Показаны сообщения с ярлыком քրեական. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком քրեական. Показать все сообщения

суббота, 3 декабря 2016 г.

Երևի արդեն բացարձակ անհնար անելիքը


 Որոշ տրամաբանական պարզեցումներ անեմ, որ հասկանանք թե ինչ է կատարվում։

1. Պետք է գիտակցվի, որ հայկական իշխանություններն առաջին հերթին քրեական հանցագործներ են,  դրանից հետո նոր տականք, սրիկա, մարդակեր և այլն։
Հանցագործության առաջին հայտանիշն այն է, որ  իրենք արդեն 21 տարի է ուզուրպացրել են իշխանությունը շարունակաբար կեղծվող ընտրություններով։
 Թող ամեն մեկն իրեն պատկերացնի ընտրական կեղծիքում։ Մեզանից քանիսը կհամարձակվի ուրիշ մեկի ձայնն իրենով անել։ Լուրջ եմ հարցնում, նման հանցագործության գնալու համար քրեական հոգեբանության տեր է պետք լինել։

2. Հետևաբար, իշխանության մեջ եղածներն ու նրա վերարտադրմանը սատարողները բոլորն առնվազն հանցակիցներ են։ Այսինքն՝ Հայաստանի մոտ 10-15 տոկոսը քրեական հանցագործներ են։

3. Արդյո՞ք քաղաքականության մեջ եղած ընդդիմադիրներն իրենց հաշիվ տալիս են, որ քաղաքական մեթոդներով պայքարի են մտնում ահռելի քրեական բանդայի դեմ, որն աբսուրդ է։
Ըստ 21 տարվա փորձի կարելի է հաստատապես պնդել, որ ընդդիմությունն այդ ոչ ադեկվատությունը չի հասկանում, կամ էլ ուղղակի իրեն անհասկացողի տեղ է դնում։

4. Արդյո՞ք մենք գիտակցում ենք, որ քրեականը մարդկայինից դուրս է, քանի որ նրա առաջին հատկանիշը հակամարդկայնությունն է,  մարդու ու մարդկայինի  դեմ ի շահ իրեն գործելը։

5. Արդյո՞ք մենք  հասկանում ենք, որ քրեականի դեմ պայքարի միակ միջոցը նրան պատժելն է,  մեկուսացնելը, կամ էլ ոչնչացնելը։ Որովհետև մարդկային պատմության մեջ քրեականի վերջնական ուղղման դեպքեր նկարագրված չեն (բացառությամբ որոշների կրոնամոլ դառնալու և դրա հետևանքով վերափոխվելու)։

6. Արդյո՞ք ժամանակը չէ, որ ամբողջ հայությունը հասկանա վիճակի տրագիզմը և հարցին մոտենա հենց այս բանաձևով՝ ինչպես հաղթահարել հայությանը հոշոտող իր իսկ 10-15 տոկոս քրեականին։

7. Անհնար է քաղաքական կամ ճակատային որևէ ընդհարումով պայքարել ներքին մետաստազներ տված այս հրեշի դեմ։ Ու սա փորձով է ապացուցվել  հազարավոր անգամներ։

8. Ես որպես միակ լուծում տեսնում  եմ ամեն մեկի խնդրի գիտակցումը և մեկուսացումը իշխանություններից ու նրա հենարանից։ Պետք է կարողանանք կերտել պատկերավոր ասած,  ստվերային նոր հայություն, որը կապրի ուրիշ օրենքներով, կմեկուսանա  իր իսկ սրիկա բարեկամից ու կհոգա իր հոգսերը որպես այլ հայ։

Քաղաքականները հաճախ պնդում են լյուստրացիայի մասին։ Բայց ի՞նչ լյուստրացիայի մասին կարող է խոսք լինել ։ Ով չգիտի իր ծանոթ, բարեկամ, հարևան ու նույնիսկ հրապարակային հրեշներին։ Ո՞վ է կասկածում, որ քրեականն իր գաղտնիքները չի բացի առանց մեծ արյան։

9. Մոտավորապես նման բան ես ասում եմ արդեն տարիներ շարունակ, բայց արդյունքը զերո է։ Հասկանում եմ, որ երևի սա էլ ուժերից վեր խնդիր է, բայց մյուս կողմից էլ հենց էնպես վերանալն էլ սիրուն չէ։

Սաղ-ուրախ, գյոզերով,  մուղամով, եղունգներով, փալաններով ու նամանավանդ իրար էշի տեղ դնելով։

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

пятница, 28 октября 2016 г.

Ինչո՞ւ Հայաստանում իշխանությունը գրավեց գողական-քրեականը


Լռել պարտադրող տաբուներն ու մեր լինել-չլինելը

Ընտանիքի դրվածքներում ամրացած՝ զսպող, արգելող, համակերպվելն ու հանդուրժելը հաստատող տաբուների մեջ ենք:
Մենք հայ ենք, հայ ընտանիքից եկող «հայության» շնորհիվ: Մեզ որպես հայ կերտում է նախ հայ ընտանիքը և հետո նոր հայ հանրությունը, որն ինքնին հետևանք է հայ ընտանիքի: Նմանապես, հրեային հրեական ընտանիքն է կերտում, անգլիացուն՝ անգլիական ընտանիքը:

Մարդու անձնական գենետիկայով պայմանավորված հատկությունները մշտապես գտնվում են ընտանիքում և հանրային կոդեքսներում եղած վարքային նորմերի ճնշման ներքո և դրսևորվում են աղճատված տեսքով:
Նույն բնական խիզախության, բայց տարբեր հանրություններում ծնված ու մեծացած մարդիկ տարբեր էություններ ու դրսևորումներ ունեն:

Ըստ եղած փաստերի, առավելագույն հաջողության են հասնում այն հանրությունները, որոնք կարողանում են ներդաշնակել մարդու ներքին մղումներն ու հասարակայնորեն արժեքավոր վարքի նորմերը:
Սովետների օրոք ձևավորվել էր «սովետական մարդը», որը զուրկ էր նախաձեռնելու, գործարարության ու մրցակցելու ունակություններից:
Սովետ միության փլուզումից հետո այդ «միջին» մարդը հայտնվեց դեմ-հանդիման քրեականին: Այդ պահին մեր մեջ այլ տեսակի անհատներ ու գործող սուբյեկտներ ուղղակի չկային՝ միջին, սովետական մարդն էր ու գողականը: Նույնիսկ կուսակցական ապարատի կեսը միջին մարդ էր, իսկ մյուս կեսն էլ՝ գողականի կազմում:

Պարզ էր, որ «ուժեղ» լինելով իր գիշատչային հատկություններով, կեղծելու ու խաբելու իր արտակարգ ունակություններով, գողականը վերցրեց ներհանրային կյանքի բոլոր լծակները և այս կամ այն չափով, մինչև հիմա դրանք պահում է իր ձեռքերում:

Հարցը, թե hետսովետական որ երկրում ինչ չափով էր քրեականը դրության տերը և ինչքանով միջին մարդը կարողացավ պաշտպանել իր շահերը, արդեն կախված էր   տվյալ ժողովրդի ներընտանեկան ու ներհանրային արժեքայիններում եղած դրվածքներից, տաբուներից ու ազատություններից:

Մերձբալթյան երկրները, Վրաստանն իրենց ներընտանեկանում ամրացած արժեքայինով կարողացան հաղթահարել իրենց գողականին, իսկ մենք անսահման հանդուրժող ու լուռ եղանք  մեր տականքի հանդեպ:

Եվ օգտվելով դրանից, հայկական գողական-քրեականը գրավեց իշխանությունը, ապա ավելի ու ավելի ուժեղացնելով իր դիրքերը, հասավ օրենքներից վեր կարգավիճակի:
Ներհայկական հարցերը չեն լուծվում, որովհետև հայը սխալ պատկերացում ուներ և ունի թե դիմացի հայի մասին ու թե իշխանական սուբյեկտների հետ հարաբերվելու սկզբունքների մասին:

Անկախության սկզբին միջին, ավանդական արժեքայինով ձևավորված հայ ընտանիքում մեծացած հային թվում էր, թե այլ հայն իր պես մեկն է, իր նման մտածող, իր նման հարցերը տեսնող, իր հոգսերն ու նպատակները նույն կերպ դիտարկող ու հասկացող: Եվ նման մտածողության միակ հենարանն էլ այն էր, որ դիմացինը ևս հայ է:

Սակայն մի քանի տարի անց, երբ հասկացանք, թե ով-ով է, տականքն արդեն ջրի երեսին էր ու իշխանություն վերցրած: Իսկ մենք էլ՝ «միջիններս», տասնյակ հազարավորների զոհվելուց, ազգի կեսի արտագաղթելուց, հարյուրավորների քաղաքական սպանություններից, ընտրությունների շարունակական կեղծումներից, քրեական իշխանության դեմ բազմաթիվ անարդյունք քայլերից հետո էլ անտեղյակության մեջ ենք՝  թե ինչ անել, ոնց անել, ում վրա ինչպես ազզդել:

Արդեն միջին դարերում, անվերջ իրար արյուն թափելուց հետո, անգլիացիք, իսկ հետո նաև եվրոպացիք հասկացել էին, որ դիմացինին չափավորելու լավագույն միջոցը նրա ճակատին սեփական կարծիքը հայտնելն է: Իսկ առավել «չհասկացողներին»՝ խոսքի փոխարեն գնդակ ուղղելը:
Եվ հենց այդ գիտելիքի ու դրանից ածանցված արժեքայինի հաշվին է, որ այդ հանրություններում սրիկան չի կարող թաքնվել ազգակից լինելու շղարշի հետևում և հոշոտել միամիտին:

Դրա հաշվին է, որ այդ ազգերը շարունակաբար ծնում են հանրային վրիժառուների, Սնոուդենների, Ասանժների ու Մաննինգների, որոնք պատրաստ են զոհողության՝ հանուն ճշմարտության:
Ու նաև պատահական չէ, որ ամերիկյան սահմանադրության առաջին փոփոխությունը վերաբերում է խոսքի ազատությանը, իսկ երկրորդը՝ զենքի իրավունքին:

Մենք իհարկե զենքն ատող ժողովուրդ ենք և այդ մասին որևէ հարց քննարկելն ավելորդ է: Բայց խոսելուց էլ հո թույլ չենք:  Երկրորդականի, հիմարությունների մասին խոսելիս արգելք իհարկե չունենք, բայց լուրջից խոսելն էլ արդեն տաբուապատ է: Իրոք, ինչ խոսես, երբ տաբուն ասում է՝ եղունգ ունես՝ գլուխդ քորի, ով էշ է՝ դու փալան եղիր: Ու առհասարակ, «բա քեզ պետք ա՞»:
Մեզ «պետք չէր», ու առաջին «ոչ պետքականը» եղավ մեր հողում արժանապատիվ ապրելու իրավունքը: Հիմա արդեն գործը հասել է ոչ թե արժանապատիվ, այլ հայկական հողի վրա առհասարակ ապրելու իրավունքին:

Եթե այսպես շարունակվի, այդ իրավունքն էլ կզիջենք: Բայց մինչ այդ, զուտ տեսականորեն շեշտենք, որ զենքի ու արդար պատժի մերժման պայմաններում պետական ու ազգային այս մղձավանջից դուրս գալու միակ միջոցը խոսելն է, մտքինն արտահայտելը, ճշմարտությունն ամեն քայլափոխի ասելը, դիմացինին ճշմարտությամբ սաստելը:
Ընտանեկանում հաստատ չունենք այդ որակը, և հիմա ստիպված ենք այն  գիտակցված ներդնելու:

Իշխանավորներին միավորում է ստելու, խաբելու, կեղծելու մեծ ունակությունը:   Բոլոր երկրներում էլ իշխանավորները մոտավորապես այդպիսին են: Բայց և նրանց ու նրանց հենարանի վրա ներազդելու միակ միջոցը ամեն քայլափոխի նրանց դեմ ասվող ճշմարտությունն է, նրանով միջավայրը լցնելն է ու կեղծիքը սահմանափակելը:
Ողորմելիության գերագույն աստիճանը վախից լռելն է, հանուն օրվա հացի կեղծիք հանդուրժելն ու նրան համակերպվելը:

Մեր լռելն է, որ քաջալերել է տականքին այսօր հարց լուծող դառնալու և մեր պատմության անիվը արգելակելու: Եվ կապ չունի, թե ում դեմ ենք լռում և ինչու ենք լռում, որովհետև զոհասեղանին Հայաստանն է, հայն ու հայությունը:
Բարեկամ տականքի արածների դեմ լռելը նույնքան մերժելի է, որքան նախագահի, դատավորի, կամ «թաղ նայողի» դեմ լռելը:

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

суббота, 20 февраля 2016 г.

Պետականություն


Մեր պետականության ներկա ողբալի վիճակը շատերս բացատրում ենք պետականության ավանդույթների բացակայությամբ: Փորձենք պարզել, թե իրոք դա է մեր հիմնական խնդիրը:

Նախ պարզենք, թե որոնք են եղել պետականության մեր ավանդույթները, որոնք իբր կորցրել ենք: Այս հարցի համար լավագույն ելակետն ու երևի նաև վերջակետը, Խորենացին է՝ իր «Ողբով» (ստորև որոշ կրճատ հատվածներ են).

-«Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը»։

« Զարթի՛ր, Երեմիա, և ողբա որ տգետ հովիվներ պետք է երևան գան:

-Ուսուցիչները տխմար ու ինքնահավան, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը։

-Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր։

-Վիճակավորները հպարտ, դատարկապորտ, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող։

-Աշակերտները սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են։

-Աշխարհականները ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասակար, ժառանգությունից փախչող։

-Զինվորականները անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, ելուզակ, ավազակներին համաբարո։

-Իշխանները ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերող, աղտեղասեր, ստրուկներին համախոհ։

-Դատավորները տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անկայուն, ընդդիմացող։
-Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած»։

Չեմ կարծում, թե որևէ ժամանակակից ազգ 15 դարյա վաղեմության նման գրառում ունենա, որը ստորակետի ճշգրտությամբ համապատասխանի ներկային:

Խորենացու նկարագրությունից հետևում է, որ թվարկած խմբերի այլասերումը հետևանք է պետականության անկման: Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ պետականությունն ինքնին համակարգող, զսպող, սթափեցնող, զգաստացնող գերակա մի ուժ է, որը ավտոմատ է հանգեցնում կարգ ու կանոնի և ներհանրային սկզբունքայնության:

Այո, դա այդպես է, բայց պայմանով, որ պետականությունը սուվերեն է և կայուն: Իսկ ներկա հայկականում նշված երկու պայմանն էլ բացակայում են` ոչ պետականությունն է ինքնիշխան (ինքնակամ, Ռուսաստանին ստորադասված ապասուբյեկտային տարածք  է Հայաստանը), և ոչ էլ այն կայուն է (ըստ բոլոր օբյեկտիվ տվյալների, գնում է անկման):

Անկախությունը որպես ժառանգություն ստացած հետսովետական երկրներից ամեն մեկը գնաց իր ճանապարհով՝ համաձայն պետականության մասին իր ժողովրդի պատմական ավանդույթների:
Միջինասիցիք գնացին ընդգծված ավտորիտարիզմի, մերձբալթները գնացին դեպի Եվրոպա, վրացիք վերականգնեցին միջնադարյան հզոր Վրաստանի պետականության ավանդույթները՝ հիմնված արժանապատվության վրա, ադրբեջանցիք գնացին Ալիեվի գերդաստանին որպես սուլթան ունենալու ուղիով:

Մենք էլ մեր ուղին անցանք՝ իշխանությունը զիջեցինք քրեական թաղային հեղինակություններին ու ղարաբաղյան պատերազմի վրա մակաբուծող «գեներալիտետին»:
Իմ կարծիքով, մեր ավանդույթային-արժեքային անկումն ամենամասշտաբայինն էր հետսովետականների ցանկում: Մեզանում հենց առաջին տարիներին պետությունն այլասերվեց ֆեոդալական - օլիգարխիկ մասնատված բզկտված սեփականության –քչերի ունեցվածքի:

Ինչ ուղիով կարող էինք գնալ, բայց չգնացինք:

Ա. Կարող էինք արդյոք գնալ ասիական վագրերի ճանապարհով, ուր հզոր ամբիցիոզ, խիստ գրագետ լիդերները գործելով որպես կառավարիչ - մենեջերներ՝ կամային կերտեցին հզոր պետությունն ու հետո ամրացրին դրվածքները որպես ներհանրային ավանդույթ:
Ոչ, չէինք կարող, որովհետև մեզանում արժեքայինի մակարդակում է մերժված տեխնոկրատ, ինտելեկտուալ մարդը, որը կգործի ներքին կամային մղումներով, այլ ոչ փողի համար, կամ էլ որպես «հայրենասեր» կամ «ազգայնական»:

Բ, Կարո՞ղ էինք արդյոք գնալ արևմտյան երկրների ուղիով, ուր պետականակերտող հիմնական գործոնը իրենց շահերին տեր կանգնած սկզբունքային շարքային մարդիկ են, որոնք ժողովրդավարական մեխանիզմներով մշտապես վերահսկողություն ունեն իշխանությունների հանդեպ՝ որը և հենց պետականության ավանդույթն է:
Մի գուցե կարող էինք այս ճանապարհով գնալ, եթե ղարաբաղյան հիմնահարցը չլիներ և պատերազմով հրապարակ եկած ասֆալտի գեներալիտետն ու թաղային տականքն այդ պատրվակով մեջտեղ չգար:

Բայց հիմա ունենք այն, ինչ ունենք, և խնդիրն արդեն ոչ թե պետականության ավանդույթներն են, այլ պետությունն ինքը, որը կործանվում է:
Հնարավո՞ր է արդյոք մեր պետությունը հանել վայրընթացի վեկտորից, և եթե այո, ապա ինչպե՞ս:
Եթե մանրամասն վերծանենք արևմտյան պետականության մոդելը, ապա կարելի է պնդել, որ այնտեղ պետությունը նախ մարդու արժեքայինում է, հետո գիտակցված է մտքում, հետո վարքի մեջ է, հետո կամքով  և մահակով ապահովվող պահանջների մեջ է, և ամենավերջում նոր այն իրավունք է, բոլորի համար տանիք ու քարտեզի վրայի սուբյեկտ:

Այսինքն՝ արևմտյան պետությունը  սկսվում է ներքևներում՝ մարդկանց մեջ և դեպի վեր՝ կազմակերպվում է որպես վերահսկելի իշխանություն և բարեկեցիկ միջավայր:
Արևմտյան մոդելում ոստիկանը, դատավորը, քննիչը, փողատերը,  պառլամենտականը, ցանկացած հարց լուծող սուբյեկտ հետևանք է շարքայինների կամքի հետ կոմպրոմիսի:

Ոստիկանն արևմուտքում  աշխատավարձ է ստանում, որովհետև քաղաքացին  ինքնակամ, բայց վերահսկելի, հարկերի ձևով նրան փող է հատկացնում իր գործն անելու համար: Եթե ոստիկանը համը հանի, նախ կպատժվի օրենքով, իսկ եթե օրենքը չաշխատեց, ապա զինյալ անհատ շարքայինը նրա հարցերը կլուծի:

Սա է արևմտյան քաղաքացիական, ներպետական ու հանրային գործի ու պատժի մեխանիզմի տրամաբանությունը՝ հիմքում քաղաքացին է, որի հարկերով, օրենքի շրջանակներում կառավարվում է երկիրը, գործում է դատաիրավական համակարգը: Եվ այս բոլորից վեր նորից կանգնած է նույն քաղաքացին՝ անհատ, բայց արդեն զինված, պատժող, տեր-տիրական քաղաքացին:

Առանց ամենավերում դիրքավորված, զինված, վրիժառու, իր արժանապատվությանն ու իրավուքներին տեր կանգնած  անհատ քաղաքացու չի կարող գոյություն ունենալ արևմտյան քաղաքակրթությունը, պետությունն ու հանրությունը:

Ես մի քանի անգամ շեշտել եմ «անհատ» բնորոշիչը, որպեսզի շեշտեմ աչքի զարնող տարբերությունը՝ հայկական միլիոնանոց միտինգի հույսի և արևմտյան անհատ  մարդու հզորությունների ահռելի տարբերությունը՝ հօգուտ անհատի:

Իսկ հիմա արևմտյան քաղաքական կյանքի ելակետային դրվածքների տրամաբանության բարձունքից  նայենք հայկական քաղաքական-քաղաքացիական ու ընդդիմադիր միջավայրին: Մտքում թարմացնենք  ամենաերևելի ընդդիմադիրների մոտեցումները ու հիշենք նրանց ողորմելի խրոխտությունը՝ առ հույսը հանդեպ օրինավոր հայ ոստիկանը: Ադեկվա՞տ են արդյոք նրանք անկախ պետականությանն ու պահանջվող անձնական սուբյետությանը:

Հիշենք, որ ցանկացած պետություն սեփականություն լինելով հանդերձ, նաև մարդկային հարաբերությունների դաշտ է, որը կարգավորվում է առաջին հերթին պատժով: Վերացրու պատիժը՝ և կվերանա պետությունը: Հայաստանում վերացված է արդարացի պատիժը: Եվ այդ փաստի վրա արդեն 20 տարի շարունակ թքած ունի ընդդիմությունը՝ մշտապես կեղծվող ընտրությունների է մասնակցում:

Հիշենք, որ ցանկացած պետություն «չալաղաջ» է պատեհապաշտների ու սրիկաների համար և դառը «կռճոն»՝ այդ չալաղաջը կերտողների համար:
Եթե պետությունը չի կարող «չալաղաջը» հոշոտող սրիկաների դեմն առնել, ապա  շարքային մարդկանց խնդիրն է սրիկաներին սաստելն ու պատժելը՝  հնարավոր բոլոր միջոցներով:

Հարցնենք ընդդիմադիրներին, թե որն է նրանցից այս տեսակետի կողմնակիցը: Կամ հետաքրքրվենք, թե որն է անձնապես մի սրիկայի խաթրին գոնե թեթևակի՝ ֆիզիկապես կպել:
Հիշենք, որ սահմանադրությամբ չի սկսվում պետությունը, սահմանադրությամբ այն ապրում է հետագայում, երբ արդեն պայմանավորվել են իրար “չքցելու” մասին: Կա՞ արդյոք ժողովրդին «չքցելու» որևէ համաձայնեցված կետ ներկա կեղծված սահմանադրության մեջ:

Բոլորը գիտեն, որ չկա: Հետևաբար, մարդկանց շահերն անտեսող սահմանադրության որ դրույթներով է ընդդիմությունը գնում նոր ընտրությունների: Հարցնենք  ընտրության գնացողներին և բացատրություն  պահանջենք,  թե ինչով են նրանք տարբերվում ինքնակոչ իշխանություններից:
Հիշենք, որ ժողովրդավարությունը, ազատությունը, արդարությունը, արժանապատվությունը, իրավունքը, բարեկեցիկ կյանքը, իրավական պետությունը, օրենքը, կարգ ու կանոնը, օրինականությունը չեն մուրում՝ նվաճում են:

Հարցնենք ընդդիմադիրներին, թե ինչո՞ւ են նրանք շարունակաբար մուրում այս ամենը ոստիկանից, օլիգարխից ու թաղային տականքից:
Մեր ներկա խնդիրն այլևս իշխանությունը չէ, այլ տգետ ընդդիմությունն է, որը զուրկ է քաղաքագիտական տարրականի մասին պատկերացումներից ու համարժեք մեթոդականից, բայց  մշտապես հարթակում է, ամբիոնի մոտ ու ազգափրկիչի դերում:
Ցավոք և դժբախտաբար:

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մեկնաբան