суббота, 31 марта 2018 г.

​Բոլոր լավերը գնացին պատերազմ, մենք այս գելուգազանի ձեռքը մնացինք. Ժաննա Գալստյան


Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ «Անկախին» իր հուշերն է պատմում ազգայնական, Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից Ժաննա Գալստյանը։

60-ականները՝ պարարտ հող 88-ի համար

88-ը միանգամից հո չստացվե՞ց։ Դա եկավ 60-ական թվականների զարթոնքից: Երբ պատերազմից հետո մի քիչ խաղաղվեց, մեր փառավոր մտավորականությունը մտածեց իր հաջորդ սերունդը կերտելու մասին՝ ողջ ուժերը ներդնելով լավագույն սերունդ ստեղծելու գործում: Պետք էր կրթել բազմակողմանիորեն զարգացած սերունդ, քանի որ պատերազմն իր սև գործն արել էր, «հնձել» էր: Եվ այդ կրթությունն արդյունք տվեց, այլապես չէր լինի 65 թիվը:
Եթե հայրս քաղբանտարկյալ եղած չլիներ, եթե հայրս Կարինից, մայրս էլ Կարսից չլիներ, դժվար թե ես ես լինեի: Ինձ թվում է, որ շատ բան դրանից է գալիս:

Ես անկախականներից Խաչիկ Սաֆարյանի խմբում էի: Մենք թռուցիկներ էինք բաժանում: Թռուցիկ բաժանելիս թաղամասի բոլոր բնակիչների փոստարկղում թռուցիկ գցեցի, բացի մերինից: Հայրս անմիջապես գլխի ընկավ: Բայց բարկանալու փոխարեն ինձ աջակցեց, ասաց. «Ինչքան ուժ ունեմ, կօգնեմ»։ Նստած-ելած մարդը մնում էր էլի նույն ազգայնականը:
65 թվին ես ուսանող էի, Պոլիտեխնիկում էի սովորում։ 65 թվին պատրաստվել էին բոլոր ինստիտուտները: Նույն միտինգն էր, ինչ 88-ի մեր միլիոնանոց միտինգը։ Այդտեղից սկսվեց 88 թիվը, եթե դա չլիներ՝ շարունակությունն էլ չէր լինի:

Անկախական խմբերի ղեկավարներին ազատազրկելուց հետո տարբեր ակադեմիական ինստիտուտներ ստորագրահավաք էին կազմակերպում Ղարաբաղի համար: Դժվար էր, հիմնարկից հիմնարկ էինք անցնում, մարդկանց իրազեկում ու համոզում, որ ստորագրեն: Շատ-շատ էին ստորագրություններ հավաքվում՝ մեկ անգամ չէ, երկու անգամ չէ:
88-ը որ սկսվեց, այդ ժամանակ ես Վազգեն Մանուկյանի ազգայնական խմբում էի: Մենք գնում էինք Հայաստանի վանքերն ուսումնասիրելու և այդ ընթացքում ժողովրդի հետ ազգային արժեքներից էինք խոսում, շեշտադրում այն միտքը, որ ազգային հարցերի շուրջ պետք է միասնական լինենք:

87-ին ստեղծվեց գոյապահպանական շարժումը, որն ի սկզբանե էկոլոգիական էր: Ես այդ շարժմանն էլ էի մասնակցում: Ընդհանրապես մասնակցում էի ամեն ազգային միջոցառման, որտեղ կարող էի օգտակար լինել:

Կարծում եմ, որ այդ շարժումը պատահական չէր, դա նախապատրաստական փուլն էր: Գոյապահպանական շարժումը մեխանիկորեն վերափոխվեց Ղարաբաղյան շարժման, նույն մարդիկ էին, բոլորը մտավորականներ էին: Սկզբում հարթակում Իգոր Մուրադյանը և Վաչե Սարուխանյանն էին: Բայց շուտով նրանց տապալեցին։ Երբեմն ասում են, որ Վազգեն Մանուկյանի խումբը դա արեց։ Բայց այդպես չէ։ Ինձ թվում է, որ ԿԳԲ-ն էր: Նրանց տապալումից հետո հարթակի վրա հայտնվեց Վազգեն Մանուկյանը մեր խմբով, և սկսվեց պրոցեսը:

Ես այն ժամանակ մի գիտատեխնիկական ընկերության տնօրենն էի, ուստի աջակցեցի, որ «Տեխնիկայի տուն» գիտատեխնիկական ընկերության բոլոր հիմնարկներում կոմիտեներ ստեղծվեցին: Հետո Ղարաբաղի «Կռունկ» կոմիտեի հետ կապ հաստատվեց:

Մասնակցությունը շարժմանը

1988-ի սեպտեմբերի սկզբին Լինինականի «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավար Ավետիք Ավետիսյանի հետ գնացինք Ստեփանակերտ։ Հենց հասանք՝ Կրկժանի դեպքերը սկսվեցին, մեզ չէին թողնում մտնել քաղաք: Մեզ գաղտնի քաղաք տարան ու թաքցրեցին հյուրանոցում: Ավտոբուսով օգնության շտապողներին ճանապարհին կրակել էին։ 30 հոգի ընկան հիվանդանոց: Շրջապատել էին հիվանդանոցը, ոչ ոքի ներս չէին թողնում: Ինձ բուժքրոջ հագուստ հագցրին, ու ես ներս մտա, սկսեցի մարդկանց ցուցակագրել, իրավիճակն արձանագրեցի ու դուրս գալուց հետո զանգահարեցի Երևան` Բաբկեն Արարքցյանին: Դրանից հետո հայտարարվեց պարեկային ժամ: Շուշին դատարկվեց, փախստականներին տեղավորեցին Ստեփանակերտի հյուրանոցում: Մարդիկ հազիվ երեխաներին գրկել ու վազել էին: Օգնում էի փախստականներին տեղավորելու գործում:

Այդ երեկո Ստեփանակերտում կազմակերպվեց թուրքերի տները վառելը. հայտնի է՝ եթե թուրքի տունը վառես, էլ հետ չի գա։ Ներքին ցավով էինք նայում վառվող տներին: Բայց շուշեցիներից ոչ ոք չգնաց այդ տներում ապրելու, թուրքի տուն չմտան:
Օդանավակայանը փակ էր, մի շաբաթ մնացինք այնտեղ: Հետո ինչ-որ գաղտնի ուղղաթիռ էր Երևան գնում, դրանով վերադարձանք։

«Ղարաբաղ» կոմիտեի նիստերը հաճախ իմ տանն էին տեղի ունենում։ Իմ տանն էին ապաստանել նաև դեռ սովետական կարգերի օրոք ռազմական գործողությունների դիմած մի քանի ազատամարտիկներ։ Հետո Սումգայիթից մի ընտանիքի հյուրընկալեցի, այնուհետև՝ Բաքվից։ Մի խոսքով, այդ ամբողջ տարին իմ տանը չեմ ապրել, մորս տուն էինք տեղափոխվել։

Երբ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ձերբակալեցին, պետք էր երկրորդ կազմի և «Կռունկ» կոմիտեի միջև կապն ապահովել, ես կոնտակտներ ունեի, զանգեցի, այնտեղից մարդ կանչեցի: Այդ ժողովն էլ իմ տանը տեղի ունեցավ։ Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, միտինգները նորից շարունակվեցին:

Պայքար օրե՞նքի շրջանակներում

Մեր պայքարն այն ժամանակվա Սովետական Միության օրենքի շրջանակներում չէր։ Բայց քանի որ պայքարում էր ամբողջ ժողովուրդը, օրենքն արդեն չէր գործում: Մենք 88-ին արդեն գիտեինք, որ Սովետը քանդվում է: 85 թվից էր սկսել քանդվել։ Այն ժամանակ գաղտնի տեղեկացա, որ Մոսկվայից մի գործիչ արցախցիներին հուշել էր, որ քանդման հեռանկար կա, կողմնորոշվեն, թե ինչ են ուզում: Մենք գիտեինք այդ մասին, վախ չկար: 88-ին արդեն տեսանելի էր, որ հարցը զենքի ուժով է լուծվելու։ Լեոնիդ Ազգալդյանը մի անգամ եկավ միտինգի, վերջում ձեռքը թափ տվեց, ասաց՝ ահ, զավզակություն է, ու այլևս չեկավ։ Ինքը զենքի հարցով էր զբաղվում, գաղտնի զենք էր արտադրվում։ Մեր տանը, քանի որ որսորդական հրացան ունեինք, տնեցիներով փամփուշտներ էինք սարքում հենց որսորդական հրացանների համար։ Տեխնոլոգիան սովորել էինք, հարյուրներով էինք սարքում։

Թացն ու չորը խառնված

Պրովոկացիաներ շատ եղան, հատկապես Վանոն շատ արեց։ «Ղարաբաղ» կոմիտեում կային մարդիկ, որոնք ընդհանրապես չգիտեին, թե ինչ ասել է ազգային գործ: Դրանցից մեկը Վանոն էր: Պատահական էր հայտնվել շարժումում։ Մինչ այդ ո՛չ աշխատանք ուներ, ո՛չ զբաղմունք, այստեղ-այնտեղ ման էր գալիս, որ իրեն սուրճ հյուրասիրեն:
Կամ Սամվել Գևորգյանը, Խաչիկ Ստամբոլցյանը ինչպե՞ս էին հայտնվել շարժման մեջ։ Մարդիկ աշխատում են տաք տեղ խցկվել։ Եվ դա կործանեց մեզ, որ սելեկցիա չարեցինք: Պետք է կողքիդ միայն վստահելի մարդկանց պահես, ոչ թե պատահական մարդկանց:
Մի անգամ Ռաֆայել Ղազարյանին, որի հետ շատ մտերիմ էի, հարցրի. «Այ Ռաֆիկ, Լևոնն ի՞նչ գործ ունի կոմիտեում»։ Նա էլ թե. «Ասացին թող Մատենադարանի աշխատող էլ լինի շարժման մեջ»: ԿԳԲ-ն էր արել: Ես ու Լևոնը չենք սիրել իրար: Իսկ մեր ծանոթությունը Սումգայիթի դեպքերից հետո է եղել։

Սումգայիթից հետո փախստականներին տեղավորել էին Աղվերանի պանսիոնատում ու ճանապարհները փակել, որ որևէ մեկը նրանց հետ չշփվի և տեղի ունեցածի մասին որևէ նորություն, ինֆորմացիա չտարածվի:

Փակ էր, բայց մեզ ինֆորմացիա էր պետք: Մատենադարանում էլ Սումգայիթի փախստականների համար մեծ ծավալով օգնություն էր հավաքվել։ Մատենադարանի փոխտնօրեն Վարդան Գրիգորյանին ասացի. «Ձայնագրող ու նկարահանող սարք պատրաստիր, մենք կգնանք Աղվերան»։ Մտա մի հիմնարկի տնօրենի մոտ, որտեղ շատ մեծ հեղինակություն ունեի, ասացի. «Ինձ մի մեքենա է պետք, որն անարգել կգնա Հայաստանի ցանկացած մաս»: Մեքենան անցագրերի հետ միասին տվեց։ Հավաքված օգնությունն Աղվերան հասցրեցինք։ Այդ մարդիկ զարմացել էին, որ կարողացել էինք իրենց մոտ հասնել, բոլորը բակ իջան, մի մեծ գրկախառնություն ստացվեց, բոլորս հեկեկում էինք։
Հետո մի սենյակում առանձնացանք, ու մարդիկ հերթով պատմում էին եղելությունը։ Մենք դողում էինք այդ սարսափելի պատմություններից։ Այդ ինֆորմացիան հասցրեցինք թե՛ կոմիտեին, թե՛ միտինգի մասնակիցներին։

Երևան վերադառնալուց հետո ինձ զանգում է Վարդան Գրիգորյանը և տեղեկացնում, որ ինձ ուզում է տեսնել Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեի նախագահը։ Դա առաջին ծանոթությունս էր Լևոնի հետ։ Սենյակում սպասում էի, երբ վանող արտաքինով մի տղամարդ ներս մտավ։ Բարևեցի։ Ասաց. «Դուք շատ քաջ կին եք»։ Երևի ԿԳԲ-ն մեջը խոսեց, մինչ այդ որևէ մեկը նման ձևակերպմամբ չէր գնահատել արարքս։ Ակամա վտանգ զգացի։ Ասացի. «Չեմ կարծում, որ դա քաջություն է, այլ պարտականություն է»։
Զարմացել էի, թե ինչպես է այդ ակտիվությամբ աչքի չընկած մարդը դարձել Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեի նախագահը, մինչդեռ այդտեղ բազմաթիվ ակտիվ ընկերներ ունեի, որոնք արժանի էին այդ պաշտոնին։

Հետո Լևոնը մտավ նաև «Ղարաբաղ» կոմիտե, և դրածոն արդեն ներսում էր։ Դրանից հետո բանտարկեցին նրանց։ Թվում էր, թե իսկապես բանտարկություն է, բայց դա բանտարկություն չէր։ Տարան, մշակեցին բոլորին, մի մասը մշակվեց, մի մասը՝ ոչ։ Ռաֆայել Ղազարյանին, Վազգեն Մանուկյանին, օրինակ, մշակել չէին կարող, նրանց կարող էին վախեցնել։ Կային մարդիկ, որոնք մշակվեցին։
Ճիշտ է, «Ղարաբաղ» կոմիտեն բանտարկությունից ազատվեց, բայց նրանց հետագա գործողություններն ադեկվատ չէին։

Ինչի համար էինք պայքարում և ինչ ունեցանք

1990 թվականի ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանը չի ընտրվել, ստիպված են եղել կեղծիքների դիմել։ Շենգավիթում էր առաջադրված։ Դզեցին, փչեցին, անցկացրին։ Իսկ ազգային ժողովում արդեն իր կողքին հավաքեց իր համախոհներին, ու գնաց աթոռակռիվը։ Այն լավագույն տղերքը, որ պիտի ստեղծեին իշխանությունը, գնացին պատերազմի դաշտ, որովհետև ավանտյուրա էր, ինչքան խուժան կար, գնում էր այնտեղ շահելու: Թալանում էին թուրքերի տները, լուրեր կային, որ զենք են գողանում ու միմյանց վրա վաճառում։ Նման երկու խումբ էր բռնել Լեոնիդ Ազգալդյանը։

Երբ Մովսես Գորգիսյանը եկավ ու հայտարարեց՝ վաղը գնում է պատերազմ, իրեն մեր հին ընկերներով շատ համոզեցինք, որ չգնա։ Ասում էինք, որ ինքն այստեղ է պետք որպես մտքի մարդ, որպես կազմակերպիչ։ Ասում էի՝ եթե բոլորդ գնաք, այն կոմունիստները, որոնց համար ազգային գործ գոյություն չունի, բոլոր աթոռները կզբաղեցնեն։ Չլսեց։ Ճար չեղավ, գնաց և սպանվեց։ Դա զոհվել չէր։ Լավ գիտեին, թե ում պետք է վերացնեն։

Որտե՞ղ թերացանք

Մեր ամենամեծ թերացումն այն էր, որ մեր մտավորականների մեծ մասը ռազմաճակատ գնաց։ Մահապարտների ջոկատում նրանք մեծ թիվ էին կազմում։ Մտավորականը պետք է մնար այստեղ, որպեսզի համապատասխան կառույցներ ստեղծեր։ Եթե այդ քանակությամբ ռազմաճակատ ես տանում, նշանակում է քոքը կտրում ես մտավորականության։
Բոլոր լավերը գնացին պատերազմ, մենք այս գելուգազանի ձեռքը մնացինք։ Եթե մտավոր մարդը մնար, իր տեսակը մնար, կազմակերպեր, ղեկավար դիրք գրավեր՝ այլ կերպ կլիներ։ Բայց բոլոր լավագույն տղերքը թիկունքից զոհվեցին։

Եթե նրանք մնային և աթոռներ զբաղեցնեին, այդ դեպքում Լևոնը չէր կարող չլսել մեծամասնությանը։
Մոնթեն իր հերթին, Լեոնիդն իր հերթին էր ասում՝ մենք կգանք, իրենց հարցերը կլուծենք, սպասեք Ղարաբաղն ազատագրենք, նոր։ Բայց տեսանք, թե ով ում հարցերը լուծեց։ Մտավորականը պետք է մտածի նաև թիկունքն ամուր պահելու մասին։

Շարժումը հուշերում

Երբ զինապահեստի անհրաժեշտություն առաջացավ, ինձ խնդրեցին Տեխնիկայի տան առաջին հարկը հատկացնել կոմիտեին: Բուֆետը տեղափոխեցի, տարածքը տվեցի, որ որպես զենքի պահեստ օգտագործեն: Այդ ժամանակ սահմաններում արդեն լարված էր։ Հետո Վանոն եկավ և խնդրեց, որ երկրորդ հարկն էլ իրենց տրամադրեմ։ Աշխատողներին մի սենյակում տեղավորեցի, որ տարածքը տրամադրվի կոմիտեին։ Խնդիր էր գիտական քարտուղարը, որը դեմ էր շարժմանն ու մեզ ասում էր. «Ոչխարի պես գնում եք Վանոյի նման խուժաններին եք լսում միտինգին»։ Երբ Վանոն գալիս է, սրանք երկուսով վեճի են բռնվում, միմյանց ծեծում։ Բայց հետո Վանոն մտերմացավ այս կնոջ հետ, ու միասին ինձ այլևս չէին թողնում Տեխնիկայի տուն մտնել։ Իմ ձեռքով Տեխնիկայի տունը հանձնեցի գելուգազաններին, և ես ու իմ հիմնարկի ժողովուրդը մնացինք անգործ։ Չասեմ, թե հետո այդ կնոջ ամուսինն ինչ պաշտոնի արժանացավ։

Հիշում եմ նաև մեր միլիոնանոց միտինգները. ինչպես էին տարբեր շրջաններից մարդիկ գալիս, ինչ ջերմ էին միմյանց հետ, ինչպես էին միասին հաց կիսում։
Միասնականությունը կար նաև երկրաշարժի ժամանակ։ Երկկողմանի ծնողազուրկ երեխաներին որդեգրելու համար հսկայական հերթեր էին, որ հանկարծ այդ երեխաներին արտերկիր չտանեն։ Ընդ որում, հերթի կանգնածները երեխաներ ունեցող ընտանիքներ էին։
Հետո ես երկար ժամանակ հիասթափված էի։ Այդպես էր մինչև Էլեկտրիկ Երևանը, երբ մարդիկ անգամ երեխաների հետ Բաղրամյան էին շտապում, քանի որ ցուցարարներին ծեծելու մասին լուրն էին լսել։
Դա ինձ մխիթարեց, մտածեցի՝ ուրեմն կարթնանա մեր ժողովուրդը, դեռ ամեն ինչ կորած չէ։



Комментариев нет:

Отправить комментарий