среда, 21 декабря 2016 г.

Քաղաքական դոգման և Լեւոն Տեր-Պետրոսյանի վախը


Ապրիլյան պատերազմը տրանսֆորմացիայի ենթարկեց ոչ միայն հանրային ընկալումները, այլեւ ղարաբաղյան հիմնախնդիրն ամբողջությամբ: Ակնհայտ էր, որ ետպատերազմական իրողություններում հիմնախնդրի կարգավորման մինչպատերազմական մոտեցումները չէին կարող գործնական լինել: Ըստ այդմ՝ տրանսֆորմացիայի ենթարկվեցին կարգավորման նախկին սկզբունքները՝ կողմերի դիրքորոշումները, միջազգային կարգավորողների վարքագիծը, բացահայտվեց ռուսական դավադրությունը, Ադրբեջանի սպառազինության բարձր աստիճանը:

Անփոփոխ մնացին միայն հիմնախնդրի կարգավորման՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները՝ «Խաղաղություն՝ տարածքների դիմաց» եւ «Փոխզիջման այլընտրանքը պատերազմն է»: Եվ այժմ Տեր-Պետրոսյանը հայտնվել է սեփական քաղաքական դոգմատիզմի ցանցում: Տեր-Պետրոսյանի որդեգրած քաղաքական դոգման նույնքան կարծր է, որքան նրա վախը Ղարաբաղից:

Դեկտեմբերի 17-ին ՀԱԿԿ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, ավելի որոշակի՝ ելույթի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հատվածը, դարձյալ ալեկոծել է ներհայաստանյան կյանքը: Անշուշտ, ոչ այն ուժգնությամբ, ինչպես հեռավոր 1997թ. նոյեմբերին հրապարակած նրա «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածի կանխադրույթները: Տեր-Պետրոսյանն այսօր իշխանություն չէ, նա անգամ ընդդիմություն չէ, թերեւս նաեւ այդ պատճառով նրա մոտեցումներն այժմ ալեկոծում են հանրային կյանքը, սակայն փոթորիկ այլեւս չեն առաջացնում: Եվ ինչպես 97-ին, այնպես էլ այսօր, նա ասպարեզ է նետում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման իր մերժելի սկզբունքները՝ պատերազմի եւ խաղաղության երկընտրանքը, ազատագրված տարածքների վերադարձի պարտադրանքը, Հայաստանի բոլոր ձախողումները Ղարաբաղով պայմանավորելու խաբկանքը: Տեր-Պետրոսյանն առաջարկել է, որ իր գլխավորած կուսակցությունը՝ ՀԱԿ-ը, 2017թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցի «Խաղաղություն, Հաշտություն, Բարիդրացիություն» կարգախոսի ներքո, որն իրականում ոչ թե ներքաղաքական ընտրապայքարի կարգախոս է, այլ Ադրբեջանին եւ Թուրքիային պարզած սպիտակ դրոշ:

Խաղաղության ձգտումը բնական է, օրինաչափ, մարդկային, սակայն եթե քո՝ ոչ այնքան բարի դրացին, սպառազինված մինչեւ ատամները, անսպասելի պատերազմ է սանձազերծում, սպանում զինվորներիդ, անդադար հրետակոծում երկրիդ սահմանները, խաղաղ բնակիչներին, հանդես գալիս ռազմաշունչ պահանջներով, այս դեպքում սպիտակ դրոշը ոչ թե հաշտության խորհրդանիշ է դառնում, այլ վախի: Տեր-Պետրոսյանն այնքան հեռուն է գնում, որ առաջարկում է համախմբվել… վախի շուրջ:

Ինչի՞ց է վախենում Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Պատերազմի՞ց: Պատերազմից վախենում են բոլորը: Թեպետ այն չարիք է, որը մահ է սփռում եւ ավերներ գործում, այնուամենայնիվ պատերազմներն ուղեկցել են մարդկությանը բոլոր ժամանակներում: Մարդկությունը դեռ չի սրբագործվել, որ հրաժարվի պատերազմից: Պատերազմները սահմաններ են սրբագրել, ազգեր կործանել եւ ազգեր ստեղծել: Կա նվաճողի պատերազմ, կա նաեւ սրբազան պատերազմ: Պատերազմի վախից ժողովուրդը կարող է նաեւ թշնամուն հանձնել հայրենիքը եւ ապրել անհայրենիք: Ժողովրդին չի կարելի այնքան թուլացնել, որ վախենա պատերազմից: Ավելի լավ է մի անգամ պատերազմել, քան անվերջ ապրել պատերազմի վախով: Մանավանդ, միշտ չէ, որ հնարավոր է խուսափել պատերազմից: Եվ պատերազմի այլընտրանքը միշտ չէ, որ խաղաղությունն է: Տեր-Պետրոսյանը պետք է կոչնակ հնչեցներ ապրիլյան պատերազմի բացահայտած ամոթալի իրողությունների դեմ: Պատերազմի մշտական սպառնալիքով հանրությանը վախ ներշնչելն իրականում վկայում է, որ նա, ով ներշնչում է այդ վախը, ինքն է վարակված վախով:

Ռուսաստանի՞ց: Շարունակաբար անտեսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինելու քաղաքականությունը՝ Տեր-Պետրոսյանն անվերջ Մոսկվային է փորձում հանձնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանալիները, գիտակցելով, որ կարգավորման ռուսական ծրագիրը բացահայտվեց հենց Մոսկվայի սադրած ապրիլյան պատերազմի ժամանակ՝ պատերազմի միջոցով ստիպելով հայկական կողմին վերադարձնել տարածքները: Ռուսաստանի վրա դնելով հիմնախնդրի կարգավորման պատասխանատվությունը՝ Տեր-Պետրոսյանն այդ պետությանը հռչակում է որպես միջնորդ հայկական տարածքների հանձնման-ընդունման գործընթացում:

Ղարաբաղի՞ց: Ով-ով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը լավ գիտե, որ Ղարաբաղը Հայաստանում իշխանափոխության լուրջ վտանգ է ներկայացնում: Նրա համար ղարաբաղյան հաղթանակները վաղուց են վերածվել ծանր բեռի: Անգամ ապրիլյան պատերազմը չստիպեց Տեր-Պետրոսյանին վերանայել ազատագրված տարածքները վերադարձնելու իր տխրահռչակ թեզը, որը վաղուց վերածվել է քաղաքական դոգմայի, որը նա փորձում է ներկայացնել որպես աշխարհաքաղաքական նոր անխուսափելիություն: Մինչդեռ Հայաստանում եւ նրա շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրողություններն ստիպում են ազատագրված յոթ տարածքները մեկընդմիշտ ընդունել եւ հռչակել որպես Ղարաբաղի անբաժանելի մաս: Տեր-Պետրոսյանի քաղաքական դոգմատիզմը բախվում է Ղարաբաղի ազատագրման պատմական փաստին, իսկ պատմությունը ետին թվով անհնար է սրբագրել. նա դա լավ գիտե: Ազատագրված յոթ տարածքներն այժմ Ղարաբաղի սահմաններում են, եւ դրանք պատկանում են հայկական կողմին:

Տեր-Պետրոսյանի ծայրահեղ պացիֆիզմը գուցե եւ գոյության իրավունք ունենար, եթե դրա հեղինակը լիներ պարզապես շարքային քաղաքացի, այլ ոչ թե ՀՀ հիմնադիր նախագահը: Տեր-Պետրոսյանը շարունակ ապրում է պատերազմի, Ռուսաստանի, Ղարաբաղի վախով եւ փորձում է դրան ոչ միայն հաղորդակից դարձնել Հայաստանի հանրությանը, այլեւ վախի բացիլով վարակել նրան: Վախով վարակված հասարակությունը դիմադրության ունակ չէ: Այդպես էր նաեւ 1915թ., երբ հայ ժողովրդի քաղաքական առաջնորդները արեւմտահայությանը վարակեցին դատապարտվածության վախով եւ Ռուսաստանի հանդեպ չպատճառաբանված հույսերով:

Եվ այժմ Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական պահոցներից դարձյալ դուրս է բերել Ղարաբաղը հանձնելու իր քաղաքական մռայլ դոգման եւ փորձում է այն մատուցել որպես վերին ճշմարտություն: Տեր-Պետրոսյանն այդ ճշմարտությանը հավատում է այնպես, ինչպես հավատում էր 1996թ. ՀՀ նախագահի ընտրություններում իր հաղթանակին: Այն ժամանակ նրա կողքին դեռ ուժեր կային, որ պատրաստ էին 100 տոկոս պարտության դեպքում անգամ ապահովել նրա հաղթանակը: Այսօր Տեր-Պետրոսյանի եւ նրա ճշմարտության կողքին կարող են կանգնել իր գլխավորած ՀԱԿԿ-ը եւ Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ը: Այդ երկու ուժերը վաղուց անցել են Ռուսաստանի կողմը եւ պայքարում են Հայաստանի եւ ազատագրված տարածքների դեմ: Նրանք միասին կարող են պատսպարվել Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական դոգմայի ետեւում՝ սնուցելով սեփական վախը եւ Ադրբեջանից խաղաղություն մուրալով:

Խաղաղություն կարելի է ստանալ կապիտուլյացիայի հետեւանքով կամ այն ձեռք բերել հաղթանակի արդյունքում: Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական դոգմատիզմը կապիտուլյացիան է նախընտրում։

Նարինե ՄԿՐՏՉՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий