воскресенье, 12 июня 2011 г.

Պամֆլետ, որ «փոթորիկ» է առաջ բերել ԼՂՀ ԳՄ «նախագահությունում»

Ի պատասխան Արցախի ճանաչված և հարգված տասնյակ մտավորականների՝ «Ազգ» թերթի «Մշակույթ» հավելվածում և արցախյան թերթերում տպագրված «Երբ ցինիզմը, իրոք, սահմաններ չի ճանաչում» նամակ-հոդվածի, ՀՀ ԳՄ մի քանի անդամներ, միության նախագահի գլխավորությամբ, «Գրական թերթ»-ում հապշտապ «հոդված» են գրել, որը ոճով, ձևակերպումներով չի տարբերվում Արցախի ԳՄ-ի մամուլում տպագրված զրպարտագրերից:

Հոդվածի տակ «իրենց ստորագրությունն են դրել» նաև մարդիկ, ովքեր կամ անտեղյակ են Վազգեն Օվյանի գրական ժառանգությունից, կամ միանգամայն այլ կարծիք ունեն նրա անվան և գրական վաստակի մասին: Հ. Բեգլարյանը, որ առողջական լուրջ խնդիրներ ունի, հազվադեպ է տնից դուրս գալիս, վերջերս մեկնել է Վ. Օվյանի ծննդավայր, բազմաթիվ մարդկանց ներկայությամբ, որպես մեծագույն հարգանքի տուրք, համբուրել նրա հուշաքարը, հանկարծ «ստորագրել է» ԳՄ նամակը: Սակայն Բեգլարյանը երդվել է «բոլոր սրբություններով» (իր բառերն են - Ն. Օ.), որ ինքը չի ստորագրել այդ նամակը:

Վերջապես ո՞ւմ է պետք այս շոուն: Ակնհայտ է, որ սա «ես՝ քեզ, դու՝ ինձ» սկզբունքով սարքած ներկայացում է. Արցախի ԳՄ նախագահը տեղացի գրողների ստորագրություններով «Գրական թերթ»-ում վերջերս հրապարակավ «սատարել է» ՀՀ ԳՄ նախագահին և, ահա, վերջինս էլ նման ձևով վարձահատույց է լինում նրան՝ արտահայտելով իր աջակցությունը արցախցի կոլեգային (այս երևույթը մեզանում անվանում են «սատարախտ»), որի կազմակերպած արշավը՝ հետմահու ԼՂՀ բարձրագույն պարգևի՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի արժանացած գրող Վազգեն Օվյանի դեմ, ղարաբաղյան լուրջ և իրեն հարգող մտավորականության շրջանում ոչ միայն աջակցություն չի գտել, այլեւ լիովին խայտառակվել է Ղարաբաղում:

Պարոնայք ԳՄ նախագահներ, ձեր աթոռներին կառչած մնալու համար ոտնատակ մի՛ տվեք ազնիվ մարդկանց անունն ու պատիվը, նրանց մի՛ խառնեք ձեր անձնական հաշիվներին: Ամո՛թ է: Դա պատիվ չի բերում մտավորականին: Իսկ որպեսզի ընթերցողը հասկանա, թե ինչո՞ւ հանկարծ Վարդան Հակոբյանը զրպարտչական աննախադեպ արշավ ձեռնարկել 22 տարի առաջ վախճանված գրողի անվան ու գրական ժառանգության դեմ, ստիպված եմ ներկայացնել «մի կաթիլ մեղրի» պատմության իրական պատճառը:
Արցախում Վարդան Հակոբյանին (Սլավիկ Հակոբյան) ճանաչողներն այնքան միամիտ չեն, որպեսզի կարծեն, թե այսօր վերջինս քունն ու հանգիստը կորցրել է, որովհետև 50 տարի առաջ Վազգեն Օվյանն իր անդրանիկ գրքում Թևան Ստեփանյանին ներկայացրել է բացասական ու սարկաստիկ գծերով:

Նախ՝ Հակոբյանը լինելով, նշանավոր արցախագետ ու պատմաբան Շահեն Մկրտչյանի բնորոշմամբ՝ ԵՍԱԿԵՆՏՐՈՆ անձնավորություն, իրենից դուրս ոչինչ չի տեսնում և հազիվ թե հուզվի անգամ մոտիկ մարդկանց անձնական դարդուցավերից: Էլ ո՞ւր մնաց՝ այդպես պատեպատ խփվի հանուն մի մարդու, որը, մեղմ ասած, այնքան էլ բարի անուն չի թողել ղարաբաղցու հիշողության և վերջին 70 տարվա պատմագիտության մեջ: Այնպես որ, ռուսի ասած՝ «նե դա լամպոչկի»...

Եթե Վ. Հակոբյանին առայսօր հանգիստ չի տալիս, դա այն պամֆլետն է, որ Վազգեն Օվյանը գրել է նրա մասին, եւ որը նրա «Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին» բանաստեղծության պարոդիան է: Վերջինս կարող է 200 պասկվիլ մոգոնել հանգուցյալ գրողի դեմ և զետեղել պետական սուղ միջոցներով ֆինանսավորված իր շքեղակազմ հատորներում: Բայց, ի ցավ Հակոբյանի, դրանցից ոչ մեկն այնպես չի «կպնելու» Վազգեն Օվյանին, ինչպես նրա գրածը՝ իրեն: Ահա այդ պամֆլետը.

Ես անկեղծորեն հավատում եմ քեզ,
Դու Ղարաբաղի մասին երգ չունես,
Եվ բանաստեղծի սիրտ չունես մաքուր,
Դու հոնորար ես բառերից սարքում:

Քոնը կեղծելն ու շողոքորթելն է,
Քոնը քծնությամբ պաշտոն շորթելն է,
Քոնը իրար դեմ մարդկանց լարելն է,
Քոնը ամբիոնից ստից ճառելն է:

Քոնը սակարկել, դռներ բախելն է,
Քոնը, ընչաքաղց, առնել-ծախելն է,
Քոնը շանտաժն ու վայրահաչելն է,
Քեզնից ուժեղի ոտքը պաչելն է:

Մատնելն է քոնը, քոնը փքվելն է,
Քոնը սրբության վրա թքելն է:
Դու երկու տիրոջ ոտք լիզող շուն ես,
Դու Ղարաբաղի մասին երգ չունես:

25-30 տարի առաջ գրված այս պամֆլետ-պարոդիայի տպագրման օրվանից՝ 1992 թվականից Հակոբյանը կորցրել է հանգիստը, որովհետև ընդամենը 4 քառատողում խտացված է նրա իրական կերպարը, որի համար վերջինս «փոթորիկ» է բարձրացրել գրականության ու լրագրության բնագավառում չկայացած, սակայն զրպարտության ու կեղծարարության ասպարեզում անգերազանցելի գրչակներից կազմված իր մերձավոր շրջապատում, որը ինքն անվանում է «ԳՄ նախագահություն»:

Հակոբյանին լրջորեն մտահոգում է նաև Վազգեն Օվյանի ժողովրդականությունը: Դե, իհարկե, խորապես մտահոգիչ է. Օվյանը վախճանվել է երկու տասնամյակ առաջ, բայց, ինչպես գրված է Արցախի ճանաչված մտավորականների ստորագրությամբ հրապարակման մեջ, «ի տարբերություն որոշ «կենդանի մեռյալների», Վազգեն Օվյանը այսօր էլ ապրող հեղինակ է, նրան կարդում են, նրա հեղինակած բանաստեղծությունները՝ արտասանում: Եվ եթե դա հարուցում է ոմանց զայրույթը, ապա գրողը մեղք չունի. «ծանիր զքեզ»՝ ասում էին հները: Նշանակում է՝ ընթերցող հանրությունը ներկա գրական գորշությունից վեր է դասում անցյալի իրական արժեքները և իմաստ չունի «սուր ճոճել». ժամանակը ամեն ինչ իր տեղն է դնում... Գրադարաններում այսօր փնտրում են Վազգեն Օվյանի գրքերը: Եվ դա այն դեպքում, երբ պետական միջոցներով տպագրված բազմաթիվ հաստափոր հատորների կողքից ուսանողությունն անցնում է հպարտ անտարբերությամբ» (տես՝ «Երբ ցինիզմը, իրոք, սահմաններ չի ճանաչում», «Ազգ», 06.12.08):

Երբ Վազգեն Օվյանը գրում էր «Ղարաբաղի արծիվը», «Ամարասը», «Այս Ղարաբաղն է»-ն և բազմաթիվ հայրենաշունչ տողեր, երգիծական-սարկաստիկ երկեր էր գրում Լ. Բրեժնևի, Հ. Ալիևի, Բ. Կևորկովի, ադրբեջանական հայատյաց քաղաքականության դեմ («Նազար-նամե», «Կրկես», «Գորշ գայլի, շնագայլի և այլոց մասին», «Սև վեզիրը»:), «շքերթներից հոգնել էր արդեն ու ձանձրացել ճառերից դատարկ», Վ. Հակոբյանը ազգի դահիճներին՝ Հ. Ալիևին և Բ. Կևորկովին հաճոյանալու համար, ոգևորությամբ գովերգում էր «դարի մեծագործությունները»՝ «Աղդամ-Ստեփանակերտ երկաթուղու շինարարությունն ու անասնապահական խոշոր համալիրի կառուցումը», երևի կարծելով, թե դեպի Պառնաս տանող ամենաուղիղ ճանապարհն անցնում է Աղդամ-Ստեփանակերտ երկաթուղով ու անասնապահական համալիրների դռներով: Երբ Վազգեն Օվյանը ի պատասխան հայատյաց Ռասուլ Ռզայի թունոտ մի զառանցանքի՝ «Սմբատ և Բաբեկ» էր գրում («Որքան ոռնաս, Ռասուլ Ռզա, Սմբատները միշտ ծնվել են ու կծնվեն...»), Վ. Հակոբյանը ազերի Մոլլա Փանահ Վագիֆի մասին պոեմ էր երկնում, չտեսնելուն տալիս, որ Թևանն արդեն քանի տասնամյակ, աչքը ջուր կտրած, սպասում է իրեն՝ յուր «փաստաբանին»...

Նախանձի թույնը այնպես է կուրացրել Վ. Հակոբյանին, որ երկու տասնամյակ առաջ մահացած գրողին «ոչնչացնելու» մոլուցքի մեջ կորցրել է ոչ միայն մտավորականին վայել էթիկան, այլև դատելու ունակությունը՝ ինքն իրեն հակասելով և իրեն գցելով ծիծաղելի վիճակի մեջ: Օվյանին մերթ մեղադրում է նրա համար, որ իբր վերջինս իր վիպակը գրել է Կևորկովի պատվերով՝ 1975 թ.-ին (մինչդեռ վիպակը ամսագրում տպագրվել էր 1971 թ.-ին, գրքով՝ 1973-ին, երբ Կևորկովը դեռ չէր եկել Ղարաբաղ: Իսկ իրականում 1975 թ. Վ. Օվյանը Կևորկովի դեմ գրել է «Հուդային», «Բ. Կ.-ին», «Բասարական» բանաստեղծություններն ու տասնյակ պամֆլետներ), մերթ հայտարարում է, թե Օվյանը «չափածո հայհոյել է Կևորկովին»: Անհասկանալի է, թե ինչն է այդպես տանջում ԳՄ ղեկավարին. «Կևորկովի պատվերով գրե՞լը», թե՞ «Կևորկովին չափածո հայհոյելը»: Եթե մարդ մեկին հայհոյում է, էլ ինչո՞ւ պիտի միաժամանակ գրի նրա պատվերով...

Մյուս կողմից՝ մի ասող լինի Հակոբյանին՝ ուժդ չափածո չէր պատում, դու էլ արձակ «հայհոյեիր» ազգիդ դահճին: Ինչո՞ւ ծպտուն չէիր հանում: Թե՞ հայհոյանքիդ պարկը պինդ փակել էիր, որպեսզի հետագայում Արցախյան պատերազմից հետո քեզ հռչակեիր «Արցախյան շարժման առաջին ղեկավարներից մեկը» և հայհոյեիր «Կևորկովին հայհոյողին»: Ինչո՞վ էիր զբաղված այդ տարիներին, ավելի կարևոր գործեր ունեի՞ր: Իսկ գո՞ւցե Հակոբյանն իրոք կարծում է, թե մեռել է ժողովրդի հիշողությունը, և մարդիկ մոռացել են, թե իրականում ով ինչով էր զբաղված թե՛ այդ տարիներին, թե՛ Արցախյան պատերազմի ժամանակ, թե՛ հետո... Գո՞ւցե նրան թվում է, թե ժողովրդի հիշողությունը ևս կարելի է պատվերով «գրել տալ», կամ՝ գրել ու ժողովրդի ստորագրությունը դնել տակը:

Ահա ԼՂՀ «ԳՄ նախագահության» ձեռնարկած արշավի և բարձրացրած աղմուկի ողջ իրական պատճառը, որի համար ԳՄ-ում թիվ մեկ մարտական տագնապ է հայտարարվել: Իսկապես որ շա՜տ հիմնավոր և օրախնդիր պատճառ է:

ՆԱՐԻՆԵ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
Ստեփանակերտ
«Տարեգիր», Երեւան
06.03.2008

Комментариев нет:

Отправить комментарий