понедельник, 13 июня 2011 г.

Արցախ. ամառային աշուն

Վերջին 2-3 շաբաթում Արցախում արեւոտ պայծառ օր եղավ միայն հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը։ Ըստ երեւույթին, այդ օրը Աստված որոշել էր բացառության կարգով բարյացակամ լինել մատաղ սերնդի հանդեպ։ Հաջորդ իսկ օրվանից երկնքից կրկին թեթեւակի ընդմիջումներով անձրեւ էր թափվում չճանաչված երկրի վրա։ Օրացուցային ամռան տասներորդ օրն է արդեն, սակայն ասես աշնանային եղանակ լինի՝ անձրեւոտ, ձանձրալի, սառն ու միապաղաղ…

Քաղաքական, ավելի ճիշտ՝ ներքաղաքական կյանքի ակտիվության սլաքը շարունակում է տատանվել զրոյի միջակայքում։ Եվ ի՞նչ ներքաղաքական կյանքի մասին կարող է խոսք լինել, երբ բոլորը յուրային են։ Ճրագով անգամ այստեղ ընդդիմություն չես գտնի, բոլորը համերաշխորեն խմբված են երկրի ղեկավարի շուրջ։ Հեռուստատեսություն թե մամուլ՝ նույն կիսած խնձորի երկու մասն են։ Ամենաանմեղ քննադատությունն անմիջապես մկրատվում ու դուրս է շպրտվում։

Ի դեպ, զարմանալի զուգադիպությամբ թե թեմաների «դեֆիցիտի» պատճառով Արցախի հեռուստատեսությունը, ինչպես հայաստանյան հեռուստաալիքների գերակշիռ մասը, նույնպես լայնորեն անդրադարձել էր ապրիլի 12-ի Տիեզերագնացության օրվան՝ Ստեփանակերտի փողոցներում բլից-հարցումներ անցկացնելով Արցախի ճակատագրի համար սկզբունքային դեր խաղացած Գագարինի դարակազմիկ թռիչքի վերաբերյալ…

Բայց վերադառնանք Երկիր, այսինքն՝ Արցախ։ Ամեն դեպքում, երեւի թե ճիշտ չի լինի ասել, թե քաղաքական կյանքը լրիվ մեռած է։ Երկրի ղեկավարը երբեմն ճամփորդություններ է կազմակերպում դեպի շրջաններ, կարեւորում այս կամ այն միջոցառումը, հավաքվածներին խորհուրդներ տալիս, կարմիր ժապավեններ կտրում եւ, արտասահմանյան թանկարժեք ավտոների շարասյունը հետեւից գցած, վերադառնում հարազատ նստավայր…

Մինչ երկնքում կրկին անձրեւաբեր ամպեր են հայտնվում, եւ թեթեւ քամին քշում-բերում է ոչ շատ հեռվում արդեն անձրեւաթակ եղած խոտ ու ծաղկի ծանոթ բույրը, Ստեփանակերտի կենտրոնական պուրակներից մեկում զրույցի եմ բռնվել տարեց մի արցախցու՝ Եղիշե պապի հետ։ Հասկանալի պատճառով զրույցի հիմնական թեման «այս զզվելի եղանակն է», անձրեւները։

«Քե մատաղ, աշխարհ տեսած մարդ եմ, գլխովս էնքա՜ն բաներ են անցել, բայց էլի շատ բան չեմ կարողանում հասկանալ,- ասում է Եղիշե պապը։- Մի մատ երեխա եմ եղել, աշխարհից բան չէի հասկանում, հիմա պառավել եմ, բայց էլի բան չեմ հասկանում»։ Ծերունին անցած-գնացած օրերից է պատմում, իր ջահելությունից, Երկրորդ աշխարհամարտից, երբ «մի մատ երեխա» էր, բայց տանը փոխարինում էր պատերազմ մեկնած հորը։ Հետո հասնում է մեր օրերը եւ անսպասելի կտրուկ ասում՝ բոլորը մեր դեմ են. Աստված, մեր հարեւանները, մեր թշնամիները, մենք ինքներս մեր դեմ ենք…

«Թուրքից պրծանք, հիմա էլ, արդեն քսան տարի է, հայ ղեկավարներն են ոսկորի պես բկներիս մնացել։ Ոչ դուրս են գալիս, ոչ էլ կուլ տալու բան է, որ կուլ տանք։ Ձեռներին կրակն ենք ընկել,- միտքը շարունակում է տարեց արցախցին։- Իրենց համար կառուցում են, իրենց համար քեֆ են անում, իրենց համար ապրում են, թե՝ ժողովրդավարական երկիր ենք կառուցում… Քե մատաղ, բա սրանցից ո՞նց պրծնենք… Մարդու մեջ հավատ չեն թողել, ոտնակոխ արել՝ սպանել են, հետո էլ մեկ-մեկ զարմանում են, թե գյուղացին չի ուզում հող մշակել կամ գյուղացին հողի պարարտացման աշխատանքները ճիշտ չի անում… Սրանք եկել են թե չէ՝ բնությունը, Աստված էլ է մեր դեմ ելել։ Հողի հետ կռիվ ես տալիս, քրտնում, չարչարվում… անիծյալ կարկուտը, տերը մեռած անձրեւը գալիս՝ չարչարմունքդ, արածդ սաղ հավասարեցնում է հողին…»։

Ամպերի խուլ ղռղռոցը հասկացնում է, որ Երկնայինն այսօր բացառություն անելու մտադրություն չունի։ Զրուցակիցս նայում է վեր ու նետում՝ քո հերն էլ անիծած… Գլխներիս չոռուցավն ասես քիչ էր, դու էլ էդտեղից ես հոգի կրծում…
Ծերունին ձեռքը դժգոհ թափ է տալիս եւ հեռանում։ Նրա այդ ձեռքի շարժումը եւ հրաժեշտ է՝ ուղղված ինձ, եւ դժգոհություն՝ դեպ աշխարհն ու մենք…

Արեգ Վարդանյան
«Հրապարակ»
10.06.11

Комментариев нет:

Отправить комментарий