вторник, 23 апреля 2013 г.

Բոստոնի ահաբեկչությանն ի պատասխան ԱՄՆ-ն պետք է ներխուժի Չեխիա. Ալյասկայի նախկին նահանգապետը «փայլել» է իր գիտելիքներով


ԱՄՆ-ի Ալյասկա նահանգի նախկին նահանգապետ Սառա Պալինը, Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում անդրադառնալով բոստոնյան ահաբեկչության թեմային, «փայլել է» իր աշխարհագրական գիտելիքներով։ Մասնավորապես՝ Չեչնիայի փոխարեն նա կոչ է արել ներխուժել Չեխիայի Հանրապետություն։

Ինչպես նշում է The Daily Currant-ը, Պալինը նշել է, որ թեև ահաբեկչության գործով դաշնային հետաքննությունը դեռևս չի ավարտվել, այնուամենայնիվ, արդեն գործելու ժամանակն է։ Խոսելով ահաբեկչության կասկածյալներ Թամերլան և Ջոխար Ցարնաև եղբայրների մասին՝ Պալինն ասել է.«Մենք դեռևս ամեն ինչ չէ, որ գիտենք կասկածյալների մասին։ Հայտնի է միայն, որ նրանք մուսուլմաններ են Չեխիայի Հանրապետությունից։ Բայց պետք չէ կանգ առնել միայն Չեխիայի  վրա, հարկավոր է գնալ բոլոր արաբական երկրներն ու նրանց մի լավ դաս տալ։

Արաբները պետք է սովորեն, որ չեն կարող պարզապես այստեղ գալ ու ամեն ինչ պայթեցնել»։
Սակայն նախկին նահանգապետն ավելի հեռուն է գնացել և առաջարկել մի քանի միջուկային զենք օգտագործել Իսլամաբադում, ամբողջովին այրել Պրահան ու ռմբակոծել Թեհրանը։ Պալինի աշխարհագրական գիտելիքների վրա զարմացած հաղորդավարները շտապել են նրան ուղղել՝ ասելով, որ Իսլամաբադն իրականում Պակիստանի մայրաքաղաքն է, որն ընդհանրապես արաբական երկիր չէ, Թեհրանն Իրանի մայրաքաղաքն է, որը ևս արաբական պետություն չէ, իսկ ինչ վերաբերում է Պրահային, ապա այն, լինելով Չեխիայի մայրաքաղաքը,  որևէ կապ չունի արաբների ու մուսուլմանների հետ։

Այնուհանդերձ, իր սխալն ընդունելու փոխարեն, Պալինը շարունակել է իրենը պնդել՝ հաստատելով, որ Չեխիայի Հանրապետությունն իրականում մուսուլմանական պետություն է։ Հաղորդավարները փորձել են քաղաքական գործչին տեղեկացնել, որ Ցարնաև եղբայրները մուսուլմաններ են, էթնիկ չեչեններ, ովքեր մեծացել են Ղրղըզստանում և ԱՄՆ-ում։ Նրանք Պալինին բացատրել են, որ չեչենները ոչ թե Չեխիայից, այլ Չեչնիայից են գալիս, որը մտնում է Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ։

Սրան ի պատասխան Պալինն է՛լ ավելի «հանճարեղ» պատասխան է տվել.«Իսկ ի՞նչ տարբերություն։ Մի՞թե Ռուսաստանը Չեխիայի Հանրապետության մասը չէ»։
«Ո՛չ, Չեխիայի Հանրապետությունն առանձին երկիր է։ Այն Եվրոպական Միության մի մասն է, ինչպես նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցներից»,-բացատրել է հաղորդավարը։
Իր համար բացահայտումներով լի հարցազրույցից հետո Սառա Պալինը մեղադրել է Fox News-ին իսլամին աջակցելու և աշխարհագրությանը չափից ավելի մեծ ուշադրություն դարձնելու համար։

newsbox.am

Комментариев нет:

Отправить комментарий