суббота, 30 июля 2011 г.

Բաքուն, այո, քամիների քաղաք է


Վերջապես հասկացանք, թե ինչը կազդի Թուրքիայի վրա: Ոչ նրա հետ սեղան նստելը, ոչ սիրաշահելը, ոչ դեմքին ժպտալը, ոչ ֆուտբոլային խաղերում ջոմարդ-ջոմարդ պարտվելը, ոչ Հայաստանի զինանշանն աղավաղելը, ոչ ինքնաթիռից ողջույններ հղելը… այս ամենին Թուրքիան չի հավատում եւ միշտ աչալուրջ է Հայաստանի հետ իր հարաբերություններում:

Ասա Թուրքիայի երեսին ճշմարտությունը, իր պատմությունը տուր երեսով եւ կտեսնես ինչ կարող է տեղի ունենալ: Այդ երկրի առաջին դեմքն անմիջապես աղավաղվում է, ծամածռվում, ընկնում հիստերիայի մեջ, պատեպատ դիպչում:

Այս հնարքը պետք էր շուտ կիրառել: Այս կերպ, ինչպես համոզվեցինք, միջազգային հանրությունը շատ ավելի արագ կարող է կողմնորոշվել հայ-թուրքական արձանագրությունների նոր տարբերակներ կազմելիս:

Զարմանալի մարդ է Էրդողանը: Ի՞նչ էր սպասում Սերժ Սարգսյանից` Բաքու կատարած իր այցի բարձր գնահատակա՞ն: Ինչպե՞ս կարելի է, օրինակ, բարձր գնահատել մի մարդու գործ, ով եկեղեցի է պղծում` թանգարանի վերածելով այն, ով ցուցադրական նամազ է անում քրիստոնեական Անիում, որպես իր մահմեդական ազգի սրբավայրում, ով ժողովուրդների բարեկամություն խորհրդանշող հուշարձան է քանդում, ով սպառնում է իր երկրից վռնդել հայերին, ով ոչ միայն քաջություն չունի բաց աչքերով նայելու իր երկրի պատմությանը, այլեւ բոլորին է հորդորում փակել աչքերը Թուրքիայի անցյալի վրա:

Ի՞նչ էր սպասում Սերժ Սարգսյանից Էրդողանը: Երեւի սպասում էր, որ ՀՀ նախագահը հարց տվող պատանուն պետք է արգելեր «Արեւմտյան Հայաստան» կամ «Արարատ լեռ» բառակապակցություննե՞րն արտաբերել, երեւի պիտի հորդորեր նրան մոռանա՞լ դրանք:

Այն օրը, երբ Հայաստանը կասեցրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը, Էրդողանը, հավանաբար, պետք է արդեն հասկացած լիներ, որ Հայ դատի գնացքին մի նոր ու հզոր շոգեքարշ միացավ` Հայաստան պետությունը, եւ այդ գնացքի ընթացքին Թուրքիան մի գեղեցիկ օր այլեւս չի կարողանալու ընդդիմանալ: Պատմությունից է հայտնի վերջապես, որ ոչ մի կայսրություն հավերժական չէ:

Թուրքիայի նման կայսրություննե՞ր են կործանվել: Եթե ոչ մեկ-երկու, ապա հինգ, տասը, տասնհինգ սերունդ անց կործանվել են, չէ՞: Ինչի՞ վրա է Էրդողանը դրել հույսը, ի՞նչ ներողություն է սպասում ՀՀ նախագահից, երբ ողջ մարդկությունն է Թուրքիայից սպասում այդ ներողությունը: Իր սեփական հայրենիքում մի ողջ ժողովուրդ է ոչնչացրել եւ սպասում է, որ այդ ժողովուրդն իրենից ներողություն խնդրի պահպանված միակ բանի` հիշողության համա՞ր:

Ի՞նչ տեղի կունենար Էրդողանի հետ, եթե Սերժ Սարգսյանն ընդհանրապես հայտարարեր, որ ցեղասպանություն իրականացրած բոլոր պետությունները պետք է երկրի երեսից վերացվեն: Կարծում եք Էրդողանը ծպտուն կհանե՞ր: Ընդհակառակը` թուրքական շողոքորթության բոլոր կանոններով կմեծարեր մեր նախագահին ու կհավատացներ, որ այդ օրը դեռ կգա:

Հետեւաբար, Թուրքիայի հետ խոսելիս վերացական ամեն ինչ պետք է մի կողմ թողնել, խոսել հստակ պահանջի, հստակ գիտակցության, անգամ հստակ ցանկության ու երազանքի մասին: Տեղի ունեցածն էլ վկայությունն է մեր այս տեսակետի ճշմարտացիության:

Իսկ ինչպիսի հայտարարություն կարող է անել Էրդողանը, որ Սերժ Սարգսյանն էլ այսպես ափերից դուրս գա: Կարիք չկա, կարծում եմ, միտքը լարելու, քանզի Թուրքիան ու թուրքերը Հայաստանին ու հայերին այլեւս ոչնչով չեն կարող զարմացնել: Ցեղասպանություն իրագործելուց, երկիրը զավթելուց, պատմամշակութային հուշարձանները պղծելուց, սահմանները փակելուց հետո ուրիշ էլ ի՞նչ պետք է անի Թուրքիան, ուրիշ էլ ի՞նչ պետք է ասի Էրդողանը, որից մեր նյարդերը տեղի տան:

Գուցե շարունակեն հայտարարել, որ Ղարաբաղն իրենց արյունածորող վե՞րքն է: Խնդրեմ, որքան երկար ու խիստ արյունածորեն, այնքան շուտ կհասկանան, թե ինչ է իսկական արյունահոսությունը, որին իրենց պատմության ողջ երկայնքով նայել են բիրտ անտարբերությամբ:

Իսրայելական մի պարբերական արդեն հասցրել է հեգնել Էրդողանի կատաղության այս վերջին նոպան: «The Jerusalem Post-ը» գրել է, որ Իսրայելը կարող է մխիթարվել, քանի որ այն այլեւս միակ երկիրը չէ, ումից Թուրքիան ներողություն է պահանջում: Այս անգամ Թուրքիայի վարչապետը ներողություն է սպասում Հայաստանի նախագահից: Թերթի դիվանագիտական աղբյուրն այս կապակցությամբ ասում է. «Իսկ ո՞վ է Էրդողանից ներողություն պահանջելու Հյուսիսային Կիպրոսը զավթելու համար»:

Իսկ ինչո՞ւ միայն Հյուսիսային Կիպրոսը: Իսկ ե՞րբ է մեր դիվանագիտական աղբյուրը հնչեցնելու իր պահանջն Էրդողանից` ներողություն խնդրել, եւ Արեւմտյան Հայաստանը, որ ոչ մի կերպ Արեւելյան Անատոլու չի դառնում, վերադարձնել իսկական տիրոջը:

Էդիկ Անդրեասյան
hraparak.am
29.07.11

Комментариев нет:

Отправить комментарий