понедельник, 26 июня 2017 г.

Բաց նամակ ՀՀ բարձրաստիճան այրերին


Մինչ կարևոր 
որոշումներ ընդունելը, 
խորհրդակցեք 
մասնագետների հետ

ՀՀ նախագահ պրն Ս.Ա. Սարգսյանին
ՀՀ ԱԺ նախագահ պրն Ա.Ս. Բաբլոյանին
Վարչապետ պրն Կ.Վ. Կարապետյանին
Գիտության Պետական Կոմիտեի նախագահ Ս.Գ. Հարությունյանին
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ.Մ. Մարտիրոսյանին

            Վերջերս, ի զարմանս իրենց, ՖՀԻ-ի գիտնականները հայտնաբերեցին, որ գիտական նախագծերի մրցույթում (օրինակ` ՌԴ գիտնականների հետ համատեղ) խմբի ղեկավարի համար, ով պատրաստվում է մասնակցել մրցույթին, մտցվել է տարիքային «70 տարեկան» սահմանափակում: ՌԴ կողմից այդպիսի, մեղմ ասած, տարօրինակ տարիքային սահմանափակումներ չկան: Թվում էր, որ մեր պետական բարձրաստիճան պաշտոնյաներին առնվազն այդ փաստը մտածելու տեղիք կտա, սակայն ավաղ ոչ։

            Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում ֆինանսավորման հայտ ներկայացված նախագծերը գնահատելիս հաշվի է առնվում դրա գիտական կողմը, ինչպես նաև նախագծի ղեկավարի գիտական մակարդակը: Արդեն բավականին ժամանակ է, ինչ մշակվել են գիտական գործունեության գնահատման չափանիշներ` 1) հրատարակված գիտական աշխատանքների քանակը` հաշվի առնելով տվյալ ամսագրի ազդեցության գործակիցը, քանզի որքան մեծ է ազդեցության գործակիցը, այնքան ավելի խիստ գրաքննություն է անցնում տվյալ աշխատանքը, 2) գիտական գործունեության կարևոր չափանիշ է հանդիսանում հրատարակված աշխատանքների վրա ուրիշ հեղինակներից կողմից արված հղումների քանակը: Այդ չափանիշների հիման վրա գիտնականը ստանում է h-ցուցիչ (h-index): Համացանցում կան կայքեր (օրինակ` https://scholar.google.com), որտեղ գիտնականը կարող է իմանալ իր h-ցուցիչը: Այսպիսով, նախագծի ղեկավարը փորձագետների կողմից գնահատվում է ըստ վերը նշված չափանիշների: Ընդ որում, արևմտյան փորձագետներն ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում նախագծի ղեկավարի ո՛չ տարիքին, ո՛չ հասակին և ո՛չ էլ նրա կշռին:

             Այնպիսի երկրներ, ինչպիսիք են` Քուվեյթը, Արաբական Էմիրությունները, Սինգապուրը և այլն, հրավիրում են մեր գործընկերներին, որոնցից շատերի տարիքը 70-ն անց է, որպեսզի ուսուցանեն տեղի երիտասարդներին` նպատակ ունենալով զարգացնել իրենց երկրի հիմնարար գիտությունը։ Ավելին, նրանց վճարվում է ամսական 6-8 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձ, ընդ որում՝ հրավիրելիս չափանիշները զուտ գիտական են:

             Հայաստանի գիտնականների ավագ սերունդը, որոնցից շատերն ունեն խորը գիտելիքներ, կուտակած մեծ փորձ և բարձր գիտական ինտուիցիա, իրենց գիտելիքները փոխանցում են երիտասարդներին` պատրաստելով գիտական փոխարինողներ և շարունակում են ակտիվորեն աշխատել նույնիսկ այսպիսի չնչին աշխատավարձով՝ կազմավորելով «Հայստանի Գիտության Ոսկե Ֆոնդը»: «Ոսկե Ֆոնդի» վառ ներկայացուցիչ է հանդիսանում մեր գործընկերը՝ գիտությունների դոկտոր Է. Շառոյանը, ով, լինելով 85 տարեկան, ակտիվորեն մասնակցում է ինստիտուտի սեմինարներին՝ հանդես գալով գերազանց գիտական զեկույցներով: Ներկա ավագ սերունդը գիտության նկատմամբ իր վերաբերմունքով հանդիսանում է հրաշալի օրինակ երիտասարդ գիտնականների համար, որոնցից շատերը սկսում են հասկանալ, որ գումարը չէ, որ ամենակարևորն է այս կյանքում:

            Այն թեզը, որ ավագ սերնդի գիտնականներին սահմանափակելը կամ զրկելը երիտասարդ գիտնականների առջև կբացի դռներ, խորը մոլորություն է: Պարզ օրինակ` գիտական նախագծերի մրցույթին մասնակցող խմբի ղեկավարը վերջին հինգ տարվա ընթացքում պետք է ունենա հրատարակված առնվազն հինգ աշխատանք: Դա շատ անաչառ պայման է, ինչը վկայում է այն մասին, որ խմբի ղեկավարը ներկա ժամանակում ակտիվորեն աշխատում է: Եթե խմբի ղեկավարի տարիքը 70֊ն անց է, և նա չի կարող մրցույթին մասնակցել, ապա այդ խմբի մնացած երիտասարդ մասնակիցները (ներառյալ ասպիրանտները և ուսանողները), չունենալով վերջին հինգ տարվա ընթացքում հրատարակված հինգ աշխատանք, դուրս են մնում այդ մրցույթից: Ահա, թե ինչ ճանապարհ է «բացվում» երիտասարդների համար։ Նման օրինակ է հանդիսանում հայտնի գիտնական, դոկտոր Ա.Գ. Պետրոսյանի (h-ցուցիչը մոտ 25 է) իրավիճակը, ով հայտնվել է տարիքային սահմանափակման տակ, ընդ որում՝ տուժում են նաև իր խմբի երիտասարդ գիտնականները:

             Կրկին նշենք, որ լավ հասկանալով գիտության մեջ տիրող իրավիճակը, ՌԴ պաշտոնյաները արհեստական տարիքային սահմանափակումներ չեն մտցնում։ Համեմատությունը բերում ենք ռուսական գիտության հետ, քանի որ այն ավանդաբար մեզ ամենամոտն է: Պետական պաշտոնյաների կողմից որոշված տարիքային «70 տարի» ներմուծված սահմանափակումը հանդիսանում է բացարձակապես չմտածված քայլ և մեծ վնաս է հասցնում հայկական գիտությանը։ Այդ սահմանափակումն անհապաղ պետք է հանել, քանի դեռ այն չի հանգեցրել անուղղելի հետևանքների:

            Ակնհայտ է, որ մտավոր ունակությունները կրում են խիստ անհատական բնույթ: Այդ իսկ պատճառով ՌԴ կառավարությունը դեռևս տարիներ առաջ ճիշտ որոշում կայացրեց և վերացրեց հետազոտական ինստիտուտների տնօրենների տարիքային սահմանափակումները: Ժամանակն է, որ մեր կառավարությունը նույնպես վերացնի այդպիսի տարիքային սահմանափակումները (65 տարեկան), իսկ որոշումը կայացնի՝ ելնելով տվյալ անձից: Հիանալի գիտնական և հրաշալի կազմակերպիչ, գիտությունների դոկտոր Ա. Հախումյանը տարիքային սահմանափակման պատճառով դուրս եկավ Հայաստանի ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի Ինստիտուտի տնօրենի պաշտոնից, դրանից տուժում է այդ ինստիտուտը:

             Վստահ ենք և համոզված, որ արհեստական տարիքային սահմանափակումների տակ չպետք է ընկնեն ակտիվ աշխատող գիտաշխատողները և լաբորատորիաների վարիչները, ովքեր ունեն բարձր h-ցուցիչ:
     
Հայաստանի Հանրապետության ԳԱԱ 
ՖՀԻ գիտաշխատողների հանձնարարությամբ,
Ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր Դավիթ Սարգսյան

22.06.2017թ.

четверг, 30 марта 2017 г.

Ինչո՞ւ է ԼՏՊ-ն այդպես հանքակտուր-շնչակտուր շտապում


Հ1-ը Սերժ Սարգսյանի զոմբոպրոպագանդայի հիմնական գործիքն է:
Հ1-ով, ոչ ոք, կրկնում եմ, ոչ ոք չի կարող ելույթ ունենալ, ելույթի ժամանակ գնել, ծանոթով խցկվել ինչ-որ մի պահ, թեկուզ հինգ րոպեով, եթե դրա կարիքն ու անհրաժեշտությունը չունենար ՍՍ-ն:
Ինչպես ասում են՝ հավքն իր թևով, օձն իր պորտով...

Հ1-ը ռուսական քաղաքականության զոմբոպրոպագանդայի ֆիլիալն է Հայաստանում, ինչպես Էդիկ Նալբանդյանը Լավրովյան ԱԳՆ-ի ստորաբաժանումն է Հայաստանի ու սփյուռքի գծով:
ՍՍ-ի նամեստնիկ լինելու մասին չխոսեմ:

Ուստի Հ1-ով ամբիոն տրամադրել որևէ մեկին ցանկացած հարցի շուրջ կարծիք հայտնելու, միայն կարող է իրականանալ բացառապես ՍՍ-ի թույլտվությամբ, համաձայնությամբ կամ հանձնարարությամբ:

Կոնկրետ Հ1-ով ԼՏՊ-ի բենեֆիսը ղարաբաղյան խնդրի «լուծման» առաջ մղումն էր ռուսական կայսրության «վերականգնման» ծրագրի շրջանակներում, որին իր առաջին նախագահության հենց սկզբից լծվել է «дед»-ը:
Չեմ խորանում մանրամասների մեջ:

Ելույթն իր մեջ այնքան հակասություններ էր պարունակում, որ չզոմբիացած ցանկացած մեկը կարող է մատնանշել մի քանիսը:

Եւ եթե կան իրենց խոսքը հանրային հարթակում բարձրաձայնելու պատասխանատվություն ստանձնած մարդիկ, որոնք չեն նկատել, հասկացել այդ հակասություններից գոնե մեկը, ուրեմն իրենք իմ ասած «անմեղսունակներից» են արդեն ու իրենց խոսքն ու կարծիքը արժեք չունի և հետևաբար հանրային նշանակություն ունենալ չեն կարող:

Միայն կանդրադառնամ իր ամբողջ խոսքի ու «տրամաբանության» հիմքը հանդիսացող «խնդիրը Հայաստանի ու Ադրբեջանի միջև չէ, դա Հայաստանի ու աշխարհակարգի միջև է» պնդմանը:
Ամբողջությամբ կեղծ, սնանկ ու վտանգավոր թեզ:

«Աշխարհակարգը»՝ դա հետպատերազմյան համաձայնությունների ու կառույցների համակարգն էր, որոնցով պատերազմում հաղթող պետությունները սահմանեցին միջազգային համակեցության կանոններ, որը հնարավորություն կտար ազգերի խաղաղ գոյակցությանը:

Սառը պատերազմի տարիներին այդ աշխարհակարգը գործում էր մի տրամաբանությամբ, այն պահից, երբ գերմանիաները միացան, Արևելյան Եվրոպան ազատագրվեց սովետիզացիայից ու մուտք գործեց ՆԱՏՈ, երբ ՍՍՀՄ-ն ու Հարավսլավյան տրոհվեցին անկախ պտությունների, այդ պահից սկսեց գործել այլ կանոններով, տրամաբանությամբ ու թելադրանքով գործող աշխարհակարգ:

Այժմ, երբ Պուտինը փորձում է վերականգնել Ռուսաստանի դերն այդ աշխարհակարգում, հընթացս փորձելով «ծնկած դիրքից բարձրանալ», վերականգնելով կայսրությունը ու այդ ճանապարհին չի աշխատում որևէ աշխարհակարգ, բացի հիբրիդային պատերազմները (Վրաստան, Ուկրաինա, ԻԳԻԼ,Սիրիա, ապրիլյան չորսօրյան և այլն), երբ Թրամպով պայմանավորված չկա հստակություն նաև Եվրոպական ու ԱՄՆ քաղաքական դերակատարման մասով այդ աշխարհակարգում, խոսել ինչ որ աշխարհակարգի մասին, ու դրա «թելադրանքով» պայմանավորված լուծումների անխուսափելիության ու միջազգային երաշխիքների մասին ու այն հակադրել Հայաստանին, առաջին հայացքից կարող է թվալ անմտություն (անմեղսունակություն), իսկ իրականում՝ Ռուսաստանի սկսած «նոր աշխարհակարգի» կերտման էպիզոդներից մեկն է ԼՏՊ-ի ու նրա գովերգած ՍՍ-ի ու Էձիկ Նալբանձյանի կատարմամբ: Ու ինչպես միշտ, Ռուսաստանը դա նախապատրաստվում է անել այս ռեգիոնում Հայաստանի հաշվին, ինչպես նախորդ դարասկզբին հայ բոլշևիկների ձեռքով, հիմա էլ հայ ԼՏՊ-ների ու ՍՍ-ների ձեռքերով:

Սովետի ժամանակ էլ կոմունիստ լիդերներն էին ասում. «մեզնից ոչինչ կախված չէ: Ամեն ինչ որոշվում է Կրեմլում»: Իսկ Դեմիրճյանն էլ ասում էր. «Ղարաբաղը ջեբո՞ւմս է, որ հանեմ տամ»:

Չեմ հասկանում, էլ ի՞նչ անի ԼՏՊ-ն, որ մարդ հասկանա.
Նրա, ինչպես նաև նրա կոլեգաներ ՍՍ-ի էձ. Նալ-ի հայրենիքը ՍՍՌՄ կայսրությունն է, որին հատուկ ծառայությունների խողովակներով ծառայել ու շարունակում են ծառայել ցմահ, նաև հայոց պետության վերացնելու գնով:

*  *  *
ԼՏՊ-ն ակնհայտորեն նենգափոխում է պատճառահետևանքային կապերը, երբ միջազգային իրադարձություններից բերում է ճշմարտացի օրինակներ, իսկ արված հետևությունները գլխիվայր շուռ է տալիս:

Նման կերպ վարվեց և՛ Կոսովոյի-Սերբիայի օրինակը բերելուց, և՛ Իրաք-Քուվեյթ օրինակը բերելուց: Իսկ Իսրայելին հղում անելը երեսպաշտության ու անհրաժեշտ եզրահանգման գալու համար փաստերը կամայականորեն մանիպուլյատիվ ներկայացման դասական օրինակ էր:

Բոլոր այն եզրակացությունները, որոնք ճշգրտորեն կարող էր անել Ադրբեջանի համար, շուռ տվեց Հայաստանի վրա:

Իսկ ՍՍ-ի դիրիժորությամբ ընթացող ընտրաֆարսի այլ մասնակիցների արդարացի գնահատականները այն «համեղ գարնիրն» էր, որ եկավ լրացնելու, հավաստիության դոզա հաղորդելու իր նախորդ դատողություններին:

Սոփեստության, ունկնդրի գիտակցության վրա ազդելու, հատուկ ծառայությունների կողմից վաղուց մշակված ու փորձարկված մեթոդի դասական, քրեստոմատիկ օրինակ, որն այժմ շատ են օգտագործում ռուսական հատուկ ծառայությունների զոմբոպրոպագանդիստներն ամեն օր իրենց թոք-շոուներում:
Կիսելյով, Սոլովյով, Բաբայան և այլք:

Ելույթի բովանդակությանը չեմ անդրադառնա:
Բանավոր ժամանոց հարցազրույցի բովանդակությանը գրավոր, մանրամասն, հիմնավոր ու համարժեք անդրադառնալու համար առնվազն պետք է «տարած» լինես, հատկապես, որ նման ծավալի նյութ ոչ ոք չի կարդալու:
Ուզում եմ ուշադրություն հրավիրել երկու հանգամանքի վրա:

Առաջինը:
Ի՞նչ եղան խոստումները, թե այսուհետ մենք ունենք միայն մեկ հակառակորդ, հանձինս Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի: Եւ մեր պայքարի թիրախը միմիայն նրանք են ու քննադատություններն ու մերկացումներն էլ ուղղված կլինեն բացառապես միայն նրանց:

Մյուսներին չենք անդրադառնա, և եթե նույնիսկ նրանք մեզ վրա ցեխ էլ շպրտեն, չենք պատասխանի:
Պարզվեց (իսկ դա շատերիս է հայտնի դեռևս 90-ականներից), որ ինչպես ՀՀԿ-ի ու ՍՍ-ի դեպքում է, ԼՏՊ-ի ու ՀԱԿ-ի դեպքում էլ գործը խոսքի ճիշտ հակառակն է:

Երկրորդը:
Ինչու՞ ԼՏՊ-ն ակտիվացավ հատկապես ապրիլյան ադրբեջանական հարձակման ձախողումից անմիջապես հետո ու մինչ այժմ երիտասարդական ավյունով շարունակում է նույն գիծը տանել:
Եթե չեք մոռացել, նա սկսեց ակտիվ «հողեր-խաղաղության դիմաց» (իրականում՝ հողեր-իշխանափայի դիմաց) լոզունգով հանդես գալ հենց այդ օրերից սկսած, երբ սկսեց քարոզչական հանդիպումները ՍՍ-ի հետ ու այցելեց Արցախ ու հանդիպեց այնտեղի ռսահպատակ իր կոլեգաների հետ:
Բազմիցս փաստերով հիմնավորել եմ, որ ապրիլյան ադրբեջանական հարձակումը նախապես մշակված, պլանավորված ու համաձայնեցված էր Մոսկվա-Բաքու-Երևան ղեկավարների մակարդակով, Լավրովյան ծրագրի շրջանակներում ու ծառայում էր մեկ նպատակի:

Թեթև, պլանավորած, փոխհամաձայնեցված պատերազմի իմիտացիայով հանձնել հինգ շրջանները, դրա դիմաց Բաքուն կմտներ ԵԱՏՄ, ռուսական խաղաղարար ուժերը կտեղակայվեին շրջանում, տարածաշրջանն ամբողջությամբ ու վերջնական կանցներ Մոսկվայի գերիշխանության տակ (20 թվի մարտի 16-ի պայմանագիր), իսկ Մինսկի խումբն էլ կիմաստազրկվեր ու դե ֆակտո կդադարեր գործելուց, Արցախի խնդրի լուծումն ամբողջությամբ հանձնելով Կրեմլի ողորմածությանը:

Այդ ծրագիրը չիրագործվեց, տապալվեց կողմերի կամքից անկախ պատճառով միայն:
Հայ զինվորի հերոսական, ֆանատիկ հայրենասիրության ու ինքնազոհողության գնով։ Բայց Պուտինյան ծրագիրը մնում է ուժի մեջ, ու չնայած պլան A-ի տապալմանը, Կրեմլը անցավ նույն ծրագրի պլան B-ի գործարկմանը:

Ու ահա խաղի մեջ մտավ-մտցրին ԼՏՊ-ն ու սկսվեց հայ ժողովրդի ահաբեկումը «անգերազանցելի պատմաբան» (չեք մոռացել, չէ՞, որ պատմությունը կեղծ գիտություն է), «Հիմնադիր» (հիմնաքանդ),
մասսայական հիպնոսա-զոմբոմասնագետի կողմից:
Ցինիկաբար:
Խեղաթյուրմամբ ու ստելով:

Հատուկ ծառայություներում ստացած «ДЕД» (միամիտների համար պապի փաղաքշական թարգմանությամբ) մականվանը հարիր ինքնահավանությամբ ու ինքնավստահությամբ:

Զանց առնելով հայ ազգային բոլոր սրբություններն ու անկախ պետություն ունենալու հրամայականն ու պատմական եզակի հնարավորությունը :
Հայաստանը, Արցախն ու Ադրբեջանը ռուսական «վերականգնվող կայսրության»-ը կցելու ցնորամիտ գաղափարին ծառայելու-իրագործելու, ու որպես վարձատրություն տիրոջից իշխանության մեջ փայ ստանալ-ունենալու անհագուրդ ցանկությունից մղված:

Հայ ազգի «փրկչի» փաթեթավորմամբ: Այստեղ ասեմ, որ Հայաստանի նկատմամբ Կրեմլի ծրագրերը ամփոփվում են ՖՈՐՊՈՍՏ (Հայաստանն առանց հայերի) եզրույթում: Էնպես որ, ռսահպատակները թող շատ չոգևորվեն:

Իսկ ինչո՞ւ է ԼՏՊ-ն այդպես հանքակտուր-շնչակտուր շտապում:
Հայերիս ահաբեկում չեղած միջազգային թշնամի հանրության կողմից ընդհուպ մինչև ռմբակոծումների ու ուժի կիրառման այլ դրսևորումների սուտ տեղեկատվությամբ: Որովհետև առաջիկա «ընտրությունները» հարմար առիթ են վարձատրությունը լեգիտիմ ստանալու համար, իսկ Կրեմլի համար էլ պահը բարենպաստ է միջազգային իրադրության առումով:

Թրամփյան Ամերիկայի ու անորոշ, ամորֆացած Եվրոպայի դեռևս չճշտված հարաբերություններն ու կարճաժամկետ կտրվածքով դրանց անորոշ ապագան հնարավորություն են ստեղծել Կրեմլի համար, օգտագործելով աշխարհաքաղաքական լրիվ այլ իրավիճակի ժամանակ եռանախագահության ձեռք բերած պայմանավորվածությունները (Մադրիդյան սկզբունքներ), լեգիտիմ կերպով իրագործել իր պլան B-ն, համաշխարհային հանրությանը կանգնեցնելով արդեն կատարված փաստի առաջ:

Այսինքն ըստ սովորության՝ «քցելով»
Ինչպես վարվեց Ուկրաինայում, Սիրիայում:
Ու ահա այստեղից պարզ է դառնում ԼՏՊ-ի այդքան «անհանգիստ» ցնցումների իրական պատճառները:

Ավարտելով, ասեմ, որ ի ուրախություն մեզ, այս ծրագիրն այսօր արդեն չի կարող իրագործվել:
Ու նորից ԼՏՊ-ից, ՍՍ-ից ու Պու-ի կամքից անկախ պատճառներով:
Նորից Ադրբեջանը դեմ է:

Ապրիլին համոզվելով, որ Կրեմլն ու ՍՍ-ն իրականում այդքան էլ զորեղ չեն, ու որ Պուտինի նպտակի իրագործումը նույնիսկ չի կարող ապահովել Ալիևի իշխանության հավերժացումը, Ալիևը սկսել է արդեն տասը տարուց ավել կոմայի մեջ գտնվող ՎՈւԱՄ-ի ռեաբիլիտացիան:
ՎՈւԱՄ- հակառուսական, հակապուտինյան կոալիցիա:
Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա:
Ալիեվը մեծացնելով իր ինքնիշխանության գործակիցը, բարձրացնում է խաղադրույքը` ստավկան:
Պահանջված գինը կլինի՝ ամբողջը և միանգամից:
Տարածքներ+Արցախ:

Այնպես որ, սպասենք ԼՏՊ «փրկչի» հաջորդ գալստյանը, արդեն նաև Արցախն անհապաղ հանձնելու լոզունգով:
Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանը թալանվի ու դատարկվի արդեն ավելի բարձր տեմպերով:
Բոլորս՝ բաժան-բաժան, դեպի ընտրաֆարս։


Հ.Գ. - ԼՏՊ-ն երբևէ չի դավաճանել:
Որովհետև երբևէ չի եղել յուրային:
Այդ դուք եք իրեն համարում յուրային:
Ինչպես շատերը Ռուսաստանին:
Նրանք ուղղակի մտքում ծիծաղում են նման մտածողների վրա:
Նրանք ունեն իրենց խնդիրներն ու ցանկացած գնով փորձում են լուծել դրանք:
Իսկ դուք՝ դավաճաան, էլ չգիտեմ թե ինչ:
Հարցի պատասխանը տալիս եմ ամեն գրությունում:
Հզոր, ինքնիշխան, ժողովրդավարական պետություն ու խնդրի լուծում՝ ըստ այդմ ունեցած հնարավորությունների:
Իսկ ինքնակամ, ուրիշի շահերի համար հանձնվելը կործանման ճանապարհ է և ոչ փրկության։
ԱԼԲԵՐՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Ֆեյսբուքյան էջից

воскресенье, 15 января 2017 г.

Աշխարհքաղաքական ու ներքաղաքական-քրեական խաղերը Հայաստանի շուրջ


2016-ը Հայաստանի համար կրիտիկական տարի էր՝ ապրիլյան պատերազմ, Սասնա ծռեր, նոր վարչապետ: Այս տարին էլ պակաս «հագեցած» չի լինելու՝ ընտրություններ, ներհայաստանյան իշխանական նոր կոհորտայի ձևավորում, և այս ամենի արանքում մնացած, շվարած, բազմաթիվ առումներով ավերված  հայ մարդ:

Նկարագրելու բան էլ չկա, քանի որ բոլորն ամեն ինչը գիտեն: Ուղղակի անցնենք պրոբլեմների վրայով և տեսնենք, թե որտեղ ենք, ով ենք և ուր ենք գնում:

Աշխարհքաղաքական շրջապատն ու մարտահրավերները

1. Ռուսաստանը փորձում է համաձայն ռազմական պոտենցիալների իր տեղը գրավել համաշխարհային բեմում և կանգնեցնել իր կերպարի ու նյութական կորուստները: Այս առումով դժվար հասկանալի են Պուտինի դիրքորշումներն ամենատարբեր հարցերում: Արտաքուստ նա իբր ռուսական շահերի պաշտպանն է, բայց երբ նայում ես իր քայլերը, հակառակ արդյունքներն են աչքի զարնում:

Օրինակ, դժվար բացատրելի է թեկուզ Ռոսնեֆտի 19,5 տոկոս բաժնետոմսերի վաճառքը քատարյան մի ֆոնդի և անգլո-շվեցարական մի ընկերության: Ռոսնեֆտը իր արտահանմամբ  ռուսական տնտեսությունը վալյուտայով սնող եզակի աղբյուրներից է: Հետևաբար այս քայլն առնվազն տարօրինակ է:

Դժվար հասկանալի են նաև Թուրքիայի հետ ռուսական  քստմնելի խաղերը սիրիական կոնֆլիկտում: Թվում էր, թե սիրիական թատերաբեմում ռուսները թե իրենց են ցուցադրում աշխարհին, թե փորձում են իրենց ռազմաբազան պահել այնտեղ: Բայց այդ դեպքում ինչպես հասկանալ ռուսների դաշնակցությունը թե Ասադի և թե Էրդողանի հետ, այն դեպքում, երբ Թուրքիան անթաքույց հարձակվել է Սիրիայի վրա: Էլ չասած ինքնաթիռի ու դեսպանի սպանության հետ կապված ստորացումները: Տպավորություն է, որ Թուրքիան ազատ է ռուսների դեմ ցանկացած ագրեսիայի ու պատժի փոխարեն Պուտինից միայն գուրգուրանք կստանա:

Ռուսների այս ռազմա-աշխարհա-քաղաքական վարքային աբսուրդին պետք է գումարենք նրանց քամահրանքը՝  հանդեպ ֆորմալ առումով իբր իրենց դաշնակից Հայաստանը,  Ադրբեջանի զինումը և Նազարբաեվի ու Լուկաշենկոյի ծայրահեղ հակահայ դիրքերը: Այս ամենը պատահականություն չեն, այլ տարօրինակ թվացող պուտինյան գեոքաղաքական «աբսուրդների» մի կարևոր մասն են:

Ֆորմալ քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ իբր.

Ա. ռուսները չեն ուզում փչացնել հարաբերությունները թուրքերի հետ, որպեսզի չկորցնեն Սև ծովից նեղուցներով դուրս գալու հնարավորությունը (անկախ նեղուցների մասին Մոնտրեի ֆորմալ պայմանագրից), նաև չփչացնեն հարաբերությունները ներռուսական էթնիկ թուրքական ինքնավարությունների հետ:

Բ. իրենք զինում են Ադրբեջանին փողի, Կասպից ծովում «բարիդրացիության» ու նորից՝ ներթուրքական ազգերին չզայրացնելու համար ու վստահությամբ, որ  այդ զենքը երբևէ իրենց դեմ չի ուղղվելու:
Իր ամբողջ ծավալով ռուսական նման թուրքամետությունն իրականում անլուրջ է: Սա մենք պետք է ոչ թե հասկանանք, այլ ընդունենք ի գիտություն, որովհետև հասկանալիք չկա:
Պուտինյան վարքը որևէ երկրի հանդեպ վերլուծելի չէ նորմալի ելակետերից ու դիտակետերից: Դրա համար սա հաշվի առնենք ու անցնենք մյուս գործոնների դիտարկմանը:

2. Նայելով  1994 թ. ղարաբաղյան ճակատում հաստատված «զինադադարից» հետո հայ –թուրք-ադրբեջանական հարաբերություններին, կարելի է միարժեքորեն նկատել, որ  Թուրքիան ու Ադրբեջանը վարում են Հայաստանը կործանելու քաղաքականություն: Նրանց համատեղ քայլերն ուղղված են ոչ թե Ղարաբաղը ետ գրավելուն, այլ Հայաստանը հյուծելուն, մարդկանցից դատարկելուն, տետանուսի մեջ պահելուն: Եվ Ղարաբաղյան հարց,  որպես այդպիսին, նրանց համար գոյություն չունի՝ իրենց ախորժակը ամբողջ Հայաստանն է:

Սրա ապացույցները բազմաթիվ են՝ վկա  բանակցություններում (օրինակ կազանյան) թեկուզ բոլոր տարածքների ու Ղարաբաղի վերադարձի դիմաց խաղաղություն կնքելուց խուսափումը: Վկա՝ Ալիեւի նկրտումներն ու հոխորտանքները ողջ Հայաստանի տարածքի հանդեպ: Վկա՝ ագրեսիաներն արդեն բուն Հայաստանի տարածքի հանդեպ՝ նշված նպատակներով ու  զուգահեռաբար, ռուսներին  որպես Հայաստանի կեղծ դաշնակցի բացահայտելու, կամ էլ պարզապես փալասի տեղ դնելու միտումով:

3. Իրանն իհարկե կուզենար հզոր ու սուվերեն Հայաստանի հետ գործ ունենալ, որը ինքնուրույն կհակակշռեր թուրանական նկրտումները: Բայց քանի որ Հայաստանը բացարձակ ապասուբյեկտային է, իրանցիները շվարած են և փորձում են առանց  մեծ ռիսկերի քարշ տալ մեր հետ կապված հարբերությունների ողորմելի փաթեթը, մինչև առավել տրամաբանական ժամանակներ:

4. Եվրոպան, արևմուտքն ընդհանրապես ու ԱՄՆ-ն մասնավորապես, Հայաստանին դիտում են նույն իրանական դետակետից: Ինչպե՞ս հարաբերվես մեկի հետ, որն ինքը չէ:

Այսքանով սպառվում է Հայաստանի հետ կապված արտաքին աշխարհքաղաքականը: Իմի բերելով վերը նկարագրվածը մենք պետք է հաշիվ տանք մեզ, որ.

Ա. դրսերում ոչ մեկը Հայաստանը լուրջ չի ընդունում, որը հետևանք է մեր դրսևորած քաղաքական, մեղմ ասած, ապասուբյեկտայնության:

Բ. դրսերում բոլորը տեսնում ու հասկանում են թե ռուսական աբսուրդային վարքը թուրքերի ու ադրբեջանցիների հանդեպ, և թե հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշնակցության կեղծությունը:

Գ. Դրսերում շատ լավ հասկանում են, որ ղարաբաղյան հարցում «Անկախ Ղարաբաղ» մոդելը, տարածքների վերադարձի առաջարկն ու ադրբեջանական ագրեսիաները հայկական դիվանագիտական ու իշխանական կատաստրոֆիկ «թուլության» հետևանք են:

Դ. Դրսերում հասկանում են, որ եթե Ադրբեջանը հարձակվի բուն Հայաստանի վրա, ասենք, իբր Ղարաբաղը ետ վերադարձնելու պատրվակով, ապա ոչ ռուսական ու ոչ էլ արտաքին այլ միջամտություն չի լինելու Հայաստանի օգտին, որովհետև դա ռուսական, մեղմ ասած, «ազդեցության» տարածք է, և որոշողը ռուսներն են:

Իսկ ի՞նչ ենք մենք հասկանում

Մենք ոչ մի բան էլ չենք հասկանում: Մենք շարունակում ենք «Անկախ Ղարաբաղ» խաղալը, երբ հակառակորդների ու միջնորդների համար այդպիսի հարց վաղուց գոյություն չունի, և դրված է Հայաստանի լինել -չլինելու հարցը:
Մենք շարունակում ենք ԵԱՀԿ խաղացնել ու դրանց հետ հույսեր կապել, երբ այդ կառույցն ընդամենը մի քանի եվրոչինովնիկիարդեն բացարձակ անիմաստ դարձած  ուրվական է:

Մենք շարունակում ենք այս սառնամանիքին մարդկանց թալանել ոչ միայն թանկ հոսանքով, այլև հոսանքը հավելագրելով, ու որոշ դեպքերում շարքային ընտանիքին ամսական նույնիսկ 3-400000 դրամի հաշիվ ներկայացնելով:

Մենք շարունակում ենք նոր իշխանություն ձևավորելու ներիշխանական, ներընդդիմական, ներգողական, ներօլիգարխական ու ներհանրային ինտրիգները, երբ արդեն ոչ մի ինտրիգ էլ չկա՝ պարզ-թափանցիկ ու ավանդական դարձած հակապետական ու հակազգային բանդիտիզմ է բոլոր մասնակիցների մոտ: Եվ սա էլ մանրամասնելու կարիքը չկա, որովհետև շրիշակից բարձր տրամաբանող ցանկացած մեկը սա գիտի:

Փաստացի ստացվում է, որ մենք հայտնվել ենք պետականության կործանման տանող այս փակուղում, որովհետև ատոմացված ու ապասուբյեկտային ենք: Ատոմացված ենք, որովհետև մեզ պարտադրել են հալածել իրար: Եվ ապասուբյեկտային ենք, որովհետև ատոմացված լինելով մենք բոլորս հանդուրժել ենք ընտրական կեղծիքն ու դրա արդյունքում ձևավորվող իշխանությունը: Հանդուրժել ենք, որովհետև մեր երևելի քաղաքական այրերը քարոզել են մեզ, որ որևէ բան պետք չէ անել, այլ սահմանադրականին է պետք հետևել ու դրանով գնալ:

Մենք էլ գնացել ենք սահմանադրականով ու ընկել այս փոսը:
Խնդիրը գոնե փոսը հասկանալն է, որ տեսնենք, թե որն է ելքը: Բայց դրա շանսն էլ չկա, որովհետև մարդիկ այլևս իրար ոչ միայն չեն հավատում, այլև ատում են:
Իրավիճակի ոչ մի գնահատական չի կարող ազդել իրականության վրա, որովհետև հասարակ մարդը որևէ պոտենցիալ չունի ազդելու, օլիգարխները քրեականության պատճառով հեռու են նման մտքերից, մտավորականությունը օրվա հացի խնդիր է լուծում, շարքայիններն էլ, անիծելով իրենց ճակատագիրը, օր են մթնեցնում:

Փաստացի ներկա հայը որևէ շանս չունի վիճակը շտկելու, որովհետև մեր մեջ կամքն ու սուբյեկտը չկա: (Մտովի անց կացրեք ձեր իմացած բոլոր աչքի ընկած երևելիներին և կհամոզվեք, որ իրոք չկա այդպիսին): Մենք ազգովի մեր մեջ սպանել ենք պետականամետ, հավակնոտ, նորմալ մարդուն:

Իրավիճակի վրա շուտափույթ կարող է ազդել միայն մեկ մարդ՝ նախագահ Սարգսյանը, որի ձեռքում են կենտրոնացած այս ֆեոդալական, քրեական, ոստիկանապետական, օլիգարխական, խամաճիկային, ապասուբյեկտային բդեշխության կենսաթելերը: Բայց փորձն էլ ցույց է տվել, որ այդ մարդը դասական առումով մարդ  չէ, այլ կոմպրոմատի հաշվին պաշտոնին կառչած մի յուրահատուկ, մանիպուլյատիվ ու աններվ մեքենա, որի միակ նպատակը պուտինյան տանիքի տակ մնալով էս դժբախտ երկրի վրա իշխելն է:

Ծանր, պատային, անելանելի վիճակ է: Բայց կուզենայի վերջացնել գոնե մեկ կարևորագույն ամփոփմամբ: Փորձենք հասկանալ ու մեր ուղեղում ֆիքսել, որ ներկա պահին թե ներսում և թե դրսում, որևէ ֆորմատով, գոյություն չունի «Ղարաբաղյան հարց» ասածը: Եղածը միացյալ Հայաստանի՝ հայության Հայրենիքի գոյության  հարցն է:
Վերջակետ:

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

среда, 11 января 2017 г.

«Քաղաքացիական Ակտիվ Քայլ» առաքելությունը


Ապրիլյան արյունալի 2-ին խորհրդարանական ընտրություններ են: Համաձայն նոր սահմանադրության, այս եզակի ընտրություններով կազմվելու է հայկական ամբողջ իշխանությունը՝ խորհրդարանն ու կառավարությունը, ձևավորվելու է հայկական պետության բոլոր հարցերն ու մարդկանց ճակատագրերը լուծողների նոր կոհորտան:

Ի նկատի ունենալով, որ նոր սահմանադրությունը ձևվել է հատուկ նախագահ Սարգսյանի թելադրանքով ու քմհաճույքով, ինչպես նաև իմանալով, որ Հայաստանում ընտրությունները անխնա կեղծվում են գողականի, ախպերականի ու օլիգարխիայի կամքով, դժվար չէ գուշակել, թե ինչ արդյունքի են հանգեցնելու ապրիլյան ընտրությունները՝ մանավանդ որ կուսակցական լիդերներին է տրված ցուցակները կազմելու միանձնյա իրավունքը:

 Այն, որ սեփական ցուցակներով ու կեղծվող ընտրություններով խամաճիկների իշխանություն կազմելը բռնատիրության էությունն է, ոնց որ թե բոլորը գիտեն:

 Այն, որ նախագահ Սարգսյանը միանձնյա է կազմելու իր կուսակցության ցուցակը, դա էլ գիտենք:

Այն, որ ինքը բացարձակապես վերահսկելու է ՀՀԿ-ի սատելիտ, իբր ընդդիմադիր կուսակցությունների կազմվելիք ցուցակաները, դա էլ գաղտնիք չէ:

 Բայց այսքանն իմանալով հանդերձ, հայկական խրոխտ ընդդիմությունը գլխապատառ վազում է դեպի ընտրությունները:

 Միամիտները կարող են մտածել՝ դե ջահել են, տաքարյուն են, հույսեր ունեն, թե այս անգամ կեղծիք ու կաշառք չի լինելու, կամ էլ նույնիսկ, մեղա-մեղա՝ այս ամենը չգիտեն:

Բայց ողջախոհ մարդիկ հո գիտեն, որ դա այդպես չէ, որ արտաքին լեգիտիմություն ունենալու համար իշխանություններին ծայրահեղ անհրաժեշտ է ընդդիմության մասնակցությունը ընտրություններին ու խորհրդարանում գոնե մինիմալ մասնաբաժին ունենալը:

 Հասկացողները գիտեն, որ իշխանությունները պատրաստ են ամենամեծ զիջումների, որովհետև իշխանություն են հենց արտաքին լեգիտիմության հաշվին:

 Սա շատ լավ գիտեն նաև հիմար ձևացող ապագա ընդդիմադիր պառլամենտականները: Նրանք բոլորն էլ մտքերում հաշվել են, թե քանի մանդատի հույսով է իր կուսակցությունը գնում ազգային, քաղաքացիական ու պետական այս դավաճանությանը:

 Ես, օրինակ, կարծում են, որ եթե դրսերից նախագահին շատ նեղեն, ապա կարող է ընդդիմությունը նույնիսկ 30 տոկոս ողորմելի, ձևական, որևէ հարց չլուծող տեղ էլ տալ պառլամենտում: Ավելին, ինչպես հայտնի է ոչ հեռավոր անցյալից, իշխանությունը խոստացել ու չեզոքացրել է ընդդիմության ցանկացած տոկոս, ընդհուպ մինչև 100 տոկոսը, «խփելով», 80, 70, կամ ամենաքիչը 60 տոկոս ձայներ, ոնց պաշտոնապես հայտարարել էր նախագահը:

 Հիշենք, որ անկախանալիս ոչ մեկիս մտքով չէր անցնում, որ ազգովի դառնալու ենք քրեականի զոհը, որ երկրի կեսն արտագաղթելու է, որ «տղաներն» ավերելու են երկրի ողջ տնտեսությունը, որ հանցագործն է դառնալու երկրի իշխանավորը, որ թաղային տականքով ընտրություներ են վերահսկվելու, որ ուսուցիչներով ու մանկապարտեզի դայակներով ընտրություններ են կեղծվելու, որ տգետներով նախարարություններ ու կառավարություններ են կազմվելու, որ երկրի ողջ ունեցվածքը նվիրվելու է ուրիշներին:

 Ոչ մեկիս մտքով սա չէր անցնում, բայց կատարվեց հենց անհնարին ու աներևակայական թվացողը:

 Այս ընտրություններից, Հայաստանն ու հային հերթական անգամ ստորացնող այս կործանարար թատրոնից առաջ հրապարակում հայտնվել է մի այլ, հակադիր թատրոն՝ «Քաղաքացիական Ակտիվ Քայլ»-ը (էսթետներին չբորբոքելու համար այդ կուսակցության համար այսուհետ ես կօգտագործեմ իմ նախընտրած՝ «Քայլ» բարեհունչ բառը, իհարկե չմոռանալով հապավման ողջ մաշտաբը):

 Սկզբնապես «Քայլ»-ն ընդամենը էկզոտիկ էր թվումը, բայց շատերը հասկանում էին, որ սա ծայրահեղ լուրջ է հանրային արժեքայինի վերակերտման առումով, և կարող է ռեժիմի համար մահացու էլ լինել իր քաղաքական հետևանքներով:

 Հետո արդեն, երբ սկսեցին խոսել կուսակցության գրանցման և իրոք, իբր լրջորեն ընտրություններին մասնակցելու մասին, վիճակը «լրջացավ» : Այն դարձավ անեկդոտային, երբ Սերգեյ Դանիելյանի հետ հարցարույցի պատճառով աշխատանքից հեռացվեց, կամ «առկախվեց» Պետրոս Ղազարյանը:

 Հիմա Սերգեյ Դանիելյանը փորձում է մի օր գրանցման մասին խոսելով, հաջորդ օրը մերժելով, ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել մարդկանց մոտ՝ հանդեպ «Քայլ»-ը:

Պարզից էլ պարզ է, որ իր ասելիքը իշխանական, ընդդիմադիր, շարքային ու ոչ շարքային ապամարդկայնացած անհատին է ուղղված: Ինքը նույնիսկ բառացի էր ասել իր յութուբյան կարճ կլիպերից մեկում՝ «Հո անասուն չեք արա, չե՞ք հասկանում»:

Իմ ընկալմամբ, կամաց-կամաց ավելի ու ավելի շատերն են սկսում հասկանալ հասկանալիքը՝ որ անլուրջ իշխանության դեմ լրջով գնալը խելագարություն է։

Անցած 26 անկախական տարիների փորձը ամեն մեկիս հարյուրավոր օրինակներով նկարագրել ու բացատրել է վիճակը, նշել դրա բոլոր մեծ ու փոքր պատասխանոտուներին: Բայց և, այդ փորձը երբևէ չի ընդհանրացվել ու դարձել շարքային մարդկանց անելիքի մեթոդական հիմք:

 «Քայլը» հենց այդ անելիքն է հուշում՝ աբսուրդի վերհանմամբ, աբսուրդի գովերգմամբ ու աբսուրդ քայլերով իշխանականից մեկուսանալով նրան անլրջացնելն ու ներքնապես դելեգիտիմացնելը:

 Սովետ միությունը կործանվեց խոհանոցային անեկդոտի, իշխանությանն անլուրջ վերաբերվելու ու իրականությունից մարդկանց մեկուսացման արդյունքում. Հայկական խամաճիկային այս անլուրջ իշխանությունն ինչ է, որ դիմանա հանրային նմանատիպ համատարած վերաբերմունքի:

Այլ ազգերը, հետևելով արևմտյան ցուցումներին, գունավոր հեղափոխություններ էին անում: Մենք էլ, հետևելով մեր իսկ պատմական փորձին՝ հումորի, խեղկատակության ու աբսուրդի բացարձականացմամբ, մի գուցե մեր ներքին հեղափոխությունն անենք, ու վերջապես սանձենք իշխանություն դարձած մեր իսկ տականքին:

 Թուրքերի հայտնի ասածվածքը՝ «Եթե չես կարող թշնամուդ ձեռքը կտրել, համբուրիր այն ու դիր գլխիդ», չբարձրաձայնած վերջաբան ունի- մինչև ուժ հավաքես ու կտրես այն:
 Ներկայում մենք իշխանության ձեռքը համբուրողի դերում ենք, բայց հույսով, որ կտրելու ենք այն, միայն թե ոտքի կանգնենք:

Ի տարբերություն ընդդիմության և ժողովրդի, հայկական իշխանությունները միշտ էլ հետևողական ու բծախնդիր են եղել ժողովրդից իրենց շահերն ու դիրքերը պաշտպանելու հարցում:

 Հիմա, երբ արդեն քաղաքական դաշտը ջնջխված, ավիրված ու ըստ էության ամայացված է հենց բեսպրեդել զեղծարարության ու տգետ կառավարման արդյունքում, իշխանությունների նպատակն է մի վերջին անգամ ձևավորել արտաքին աշխարհի համար իբր լեգիտիմ իշխանություն: Դա իհարկե իրացվելու է ապրիլի 2-ին: Իշխանությունն ու անինքնասեր ընդդիմությունը ձեռք-ձեռքի տված խաղալու են այդ լկտի ու ազգակործան թատրոնը:
Բայց մեր խնդիրն է չտալ իշխանությանը ներքին լեգիտիմությունը՝ չմասնակցել, մերժել, բոյկոտել, ձեռ առնել, անլրջացնել այն: Որովհետև իշխանությունը ամուր է իր թվացյալ լրջությամբ:

Որևէ կասկած չկա, որ ընտրությունները կկեղծվեն, կկաշառվեն, կխաղացվեն ոնց եղել է միշտ: Բայց իմ հույսն է, որ «Քայլը» մարդկանց մեջ կյանքն ու հոււյսը կենդանի կպահի, մինչև «ազգային փրկիչներին» փոխարինելու կդան գիտակցական մի նոր մակարդակի հասած համեստ, շարքային քաղաքացիները: Նրանք, ովքեր իրենց իրավունքները կպաշտպանեն որպես տղամարդ ու սկզբունքային քաղաքացի, բայց ոչ որպես կուրծք ծեծող ֆիդային ու կեղծ ազգայնական:

 25 տարի շարունակ մարդիկ դիմել, աղաչել, խնդրել են ախպերական-գողական սիստեմից, բարեհունչ ասած՝ իշխանություններից, հաշվի նստել վիճակի հետ, խղճալ ազգին, ժողովրդին, հային ու պետությունը:
Փաստացի մարդիկ սիստեմից պահանջել են անհնարինը՝ ինքնավերացումը: Բայց չեն հասկացել, որ իշխանությանը չեն խնդրում, այլ հասկացնում են՝ ամեն քայլափոխի դիմադրելով, սեփական շահը պաշտպանելով և կարգազանց իշխանավորին պատժելով:

 Դեռ որ, «Քայլը» հենց դրան է տանում: Մեր խնդիրն է ժողովրդով հասկանալ անելիքը և գոնե ձեռ առնել այս խեղկատակ իշխանությանը: Իսկ թե ինչ կստացվի դրանից, հույս ունեմ մեծ դրականով իրագործված տեսնել մոտ ապագայում:

Հիշենք, որ անհատը կրթվում է, զարգանում, մասնագիտանում ու փոխվում: Իսկ ամբոխը մնում է նույն տգետն ու հիմարը դարեդար: Դրա համար, գիտակցաբար, ամբոխից դառնանք ինքնակամ անհատներ:

 Հիշենք, որ մեր պրոբլեմը ներքին կոնֆլիկտից փախչելն է եղել դարեդար: ԵՎ որ հենց ներքին հակառակորդին զիջելով ենք հասել այս օրվան: Ազգովի ընդունենք կոնֆլիկտ-մարտահրավերը, բայց պայքարը վարենք ասիմետրիկ, այն տեղափոխելով մեզ հարմար ասպարեզներ՝ հումորի, անլրջացնելու, ձեռ առնելով, սատիրայով ու հումորով հակառակորդին զինաթափելու ասպարեզները:

 Հիշենք, որ երբեք ուշ չէ հրեշի դեմն առնելը, ուղղակի ասիմետրիկորեն համապատասխան է պետք լինել հրեշի մեթոդականին և նախահարձակ:
 Բարին ընդ երկիրը, պետությունն ու ազգը, և չարը՝ տականքին, սրիկային, «անասունին», կարգազանցին ու հրեշին:

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 
(Արա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից)

четверг, 22 декабря 2016 г.

Սարո Սարոյան. «Շարժիչն այն հայ մարդն է, ով կարող է իր տականքին ուղարկել մկան ծակը»


Մեր զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը

- Պուտինը տարեվերջյան իր ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանը իր սահմաններից դուրս ունի ընդամենը երկու ռազմակայան՝ Ղրղզստանում և Տաջիկստանում: Ո՞ւր մնաց Գյումրիի 102-րդ բազան: Սա արդյոք նրա կողմից կարող է վրիպակ լինել:

- Պուտինի այդ խոսքը ընկալելու համար պետք է այն չկտրել իր պատասխանի ընդհանուր կոնտեքստից։ Պուտինը խնդիր ուներ ցույց տալ ԱՄՆ ռազմաբազաների սփռվածությունը ողջ աշխարհով մեկ ու դրանց ագրեսիվ բնույթը։ Եվ ի հակադրություն այդ ամենի՝ Ռուսաստանի խաղաղասիրական նպատակադրվածությունը։ Վկայակոչելով Ղրղզստանում և Տաջիկստանում ռուսական ռազմաբազաների առկայությունը՝ նա հենց մատնանշեց Աֆղանստանից եկող սպառնալիքները կանխելու այդ ռազմաբազաների նպատակաուղղվածությունը, որը, ըստ Պուտինի, թե այդ երկրների և թե Ռուսաստանի ընդհանուր շահերի տիրույթում է գտնվում։ Ի՞նչ եք կարծում, Պուտինը կարո՞ղ էր ասել, որ Հայաստանում գտնվող 102-րդ ռազմաբազան նրա համար է, որ կանխի Հայաստանի շահերի տեսանկյունից թուրքական ագրեսիան, իսկ Ռուսաստանի շահերի տեսանկյունից՝ Թուրքիայի՝ մի կողմից որպես գերտերություն, իսկ մյուս կողմից որպես Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի առանցքային հիմնասյուն՝ դեպի Կովկաս ծավալումը։ Դա կնշանակեր ռուս-թուրքական ներկա սերտ գործակցության և առավել ջերմացմանը միտված քաղաքականության մեջ սեպ խրել։ Թուրքիան Ռուսաստանի ներկա արտաքին քաղաքականության մեջ այն բացառիկ երկրներից է, որը հույս է ներշնչում Պուտինին, թե նրա միջոցով ինքը կկարողանա ճեղքել արտաքին աշխարհի կողմից Ռուսաստանին պարտադրված մեկուսացումը։ Ուստի Թուրքիային դնել Աֆղանստանի կողքին և խոսել նրանից եկող սպառնալիքների մասին՝ ներկա իրավիճակում ուղղակի հնարավոր չէր։ Այդ իսկ պատճառով, Պուտինին մնում էր կեղծել իրականությունը՝ չխոսել Հայաստանում իր երկրի ռազմաբազայի մասին, որքան էլ որ այն ևս պաշտպանական նպատակաուղղվածություն ունի և ըստ էության միայն քաղաքական (ոչ ռազմական) գործառույթ է իրականացնում։

- Բելառուսի ԱԳՆ-ն, Ղազախստանի օրինակին հետևելով, հայտարարել է, որ ԼՂՀ-ն մաս չի կազմելու ԵՏՄ-ին: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է նման բան հայտարարելու անհրաժեշտություն առաջացել և ի՞նչն է ստիպել Բելառուսի ԱԳՆ-ին նման բան հայտարարել:

- Արձանագրում են այն, ինչը դուրս է սովորական իրավապայմանագրային պրակտիկայից։ Ուստի ոչ սովորական լուծում են տալիս՝ հղում անում նոտային և բանավոր պայմանավորվածությանը։ Այդ լուծումից զատ մեզ համար կարևոր է այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանի ու ԵՏՄ-ի շուրջ աշխարհում։ Այ այստեղ է, որ պետք է քննարկումներ ծավալվեն։

- Առհասարակ, այդ կառույցի ճակատագիրն այս պահին էլ անորոշ է՝ հաշվի առնելով Բելառուսի քննադատությունները և սպառնալիքները Ռուսաստանին: Գուցե այդ միություն դեռ չմտած այն գոյություն չունենա՞:

- Եվրասիական տնտեսական միությունն անապագա կառույց է լինելու։ Այն հունվարի 1-ից գործելու է շատ մեծ խաթարումներով, անորոշություններով, անհստակություններով և ի վերջո փլուզվելու է։ Ցանկացած օրգանիզմ պետք է բնական նյութափոխանակության վրա հիմնվի։ Պետական օրգանիզմի դեպքում նրա տարրերը գոնե մինիմալ նպատակներ պետք է կարողանան կենսագործել։ ԵՏՄ-ում գրեթե ամեն ինչ արհեստական է և ուղղված Կրեմլի քաղաքական ախորժակը բավարարելուն։ Բելառուսն ու Ղազախստանը դրա դիմաց ծրագրել էին ինչ-ինչ տնտեսական շահաբաժիններ ունենալ։ Սակայն Ռուսաստանի՝ աշխարհից մեկուսանալու և մեկուսացվելու պայմաններում արդեն իսկ ակնհայտ է, որ այդ երկու պետությունների համար խնդիր է դարձել առայժմ հնարավոր սողանցքերով քամել ամեն հնարավորը, մինչև որ արհեստական այդ օրգանիզմը կոչնչանա։

- Իսկ Հայաստանն ի՞նչ է անելու այս կառույցում, երբ անգամ արտադրանք չունի արտահանելու:

- Նախ հասկանանք Հայաստանի դերը առկա իրավիճակում, որից էլ պարզ կդառնա նրա անելիքը։ Արդեն տասնհինգ տարի է Հայաստանը Ռուսաստանի համար հանդես է գալիս իբրև ֆորպոստ։ Վերջինս բնութագրվում է երեք կոմպոնենտներով՝ քաղաքական, ռազմական և տնտեսական։ Հայաստանի քաղաքական նշանակությունը Կովկասի շուրջ իրականացվող աշխարհքաղաքական մրցակցությունում ռուսական շահերի սպասարկմանը ճկունություն հաղորդելու մեջ է։ Դրա մեջ մտնում են մասնավորապես հետևյալ մեխանիզմները՝

ա. որպեսզի Հայաստանը հարկ եղած դեպքում օգտագործվի ռուս-թուրքական հարաբերություններում որպես մանրադրամ (հիշենք հայ-թուրքական արձանագրությունների ոդիսականը՝ սկսված և ավարտված Մոսկվայում, այսօր արդեն Ցեղասպանության 100-ամյակի խնդիրը),

բ. ՄԱԿ-ում առանցքային հարցերում Հայաստանը քվեարկի իբրև Ռուսաստանի երկրորդ ձայն,

գ. Հայաստանը ծառայի որպես փորձադաշտ Ռուսաստանում ներդրվող քաղաքական նախագծերի համար (համեմատելի են, օրինակ, Դումայում և ընդհանրապես քաղաքական դաշտում քաղաքական ուժերի հարաբերակցության մի քանի օրինակներ),

դ. Հայաստանը ծառայի որպես վախեցնող մահակ Կովկասում (օրինակ՝ Հայաստանի այս կամ այն քայլի միջոցով Ադրբեջանին հարկադրվի չգնալ Արևմուտքի հետ հարաբերությունների սերտացման և մնալ պաշտոնական Մոսկվայի «տեսադաշտում») և այլն։

Ռազմական կոմպոնենտը իրենից ենթադրում է դեպի Կովկաս ՆԱՏՕ-ի և այլ տերությունների ծավալման դեպքում նախնական օպերատիվ արձագանքման ու հակադարձման ռազմական-ռազմավարական պլացդարմի ստեղծումը։ Իսկ տնտեսական կոմպոնենտը՝ էներգակիրների տարանցման համար հարմար միջանցք ունենալու, Կովկասում այլոց էներգետիկ նախագծերը վիժեցնելու, աշխարհի հետ ֆինանսական տարբեր ստվերային գործարքներ կնքելու, սեփական երկրի համար մարդկային կապիտալի (աշխատուժ, մասնագիտական կադրեր) լրացուցիչ բազա ապահովելու մեխանիզմները և նմանատիպ այլ քայլեր։

Ներկայացված մեխանիզմներից յուրաքանչյուրը Հայաստանի ինքնիշխանությունը ապահովող մեխերն են եղել, որոնք Կրեմլի կողմից հանվել են տարբեր տարիներին։ Այսօր Հայաստանի հետ կապված իր մշակումներում Ռուսաստանն արդեն խնդիր էր դրել ֆորպոստի տնտեսական ինքնուրույնության հերթական մեխը հանել՝ ԵՏՄ-ի միջոցով ապահովել ապրանքների շրջանառության ու մաքսային եկամտի շրջապտույտի վերահսկողությունը։ Ապագայում այս հիմքի վրա կստեղծվի Ռուսաստանին կրկնօրինակող հարկային համակարգը և ընդհանուր դրամային միջոցը։

Հարկ եմ համարում այստեղ նշել, որ ներկայացվածը բոլորովին կապ չունի Հայաստանի անկախության սպառնալիքների հետ։ Ռուսաստանի կողմից Հայաստանի անկախությանը ոչինչ չի սպառնում։ Ընդհակառակը, Հայաստանի անկախության կորուստը շատ թանկ կնստի Ռուսաստանի վրա թե աշխարհքաղաքական առումով և թե ստանձնելիք ներքին պարտավորությունների։ Եվ ընդհանրապես, ներկա աշխարհակարգի ողջ յուրօրինակությունն այն է, որ տերությունները և միջազգային ֆինանսական կապիտալի հսկաները ոտնձգություն են կատարում պետությունների ինքնիշխանության նկատմամբ, բայց ոչ երբեք անկախության։ Սա հատկապես ուզում եմ շեշտել, ցույց տալու համար այն փաստարկների սնանկությունը, որոնք շրջանառվում էին, իբրև թե ապացուցելու համար, թե ոչ մի աղերս չկա Հայաստանի այլ ժամանակաշրջանների պետականության կորուստների և ներկայիս իրավիճակի հետ։ Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելուն լոյալ վերաբերվող մարդիկ կարիք չկա, որ զինվեն մեր անկախության կորստի պատմական օրինակներով և կեղծեն իրականությունը՝  սքողելով մեր ինքնիշխանության տարրերից մեկի կորստի հերթական այս դրվագը։ Պետականության կորուստը 21-րդ դարում կատարվում է հենց ինքնիշխանությունը հանձնելու/ոչնչացնելու միջոցով, ուստի ֆորմալ առումով հիմնի, զինանշանի, ՄԱԿ-ում ձայնի իրավունքի, կամ սպորտում սեփական դրոշը տեսնելու համար չէ, որ պետք է պայքարել պետականության համար։ Կան կենսական պահանջմունքներ, որոնք յուրաքանչյուր պետության ծնունդն են ազդարարել։ Ով սա չի գիտակցում, ուրեմն նրա համար պետությունը գավառական հայրենասիրության պատկերացումներից այն կողմ չի անցնում:

- Դուք խոսեցիք Հայաստանի ինքնիշխանության կորստից, դրա վտանգներից: Այդ դեպքում ի՞նչ կլինի Ղարաբաղի հետ, որի անվտանգության երաշխավորը Հայաստանն է:

- Նախ պետք է նկատեմ, որ որքան էլ պարադոքսալ թվա, բայց մենք աշխարհին այսօր ներկայանում ենք երկու տարբեր դեմքերով։ Մի դեպքում Հայաստանն է, որը ունի անկախություն, բայց չունի ինքնիշխանություն, իսկ մյուս դեպքում Արցախը, որը ունի ինքնիշխանություն, բայց չունի անկախություն։ ԼՂՀ-ի բանակը կարող է Կովկասում գրեթե յուրաքանչյուր ռազմաքաղաքական հարց լուծել ինքնուրույն, և դա տեսնում են օտարները։ Նրա կարիքը կա տարածաշրջանում, և առաջիկայում նրա դերը ավելի է մեծանալու։ Ի տարբերություն Հայաստանի, ԼՂՀ-ում օտար զինուժեր չկան, իսկ իր սահմաններն էլ նա ինքնուրույն է վերահսկում։ Այն, որ ԵՏՄ անդամակցության գործում Արցախին տեղ վերապահված չէ, դա ոչ թե նրանից է, որ նրան թողնում են բախտի քմահաճույքին, այլ որովհետև ոչ մի կերպ չկարողացան այնտեղ «խաղաղապահ» ուժեր տեղակայել։ Լրացուցիչ բարդություններ ստեղծելով ՀՀ-ԼՂՀ վարչական տարածքների բաժանարար հատվածում՝ խնդիր կա դա ևս ծառայեցնել որպես լծակ՝ ԼՂՀ հանրությանը, բանակին հետագայում պարտադրելու համար ընդունել ռուսական «խաղաղապահությունը»։ Ուստի պետք չէ ավելորդ վայնասուն բարձրացնել առ այն, թե տեսեք ԼՂՀ-ին մոռացան։ Լավ կլիներ ԵՏՄ-ի հարցում Հայաստանին էլ մոռանային։ ԼՂՀ-ն իր չճանաչված կարգավիճակով առավել մեծ խնդիրներ կարող է լուծել այսօր, քան Հայաստանը իր մոտ երեք միլիոն բնակչությամբ։ Առկա դասավորությունում, երբ շատ հարցերում Հայաստանի ձեռքերը կապված են, իսկ բնակչությունն էլ ինչ-որ առումով անորոշության մեջ, ԼՂՀ-ի ներկա քաղաքական արժեքը մենք պետք է կարողանանք վերածել համահայաստանյան խնդիրների լուծման լոկոմոտիվի։

- Այդ դեպքում ի՞նչ խնդիրներ կարող ենք լուծել հիմա և որո՞նք են մեր սայթաքումների պատճառները։

- Հետևելով ներկա քաղաքական միտումներին՝ կարելի է երկու հանգամանքի վրա կանգ առնել՝ մեր ներքին գործունակության և արտաքին աշխարհի մարտահրավերների ու ընձեռած հնարավորությունների։ Յուրաքանչյուրս մի բան պետք է մեր մեջ լիարժեք յուրացնենք։ Այն վիճակը, որ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության ներքին ու արտաքին ճակատներում, դա գալիս է ոչ թե արտաքին աշխարհից, այլ հենց մեզանից։ Եվ այն, որ Արցախը հիմա ինքնիշխան պետություն է, դա նույնպես մեզանից է գալիս՝ մեր արցախյան ժողովրդի պայքարի արգասիքն է։ Արցախցիները արյուն են հեղել իրենց ինքնիշխանության համար և գիտեն դրա արժեքը։ Հայաստանում ժողովուրդը չի ցանկանում ոչինչ ձեռնարկել, բացի կոլեկտիվ անատամ բողոքից։ Բոլորի հույսը իրենցից դուրս է գտնվում։ Կամ կուսակցական ինչ-որ լիդերների հետ են հույսները կապում, կամ էլ՝ արտաքին ուժերի։ Մարդիկ անգամ մրցույթի են բռնվել, թե ում կուռքը կամ արտաքին կողմնորոշումը «ճիշտ» դուրս կգա այս կամ այն իրավիճակում։ Ես արդեն նշեցի, որ ԵՏՄ-ն ըստ էության փլուզվելու է, քանզի թե նրա ներսում չկա ամրության պաշար, թե արտաքին աշխարհն է լիարժեք ճնշում։ Սակայն մեր ուշադրության կենտրոնում ԵՏՄ-ն չպետք է լինի, քանզի այն ընդամենը Ռուսաստանի քաղաքական գործիքներից մեկն է։

Պետք է հասկանանք, որ աշխարհը գտնվում է անցումային մի փուլում։ Փլուզվել է նախկին աշխարհակարգը, որոնք գծել էին Ստալինը, Ռուզվելտը և Չերչիլը 1945 թ.։ Մինչ նոր աշխարհակարգի ձևավորումը մեր աչքի առաջ տեղի են ունենալու պատերազմներ, կոտորածներ, սովամահություններ, համաճարակներ, ֆինանսական վայրիվերումներ, տնտեսական անկումներ և այլն։ Դրանք անխուսափելի են աշխարհի համար։ Մեր խնդիրն այս ամենը հասկանալն է, իրավիճակը ճիշտ գնահատելը և արդյունավետ լուծումներ գտնելը։

Իմ գնահատականով, Ռուսաստանը չունի ոչ մի պաշար՝ դիմադրելու համար արտաքին ճնշմանը։ Նա հայտնվելու է կամ 1990-ականների սկզբի իր դիրքերում, կամ ավելի է խրվելու աշխարհքաղաքական ճահճում։ Դա որքան մարտահրավեր է մեր երկու պետությունների համար, նույնքան էլ հնարավորություն է ճեղքում իրականացնելու համար։ Ու այս իրավիճակում է, որ ԼՂՀ նշանակությունը կրկնապատկվելու է։ Սակայն որքան էլ խոսենք արտաքին դաշտում հնարավորությունների մասին, միևնույն է՝ ներքին ու արտաքին շարժիչը այն հայ մարդն է, ով կարող է իր տականքին ուղարկել մկան ծակը։ Չկա որևէ լուծում, եթե հանրությունը խեղդվում է անզորության մեջ։ Հասել ենք այն օրվան, որ պետք է թշնամի համարենք բոլոր նրանց, ովքեր ավելացնում, կրկնապատկում են անզորությունը։ Ես գտնում եմ, որ այլևս չի կարելի թույլ տալ, որ ինչ-որ մեկը խոսի արտաքին օգնության, արտաքին հույսի, Աստծո օգնության և նման հիմարությունների մասին։ Պետք է լռեցնել այդ ամենը, իսկ եթե բան չկա ասելու՝ ուրեմն լռել է պետք։ Հայաստանում պետք է խոսեն միայն նրանք, ովքեր անձամբ կարող են գործ անել։

Հարցազրուցավար՝
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

среда, 21 декабря 2016 г.

Վահան Բադասյան. Ինչ որ տեղ պետք է շնորհակալ լինել Տեր-Պետրոսյանին, որ բացահայտեց բոլոր հանցագործությունները


Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է երեկ ՀԱԿ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում հնչած ԼՂՀ խնդրի լուծման հետ կապված դիտարկումներին:

Վահան Բադասյանի խոսքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը բացահայտեց ամբողջ հանրության համար, որ այս վարչախումբը, դինաստիան, որ իշխումէ 1991-ից ի վեր, տերպետրոսյանական դինաստիան է, որին հաջորդեցին Ռոբերտ Քոչարյանը, հետո Սերժ Սարգսյանը:

«Ոչինչ չի փոխվել, իշխանության գաղափարախոսության մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, մասնավորապես, երկրի ունեցած-չունեցածը թալանելու, երկրի ներսում կոռուպցիան զարգացնելու, ժողովրդին ու երկրին հասցնելու ծայրաստիճան աղքատության: Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք գործարանները փակվեցին, երկրի հարստությունը թալանվեց, բանակի վրա ոչ մի ուշադրություն չդարձվեց, սակայն այնքան ուժեղ էր ժողովրդական, ազգային-ազատագրական շարժման թափը Արցախում, այնքան մեծ էր, որ նրանք երբեմն ստիպված էին ականջալուր լինել ժողովրդի պահանջին:

Մենք ունեցանք հաղթանակ, բայց այդ հաղթանակը սեփականաշնորհեցին Լևոն Տեր-Պետրոսյանը, անորակ գերենալիտետը, երկիրը հասցրին աղքատության: Ստորագրվեցին ոչ հայանպաստ պայմանագրեր: Մինսկի խմբի համանախագահները մեր առջև դրեցին ստորացուցիչ պարտավորություններ, և 1998 թ-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց ոչ թե նրա համար, որ ուզում էր ծախել Ղարաբաղը. կար տնտեսական խորը ճգնաժամ, որ արդեն հասցրեց այն աստիճանի, որ պետք էր իշխանափոխություն ներսում, կազմակերպված, համաձայնեցված իշխանափոխություն: Երկրի պետական վերնախավում, փաստորեն, հակասություն կար տնտեսական, ազդեցությունների ոլորտի հարցում, Քոչարյան Ռոբերտ և Լևոն Տեր-Պետրոսյան խաղն էր գնում, ոչ թե Արցախի հարցում ունեին հակասություն Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր- Պետրոսյանև և Սերժ Սարգսյանը», ասել է Վահան Բադասյանը:

 2000-ից հետո, նրա խոսքով, Արցախյան հարցում Ռոբերտ Քոչարյանը նույնպես բռնեց Լևոն Տեր-Պետրոսյանի ճանապարհը, ավելի վատ ձևով, և նրանից էլ ավելի վատ երրորդ նախագահը: Ըստ նրա՝ եթե այս երեքի միջև հիմա կա հակասություն, ապա այն խիստ անձնական է, և ազդեցությունների ոլորտների բաշխման շուրջ է, երրի ներսում ալան-թալանի և այլ ազդեցության ոլորտների, բայց Արցախի հիմնահարցում նրանք երեքն էլ նույն դիրքորոշումն ունեն:

«Եթե ժողովուրդը դեմ է հողերը հանձնելուն, ապա երկիրը պետք է հասցնել այնպիսի աղքատության աստիճանի, բանակը հասցնել այնպիսի վիճակի, որ ոչ ոք դիմադրություն ցույց չտա, և միայն անվտանգության երաշխիք հանդիսացող բանակը նույնպես այնքան թուլակազմ լինի, որ նույնպես դիմադրություն ցույց չտա: Մինչև 94 թվականը մենք ստեղծել էինք ազգ-բանակ մոդելը, և Լևոն Տեր-Պետրոսյանը տեղյակ չէ, որ մեր ստեղծած բանակը, որ հաղթեց թշնամուն, եղել է ազգ-բանակ մոդելով, բայց ոչ թե նման հրեաներին, շվեյցարիացիներին, այլ յուրահատուկ էր, և մենք դա ստեղծել էինք՝ ելնելով մեր պաշտպանության անհրաժեշտությունից: Եվ մեր ազգ-բանակը Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ վերածվեց ղարաբաղյան մեկ ուրիշ բանակի՝ մեկ ուրիշ մոդելով, և Սեյրան Օհանյանն էլ ավելի քանդեց մեր բանակը՝ հասցնելով մեկ ուրիշ տեսակի: Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը հատկանշական քայլ է առաջարկում, բացահայտում է իր մտադրությունները, և ոչ միայն իր, այլ նաև Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ նախկինում ունեցած հանցավոր համաձայնության վերաբերյալ, որը վերաբերում է արցախյան հարցին: Դա հետեւյալն է՝ երկիրն ընկղմել ծանր ճահճի մեջ, կրթական, մշակութային թալան և ջարդ իրականացնել, հետո ասել, որ չունենք ոչինչ՝ օգտակար հանածոները թալանված են, աղքատ ենք, բանակը թուլացած է, սպառազինություն չկա: Միայն մի ելք կա՝ հանձնվել: Հանձնել տարածքները՝ նշանակում է հանձնվել», ասել է Վ. Բադասյանը:

Ըստ նրա՝ մենք այսօր ավելի մեծ հնարավորություն ունենք ունենալու ավելի ուժեղ բանակ, հնարավորություն ունենք կանխել արտագաղթը, պետության քայքայումը, կանխել օգտակար հանածոների, երկրի ընդերքի շահագործումը և յուրացումը, մենք բոլոր հնարավորություններն ունենք նորմալ պետություն դառնալու: Որևէ միջազգային հանրություն մեր անպաշտպանության ժամանակ մեր իրավունքներին տեր չի կանգնելու, ինչպես կոչ է անում մեզ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ինչ-որ տեղ պետք է շնորհակալություն հայտնենք Լևոն Տեր-Պետրոսյանին, որ բացահայտեց բոլոր հանցագործությունները, բոլոր հանցավոր համաձայնությունները հանցագործների հետ և երկրորդ, և երրորդ նախագահներին՝ իր ամբողջ դինաստիայի հետ:

«Պատերազմով ուզում են վախեցնել ժողովրդին, սա ստոր դավաճանություն է: Ես պատմական անցյալից ուզում եմ հիշեցնել, որ Լևոն Տեր-Պետրոսյանն է Լիսկայի հետ կազմակերպել, որպեսզի հանձնեն Հորադիսը, նա ուզում էր ամբողջը հանձնել, բայց այդքանը նրան հաջողվեց», հավելել է նա:

Ըստ նրա՝ գոյություն ունի մեկ ճշմարտություն՝ եթե ուզում ենք խաղաղություն լինի, ուզում ենք մեր մայրերը չլացեն, մենք պետք է պատերազմի պատրաստվենք, մենք պետք է հզոր բանակ և հզոր տնտեսություն ունենանք, այդ ժամանակ մեր զավակները սահմանին չեն զոհվի: Իսկ քանի թույլ ենք, միշտ զոհ ենք ունենալու, և մեր կորուստները կարող են լինել անդառնալի:

Հարցազրուցավար՝
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

Ֆեյսբուքյան էջերից՝ ԼՏՊ-ի ելույթի մասին


ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (մեկնաբան, վերլուծաբան). Հայերովս մի բուռ ենք։ Ընդ որում միլիոնով խեղճացած շարքային մարդ կա մեր մեջ, հազարներով ԲԾ, հարյուրներով արտակարգ ճիվաղ, ու մատների վրա էլ հաշվելի՝ իրոք խելոք, միտք ասող ու քննարկող մարդիկ։

Ես հասկանում եմ, որ այդ հատ ու կենտերը ատելի են մի քիչ ավելի պակաս մտավոր ունեցողների կողմից։ Բայց շարքայիններով կարևոր մտքերն ու դրանք հրապարակ բերողներին պետք է տեր կանգնել, բեջարել, որ մեզ մարդ զգանք, այլ ոչ սաշիկ։

Ասածս էն է, որ քաղաքական քաք-ին զուգահեռ մարդկային լույսն է պետք տարածել ու գովերգել։
Ես փորձում եմ դա անել։ Նկատած կլինեք, որ ես այլոց փայլուն մտքերը փորձում եմ մասսայականացնել, որովհետև դա է ճանապարհը կյանք մտնելու։

Դուք էլ նույնն արեք՝ միայն կօգտվեք, Հրեաները հենց դա են արել ու աշխարհակալ են դարձել։



ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (դերասան, ռեժիսոր, Մհեր Մկրտչյանի կինը). Եվ ոչ մեկի մտքով չի անցնում հարցնել՝ այ առաջին, ոչ բարով նախագահ, ի՞նչ իրավունքով ես որոշում և ինքնավստահ ու ամբիցիոզ տոնով հայտարարում մի այլ պետության, որի ոչ անկախությունն ես ճանաչել, ոչ քո պետությանն ես միավորել, շրջանները «փուլային» տարբերակով հանձնել մի այլ պետության:

Եվ եթե նման բան պատահի հողագնդի վրա մի այլ տեղ, արդյո՞ք այդ մարդուն քրեական պատասխանատվության չեն ենթարի կամ քաղաքավարի չեն առաջնորդի հոգեբուժարան: Մի ազգ՝ երկու պետության օրինակները, որոնք լավ արդյունքի չեն հասել ամեն դեպքում, ունեցել են և ունեն ինքնուրույն բանակ, ինքնուրույն դրամական միավոր, ինքնուրույն պետական բյուդջե, ինքնուրույն տնտեսություն:

Մեր երկու «պետությունների» չեղած պետբյուդջեն երկու ուռճացած վարչակազմ է պահում ու արտաքին պարտք կուտակում: Որքան կարող ենք ձեր այս անգրագետ ու վտանգավոր կամայականությունը հանդուրժել...
Այ, այ, այ առաջին, երկրորդ ու երրորդ լարախաղացներ:



ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ (գրող, հրապարակախոս). Ավազակապետության հիմնադիր-նախագահի ելույթի հիմնական նպատակը՝ իր հոգեզավակի ձեռքով վերջապես ազատվել այդ Արցախից։ Դե, այդ Ղարաբաղն արդեն ո՞ւմ է պետք՝ դրա անունով «Ղարաբաղ» կոմիտե ստեղծեցին, իշխանության եկան, երկիրը հնարավորինս մաքրազարդեցին, բանկերում-մանկերում իրենց մի 30-40 սերունդի բարեկեցիկ կյանք ապահովեցին։ Հիմա ի՞նչ է մնում. երջանիկ ծերություն՝ ռուս-թուրքական բարձր հովանու ներքո։ Մեջտեղ սկզբունքի հարց էլ կա՝ էն գլխից թքած ուներ Ղարաբաղի վրա, հնարավոր ամեն ինչ անում էր այն հանձնելու համար, բայց չթողեցին։ Հիմա իսկը ժամանակն է այդ ամենն անել ուրիշի ձեռքով։ Հատկապես երբ մեր ժողովուրդը կարճ հիշողություն ունի և երբեք դասեր չի քաղում իր սխալներից...
Մնացյալը լոլոներ են՝ միամիտների ականջից կախելու համար։

Մտածում եմ՝ ի՞նչ կլիներ, եթե լտպ-ն ծնված-մեծացած լիներ ոչ թե Սիրիայից Հայաստան տեղափոխվածի ընտանիքում, այլ, ասենք, ծնված ու ապրելիս լիներ Մոզամբիկում, Ֆիլիպիններում, Իսրայելում, Ալբանիայում, Մեքսիկայում կամ ընդհանրապես ծնված չլիներ։ Վերոհիշյալ երկրներում հազիվ թե դրանից որևէ բան փոխվեր, բայց, ըստ իս, Հայաստանում շատ բան կփոխվեր։

Նախ՝ մենք այսօր չէինք ունենա քրեաօլիգարխիկ Հայաստան։ Ամենայն հավանականությամբ, Արցախն՝ ազատագրված տարածքներով, արդեն Հայաստանի անբաժանելի մաս կլիներ, պատերազմում մեր հաղթանակն ամրապնդված կլիներ թշնամուն թելադրված-պարտադրված բազմաթիվ պայմաններով և այլն։

Պատերազմում անկասկած ավելի քիչ կորուստներ կունենայինք, միաժամանակ թշնամուն ավելի մեծ կորուստներ կլինեինք պատճառած, քանզի ստիպված չէինք լինի կռվել երկու ճակատում՝ ներքին ապազգայինի և արտաքին ոսոխի դեմ, և հարկ չէր լինի, որ պաշտպանության նախարարի աթոռին նստածը հեռուստատեսությամբ ելույթ ունենար ու խնդրեր 500 մահապարտներ միանան իրեն՝ Արցախը փրկելու, քանզի պաշտպանության նախարարի աթոռին նստած անձը այդ ընթացքում արդեն կազմակերպված ու կանոնավոր բանակ ստեղծած կլիներ։

Շահումյանն անշուշտ այսօր հայկական կլիներ, իսկ Մարտակերտը չէինք տա և հետո բազմաթիվ հայորդիների արյան գնով կրկին ազատագրելու։ Այսօր մենք չէինք ուրախանա, որ մեկը վերջապես խոսում է ոսկեղենիկ հայերենով և իր «անուշ լեզվով» բացատրում, թե մենք ինչպես պետք է փուլ առ փուլ զիջենք Հայաստանը։

Հաստատ ամեն արկածախնդիր չէր կարող դառնալ Հայաստանի գերագույն ղեկավար՝ առանց քաջածանոթ լինելու մայրենի լեզվին ու սեփական ազգի պատմությանը։ Դե, պարզ է, որ կբացառվեր նաև գաղջ մթնոլորտն, ու այդ գաղջությունից գլխապատառ փախչող տասնյակ հազարավոր ընտանիքներ չէին լինի։ Փոխարենը թերևս ներգաղթի ծավալից առաջացած խնդիրները մեզ հուզեին...

Եվ այս ամենը թերևս այսպես լիներ, մի քիչ լավ կամ մի քիչ ավելի մեղմ գույներով լիներ, եթե ընդամենը մի հոգի 71 տարի առաջ չբարեհաճեր լույս աշխարհ գալ։ Պատմությունը երբեմն չար կատակներ է անում։ Բայց հատկապես միշտ մեզ հետ։

Հ.Գ. - Մարդկության պատմությունից ինձ հայտնի երեք տիպ կա, որոնցից սարսափելի զզվում եմ, որոնց համարում եմ մարդկության ամենավերջին տականքը։ Առաջինը միխայիլ գորբաչովն է, երկրորդը՝ լտպ-ն, երրորդը, կարծում եմ, բոլորդ գիտեք, թե ով է... Սրանք ավելի ստոր, ավելի եղկելի են, քան Ներոնը, Լենկթեմուրը, Թալեաթը, Հիտլերը և այլ հրեշները։ Սրանք ատում են սեփական երկիրն ու ժողովրդին։



ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ (քաղաքագետ). Եկեք սառը դատենք Տեր-Պետրոսյանին: Նա չունի որևէ լծակ արտաքին և ներքին քաղաքականության վրա ազդելու համար: Չունի նաև բազմամարդ և ազդեցիկ կուսակցություն, որպեսզի ազդի քաղաքական գործընթացների վրա: Նրա մտքերը չեն կարող ընտրություններից առաջ նրան լրացուցիչ ձայներ բերել:

Այդ դեպքում առաջանում է հարց. Ինչին է իրեն պետք Արցախը հանձնելու (իրականում խոսքը հենց Արցախը Ադրբեջանին հանձնելու մասին է, այլ ոչ թե գրաված տարածքները) մասին հայտարարություններ անել:

Եթե հավատանք այն կարծիքին, որ նա լուրջ գործիչ է և ունի արտակարգ մտավոր ունակություններ, ապա վերը նշված փաստարկներից ելնելով պետք է հետևություն անել, որ նրա խոսքերը հանրությանը չեն ուղղված, այլ Սերժ Սարգսյանին և այն դրսի խաղացողներին, որոնք տարածքներ հանձնելու տարբերակն են առաջ մղում:

Նույն բանն Արցախում ակնարկեց Սերժ Սարգսյանը` սպասվող դժվարին ժամանակների մասին խոսելով:
Տեր-Պետրոսյանն իր վրա դեր է վերցնում, որը լրացնում է Բաքու գնացած «տղաների և աղջիկների» գործը, ինչը կարևոր է համարել նաև ձեր սիրելի Կիսիլյովը:

Այդ ամենն ակնհայտ է, սակայն պետք է հասկանալ, թե այդ ծառայության դիմաց նա Սերժ Սարգսյանից ինչ է ակնկալում: