարձնել: Ճիշտն ասած՝ եթե նույնիսկ մի օր Հայաստանը շատ հարուստ երկիր լինի (չգիտեմ` դա երբ կլինի) եկեղեցի կառուցելը նորից չի արդարացվում: Ես ուղղակի պատմությունից ինչ-որ չափով տեղյակ եմ:  Ձեզ միայն մեկ օրինակ բերեմ. մեր եկեղեցաշինության ամենաբուռն, աննախադեպ շրջանը երկու-երկուսուկես տասնամյակ տեւած այն խաղաղ ժամանակաշրջանն էր, որ մենք ունեցանք 12-րդ դարի վերջերից մինչեւ 13-րդ դարի 20-ականները: Այսօր գոյություն ունեցող կամ թեկուզ ավեր մեր վանքերի ու եկեղեցիների  80 տոկոսը հենց այդ շրջանից է: Եվ երբ որ մոնղոլները մուտք գործեցին մեր երկիր, մենք ոչ միայն հիմնական զորքերի, այլեւ նախապես ուղարկված նրանց հետախուզական ջոկատների դեմ արգելք չենք հանդիսացել: Այսինքն` երբ որ տեղի է ունեցել բուռն եկեղեցաշինություն, դրան հաջորդել է անատամ վիճակ:

 ...Հարեւան Վրաստանն էլ է եկեղեցիներ կառուցում եւ ոչ պակաս բուռն եկեղեցաշինության մեջ է, բայց բոլոր դարերում եւ այսօր էլ եկեղեցին գործիք է պետության ձեռքին, պետության շատ կարեւոր գործիքներից մեկը: Հայաբնակ գյուղերում, որտեղ մեկ վրացի ընտանիք չկա,  վրացական եկեղեցիներ են բացվում, վրացի հոգեւորականներ են մեջը: Կամ 40-ի չափ այն բնակավայրերում, որտեղից հույները հեռացան, իսկ վրացի չկա, եկեղեցի են բացել, որպեսզի հայաբնակ գյուղերից հայերը չհոսեն այնտեղ: Եկեղեցին ռազմական բազա է, ըստ էության եւ ռազմավարական առաքելություններ է իրականացնում: Մեր եկեղեցին մեր պաշտպանությանը չի նպաստել: Ճիշտ հակառակը. մինչեւ վերջ քայքայել է մեզ այն աստիճան, ոչ մի իշխան սուր չի բարձրացրել մոնղոլի դեմ: Մոնղոլները եկել են եւ ուղղակի տիրապետել են այնքան, ինչքան ի վիճակի են եղել, որովհետեւ տեղացի ազգը բացակայի հաշիվ էր դարձել  իր հոգեւոր կառույցի պատճառով, որն իր ցանած սերմերով ազգին ուղղակի տղամարդկությունից զրկել էր: Ազգս լրիվ անատամ էր: Մենք տեսնում ենք՝ վրաց եկեղեցին ոչ թե ատամներ ունի, գործում է ժանիքներով:

- Այսինքն` դուք մեկ ա՞յլ եկեղեցի կուզենայիք տեսնել, ոչ թե այն մերժում եք ընդհանրապես:

- Այնպես չէ, որ ես ընդհանրապես եկեղեցին մերժում եմ... Ուղղակի մեր կառույցը իր վարքագծով, իր անցած պատմությամբ, իր էությամբ ինձ չի գոհացնում: Ես հայ առաքելական եկեղեցու ազգասպառող դարավոր կեցվածքին եմ դեմ, ինձ համար դա հանդուրժելի չէ: Ոչ միայն եկեղեցին, ազգությամբ հայ անդամներից կազմված որեւէ կառույց, եթե չի գործում ի շահ իր ազգի, ապազգային է, ուրեմն ինձ համար ընդունելի չէ: Նման կառույց ես չեմ կարող ողջունել, ու պարզ է՝ պիտի քննադատեմ եւ այնքան քննադատեմ, մինչեւ որ կա՛մ ուղղակի իրենք հասկանան իրենց սխալները եւ շտկեն, ազգային դաշտի մեջ վերակառուցվեն, կա՛մ լուծարվեն, վերջանա, գնա: Եկեղեցին դարերի ընթացքում ցույց է տվել, որ ինքը կրավորական, չեղածի հաշիվ է իբրեւ ազգային կառույց: Ինքը իր վարքագծով այնպես է անում, որ իր հոտը նույնիսկ երես թեքի իրենից: Պատմիչների վկայություններ ունենք, 15-րդ դարում, օրինակ, հայերը զանգվածաբար մահմեդականություն էին ընդունում հայ առաքելական եկեղեցու անհասկանալի, անմարդկային հարկերից խուսափելու համար:

- Պարոն Կարապետյան, այսօր եկեղեցին մուտք է գործել բանակ, ուսումնական հաստատություններ, նույնիսկ ամբողջ դպրոցներ են հանձնվում եկեղեցու ենթակայությանը: Սրա պատճառն ու նպատակը, ըստ ձեզ, ո՞րն է:

- Պատճառը, որ եկեղեցին մուտք է գործել տարբեր ոլորտներ, լայն հաշվով մեր հասարակության ընդհանուր տգիտությունն է: Ուրիշ պատճառ չի կարող լինել: Այսինքն` եթե որեւէ երկրում կրոնական կառույցներին պետության աջակցությամբ մեծ տեղ է տրվում, դա խոսում է նախ եւ առաջ այդ հասարակության հետամնացության մասին, որովհետեւ երրորդ հազարամյակ է, եւ հիմա գիտությունն այնպիսի մակարդակների է հասել, որ այդ միջնադարյան, կաղապարված այդ խնդալիք պատկերացումներով առաջնորդվող եւ այդ գաղափարները կրողներին տեղ տվող երկրները ծիծաղի առարկա են: Նրանց կարող են տեղ տալ՝ միայն օգտագործելով պետության շահերի համար: Եթե հոգեւորականը մտել է բանակ եւ զինվորին ասենք թե աղոթել է սովորեցնում, որ անփորձանք մնա եւ այլն... Ամենաարդիական զենքին տիրապետելն է, որ կարող է մեր զինվորի կյանքն ապահովագրել եւ թշնամու նկատմամբ մենք առավելություններ ունենանք: Ես ընդհանրապես աղոթելուն դեմ եմ, որովհետեւ երրորդ հազարամյակում ենք: Հիմա միայն կարող ես գիտության նվաճումներին աղոթել, եթե պիտի աղոթես, ձգտես դեպի լույսը: Անցել են այն ժամանակները, երբ խավարը կարող է երկրպագության հասցեատերը լինել: Ես շատ անգամ եմ ասել, որ եկեղեցին չէ միայն, որ կարող ես հիշատակ թողնել: Կարող ես ռազմական ինստիտուտներ կառուցել, ռազմական արդյունաբերության գործարաններ կառուցել եւ նորից քո անունը լինի:

- Վերջին օրերին  դարձյալ բուռն քննարկումներ են ծավալվել դպրոցում դասավանդվող «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի հարցով՝ մարդու իրավունքների տեսանկյունից: Այդ առարկային ե՞ւս բացասական եք վերաբերվում:

- Միանշանակ: «Հայ եկեղեցու պատմության» դասագիրքը նախ ամբողջը հրեից պատմություն է: Հայկական բարձրավանդակի, մեր հավատքների հետ ոչ մի կապ չունի, սա ներմուծված գաղափարախոսություն է եւ այն էլ արյունով: Դասագիրքն աղճատված եւ կողմնակալ ձեւով է շարադրված:

- Եթե պատկերացնենք, որ վաղը ոչ եկեղեցի ունենք, ոչ էլ քրիստոնեությունն ենք ընդունում, ի՞նչ կլինի, պետությունը ավելի ուժե՞ղ կդառնա:

- Շատ ավելի ուժեղ: Ես միշտ ասում եմ, այսօր մեր ամբողջ ազգը մի հավատքի հետեւորդ չէ, Արեւմտյան Հայաստանում ունեք բավական թվով մահմեդական հայեր, բայց որ խոսում են, երգում են, պարում են հայերեն, օրինակ, ի դեմս համշենահայերի, կամ ասենք քրիստոնեությունը տրոհված է, չէ, ունենք կաթոլիկ հայեր, ունենք բողոքական հայեր եւ վերջապես ունենք հայեր, որ որեւէ կրոնական ուղղության հետեւորդ չեն: Վերջերս էլ շատացել են իրենց հեթանոս համարողները: Եվ բնականաբար այդ իրավիճակից ելնելով պիտի տեսնենք, թե որ ճանապարհն է, որ ազգին ոչ թե դեպի ավելի պառակտում կտանի, այլ դեպի համախմբում: Ես միշտ ասում եմ` կրոնական ուղղություններից որեւէ մեկին ավելի մեծ ուժ հաղորդելով՝ համայն հայության միավորմանը չենք հասնելու: Երբ հնչեցվում է` ով առաքելական չէ, հայ չէ, մի՞թե սա ազգի հզորացմանն է նպաստում: Ճիշտ հակառակը: «Մեկ ազգ մեկ եկեղեցի». նման ապուշությունները ազգակործան են ուղղակի: