среда, 10 августа 2011 г.

«Ամենամարտունակ բանակից» մինչեւ… բանալիների հանձնում



Հուլիսի 11-ին ՀՀ ՊՆ նիստերի դահլիճում մի քանի տասնյակ զինվորականների ներկայությամբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի արած հայտարարությունը, թե ազատագրված հողերը պետք է հանձնել Ադրբեջանին, որովհետեւ հակառակորդն ուժեղ է, եւ այն, որ, ըստ գեներալ-գնդապետի, Արցախին պետք է լայն ինքնավարություն տրվի Ադրբեջանի կազմում, դժգոհություններ է առաջ բերել Արցախում։ Իմ զրուցակիցները դատապարտում են դեռեւս երեկ իրեն տարածաշրջանի ամենամարտունակ բանակը համարող կառույցի գլխավոր շտաբի պետի պահվածքը, իսկ ոմանք պարտվողականություն քարոզելու մեջ մեղադրում են ոչ միայն նրան։
«Երեւանում արդեն մի տեսակ մոդա է դարձել «Ղարաբաղի բանալիները» թշնամուն հանձնելու մասին խոսելը,- ասում է ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի մասնակից Կարեն Ավանեսյանը։- Մեր տղաների արյան գնով հարստացած, պաշտոն գրաված էդ բոլոր մարդիկ մի տեսակ «կրակն են ընկել», սաղ ուզում են Ղարաբաղը ծախեն, Ղարաբաղից ազատվեն։ Դա միայն դավաճանություն չէ, դա երախտամոռություն է մի ողջ երկրի հանդեպ, որի շնորհիվ իրենք մարդ են դարձել»։
45-ամյա Արմեն Դանիելյանի կարծիքով, եթե հայոց բանակի ղեկավարությունն է սկսել խոսել հողեր հանձնելու մասին, նշանակում է արդեն ժամանակն է, որ իրենք իրենց պաշտոնները հանձնեն։ «Ազատագրված հողերը հանձնելու մասին խոսող էդ մարդիկ հո՞ղ են ազատագրել, մեր այս երկրի համար գոնե մի կաթիլ արյո՞ւն են տվել, որ այսօր ուզում են հող հանձնել,- ասում է Արմենը։- Չե՞ն կարողանում աշխատել, հոգնե՞լ են, ձանձրացե՞լ են, թող դիմում գրեն՝ գնան բոստան-մոստան անեն։ Թող նրա՛նք գան, ովքեր հասկանում են, թե ինչ է նշանակում հող, հայրենիք»։
Զրուցակիցներիս մեջ կային նաեւ այնպիսիք, ովքեր ոչ միայն ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին են քննադատում պարտվողական պահվածքի համար։ «Հողեր հանձնելու մասին խոսակցությունները մեզանում նոր չեն սկսել։ Սկզբում Լեւոնը «վառվեց» Ղարաբաղը հանձնելու վրա, հետո մյուս ղեկավարները սկսեցին տանել նույն գիծը,- ասում է Սերգեյ Հայրապետյանը։- Մոռացե՞լ եք, թե Օսկանյանն ինչպես մեզանում առաջին անգամ ազատագրված հողերն անվանեց «օկուպացված տարածքներ», հետո փորձեց մեր ականջներից «լապշա կախել», թե իբր «օկուպացված» բառն այլ իմաստ ունի։ Կարծես անգլերենի դասին միայն ինքն է ներկա եղել… Հետո էլ Սերժ Սարգսյանը եկավ, թե՝ Աղդամը մեր հայրենիքը չէ… Երեկ չէ՞ր, որ աշխարհով մեկ հայտարարեց, թե պատերազմի դեպքում Ադրբեջանը հաղթելու է, որովհետեւ իրենք իրենց ժողովրդին պատերազմի են պատրաստում, մենք՝ խաղաղության…»։
Ովքեր լսել ու տեղյակ են Խաչատուրովի հայտարարության մասին, նրանց մեջ քիչ չեն հենց Հայաստանի քաղաքական բուրգի «ոչ արժանավայել» պահվածքը քննադատողները։ «Քե մատաղ, Խաչատուրովն ի՞նչ մեղք ունի։ Նա զինվոր է, չէ՞, թեկուզ գեներալի կամ ֆելդմարշալի պագոններով լինի։ Իսկ զինվորն ունի գերագույն գլխավոր հրամանատար, որն ասում է՝ Ադրբեջանն ուժեղ է, որն Ալիեւի հետ բազար է անում հողեր հանձնելու համար,- ասում է իմ թոշակառու զրուցակիցներից մեկը։- Եթե երկրի ղեկավարը հայտնում է, որ հակառակորդն ուժեղ է, նրա զինվորը ո՞նց կարող է հակառակը պնդել…»։
Այս ողջ պատմության մեջ ինձ համար ամենակարեւոր դրվագն այն է, որ գլխավոր շտաբի պետը հետո հայտնել է, թե դրանք իր խոսքերը չեն, ինքը ներկայացրել է կառավարության տեսակետը։ Կարծում եմ, դրանով ամեն ինչ ասված է։ Եթե ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո կատարվող բանակցային ներկայացման մեջ կարմիր թելի պես անցնում է ազատագրված 7 շրջանները վերադարձնելու, ազերի փախստականների վերադարձի, Արցախը Հայաստանի հետ կապող Լաչին «պորտալարի», ինչ-որ անորոշ ժամանակ հետո անցկացվելիք հանրաքվեի գաղափարը եւ այլն, ապա մի՞թե այս ամենը չի նշանակում Արցախի կապիտուլյացիա, Արցախի վերջ։
Ինչո՞ւ մի գեներալ, որ ընդամենը մի տարի առաջ մայիսի 28-ին թե 29-ին ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ Զինված ուժերի խաղաղապահ բրիգադին դրոշ հանձնելու հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է, թե՝ «Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, իսկ այդ պատերազմը պարտադրվեց մեզ թշնամու կողմից: Մեզ օտար հող պետք չէ, մենք պաշտպանում ենք մեր տարածքները… Այն ամենը, ինչ մենք ունենք Ղարաբաղի հետ միասին, մեզ է պատկանում, եւ թող ոչ ոքի մտքով չանցնի, որ մենք կարող ենք գեթ մի թիզ հող զիջել» (Յու. Խաչատուրով) եւ այլն, այսօր միանգամայն հակառակն է ասում։ Պարզ է, թե ինչու։ Դա «կառավարական տեսակետն» է։ Վերեւից այլ հրահանգ է իջեցված՝ «Ադրբեջանն առավելություն կստանա, եթե, Աստված մի արասցե, ռազմական գործողություններ սկսվեն, որովհետեւ նրանք իրենց ժողովրդին պատրաստել են եւ պատրաստում են պատերազմի…»։
Հետաքրքիրն այն է, որ ընդամենը մի տարում կամ մի օրում «տարածաշրջանի ամենամարտունակ բանակն» ունեցող երկրից մենք դարձանք, ինչպես ժողովուրդն է ասում՝ «բեղից վեր ընկած բրինձ», եւ դրա համար ոչ ոք, բացարձակապես ոչ ոք պատասխանատվություն չի կրում։
ՀԳ – Ի դեպ, երեկ ՊՆ մամուլի խոսնակը կրկին անդրադարձել է մեր լուրին՝ կապված հուլիսի 11-ի հավաքի ժամանակ Խաչատուրովի արած հայտարարության հետ. «Ակնհայտ է, որ դա պարզապես ապատեղեկատվություն է: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձն է եւ իրականացնում է զինված ուժերի կառավարումը: Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ բանակցությունները ոչ թե զինվորական, այլ քաղաքական իշխանությունների իրավասությունն են:
Զինված ուժերի գլխավոր շտաբի լիազորությունները սահմանված են «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով: Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ակտիվորեն մասնակցել է արցախյան պատերազմին եւ քաջ գիտակցում է, թե ինչ զոհողություններով է ձեւավորվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության գոտին»: Նկատենք, որ սա առնվազն ծիծաղելի է դառնում. Խաչատուրովը նշված հայտարարությունն արել է, եւ դա ունկնդրել են առնվազն հարյուր անձ:
Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Ստեփանակերտ
hraparak.am
09.08.11

Комментариев нет:

Отправить комментарий