среда, 6 апреля 2016 г.

Բացահայտվել է Ադրբեջանի դաշնակիցը. Այն պետք է հեռացվի


Դժվար է կանխատեսել, թե որքան կայուն կլինի այն հրադադարը, որ հաստատվել է Արցաի երկրորդ պատերազմում եւ արդյոք դա քառօրյա պատերազմ էր, ինչպես արդեն մտել է շրջանառության մեջ: Նկատելի է, որ ներկայում բավական ինտենսիվ է բանակցային գործընթացը տարբեր ուղղություններով: Սակայն, ապրիլի 5-ին Վիեննայում կայացած ԵԱՀԿ Մինսկի խմբի նիստը հաստատեց խմբի երեք համանախագահների միջնորդական մանդատը:
Այդ մանդատի հարցը արդեն տեւական ժամանակ դարձել է քննարկման առարկա: Ադրբեջանը դժգոհ է Մինսկի խմբից եւ անթաքույց ձգտել է փոխել այդ մանդատը, այն համարելով հայանպաստ:

Չի բացառվում, որ Բաքուն գնաց պատերազմի նաեւ այդ ակնկալիքով, որ կկարողանա կրակի դադարեցումը «վաճառել» բանակցային մանդատի դիմաց: Բաքվի ծրագրերը խափանվեցին այն բանից հետո, երբ հայկական զինուժը ոչ միայն սկսեց դիմադրել՝ ինչին Ալիեւն ըստ երեւույթին չէր սպասում, այլ անցավ հակագրոհի, Ադրբեջանին պատճառելով էական կորուստներ:

Դրանից հետո պատերազմի դադարը Մինսկի եռանախագահների մանդատի հետ փոխելն իհարկե չէր ստացվի: Ալիեւի այդ ակնկալիքը, որը գուցե գլխավորը չէր իհարկե, ակնհայտ ձախողվեց:

Այդուհանդերձ, Մինսկի խմբի եռանախագահության միջնորդական մանդատի խնդիրը թերեւս բավական հետաքրքրական է, առավել եւս քառօրյա պատերազմի ֆոնին: Լռելյայն կարծիք կամ համաձայնություն կա, որ եռանախագահների մանդատը ձեռնտու է Հայաստանին: Ըստ ամենայնի, այդ ձեռնտու լինելու տակ ենթադրվում է այն, որ այնտեղ չկա Թուրքիան եւ կա մեր դաշնակից Ռուսաստանը:

Անցնող չորս օրերը վկայեցին, որ Հայաստանը չունի «դաշնակից» Ռուսաստան: Մինսկի խմբում ի դեմս Ռուսաստանի գործնական դաշնակից ունի Ադրբեջանը: Դրա փաստերը բացահայտ են: Կարո՞ղ է որեւէ մեկը որեւէ պատմական օրինակ բերել, ներկայի օրինակ բերել, երբ որեւէ պետության դաշնակից այդ պետության հակառակորդին տրամադրում է բազմապատիկ ավելի սպառազինություն՝ ընդ որում թե քանակի, թե մահաբերության պարամետրերի առումով, քան իր դաշնակցին: Եվ դա այն դեպքում, երբ հակառակորդը պարբերաբար սպառնում է դանակցին ոչնչացնելով եւ պետական մակարդակով տարածում հայատյացություն ամբողջ աշխարհում:

Ռուսաստանի դաշնության վերջին շրջանի, եւ հատկապես վերջին չորս օրերի բոլոր քաղաքական քայլերը եղել են հօգուտ Ադրբեջանի եւ պարունակել են արհամարհանք եւ վիրավորանք Հայաստանի հանդեպ: Դրա վառ վկայությունը ԵՏՄ վարչապետների երեւանյան հավաքի հետաձգումն է, բացարձակ անհիմն պատճառով, ինչ է թե այդպես է ուզել Ղազախստանը:

Ռուս-ադրբեջանական դաշնակցության բազմաթիվ փաստեր, եւ ոչ մի փաստ հայ-ռուսական դաշնակցության մասին:
Այդպիսով, ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ի դեմս Ռուսաստանի դաշնակից եւ աջակից ունի Ադրբեջանը, ոչ թե Հայաստանը:

Եթե դրան է գումարվում այն, որ Ռուսաստանը ոչ միայն կասկածի տակ անգամ չի դնում, այլ վերհաստատում է իր հավատարմությունը 1921 թվականի Մոսկվայի պայմանագրին՝ անգամ Թուրքիայի հետ հակադրության պայմաններում, ապա առավել քան ակնհայտ է դառնում Մինսկի խմբում ռուս-թուրք-ադրբեջանական պատմա-քաղաքական դաշինքի առկայությունը:

1921 թվականի պայմանագրի բովանդակությունն արտացոլում է Կովկասի վերջին հարյուրամյակի զարգացման վեկտորը, որը պարբերաբար «ոռոգվում» է հայության արյունով: Եվ եթե Ռուսաստանը որեւէ կերպ կասկածի տակ չի դնում այդ վեկտորը, ապա նշանակում է, որ այդ պետությունն իր շահը անգամ ռուսական օդանավին Անկարայի հասցրած հարվաից հետո կապում է Թուրքիայի, ոչ թե Հայաստանի հետ:

Այդպիսով, այն, որ Մինսկի խմբի եռանախագահների ներկայիս կազմը ձեռնտու է Հայաստանին, մեղմ ասած հարաբերական է, քանի դեռ այնտեղ կա Ռուսաստանը: Քանի դեռ այնտեղ կա Ռուսաստանը, կնշանակի, որ այնտեղ են նաեւ Թուրքիան եւ Ադրբեջանը: Հետեւաբար, Մինսկի խմբում Թուրքիայի անդամությունը բացառելու համար բավարար չէ լոկ փակ պահել խումբը Անկարայի ֆիզիկական մուտքի առաջ: Անկարայի ներկայությունը սահմանափակելու համար պետք է խմբից հեռացվի Ռուսաստանը:

Մոսկվան բազմաթիվ օրինակներով ցույց է տվել, որ չի կարող համարվել խաղաղ միջնորդ՝ որովհետեւ միլիարդների մահաբեր սպառազինություն տրամադրելով Բաքվին նրան տվել է պատերազմի իրավունք, եւ չի կարող համարվել Հայաստանի «դաշնակից», քանի որ նրա հակահայկական քայլերը եւ դրա անգամ ողբերգական հետեւանքները բոլորի աչքի առաջ են, իսկ ահա դաշնակցային գործողությունները՝ միայն դեղնած թղթերի վրա:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий