воскресенье, 1 апреля 2018 г.

Ղարաբաղը ոչ անկախացվող է, ոչ էլ զիջվող, այն հայկական պետության մաս է


Ղարաբաղյան հանգուցալուծման մեզ ձեռնտու սցենարները մեր՝ շարքային հայերիս կողմից երբևէ քննարկված չեն եղել։ Սկսած 1990-ից  այդ ասպարեզը  իշխանությունների արտոնությունն է եղել և այդպիսին էլ մնացել է՝ չնայած անցած 26 տարիներին հիմնավորապես փոխվել են պայմանները։ Իսկ ապրիլյան կայծակնային ագրեսսիայից հետո, սույն խնդիրը դարձել է մեր ազգի ամենակենսական խնդիրը։ Իշխանությունները գնում են իրենց համար ամենաանվտանգ֊ անկախ Ղարաբաղի մոդելով, այն դեպքում, երբ այդ մոտեցումը բազմաթիվ ծանր նեգատիվներ ունի իր մեջ։

 Սույն հոդվածում ես ներկայացրել եմ իմ ալտեռնատիվ մոտեցումները։
 Հակամարտության սկզբին երևի բոլորս էինք համակարծիք, որ Ղարաբաղյան հարցը Ստալինյան քաղաքական կամայականությունների հետևանք է, և նոր մտածողության պայմաններում պետք է շտկվի հօգուտ մեզ՝ ուղղակի փաստերի ճնշման տակ: Լուծման կոնկրետ քաղաքական պատճառաբանությունը, ձևակերպումը մի տեսակ հետին պլան էր մղված:
Սովետական Միությունը փլուզվեց, բայց հարցը մնաց չլուծված:

Հետագայում, անձամբ ինձ համար, Ղարաբաղի «ինքնորոշմամբ անկախանալու» իրավունքի խնդիրը որպես միջազգային քաղաքական արգումենտ կորցրեց իր ուժը: Մտածում էի, որ եթե նույնիսկ կոնֆեդերատիվ միության ներսում այս հարցադրմամբ հարցը տեղից չշարժվեց, ապա ի՞նչ տրամաբանությամբ պետք է միջազգային հանրության աչքում մեր արգումենտները ավելի արժեքավոր դառնան ու որպես լուծման հիմք ծառայեն:

Ժամանակը ցույց տվեց, որ նույնիսկ հաղթական պատերազմից հետո էլ, hայաստանյան քաղաքական միտքը մնած քարացած, չհասկացավ փոփոխված իրադրությունը ու չթարմացրեց հարցադրումներն ըստ միջազգային քաղաքական տրամաբանության ու պահանջների:
Աստիճանաբար նաև պարզվեց, որ մեր քաղաքական կշռի չնչինության հետ մեկտեղ, «կողմնակի դիտորդի» Հայաստանի քաղաքական կեցվածքը կոպիտ սխալ ուներ իր մեջ, որը հանգեցրեց մեծ զրկանքների, ներքին այլանդակությունների և ուր որ է, ավելի մեծ ողբերգության կարող է տանել մոտ ապագայում:

Ղարաբաղյան հիմնահարցում հայկական կողմի դիքորոշման պատմությունը զարմանալի զիջողական է ու անտրամաբանական: Սկզբից մենք հրաժարվեցինք Ղարաբաղը Հայաստանին միացնելու գաղափարից: Հետո հրաժարվեցինք նույնիսկ մեր իսկ առաջարկած մոդելով Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչելուց: Հիմա էլ պատրաստ ենք այն լիովին վերադարձնելու Ադրբեջանին, մենակ թե սերգոջանը իբր կուշտ լինի: Եթե այսպես շարունակվի, արդյունքում Հայաստանն էլ կդառնա թուրքաբնակ վիլայեթ, չնայած սերգոջանը վաղուց է կուշտ:

Ցանկացած դիվանագետ, որը զբաղվել է Ղարաբաղի հարցով, հաստատ ծանոթ է նախապատմությանը և հասկանում է իրերի իրական դրվածքը: Իհարկե, գերտերությունների կամքով երբեմն հնարավոր են ինչ-ինչ կամայական գեոքաղաքական վերաձևումներ, ինչպիսին, օրինակ, Կոսովոյի նախադեպն էր, բայց որպես կանոն, հիմնականում հարցերը լուծվում են ըստ քաղաքական իրական ուժերի վեկտորների ու տրամաբանությունների:
Այս առումով դիտարկելով Ղարաբաղյան խնդիրը, տեսնում ենք, որ բոլորն էլ հասկանում են, որ իրականում այն արյունալի անցյալով տարածքային վեճ է երկու խիստ թշնամական հարևան ազգերի միջև:

Եթե մենք հույսերս դրել էինք դրսից հրամցվող և հետագայում էլ սպասարկվող միջնորդական լուծումների վրա, ապա պետք է ինքներս էլ միջնորդներին մատուցեինք մեզ ձեռնտու տրամաբանական, իրական համոզիչ սխեմաներ ու հիմնավորումներ: Որպեսզի նրանք հենց այդ արգումենտացիայի ուժով հայամետ լուծումների հանգեին ու այն պաշտոնապես ներկայացնեին կողմերին: Բայց նման քայլեր մենք չենք կատարել, ու չի էլ նշմարվում, թե ապագայում կանենք:

Սկզբում մենք ունեինք ռազմական հաջողության դրական արգումենտը, որը սակայն զուգորդված էր ԼՏՊ-ի տեսական, արհեստական, թույլ, անիրական, «անկախ» Ղարաբաղի սխեմայով: Քաղաքական-դիվանագիտական այդ տարօրինակ զուգորդումը՝ հաղթանակած Հայաստան-ինքնորոշվող, անկախ Ղարաբաղ մոդելը, Սովետի նոր-նոր վերացման պայմաններում, խաբուսիկ էր միջնորդների համար, ռազմական արգումենտը մեր օգտին էր աշխատում, բայց Ղարաբաղի անկախության մեր կամազուրկ պահանջը անորոշության մեջ էր գցել միջնորդներին:

Փաստորեն մենք պահանջում էինք, որպեսզի պուճուրիկ Հայաստանի վախկոտ  քաղաքական կամքով աշխարհը փոխի պետության ու պատերազմի մասին իր հիմնարար պատկերացումներն ու միկրոսկոպիկ Հայաստանի կողքին մի հատ էլ գերմիկրոսկոպիկ անկախ Ղարաբաղ սարքի:
Նրանք զարմացած էին և շարունակում են այդպիսին մնալ հիմա էլ՝ թե ինչպե՞ս կարող է անկախ ու ինքնուրույն համարվել մի տարածք, ուր ամեն ինչ հայկական է՝ ժողովուրդը, փողը, բանակը, լեզուն, բյուջեն: Եվ պետություն կոչվածն էլ Հայաստանին կպած ընդամենը մի բուռ տարածք է, որի անկախությունը նույնիսկ հենց ինքը՝ Հայաստանը չի ընդունել: Արդյունքում, դրսում լավ էլ հասկացան, որ գործ ունեն ամբարտավան, անինքնասեր, ու վախկոտ մի երկրի հետ, որը զլանում է դիվանագիտորեն ջանքեր թափել և ուղեղ բանեցնել իր հարցերը լուծելու համար:

Քոչարյանը զուտ բնազդային կողմնորոշիչներով հասկացել էր մեր դիրքի թուլությունները, բայց քանի որ զբաղված էր միայն անձնական հարստացման հարցերով, ժամանակ, գիտելիք և օգնողներ չունեցավ հարցերը քաղաքականապես մշակելու և որպես հայկական մոտեցում ներկայացնելու: Նա ընդամենը թուլացրեց Ղարաբաղի դերը որպես առանձին կողմի, ներառավ այն Հայաստանի դիրքորոշումներում, բայց իր նպատակը ոչ թե հարցի վերջնական լուծումն էր, այլ ժամանակ շահելը:
Ներկա նախագահն էլ խիստ տառապելով լեգիտիմության պակասով, խաղի մեջ մտավ առանց որևէ մշակված ծրագրի: Ավելին, Ղարաբաղյան պարտվողականությանն ավելացրեց հայկական Գենոցիդի քննարկելի լինելու հնարավորությունը ևս: Մտնելով ֆուտբոլային դաշտերը, նա չոր պարտություններով դուրս եկավ խաղերից ու հայկական բոլոր հիմնահարցերը մի փաթեթով շպրտեց միջազգային քաղաքականության աղբարկղը:

Ադրբեջանն ու Թուրքիան էլ, տեսնելով մեր այս խորը ապաշնորհությունը, տգիտությունն ու անճարակությունը, խստացրին իրենց դիրքերն ու արդեն նախապատրաստել են այնպիսի քաղաքական ելակետեր, ուր պատերազմի հրահրումը թե Ղարաբաղի և թե Հայաստանի հանդեպ, զուտ հարմար պահի հաշվարկի հարց է:

Ցավալին այն է, որ նույնիսկ այս պահին, թե իշխանությունը, թե ընդիմությունը և թե ողջ հայությունը գալիք պարտությունների դեմն առնելու ալտերնատիվ առաջարկներ չունեն: Ընդիմությունը հիպնոսված է ԼՏՊ-ի զիջողական տեսակետներով, իշխանությունը մտահոգված է միայն իր լեգիտիմության հարցերով: Մարդիկ էլ՝ իրենց ամենօրյա ապրուստի հոգսով: Իսկը Կռիլովյան հայտնի առակի նմանակով:

Գոնե հիմա՝ ծանրագույն ներքին ու արտաքին պայմաններում, փորձենք տեսնել, թե արդյո՞ք կան դրական, օբյեկտիվ արգումենտներ մեր օգտին և փորձենք դրանք դնել ղարաբաղյան և, հանդեպ Թուրքիան ու Ադրբեջանը, մեր քաղաքականության հիմքում:

1 - Մենք ունենք Գենոցիդի արյամբ շաղաղված անցյալ՝ Թուրքիայի ու իրենց սատելիտ Ադրբեջանի հետ հարաբերություններում:
Ակնհայտորեն Գենոցիդը մեր հիմնական վահանն է թուրք-ադրբեջանական նկրտումների հանդեպ և միջազգային կարծիքը մեծապես մեր կողմն է հենց Գենոցիդի ուժի ներքո։ Միջնորդներն իհարկե հայկական Գենոցիդի վրա թքած ունեն, բայց հաշտություն կնքելու նոր առաջարկներ անելիս, նրանք ուզած թե չուզած, պետք է հաշվի առնեն իրենց առաջարկների հետագա՝ գոնե ժամանակավոր կենսունակության խնդիրը:

Այս առումով մենք ունենք հիմնավոր արգումենտներ ու պահանջներ, որոնք իրականում ուժեղ են ու դժվար մերժելի: Այսինքն, եթե առաջարկը չի ծառայում թշնամության թուլացմանը, և հակառակը՝ սրում է այն, ապա այն անընդունելի է ի սկզբանե:

Այս առումով կա Մեծ Եղեռնի փաստը, կա Նախիջևանում հայերի ի սպառ վերացման փաստը, կա 1918 թվի Ադրբեջանում հայերի գենոցիդի փաստը: Կա հայերի, ողջ Ադրբեջանից բռնի տեղահանման փաստը: Կա 1988-1994 թվերի հրահրած կոտորածների ու պարտադրված պատերազմի փաստը: Կա Բուդապեշտում հայ սպայի սպանության փաստը: Վերջապես առկա է ներկայիս ադրբեջանական ու արդեն թափ առնող թուրքական անհերքելի հայատյաց հռետորիկան:

Սրանք փաստեր են, որոնք իսկապես կարևոր են միջնորդների համար: Եվ հենց սրանց մասին հայկական կողմը պետք է մշտապես բարձրաձայներ և ոչ հայանպաստ բանաձևերը մերժեր, որպես նոր գենոցիդի ու ավերածությունների տանող անիրական լուծումներ:
Բայց դա ոչ միայն չի արվել, այլ հակառակը, միչև այժմ նույնիսկ չի էլ դիտվում որպես հեռանկարային դիվանագիտական արգումենտացիա և հուսալի քաղաքական լծակ: Ձայներս կտրել, սուգը կապել ենք ու սպասում ենք թե մեր հեզիկությունը վերջ-շուտ կգնահատվի, ու մի օր Ադրբեջանը մեծահոգաբար մեզանից ձեռ կքաշի:

2 - Սովետական Միության փլուզման հետևանքով առաջացած և քաղաքական լուծում պահանջող ղարաբաղյան հարցն արդեն ոչ տարածքային ամբողջականության խնդիր է, և ոչ էլ ազգերի ինքնորոշման իրավունքի հարց: Այն երկու հարևան պետությունների մեջ էթնիկ զտմամբ տարված պատերազմի հետևանք  է:
Պատերազմը սկսել է Ադրբեջանը, իր տարածքից կոտորածով ու ավերածություններով տեղահանելով հայությանը, հարձակվել է պաշտոնապես, միջազգայնորեն ձևակերպված Ղարաբաղի հայկական ինքնավար պետության վրա: Անցած տարիներին երբևէ նրա ագրեսիաներն ու հակահայ հռետորաբանությունը չեն դադարել։

3 - Բոլոր միջնորդներն էլ գիտեն, որ իրականում պատերազմել են Հայաստանն ու Ադրբեջանը, և որ հարցը կոնկրետ հայ-ադրբեջանական հարաբերությունների առանցքն  է:

4 - Հայաստանի՝ որպես կողմնակի դիտորդի դերը ինքնանվաստացուցիչ, ազգի և սեփական սուբյեկտի հանդեպ անպատասխանատու կեցվածք է եղել բանակցային պրոցեսում:

5 - Հայաստանը երբևէ, որևէ հարցում նախաձեռնող չի եղել ու միշտ քարշ է եկել ադրբեջանական նախաձեռնությունների ետևից, սպասելով միջնորդների բարեհաճությանը։ Բանակցային գործընթացում իրեն դրսևորել է որպես դիվանագիտորեն ապաշնորհ, դանդաղաշարժ, անօգնական  մի պետություն, որի միակ նպատակն է եղել ժամանակ ձգելը, հույսը կապելով գերտերությունների շահերի զուգորդման վրա:

6 - Մենք պետք է վաղուց հրաժարված լինեինք «Անկախ Ղարաբաղ» կոչված արհեստական, պարտվողական, անպատիվ դիրքից և բաց ճակատով ներկայացնեինք մեր դիրքորոշումն ու իրավունքներն աշխարհին: Սակայն դա չի արվել, և նույնիսկ հիմա, ակնհայտ դիվանագիտական անհաջողություններից հետո էլ, դեռ նման մոտեցման անհրաժեշտությունը գիտակցված  չէ:

7 - Մեզ՝ որպես գոյության իրավունք մուրացողների, ոչ մեկը չի պաշտպանելու, հակառակը խուսափելու են մեզ հետ գործ ունենալուց, որովհետև հոգեբանորեն շատ դժվար է ուրիշի քաղաքական ու ռազմական պոտենցիալները, կամքը, գիտելիքն ու բարյացկամությունը շահագործողին հավերժ սատար կանգնելը:

8 - Պատերազմը հրահրվել է Ադրբեջանի կողմից, բայց զինադադարը պարտադրվել է Ադրբեջանին, հենց իր խնդրանքով:

9 - Այս կետերի շարքն ու խնդրի նախապատմությունը ցույց են տալիս, որ քննարկման առարկան ի սկզբանե ոչ թե անկախ Ղարաբաղի կարգավիճակի ընդունման հարցը պետք է լիներ, այլ հրադադարի հիման վրա խաղաղության պայմանագրի կնքումը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Դա չի հասկացվել, չի գիտակցվել ու չի արվել:

Իսկ ի՞նչ կունենանք, եթե այսօր, գոնե ուշացած, բաց և ոչ պարտվողական մոտեցումներն ու հարցադրումները ձևակերպենք որպես հայկական նոր դիրքորոշում:
Կարող է լինել 3 արձագանք:

Ա. Ադրբեջանը ամբողջովին մերժում է մեր նոր դիրքորոշումը, չի ընդունում իրերի նման դրվածքը ու անցնում է ռազմական հակահարձակման:

Բ. Ադրբեջանը հաշվի է առնում մեր դիրքի փոփոխությունները ու որոշ զիջումներով համաձայնվում է վերջնական պայմանագրի կնքմանը:

Գ. Ելնելով տարվող ակտիվ, իրենց համար խիստ շահեկան քաղաքական գործընթացների դրական արդյունքներից, Ադրբեջանը և Թուրքիան անտեսում են մեր նոր դիրքորոշումները, շարունակում են իրենց քաղաքական մանևրները, մինչև Հայաստանի լիարժեք քաղաքական, հասարակական կապիտուլյացիան:

Իմ կարծիքով մեր կողմից այսքան ապաշնորհություն դրսևորելուց հետո, 2-րդ տարբերակի հավանականությունը բացարձակ զերո է:
Որոշակի շանս ունի 1 տարբերակը, բայց 3-րդն այս պահին ամենահավանականն է թվում ու հենց դա էլ իրագործվում է:
Իմ համոզմամբ լռելով, պրոցեսների ետևից քարշ եկող ռեակտիվ անճարակությամբ, ու քաղաքական տգիտությամբ, հենց մենք ենք ոգևորել Ադրբեջանին և թուրքերին նման անզիջողականության:

Համադրելով եղած փաստերն ու տենդենցները, ես տեսնում եմ, որ հայկական կողմը փաստորեն օրակարգից հանել է պայքարելու, արժանավայել դիմադրելու հարցը և հույսը դրել է լրիվ հանձնվելու՝ կապիտուլիացիայի, «այնթափցիության» վրա:
Չգիտեմ, թե ինչ անուն պետք է դրվի այս կեցվածքին, բայց գիտեմ, որ ոնց էլ դա կոչենք, առաջին հեթին այն ծայրահեղ ստորացուցիչ է ու ի վերջո՝ կործանարար պետության ու ազգային պետականության համար:

10 - Հայկական մամուլում սակավաթիվ քննարկումներ են եղել այն մասին, որ  լուծումները պետք է գտնվեն հայ և ադրբեջանցի փոխադարձ փախստականների տարածքային իրավունքների բավարարման կոնտեքստում:
Կան անհերքելի փաստացի ապացույցներ, որ նախապատերազմական ու պատերազմական գործողությունների հետևանքով 400 000 հայ սպանվելով, անարգվելով, թալանվելով ու փախչելով արտաքսվել է Ադրբեջանից: 140 000 ադրբեջանցի ընդամենը մեկ պատահական զոհով, կազմակերպված լքել է Հայաստանը:
Այսինքն՝ պատերազմի պատասխանատվությունից զատ առկա է մեծ շեղում հայ-ադրբեջանական փախստականների ունեցվածքի փոխադարձ կոմպենսացման հարցում: Հետևաբար օրակարգի հարց է Ադրբեջանից արտաքսված՝ թվով 260 000-ով ավել հայ փաստականների և Շահումյանի ու Գետաշենի կորստի հետ կապված  հողային իրավունքների կոմպենսացման հարցը, որը պետք է բանակցություններում դառնար քննարկման հիմնական առարկան:

Այս արգումենտը հիմնովին փոխում է քննարկման առանցքը և հարցը շահեկան է դարձնում մեզ համար: Չգիտեմ, թե արդյո՞ք երբևէ մեր բանակցողները քննարկման դրել են այս հարցը: Միգուցե դա արվել է, բայց Ադրբեջանը բանի տեղ չի դրել այդ փաստարկը՝ հակադարձել է իբր 1 միլիոն ադրբեջանական փախստականների միֆով և համառ աշխատանքով արժեզրկել, խեղաթյուրել է նախապես մեր օգտին գրանցված  փաստարկը:

Իրականում հենց սա է բանակցություն կոչվածի էությունը՝ երբ մեկը համառորեն առաջ է տանում իրեն ձեռնտու փաստարկը՝ անկախ դիմացինի քամահրանքից, հոխորտանքից կամ ուրիշների «խորհուրդներից»: Ադրբեջանն իր բազմաթիվ կեղծիքները շարունակապես կրկնելով, հասել է բանակցային, մեր առանց այն էլ ապաշնորհ դիրքերի փլուզմանը:
Իսկ մենք էլ չկարողանալով տարբերակել մեր ուժեղ և թույլ արգումենտները, կառչած ենք մնացել կործանարար հին դոգմաներին, ոչ մի խիստ պահանջ համառորեն չենք դրել, հետապնդել և արդյունքում հասել ենք կապիտուլյացիայի շեմին:

11 - Իրականում  հիմա էլ կա բավարար փաստաթղթային հիմնավորում փախստականների հաշվով: Եվ հենց փախստականների հարցում է, որ մենք ունենք ազդու առավելություններ:
Ըստ փախստականների փոխադարձ հարաբերական թվերի, ստացվում է, որ  ողջ Ադրբեջանից տեղահանված հայերին և Շահումյանի ու Գետաշենի կորստին, անձնական ունեցվածքային կորստին (տներ հողամասեր), ու ըստ այն ժամանակվա մեկ շնչին ընկնող տարածքային իրավունքերի,  որպես փախհատուցում հասնում է մոտ Քելբաջարին, Լաչինին, Ղուբաթլիին ու Զանգելանին հավասար տարածք:

Եվ հարցն էլ կոնկրետ մարդիկ չեն, որ պետք է վերադառնան իրենց բնակության վայրերը, այլ միջպետական վնասների փոխհատուցումը: Ադրբեջանի ներքին փախստականների հարցը պետք է քննարկվի փախստականների հայ-ադրբեջանական բալանսից զատ: Այն կոնֆլիկտի էությունից դուրս քննարկման առանձին նյութ է և պետք է իր լուծումը ստանա  խաղաղության վերջնական պայմանագրից դուրս:

12 - Որպես քննարկման հիմնական առարկա, անպայման պետք է սեղանին դրվի Ադրբեջանի նախահարձակ լինելու հարցը, որպես պատերազմի հրձիգի, մեղավորի, որը պատասխան պետք է տա տասնյակ հազարավոր զոհերի, հարյուր հազարավոր խեղված կյանքերի ու ավերածությունների համար, և Թուրքիայի հետ համատեղ 25 տարի շարունակվող պատերազմի, շրջափակման, ու Հայաստանի ժողովրդին  նոր Գենոցիդի սարսափի մեջ պահելու համար։

13 - Քննարկման առարկա պետք է դառնա նաև Հայաստանի շրջափակման հարցը, որպես շարունակվող տնտեսական ավերածությունների ու արտագաղթի պատճառ է և շարունակվող պատերազմ՝ Հայաստանի դեմ:
Փաստորեն ստացվում է, որ զինադադարի պայմանագիրը նաև մեր դիվանագիտական անգործության շնորհիվ, դարձել է ընդամենը կեղծ ու խաբուսիկ թղթի մի կտոր, որով շղարշվում է շարունակվող լուռ, հյուծող և «անտեսանելի» պատերազմը Հայաստանի դեմ: Եվ որը հայաստանյան հասարակությունն ու պետությունը այլասերելու, վերջնականապես ծնկի բերելու լծակի է վերածվել:

14 - Ասվածից բխում է, որ ներկայումս Հայաստանը Ադրբեջանի հետ ոչ թե Ղարաբաղի հարց պետք է քննարկի, այլ թուրք-ադրբեջանական պատերազմի, բլոկադայի, գենոցիդի ու կեղծ զինադադարի հարցերը: Հենց կեղծ զինադադարի էությունը բացահայտելով, հրապարակավ քննարկելով ու նրա ուժը կոտրելով է, որ մենք կկանխենք սպասվելիք ֆիզիկական մեծ պատերազմը:

Չնայած մեզ համար ակնհայտ շահեկան այս քաղաքական արգումենտների ու տրամաբանության գոյությանը, արդեն 25 տարի է, հայկական քաղաքական-դիվանագիտական միտքը չի տեսնում ելքեր, չի կարողանում գտնել ու մշակել իրեն ձեռնտու կոնցեպտուալ մոտեցումներ ու առհասարակ չի պատկերացնում Հայաստանի դերը ռեգիոնում:
Լավագույն դեպքում մենք կցորդ ենք՝ Ռուսաստանի, Իրանի, նույնիսկ Վրաստանի ու ինչ-որ տեղ նաև Թուրքիայի:

Ո՞րն է պատճառը: Իհարկե, հետսովետական տնտեսական փլուզումից հետո, մասնագետների ջարդից ու արտաքսումից հետո, թալանի ու կոռուպցիայի ներկայիս կռապաշտ պայմաններում, նորմալ մասնագիտական խորաթափանց մտածելակերպը հալածելի է ու մերժելի մեզանում: Ժանտախտ համակած երկրին հատուկ մթնոլորտ է տիրում Հայաստանում: Բայց այժմ արդեն նաև մեծ ազգային աղետի շեմին ենք, վերջապես սթափվել է պետք, իրերի դրվածքը հասկանալ, ու վերակենդանանալու փորձ անել: Փորձենք գոնե տեսականորեն, գոնե թղթի վրա, Հայաստանի քաղաքական գոյության ինչ որ մոդել մշակել ու այն օգտագործել մեր ներքին ու արտաքին քաղաքական գործառույթներում:

15 - Ակնհայտ է, որ Թուրքիան բազմավեկտոր արտաքին քաղաքականություն է վարում: Մի կողմից փորձում է իր ռեգիոնալ դերն ու ազդեցությունը մեծացնել: Մյուսը անթաքույց պանթուրքիզմն է: Ներկայումս Ադրբեջանի հետ նրա ախպերական» ալյանսը հենց այդ հեռահար քաղականության բաղադրիչն է, իսկ Հայաստանի հանդեպ դրսևորած անհամաչափ ագրեսիան՝ հետագա գործելաոճի նախանշանը:

16 - Մենք պետք է վերջապես ազգովի հաշիվ տանք մեզ, որ իրականում ինքնաբավ պետական տարածք ենք ձեռք բերել: Տարածքը դա ցանկացած կայուն, վերարտադրվող պետականության հիմքն է: Եթե այն փոքր է, անռեսուրս ու շրջապատված թշնամիներով, ապա դա դեռ չի նշանակում, որ բացարձակ անպետք է ու պետք է մնա բառադիանոց, կրիմինալի ու բեսպրեդելի արգելոց:

17 - Մենք չկարողացանք նորմալ իշխանություն ու ընդիմություն կերտել : Եվ դրա հիմնական պատճառը ես համարում եմ մեր քաղաքական մանկամտությունն ու ԼՏՊ-ի բազմամյա «այնթափցիական» քարոզը: Այս հարցը շատ ավելի խորը քննարկման է արժանի, քան թե ընդիմության լիդերի հարցի քննարկումն է: ԼՏՊ-ն ձևավորել է հայկական քաղաքական մտածողություն և կոնկրետ դիրքորոշումներ, որոնք իմ կարծիքով կործանարար են եղել մեր պետականության համար և իներցիայի ուժով շարունակում են այդպիսին մնալ:

«Սերգոջանը» չէ այդ մարդու քաղաքական մտածելակերպի «գոհարը», այլ աննկատ մնացած, բայց արդեն վաղուց մեր ենթագիտակցականը թափանցած այն թեզը, թե Հայաստանի գոյությունը ոչ իրենով, և ոչ էլ որևէ այլ մի ղեկավարով է պայմանավորված: Ինքը բառացի ասել էր, որ այսօր ինքն է, վաղը մի ուրիշը կլինի: Ղեկավարները կգան ու կգնան, բայց Հայաստանը կանգուն կմնա, անկախ ղեկավարից:
Այս միտքը նա հայտնել էր դեռ 1993-94 թվերին: Մինչև հիմա էլ մեր մտքով չի անցնում, որ հենց այս թեզը կործանարար եղավ Հայաստանի համար:

Նույնիսկ այսօր էլ, այս հանգստացնող, հիպնոսացնող թեզն է առաջնորդում մեզ: Մենք մտածում ենք, որ այսօր չեղավ՝ վաղը կստացվի, վաղը չեղավ՝ մյուս օրը կլինի: Այս մեկը թալանեց, այլանդակեց, ավերեց՝ դա կարևոր չէ: Մյուսը նույնն արեց՝ ոչինչ: Չէ՞ որ Հայաստանը հավերժ է, անհաղորդ դեմքերին, ժամանակին, թալանին ու ավերածություններին: Վաղ թե ուշ լավ կլինի, առանց մատը մատին խփելու՝ հարցերը ինքնըստինքյան կլուծվեն:

Հենց այս մտածելակերպն էր, որ կամաց-կամաց դատարկեց Հայաստանը, իսկ մենք շարունակում ենք այն կանգուն համարելը: Այս թեզն է պատճառը, որ մինչև հիմա էլ, մեր բռնած որևէ գործ մինչև վերջ չի հասնում, որևէ հարց սկզբունքային գնահատական չի ստանում, որևէ պետական ու ազգային հանցագործ չի պատժվում:
Ցավալի է, բայց փաստ, որ մենք նույնիսկ անընդունակ եղանք այս կործանարար դոգման ըստ արժանվույն հասկանալու, գնահատելու և վերջապես հրապարակավ մերժելու:

18 - Ստացվում է, որ հենց իր՝ ԼՏՊ-ի հիմնադրած ախոռը ոչ միայն դեմքերի, այլ նաև սխալ, կործանարար տեսությունների ու դոգմաների ախոռ է: Եվ որ խնդիրը ոչ թե այն մաքրելն է, այլ ամբողջովին քանդել-վերացնել-խորտակելը, մեր մտածելակերպից արտամղելը:
Թե Ղարաբաղյան, թե թուրքերի հադեպ եղած, և թե ներքին հարցերում մենք պետք է անցնենք բացահայտ ճշմարիտ, իրական դիրքերի և մեր դիրքորոշումները ներկայացնենք դիվանագիտորեն ճիշտ շեշտադրված, բայց առանց կեղծ ու վախկոտ, հետին մտքերի:

19 - Հայաստանը պետք է նորովի իրավական ուժ տա 1989 թ. դեկտեմբերի 1-ի Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդի համատեղ որոշմանը՝ Հայաստանի հետ վերամիավորվելու մասին, և հանդես գա հռչակագրով,
որ Ղարաբաղը և Հայաստանը Ադրբեջանի պարտադրած պատերազմներում հաղթելով, նվաճել են որպես միացյալ ազգի՝ մեկ պետական տարածք վերամիավորվելու իրավունքը:

20 - Համաձայնության հիման վրա հռչակագիր պետք է ստորագրվի Հայաստանի և Ղարաբաղի միջև միացյալ պետություն կազմելու մասին: Հռչակագրում պետք շեշտվի, որ Ղարաբաղը և Հայաստանը Ադրբեջանի պարտադրած պատերազմում հաղթելով, նվաճել են որպես միացյալ ազգի մեկ պետական տարածք վերամիավորվելու իրավունքը:

21 - Հայաստանը պետք է ձևակերպի ռեգիոնում իր նպատակները, որպես չեզոք երկիր, խաղաղության կողմնակից և պահապան, ազատ տեղաշարժի և համագործակցության շահագռգիռ սուբյեկտ: Ներկայացնի հարևանների հետ փոխադարձաբար հարգվող սուվերենության իր պահանջները և դրանց ապահովման մեխանիզմները:

22 - Թուրքերի կողմից գենոցիդի պաշտոնական խոստովանությունը պետք է համարվի հայկական արտաքին քաղաքական գերակայություններից մեկը:

23 - Առանձին փաստաթղթով, Հայաստանը նախապես պետք է հայտարարի նաև ներքին հումանիտար արտակարգ դրություն մտցնելու մասին, թուրքերի շարունակվող գենոցիդային քաղաքականությունից իր ազգային գոյությունը պաշտպանելու նպատակով:

Այս հոդվածը գրելիս մտածում եմ այն սարսափի մասին, որը կհայտնվի շատ ու շատերի դեմքին: Հասկանալի է, որ 26 տարվա, մինչև մեր ուղն ու ծուծը հասած դոգմա է կասկածի տակ առնվում: Նաև առաջարկվում է որոշ տարածքների վերադարձ՝ կենսունակ պետականության կերտելու ակնկալիքով։ Հետևաբար բնական է, որ այս մոտեցումները կյանքի կոչելու հավանականությունը շատ փոքր կլինի: Դրանք խիստ մերժելի և անընդունելի կլինեն ԼՏՊ-ի և նրան կուրորեն հարողների համար, արտգործնախարարության հին, պարտվողական դրվածքները յուրացրած չինովնիկների համար: Մերժողները մի գուցե մարդկանց 90 տոկոսից էլ ավել լինեն, որովհետև դրանց շարքերում կլինեն նաև նրանք, ովքեր մտածում են, թե Ղարաբաղն էլ, ղարաբաղցիներին էլ ետ տանք, միայն պրծնենք ներհայաստանյան այս մղձավանջային իրականությունից:
Ես հասկանում եմ, որ կուրծք ծեծող հայրենասերների համար նման մոտեցումն անընդունելի է, բայց և ճակատում ֆոտոսեսիաներ անող գեներալների, համատարած բարոյալքման ու թալանի, կործանվող պետականության պայմաններում նման կրքերը հանդարտեցնել է պետք իրականության հետ հաշվի նստելու անողոք փաստերով։

Ցավոք սրտի, այսօր մեզանից շատ մեծ զիջումներ կորզելու գայլային ախարժակ է կուտակված թուրքերի քաղաքական մտահորիզոններում - և հեշտ լուծումներ արդեն իսկապես չկան:
Ինչևէ, շարունակելով ասելիքս, նշեմ, որ այս մոտեցումները կյանքի կոչելու համար առաջին քայլով պետք է մեր ներսում իրար հետ լեզու գտնելու պայմաններ ստեղծվեն: Այսինքն՝

24 - Ներքին արտակարգ հումանիտար դրություն հայտարարելու համար զուգահեռաբար պետք է թուլացվի ներքաղաքական լարվածությունը:
Մի կողմից պետք է կալանավորվեն մարտի մեկի բոլոր մեղավորները, ազատ արձակվեն քաղաքական բանտարկյալները, ոստիկանությունը և բանակը պետք է հեռացվեն քաղաքական ասպարեզից: Բայց զուգահեռաբար պետք է Հայաստանից արտաքսվի նաև ԼՏՊ-ն:

Հին հույների օստրակիզմը այս դեպքում խիստ տեղին կլինի: Քչերը գիտեն, որ օստրակիզմի են ենթարկվելիս եղել միայն քաղաքական մեծ ազդեցություն ունեցող այն գործիչները, որոնց շարունակվող քարոզները անհամատեղելի են եղել երկրի պետական շահերին:
Ներկայիս հայկական թե ներքին և թե արտաքին քաղաքական կյանքի համարյա բոլոր ստանդարտները դրվել են ԼՏՊ-ի կողմից: Այդ մարդը սխալ դուրս եկավ թե ներքին և թե արտաքին հարցերում: Չի կարելի շարունակել նրա կործանարար ուղենիշերի քարոզը:

Ժողովուրդը թե՛ ներսում և թե՛ դրսում պետք է հասկանա, որ կանգնած ենք պետականություն կորցնելու ու ֆիզիկական մեծ կորուստների նախաշեմին և պահանջվում են կտրուկ քայլեր:
Ներկայումս ասպարեզում բավարար բազմակարծություն ու տեսակետներ կան մեր անելիքների շուրջը: Շատ բան մակերեսին է, ընդունելի թե իշխանություններին և թե հասարակությանը: Բայց ոստիկանական անիմաստ ծայրահեղությունների, մի քանի անպիտանների պնդաճակատության, ագահության, տգիտության, ինչպես նաև ԼՏՊ-ի արհեստամտության պատճառով, ազգովի դարձել ենք մտածելու, գործելու և համագործակցելու անընդունակ:

Ի տարբերություն իշխանությունների, հասարակությունը ունակ է դեռ ներելու և պաշտպանվելու արտաքին վտանգից: Բայց անկարող է որևէ քայլ նախաձեռնելու, քանի որ ներքին կապանքներն ու վախն են պատել մեզ:
Սա բացահայտ անտրամաբանական իրավիճակ է: Անհնար է, որը ներսում ստրկացված, անարգված ժողովուրդը միավորվի ու հաղթի արտաքին թշնամուն: Այժմ մեր առաջին խնդիրը դա ներքին հասարակական, աշխարհայացքային ընդհանուր համաձայնության գալու հարցն է:
Ներկա պահին մեր կորուստների դեմն առնելու հնարավություն ունեցող միակ մարդը դա պետական լծակներին տիրապետող երկրի նախագահն է: Ինքը վերջապես պետք է վեր կանգնի իր լեգիտիմության վերականգման սին հույսերից ու գործով զբաղվի - աշխարհին հրամցնի, պարտադրի մեր՝հայկական կողմի ճշմարտությունը:

25 - Ասվածից հետևում է, որ վաղը, գործը վերջնականապես տապալելուց հետո, միակ պատասխանատուն ու մեղավորը ներկայիս նախագահ Սարգսյանը պետք է համարվի: Եվ այս պնդման հիմնավորումն էլ ավետարանի վրա հնչեցրած իր նախագահական երդումն է, որի և ոչ մի կետը չի կատարել:
Հայաստանն այժմ մեկ մարդու ցուցամատով շարժվող երկիր է, և անիմաստ է մեր ներքին ուժային դաշտերում այլ գործոններ ու բարդություններ փնտրելը: Եթե գործող նախագահը ունակ չէ հասկանալու նախագահական պաշտոնի ոչ միայն փառասիրական, այլ նաև պատասխանատվության կողմերը, քաջություն չունի իր դիրքով պարտադրված անհրաժեշտ ներքին ու արտաքին քայլերն անելու, ապա պետք է անհապաղ հրաժարական տա:

26 - Պետք է փաստվի նաև, որ պարտվողական, զիջողական, այնթափցու մտածելակերպը, դա 100 տարի առաջվա թուրք ենիչերուց կյանք մուրացող և թուրքի խորամանկությամբ իր քսակը կամաց-կամաց դատարկող ապագա զոհի մտածելակերպն է: Պայքարելու, դիմադրելու փոխարեն մասնատվելով, փախչելով, եկեղեցում խմբով այրվող, նահատակվող զոհի մտածելակերպն է:
Այն թշվառի մտածելակեպն է, որը ունակ չէ ընկալելու կյանքի իրավունքը հաղթելով ու ստիպելով նվաճելու փիլիսոփայությունը:

27 - Եվ այսօր էլ, ի հեճուկս առողջ տրամաբանության ու նախորդ արյունալի փորձի, երեկվա նահատակվող, փրկություն մուրացող անհատ հային փախարինելու է եկել արդեն պետական, ազգային, հասարակական մակարդակով, թուրքից գոյության իրավունք մուրացող մի քանի միլիոնի հասնող հայությունը՝ ի դեմս Հայաստան պետության:
Սրան ի՞նչ ասենք, ի՞նչ որակում տանք: Ի՞նչ չլսված, նոր, անհայտ պաթոլոգիա է սա:
Ինչ որ է, շարունակեմ կոնկրետ ասելիքս:

28 - Պետական և ազգային վերակողմնորոշման հարցում իրենց անելիքն ունեն նաև փողատեր դարձած ու ակամա քաղաքականություն մտած օլիգարխ կոչված մեր անգրագետ ու հոռի տղերքը: Սրանք էլ պարտավոր են իրենց հաշիվ տալու, կեսաբանականից գոնե մի քայլ դեպի մարդկայինը բարձրանալու, համակերպվելու հասարակական օրենքներին և կարգ ու կանոնին:

29 - Իրենց հեռատես համարող շատ ու շատ հայտնի դեմքեր, հաճախ կրկնում են այն թեզը, թե իբր եթե Ադրբեջանը հնարավորություն ունենար ու համոզված լիներ իր հաղթանակի մեջ, ապա վաղուց պատերազմի գնացած կլիներ:
Սա մեր քաղաքական տկարամտության հերթական ցայտուն ապացույցն է: Քաղաքականության մեջ գոնե տարրական գիտելիքների տիրապետող պետությունը գիտի, որ տգիտություն է բացահայտ պատերազմի դուրս գալ արագորեն դատարկվող երկրի ու ինքնահոշոտվող ազգի դեմ: Շատ ավելի ռացիոնալ է հոգեբանական պատերազմը՝ մինչև ինքնահոշոտման պրոցեսն ավարտվի ու տարածքը նվաճվի առանց դիմադրության, բնակիչների ու միջազգային գլխացավանքների:

Մենք 22 տարի ունեինք «երկրից» պետություն կառուցելու։ Փոխարենը կերտեցինք  Ռուսաստանի խամաճիկ դարձած ապասուբյեկտային մի բդեշխություն։ Եթե շարունակվելու է կեղծ ազգասիրական բրավադան՝ հօգուտ պարբերաբար կրկնվող հարյուրավոր զոհերի ու ազգային նվաստացումների, ապա դրա վերջն էլ Հայաստանի կործանումն է լինելու։

30 - Կարծում եմ, ժամանակն է, որ Հայաստանում ռազմականը, դիվանագիտականը և մնացած բոլոր մասնագիտական ասպարեզները դիտվեն որպես համապատասխան գիտելիքների, ունակությունների, և իրավասությունների դաշտեր և դրանցով զբաղվեն իրոք մասնագետները:
Ժամանակն է, որ իշխանության վերին դիրքերին հասած մարդիկ իրենց դիրքին հարիր փոքր ինչ փիլիսոփայական խորություն մտցնեն իրենց աշխարհայացքի, պարտականությունների ու գործելաոճի տրամաբանության մեջ և հասկանան, որ քանդելու համեմատ շատ ավելի մեծ է արարման բերկրանքը, հոշոտելու համեմատ շատ ավելի հոգեզմայլ է օգնության վեհությունը, անիծվելու համեմատ առավել հարգալից է օրհնվելու և դրանով փառավորվելու հեռանկարը:
Եվ առհասարակ, ժամանակն է բոլորիս հասկանալու, որ ներկայիս ներհայկական ոհմակային վերաբերմունքը մեկս - մեկու հանդեպ անիմաստ վայրենություն է, որևէ կերպ չարդարացված և արդյունքի չբերող դաժանություն:

Շատերը կհարցնեն՝ իսկ ի՞նչ ենք անելու, եթե ի պատասխան մեր դիրքի կոշտացման, Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին գնա հարձակման, գրավի Ղարաբաղն էլ, Հայաստանն էլ և գենոցիդի մի նոր գեհենի մեջ մտցնի մեզ։
Տեսականորեն սա էլ հնարավոր ելք է: Բայց իրականում շատ ու շատ  ավելի քիչ հավանական, քան մեր դիվանագիտական հաղթանակը կարող է լինել դիրքորոշումների փոփոխության դեպքում:
Քաղաքականությունը, դիվանագիտությունը, պատերազմը միշտ էլ ռիսկային անորոշության էլեմենտ ունեն իրենց մեջ: Հարցը ոչ թե ամեն պահի զիջմամբ պատերազմից, կործանարար ելքերից խուսափելն է, այլ նաև ճակատագրին ձեռնոց նետելը և հաղթելու շանսը օգտագործելը:
Պատմությունը դա ազգերի պայքարի դաշտ է: Անհնար է այդ դաշտում գոյատևել առանց ստեղծագործելու, կռվելու, պայքարելու, դիմադրելու, հաղթելու և պարտվելու:
Հաղթանակը  ապահովվում է իմաստությամբ, խելքով, կամքով և որ կարևորն է, նաև հարձակմամբ: Պարտությունը դա տգիտության, անճարակության, ապաշնորհության և միայն վերջին հերթին, նաև ֆիզիկական թուլության հետևանք է:

Ոչ ես և ոչ էլ մեկ ուրիշը չենք կարող հաշվարկել կամ գուշակել որևէ տեսական հարցի կամ սցենարի ճշգրիտ պատասխանը: Հենց այդ պատճառով էլ, ես հարցերը քննարկել եմ արդեն գրանցված արդյունքների հիման վրա: Եղած փաստերն ու արդեն գծագրված հետագա տենդենցները ցույց են տալիս, որ մենք գնում ենք դեպի կապիտուլյացիա: Ես չգիտեմ, թե ինչով է տարբերվելու դա իրական ֆիզիկական պատերազմում պարտվելուց:

Ներկայում մեր հիմնական և միակ անելիքը դա սպասվող արհավիրքները ժամ առաջ հասկանալն է և դրանցից խուսափելը (կրկնեմ՝ խուսափելը, այլ ոչ թե զիջելը): Թե ինչ մարտավարություն և գործելակերպ կընտրվի, դա արդեն կախված է այն բանից, թե ինչ կասեն հայ քաղաքական ու իշխանական «ասպետները», ժողովուրդը։
Կպայքարենք, կդիմադրենք, կռիվ կտանք՝ արդյունքի կհասնենք:
Անկախ վաղվա օրվա դրական կամ բացասական արդյունքներից, հիշենք, որ այսօր ոչ մեկը մեզ չի խաբում, և որ մենք՝ ինքներս ենք մեզ ինքնախաբում:

Ապրիլյան պատերազմից հետո միացյալ Ղարաբաղ-Հայաստանյան դիվանագիտական, ռազմաքաղաքական կեցվածքը միակն է, որը հնարավորություն կտա Հայաստանին բանակցել Ադրբեջանի և թուրքերի դեմ՝ միաժամանակ սեղանին դնելով  հայկական պետականության գոյության հարցը դրանց երկուսի արանքում։
Իսկ ներկայիս «Անկախ Ղարաբաղով» հարցին ներկայանալը ոչ միայն Ղարաբաղին, այլ Հայաստանին կործանման կտանի։

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի

Աղբյուրներ՝

Комментариев нет:

Отправить комментарий