пятница, 2 сентября 2011 г.

Խաղաղ ու հաստատակամ

Ինչքա՜ն կեղծ ու պատիր ճառեր են հնչելու այսօր, ի՜նչ ամպագոռգոռ հայտարարություններ են արվելու: Սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի անկախության 20-ամյակն ենք նշում: Անշուշտ, ուրախությունը կեղծ չէ, ոչ էլ անկախությունը, պարզապես մենք անկեղծ խոսելու, տոնելու, սրտի խոսք ասելու ընդունակ ժողովուրդ չենք:

Մեր շնորհավորանքները շաբլոն են, ուրախությունը՝ մի տեսակ արհեստական, ելույթները՝ կրկնվող ու կեղծ: Այս ամենի մեջ միակ իրականն այն է, որ մի փոքրիկ ժողովուրդ, ավելի ճիշտ՝ մեր ժողովրդի մի փոքրիկ հատված, հերոսաբար ու աննկուն իր հող ու ջրին տեր դառավ: Իր արժանապատվությունն ու ինքնությունը պահպանեց: Եվ պետք չէ նրանց շփոթել այս տարիներին ունեցվածք դիզած, Հայաստանում տներ ու գույք ձեռք բերած, պաշտոններ զբաղեցնող անձանց հետ: Սրանք ուրիշ «կինոյից» են:

Եթե կա անկախություն, ապա դրա տերը հասարակ ղարաբաղցին է: Եթե կա հաղթանակ, դրանում անուրանալի է Արցախում ապրող-արարող մարդկանց կամքը: Եթե կա հույս, որ այդ անկախությունն ու հաղթանակը երբեւէ միջազգայնորեն կճանաչվեն, ու Արցախը կապրի ազատ ու բարգավաճ կյանքով, ապա պարտական ենք միայն ղարաբաղցիներին, որոնք այս բոլոր տարիներին պայքարեցին ներքին ու արտաքին թշնամու դեմ, հաստատակամ եղան ու դիմացան:

Շատ դժվարություններ տարան մեր արցախցի հայրենակիցները, մենք՝ երեւաններում ապրողներս, հաստատ չէինք դիմանա: Ու դա արեցին առանց նվնվալու, առանց հերոսական կեցվածքի՝ բնական ու խաղաղ: Անշուշտ՝ էլի կդիմանան, մինչեւ վերջնական հաղթանակ կամ, Աստված մի արասցե, վերջնական ոչնչացում: Ուժ եւ կորով նրանց, համբերություն ու հավատ: Ոչինչ այս երկրագնդի վրա անհետեւանք չի կորչում, մանավանդ՝ որդեգրած արժեքներին հավատարմությունը եւ պայքարի կամքը:

ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ
«Հրապարակ»
2.09.11

Комментариев нет:

Отправить комментарий