пятница, 2 октября 2015 г.

Պատերազմող երկրի ծտաբնային կյանքը


Այնքան մի վախեցիր մահվանից, ինչքան ոչ ադեկվատ կյանքից
Բերթոլդ Բրեխտ

Հետանկախական տարիներին ցանկացած օրվա ասելիքում այս կամ այն ձևով առկա է հայկական աբսուրդային կյանքի որևէ այլանդակության նկարագիրը: 25 տարի շարունակ ամեն օր ասվում է իշխանություններին՝ որ «տղերք», ձեր արածը նորմալ չէ, մարդկային չէ, ազգային չէ, տրամաբանական  չէ, տղամարդկային չէ:

Բայց ո՞ւմ ես ասել: Թքած ունեն ասողի վրա էլ, ազգի, պետության ու երկրի վրա էլ՝ «բակլան իրենցն է՝ խաշած կցանեն»:
Երկիրը ոչ մի լուրջ բան չի արտադրում, բայց սպառում է ազգային ստրկության տանող պարտքի կուտակման հաշվին: «Տղերքը» ոչ միայն  մասնագետ չեն, այլ տարրականին չտիրապետելով հանդերձ, «կառավարում են»: Մարդ արտաքսելով ու հոշոտելով միլիարդատերեր են դարձել, բայց ոչ կշտանալու ու ոչ էլ փողի ֆետիշիզմի վերջը չի երևում:
Ասելը, քննարկելը, առաջարկելը կամ մեկնաբանելը կորցրել է իմաստը:  Անապատին, կամ խուլին ինչ ասես: Իրոք, իշխանություններին արդեն շատ վաղուց  ասելիք չկա: Իրենք էն են, ինչ որ կան: Ու դա չի էլ թաքցվում՝ բացահայտ է, առանց որևէ քողարկման:

Հայկական իշխանությունները արտակարգ վատն ու «անականջը» լինելով հանդերձ միակը չեն աշխարհում: Ամեն տեղ էլ, եթե մարդիկ թույլ են տալիս, իշխանությունը դառնում է հրեշ: Սա աքսիոմա է, և իզուր չի ասվում, որ իշխանությունը մարդուն այլասերում է, իսկ բացարձակ իշխանությունը բացարձակ է այլասերում:
Ամբողջ աշխարհը տեղյակ է այս բանաձևին, նույնիսկ դպրոցականը գիտի դա: Բայց արի ու տես, որ հայկական ընդդիմությունը գիտենալով հանդերձ, չի հասկանում, թե ինչ է դա նշանակում:

Այո, չի հասկանում, որովհետև հասկացողն ի վերջո 20 տարվա ընթացքում կհասկանար, որ այլասերվածին, ու առավել ևս բացարձակ այլասերվածին կարգի հրավիրելը համոզելով ու հասկացնելով չէ, այլ դրանց դեմ իրական գործուն հակամիջոց գտնելով:

Եթե ընդդիմություն չլիներ, մարդիկ գոնե կիմանային, որ իրենք են իրենց հարցերի պատասխանատուն ու կփորձեին իրենց հասու մեթոդներով  հնարավորն անել: Բայց քանի որ հրապարակը գրավված է իրենց հայրենասեր, ազգասեր կամ «քաղաքացիասեր» համարող ընդդիմադիր «երևելիներով», մարդիկ մեկուսացված են իրենց ճակատագիրը տնօրինելու իրավունքից էլ:

Ըստ էության, հղփացած իշխանությունների ու հարստահարվող, թալանվող, արտաքսվող ժողովրդի արանքում ոչ ադեկվատ, իմպոտենտ ընդդիմություն կոչված միջնորդ-«մեկուսիչն» է, որը փաստացի օրինականացնում է իշխանության ամեն քայլը՝ լինի դա ընտրություն, թե որևէ հանրային հնչեղության հարց:
Ընտրության լեգիտիմությո՞ւն է պետք:  Տասնյակ նարցիսներ հերթ են կանգնած մասնակցելու, մարդկանց համոզելու, «ֆռացնելու» ու դեպի ընտրություն տանելու համար:

Հանրաքվեի լեգիտիմությո՞ւն է պետք: Լիքը խրոխտներ են կանգնած «լիաթոք» «ՉԷ» ասելու ու մարդկանց հոտի պես դեպի ընտրատեղամաս քշելու համար: Եվ թքած ունեն, որ իշխանությունը «ինչքան ուզող՝ էնքան խփող է»:
Սկզբում այս ամենը զարմանալի էր, հետո դառավ զավեշտալի, հետո՝ ողբալի, հետո՝ աղետալի: Հիմա արդեն գենոցիդային է, որի մեղավորն ու պատասխանատուն արդեն ոչ միայն իշխանությունն է, այլև ոչ ադեկվատ  ընդդիմությունը:

Իրոք, քիչ ավել, կամ քիչ պակաս, իշխանությունները տրամաբանական են: Չէ որ աշխարհում բազմաթիվ բռնապետեր ու խամաճիկներ, ավերիչներ ու դավաճաններ են եղել որպես իշխանություն: Մենք այստեղ ոչ առաջինն ենք ու ոչ էլ վերջինը:
Բայց չի եղել մի դեպք, որ երկու տասնամյակ շարունակ, նույն մարդիկ  նույն մեթոդաբանությամբ, նույն լոզունգներով, նույն քայլերով, նույն փողոցներով, երթերով ու միտինգներով ու նույն հիմարություններով  ժողովրդին առաջնորդեն դեպի նույն պարտությունը: Նույն փոցխն արդեն հարյուրավոր անգամներ ենք խփել մեր ճակատին, ու ոչ մի եզրակացություն չկա դեպի հերթական փոցխը տանողների ուղեղներում:

Մենք ռեկորդակիր ենք այս հարցում: Նայեք շուրջ բոլորը, ոչ մի երկրում չեք գտնի մի ստաժավոր ընդդիմադիրի, ով 20 տարի շարունակ նույն հիմարություններով ջրի երեսին լինի:
Ինչքան մենք հանդուրժում ենք իշխանություններին, տասն էդքան էլ հանդուրժում ենք հին ու զառամյալ ընդդիմություններին, ջահել՝ բայց պառավից էլ տկար անկարող քաղաքացիականներին:

Մենք՝ հայերս, բյուրեղային նույնն ենք, թե Հայաստանում, թե սփյուռքում,  թե իշխանության, թե ընդդիմության մեջ, թե տեսականում ու թե գործնականում: Փոխիր որևէ երկուսիս մեր տեղերով, ու արդյունքը կմնա նույնը, ոնց գումարելիների դեպքում:

Սովետի օրոք փողոցում կանգնած ոստիկանն էր կկվի ձագ տանող աղվեսի մեթոդաբանությամբ վարորդ թալանում: Սովետը գնաց, ու առաջին տարում այդ աղվեսը վերացավ: Երկրորդ տարում, երբ համոզվեց, որ անկախացած, բայց իր արժանապատվությունը չգտած հետսովետական մարդը նույն խղճուկն է, նորից հետ եկավ փողոց: Ու հիմա արդեն անկախ երկրի անկախ ոստիկանն է տասնապատիկ ավելի էֆեկտիվ աղվես խաղում:

Տարիներ անցան, աշխարհը երթևեկությանը հետևող կամերաներ հնարեց ու հիմա էլ ծտաբուն կամերան է ամեն քայլին նույն ոճի աղվեսություն-ոստիկանություն անում՝ գրպանելով թալանը: Ու թքած, թե մեր դեպքում դա կապ չունի երթևեկության, կամ անվտանգության հետ: Թքած, թե դա օրը ցերեկով բանդիտիզմ է: Թքած, թե դա հուսազրկում է մարդուն ու դատարկում երկիրը:

Ինչ է, ընդդիմությունը չի՞ տեսնում դա: Տեսնում է իհարկե, ինքն էլ է մուծվում է նույն ծտաբուն-ոստիկանին: Բայց իր աչքին երկիր կործանող այդ այլանդակությունը մեծ կարևորության, առավել ևս քաղաքական  հարց չէ: Բա հավես կա՞ նման մանր-մունր հարցերով, ինչ որ անշունչ կամերաներով զբաղվելու: Հո չես գոռալու՝ «կամերա՝ թալանչի, հեռացիր»:
Ընդդիմության աչքին միայն ամենավերին իշխանավորն է իրեն արժանի հակառակորդ-թիրախը: Առհասարակ գործ անելու, մշակված ռազմավարական, կամ մարտավարական, մեթոդական անելիքի ոչ մի հարց չկա օրակարգում: Պատկերացումներում ամեն ինչը հրաշքային-հեքիաթային է՝ հավաքվում ես, միլիոն դառնում-գոռգռում, ու իշխանությունը ոնց հասած տանձը, հոպլա, ընկնում է գլխիդ, կամ ավելի է լավ է, մի անգամից բերանդ: Գնում ես, ընտրություններին ՈՉ ասում, ու հոպլա՝ նորից խաբվում:

Ոչ մեկի առաջնահերթությունների ցուցակում ծտաբների հարցը չկա,  իշխանության որևէ հենարանի հետ հարաբերվելու, վերաբերվելու հարցը չկա:
Իսկ ի՞նչ կա փոխարենը: Նոր սահմանադրության քվեին մասնակցելն ու  «ՈՉ» ասե՞լը:

Ոչ ասող էիք, 20 տարի իշխանություններին մի անգամ գործնական, շոշափելի, էֆեկտիվ, զիջումներ պարտադրող ՈՉ ասեիք: Այս այլանդակ կյանքի դրվածքներին ՈՉ ասեիք ու ձեր պատկերացրած ալտերնատիվ մարդկայինը ներդնեիք: Դրվածքների ճարտարապետներին մի տղամարդավարի ՈՉ ասեիք: Ձեզ ամեն օր ստորացնող ախպերականին ու դրանց մանկլավիկներին ՈՉ հարկադրեիք: Ձեզ գիշերները քնել չթողնող անառականոց-որջերի ոռնոց-երաշտությանը ՈՉ ասեիք՝ դրանք ֆիզիկապես լռեցնելով: Ձեզ բեսպրեդել ժամկետներով բանտ ուղարկող դատավորներին ու քննիչներին՝ իսկ կենցաղում ձեր բարեկամներին մի ազդու, խոցող, ապտակող ՈՉ ասեիք, որ այսօր չհասնեիք բդեշխություն կարգավիճակը հավերժացնող իբր սահմանադրությանը:

Բա անձնապես ոչ մի մերձավոր իշխանականի ՈՉ ասած չլինելով, որպես ջայլամ փողոցում ու թաղում ապրելով, կտրիճ եք կապում հրապարակներո՞ւմ: Էդպես պապս էլ կաներ, ոնց հայկական առածն է ասում:
Հիմա էլ պատերազմ ենք մտել, ու «պարզվում է», որ ոչ ավել, ու ոչ պակաս, ինչ որ անանուն, ծածուկ գեներալի ծածուկ տղա կա առաջին գծում. Իսկապե՞ս:

Որ գումարում ես իրար ու նույն հարթություն ես բերում հայկական կյանքի աբսուրդներն ու բլեֆները, թալանով կերտվող միլիարդներն ու միլիոնների արտագաղթի հաշվին բռնազավթված իշխանությունը, մնում ես հույսով, թե միգուցե երա՞զ է այս ամենը:

Այո, իհարկե երազ է: Երանելի երազ է «բիրդան» աղաների ու տականքի համար, աճպարարների ու խաբեբաների, սրիկաների ու բանդիտների համար: Բայց այն նաև իրական գենոցիդ է հասարակ մահկանացուների համար:
Էնպես որ, արդեն շատերի համար ոչ հարգելի դարձած ընդդիմադիր երևելիներս, ձեր առաջին ու միակ անելիքը իշխանական հենարանի, «ծտաբուն»-ոստիկանների դեմ իրական-ֆիզիկական, բազմազան, «ով ոնց կարող է» պայքարն է: Քանի որ ծտաբնով է սկսվում և ծտաբնի վրա է հիմնված ու գոյատևում ձեզ ու բոլորիս ատելի հայկական բեսպրեդել իշխանությունը:

Համ էլ ծտաբունն է, որը ձեզ ու գործունյա մարդկանց հասանելի է: Իսկ ձեզ թույլիկ թվացող իշխանությունը ոչ մեկին էլ ֆիզիկապես հասանելի չէ՝ այն սափրագլուխների, ավտոմատների ու թնդանոթների հետևում է,  դղյակների, ու ամրոցների ներսում, սակայն որոնց բանալին դրսում է, ամեն մեկիս ձեռքին, եթե իհարկե ուղեղը կա այդ բանալին աշխատեցնելու:

Շատ վաղուց  ժամն է ուղեղ աշխատեցնելու՝ արդեն նվաղած կոկորդի ու արյունլվա ճակատի փոխարեն:

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մեկնաբան
http://www.lragir.am/index/arm/0/society/view/121242

Комментариев нет:

Отправить комментарий