понедельник, 7 июля 2014 г.

Ինչից է վախենում Ռուսաստանը Հայաստանում


Հասարակական կարծիքի ուսումնասիրման Համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցման տվյալով, ռուսաստանցիների 70 տոկոսը կողմ է Եվրասիական տնտեսական միության ձեւավորմանը: Հայաստանի իշխանությունը մշտապես հավաստիացրել է, որ այդ միությանը Հայաստանի անդամակցությանը կողմ է Հայաստանի հասարակության մեծամասնությունը:

Բայց, մեծամասնության այդ կարծիքի վստահելի ապացույց չկա: Հայաստանում վարկաբեկված է սոցհարցման ինստիտուտը, իսկ ընտրական կամ հանրաքվեի մեխանիզմն էլ կեղծված է, եւ եթե հնարավոր լինի անցկացնել այդպիսի քվեարկություն, ապա մեղմ ասած դժվար է պատկերացնել, որ այն կարտացոլի իրական պատկերը:

Մյուս կողմից, այստեղ ամեն ինչ հարաբերական է, քանի որ Հայաստանի հասարակության մեծամասնությունը գտնվում է միակողմանի քարոզչական մամլիչի տակ: Այդ հասարակությանը երկշերտ մամլիչով համոզում են, որ Հայաստանն այլընտրանք չունի, քան ինտեգրվել այդ ռուսական կայսերական նախագծերին: Ինչպես ածելիի հայտնի գովազդում՝ մի շերտը սափրում է մաքուր, երկրորդը սափրում է ավելի մաքուր:

Հայաստանի հասարակության գիտակցությունը քարոզչական երկշերտ մամլիչի մի շերտը «սափրում» է մաքուր, երկրորդը՝ ավելի «մաքուր»: Երկու շերտերը հայկական եւ ռուսական հեռարձակող մեդիաներն են: Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը սպառում է դրանք՝ լսում է ռուսական «կիսլի» հեռուստաարտադրանքը, հետո դրա բառի բուն եւ պատկերավոր իմաստով թարգմանված տարբերակը հայկականով:

Այդ պատճառով, պետք չէ բացառել, որ Հայաստանի քաղաքացիների ոչ թե 70, այլ նույնիսկ 90 տոկոսը կողմ լինի Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությանը: Քանի որ, նաեւ, սա այն բացառիկ դեպքերից է, երբ հանրությունը ոչ միայն իշխանության քարոզչության, այլ նաեւ ոչիշխանական ուժերի երբեմն ուղղակի, իսկ երբեմն էլ ակադեմիական քողարկման ենթարկվող քարոզչության տակ է: Այսինքն, ի տարբերություն ածելիի հայտնի գովազդի՝ Հայաստանի հասարակության գիտակցությունը սափրվում է դեռ երրորդ շերտով էլ:

Բայց, հասարակության գիտակցությունն «աճում» է բավական արագ եւ դժվար է դառնում ածելին փոխել (այլը պարզապես չունեն), այն «բթանում» է: Բանն այն է, որ հանրությանը խոստացված մանանաները չեն թափվում, կամ թափվում է ոչ թե մանանա, այլ կծու տաքդեղ:

Հասարակությանը խոստացել են էժան էներգակիրներ, մինչդեռ պարզվում է, որ էլեկտրաէներգիան թանկանում է, հերթի մեջ է գազը՝ քանի որ Գազպրոմը ծրագրում է բարձրացնել Ռուսաստանի ներքին գները, ու այդ ամենից զատ էլ պարզ է դառնում, որ ռուսական մենեջմենտը ուղղակի քայքայման եւ ճգնաժամի է հասցրել Հայաստանի էներգետիկան:

Հասարակությանը խոստացել են անվտանգություն, բայց Հայաստանի Եվրասիական միությանը անդամակցելու մտադրության մասին հայտարարությունից հետո Հայաստանի սահմաններում Ադրբեջանը սկսել է ավելի ինտենսիվ կրակել՝ Հայաստանի սահմաններից ավելի հաճախակի են դարձել Ադրբեջանի կրակոցներից զոհերի մասին տեղեկությունները: Դա էլ այն անվտանգությունն է, որն իբր ավելի բարձր էր դարձել սեպտեմբերի 3-ից հետո: Ավելին, ռուսաստանցի քաղաքագետները սկսել են Հայաստանի հասարակությանը հասցնել Կրեմլի մեսիջները, որ ձեզ կպաշտպանեն, եթե համաձայնեք Արցախի հաղթանակը ռուսաստանցի խաղաղարարներին զիջել:

Հայաստանի հասարակությունն արդեն մեկ տարի է չի տեսնում Ռուսաստանից խոստացված ներդրումները, փոխարենը տեսնում է Ռուսաստանի միջազգային մեկուսացման հետեւանքը, տեսնում է, թե ինչպես է Ռուսաստանը շարունակում Հայաստանից աշխատուժի ներգրավման քաղաքականությունը: Ռուսաստանին Հայաստանի մնացյալ աշխատուժը պետք է իր տարածքում:

Հասարակությունը չի կարող չտեսնել այդ ամենը, չզգալ, չհասկանալ, չգիտակցել: Ընդ որում, այն, ինչ արդեն երեւացել է կամ շոշափվել, դեռեւս Եվրասիական միության ձնծաղիկներ են, քանի որ Հայաստանի բուն անդամակցությունից հետո հասարակությունն էլ ավելի ուժգին ու լայն շրջանակով է զգալու տնտեսական այդ միության հետեւանքը, երբ կսկսի իրական պայքար կարկանդակի համար, որից Հայաստանին բաժին կհասնեն միայն փշրանքները:

Գուցե դրա համար է Ռուսաստանը ձգում Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը; Եթե այժմ, դեռ չանդամակցած, միայն ձնծաղիկներով Հայաստանի հասարակությանն ավելի ու ավելի պարզ է դառնում անվտանգության եւ տնտեսական բարեկեցության բլեֆը, ապա բուն անդամությունից շատ քիչ ժամանակ անց Հայաստանում 70, 80 կամ 90 տոկոսն արդեն ոչ թե այդ միության, այլ դրանից Հայաստանի դուրս գալու կողմնակիցներ են լինելու:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий