вторник, 26 июля 2011 г.

Իմ պատգամավոր հայրիկը


Հայրիկս Ազգային ժողովի պատգամավոր է: Նա աշխատում է Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցի մոտ գտնվող շենքում, որը եկեղեցու պես գմբեթ ունի: Հայրիկիս աշխատատեղն առանձնանում է նրանով, որ այն չի կարելի լուսանկարել. երբ որեւէ տուրիստ հանում է լուսանկարչական ապարատը, որ նկարի, ԱԺ շենքի պահակը մոտենում ու քաղաքավարի խնդրում է դա չանել: Իմ կարծիքով՝ հայրս հաստատ այս որոշմանը կողմ է քվեարկել:
Երբ հայրիկս ԱԺ պատգամավոր դարձավ, մենք սկսեցինք հարստանալ. սկզբից հայրիկս տուն գնեց, հետո՝ ավտոմեքենա… Նրա ընկերների գործերն ավելի լավացան, հետո էլ նրանք կարեւոր մարդիկ դարձան:

Հայրիկս ամեն տեղ իրեն ներկայացնում է որպես ԱԺ պատգամավոր, այլ ոչ թե որպես դեպուտատ: Ասում է, որ չար մարդիկ իր հետեւում հատուկ են «ձեպուտատ» բառն օգտագործում, որպեսզի իր հասցեին վիրավորական խոսք օգտագործելուց հաճույք ստանան: Ճիշտն ասած՝ համաձայն եմ նրա հետ, քանի որ մեր իրականության մեջ «դեպուտատ» բառն իմաստափոխվել է եւ իր մեջ բացասական երանգներ ունի:

Պատգամավոր հայրս մեր արցախցիներին անշնորհակալ ժողովուրդ է համարում, բայց դրա մասին ուրիշների մոտ երբեք չի բարձրաձայնում: Նա ասում է. «Ինչ էլ անես էս ժողովրդի համար, միեւնույն է՝ նրանք «շնորհակալություն» բառը չգիտեն»: Բայց թող սա մնա մեր մեջ:
ԱԺ պատգամավոր իմ հայրիկը գտնում է, որ միայն ապուշները կարող են ընդդիմության մեջ գտնվել: Ասում է՝ մեր իշխանությունները շատ լավն են, իդեալական, եւ մենք ընդդիմության կարիք չունենք: Երբ որեւէ մեկն Արցախի խնդրի մասին ուզում է կարծիք հայտնել, հայրիկս զայրանում է. «Այ մարդ, չես հասկանո՞ւմ, որ մենք չճանաչված պետություն ենք»: Իսկ երբ նրան որեւէ մի հարց եմ տալիս, նա այնքան բարդ ու խճճված բաներ է ասում, որ սատանան անգամ գլուխ չի հանի նրա պատասխանից: Բայց մինչեւ պատգամավոր դառնալը նա ամեն ինչին հստակ պատասխաններ էր տալիս, եւ նրա հետ զրուցելն ավելի հետաքրքիր էր։ Ասեմ նաեւ, որ նա սիրում է իր ընտրողներին էլ խճճված պատասխաններ տալ…

Ինչեր էլ որ ասեն հայրիկիս մասին, միեւնույն է, ես գտնում եմ, որ նա մեծ քաղաքական գործիչ է, եւ նրա աշխատանքը շատ ծանր է. առավոտները գնում է Ազգային ժողով եւ այդ նիստերի ժամանակ այնքան է այնտեղ աջ ձեռքը բարձրացնում ու իջեցնում, որ գիշերները ձեռքը ցավում է, եւ նա աջ ձեռքը բարձրացրած է քնում: Բայց, չնայած նրան, որ հայրիկս շատ ծանր ու պատասխանատու գործ է անում մեր ժողովրդի համար, նա չի նիհարում, ընդհակառակը՝ անընդհատ չաղանում ու չաղանում է: Եվ լավ է, որ իմ հայրիկը պատգամավոր է աշխատում։ Մենք արդեն շատ լավ ենք ապրում։

Աշխեն Մ., 6-րդ դասարանի աշակերտուհի, Ստեփանակերտ
Hraparak.am
25.07.2011

Комментариев нет:

Отправить комментарий