вторник, 26 июня 2018 г.

ԱԱԾ-ն սենսացիոն մանրամասներ է ներկայացնում Վաչագան Ղազարյանի ձերբակալությունից


ԱԱԾ-ի տեսանյութը Սերժի Վաչոյի ձերբակալության մասին - YouTube

ԱԱԾ-ն երեկ ձերբակալել է ԱԱԾ կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին, նույն ինքը՝ Սերժի Վաչոյին: Ըստ ԱԱԾ հաղորդագրության, նա «անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել է «Յունիբանկ» ՓԲԸ-ից դուրս գալու պահին՝ ձեռքին առկա պայուսակի պարունակությունը, որում եղել է 120 հազար ԱՄՆ դոլարը, ինչպես նաև 436 միլիոն ՀՀ դրամ՝ Վաչագան Ղազարյանի անվամբ գրանցված ավանդային հաշվեհամարից:

Ըստ Վաչագան Ղազարյանի՝ կանխիկացման նպատակը եղել է գումարն իրական տիրոջը վերադարձնելը, իսկ թե ով էր գումարի իրական սեփականատերը՝ Ղազարյանը չի ցանկացել հայտնել:

Վաչագան Ղազարյանն անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել է առօրյա ծախսերի համար գրպանում առկա 500 հարյուր ԱՄՆ դոլարն ու 213 հազար դրամը, իսկ նրան բանկ ուղեկցած «Լեքսուս» մակնիշի մեքենայից հայտնաբերվել է 50 հազար ԱՄՆ դոլար:

Ազգային անվտանգության ծառայությունը տիրապետում է օպերատիվ տեղեկատվության, ըստ որի, Ղազարյանին բերման չենթարկելու դեպքում, վերջինս պատրաստվում էր կանխիկացնել «Արդշինբանկ» ՓԲԸ-ում իր հաշվին առկա 860 միլիոն դրամն ու կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի անձնական հաշվեհամարին առկա 690 միլիոն դրամը: Ընդհանուր հաշվով 1,5 միլիարդ դրամ»:

Վաչագան Ղազարյանը հայտնել է, թե «Յունիբանկ» և «Արդշինբանկ» ՓԲԸ-ների իր հաշիվներում առկա գումարը մոռացել է ներկայացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տրամադրած հայտարարագրում: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել հենց այս հանգամանքով:

Վաչագան Ղազարյանը բացահայտումների լրահոսում հայտնվեց իր ընտանիքին պատկանող Յանս ակումբում ու նրա ընտանիքին պատկանող տանը կատարված խուզարկություններից հետո, երբ մասնավորապես հայտնաբերվեց 1 միլիոն դոլարից ավելի կանխիկ փող: ԱԱԾ կադրային ռեզերվում գտնվող Ղազարյանը, ով Սերժ Սարգսյանի վարորդն էր ու հետո անվտանգության պատասխանատուն, քրեական գործի հարուցումից հետո փաստորեն փորձել է բանկերից հանել իր գումարները, եւ պարզվում է, որ երեք միլիոն դոլարի չափով փող ունի բանկերում, մեկ միլիոն դոլարն էլ արդեն կանխիկացրել էր: Ընդհանուր՝ 5 միլիոն դոլար:

Ուշագրավ է, որ ձերբակալման պահին նրա մոտ գտնվող մոտ 1 միլիոն դոլարը՝ 120 հազար ԱՄՆ դոլար եւ 436 միլիոն ՀՀ դրամ, նա հանել է իր հաշվից, բայց ինչպես ինքն է ասել՝ ուրիշի փող է, որ պետք է վերադարձներ: Փաստացի, այդ ուրիշը, մտահոգվելով Վաչագան Ղազարյանի հետագա ճակատագրով, նրան շտապեցրել է հանել այդ փողը եւ վերադարձնել իրեն:

Ո՞վ է նա, ո՞վ կարող էր բանկում Վաչագան Ղազարյանի անունով մեկ միլիոն դոլար պահել, եւ իմանալով, որ նրան հնարավոր է հետեւում են, ուղարկում է բանկից փող հանելու: Նրա մոտ գումարը պահել էին ապահովությա՞ն, թե հետքերը թաքցնելու համար:

Հայաստանում կատարվում են բացահայտումներ, որոնք «գերազանցում» են նույնիսկ ամենավատատեսների «սպասումները»:

понедельник, 25 июня 2018 г.

Նոր իշխանությունների ներքին և արտաքին անելիքները


Որպես սուբյեկտ, պետությունը հարաբերությունների երկու դաշտեր ունի՝ արտաքին հարաբերությունները ու ներքինը։ Արտաքին հարաբերություններում պետությունը պետք է խորամանկ, անողոք, վճռական, անարդար, նույնիսկ «սրիկա ու հրեշային» լինի հարևանության հանդեպ, որ դիմանա և հաղթող լինի նրանց առաջարկվող համանման մրցակցային սուբյեկտային վարքին։

Իսկ ներսում պետությունը պետք է համերաշխ լինի իր ժողովրդի ու քաղաքացիների հետ, նրանց շահերը պաշտպանի, որ քաղաքացին էլ որպես զինվոր ու գեներալ պետությունը պաշտպանի թշնամուց։

Սա կայուն պետականության գոյաձևի համառոտ, բայց հիմնական բնութագիրն է։ Զուգահեռաբար անհրաժեշտ է նշել, որ արտաքին և ներքին գոյակերպերը փոխկապակցված են և միացյալ են կերտում պետականության հիմնական  դրվածքները։

Ըստ որում, եթե ներքին հարաբերությունները հիմնականում կերտվում են հանրության արժեքայինի ազդեցությամբ և համաձայն նրա դրույթների, ապա արտաքինը հավասարապես կերտվում է ինչպես պետության մերձակա հարևանության և ռեգիոնալ աշխարհքաղաքական տրամաբանությունների ու վեկտորների պահանջներով, այնպես էլ ներքին հանրային-քաղաքական յուրահատկություններով։

Բայց, եթե ի նկատի ունենանք, որ հանրային արժեքայինն էլ նախորդ դարերի ու պատմության ընթացքում կուտակված արտաքին ճնշումների, պարտությունների ու հաղթանակների  հետևանքով ձևավորված վարքի և աշխարհայացքային նորմեր են, ապա պարզ կդառնա, որ գործ ունենք մոտավորապես հավի թե ձվի առաջնային լինելու հայտնի անորոշության հետ։

Նոր իշխանության գալով բոլորիս մոտ են առկա հրատապ հետաքրքրության հիմնական երկու հարցեր՝ թե հիմա ինչ ներքին ու ինչ արտաքին քաղաքականություն է վարվելու։

Հարցը կոնկրետ պատասխան չունի, քանի որ այն իշխանական այրերի արածի ու չարածի հետևանք, կամ արդյունք է լինելու։ Բայց և, փորձենք ուրվագծել, թե տեսականորեն ինչն է հնարավոր, ինչը՝ անհնար, որպեսզի հետագայում կարողանանք արձանագրել, թե ինչում հաջողեցին և ինչում թերացան իշխանությունները։

Հետանկախական Հայաստանի նախորդ երեք իշխանությունների դեպքում էլ արտաքին հարաբերությունները բացառապես առաջին դեմքերի իրավասության հարցն է եղել։ Նրանք են ձևավորել Հայաստանի արտաքին կողմնորոշումները։ Ոմանք կասեն, թե Հայաստանը որևէ այլընտրանք չի ունեցել դեպի Ռուսաստան չկողմնորոշվելու ու վասալային կարգավիճակ չունենալու։ Բայց վերը նշվածի լույսի ներքո հարցն առավել խորը  քննարկելիք ունի։ Եվ փորձենք պարզել, թե իրոք դա այդպես է, թե ոչ։

Պարզունակ դիտարկումը կասի, որ երկու կողմերից Հայաստանը գտնվել է թուրքական թշնամության կիզակետում և այլ ելք չկար, քան ռուսական գոնե թվացյալ պաշտպանական վահանի տակ լինելն էր։

Այո, դա այդպես է թվում, որովհետև անհնար է մտածել, թե Արևմուտքը հօգուտ Հայաստանի դեմ կլինի ՆԱՏՕ-ական Թուրքիային, կամ էլ նավթով հարուստ և առավել մեծ ռեսուրսներ ունեցող Ադրբեջանին։

Բայց եթե հարցին նայենք  առավել լայն՝ ռեգիոնալ տրամաբանություների շրջանակում, ապա այն արդեն միարժեք չի ներկայանա։ Նախ Ռուսաստանն ինքն է շահագրգիռ, որ Թուրանը չկայանա, որ ինքը ռեգիոնալ ներկայություն ունենա Հայաստանի միջոցով, և չկորցնի գոնե փոքր մասշտաբների, ռեգիոնալ գերտերության իր կարգավիճակը։

Բացի այդ, Արևմուտքը խնդիրներ ունի Իրանի ու Ռուսաստանի հետ կապված և արդեն այդ կոնտեքստում, Հայաստանի կարծիքը զրոյից տարբեր է և մեզ գոնե սիրաշահելու պահանջ կա Արևմուտքի մոտ։

Եթե ավելի խորը նայենք հարցին, ապա Գենոցիդի նախադեպի հետ կապված մենք մեծ խաղաքարտ ունենք  Թուրքիայի ու Իսրայելի դեմ, մեկին որպես Գենոցիդի հեղինակի, մյուսին էլ որպես Հոլոքոստ-գենոցիդը  մոնոպոլիզացրածի ու Ադրբեջանին զինողի ու հովանավորողի։

Ավելին, Հայաստանը ռեգիոնալ աշխարհքաղաքական կարևորագույն երկիր է՝ որպես հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք կրոնական, քաղաքակրթական առանցքներում գտնվող սկզբունքային սուբյեկտային միավոր։

Վերադառնալով նախնական պարզ դրվածքին, թե Հայաստանն այլընտրանք չուներ, քան դեպի Ռուսաստան կողմորոշվելը,  կտեսնենք, որ այո, Հայաստանը չուներ, բայց Ռուսաստան էլ Հայաստանին առավել բարձր չդասելու  տարբերակ չուներ, եթե մենք մեր քաղաքական ու ազգային արժանապատվությունն անհրաժեշտ բարձրության վրա դրած լինեինք։

Արևմուտքն էլ մեզ որպես ռուսական վասել դիտարկելու տարբերակը չուներ, Իսրայելն էլ Ադրբեջանին նման ծավալներով զինելու իրավունքը չուներ՝ եթե մենք առավել սուբյեկտային լինեինք։

Այսինքն՝

– Եթե մենք լիարժեք սուբյեկտայնություն ունենայինք, ապա մեր հարաբերությունները բոլոր հարևանների ու հզոր երկրների հետ այլ որակների կլինեին, քան կան հիմա։

– Եթե մենք  հանդես չենք բերել բավական հավակնություններ, որպեսզի մեզ հասանելիքը ստանանք թե ռուսներից և թե մնացածից, դա մեր մեղքն է, այլ ոչ ռուսական կգբ-ի պարտադրանքն է։ Որովհետև օբյեկտիվորեն, մենք հնարավորություններն ունեցել ենք որպես սուբյեկտ դրսևորվելու։

Եվ եթե մեր ռուսաֆոբների աչքին գերհզոր թվացող ԿԳԲ-ն, Ելցինը, կամ Ելցինի ու հետո էլ Պուտինի դռնապանը մեզանից պահանջել է ապասուբյեկտայնություն, անվերապահ ռուսական ենթակայություն ու Սևան-Հրազդան կասկադի ու ողջ երկրի նվիրումը Ռուսաստանին, ապա դա ոչ թե ԿԳԲ-ի կամ ռուսական դռնապանի հզորության մասին է խոսում, այլ հայկական իշխանությունների փալասության։

Այս ներածականից հետո էլ փորձենք վերլուծել, թե որտեղից է գալիս հայկական իշխանությունների քրոնիկ փալասությունը։

1. Լիդերական փալասության առաջնահերթային պատճառը լիդերի անձնական անորակությունն է որպես պետական գործիչի, որպես պետական շահերի հետապնդողի, որպես այլ ազգերի՝ իր կարգի լիդերների հետ մրցակից բանակցողի, որպես կամային ու հզոր անհատի, որպես ազգին ու իր պարտականություններին նվիրված հավակնոտ մարդու։

Ծանծաղ մտածելակերպի ժողովրդավարներն ասում են, որ եթե Հայաստանը ժողովրդավար երկիր լիներ, ապա ավտոմատորեն Հայաստանն այլ սուբյեկտայնություն կունենար և մենք այլ դիրքերում կլինեինք։

Բայց դա  դեմագոգիա է։ Նրանում պատճառի ու հետևանքի տեղերն են նենգափոխված։ Լիդերն ու երկրում եղած արժեքայինը, բարքերն ու դրվածքները նույն արմատի վրա են։ Եթե մարդիկ արժեքայինի մակարդակում ժողովրդավար լինեին, իրենք համ ժողովրդավար երկիր կերտած կլինեին, համ էլ գրագետ ու մակարդակով լիդեր կունենային։ Այսինքն պատճառը ոչ թե ժողովրդավար երկիր չունենալն է, այլ ժողովրդավար երկիր կերտելու ունակ ժողովրդավար ժողովուրդ չունենալն է։

2. Հանրության ժողովրդավար չլինելը հանգեցրել է նրան, որ մենք շարունակաբար ընտրություն ենք կեղծել և ամեն  ցիկլով վերարտադրել առավել վատ ու անկարող իշխանությունների։ Այդ իշխանությունների գլուխ կանգնած անկարող լիդերը անպայմանորեն զիջել է իր արտաքին մրցակիցներին պահանջվող որակներում, և որպեսզի որևէ կերպ պահպանի հարաբերություններն այլ երկրների հետ, որպես սեփական փրկագին նրանց է մատուցել մեր երկիրն իր հարստություններով։

Դա սովետական ժամանակների կոնյակ-բաստուրմով հարց լուծելու ժամանակակից տարբերակն է, ուր բաստուրման ու կոնյակն այլևս չեն կարող կոմպենսացնել լիդերի ոչնչությունը։

Միակ բանը, որ Հայաստանը ռուսներին նվիրող նախագահները ռուսներից խնդրել են, դա անձանական տանիք  ապահովելն է եղել։ Որն էլ ռուսները միշտ հաճույքով արել են։ Ի՞նչ մի դժվար բան է՝ ամեն ընտրությունից հետո շնորհավորել նոր կեղծիքներով ընտրվածին, մանավանդ որ արևմուտքն էլ է նույնն անում։

3. Հայկական լիդերներին ձեռնտու է եղել վիճակը ներկայացնել այնպես, որ իրենք չեն եղել պարտվողն ու անպիտանը, այլ անողոք ու նենգ ռուսական ԿԳԲ-ն, որն ամենազոր է, ու որի դեմ իրենք խաղ չունեն։ Որ ով էլ լինի, նույնն է լինելու, որովհետև ով կարող է ԿԳԲ-ի դեմ խոսել։

Ասվածից բխում է, որ Հայաստանը որպես ինքնիշխան, սուբյեկտային, նորմալ, որակյալ ու ամբիցիոզ լիդերով երկիր կառուցելու համար նախ և առաջ ներհանրային արժեքայինն է պետք վերակերտել։ Որ այդ արժեքայինն էլ անի մնացածը՝ որակյալ լիդերներ ու քաղաքացիներ կերտի, պետականության լուրջ կոնցեպտները լիդերներից պահանջի ու ապահովի։ Մի խոսքով, կայուն պետություն ստեղծի։

Ասվածից բխում է, որ ինչ հարցի քննարկման էլ լինենք, վերջում հանգելու ենք նույն խնդրին՝ մեր հանրային-ազգային արժեքայինի վերափոխման, մոդեռնացման խնդրին։

Եթե այս պնդումը վերածենք կոնկրետ թեզերի, ապա կեզրակացնենք.

Որ Հայաստանին ոչ մի ներդրում էլ պետք չէ։ Հայաստանին պետք է ինքնուրույն աշխատել իր ներքին ռեսուրսների հաշվին, որովհետև եկած ցանկացած ներդրում  կմսխվի անորակ լիդերների ու տիրող արժեքայինի պայմաններում։

Որ Նիկոլը պետք է ներհանրային տրամադրություններ, դրվածքներ ու արժեքային փոխի, որպեսզի հայը սկսի ինքն արարել-արտադրել, կերտել ու իր ապրանքը արտահանելով՝ իր ներդրումների փողը վաստակել։

Որ երկրում առկա մարդկանց փոխադարձ զրոյական վստահությունը նորմայի բերելու համար անհապաղ ներհանրային համերաշխության ու ընդհանուր հայտարարի գալու պրոցես է պետք  սկզբնավորել։

Որ մեր արժեքայինում ձևակերպված մեկ հզոր փրկիչի կոնցեպտը պետք է մոդեռնացվի գոնե բազմաթիվ փոքր փրկիչների ու համատարած անհատ քաղաքացի-սուբյեկտների կոնցեպտի, որպեսզի տեղերում հարցերն օբյեկտիվ քննարկվեն, տեղերում լիդերներ ծնվեն և ինքնուրույն գործի լծվեն։

Նման անհապաղ անելիքների ցուցակն անվերջ է։ Բայց առաջնայինը, հիմնականը՝ խաթարված ներքին հարաբերություններն են, որոնք ի վերջո պետք է կտրուկ վերանայվեն ու փոխվեն։

Մանվելի տուշոնկաները բացահայտելը, կամ քաղաքապետի ապարանքների մասին կլիպ նկարահանելն իհարկե կարևորագույն գործեր են, բայց շատ ավելի կարևոր է, որպեսզի կառավարությունը հասկանա իր անելիքները որպես թիմ և ամեն մեկը՝ որպես իր ասպարեզի լիդեր։

Անելիքներն իհարկե հազարավոր են, երկրում ամեն ինչն է գլխիվայր շուռ տրված։  Բայց այն, ինչ արվում է,  ծայրահեղ հատվածային է ու հախուռն։ Միակ լիդերը, ով դեռևս հետևողական է, Նիկոլն է։ Բայց կառավարական թիմը չկա, ասպարեզային լուծումները չկան, արժեքայինի վերակերտման մոդելներն ու ձևաչափերը չկան։

Առաջին նախագահի կործանարար թեզը՝ թե բարոյականություն քարոզելն անբարոյականություն է, դեռ ուժի մեջ է։ Բայց էլ ինչ ձևով է հնարավոր հանրայինի վրա մակաբուծող սրիկային կարգի հրավիրել ու չեզոքացնել, եթե ոչ բարոյականը քարոզելով ու այն նորովի հաստատողներին թիկունք լինելով։

Նոր կառավարության հետ կապված ամենաերկրորդական թվացող հարցերում մեկ էլ էնպեսի աբսուրդների ես հանդիպում, որ կասկածի տակ ես առնում հեղափոխության փաստն իսկ։

Оրինակ, երեկ  կարդում եմ վարչապետի օգնական, կոնֆլիկտոլոգ Արսեն Խառատյանի հախուռն հարցազրույցը, ուր հանդիպում եմ, մեղմ ասած, անսպասելի  ձևակերպումների։

Օրինակ, ասում է՝ «Փառք Աստծո, դեռևս Սերժ Սարգսյանը շատ հստակ ձևակերպեց մի կարևոր բան, երբ ասում էր՝ քառօրյա պատերազմի ընթացքում Թուրքիան միակ պետությունն էր, որ ամենօրյա ռեժիմով սպառնում էր Հայաստանին: Շատ ճիշտ էր ասում, և մենք կրկնում ենք դա ու ասում, որ այստեղ կաշկանդվածություն կա, և այստեղ օբյեկտիվ մոտեցում չի կարող լինել»:

Կամ էլ՝ «Դիտարկմանը, թե, օրինակ՝ Սերժ Սարգսյանը տիրապետում է բանակցային գործընթացին, նա նշել է. «Ոչ միայն նա: Օրը կգա, գուցե Սերժ Սարգսյանը գնա հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով, ո՞վ գիտի»:

Տեղյակ է արդյոք երիտասարդը, որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի հոծ մասնակցությամբ Սերժ Սարգսյանին իշխանազրկեց հենց որպես անկարող, գործերը տապալած ու թալան կազմակերպած ուզուրպատորի, որի գործունեությունը դեռ դատաիրավական գնահատականի է սպասում։ Տեսել է արդյոք հեղինակը Պոզների հարցազրույցը Սարգսյանի հետ ու ինչ է կարծում, այդ մարդը որևէ բանակցման ընդունա՞կ է։

Բացի այդ, Սարգսյանի օրոք առավելապես բարգավաճած Մանվել Գրիգորյանի բեսպրեդելի կադրերը տեսանք  ազգովի, ու այդ ֆոնին կոնֆլիկտոլոգը նրան դեռ որպես Արցախի կողմից հնարավոր բանակցո՞ղ է տեսնում։

Ըստ որում կանխատեսումն էլ համեմված  է անորոշությամբ՝ թե «ով գիտի»։ Ես իհարկե չգիտեմ, բայց վարչապետի օգնականի խոսքերում «ով գիտի»ն առնվազն զավեշտ է։

Ու այսքանից հետո էլ, ֆեյսբուքյան էջում իր հարցազրույցը քննադատողներին երիտասարդը նորից հախուռն քամահրանքով պիտակել է որպես անհասկացողների, ինտրիգանների, սադրիչների, ֆեյքերի ու չարախոսների։

Եթե ավելացնենք, որ նույն օրը 4 նախարարներով էլ բլոտ էին խաղում, պատկերը դաժանորեն է ամբողջանում։

Ծանր վիճակ է, հազարավոր խնդիրներ՝ մեկ Նիկոլ, մտքերը ձևակերպել չկարողացող արտաքին հարցերով  օգնական, ու բլոտի սիրահար նախարարներ։

Իմ նախնական թեզը, թե ներքին հարաբերությունները փոխելով ենք անցնելու արտաքին մարտահրավերները սանձելուն, դառնում է արդեն հրամայական։

Իմ առաջարկն է, որ վարչապետն ամենօրյա, 10-15 րոպեանոց կարճ ելույթներ ունենա հեռատեսիլով՝ հատուկ ներքին արժեքայինի վերակերտման հարցերով և ներկայացնի պահի ու հաջորդ օրվա խնդիրները։ Ինքն առաջարկի հանրային կոնկրետ անելիքները, ինքը ձևակերպի մեր ազգային անելիքների ճանապարհային քարտեզն օր առ օր։

Մենք ազգովի հեղինակություններ ընդունող չենք, բայց անվերապահ հավատում ենք փրկիչների։ Օրվա փրկիչը Նիկոլն է, և նա էլ պետք է վերցնի փրկչական դերը։ Ես երջանիկ կլինեի, որ Նիկոլի հետ մի քանի գոնե կիսահամարժեք ֆիգուրներ լինեին, որ փրկիչների սխեմաներից դուրս գայինք վերջապես։ Բայց ցավոք, այդպիսիք չկան և գործի ողջ ծանրությունը, ոնց հեղափոխության օրերին էր, էլի Նիկոլի ուսերին է։

Միայն ներքին մոբիլիզացիայով, ներքին վերակերտմամբ, նոր աշխարհընկալմամբ է հնարավոր, որ բոլորով գանք ընդհանուր հայտարարի ու դուրս գանք թալանի ու ապամասնագիտականի ճիրաններից։

Արևելյան վագրերում մարդիկ պատրաստ էին անմիջականորեն աշխատելուն, և նրանցում գործը սկսվեց ներդրումներից, տնտեսական վերափոխումներից ու անհապաղ աշխատանքից։

Մեզանում մինչև տնտեսական վերելքը դեռ  ներքին մակաբույծին, ներքին սրիկային, ներքին տականքին սանձելու փուլը կա, որը լիդերի քարոզով, պահանջով ու կոչով պետք է արվի՝ այլ ուղի չկա։

суббота, 2 июня 2018 г.

Փաշինյանի կառավարության դեմ ծառացած՝ իմ պատկերացրած առաջնային հարցերը


Իշխանությունը փչացնում է, բացարձակ իշխանությունը բացարձակ է փչացնում։ 
Լորդ Ջոն Ակտոն

Հայաստանում կառավարություն է փոխվել։ Վարչապետ Փաշինյանը համաժողովրդական սիրելին է։ Կառավարություն է կազմվել, չարաշահումներ են բացահայտվում։ Մարդիկ լիահույս են, որ երկրում մթնոլորտ է փոխվել և գնալով ամեն ինչ կարգի կգցվի, իսկ նախորդ հանցագործ իշխանությունների ձեռքում հայտնված մղձավանջային Հայաստանն էլ այլևս պատմություն է։

Դատելով ֆեյսբուքյան միջավայրից, որից ես քաղում եմ իմ հիմնական ինֆորմացիան մարդկանց վերաբերմունքների մասով, կարող եմ ասել, որ մեծամասնության մոտ անվերապահ լավատեսություն է։

Պարտված իշխանությունների երիտասարդական հենարանն ակտիվորեն դեմ է կատարվածին և ռեվանշի հույսերով սպասում է նոր իշխանությունների սխալներին։

 Ծայրահեղ արևմտամետները կատարվածում ռուսական ու նույնիսկ Սարգսյանական հետք են տեսնում։ Իսկ թե ինչու, կամ էլ թե որ դրսևորումների վրա է հիմնված իրենց այդ կարծիքը, հոդաբաշխ պատասխան չկա։ Իրենց հիմնական փաստարկն այն է, որ քանի դեռ Հայաստանն իրեն պաշտոնապես Ռուսաստանի թշնամի չի ձևակերպել, Հայաստանում իշխանությունը ռուսական խամաճիկների ձեռքին է լինելու։

Մարդկանց մեծ խումբ կա, որ հոռետես է՝ ռեֆորմների քայլերն ու արագությունն է սխալ համարում ու կառավարության թիմն էլ ոչ բավարար մասնագետ տեսնում։

Որոշներն էլ հոռետես են՝ հիշելով ՀՀՇ-ական առաջին իշխանության մետամորֆոզները, երբ գալով իշխանության, «մեր տղաներն» արագորեն մեկուսացան ժողովրդից և դարձան բացարձակ անհաղորդ մարդկանց ու իրենց պաշտոնական պարտականություններին։
Միարժեք մոտեցում չկա, թե ինչ դիրքորոշում ունենալ հանդեպ նոր կառավարությանը՝ սպասել գոնե 100 օրվան նոր իմի բերել արդյունքերը, թե քննարկել հարցերը և ընթացքում էլ բարձրաձայնել նկատելի թերությունները։

Ես վերջին տեսակետի կողմնակիցն եմ մի քանի նկատառումներով։

1. Հայաստանը չունի իշխանական ժողովրդավարական վարքի ավանդույթները և սպասելը կարող է նախորդ ՀՀՇ-ական իշխանության այլասերման նմանակով անվերահսկելի դարձնել նոր կառավարությունը ևս։

2. Իշխանության պաշտոնեական համալրումն ընթանում է մինչ հիմա համարյա անհայտ երիտասարդներով, ովքեր կառավարման որևէ փորձ չունեն։

3. Նիկոլ Փաշինյանը չի հայտատարել իր ռեֆորմների գաղափարաբանությունը, կոնցեպտը, տեսլականը, քայլերի առաջնահերթությունները, և դրանով իսկ տեղ է թողել բազմաթիվ մտահոգությունների։ Մարդիկ ամեն մեկն իր պատկերացումներն ունի այդ հարցերում և կարող է արվող քայլերը նույնիսկ բացասական էլ համարել։

4. Կառավարությունն ինքը չի ցուցաբերում հակվածություն ժողովրդավարական ավանդույթներին, այն է՝ չի ներկայացնում շաբաթական հաշվետվություն։ Այս խնդիրը նրբություն ունի այն առումով, որ վարչապետական երկրներում հաշվետվությունը ներկայացվում է խորհրդարանին։ Իսկ մեր դեպքում եղած խորհրդարանին հաշվետու լինելն անիմաստ է։ Բայցև, արագորեն նոր ձևաչափ կարելի էր սահմանել, օրինակ, կազմել քաղաքագետների, քաղաքական վերլուծաբանների, երևելի մտավորականների 20-30 հոգանոց խումբ (մեկական հարցի իրավունքով), որոնց հրապարակավ շաբաթական հաշվետու լիներ վարչապետը։

5. Այս կառավարությունը հեղափոխությամբ է եկել իշխանության, այլ ոչ ավանդական ժողովրդավարական ընտրություններով, հետևաբար նրա հանդեպ կիրառելի չեն ժողովրդավարական ավանդույթները և Նրա նկատմամբ պետք է իրացվի ընթացիկ հանրային վերահսկողություն։

6. Հայաստանի առջև կուտակված ու ծառացած խնդիրները և շատ են, և բարդ։ Դրանք հաղթահարելու ունակ փայլուն ուղեղ հաստատապես ունի վարչապետը, բայց իր թիմակիցները դեռս չեն ցուցաբերել նման փայլունություն։ Բացի, այդ, նկատվում է, որ Փաշինյանը նրանց մեծ ինքնուրույնություն ու ազատություն է տվել իրենց ասպարեզներում։ Ժողովուրդը կոնցեպտուալ լուծումների մանդատ է տվել Փաշինյանին, բայց ոչ իր նախարարներին։ Այդ պատճառով հանրությունը պետք է լսելի դարձնի կառավարությանն իր մտահոգությունները գոնե թիմակիցների մասով։

Այս նկատառումներն են, որոնք ինձ թույլ են տալիս, կառավարության դեմ հանդես գալ բազմաթիվ հարցադրումներով։

Իմ աչքին, առաջնահերթ հարցերը, որոնց համար այս կառավարության կողմից չկա հստակ նկարագիր, երկուսն են։

Ա. ինչն է եղել պատճառը, որ նախորդ բոլոր իշխանությունները այլասերվել էին այս աստիճան, և հիմա ինչն է արվելու այլ կերպ, որ հին այլասերումը նորովի չշարունակվի։

Բ. նախորդ իշխանությունների այլասերման մեջ որոնք էին համակարգային, որոնք արժեքային, որոնք օրենսդրական, և որոնք քաղաքական թերություններն ու թուլությունները, և ինչ գործիքներով ու մեթոդականով են պատրաստվում դրանք հաղթահարել։

Այսինքն ես չեմ տեսնում կոնցեպտուլա, մանրամասն ու հստակ մեթոդական, թե որ պրոբլեմն ինչպես է հաղթահարվելու՝ որը առաջին քայլով, որը՝ երկրորդ, որը՝ տասներորդ։

Երեկ տեղեկացել եմ ընդամենը երկու լուրի, որոնք գերսկզբունքային են հենց վերը նշված առումներով։

Առաջին լուրով վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը կատարել է առաջին նշանակումը՝ 21-ամյա Մուղնեցյան Տիգրանին նշանակել է օգնական:

Աղաջանյանի պաշտոնն ակնհայտորեն քաղաքական է, և իր նշանակվելը Փաշինյանի անձնական ընտրության արդյունք է։ Բայց օգնականի դիրքն արդեն ոչ քաղաքական է, այլ մասնագիտական, և այդ պաշտոնի համար պետք է մասնագիտական մրցույթ անցակցվեր։

Բայց դե ում է նման մանրուքը հետաքրում, անցնենք առաջ։
Աղաջանյանը նաև հայտնում է, որ աշխատակազմի տրամադրության տակ կա 110 ծառայողական մեքենա, որոնցից 30 տոկոսը կրճատվելու են (բայց չեն կրճատվելու վարորդները)։ Նաև ասում է, որ նախկինում կարևոր չինովնիկների մեքենաներին շաբաթական 300 լիտր դիզվառելիք է տրվել։ Այսինքն աշխատանքային մեկ օրվա համար ամեն մեքենային տրվել է 60 լիտր վառելիք։ Այդքան վառելիքով Մերսեդես մակնիշի ամենամեծ չափսերի ասենք SUV մեքենեները քաղաքում կգնան առնվազն 450 կիլոմետր։ Եթե հաշվի առնենք, որ քաղաքում միջին արագությունը մոտ 40 կիլոմետր է, ապա ստացվում է, որ նախորդ կառավարության աշխատակազմի «կարևորները» օրեկան իրենց վարորդներով 11 ժամ քշել են փողոցներով։ Իսկ միջին չինովնիկներն էլ ենթադրենք, վառելիքի կեսն են ստացել ու օրեկան 5,5 ժամ են քշել։
Իսկ ե՞րբ են աշխատել։

Իր մանրամասներով սա փաստացի հաղորդագրություն է հանցագործության մասին։ Բայց պարոն Աղաջանյանը այդ մասին ձայն չի հանում, այլ աղոտ ասում է, որ նոր կառավարությունն էդքան վառելիք չեն վատնի։

Ինձ հետաքրքիր է, թե փայլուն օգնականը միթե չի նկատել նման խոսակցության աբսուրդությունը և նախազգուշացրել իր ղեկավարին, որ նման բաներ կամ չխոսի, կամ խոսելուց էլ պատասխանատվությունը ստանձնի դատախազություն դիմելու։
Եվ այս ֆոնին ես բռնեցի ինձ մտքին, որ ինձ՝ միամիտիս թվում էր, թե պաշտոնը ստանձնելուն պես Փաշինյանը հաստատ արգելելու էր այդ մեքենաների շահագործումը։

Հաջորդ լուրն այն մասին էր, որ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը կառավարական ինքնաթիռով, 20 հոգանոց ներկայացուցչական խմբով մեկնել էր Դուշանբե, և գալուց հետո էլ տեղեկանալով, որ իմ պեսները հարցականի տակ էին դրել նման քայլի նպատակահարմարությունը, պարզաբանել էր։

Որ նախ փողային առումով այդքան մարդու գնալն այլ ձևով ավելի էժան չէր նստի, համ էլ ժամանակ կկորցվեր։ Եվ ամենակարևորը, որ պետական հարցերը այնքան կարևոր են, որ նման մանրուքների հետևից պետք չէ ընկնել։
Սա արդեն շատ ավելի լուրջ հարց է, քան աշխատակազմի ղեկավարի արգումենտներն էին ու լուրջ քննարկում է պահանջում։

Մի կողմ դնենք հարցը, թե ինչու հենց 20 հոգի էին պատվիրակության կազմում և այդ 20-ից ամեն մեկն ինչ արդյունք է արձանագրել։ Բայց մի բացատրություն պարտավոր եմ տալու, որը հետագայում ետ կպահի պարոն Միրզոյանին ու իր կոլեգաներին մեզ նման պարզաբանումներ տալուց։

Քաղաքագիտականի տարրականը, որի մասնագետը հենց պարոն Միրզոյանն է, ասում է, որ իշխանությունների ներքին այլասերման առաջին քայլերը սկսվում են հենց արտաքին հարաբերությունների ոլորտի կարևորությունն ու սպեցիֆիկան շահագործելուց։

Ժողովրդավարական երկրներում ներքին հարցերը լիարժեք հրապարակայնության են ենթակա, բայց այլ է արտաքին հարցերում։ Օգտվելով հարցերը գաղտնի պահելու պահանջից, իշխանությունները մարդկանց շանտաժում են իրենց իբր՝ գերկարևոր արտաքին ֆունկցիաներով և ենթարկեցնում ներքին հարցերում՝ առանց որևէ բացատրություն տալու։ Ինչպես պատերազմի վտանգի հարցն է տաբուների բերում ներքին հարցերում՝ թե դու թշնամու ջրաղացին ես ջուր լցնում։ Նմանապես, արտաքին ցանկացած հարցն է շահագործվում՝ բա թե մենք 20 հոգով գնացել էինք մայր Հայաստանի հարցերը լուծելու, ու դու դրա վրա արված ծախսերի՞ն ես դեմ։

Պարզ ասած, սա ուղղակի շանտաժ է, թե ձեններդ կտրեք, մենք երկիր ենք կառավարում ու մենք ենք են որոշում, թե որտեղ ու ումով կգնանք։
Ի՞նչ է ստացվում, որ կառավարության անցած երեք շաբաթներին ամենատարրական թվացող, պադավատի հարցերը որևէ կերպ չեն լուծվել ու դրանք չեն էլ նկատվում որպես առաջնահերթային։ Ավելին, դրան գումարվել է ամսեկան $250 000-ով վարձակալած ու մեծ ծախսերով սպասարկվող ինքնաթիռը որպես պադավատ օգտագործելը։

 Եթե այդպես է, ապա մոռանանք, որ հենց Նիկոլ Փաշինյանն էր տարիներ առաջ խոսում դանիական պառլամենտի 1 մեքենայի դիմաց Հայկական պառլամենտի 82-ի մասին։ Դե մենք հայ ենք, մեր համար պադավատը երրորդական տեխնիկական խնդիր է՝ ոնց ասում էր ԲՀԿևի կվոտայով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Իհարկե, եթե կառավարությունը դեռևս չի ներկայացրել իր առաջնահերթությունների կոնցեպտը՝ թե մեր պետականության խեղաթյուրումներից որն ինչ նշանակության է, խնդիրները կմնան աղոտ ու հենց այդ պատճառով էլ՝ անլուծելի։

Իմ սույն հոդվածը վերջին ամիսներին երևի երրորդն է՝ պադավատային թեմաներով։ Ոմանց աչքին սույն հարցը ներկայանում է որպես սևեռուն գաղափար, որոշներին էլ, հայերեն ասած՝ կռռոց։ Իհարկե, այն կռռոց կընկալվի մի միջավայրում, ուր պետական հանցագործները զուտ այս կամ այն մարդիկ են, բայց ոչ դրանց ծնող արժեքայինն ու միջավայրը։

Դե ինչ, առանց կռռոցի հուսանք, որ 21 տարեկան փայլունների կառավարությունը հարկերը մի քիչ ավելի լավ հավաքելով ու մի քանի սլաքավարի բանտ ուղարկելով երկիրը կհանի մղձավանջից։

Ի դեպ, կառավարության ծրագրի ընթերցումը դադարեցրի հենց առաջին նախադասությունից, ուր գրված էր՝ Հանրապետության կառավարությունը որոշում է. հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին։

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

пятница, 1 июня 2018 г.

Փոխվարչապետներն ընտրել են ամենաթանկ ու ծախսատար մեքենաները


Թավշյա հեղափոխությամբ գործադիրը «գրաված» մերօրյա հեղափոխականներն արդեն հարմարավետ տեղավորվել են ոչ միայն իրենց կաբինետներում, այլեւ՝ ծառայողական մեքենաների մեջ։ Ու շատ հետաքրքիր ընտրությամբ են իրար մեջ բաժանել՝ ով ինչ մեքենայով պետք է երթեւեկի, ինչ համարներով։ Բայց նախ հիշեցնենք կառավարության առաջին նիստը, որտեղ ակտիվ քննարկում ծավալվեց պետական ավտոպարկի ուռճացված լինելու մասին։ Հնչեցին ականջահաճո հայտարարություններ՝ պետք է կրճատել ծառայողական ավտոմեքենաները, դրանք ավելորդ ծախս են բյուջեի հաշվին եւ այլն։ Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ իր աշխատակազմին, օրինակ, տրամադրված է հինգ ավտոմեքենա, եւ ինքը հրաժարվել է երեքից։ Մյուս փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հրաժարվել է իր գրասենյակին հատկացված չորս ավտոմեքենայից երկուսից։ Երրորդ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հատկացված մեքենաների մասով որեւէ հայտարարություն չեղավ։

Մենք ֆիքսեցինք, որ Մհեր Գրիգորյանին սպասարկում է այն նույն BMW 750 Li մակնիշի ներկայացուցչական դասի շքեղ սեդանը, որն ի պաշտոնե հատկացված էր վարչապետին եւ գնվել էր դեռ Տիգրան Սարգսյանի օրոք։ Դրանից օգտվել են Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, հետո՝ նաեւ Կարեն Կարապետյանը։ Վերջինս կարճ ժամանակ անց հրաժարվեց այդBMW-ից ու նախընտրեց երթեւեկել իր անձնական Lexus LX 570-ով։ Գրիգորյանի BMW-ի վրա փակցված են նախկին փոխվարչապետի պետհամարանիշները՝ 002 LL 55, որոնք ժամանակին փակցված էին Վաչե Գաբրիելյանին սպասարկող Toyota Land Cruiser 200ամենագնացի վրա։ Այն այժմ սպասարկում է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, բայց արդեն «վարչապետական» պետհամարանիշով՝ 001 ԼԼ 01, որոնք նախորդ կառավարությունում նախատեսված էին վարչապետի համար։ Այսինքն՝ Գրիգորյանը վերցրել է վարչապետի մեքենան՝ փոխվարչապետի համարներով, իսկ Միրզոյանը՝ փոխվարչապետի «ջիպը»՝ վարչապետի համարներով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեքենան ու համարանիշներն էլ լրիվ այլ «օպերայից» են։ Նրան սպասարկում է զրահապատ Mercedes S-Class՝ երբեմնի նախագահականի համարներով՝ 136 UU 01: Նկատենք նաեւ, որ, ի տարբերություն մյուս փոխվարչապետների, Գրիգորյանը մեքենաներից հրաժարվելու մասին չի հայտարարել, եւ հյատնի էլ չէ՝ իրեն սպասարկող այս BMW-ից զատ այլ մեքենա հատկացվա՞ծ է նրա գրասենյակին, թե՞ ոչ։

Մենք փորձեցինք ճշտել, թե որ մեքենաներից են հրաժարվել փոխվարչապետները, ինչ են արել այդ մեքենաները (վաճառել են, կանգնեցրել են «գարաժում», նվիրել են եւ այլն) եւ ինչ սկզբունքով են իրենց օգտագործման համար ընտրել հենց այս մեքենաները։

Արարատ Միրզոյանի մամուլի քարտուղար Կարպիս Փաշոյանն ասաց, որ մեքենաների մակնիշներից լավ չի հասկանում եւ չի կարող մեր հարցերին հստակ պատասխանել, այդ թվում՝ չգիտի, թե ինչ մակնիշի են այն երեք մեքենաները, որոնցից հրաժարվել է փոխվարչապետը։ «Առանձնահատուկ ընտրություն չի կատարվել, միայն շեշտվել է, որ հինգից պետք է մնա երկուսը, թե որ երկուսը, մենք չգիտենք։ Ինքը նաեւ թիկնապահներից է հրաժարվել»,- ասաց նա։ Հետո գրասենյակի ղեկավարից ճշտեց ու տեղեկացրեց, որ այդ երկու մեքենաներից մեկը Toyota Prado է (խոսքը, հավանաբար, մեր նշած Land Cruiser-200-ի մասին է)՝ 001 LL 01 պետհամարանիշով, որը սպասարկում է առաջին փոխվարչապետին, մյուսը Toyota Camry է՝ 018 UU 01 համարանիշով, որը, փաստորեն, դարձյալ «նախագահականի» համարներով է ու սպասարկում է ընդհանուր գրասենյակին։ Մյուս երեք մեքենաների մասով դժվարացավ հստակ բան ասել՝ կառավարության աշխատակազմը կորոշի, թե ինչպես տնօրինել։ Բնական է, որ մեքենաների մի մասից հրաժարվելու ողջ նպատակը բյուջեի միջոցների խնայողությունն է։ Հետեւաբար, հարցրինք Փաշոյանին՝ ի՞նչ սկզբունքով են որոշել, որ Արարատ Միրզոյանին պետք է սպասարկի ավտոպարկի ամենաթանկարժեք ու ծախսատար մեքենաներից մեկը՝ աժդահա Land Cruiser 200 ամենագնացը, որն ավտոպարկում եղած ամենածախսատար մեքենաներից է։ Փաշոյանն ասաց, որ առաջնորդվել են խնայողության սկզբունքով։

Նկատենք, որ Միրզոյանին սպասարկող այդ հսկա «ջիպը» կառավարության ավտոպարկում եղած մյուս մեքենաներից՝ Toyota Corolla, Camry, Kia Cerato եւ այլն, 2-3 անգամ շատ բենզին է ծախսում, նույնքան ավել գույքահարկ է մուծվում դրա համար, եւ, առհասարակ, այդ խոշոր ամենագնացի ամեն մի անվադողն ու ցանկացած այլ ավտոմաս մի քանի անգամ թանկ արժեն, քան վերը նշված մեքենաների դեպքում է։ Ու եթե Միրզոյանը հրաժարվի նման թանկարժեք «ջիպով» երթեւեկելու ցանկությունից եւ այն փոխարինի միջին դասի որեւէ խնայող սեդանով, կհամարենք, որ բյուջեի միջոցներն այս մասով գոնե իսկապես խնայեցին։

Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն էլ ասաց, որ Ավինյանը հրաժարվել է իրենց հատկացված չորս մեքենաներից երկուսից։ Այդ չորս մեքենաներից նրանք ընտրել են 2009-10 թթ․ արտադրության Mercedes S-Class-ը` 001 LL 55 պետհամարանիշով, որը սպասարկում է փոխվարչապետ Ավինյանին, եւ մեկ BMW (014 LL 50), որի մոդելը չնշեց։ Ենթադրաբար՝ դա նախկինում կառավարության աշխատակազմի ղեկավարին սպասարկած բիզնես դասի BMW-ն է (BMW 523 i): Թե ինչ մեքենաներ են մյուս երկուսը, որոնցից հրաժարվել են, Սիսեռյանը չկարողացավ նշել։ Նա նաեւ դժվարացավ ասել, թե արդյոք խնայողությա՞ն նպատակով են ընտրել հենց այս մեքենաները։ Նշենք, որ Ավինյանին սպասարկող Mercedes S-Class-ը ներկայացուցչական դասի թանկարժեք սեդան է ու խնայողների դասին չի պատկանում։ Այս մեքենայի միայն Airmatic կախոցների վնասման դեպքում մի քանի հարյուր հազար դրամի ծախս է առաջանում՝ գումարած վառելիքի մեծ ծախսը, գույքահարկը եւ շահագործման մյուս ծախսերը, որոնք նկատելիորեն բարձր են՝ համեմատած ավելի ցածր դասի մեքենաների հետ։ Գրեթե նույնն է նաեւ BMW-ի դեպքում, որը եւս բավականին ծախսատար մեքենա է։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
«Հրապարակ»