понедельник, 14 ноября 2011 г.

Ոստիկանապետությո՞ւն, թե՞ օլիգարխիա




Իշխանության համար պայքարը նոր երանգներ է ստանում նաև Արցախում
2007թ. նախագահական ընտրություններից հետո, երբ Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Բակո Սահակյանն ընտրվեց նախագահ, լուրջ փոփոխություններ տեղի ունեցան հանրապետության ներքին կյանքում: 

Ամենանկատելին ուժային կառույցների դերի բարձրացումն էր, բարձրաստիճան սպաներին ու գեներալներին տարբեր պաշտոնների նշանակումը, քաղաքական դաշտի միատեսակությունը:

Բակո Սահակյանի ընտրությունից հետո հասարակության մեջ հավատ կար դրական փոփոխությունների նկատմամբ, նրա հակակոռուպցիոն առաջին քայլերը է՛լ ավելի մեծացրին հույսերը: 

Սակայն շատ շուտով եկավ հիասթափության պահը՝ պայմանավորված ազատությունների սահմանափակման, կոռուպցիայի կենտրոնացման, պետական միջոցների անարդյունավետ ծախսման, որոշ գործարարների նկատմամբ հարկային տեռորի, ամեն տեսակի քննադատության չեզոքացման գործոններով:

...2011թ. հունվարին ամերիկյան հեղինակավոր Freedom House կազմակերպությունն իր «Ազատությունն աշխարհում» զեկույցում առաջին անգամ Արցախը դասեց ոչ ազատ երկրների շարքում: Մինչ այդ՝ յոթ տարի անընդմեջ, Արցախը համարվել էր մասամբ ազատ երկիր: Ժողովրդավարության ասպարեզում նկատվող այսպիսի հետընթացի մեղքը ծանրանում է նախագահականի ուսերին:

Արցախում հասարակության տոտալ վերահսկողության քաղաքականություն է վարվում, ինչի շրջանակում առանձնահատուկ կարևորվում են այլակարծության սահմանափակումն ու բուհերը, մասնավորապես Արցախի պետական համալսարանը հսկողության տակ առնելը: 

Արցախի պետհամալսարանի այժմյան ռեկտորը Խորհրդային Արցախի ագիտացիայի բաժնի նախկին հրահանգիչ է, որն անվերապահորեն հետևում է քաղաքական գծին՝ հնարավորինս փակ պահելով համալսարանը և ոչնչացնելով ակտիվության ցանկացած սաղմեր։

Կրթության նախարար, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանը ժամանակ առ ժամանակ ստանձնում է ռեկտորի «փաստաբանի դերը»՝ աջակցելով կրթական համակարգի նկատմամբ տոտալ վերահսկողության իրականացմանը։ 

Կարևորագույն գործիք է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ): Արցախցիները բողոքում են այս հաստատության չափից ավելի ակտիվության, իրավասությունները չարաշահելու, ամեն տեղ քիթը մտցնելու գործելաոճից։ ԱԱԾ-ն կամաց-կամաց, բայց հաստատուն քայլերով վերածվում է որոշ իշխանավորների անվտանգության ծառայության: 

ԱԱԾ-ն, զուգահեռաբար, կոմերիտմիության կարևորագույն գործառույթներն է ստանձնում։ Այն կարիերիստ երիտասարդների ձգտումների հիմնական նպատակն է, քանի որ քաղաքական, տնտեսական պաշտոնյաների մեծ մասը նախկին ԱԱԾ-ականներ են:

Նախագահ Սահակյանի 2010թ. ընտրություններից հետո կատարված կադրային փոփոխությունները ցույց են տալիս, որ վերջինս երկիրը տանում է դեպի ոստիկանապետություն՝ փրկելու համար իր իշխանությունն ու դրան սերտաճած բիզնեսը:

Զարմանալի չէ, որ կադրային փոփոխությունները սկսվեցին հենց Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, որի նախագահ նշանակվեց ոստիկանության գեներալ-մայոր Ռ. Պետրոսյանը: Հաջորդ փուլը շրջանների ղեկավարումը նախագահին հավատարիմ ուժայիններին վստահումն էր: Արցախի յոթ շրջաններից հինգի նորանշանակ ղեկավարներն ուժային կառույցների աշխատակիցներ են։ 

Այսպես՝ Նոր Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար է նշանակվել ԱԱԾ փոխգնդապետ Վիտալի Դանիելյանը, Մարտակերտինը՝ ոստիկանության գնդապետ Լևոն Չալյանը, Քաշաթաղինը՝ ոստիկանության գնդապետ Սուրեն Խաչատրյանը, Ասկերանինը՝ ոստիկանության գեներալ-մայոր Սերգեյ Գրիգորյանը: Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարը ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Նելսոն Սողոմոնյանն է։

Ինչո՞ւ է նախագահը «հզորացնում» շրջանները

2010թ. խորհրդարանական ընտրություններում վարչապետ Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» կուսակցությունը հաղթանակ տոնեց ու իրանական շանսեր ուներ պարզ մեծամասնության ճանապարհով խորհրդարանական պաշտոններին տեր կանգնելու համար։

Սակայն վարչապետի կողմնակիցների որոշ անզգույշ հայտարարություններ, ինչպես նաև նախագահականում ծրագրվածից շատ ավելի քվեներ ստանալը նույն նախագահականին ստիպեցին կոշտ միջոցների անցնել։ Այսպես՝ Ազգային ժողովում մեծամասնություն կազմող կուսակցությունն ավելի քիչ խորհրդարանական լծակներ ստացավ, քան երկրորդ տեղը զբաղեցրած Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ:

Արայիկ Հարությունյանը երիտասարդ պետական գործիչ է, վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց առաջ ակտիվորեն զբաղվել է բիզնեսով, հաստատուն կապեր ունի հայաստանյան օլիգարխիկ շրջանակների հետ։ Նա ոչ միայն Բարսեղ Բեգլարյանի գործընկերն է, այլև վայելում է վերջինիս օժանդակությունը: ՀՀ իշխանությունների շրջանում Արայիկ Հարությունյանի լոբբինգը հենց Բարսեղ Բեգլարյանն էր ապահովում։

Արայիկ Հարությունյանի շուրջ Արցախում համախմբված են լոկալ օլիգարխներ, «Ազատ հայրենիք»-ը մեծ մասամբ գործարարների վրա հիմնված կուսակցություն է: Թեև Արայիկ Հարությունյանը հիմնականում նույնացվում է Բակո Սահակյանի հետ, սակայն երիտասարդ վարչապետի տնտեսական նախաձեռնությունները, մասնավորապես Արցախի էներգետիկ համակարգի զարգացման ծրագրերը, բարձր են գնահատվում անգամ նրա քննադատների կողմից:

Մյուս կողմից՝ որոշ գործարարների նկատմամբ հարկային մահակի օգտագործումը, նրանց՝ Արցախից դուրս մղելը, ուռճացված կառավարման համակարգի անարդյունավետությունը, գյուղատնտեսության թերզարգացվածությունը ստվերում են Ա. Հարությունյանի հեղինակությունը: 

Վարչապետը, այնուամենայնիվ, հավակնոտ գործիչ է, իսկ նրա շրջապատում որոշ անզգույշ հայտարարություններ ակնհայտորեն խոսում են Ա. Հարությունյանի նախագահական ձգտումների մասին: Եվ Երևանում հաջողված լոբբինգի դեպքում Հարությունյանն արդեն 2012թ. Արցախի նախագահական ընտրություններում կարող է համարվել ՀՀ իշխանությունների ցանկալի թեկնածուն:

Իրականում, գնալով ոստիկանապետության ստեղծման, Բակո Սահակյանը փորձում է դիմակայել Արայիկ Հարությունյանի հնարավոր մրցակցությանը: Արցախը կանգնում է ոստիկանապետության և օլիգարխիկ պետության երկընտրանքի առջև: Երրորդ՝ համակցված տարբերակն էլ կա՝ օլիգարխիկ ոստիկանապետություն:

Բոլոր այս կոմբինացիաների մեջ ժողովուրդը չկա, որն օր օրի ավելի է հեռանում որոշումների վրա ազդելու հնարավորություններից։

Օրակարգ, 03 նոյեմբեր 2011 թ.
---------------------------------------------------------
Տպագրվում է աննշան կրճատումներով

Комментариев нет:

Отправить комментарий