Լռել պարտադրող տաբուներն ու մեր լինել-չլինելը
Ընտանիքի դրվածքներում ամրացած՝ զսպող, արգելող, համակերպվելն ու հանդուրժելը հաստատող տաբուների մեջ ենք:
Մենք հայ ենք, հայ ընտանիքից եկող «հայության» շնորհիվ: Մեզ որպես հայ կերտում է նախ հայ ընտանիքը և հետո նոր հայ հանրությունը, որն ինքնին հետևանք է հայ ընտանիքի: Նմանապես, հրեային հրեական ընտանիքն է կերտում, անգլիացուն՝ անգլիական ընտանիքը:
Մարդու անձնական գենետիկայով պայմանավորված հատկությունները մշտապես գտնվում են ընտանիքում և հանրային կոդեքսներում եղած վարքային նորմերի ճնշման ներքո և դրսևորվում են աղճատված տեսքով:
Նույն բնական խիզախության, բայց տարբեր հանրություններում ծնված ու մեծացած մարդիկ տարբեր էություններ ու դրսևորումներ ունեն:
Ըստ եղած փաստերի, առավելագույն հաջողության են հասնում այն հանրությունները, որոնք կարողանում են ներդաշնակել մարդու ներքին մղումներն ու հասարակայնորեն արժեքավոր վարքի նորմերը:
Սովետների օրոք ձևավորվել էր «սովետական մարդը», որը զուրկ էր նախաձեռնելու, գործարարության ու մրցակցելու ունակություններից:
Սովետ միության փլուզումից հետո այդ «միջին» մարդը հայտնվեց դեմ-հանդիման քրեականին: Այդ պահին մեր մեջ այլ տեսակի անհատներ ու գործող սուբյեկտներ ուղղակի չկային՝ միջին, սովետական մարդն էր ու գողականը: Նույնիսկ կուսակցական ապարատի կեսը միջին մարդ էր, իսկ մյուս կեսն էլ՝ գողականի կազմում:
Պարզ էր, որ «ուժեղ» լինելով իր գիշատչային հատկություններով, կեղծելու ու խաբելու իր արտակարգ ունակություններով, գողականը վերցրեց ներհանրային կյանքի բոլոր լծակները և այս կամ այն չափով, մինչև հիմա դրանք պահում է իր ձեռքերում:
Հարցը, թե hետսովետական որ երկրում ինչ չափով էր քրեականը դրության տերը և ինչքանով միջին մարդը կարողացավ պաշտպանել իր շահերը, արդեն կախված էր տվյալ ժողովրդի ներընտանեկան ու ներհանրային արժեքայիններում եղած դրվածքներից, տաբուներից ու ազատություններից:
Մերձբալթյան երկրները, Վրաստանն իրենց ներընտանեկանում ամրացած արժեքայինով կարողացան հաղթահարել իրենց գողականին, իսկ մենք անսահման հանդուրժող ու լուռ եղանք մեր տականքի հանդեպ:
Եվ օգտվելով դրանից, հայկական գողական-քրեականը գրավեց իշխանությունը, ապա ավելի ու ավելի ուժեղացնելով իր դիրքերը, հասավ օրենքներից վեր կարգավիճակի:
Ներհայկական հարցերը չեն լուծվում, որովհետև հայը սխալ պատկերացում ուներ և ունի թե դիմացի հայի մասին ու թե իշխանական սուբյեկտների հետ հարաբերվելու սկզբունքների մասին:
Անկախության սկզբին միջին, ավանդական արժեքայինով ձևավորված հայ ընտանիքում մեծացած հային թվում էր, թե այլ հայն իր պես մեկն է, իր նման մտածող, իր նման հարցերը տեսնող, իր հոգսերն ու նպատակները նույն կերպ դիտարկող ու հասկացող: Եվ նման մտածողության միակ հենարանն էլ այն էր, որ դիմացինը ևս հայ է:
Սակայն մի քանի տարի անց, երբ հասկացանք, թե ով-ով է, տականքն արդեն ջրի երեսին էր ու իշխանություն վերցրած: Իսկ մենք էլ՝ «միջիններս», տասնյակ հազարավորների զոհվելուց, ազգի կեսի արտագաղթելուց, հարյուրավորների քաղաքական սպանություններից, ընտրությունների շարունակական կեղծումներից, քրեական իշխանության դեմ բազմաթիվ անարդյունք քայլերից հետո էլ անտեղյակության մեջ ենք՝ թե ինչ անել, ոնց անել, ում վրա ինչպես ազզդել:
Արդեն միջին դարերում, անվերջ իրար արյուն թափելուց հետո, անգլիացիք, իսկ հետո նաև եվրոպացիք հասկացել էին, որ դիմացինին չափավորելու լավագույն միջոցը նրա ճակատին սեփական կարծիքը հայտնելն է: Իսկ առավել «չհասկացողներին»՝ խոսքի փոխարեն գնդակ ուղղելը:
Եվ հենց այդ գիտելիքի ու դրանից ածանցված արժեքայինի հաշվին է, որ այդ հանրություններում սրիկան չի կարող թաքնվել ազգակից լինելու շղարշի հետևում և հոշոտել միամիտին:
Դրա հաշվին է, որ այդ ազգերը շարունակաբար ծնում են հանրային վրիժառուների, Սնոուդենների, Ասանժների ու Մաննինգների, որոնք պատրաստ են զոհողության՝ հանուն ճշմարտության:
Ու նաև պատահական չէ, որ ամերիկյան սահմանադրության առաջին փոփոխությունը վերաբերում է խոսքի ազատությանը, իսկ երկրորդը՝ զենքի իրավունքին:
Մենք իհարկե զենքն ատող ժողովուրդ ենք և այդ մասին որևէ հարց քննարկելն ավելորդ է: Բայց խոսելուց էլ հո թույլ չենք: Երկրորդականի, հիմարությունների մասին խոսելիս արգելք իհարկե չունենք, բայց լուրջից խոսելն էլ արդեն տաբուապատ է: Իրոք, ինչ խոսես, երբ տաբուն ասում է՝ եղունգ ունես՝ գլուխդ քորի, ով էշ է՝ դու փալան եղիր: Ու առհասարակ, «բա քեզ պետք ա՞»:
Մեզ «պետք չէր», ու առաջին «ոչ պետքականը» եղավ մեր հողում արժանապատիվ ապրելու իրավունքը: Հիմա արդեն գործը հասել է ոչ թե արժանապատիվ, այլ հայկական հողի վրա առհասարակ ապրելու իրավունքին:
Եթե այսպես շարունակվի, այդ իրավունքն էլ կզիջենք: Բայց մինչ այդ, զուտ տեսականորեն շեշտենք, որ զենքի ու արդար պատժի մերժման պայմաններում պետական ու ազգային այս մղձավանջից դուրս գալու միակ միջոցը խոսելն է, մտքինն արտահայտելը, ճշմարտությունն ամեն քայլափոխի ասելը, դիմացինին ճշմարտությամբ սաստելը:
Ընտանեկանում հաստատ չունենք այդ որակը, և հիմա ստիպված ենք այն գիտակցված ներդնելու:
Իշխանավորներին միավորում է ստելու, խաբելու, կեղծելու մեծ ունակությունը: Բոլոր երկրներում էլ իշխանավորները մոտավորապես այդպիսին են: Բայց և նրանց ու նրանց հենարանի վրա ներազդելու միակ միջոցը ամեն քայլափոխի նրանց դեմ ասվող ճշմարտությունն է, նրանով միջավայրը լցնելն է ու կեղծիքը սահմանափակելը:
Ողորմելիության գերագույն աստիճանը վախից լռելն է, հանուն օրվա հացի կեղծիք հանդուրժելն ու նրան համակերպվելը:
Մեր լռելն է, որ քաջալերել է տականքին այսօր հարց լուծող դառնալու և մեր պատմության անիվը արգելակելու: Եվ կապ չունի, թե ում դեմ ենք լռում և ինչու ենք լռում, որովհետև զոհասեղանին Հայաստանն է, հայն ու հայությունը:
Բարեկամ տականքի արածների դեմ լռելը նույնքան մերժելի է, որքան նախագահի, դատավորի, կամ «թաղ նայողի» դեմ լռելը:
ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий