вторник, 2 августа 2011 г.

Բաքու-Թբիլիսի-Կարս գնացքի ուղեւորը



Վրաստանը եւ Ադրբեջանը պետք է միմյանց սատար լինեն, նրանք ընդհանուր հայացքներ ունեն, ամուր կապեր,- «The Business Year» ամսագրի Ադրբեջանի անկախության 20-ամյակին նվիրված հատուկ համարի համար մեկնաբանությունում ասել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
«Մեր երկու պետությունները լուրջ խնդիրներ ունեն` կապված չկարգավորված հակամարտությունների հետ, եւ Ադրբեջանի ու Վրաստանի յուրաքանչյուր ընդդիմախոս մեր երկու պետությունների թշնամին է: Մեր ուժը միասնության մեջ է, եւ դա ընդամենը խոսքեր չեն, դա իրողություն է»,- ընդգծել է նա:
Խոսելով համատեղ իրականացվող ծրագրերի մասին, նա առանձնացրել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը, քանի որ «բոլորվին նոր ռազմավարական կապ է հաստատվում ոչ միայն Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, այլեւ Կենտրոնական Ասիայի, Չինաստանի եւ Եվրոպայի»:
Եղբայր ադրբեջանցիների, հայր եւ որդի Ալիեւների հասցեին գովերգներ շռայլելով` Սահակաշվիլին հավելել է. «Մեր երկրների միջեւ խնդիրներ չկան»:
Հայերը դեռ հինգերորդ դարում քաջ գիտակցում էին` մեր թշնամու թշնամին մեր բարեկամն է: 21-րդ դարում Վրաստանի նախագահը հայտարարում է` Ադրբեջանի թշնամին Վրաստանի թշնամին է: Խեղճ վրացի ժողովուրդ, բան հասկացա՞ր:
Հավանաբար Սահակաշվիլին այս խոսքերն արտասանելիս առանց փողկապի է եղել: Այլապես մերձավորներից մեկը նրան խորհուրդ կտար լեզուն կծել եւ փողկապ ծամել, որովհետեւ ասածը ցնդաբանություն է: Իսկ եթե նրա վզից այդ պահին կախված է եղել Հայաստանի նախագահի տված մեդա՞լը…
Ինչու Հայաստանի՞: Որովհետեւ Ադրբեջանի անվտանգության ռազմավարական փաստաթղթում որպես Ադրբեջանի թշնամի երկիր մատնանշված է Հայաստանը, եւ բացի այդ էլ՝ Ադրբեջանի հետ չկարգավորված հակամարտության բուն ընդդիմախոսը Հայաստանն է: Սահակաշվիլին տեղյակ չէր երեւի: Դրա համար էլ ասում է, որ Հայաստանը, ափսոս, Վրաստանի թշնամին է։
Սահակաշվիլու այս հայտարարությունը մեկնաբանելը գուցեեւ ավելորդ է, քանզի ավելի անհեթեթ բան, քան սա է, դժվար է պատկերացնելը։ Բայց ուր էր, թե հնարավոր լիներ այն վերագրել Սահակաշվիլու թեթեւ կոնծածությանն ու դրանով հարցը փակել։ Վրաստանի նախագահը, սակայն, արդեն որերորդ անգամ, Ադրբեջանին սիրաշահելու համար, իր հայտարարություններով լուրջ փորձության է ենթարկում հայ-վրացական թե դարավոր կապերը եւ թե մերօրյա հարաբերությունները։ Արդեն երկու ձեռքի մատներն էլ չեն բավարարում հաշվելու, թե Սահակաշվիլին քանի անգամ է համոզմունք հայտնել, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի սրբության սրբոց Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով։
Մենք ամեն անգամ փորձել ենք հասկանալ Սահակաշվիլուն։ Վրաստանը չի կարողանում հաշտվել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կորստի փաստի հետ, եւ, բնական է, որ նախագահ Սահակաշվիլին պետք է անընդհատ թմբկահարի տարածքային ամբողջականության հարցը։ Բայց, ինչ էլ լինի, որպես նախագահ, որպես պետական եւ քաղաքական գործիչ, նա պետք է իմանա, որ տարածքային ամբողջականությունը մեկ բան է, իսկ ազգերի ինքնորոշման բացարձակ իրավունքը՝ մեկ այլ բան։ Միջազգային իրավունքի այդ երկու հիմնարար նորմն այսպես կոպտորեն տարանջատել եւ հարցին նայել միայն Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղու գնացքի պատուհանից, կարծում ենք, այնքան էլ հարիր չէ ուժերի ծաղկման շրջանում գտնվող ղեկավարին, էլ չենք ասում առաջադեմ Արեւմուտքին ինտեգրվող Սահակաշվիլուն։
Ի դպ` Սահակաշվիլուն են պատկանում բազմաթիվ այլ հակառեկորդներ եւս, որոնք անգերազանցելի կմնան դեռ շատ երկար ժամանակ։ Հավանաբար շատերն են հիշում Օբամայի համբուրգերից կծելու հնարավորության` Միշա Սահակաշվիլու բացատրությունը: Ըստ նրա` Օբամայի կամ որ նույնն է՝ ամերիկյան այդ համբուրգերից կծել կկարողանան այն քաղաքակիրթ երկրները, որոնք զինված ուժեր չունեն այլ երկրների տարածքում։ Եվ այս ամենը Սահակաշվիլին հայտարարում է ամերիկա-իրաքյան եւ ամերիկա-աֆղանական հարաբերությունների ճշտման ամենաթունդ պահին, հայտարարում է Ադրբեջանում, վերջինիս իր հերթական սիրատոչոր գովեստները շռայլելու ֆոնին եւ ակնարկելով, թե Ադրբեջանի տարածքում այլ երկրի զինված ուժեր կան:
«Քո թշնամին իմ թշնամին է» նոր սոփեստության առիթով արժե թերեւս մեկ անգամ եւս հիշեցնել Օբամայի համբուրգերից կծել կարողացող Սահակաշվիլուն եւ ոչ մի երկրի տարածքում զինուժ չունեցող, բայց այդպես էլ Օբամայի համբուրգերին հասնել չկարողացող Ալիեւին, որ ոչ մի նորմալ երկիր, այդ թվում` ոչ ԱՄՆ-ն, ոչ Ռուսաստանը եւ ոչ էլ նույնիսկ Հայաստանը, զենքի չի դիմում, եթե դրա անհրաժեշտությունը չի լինում: Զենքի չէին դիմի նաեւ աբխազները, հարավ-օսերը եւ Ղարաբաղի հայերը, եթե Վրաստանը կամ Ադրբեջանն առաջինը չփորձեին զենքի ուժով ճնշել այդ ժողովուրդներին: Հիմա բարի եղեք ասել` ո՞վ է ավելի արժանի Օբամա քեռու համբուրգերին, այսինքն՝ ո՞վ է ավելի քաղաքակիրթ` նրանք, որ լո՞ւծ են պարտադրում, թե՞ նրանք, որ ազատագրվում են լծից:
Այլ բան, որ Օբաման է այս հարցերին այլ կերպ նայում, մի դեպքում այս, իսկ մի ուրիշ դեպքում` այլ տեսանկյունից: Հետեւաբար, բոլորովին էլ կարիք չկա, կարծում ենք, որ յուրաքանչյուրն իր ճշմարտությունն առաջ հրի` ուշադրություն չդարձնելով գոյություն ունեցող մեկ եւ միակ ճշմարտությանը: Այլապես Հայաստանն էլ կարող է իր բաժին ճշմարտությունն առաջ տանել եւ մի գեղեցիկ օր ճանաչել բոլորի անկախությունը, հայտարարելով` ով չի ճանաչում, ուրեմն այդ երկրների թշնամին է: Մեջտեղում դարձյալ տուժելու է բուն ճշմարտությունը, քանզի հստակ է` ճանաչումը չպետք է լինի երկակի ստանդարտներով, չպետք է հետապնդի մեկին օգնելու, իսկ մյուսին տկարացնելու նպատակ: Ճանաչումը պետք է տեղի ունենա միջազգային նորմերի տառին ու օրենքին համապատասխան, որպեսզի լինի համընդհանուր, եւ ոչ ոք նման անհեթեթ հայտարարություններ անելու ցանկություն ու առիթ չունենա:
Էդիկ Անդրեասյան
hraparak.am
02.08.11

Комментариев нет:

Отправить комментарий