понедельник, 2 мая 2016 г.

Ռուսաստանը կհավաքի Ադրբեջանի մնացորդներն ու կհեռանա


Կրեմլի ոչ պաշտոնական խոսնակ Մոդեստ Կոլերովն ասում է, որ ՌԴ վարչապետ Մեդվեդեւն ու փոխվարչապետ Ռոգոզինն իրենց հայտարարություններով ջուրը գցեցին Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանում: Հիմա Հայաստանում խորն անվստահություն է Ռուսաստանի հանդեպ, եւ դա շատ դժվար է հաղթահարել, ասում է Կոլերովը:

Մոսկվայից հիմա փաղաքշում են հայերին, փորձում սիրաշահել, տանկ են տալիս, խոստանում էժան գազ ու զենք: Երեւի հույս ունեն փոխել տրամադրությունները:
Մեդվեդեւն ու Ռոգոզինն իրականում բացել են հայերի աչքերը, եւ Հայաստանում ոչ թե անվստահություն է առաջացել Ռուսաստանի հանդեպ, այլ տեղի է ունեցել ավելի կարեւոր բան՝ հայերը սկսել են հասկանալ Ռուսաստանի քաղաքականության էությունը Հայաստանի հանդեպ:

Երբեմն հնչում են դավաճանություն, վիրավորանք եւ այս տիպի այլ էմոցիոնալ արտահայտություններ, սակայն ընդհանուր առմամբ տեղի է ունենում քաղաքականության գիտակցում, ընդ որում՝ ոչ թե պարզունակ հակառուսականության ու առասպելաբանության բազայի վրա, ինչի մասին կերազեին ռուս քարոզիչներն ու հայաստանյան նրանց մասնաճյուղերը, այլ՝ իրողությունների գիտակցման: Քառօրյա պատերազմի կարեւորագույն արդյունքներից մեկն էլ հենց դա էր: Եվ, ով գիտե, գուցե այդ պատերազմի ամենակարեւոր արդյունքը:

Ի՞նչ է գիտակցվել: Այն, որ Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ, չի եղել եւ չի կարող լինել: Առավել եւս, չի կարող լինել մեր պաշտանը եւ փրկիչը: Քառօրյա պատերազմը վերջ դրեց այս առասպելաբանությանը:

Ռուսաստանի համար Ադրբեջանն ավելի կարեւոր երկիր է, եւ նրան իր կողմը քաշելու համար հայերին օգտագործում է որպես մահակ ու մանրադրամ, նրա հետ առեւտուր անելով հայկական տարածքներով: Վերջին հարյուրամյակում Ռուսաստանի քաղաքականության արդյունքում հայաբնակ բնիկ տարածքները կրճատվել են մի քանի անգամ, Ռուսաստանը Թուրքիային ու Ադրբեջանին է նվիրել Կարսը, Արդահանը, Նախիջեւանը, Ղարաբաղը: Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ռուսական բանակը հայաթափել է Հյուսիսային Արցախը, Արցախի տասնյակ բնակավայրեր, պատժիչ արշավ ձեռնարկելով հայերի դեմ, որոնք իրենց ծավալներով ու դաժանությամբ չէին զիջում 1915-23 թ. իրադարձություններին:

Գիտակցվել է, որ հայերը հաղթում են միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը հեռանում է այստեղից: Այդպես էր 1918-ին, 1990-ականներին: Ադրբեջանցիները երբեք առանց Ռուսաստանի աջակցության հայերի վրա չեն հարձակվել: Թե Մոսկվայում, թե Բաքվում շատ լավ գիտեն, թե ինչ է տեղի ունենում, երբ հայ ու ադրբեջանցի զինվորները մնում են դեմ առ դեմ: Ադրբեջանցիները փախչում են խուճապահար, առանց դիմադրության:

Ադրբեջանցիները հաջողություն են ունենում այն ժամանակ, երբ Ռուսաստանը օգնում է նրանց, զուգահեռ կապում հայերի ձեռքերը, թուլացնում Հայաստանը տնտեսապես ու սպառազինության առումով: Դա հստակ երեւաց քառօրյա պատերազմի ժամանակ: Այն պահին, երբ հայկական զինուժը պետք է անցներ հակահարձակման, Մոսկվան գործադրեց իր ողջ ազդեցությունը՝ այն կանգնեցնելու համար: Մեր ռազմա-քաղաքական ղեկավարությունը ենթարկվեց այդ ճնշմանը: Հակառակ պարագայում, դա առիթ էր՝ վերջապես ավարտին հասցնելու պատերազմը եւ խաղաղություն պարտադրելու Ադրբեջանին: Ռուսաստանը զո՞րք կհաներ Հայաստանի դեմ՝ դա կլիներ արդեն Ռուսաստանի փլուզման արագացումը:

Իրականում, ըստ էության հայ-ադրբեջանական պատերազմ չկա, կա հայ-ռուսական պատերազմ: Եվ այդ պատերազմից հայերը երկու անգամ հաղթող են դուրս եկել: Սա Մոսկվայում շատ լավ գիտեն, հայերը սկսում են սա հասկանալ:

Հակահարձակման արդյունքում հայկական ուժերը կվերցնեին երկու քաղաք հյուսիս-արեւելքում եւ արեւելքում, որից հետո Ադրբեջանը կդադարեցներ իր գոյությունը Կուր գետից այս կողմ: Սակայն Ռուսաստանը ինչպես 1994-ին, այնպես էլ քառօրյա պատերազմում փրկեց Ադրբեջանին: Հայերը հասկացան, թե ում փրկիչն է Ռուսաստանը:
Ցավոք, դա կատարվեց հայկական ռազմա-քաղաքական ղեկավարության վախկոտության, Ռուսաստանի շանտաժի հանդեպ անզորության, իրենց անձնական խնդիրները վեր դասելու արդյունքում: Բանն այն է, որ հայկական հակագրոհից հետո Ռուսաստանը կավարտվեր Հարավային Կովկասում:

Հիմա հայկական կողմը հայտնվել է փակուղում, ամեն օր զոհեր ենք տալիս: Սա այդ քաղաքականության, շանտաժին տրվելու հետեւանքն է:

Հայերը հասկացան, որ լինել ռուսամետ, լինել ռուսական քաղաքականության ծիրում՝ նշանակում է ծառայել Ադրբեջանի շահերին: Զինադադարի մասին որոշումը դրա ապացույցն էր: Հայերը հասկացան պատմական օրինաչփությունը՝ երբ Ռուսաստանը հաստավում է տարածաշրջանում, դա արվում է հայերի հաշվին, քանի որ Ռուսաստանը տարածաշրջանում ներկա գտնվելու համար 1921 թ. մարտի 16-ի պայմանագրով պարտավոր է ծառայել թուրք-ադրբեջանական շահերին ու կատարել նրանց պայմանները: Իսկ երբ Ռուսաստանը հեռանում է՝ հայերը հաղթում են եւ վերականգնում իրենց քաղաքական ու պատմական իրավունքը:

Հայերը գիտակցել են, որ հայ զինվորներն աշխարհի ամենաքաջ մարտիկերն են: Նրանք պատմական տարբեր փուլերում կռել են մի քանի կայսրությունների ռազմական հաղթանակները, եւ հիմա սկսել են կռել հայկական հաղթանակը: Հայերը հասկացել են, որ չի կարելի նման հզոր ռեսուրսը ծառայեցնել ուրիշներին, հասկացել են, որ ունենալով նման զինվոր՝ չի կարելի հույս դնել այլոց վրա:

Հայ զինվորը հաջորդ անգամ չի տրվելու անօրինական հրամաններին ու այլոց շանտաժին: Այդ ժամանակ Ռուսաստանը հավաքելու է Ադրբեջանի մնացորդներն ու հեռանալու է այստեղից, եւ դա լինելու է հայկական անկախ պետականության վերականգնման, զարգացման ու հզորացման սկիզբը:

ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий