Հեքիաթ չէ սա, հայկական մամուլը հեղեղած պոռոտախոս-սնապարծությամբ լեցուն, «21-րդ դարը մերն է լինելու» տխմար, անհիմն, գետնից կտրված, թղթե խաղալիք ծիտիկի պես վեր նետված բարբաջանք չէ սա։
ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ այս հոդվածը մե՛ր մասին է, մեր ողբալի երկրի՛, մեր բոլորիս կերտած, ստեղծած խայտառա՛կ իրականության մասին է այն։ Գլուխները գետնին, ոտները վերևներ տնկած ոմանց հաստատ դուր չի գալու այն, վայ-հայրենասերների քիմքին հաճո չի լինելու հաստատ, բայց սա այն Ճշմարտությունն է, որ կոչվում է ԴԱՌՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ։
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
Բաղրամյան փողոցի բացվելով միաժամանակ փակվեց հայկական քաղաքական կյանքի մի էջ, որը շատերին ներկայանում էր որպես նոր, ուրույն և հուսադրող:
Ըստ ֆորմալ սցենարի, երիտասարդությունն ինքնաբուխ դուրս էր եկել իշխանությունների դեմ զուտ սոցիալական հարցով և իր պայքարով կարողացավ հոսանքի թանկացումն իջեցնել նախատեսված 17-ից 7 դրամի:
Սա երևի մեծ նվաճում է, եթե ի նկատի ունենանք որ նրանց դեմ կանգնած էր ռուսական ամենազոր ընկերություններից մեկը, և Բիբինն ինքը, ով «թքած» ուներ թե մարդկանց, թե պառլամենտի ու մեծ հաշվով նաև Հայաստանի վրա:
Իրոք, եթե հայ մարդիկ կարողացել են «դասավորել», որ կրթական հաստատությունը ձևակերպվի որպես հոսանքի մատակարար ու 60 դրամով հոսանք վաճառի ցանցերին, ապա բիբիններն էլ կթքեն նման մարդկանց ու նրանց երկրի վրա:
Հասարակական-քաղաքական կյանքում ամեն ինչ իր սկիզբն ու վերջը, արմատն ու պտուղը, պատճառն ու հետևանքն ունի: Ճիշտ այնպես, ինչպես հիմնային, մոլեկուլյար բյուրեղի ատոմների դասավորությունը կերտում է մեզ տեսանելի մեծ բյուրեղը:
Եվ բիբիններին ու հայ իշխանություններին, ընդդիմությանն ու նրա առաջնորդներին հասկանալու համար պետք է ընդամենը արմատին, հիմքին նայել:
Իսկ արմատը, մեղմ ասած, արյունաշաղախ, գենոցիդով ու պարտություններով կերտված մեր արժեքայինն է, որը 30 դրամով հոսանք է առնում ու 60-ով ծախում, սահմանին 189-ով գազ է առնում ու ներսում 380-ով ծախում:
Այո, այո, այդ մենք ենք առնում ու մենք ենք ծախում: Մենք ենք մեր տունը քանդում, մենք ենք երկիրը դատարկում, մենք ենք իրար հոշոտում: Ռուսներն այդ ամենում ընդամենն իրենց բաժինը փախցնող մեծապետական ժուլիկներ են, որոնք գիտեն, մեր իշխանական պլինտուսի հետ «աշխատելու ձևերը»՝ այսինքն մի հատ «փըշտ» ասելը:
Ոնց ընտանիքի անդամն է ընտանիքի դրսևորումների պատասխանատուն, էնպես էլ քաղաքացին է պետության բոլոր դրսևորումների պատասխանատուն: Ես պատասխանատու եմ Հայաստանում կատարվող ամեն այլանդակության համար, և նմանապես, բոլոր հայաստանցիք են պատասխանատու:
Հայաստանն առաջին հերթին մեր կերտածն է, հետո նոր ԿԳԲ-ի, թուրքերի, ասիականության, լիսկաների, լֆիկների ու մյուսների: Որովհետև հանրային արժեքայինի կերտումը երկու իրարամերժ պրոցեսների հանրագումար է՝ արարման ու մերժման: Հրապարակում միշտ էլ առկա են բևեռային երկու մտքեր, երկու օրինակներ, երկու մոտեցումներ, երկու վարք՝ նորման և աննորմալը, մարդկայինն ու հրեշայինը, սատանայականն ու Աստվածայինը: Շարքային մարդն ազատ է հետևելու դրանցից որևէ մեկին: Եվ եթե մեզանում հաղթել է հրեշայինն ու աննորմալը, ուրեմն նորմալներն ու մարդիկ պարտվել են աննորմալին ու հրեշին իրենց ասելիքում, օրինակում, մատուցման ձևերի մեջ, տեսականում ու գործնականում:
Պարտվել են ամեն օր ու ամեն քայլափոխի, տարիներ ի վեր ու դարեր շարունակ: Մեր ու զարգացած ազգերի միակ տարբերությունը սրանում է: Նրանք հաղթել են իրենց մեջի աննորմալին ու հրեշին, իսկ մենք պարտվել ենք մեր մեջի աննորմալին ու հրեշին:
88 թվին հրապարակ ելած ջահելները ծանր, «քռքաշ», հետևանքային՝ ադրբեջանական ու սովետական ոտնձգություններին զուտ արձագանքող պրոցես էին տանում՝ Գորբաչովից Ղարաբաղ ուզելով, նաիրիտ փակելով, դոշ ծեծելով ու հարակից հիստերիայով:
Պահին ու ապագային միտված ոչ մի նախաձեռնողական քայլ, ոչ մի կոնցեպտուալ ծրագիր չկար: Նույնիսկ մոտեցող պարտադրված անկախության զգացումը չկար:
Ղարաբաղն իհարկե Գորբաչովը չտվեց: Ապաշնորհության պատճառով թուղթ դառած սովետական ռուբլին լցվեց Հայաստան, տնտեսությունը կանգնեց, երկիրն անշնչացավ:
Թուրքերի պարտադրած պատերազմը մտանք, ու ահռելի կորուստներով հիմա ունենք էս դատարկվող երկիրն ու ոչ պատերազմ-ոչ խաղաղություն վիճակը, ուր մեր տականքն է մեր տերը:
Եզրակացություն. դեռ 88-ին ջահելներն անում էին այն, ինչ չգիտեին, իսկ ավագ սերունդն էլ հետևում էր ջահելներին ու ձենը կտրած սպասում էր հրաշքի, որը չկատարվեց:
Նաիրիտը փակելու խնդրով քիմիայի հազարավոր մասնագետներից որևէ մեկը խիզախություն չունեցավ բարձրանալու ամբիոն ու ասելու, որ հարգելիներս, դուք ոչ քիմիա գիտեք, ոչ տնտեսություն, ոչ էլ Նաիրիտ գործարանի էությունից եք բան հասկանում: Շեշտեր, որ Նաիրիտը համաշխարհային մակարդակով մոնոպոլիստ է, որ Նաիրիտի հաշվին Հայաստանի մնացած տնտեսությունն է ապրում: Որ Նաիրիտը բանակցային գործիք է, այլ ոչ թե տարան, որով սովետ պետք է քանդեք: Բացատրեր, որ Նաիրիտը կարելի է ոչ թե փակել, այլ մեր ուզածով շահագործել ու երկիր շենացնել:
Բայց չեղավ նման հրաշք՝ մասնագետները չխոսեցին: Իսկ ջերմուկով բարեկեցության հասնելու ջատագովները խոսեցին, գրավեցին ողջ եթերն ու ասպարեզը և ավիրեցին գործարանը, որը մինչև այսօր էլ մի քանիսի միլիոնների բազառի առարկան է ու հազարավորների դժբախտությունների կիզակետը:
Հիմա էլ նույնն էր՝ Բաղրամյանի վրա էին ջահելները, որոնք «պայքարում» էին 88 թվից "հոլ փախցրած", արդեն 50-60 տարեկան ավազակ իշխանությունների դեմ: Բայց ոչ ոք չգիտեր, թե ինչ է անում, ինչու է անում և ինչու պետք է իշխանությունը զիջի:
Ջահելները չգիտեին ինչ ու ոնց անելը, իսկ ավագ սերունդն էլ, որը նախորդ խաբված սերունդն էր և որը պետք է որ իմանար, թե ովքեր են այս իշխանությունները, պետք է որ պատմեր, սովորեցներ նոր սերնդին իր սխալների մասին՝ բայց լռում էր: Լռում էր, երբ ջրում ու ծեծում էին իր զավակներին ու թոռներին:
Նույնիսկ սպորտում, մարզիչի գործն է իր սանին քայլերը հուշելը: Բայց մենք նույնիսկ որպես մարզիչ էլ մեր բարձրության վրա չեղանք:
Ու լուռ էլ կմնանք՝ ճիշտ նույն ձևով, ինչպես նախորդ փուլերում լռում էին Հայաստանի մասնագետները, ակադեմիկոս կոչվածները, դոկտորներն ու պրոֆեսորները, երևելիներն ու ամենագետները:
Սա է հայկական արժեքային բյուրեղը՝ «եղունգ ունես՝ գլուխդ քորի» հիմնային բյուրեղը:
Եվ այդ բյուրեղն ամեն պահի սրբորեն պահպանվում է շատ-շատերի կողմից: Հանրային փուչ ակտիվությամբ ջրի երես ելած տգետների կողմից՝ որոնք համոզել են կողքիններին, որ գիտուն են: Օպտիմիստների կողմից, որոնք լլկեցնում են բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն գաղջ իրականությունը քննել: Կուսակցականների կողմից՝ որոնք իրենց դիրքերը պահելու համար պատրաստ են ցանկացած ստորության: Իշխանամետների կողմից, որոնց ձեռնտու է այս դժոխային վիճակը: Մի կերպ ֆիզիկական գոյությունը քարշ տվող համակերպվածների կողմից՝ որոնց միակ նպատակը ժամ ավել գոյատևելն է:
Ծանր վիճակ է:
Իրականում կոնկրետ մեղավորներ չկան: Քրեական հանցագործներ, մարդասպաններ ու հրեշներ իհարկե կան: Բայց հիմնական մեղավորը մենք բոլորս ենք, որ չենք հասկանում մեր ինչ լինելը, մեր դեֆեկտների հիմքը, մեր անելիքն ու չանելիքը ու չենք էլ մտածում այս հարցը քննարկելու մասին: Եվ հենց այդ արատներն են, որ կանաչ լույս են վառել մեր տականքի դեմ և մթնեցրել մեր օրը:
Ամեն քայլափոխի կլսենք, թե լիդեր չկա, լիդեր է պետք: Ոչ, լիդերը ներկա Հայաստանում դեռ անելիք չունի: Լիդերին կերտում է ժողովրդի արժեքայինը, ու նոր արդեն լիդերը հետադարձ կապով առաջ է տանում նորի պատրաստ ժողովրդին:
Հազար Չեգեվարա բեր, Գանդի, Մանդելա, Անդրանիկ ու Նժդեհ, այս արժեքայինով ժողովրդին նրանք քայլ անգամ առաջ չեն տանի:
Ժողովուրդն առաջին հերթին ազատության արժեքը պետք է իմանա, դրա համար ֆիզիկական պայքարի գիտակցումը պետք է ունենա: Ազատության ու սկզբունքի համար պարտիզանական պայքարի գնալու պետք է պատրաստ լինի:
Մարդասպան պաշտոնյան, վերին իշխանավորները իրենց դիրքին են հասել սկզբունքային պայքարով, արյամբ ու դավաճանությամբ: Դա ևս հետևողական, ֆիզկական պայքար է եղել: Պատահական ոչ մի մարդ չկա վերևներում:
Եվ անհնար է նման պայքարով անցած ու դիրքի հասած մեկի դեմ դուրս գալ մանկական երազկոտությամբ ու արդյունքի հասնելու հույս ունենալ:
Իշխանությունները գիտեն և կրակելը, և բանակցելը և նույնիսկ համատեղ աղոթելը: Բարի լինենք ճիշտ գնահատել մեզ ու իրենց, մեր ուժերն ու նրանց հնարավորությունները՝ եղած արժեքայինի ու դոգմատիկ մեթոդականի շրջանակներում:
Հազար անգամ նման մեթոդաբանությամբ փողոց եթե փակվի, հազար անգամ էլ այն բացվելու է ու պրոցեսն էլ պարտվելու է:
Նախապես երկրում պետք է կերտվի անկախության ձգտող ու անձնական շահի համար ֆիզիկական պայքարի պատրաստ գոնե 20-30 տոկոս հայություն, նոր որևէ քաղաքական կամ քաղաքացիական պայքարի քայլ մեկնարկվի: Իսկ դա անելու համար էլ գոնե 100 ունակ մարդ պետք է համակարծիք լինեն տեսականում և մեթոդականում և տարածեն իրենց գաղափարները:
Իսկ քանի դեռ դա չկա, թարգեք մանկամիտ ցանկություններով ու ոչ ադեկվատ գիտելիքներով հեծանիվներ հնարելը լուրջ չէ:
ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий