четверг, 28 апреля 2016 г.

«Ամեն ինչ ծախելը տեսել էինք, բայց որ փաստացի հաղթանակը կարելի է վաճառքի հանել՝ ոչ». Թամար Հովհաննիսյան


Դերասանուհի, ռեժիսոր Թամար Հովհաննիսյանն անդրադառնալով սահմանում կատարված անցած օրերի իրադարձություններին, վերլուծելով, թե ինչու նման կարևոր պահին հայ բանակը կռվում է 80-ականների զենքով, և իշխանությունն այս օրհասական պահին որևէ քայլ չի ձեռնարկում, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում անկեղծացավ.

     «Այս կարևոր պահի՞ն: Պետության համար բոլոր պահերն են կարևոր: Այս պահն անակնկալ չէր, թերևս ոչ մեկիս համար, առավել ևս երկրի տերերի, որ այն սեփականացրել, ծալել, դրել են իրենց գրպանը: Ինչի՞ մասին խոսեմ: Ո՞վ չգիտի, թե ինչ է կատարվել քսանհինգ տարի շարունակ»,- ասաց դերասանուհին:

     «Քաղաքական երեք դիակ ունենք, մեկին դնում, մյուսին ենք վերցնում: Երեքն էլ ինտենսիվորեն ոչնչացրին Հայաստանը: Հիմա մարգարե դարձած հայտնվում են ու ամբիցիոզ մտքեր հայտնում: Երեքն էլ գնդացրի միս դարձրին մեր երիտասարդությանը: Հաշվեք, թե էս քսանհինգ տարում ինչքան զոհ ենք տվել, իսկ ո՞ւր է հաղթանակը: Դա էլ իրենց գրպանում: Ամեն ինչ ծախելը տեսել էինք, բայց որ փաստացի հաղթանակը կարելի է վաճառքի հանել՝ ոչ»,- մեզ հետ զրույցում նշեց նա: Թամար Հովհաննիսյանը չի ուզում մոմավառություն, սգո երթ, հետմահու հերոս: «Ես ուզում եմ, որ նրանք ապրեն, սովորեն, աշխատեն, ամուսնանան, երեխաներ ունենան այս հողի վրա, ոչ թե արյուն տան այս հողին: Ուզում եմ, որ ապրեն, ապրեն, ԱՊՐԵՆ: Մարդու սիրտ կճաքի: Ինչո՞ւ լռել, ինչքան լռել, լռես, որ ի՞նչ շահես, որ ի՞նչ լինի: Ոչ մեկը մեղավոր չի, ոʹչ Ռուսաստանը, ոʹչ Ադրբեջանը, ոʹչ Թուրքիան, ոʹչ աշխարհը: Մեղավոր են մեր երկիրը սկուտեղի վրա նրանց մատուցողները: Եվ ի՞նչ են շահել դրա դիմաց՝ ոսկի հաց, որ ոսկուց զուգարանը ոսկով լցնե՞ն»,- ընդգծեց մեր զրուցակիցը: Թամար Հովհաննիսյանը համոզված է, որ պետք է լուծարել Ազգային ժողովը, որ 90 տոկոս հանցագործներով է լցված. «Էս խեղկատակ նախագահ, նախարարներ, խոսնակ՝ իր արբանյակներով, վարչապետ կոչված զավեշտը, շուրջները հավաքած մասնագիտությամբ «հայրենասերներին», որոնք պարզապես ստահակներ են, բոլորին` առաջինից մինչև վերջինը ունեցվածքները պետականացնել, երկրի սահմանները փակել, որ չկարողանան փախչել և համաժողովրդական դատարանի առջև կանգնեցնել: Էդ բթամիտ տականքների որկորը մեր երիտասարդների արյունով կերակրեցինք: Էդ խոշտանգված դիերը, որ բերում են, փրթված, մասերի բաժանված, իրենք բոլորը նույն վիճակին պիտի հասնեն: Իբրև ի՞նչ, կասեք խոսելը հեշտ է, անելը դժվա՞ր, բա ինչի՞ են գրավել էդ պաշտոնները, որ գրավում էին չէին մտածու՞մ, որ դժվար է լինելու»,- նշեց դերասանուհին:

     Հարցին, թե ինչո՞ւ իշխանություններն այս կարևոր պահին ժամանակակից զենքով զինվելու որևէ քայլ չեն ձեռնարկում, արձագանքեց. «Քա՞յլ, ձեռնարկել են, ինչո՞ւ ոչ, բանկաները փոխարինել են անվադողերով: Ինչից խոսեցին, ասեցին փող չկա, բա իհարկե չի լինի, քանի որ ձեզ կշտանալ չկա: Ինձ կասեն, էմոցիոնալ խոսքով երկիր չի ղեկավարվի, բա ինչպե՞ս, գողանալո՞վ, որ երկրում, աշխարհի ո՞ր մի ծայրում էս ամենը կհանդուրժեն: Իբրև շախմատ է խաղում, իբրև ֆուտբոլային դիվանագիտությու՜ն, չգիտեմ էլ ինչ հնարած տգետ եզրույթներ: Երբեմն պիտի անես առաջին քայլը, որ երևա թե հաջորդ քայլը որն է լինելու»,- համոզված է նա: Դերասանուհին տեղին համարեց հիշել Հ. Թումանյանի խոսքերը. «Ուրիշ ճանապարհ չկա, ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»: «Մի դար անցել է արդեն: Մենք լուռ պիտի չնստենք»,- համոզված է նա:

     Դերասանուհին անդրադառնալով պատերազմի վերսկսման հավանականությանն ասաց, որ այն երբեք չի դադարել, որ վերսկսվի. «Մենք պատերազմի մեջ ենք քսանհինգ տարուց ավելի: Մեր տունը պիտի մաքրենք, մաքուր պահենք, երիտասարդ նահատակների ոգուց ենք խոսում, մեր վախկոտ, ծառա, կամակատար ղեկավարությանը պիտի հեռացնենք, ոգով արի մարդկանց հետ միասին ազգովի մեր երկիրը կառուցենք, որքան էլ որ դժվար լինի: Անհնարին որինչ չկա: Քոռի աշխարհ չի, մի դար անցել է արդեն»,- ամփոփեց Թամար Հովհաննիսյանը:
   
     Հարցազրույցը՝ Անի Մնացականյանի

Комментариев нет:

Отправить комментарий