четверг, 22 декабря 2016 г.

Սարո Սարոյան. «Շարժիչն այն հայ մարդն է, ով կարող է իր տականքին ուղարկել մկան ծակը»


Մեր զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը

- Պուտինը տարեվերջյան իր ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանը իր սահմաններից դուրս ունի ընդամենը երկու ռազմակայան՝ Ղրղզստանում և Տաջիկստանում: Ո՞ւր մնաց Գյումրիի 102-րդ բազան: Սա արդյոք նրա կողմից կարող է վրիպակ լինել:

- Պուտինի այդ խոսքը ընկալելու համար պետք է այն չկտրել իր պատասխանի ընդհանուր կոնտեքստից։ Պուտինը խնդիր ուներ ցույց տալ ԱՄՆ ռազմաբազաների սփռվածությունը ողջ աշխարհով մեկ ու դրանց ագրեսիվ բնույթը։ Եվ ի հակադրություն այդ ամենի՝ Ռուսաստանի խաղաղասիրական նպատակադրվածությունը։ Վկայակոչելով Ղրղզստանում և Տաջիկստանում ռուսական ռազմաբազաների առկայությունը՝ նա հենց մատնանշեց Աֆղանստանից եկող սպառնալիքները կանխելու այդ ռազմաբազաների նպատակաուղղվածությունը, որը, ըստ Պուտինի, թե այդ երկրների և թե Ռուսաստանի ընդհանուր շահերի տիրույթում է գտնվում։ Ի՞նչ եք կարծում, Պուտինը կարո՞ղ էր ասել, որ Հայաստանում գտնվող 102-րդ ռազմաբազան նրա համար է, որ կանխի Հայաստանի շահերի տեսանկյունից թուրքական ագրեսիան, իսկ Ռուսաստանի շահերի տեսանկյունից՝ Թուրքիայի՝ մի կողմից որպես գերտերություն, իսկ մյուս կողմից որպես Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի առանցքային հիմնասյուն՝ դեպի Կովկաս ծավալումը։ Դա կնշանակեր ռուս-թուրքական ներկա սերտ գործակցության և առավել ջերմացմանը միտված քաղաքականության մեջ սեպ խրել։ Թուրքիան Ռուսաստանի ներկա արտաքին քաղաքականության մեջ այն բացառիկ երկրներից է, որը հույս է ներշնչում Պուտինին, թե նրա միջոցով ինքը կկարողանա ճեղքել արտաքին աշխարհի կողմից Ռուսաստանին պարտադրված մեկուսացումը։ Ուստի Թուրքիային դնել Աֆղանստանի կողքին և խոսել նրանից եկող սպառնալիքների մասին՝ ներկա իրավիճակում ուղղակի հնարավոր չէր։ Այդ իսկ պատճառով, Պուտինին մնում էր կեղծել իրականությունը՝ չխոսել Հայաստանում իր երկրի ռազմաբազայի մասին, որքան էլ որ այն ևս պաշտպանական նպատակաուղղվածություն ունի և ըստ էության միայն քաղաքական (ոչ ռազմական) գործառույթ է իրականացնում։

- Բելառուսի ԱԳՆ-ն, Ղազախստանի օրինակին հետևելով, հայտարարել է, որ ԼՂՀ-ն մաս չի կազմելու ԵՏՄ-ին: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է նման բան հայտարարելու անհրաժեշտություն առաջացել և ի՞նչն է ստիպել Բելառուսի ԱԳՆ-ին նման բան հայտարարել:

- Արձանագրում են այն, ինչը դուրս է սովորական իրավապայմանագրային պրակտիկայից։ Ուստի ոչ սովորական լուծում են տալիս՝ հղում անում նոտային և բանավոր պայմանավորվածությանը։ Այդ լուծումից զատ մեզ համար կարևոր է այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանի ու ԵՏՄ-ի շուրջ աշխարհում։ Այ այստեղ է, որ պետք է քննարկումներ ծավալվեն։

- Առհասարակ, այդ կառույցի ճակատագիրն այս պահին էլ անորոշ է՝ հաշվի առնելով Բելառուսի քննադատությունները և սպառնալիքները Ռուսաստանին: Գուցե այդ միություն դեռ չմտած այն գոյություն չունենա՞:

- Եվրասիական տնտեսական միությունն անապագա կառույց է լինելու։ Այն հունվարի 1-ից գործելու է շատ մեծ խաթարումներով, անորոշություններով, անհստակություններով և ի վերջո փլուզվելու է։ Ցանկացած օրգանիզմ պետք է բնական նյութափոխանակության վրա հիմնվի։ Պետական օրգանիզմի դեպքում նրա տարրերը գոնե մինիմալ նպատակներ պետք է կարողանան կենսագործել։ ԵՏՄ-ում գրեթե ամեն ինչ արհեստական է և ուղղված Կրեմլի քաղաքական ախորժակը բավարարելուն։ Բելառուսն ու Ղազախստանը դրա դիմաց ծրագրել էին ինչ-ինչ տնտեսական շահաբաժիններ ունենալ։ Սակայն Ռուսաստանի՝ աշխարհից մեկուսանալու և մեկուսացվելու պայմաններում արդեն իսկ ակնհայտ է, որ այդ երկու պետությունների համար խնդիր է դարձել առայժմ հնարավոր սողանցքերով քամել ամեն հնարավորը, մինչև որ արհեստական այդ օրգանիզմը կոչնչանա։

- Իսկ Հայաստանն ի՞նչ է անելու այս կառույցում, երբ անգամ արտադրանք չունի արտահանելու:

- Նախ հասկանանք Հայաստանի դերը առկա իրավիճակում, որից էլ պարզ կդառնա նրա անելիքը։ Արդեն տասնհինգ տարի է Հայաստանը Ռուսաստանի համար հանդես է գալիս իբրև ֆորպոստ։ Վերջինս բնութագրվում է երեք կոմպոնենտներով՝ քաղաքական, ռազմական և տնտեսական։ Հայաստանի քաղաքական նշանակությունը Կովկասի շուրջ իրականացվող աշխարհքաղաքական մրցակցությունում ռուսական շահերի սպասարկմանը ճկունություն հաղորդելու մեջ է։ Դրա մեջ մտնում են մասնավորապես հետևյալ մեխանիզմները՝

ա. որպեսզի Հայաստանը հարկ եղած դեպքում օգտագործվի ռուս-թուրքական հարաբերություններում որպես մանրադրամ (հիշենք հայ-թուրքական արձանագրությունների ոդիսականը՝ սկսված և ավարտված Մոսկվայում, այսօր արդեն Ցեղասպանության 100-ամյակի խնդիրը),

բ. ՄԱԿ-ում առանցքային հարցերում Հայաստանը քվեարկի իբրև Ռուսաստանի երկրորդ ձայն,

գ. Հայաստանը ծառայի որպես փորձադաշտ Ռուսաստանում ներդրվող քաղաքական նախագծերի համար (համեմատելի են, օրինակ, Դումայում և ընդհանրապես քաղաքական դաշտում քաղաքական ուժերի հարաբերակցության մի քանի օրինակներ),

դ. Հայաստանը ծառայի որպես վախեցնող մահակ Կովկասում (օրինակ՝ Հայաստանի այս կամ այն քայլի միջոցով Ադրբեջանին հարկադրվի չգնալ Արևմուտքի հետ հարաբերությունների սերտացման և մնալ պաշտոնական Մոսկվայի «տեսադաշտում») և այլն։

Ռազմական կոմպոնենտը իրենից ենթադրում է դեպի Կովկաս ՆԱՏՕ-ի և այլ տերությունների ծավալման դեպքում նախնական օպերատիվ արձագանքման ու հակադարձման ռազմական-ռազմավարական պլացդարմի ստեղծումը։ Իսկ տնտեսական կոմպոնենտը՝ էներգակիրների տարանցման համար հարմար միջանցք ունենալու, Կովկասում այլոց էներգետիկ նախագծերը վիժեցնելու, աշխարհի հետ ֆինանսական տարբեր ստվերային գործարքներ կնքելու, սեփական երկրի համար մարդկային կապիտալի (աշխատուժ, մասնագիտական կադրեր) լրացուցիչ բազա ապահովելու մեխանիզմները և նմանատիպ այլ քայլեր։

Ներկայացված մեխանիզմներից յուրաքանչյուրը Հայաստանի ինքնիշխանությունը ապահովող մեխերն են եղել, որոնք Կրեմլի կողմից հանվել են տարբեր տարիներին։ Այսօր Հայաստանի հետ կապված իր մշակումներում Ռուսաստանն արդեն խնդիր էր դրել ֆորպոստի տնտեսական ինքնուրույնության հերթական մեխը հանել՝ ԵՏՄ-ի միջոցով ապահովել ապրանքների շրջանառության ու մաքսային եկամտի շրջապտույտի վերահսկողությունը։ Ապագայում այս հիմքի վրա կստեղծվի Ռուսաստանին կրկնօրինակող հարկային համակարգը և ընդհանուր դրամային միջոցը։

Հարկ եմ համարում այստեղ նշել, որ ներկայացվածը բոլորովին կապ չունի Հայաստանի անկախության սպառնալիքների հետ։ Ռուսաստանի կողմից Հայաստանի անկախությանը ոչինչ չի սպառնում։ Ընդհակառակը, Հայաստանի անկախության կորուստը շատ թանկ կնստի Ռուսաստանի վրա թե աշխարհքաղաքական առումով և թե ստանձնելիք ներքին պարտավորությունների։ Եվ ընդհանրապես, ներկա աշխարհակարգի ողջ յուրօրինակությունն այն է, որ տերությունները և միջազգային ֆինանսական կապիտալի հսկաները ոտնձգություն են կատարում պետությունների ինքնիշխանության նկատմամբ, բայց ոչ երբեք անկախության։ Սա հատկապես ուզում եմ շեշտել, ցույց տալու համար այն փաստարկների սնանկությունը, որոնք շրջանառվում էին, իբրև թե ապացուցելու համար, թե ոչ մի աղերս չկա Հայաստանի այլ ժամանակաշրջանների պետականության կորուստների և ներկայիս իրավիճակի հետ։ Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելուն լոյալ վերաբերվող մարդիկ կարիք չկա, որ զինվեն մեր անկախության կորստի պատմական օրինակներով և կեղծեն իրականությունը՝  սքողելով մեր ինքնիշխանության տարրերից մեկի կորստի հերթական այս դրվագը։ Պետականության կորուստը 21-րդ դարում կատարվում է հենց ինքնիշխանությունը հանձնելու/ոչնչացնելու միջոցով, ուստի ֆորմալ առումով հիմնի, զինանշանի, ՄԱԿ-ում ձայնի իրավունքի, կամ սպորտում սեփական դրոշը տեսնելու համար չէ, որ պետք է պայքարել պետականության համար։ Կան կենսական պահանջմունքներ, որոնք յուրաքանչյուր պետության ծնունդն են ազդարարել։ Ով սա չի գիտակցում, ուրեմն նրա համար պետությունը գավառական հայրենասիրության պատկերացումներից այն կողմ չի անցնում:

- Դուք խոսեցիք Հայաստանի ինքնիշխանության կորստից, դրա վտանգներից: Այդ դեպքում ի՞նչ կլինի Ղարաբաղի հետ, որի անվտանգության երաշխավորը Հայաստանն է:

- Նախ պետք է նկատեմ, որ որքան էլ պարադոքսալ թվա, բայց մենք աշխարհին այսօր ներկայանում ենք երկու տարբեր դեմքերով։ Մի դեպքում Հայաստանն է, որը ունի անկախություն, բայց չունի ինքնիշխանություն, իսկ մյուս դեպքում Արցախը, որը ունի ինքնիշխանություն, բայց չունի անկախություն։ ԼՂՀ-ի բանակը կարող է Կովկասում գրեթե յուրաքանչյուր ռազմաքաղաքական հարց լուծել ինքնուրույն, և դա տեսնում են օտարները։ Նրա կարիքը կա տարածաշրջանում, և առաջիկայում նրա դերը ավելի է մեծանալու։ Ի տարբերություն Հայաստանի, ԼՂՀ-ում օտար զինուժեր չկան, իսկ իր սահմաններն էլ նա ինքնուրույն է վերահսկում։ Այն, որ ԵՏՄ անդամակցության գործում Արցախին տեղ վերապահված չէ, դա ոչ թե նրանից է, որ նրան թողնում են բախտի քմահաճույքին, այլ որովհետև ոչ մի կերպ չկարողացան այնտեղ «խաղաղապահ» ուժեր տեղակայել։ Լրացուցիչ բարդություններ ստեղծելով ՀՀ-ԼՂՀ վարչական տարածքների բաժանարար հատվածում՝ խնդիր կա դա ևս ծառայեցնել որպես լծակ՝ ԼՂՀ հանրությանը, բանակին հետագայում պարտադրելու համար ընդունել ռուսական «խաղաղապահությունը»։ Ուստի պետք չէ ավելորդ վայնասուն բարձրացնել առ այն, թե տեսեք ԼՂՀ-ին մոռացան։ Լավ կլիներ ԵՏՄ-ի հարցում Հայաստանին էլ մոռանային։ ԼՂՀ-ն իր չճանաչված կարգավիճակով առավել մեծ խնդիրներ կարող է լուծել այսօր, քան Հայաստանը իր մոտ երեք միլիոն բնակչությամբ։ Առկա դասավորությունում, երբ շատ հարցերում Հայաստանի ձեռքերը կապված են, իսկ բնակչությունն էլ ինչ-որ առումով անորոշության մեջ, ԼՂՀ-ի ներկա քաղաքական արժեքը մենք պետք է կարողանանք վերածել համահայաստանյան խնդիրների լուծման լոկոմոտիվի։

- Այդ դեպքում ի՞նչ խնդիրներ կարող ենք լուծել հիմա և որո՞նք են մեր սայթաքումների պատճառները։

- Հետևելով ներկա քաղաքական միտումներին՝ կարելի է երկու հանգամանքի վրա կանգ առնել՝ մեր ներքին գործունակության և արտաքին աշխարհի մարտահրավերների ու ընձեռած հնարավորությունների։ Յուրաքանչյուրս մի բան պետք է մեր մեջ լիարժեք յուրացնենք։ Այն վիճակը, որ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության ներքին ու արտաքին ճակատներում, դա գալիս է ոչ թե արտաքին աշխարհից, այլ հենց մեզանից։ Եվ այն, որ Արցախը հիմա ինքնիշխան պետություն է, դա նույնպես մեզանից է գալիս՝ մեր արցախյան ժողովրդի պայքարի արգասիքն է։ Արցախցիները արյուն են հեղել իրենց ինքնիշխանության համար և գիտեն դրա արժեքը։ Հայաստանում ժողովուրդը չի ցանկանում ոչինչ ձեռնարկել, բացի կոլեկտիվ անատամ բողոքից։ Բոլորի հույսը իրենցից դուրս է գտնվում։ Կամ կուսակցական ինչ-որ լիդերների հետ են հույսները կապում, կամ էլ՝ արտաքին ուժերի։ Մարդիկ անգամ մրցույթի են բռնվել, թե ում կուռքը կամ արտաքին կողմնորոշումը «ճիշտ» դուրս կգա այս կամ այն իրավիճակում։ Ես արդեն նշեցի, որ ԵՏՄ-ն ըստ էության փլուզվելու է, քանզի թե նրա ներսում չկա ամրության պաշար, թե արտաքին աշխարհն է լիարժեք ճնշում։ Սակայն մեր ուշադրության կենտրոնում ԵՏՄ-ն չպետք է լինի, քանզի այն ընդամենը Ռուսաստանի քաղաքական գործիքներից մեկն է։

Պետք է հասկանանք, որ աշխարհը գտնվում է անցումային մի փուլում։ Փլուզվել է նախկին աշխարհակարգը, որոնք գծել էին Ստալինը, Ռուզվելտը և Չերչիլը 1945 թ.։ Մինչ նոր աշխարհակարգի ձևավորումը մեր աչքի առաջ տեղի են ունենալու պատերազմներ, կոտորածներ, սովամահություններ, համաճարակներ, ֆինանսական վայրիվերումներ, տնտեսական անկումներ և այլն։ Դրանք անխուսափելի են աշխարհի համար։ Մեր խնդիրն այս ամենը հասկանալն է, իրավիճակը ճիշտ գնահատելը և արդյունավետ լուծումներ գտնելը։

Իմ գնահատականով, Ռուսաստանը չունի ոչ մի պաշար՝ դիմադրելու համար արտաքին ճնշմանը։ Նա հայտնվելու է կամ 1990-ականների սկզբի իր դիրքերում, կամ ավելի է խրվելու աշխարհքաղաքական ճահճում։ Դա որքան մարտահրավեր է մեր երկու պետությունների համար, նույնքան էլ հնարավորություն է ճեղքում իրականացնելու համար։ Ու այս իրավիճակում է, որ ԼՂՀ նշանակությունը կրկնապատկվելու է։ Սակայն որքան էլ խոսենք արտաքին դաշտում հնարավորությունների մասին, միևնույն է՝ ներքին ու արտաքին շարժիչը այն հայ մարդն է, ով կարող է իր տականքին ուղարկել մկան ծակը։ Չկա որևէ լուծում, եթե հանրությունը խեղդվում է անզորության մեջ։ Հասել ենք այն օրվան, որ պետք է թշնամի համարենք բոլոր նրանց, ովքեր ավելացնում, կրկնապատկում են անզորությունը։ Ես գտնում եմ, որ այլևս չի կարելի թույլ տալ, որ ինչ-որ մեկը խոսի արտաքին օգնության, արտաքին հույսի, Աստծո օգնության և նման հիմարությունների մասին։ Պետք է լռեցնել այդ ամենը, իսկ եթե բան չկա ասելու՝ ուրեմն լռել է պետք։ Հայաստանում պետք է խոսեն միայն նրանք, ովքեր անձամբ կարող են գործ անել։

Հարցազրուցավար՝
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий