среда, 6 апреля 2016 г.

Չորս օրից հետո-ն


Քանի որ շատ ենք լարվել, ուզում ենք արագ մոռանալ: Մեզ դա կհաջողվի: Նրանց, ովքեր կորցրեցին իրենց տղաներին, տղամարդկանց, ամուսիններին, չի հաջողվի: Նրանք կուզեն իմանալ` ում մեղքով, ում պատճառով… Բայց ուժ չեն ունենա խոսելու այդ մասին ու պահանջելու:

Չորս դաժան օրերի ընթացքում մենք երկու անգամ տեսանք հանրապետության նախագահին և մեկ անգամ պաշտպանության նախարարին. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցում էին հայրենիքի պաշտպանների համար մատուցված աղոթքին, և երկրորդ անգամ` հոսպիտալում պառկած վիրավորներին այցի ժամանակ:

Պատերազմի առաջին իսկ օրը երկրի ղեկավարները դիմում են ժողովրդին, բացատրում, գոտեպնդում, հուսադրում, վստահեցնում, որ կանեն ամեն ինչ: Այդ մասին մենք մանկուց ֆիլմերից գիտենք: Չորս դաժան օրերի ընթացքում մենք չլսեցինք ոչ մի բառ: Տպավորությունն այնպիսին էր` կարծես մենք չկանք: Հոսպիտալ և եկեղեցի կարող էր գնալ ցանկացած տնային տնտեսուհի, ու հաստատ ավելի ջերմեռանդ կստացվեր աղոթքն ու հոգատարությունը՝ ավելի ջերմ: Երևանցի կանայք հոսպիտալի մոտ սպասում էին, որ իրենց վիրավորին այցի եկած ծնողներին տանեն իրենց տուն, ապահովեն կացարանով: Իսկ իմ շարքային կարծիքով` երկրի նախագահն ու պաշտպանության նախարարը ժամանակ չպետք է ունենային այսպիսի բաների համար: Մենք՝ ՀՀ շարքային քաղաքացիներս, չենք կարող բանակցել արտգործնախարարների հետ, չենք կարող պատասխանել ԵԽԽՎ նախագահին, չենք կարող այլ պետությունների ղեկավարների առաջ ներկայանալի դարձնել մեր երկիրը ու ցույց տալ մեր խելքը, խորամանկությունը, գրագիտությունը, ուժը:

Մենք պատիվ չունեցանք տեսնելու մեր արտգործնախարարին: Նրա չլինելը լինելու պես սովորական դարձավ: Բայց մենք ողջ ենք մնացել ու պարտավոր ենք շտկել այս ամենը: Մենք պարտավոր ենք գտնել ինքներս մեզ համար այն դիվանագետներին, որոնք կիմանան խաղաղության հասնելու ձևը:

Ամեն օր արթնանալիս պետք է հիշել, որ առնվազն 29 զինվոր` գումարած անհայտ կորած 28-ը, չեն կարող ուրախանալ հրադադարի լուրով, էլ չեն կարող իմանալ՝ ինչ եղավ իրենց երկում: Իրենք էլ չկան…

Տկար քաղաքական ու պետական գործիչների պատճառով նրանք էլ մեզնից մեկը չեն, էլ պլաններ ու հոգսեր չեն ունենալու, էլ չեն իմանալու հետոն: Սա արդեն ցրած ցույց չէ, իսկ իրենք ջրցանի տակ ընկած տղաներ չեն, որ վեր կենան, շտկեն իրենց ու նորից ապրեն: Մեծ հարց է՝ ադրբեջանցի զինվորակա՞նն է սպանել նրանց, թե՞ տկար քաղաքականությունը: Մահ կա շատերի խղճին: Միայն թե իրենք դա շուտ կփորձեն մոռանալ: Մենք պարտավոր ենք հիշեցնել: Բոլորս: Մաշտոցի պուրակ սնունդ տանող քաղաքացիներս, Մարգարյան ծննդատնից սնունդ իջեցնող կանայք, կամավոր առաջին գիծ գնացողները, տանը լացող կանայք ու տառապող տղամարդիկ: Մենք ողջ ենք մնացել, որ պատիվ պահանջենք չարվածի համար: Մենք ողջ ենք նրանց շնորհիվ՝ 29 գումարած 28:

Ինչ չեն արել՝ արդեն չենք վերադարձնի, բայց կարող ենք ստիպել անել այն, ինչ չի արվելու:

Բոլոր զոհվածների ընտանիքները պետք է ապրեն այնպիսի բարեկեցությամբ, ինչպիսին վայել է երկրի անվտանգությունն ապահոված զինվորի ընտանիքին: Նրանց ընտանիքները պետք է ստանան ոչ թե երկրի տերերի մեկ նախաճաշի չափով նպաստ, դա ողորմություն է, իսկ ողորմություն չի կարելի տալ կյանքը զոհաբերած տղային, այլ նրանց ընտանիքի անդամները պետք է ապրեն լավագույն վերանորոգված տներում, լինեն հագնված հերոսին վայել, սովորեն լավագույն ուսումնական հաստատություններում, իրենց զգան երկրի լիիրավ քաղաքացի, բուժվեն անվճար:

Այդպես պետք է ապրեն նաև նրանք, ովքեր առաջին գծից հետ կգան ողջ: Երախտագիտության միայն մահվան գնով չեն հասնում: Երբ կընդունվի որոշում հետ եկած զինվորի բարեկեցության մասին, ու հետ եկած զինվորը կպարգևատրվի ոչ թե անվճար երթևեկությամբ կամ նպաստով, այլ իսկական բարեկեցիկ կյանքով` վերանորոգված տներով, ամառային հանգստի հնարավորությամբ, ընդ որում` ոչ թե Աղվերանում ու Սևանում, այլ այնտեղ, որտեղ հանգստանում են իրենց համար աղոթող իշխանավորները, երբ իրենք նռնականետով ուղղաթիռ էին խփում, տանկ էին ոչնչացնում ու տեսնում ընկերոջ մահը տասնութ, քսան տարեկանում:

Եթե զինվորն իմանա, որ իր վտանգավոր ծառայությունը պարգևատրվում է երախտագիտությամբ, իսկ երախտագիտությունը խոսքի ու մեդալի տեսքով չի լինի միայն, այլ սիրուն կյանքի, կփոխվի նաև խաղաղ ծառայության ընթացքում տեղի ունեցող դեպքերի վիճակագրությունը:

Պատերազմական չորս օրվա ընթացքում մենք տեսանք մահ, գերություն, ադեկվատ հասարակություն, իր հնարավորությունների չափով օգնության պատրաստ մարդիկ, դիվանագետների փոխարեն սոցցանցերում բարձրորակ աշխատանք անող երիտասարդներ, զսպվածություն, նաև անհամ պաթոս: Աստված իրենց հետ, բայց երբեք չհասկացա ուրիշ տղամարդկանց պատերազմի ոգեշնչող ու գոտեպնդող տղամարդկանց:

Այս օրերին մեկ էլ շատ քիչ հնչեց խաղաղություն կարևոր բառը: Դիրք, հենակետ, Սմերչ, ՍՕՍ, նռնականետ, թշնամի, տանկ, ընկած ուղղաթիռ,- այս բառերի ու բառակապակցությունների շարքում շատ քիչ հնչեց խաղաղություն-ը: Միայն հինգերորդ օրը զինվորականներից մեկը, որ գիտեր պատերազմի դեմքը, հարցին, թե ինչ է հաղթանակը, պատասխանեց՝ «հաղթանակը խաղաղությունն է»:

Լուսինե Հովհաննիսյան 

Комментариев нет:

Отправить комментарий