четверг, 11 июля 2013 г.

Առանց ներքին պատերազմի արտաքինն անխուսափելի է

Պայմանավորված Ադրբեջան հասած ռուսական սմերչով ու մեր շուրջն օրեցօր նեղացող հնարավորությունների դաշտով, վերջերս աշխուժացել է Հայաստանի աշխարհքաղաքական նոր այլընտրանքների տեսական փնտրտուքը՝ ընդհուպ մինչև անդրկովկասյան ֆեդերացիայի սին գաղափարի վերաքննարկումը:

Ցավոք, Հայաստանն այսօր իրոք ցուգցվանգային վիճակում է և լավ ելքեր այլևս չկան, բացի ներքին մեծ վերադասավորումներն ու պատերազմին նախապատրաստվելը:

Ինչ վիճակ է ներսում

Սկսած 1994-ից, պատերազմի ֆորմալ ավարտից, հայկական իշխանություններ-հանրություն ճեղքը մեծանում է և այսօր անդունդի է վերածվել:
Իշխանականի ամեն ինչն իր տամաբանությունն ունի և այն բազմիցս է երևակվել:
Խնդիրը հանրայինի ու ընդդիմության ճամբարներում է:
Մասնավորապես նրանում, թե ինչու 19 տարվա մեջ ընդդիմությունը չի կարողացել գտնել ադեկվատ մարտավարություն և վիճակը հասցրել է օրհասականի:

Իշխանությունն օլիգարխիկ է և օրինաչափորեն հետապնդում է իր նեղ շահերը՝ հնարավոր բոլոր մեթոդներով: Ընդդիմությունն է, որը սկզբնապես իր հսկողության տակ ունենալով գրեթե ամբողջ հանրությունը, մեթոդապես ձև չգտավ հաղթահարելու օր-օրի լկտիացող և ինքնուրույն վերարտադրվող իշխանություններին:

Ժամանակն է, որ մենք լիդեր-հետևող, կամակատար ժողովուրդ մոդելից անցնենք ինքնագիտակցականի եկած՝ անհատ-նոր ներհանրային հարաբերություններ մոդելին, առանց առաջնորդների, ինչպես որ կա մնացած աշխարհում:
Մեր ներհանրային ողբերգության արմատները հին են՝ գալիս են դարերի պարտությունների խորքից, վերջին ու ներկա գենոցիդներից ու դրանից բխող՝ իրար հանդեպ սերմանված անվստահությունից:

Վերջին 25 տարում, երբ մենք կարող էինք վերակառուցել մեր արժեքայինն ու ընդհանրանալ որպես միակամ հանրություն, տեղի ունեցավ անսպասելին՝ մենք գնացինք իրար ատելու, իրար վնասելու, իրար քցելու ուղիով՝ թե քաղաքականում, թե անձնականում, և թե ընկերականում:

Արդյունքում հանրությունը պառակտվեց, սկսեց չվստահել կողքինին, ապավինել միայն ու միայն կաշառքին, հպատակվելուն, թալանին մասնակցելուն՝ իր պատառը փախցնելուն,  կամ էլ արտագաղթելուն:

Երբ իշխանական բարիքների հետ մեկտեղ մեջտեղ եկավ փողատեր «ախպերականն» ու շահը մտավ խաղի մեջ՝ որպես հիմնարար գործոն, իսկույն առաջ եկավ կենտրոնական «տերը», ռուսական գողական տերմինոլոգիայով ասած՝ «պախանը», որն էլ սկսեց ղեկավարել ու քվոտավորել-բաժանել կենտրոնացված թալանը:

Տարիների ընթացքում պախանի ինստիտուտն ամենավերից իջավ վար, ճյուղավորվեց և որպես ֆեոդալական մեխանիզմ արմատավորվեց ամենաներքևներում էլ: Տիրության տակ առնվեցին թաղերը, փողոցներն ու մուտքերը, ամեն ընտանիքն ու անհատը:
Այսպիսով, իշխանությունն իր ներսում կլանային՝ իրար «քցող» լինելով հանդերձ, դիրքավորված է հանրության դեմ, և ընդհանուր ճակատով է գործում,   քանի որ նրա ունեցվածքն է գողանում:

Այն արմատացած է ամեն մարդու մեջ, և բարեկամի և հարևանի, և ծանոթի տեսքով՝ մանր պախաններով ու պախանների շուրջը վխտացող տականքով:
Ներքին այս ինքնաբավ թվացող վիճակը հանգեցրել է նրան, որ իշխանություններին պետք չէ արտաքին սուբյեկտայնություն: ԵՎ այդ պատճառով էլ  նրանք հույսը կապել են արտաքին պախանների հետ՝ լինի դա ռուսը, արևմուտքը, կամ եվրոպան:

ԵՎ հիմա էլ, քանի որ դրանք այլևս չկան, խոսք է գնում որևէ ցանկացած մեկին՝ Վրաստանին, Ադրբեջանին ու նույնիսկ Թուրքիային որպես պախան ունենալու խելահեղության մասին:
Իրականում համակարգը սնվում է մեզանով՝ մեր արժեքայինով, որը հանդուրժող է սրիկայի ու սրիկայականի հանդեպ:

Իմ կարծիքով, թշնամու դեմ պատերազմը կանխելու միակ ձևը ներհանրային մեծ  տեղաշարժն է՝ փաստացի նոր արժեքայինի համար մղվող ներքին պատերազմը: ԵՎ դրան հասնելու համար էլ պետք է հրապարակ մտնի ճշմարտությունը:
Ճշմարտությունը ամեն մի քաղաքական դեմքի մասին, երկրի վիճակի մասին, մեր իրական անելիքների մասին, մեր թաքնված հնարավորությունների մասին, մեր վերաբերմունքի մնասին՝ հանդեպ ստորն ու կործանարարը:

Մենք բազմաթիվ շահեկան՝ համամարդկայինը որպես թիկունք օգտագործելու ճակատներ ունենք, որոնք բարձիթողի, ոտնահարված, ողբալի վիճակում են եղել մինչև հիմա: Դրանք են՝
- Գենոցիդի հարցը՝ իր բոլոր մանրամասներով, սկսած 19 դարից մինչև մեր օրերը:
- Ռուսաստանի քաղաքականությունը մեր հանդեպ՝ մինչև մեր օրերը:
- Հայաստանի՝ անդրկովկասյան կարևորագույն տրանսպորտային և աշխարհքաղաքական խաչմերուկ լինելու հարցը, որի մասին անվերջ խոսվեց, բայց ոչ մի գործնական քայլ չարվեց, այն կյանք մտցնելու:

Առկա են նաև դիվանագիտական մեծ տեղաշարժերի պոտենցիալներ՝
- ռուսական սմերչի ֆոնին մենք ազատ ենք բանակցելու Իրանի հետ՝ գազի և ճանապարհների հարցով, երկկողմ բազմաթիվ հեռանկարային գործարքների մասով:
- ազատ ենք ռուսներին վռնդելու Հայաստանից՝ իրենց ամբողջ ունեցվածքի ազգայնացմամբ:
- Հայաստանն իր փոքր տարածքով հանդերձ ռեգիոնալ աշխարքաղաքականի մեջ սկզբունքային դերակատարություն ունի՝ հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք և Թուրքիա -Թուրան  առանցքներում՝ և որպես կապող և որպես մեկուսացնող օղակ և որոնք մինչև հիմա անտեսված են եղել հայկական իշխանությունների և դիվանագիտության կողմից:
- Մեծ անելիքներ կան Ղարաբաղյան հարցով, կարելի է անհապաղ շրջադարձ անել  դեպի Ղարաբաղ-Հայաստան մեկ պետություն կոնցեպտը, այն պատմականորեն և փաստացի հիմնավորել և լայնորեն մատուցել աշխարհին:

Բայց անհնարին թվացող այս ամենն իրագործելու համար՝ և նոր մեթոդաբանություն ու գործելաոճ է պետք, և պատասխանատվությունների նոր մեխանիզմ՝ ամեն մի շեղման ու  խեղաթյուրման ու պետական հանցանքի համար՝ սկսած «Անկախ Ղարաբաղ»  պարտվողական կոնցեպցիան մեջտեղ բերած լիդերներից, վերջացրած երկիրը քրեականի մեջ թաթախած օլիգարխիայի ամեն մի ներկայացուցիչով:

Քրեական -իշխանական այս խմբի հետ հեռանկարն այլևս մահացու է: ԵՎ այս մասին պետք է ասվի ամեն ժամ ու ամեն րոպե, ամեն քայլափոխի, ով ինչ ձևով կարող է՝ թեկուզ և անեկդոտի, նզովքի ու հայհոյանքի տեսքով:
Հենց սա պետք  է լինի նոր մեթոդաբանությունը՝ հանրությունը համախմբելու, և գործի կոչելու:

Սովետական միությունը խարխլվեց և կործանվեց խոհանոցներում ծնված անեկդոտներից ու մարդկանց վերաբերմունքից՝ դեպի անլուրջ իշխանությունը: Մենք չափազանց լուրջ ենք ընկալել մեր այս հանցագործ անորակներին և արհեստականորեն  լրջացրել վիճակը:
Բացախոսությունը, անթաքույց անարգանքն  ու տեղին հայհոյանքը հանդեպ թաղային տականքը, սրիկա պաշտոնյան, քրեական օլիգարխն ու օրինազանցը պետք է մտնի կյանք՝ որպես  քաղաքական-հանրային լծակ, որպես կենսաձև: Մենք այլևս կորցնելու ոչինչ չունենք:

Անգլիական ժողովրդավարության սկիզբը ներհանրային անհանդուրժողականությունն է եղել հանդեպ օրինազանց հարևանն ու բարեկամը: Բողոքական աշխարհում, ուր վերացած էր Աստծո և մարդու միջև եղած կղերական մեջնորդը, անհատն ինքն իր վրա վերցրեց իրեն վերաբերվող ներհանրային հարցերում դատավորի ֆունկցիան և դրանով կարգ ու կանոն մտցրեց շրջապատում:

Ներկա անգլիական պառլամենտը հենց դրանով է առանձնանում աշխարհի մնացած պառլամենտներից, ուր առավելագույնի է հասցված հրապարակայնությունը, և նվազագույնի է հասցված մուղամը, խմբակայնությունը, կեղծիքն ու ներքին հարցերով՝ խաբեությունը:

Մեր 25-ամյա միտինգը, որը հրապարակի պաշտպանությամբ բացախոս էր սարքում համարակալած առաջնորդների՝ հանրությանը թողնելով կամակատար-կառավարելիի դերում, պետք է իր տեղը զիջի ամենօրյա կենցաղային-քաղաքացիական բոյկոտին, անհատների մակարդակով տարվող հայհոյանքին ու նզովքին՝ հանդեպ օրինազանց իշխանավորը, փոքր պաշտոնյան, որը թալանել ու ամայացրել է երկիրը:
Մեր հանրային փչացածությունը հասել է ամենաներքևները, և ապաքինումն էլ պետք է սկսվի ամենաներքևներից:

Պատկերավոր ասած ամեն մեկի մեջ պետք է հասունանա և գործի մի փոքր «Գասպարի», որը սրիկայի պիտակը կփակցնի իր շրջապատում հասանելի բոլոր փոքր գողերին, հանցագործներին ու մեզ կործանման տանողներին:
Փոքր գողերի հասցեին սանձազերծված ներհանրային պատերազմն իսկույն կընկալվեի ու կգնահատվի մեծ գողերի կողմից և նրանք ստիպված են լինելու իրենց լուծումները գտնել:
Մինչև հիմա «պայքարը» տարվել է մեծ գողերին ծնկի բերելու ուղղությամբ և արդյուքները ողբալի են, եթե ոչ ազգակործան:

Եթե հանրությունը հաստատակամ լինի իր նպատակների մեջ, և իր վերաբերմունքը տեղ հասցնի գողական ողջ համակարգին՝ իր բոլոր մանկլավիկների առանցքներով, ապա ներկա ողբերգականը մի քանի շաբաթում տեղը կզիջի հույսին ու նոր ներհանրային մթնոլորտին:
Քաղաքացիական անհնազանդությունը մեր պայմաններում պետք է իրականանա որպես հանրային, ազգային անհնազանդություն՝ ամեն իրեն մարդ համարող մեկի մակարդակով:
Պատերազմը հնարավոր է կանխել, բայց ոչ այս  իշխանությամբ և այս ներհանրային պոտենցիալով:

Մեր միակ անելիքը դա շարքային մարդուն իր իրավունքներին տեր կանգնելու անհրաժեշտությունը, իր մեթոդական անելիքը բացատրելն է, իսկ  հետո նա ինքնուրույն հանդես կգա որպես քաղաքացի ու պահանջատեր:

Մեզ առաջնորդներ պետք չեն, որովհետև մարդիկ ատելությամբ են լցված դեպի բազմաթիվ անգամ դավաճանած այդպիսիք: Մեզ նոր մեթոդաբանություն ու նոր գործելաոճի համոզիչ օրինակներ տարածող նվիրյալների խմբեր են պետք, և արդյունքն իրեն չի ուշացնի:
Այդ նոր, քաղաքացիական ակտիվ մթնոլորտում  իշխանության հարցը կվերածվի մանր խնդիրների շարքի, որոնք ինքըստինքյան ու արագորեն կլուծվեն:
Մենք պետք է իշխանություն կերտենք մեզ համար, այլ ոչ թե աշխարհին ցուցադրելու համար:

Այս ներհանրային պայքարի արդյունքում ձևավորված, հանրայնորեն վստահելի իշխանության դեմ արդեն, պատերազմ չի սանձազերծվի, իսկ եթե սանձազերծվի էլ, այդքան սարսափելի չի կարող լինել:

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Lragir.am
http://www.lragir.am/index/arm/0/comments/view/85326

Комментариев нет:

Отправить комментарий