четверг, 11 июля 2013 г.

Բրյուսելը բացել է խաղաքարտերը Երեւանում

Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության հարցերի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայաստանյան այցը բավական հետաքրքիր ստացվեց, ի տարբերություն նախորդների, ինչի պատճառը այն է, որ հանձնակատարը այս այցի ընթացքում եղել է աննախադեպ բաց եւ շիտակ, հատկապես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Ըստ ամենայնի, հենց դա էր նկատի ունեցել Ֆյուլեն, երբ այցից առաջ նրա խոսնակը հայտարարել էր, որ շատ կարեւոր այց է Վիլնյուսում տեղի ունենալիք Արեւելյան գործընկերության Վեհաժողովից առաջ, որտեղ սպասվում է Հայաստանի ու Եվրամիության Ասոցացման համաձայնագրի նախաստորագրում:

Շտեֆան Ֆյուլեն երեւանյան այցի ընթացքում արել է մի քանի հայտարարություններ, որոնք բավական հստակություն են մտցնում Եվրամիություն-Հայաստան հարաբերության մեջ եւ այդ հարաբերության «ռուսական մեկնաբանություններում»:
Ֆյուլեն հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանին որեւէ կերպ չի սահմանափակելու Ռուսաստանի հետ հարաբերության հարցում: Ֆյուլեն հայտարարել է, որ Եվրամիությունն ինքն է փորձում իր հարաբերությունը խորացնել Ռուսաստանի հետ: Եվրահանձնակատարը փաստացի հայտարարում է, որ ի տարբերություն Ռուսաստանի, Եվրամիությունը Հայաստանի առաջ լինել-չլինելու «մահ կամ ազատության» խնդիր չի դնում եւ հարաբերություններն ու կյանք  ընդհանրապես պատկերացնում է ավելի լայն ու բազմաշերտ:

Միեւնույն ժամանակ, Ֆյուլեն հայտարարել է, որ Եվրամիությունը ոչ թե սահմանափակելու է Հայաստանի հնարավորությունները հարեւանների հետ հարաբերության հարցում, այլ հակառակը՝ ուժեղացնելու է այդ հարցում Հայաստանի հնարավորությունները, ուժեղացնելու է Հայաստանի դիրքերը հարեւանների հետ հարաբերություններում:

Այդպիսով, ուղղվում է մի քանի պարզ մեսիջ: «Մենք ինքներս ենք երաշխավորելու, որ դուք կարողանաք դա անել և վայելեք այդ կատարյալ հարաբերությունները՝ առանց հարցականի տակ դնելու ձեր պարտավորությունները, որոնք կարող եք ստանձնել Եվրամիության առաջ», Ռուսաստանի հետ հարաբերության մասին ասել է Ֆյուլեն: Փաստացի, Եվրամիության հանձնակատարը մատնանշում է, որ Եվրամիության հետ հարաբերության խորացումը Հայաստանին կօգնի կարգի բերել, կատարելության հասցնել Ռուսաստանի հետ հարաբերությունը եւ այն վերածել արդեն «վայելքի», ոչ թե «վասալային տագնապի»:
Հաջորդ մեսիջը. Ֆյուլեն փաստացի հայտարարում է, որ Ասոցացման համաձայնագրի շնորհիվ Հայաստանն ավելի կամրացնի իր դիրքերը հարեւանների հետ հարաբերություններում, ինչը նշանակում է, որ Հայաստանը կամրանա նաեւ Ադրբեջանի հանդեպ ունեցած դիրքերի առումով: Այդ համատեքստում, Ֆյուլեն հետաքրքրական ակնարկ է անում նաեւ արցախյան խնդրի առումով: «Մենք օգտագործում ենք ընդհանուր գործիքակազմ, բայց մենք գործընկերների հետ աշխատում ենք ՝ յուրաքանչյուրի համար փնտրելով հատուկ լուծումներ», հայտարարել է Ֆյուլեն: Հայաստանի պարագայում, հայտնի է, որ առկա է Արցախի թնջուկը, կապված սահմանային կարգավիճակների հետ: Եվ անհատական մոտեցման հանգամանքին անդրադառնալիս, Ֆյուլեն հավանաբար նկատի ունի հենց դա, ակնարկելով, որ Արցախի հարցը չի դիտարկվի ընդհանուր գործիքակազմի համատեքստում:

Մյուս մեսիջը, որ փոխանցել է հանձնակատարը դիվանագիտականից ավելի պարզ լեզվով, այն է, որ իշխանությունը հասարակությանը չի բացատրում Ասոցացման համաձայնագրի էֆեկտը քաղաքացիների համար: Ֆյուլեի այս դիտողությունն ամենայն հավանականությամբ հիմնված է այն հանգամանքի վրա, որ Եվրասիական գաղափարն օրինակ Հայաստանում լայնորեն քարոզվում է տարբեր նախաձեռնությունների, ֆորումների եւ ճամբարների միջոցով: Մինչդեռ հասարակական կարծիքն այս հարցում շատ կարեւոր գործոն է, որի հետ եվրաինտեգրացիայի առումով ոչ ոք չի աշխատում: Փոխարենը բավական ակտիվ են նրանք, ովքեր Եվրոպան ներկայացնում են միայն որպես միասեռականության եւ այլ արատների կենտրոն: Ֆյուլեն իշխանությանը դիտողություն է անում այդ իմաստով, հորդորելով ավելի շատ ներկայացնել, թե ինչ կոնկրետ շահ է սպասվում ժողովրդին Ասոցացման համաձայնագրից:

Եվ վերջում, Ֆյուլեն եւս մեկ անգամ կրկինել է այն, ինչ այլ առիթներով ասել է Եվրոպան, որ եվրաինտեգրացիայի հաջող գործընթացի պարագայում Եվրոպան զգալի կավելացնի հաջողություն արձանագրած երկրների ֆինանսավորումը 2014-20 ցիկլի համար:
Այս հայտարարությունն ինչ որ առումով արդեն կարող էնույնիսկ վիրավորական լինել, երբ խոստանում են կոնֆետն ավելացնել, եթե երեխան իրեն լավ պահի: Սակայն ամեն ինչ այդպես պարզունակ չէ իհարկե, որովհետեւ գործ ունենք լուրջ գործընթացի հետ, որն ունի նաեւ ներքին ու արտաքին լուրջ դիմադրություն, իսկ այդտեղ արդեն կապիտալի հարցը դառնում է կարեւոր: Այսինքն, ինչ որ իմաստով այն կոնֆետ է, իսկ ինչ որ իմաստով էլ սնունդ, որը կարող է ուժ տալ: Իհարկե Եվրոպան կարող է Հայաստանին այդ սնունդը առաջարկել առավել արժանապատիվ սկզբունքով, բայց այստեղ խնդիրը երկկողմանի է, որովհետեւ Եվրոպային արդեն երկար ժամանակ գցում են Հայաստանի քաղաքացիների մի զգալի մաս եվրոպական խանութներում, եւ իշխանությունը գրեթե ամբողջությամբ՝ Երեւանում:

ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Lragir.am
http://www.lragir.am/index/arm/0/comments/view/85329

Комментариев нет:

Отправить комментарий