Կոնֆորմիզմը կամ հարմարվողականությունը միայն քաղաքական դիրքորոշում կամ դիրքորոշման բացակայություն չէ, ինչպես ներկայացվում է ավելի հաճախ։ Կոնֆորմիզմի բոլոր տեսակների հավաքական ֆունկցիոնալությունն է քաղաքական իմաստ ստանում, որովհետև կոնֆորմիզմը բոլոր հակադեմոկրատական, իմա՝ հակամարդկային իշխանությունների ամենահավատարիմ ու ամենահզոր դաշնակիցն է ու երաշխավորը։
Կոնֆորմիզմի տեսակները շատ են, ու որքան շատ են, այնքան ավելի են բացահայտում մարդու արատավորությունը։ Իսկ երբ մարդն ապրում է երկրում, որի իշխանության հենարանը ոչ թե մարդն ինքն է, ընտրողը, քաղաքացին, այլ նրա կոնֆորմիզմը, այդ արատավորությունը հասնում է կատարելության, որը տվյալ դեպքում՝ հակակատարելություն է, հասկանալիորեն։
Մենք հարմարվող ազգ ենք եղել պատմականորեն ու կանք նաև ու առավել ևս՝ այսօր։ Մենք հարմարվում ենք ամենայնին, ինչը չի վտանգում միայն մեր ֆիզիկական անվտանգությունը։ Մնացած ամեն ինչը մեզ համար ոչ միայն մերժելի չէ, այլև ընդունելի է ու բնականոն՝ կենսակերպ լինելու աստիճանի։
Մենք հանդուրժում ենք լպիրշ հարևանին, եթե նա ունի փող կամ կուսակցական որևէ կրծքանշան, չնայած հանդուրժում ենք հարևանի հատկապես այն տեսակին, որի կրծքին իշխող կուսակցության «զնաչոկն» է։
Մենք հանդուրժում ենք կաշառակեր բարեկամին, հատկապես, եթե նա մեր մոտիկ բարեկամը չէ ու բարեկամը չէ ընդհանրապես, այլ ընկերոջ մոտիկն է կամ ավելի հեռու մեկը։ Հանդուրժում ենք ոչ թե սովորականորեն, այլ քծնանքով ու փառաբանմամբ, որովհետև ենթագիտակցորեն մտածում ենք՝ «կարող ա մի օր պետք գա»։ Չնայած ենթագիտակցությունը բանական սիստեմավորում չէ, այլ մեր տեսակային, գուցե՝ գենային կոդավորումը, կամ արքետիպերի պահեստարանը, ինչպես ասում էր Յունգը։ Այսինքն, ստորաքարշությունը, ըստ էության, ոչ թե գիտակցված ընտրություն է մեզ համար, այլ ենթագիտակցական անայլընտրանքություն, ինչը ոչ թե՝ բարձրացնում է մեզ, այլ իջեցնում է ավելի ողորմելիության մակարդակի։
Մենք հանդուրժում ենք մեր երեխաներին ուսուցանող թերուս ուսուցիչներին ու մեր երեխաներին բուժող անիմաց բժիշկներին։
Մենք հանդուրժում ենք թաղապետարանի փողկապավոր չինովնիկի բռիությունն ու բանկի սանձարձակ աշխատակցուհու լկտիությունը։
Մենք հանդուրժում ենք խոպանից փող ստացող մերձավորի պորտաբուծությունն ու հանդուրժելով՝ չենք մերժում նաև անաշխատ եկամուտով հարստացածի տված օգնությունը։
Մենք հանդուրժում ենք պետությունից փող ստացող պաշտոնյայի հակապետականությունը, եթե նա ընդմիջման ժամերին կամ հանգստյան օրերին լավ հացկատակ է՝ խաշի սեղանի շուրջ, կամ լավ ախպեր է՝ իր նմանների ախպերության շրջապատում։
Մենք հանդուրժում ենք գողականից վախեցող ոստիկանապետերին ու ոստիկանապետերից վախեցող գողականներին, որովհետև մենք հանդուրժում ենք մեր ինքնաթողտվությունը, որ մեր երեխաների համար գողականները դառնան ընդօրինակման առարկա, որովհետև մենք հանդուրժում ենք նեղ օրերին նույն այդ ոստիկանապետերից ու գողականներից օգնություն խնդրելու մեր թուլությունը։
Մենք հանդուրժում ենք թաղի տականքի ընտրակաշառքի առաջարկն ու ընտրակեղծարարությամբ ընտրված պաշտոնյային կաշառք առաջարկելու մեր ինքնահանցագործությունը։
Մենք հանդուրժում ենք օտարի առաջ ստորացող մեր դիվանագետին ու դիվանագիտորեն ստորանում ենք նրանց առաջ, եթե ճակատագիրն ընձեռում է ստորացման այդ հնարավորությունը։
Մենք հանդուրժում ենք գերհարուստ այն պաշտոնյային, ով նույնիսկ ամենացնորված երազում այդքան հարստանալ չէր կարողանալու, ու հանդուրժում ենք այդ պաշտոնյաներին հաստանալու հնարավորություն տվածներին՝ դա համարելով նորմալ ու բնականոն։
Հանդուրժում ենք ոչ թե՝ որովհետև ամենաալտրուիստ ենք աննախադեպորեն, այլ՝ որովհետև ցանկանում, երազում ու տենչում ենք հայտնվել բոլոր նրանց դիրքերում, ում նախանձում ենք ներքնապես ու հանդուրժում ենք արտաքուստ։
Մենք օրենք չենք սիրում, որովհետև մենք չենք սիրում լինել հավասար։ Մենք կարողանում ենք լինել հավասարներից պակաս հավասար՝ հույսով, որ երբևէ լինելու ենք մեկը՝ ավելի հավասարներից։ Մենք հավասարությունն ատող հասարակություն ենք։
Մենք ատում ենք պետությունը, որովհետև պետությունը հավասարություն ապահովող ինստիտուտ է, այսինքն՝ մեր՝ երբևէ ավելի հավասար ու հանդուրժողից հանդուրժվող դառնալու մարմաջի իրագործումը կանխող ինստիտուտ է։ Մենք պետությունն ատող հասարակություն ենք։
Մենք չենք սիրում պետությունը, բայց սիրում ենք իշխանությանը, որի դեմ պայքարի իմիտացիայով ավելի անհագուրդ ենք սիրում նրան, որովհետև իշխանության մեջ տեսնում ենք ինքներս մեզ, ու որքան ավելի այլասերված է իշխանությունը, այնքան ավելի ենք սիրում նրան, որովհետև սիրելով իշխանությանը՝ մենք սիրում ենք երբևէ դրանում տեղ զբաղեցնելու մեր հույսը։ Եվ ուրեմն, մենք հակացուցված ենք պետությանը, որովհետև պետության գոյությունն ու ապագան այն իշխանությամբ, իշխանության այն տեսքով, որը սիրում ենք մենք ներքուստ ու որի դեմ պայքարում ենք ցուցադրաբար, փոխմերժելի են ու փոխբացառելի։
Մենք ատում ենք մարդուն, որովհետև մարդը հավասարության արտահայտություն է։ Իշխանության հետ ու հանուն իշխանության՝ մենք ամեն օր լուծում ենք իշխանության թիվ մեկ խնդիրը՝ սպանել մարդուն։ Մենք ատում ու սպանում ենք ինքներս մեզ, որովհետև մենք ապրում ենք ոչ թե մարդ լինելու, այլ մարդուց ավելի մարդ լինելու ցանկությամբ ու հույսով, որը ոչ միայն հակամարդկային է, այլև հակաքրիստոնեական է ու հակաաստվածային։
Աստված մեզ օգնական։
ԳԱՌՆԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий