Տագնապալի օրեր ենք ապրում: Երկիրն օր-օրի գահավիժում է: Արտագաղթողը հիասթափված ու հաստատակամ լքում է երկիրն ու իրեն ստորացրած հայ իրականությունը, իսկ մնացողներն էլ երանի տալով գնացածներին, շիվարած են թե ներկայի և թե ապագայի առումով:
Անհույս, անթափանց վիճակ է շարքային մարդկանց մոտ, ուր համար մեկ հարցն է, թե լավ, բա վաղն ի՞նչ է լինելու:
Տրամագծորեն հակառակն է իշխանական դաշտում: Տղերքն այնքան էներգիա, անամոթություն ու կամք ունեն, որ իրենց կերտած համազգային այս աղետից փոխանակ գետինը մտնելու, իրենց վերարտադրությունն ապահովող նոր սահմանադրությունն են համառորեն առաջ տանում:
Ու սոսկալին այն է, որ ողջ հայությունը գիտի, համոզված է, որ սրանց դեմ ոչ մի շանս չկա՝ կեղծելու են՝ արյամբ, թե թարախով իրենցն են անելու, թեկուզ և վերջին հայի գոյության գնով:
Փորձենք մի վերջին անգամ «ծուռը նստել - շիտակ խոսել» և իրերն իրենց անուններով կոչել:
Առաջին հերթին հասկանանք, ինչ սուբյեկտներ են ասպարեզում, ինչ են անում, և ինչու են անում:
- Իշխանականն առանձնապես քննարկել էլ պետք չէ: Բոլորն էլ գիտեն, որ ռեժիմի դեմքն ու հիմքը տասնյակի հասնող կրկնահանցագործներ են: Կենտրոնական դեմքերն էլ այդ հանցագործների և պատվիրատուն են, և վերին տանիք- հովանավորները:
Իշխանական ստորին օղակներում ժողովրդի ու իշխանության արանքը սպրդած, «տուն պահող»՝ մեր բարեկամ երկերես պնակալեզներ են: Իսկ առանցքում էլ ոստիկանն է՝ ոստիկանապետության հիմնային բյուրեղը:
Իրականում իշխանականը մեր ներկա արժեքայինի վրա հիմնված կուռ համակարգ է, ուր ամեն ինչը հաշվարկված է ֆեոդալական ենթակայության, ստորամտության, տգիտության ու նաև լպիրշության վրա: 25 տարի է այն կա, բարգավաճում է, և երբևէ դեռ սայթաքած չկա:
- Ովքեր են և ինչ է ընդդիմությունը: «Հները»-հայտնիները՝ իրենց սպառած ու երբևէ հաղթելու ունակություն ու կամք չցուցաբերած, ինքնասիրահարված, բայց ամբիցիոզ թույլիկներ են, որոնք այլ երկրներում վաղուց մոռացված ու անցած փուլ կլինեին: Իսկ մեզանում նրանք դեռ կան ու «ակտիվ» են, քանի որ ասպարեզը կայուն «հին» է իր էությամբ, խնդիրներով ու մեթոդականով:
«Նորերը»- ջահելներն էլ տարբեր պատճառներով թաղ նայողի կարգավիճակի չձգած մարգինալների մի հախուռն կոհորտա է, որը չգիտի իր անելիքը և չի պատկերացնում ժամանակակից աշխարհի քաղաքական ու քաղաքացիական որևէ դրվածքը:
Մարդիկ դեռ հայրերի ձեռքը բռնած գնացել են միտինգի, երթի, նստացույցի, հացադուլի, պահանջելու ու վանկարկելու: Հիմա էլ մեծացել են, ինքնուրույն են նույնն անում՝ միայն հոր փոխարեն իրար ձեռք բռնած: Գործը «վատ չի գնում», առավել ևս, որ իշխանականի տղերքը ժամանակ առ ժամանակ առիթը տալիս են:
Քաղաքական շրջապտույտի սցենարն ու ողջ ընթացքը վաղուց հայտնի է: Ոնց ցուլի դեմ կարմիր լաթ խաղացնող մատադորն է խաղը հաղթում, այնպես էլ հայ իշխանություններն են հերթական «բողոքը» հանգեցնում սահմանադրական ցույցի, միտինգի, ստորագրահավաքի, երթի, նստացույցի, հացադուլի ու հաղթում:
Եվ թվում է, թե աշխարհում չկա մի ուժ, մի միտք, մի օրինակ, մի Աստված, մի առաքյալ, մի Գանդի, որը հայ ընդդիմադիրին կստիպի կանգ առնել ու բետոնակուռ ճակատի ու անիմաստ կոկորդի փոխարեն, ուղեղ աշխատեցնել:
Դրա համար, ես ոչ իշխանականին ու ոչ էլ ընդդիմադիր ակտիվին ասելիք չունեմ: Դրանք նույն մետաղադրամի երկու երեսներն են՝ մեկը արծվի, մյուսն էլ թագավորի տեսքով: Բայց մենք հո գիտենք, որ մեզանում ոչ արծիվը կա, ու ոչ էլ թագավորը:
Ասելիքս իմ կողքիններին է, շարքայինին մարդուն: Նրանց, ովքեր վաղը ստիպված են պանդխտության ցուպը վերցնելու, ոնց շատերս ենք արդեն արել:
Խնդիրն իրականում մենք ենք՝ ոչ նրանք: Մենք ենք նրանց թույլ տվել, որ հանցագործ լինելով հանդերձ իշխանավոր դառնան: Գող, ավազակ ու տգետ լինելով՝ մեր հարցերը լուծեն:
Մենք ենք հանդուրժել, որ հարցերը չլուծվեն, գումարվեն, կուտակվեն ու դառնան դժոխային: Մենք ենք թույլ տվել, որ աճպարարները մեզ երեխայի պես խաբեն, ու քթներիցս բռնած իրենց ուզածն անեն:
Մենք ենք թողել, որ միտինգի յալանչին քաղաքական գործիչ համարվի ու մեզ պատեպատ տալով ջնջխի: Մենք ենք թույլ տվել, որ երկու ստանդարտներ լինեն մեր մեջ, մեկը՝ իրական գործնական-անձնականի մասով, իսկ մյուսը՝ հեքիաթային, անիրական՝ պետական-քաղաքական-հանրային մասով:
Անձնականում մենք դաժան ճշմարտացի ենք՝ սկսած ունեցած եղունգով գլուխ քորելուց, իսկ հանրայինում մանկական հեքիաթային ենք՝ պայքար-պայքար մինչև վերջով:
Խնդիրը մեր մեջ է: Նրանում է, որ մենք անտեղյակ ենք քաղաքագիտականի այբուբենին: Եվ մեզ երբևէ ոչ մեկը բացատրած չկա, որ իշխանությունը բյուրեղ է, որի մեջ ամենքս էլ կանք, մեր տեղն ունենք, եթե միայն հասկանանք, թե որտեղ, ինչպես ու ինչ լծակներով:
Ընդդիմադիր ակտիվը 20 տարի շարունակ քարոզել է, թե արի կողքս կանգնի, շատանանք, ու մեր տեսքից իսկ նախագահի սիրտը կանգնի, ոստիկանությունը կեղբայրանա ու պրծ, գործը կավարտվի:
Բայց տասնյակ անգամներ նույն սցենարով պարտվելուց հետո էլ, երբևէ ոչ մեկը չի ասել, թե հարգելիս, ես պարտվող եմ, իմ կողքերում անելիք չկա: Ես էլ քո պես անկարողի մեկն եմ, ուղղակի քեզ դես ու դեն տանելով հավակնություններիս եմ հագուրդ տալիս՝ ի հաշիվ քո անտեղյակության:
Չի ասել, որ դու գնա, տանը, քո շրջապատում, քո մերձավորների մեջ, քո աշխատավայրում քո իրավունքները պաշտպանի: Սկզբունքային դարձիր, ազնվություն ու կարգապահություն մտցրու: Փոքր հանցագործին դեռ սկզբներում ինքդ դիմադրիր, որ չդառնա մեծ պատուհաս: Պնակալեզին արժանին մատուցիր, տգետին մի քծնիր, անարդարին ճանապարհ մի տուր, ընտրակեղծիքի մի գնա՝ մայրդ ու հայրդ էլ լինեն, ձեռքներից բռնի ու կարգի հրավիրի: Շանտաժին տեղի մի տուր, ոստիկանին, քննիչին, դատավորին, հարկահավաքին, չինովնիկին ու իշխանական որևէ սրիկային մի ենթարկվիր, քեզ հասու ամեն հնարավոր ձևերով ու գործիքներով քո իրավունքները պաշտապանիր, քո վրեժը լուծիր, որովհետև անօրեն է երկիրը, ու միակ օրենքը ինքնադատաստանն է:
Չեն ասել, որ սա է մեր ազգային ծուռ դրվածքը, մեր ներքին կրկնակի, եռակի ու բազմակի ստանդարտը: Չեն ասել, որ ստորին սրիկան է վերին սրիկայի հենարանը, և վերին սրիկային գահից գցելու միակ ձևը ստորին սրիկային չեզոքացնելն է:
Հայ ավանդական, թույլ արժեքայինն ու հայ տգետ ընդդիմությունը ձեռք-ձեռքի կերտել են մեր իրականության ահավոր կեղծ մի պատկեր, ուր սրիկան իբր մեր մասնիկը չէ, այլ ուրիշ է ու մեզանից դուրս: Ուր խնդիրների լուծման մեջ դու կաս միայն հրապարակային ներկայությամբ միտինգին, բայց ոչ երբևէ որևէ գործով, կամ գոնե վերաբերմունքով:
Ուր դատավորն ուրիշն է, պատժողը՝ ուրիշը, հարց լուծողը՝ ուրիշը, որոշում կայացնողը՝ ուրիշը: Իսկ դու ոչ մի բան ես՝ շախմատային լեզվով ասած, զոհաբերության զինվոր ես, որին կզոհաբերի ով ուզի, երբ ուզի, ինչ նպատակի համար ուզի ու ոնց ուզի:
Այ սա են ներշնչել իրենց քաղաքական գործիչ հորջորջածները՝ լինեն անկախական, ժողովրդավար, կոմունիստ, ռուսամետ թե արևմտամետ:
Ինչո՞ւ:
Միթե որևէ մեկի մտքով չի անցել այս ամենին հակասող տարրականը, որը գրված է քաղաքագիտական ցանկացած դասագրքում, մեկնաբանել, բացատրել, տեղ հասցնել: Ես իմ կասկածներն ունեմ, թե ինչու չի արվել դա, բայց չեմ բարձրաձայնի, որովհետև ավելի գորշ պատկերների կհանգենք:
Բավարարվեմ վերահաստատմամբ:
1. Ներկա հայկական ընդդիմություն կոչված խառնամբոխն իր տեսականով, տեսլականով, մոտեցումներով և գործիքադարանով կատեգորիկ ոչ համարժեք է իրավիճակին: Այն երբևէ չի խոստովանի իր սնանկությունը, բայց կշարունակի մարդկանց տանել-բերելն ու հիասթափեցնել-երկրից արտագաղթեցնելը:
2. Իշխանությունները երբևէ չեն գնա զիջումների ու ներքին ռեֆորմացիայի, որովհետև դրա ոչ խթանն ունեն և ոչ էլ կարիքը: Իրենք իշխում են, և դրանից ավել իրենք որևէ այլ նպատակ չունեն: Իրենց քրեական ուղեղին չի հետաքրքրում, թե կտրում են այն ճյուղը, որին նստած են: Անհաղորդությունը հատուկ է նույնիսկ գրագետ իշխանություներին, որովհետև իշխանություն ասածն իրականությունից կտրված իներցիոն կառույց է, և չափազանց դժվար է նրանում ներքին ռեֆորմների գնալը:
3. Որպես վերափոխման միակ ռեսուրս մնում են շարքային մարդիկ, ովքեր ունակ կլինեն հասկանալու մեզ համակած պրոբլեմների խորքային բնույթը և իրենց մեջ ուժ կգտնեն դիմադրելու երեք ճակատով՝
Ա-. Կհակառակվեն տգետ ընդդիմությանը, և նրան կպարտադրեն ադեկվատ վարք ու մոտեցումներ:
Բ-. Կլուսավորեն անտեղյակ բարեկամությանը, ընկերականին, հարևանությանը՝ անձնական սկզբունքայնությամբ երկիրը կործանումից փրկելու մասին:
Գ. Կսաստեն իրենց հասու իշխանական ստորին պնակալեզների շերտին՝ վերջացնելու երկակի խաղը, իսկ կարկառուններին էլ անձնապես արժանին կմատուցեն:
Սա է ելքն ու միակ անելիքը:
Ցավոք, ասվածի դեմ են մեր ազգային դարավոր տաբուները՝ փրկիչի, արտակարգ լիդերների անհրաժեշտության մասին, միասնականության մասին, «գյուղ կանգնի-գերան կկոտրի»-ի մասին:
Երևի ուշացած է արդեն, բայց սա է՝ կամ կհասկանանք, կսթափվենք, և ամեն մեկս մեր տեղում տեր կկանգնենք մեզ կործանող ներքին ստահակին, կամ կմնանք տգետ ընդդիմադիրի, կեղծ փրկիչի, ճարպիկ աճպարարի հույսին և դուրս կգանք պատմության թատերաբեմից:
ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մեկնաբան
Комментариев нет:
Отправить комментарий