суббота, 16 апреля 2016 г.

Զարուհի Փոստանջյան. ՈՒՂԵՐՁ


ԱՐՑԱԽ…` ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԿԱՅԱՑՆԵԼՈ՛Ւ ԵՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ

Մենք բոլորս ցավ ենք զգում:

Ամենաշատը մեր առջև հառնում են Հայկական պետականության կայացման համար նահատակվածների աչքերը:

Պարտավոր ենք խոսել այդ մասին:

Չնայած նրան, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պաշտոնավարեցին, ըստ էության, խաղաղ պայմաններում, սակայն այդպես էլ չիրականացրեցին հայոց զենքի հաղթանակն ամրագրող քաղաքական լուծումները:

Լինելով ոչ օրինական` չընտրված իշխանություն, նրանք համագործակցեցին հնարավոր բոլորի հետ, բացի հայ ժողովրդից:

Քառորդ դարից ավելի ընթացող այդ համագործակցության հետևանքով ոչ միայն` Արցախի Հանրապետությունը մինչ օրս ճանաչված չէ Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների կողմից, այլ նաև այդ համագործակցությունը հանգեցրել է ընդհանրապես Հայկական պետականության քաղաքական գործոնի վիճարկմանը:

Պատերազմող և ապրող հայ ժողովրդի վրա ներազդելու լծակները շատ էին, բայց ամենավտանգավորը` ոչ օրինական, ընչաքաղց և ծառայամիտ քաղաքական վերնախավն էր:

Արցախյան ազատամարտով ծնունդ առած Հայկական պետականության ընձեռած հնարավորություններից այս 25 տարիներին բացառապես օգտվեցին խիստ սահմանափակ թվով մարդիկ` կուտակելով աստղաբաշխական կարողություններ, իսկ հայ ժողովրդին բաժին թողեցին զանգվածային աղքատություն ու գործազրկություն, պետական բյուջեն մի քանի անգամ գերազանցող պետական պարտք ու միլիոնավոր արտագաղթած քաղաքացիներ:

Այս անցած 25 տարիներին մենք ականատեսը եղանք, թե ինչպես են իրենց տաքուկ, լուսավոր, հարմարավետ աշխատասենյակներում մաքուր թղթի վրա գրում ու բարձրաձայնում` «Սիրելի հայ ժողովուրդ…»:

Իսկ «սիրելի հայ ժողովուրդը» ցուրտ ու անշուք սենյակում սպասում է իրական Ուղերձի, որը մինչ օրս չհնչեց:

Մենք լուրջ չենք խոսել այս մասին: Մենք լուրջ քայլեր չենք գործադրել:

Հայ ժողովրդին պատկանող եկամուտները գալիս և հանգրվանում էին միայն իրենց` «սիրելի հայ ժողովուրդ» ասողների գրպաններում: Այդ եկամուտները մեր սոցիալական և բժշկական ապահովություններն են, ռազմական անվտանգությունը և կրթությունը:

Այդ խիստ սահմանափակ թվով մարդիկ կարծես թե մեկ այլ աշխարհում են ապրում` չպատկերացնելով պատերազմի իրական դեմքը և ազդեցությունը, թողնելով ժողովրդին մահ ու ավերի, սովի ու անորոշության մեջ:

Նրանք չեն հասկանում այդ կոնտրաստը, որ այդպես ՉԻ ԿԱՐԵԼԻ պատերազմել.  ժողովրդի ձեռքում` սուր, իրենց ձեռքում` սուրճի բաժակ:

Նրանք չհասկացան, որ ՉԻ ԿԱՐԵԼԻ ժողովրդին ենթարկել շանտաժի և մոլորեցնել` ասելով, որ անդամակցում ենք ԵՏՄ-ին` ապահովելու համար անվտանգություն և բարեկեցություն:

Ահա այսպես` ոչ լաց է, ոչ ծիծաղ…

Եվ, վերջապես, նրանք չհասկացան, որ ժողովրդի սրով և արյամբ ազատագրված Հայրենիքը` մեր ազգային անվտանգության կարևոր երաշխիքը, ՉԻ ԿԱՐԵԼԻ առևտրի առարկա դարձնել` տարածելով «Մադրիդյան» կամ այլ անվամբ հանձնման պատմություններ:

Այս 25 տարիների ընթացքում ձևավորվեց երկու կողմ. մի կողմում` Հայկական պետականություն կերտող հայ ժողովուրդը, իսկ մյուս կողմում` իշխանությունը զավթած և ամեն գնով այն պահել ձգտող Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն իրենց սահմանափակ մտերիմներով:

Հայ ժողովուրդը կրկին ապացուցեց, որ նա լինելու է, նրա անվտանգության երաշխավորն իր ազգային զինված ուժերն են, և նրա իրական դաշնակիցը` հայ  ժողովուրդը: Իսկ քառօրյա պատերազմը փաստեց, որ երկրորդ կողմում գտնվողները վատնել են նաև ռազմական անվտանգության միջոցները` թողնելով երկու կողմերին հարվածի տակ:

Անկախության սերնդի 20-ամյա երիտասարդները գիտակից անձնազոհությամբ վկայեցին, որ ճանաչում են ազատագրված Հայրենիքի անկախությունը և հրամայում են երկրորդ կողմում գտնվողներին` հայ ժողովրդից կողոպտած հարստությունն ամբողջապես ուղղել նոր ստեղծված իրավիճակում Հայկական պետականության կայացմանը և ամրապնդմանը` սկիզբ դնելով Հայկական պետականության ներկա 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով աշխարհում իրական քաղաքական գործոն լինելուն:

Զարուհի Փոստանջյան, 16.04.2016թ., Երևան

пятница, 15 апреля 2016 г.

Մեր դիվանագիտությունն աշխատում է զզվելի. Նորատ Տեր-Գրիգորյանց


Ղարաբաղում այս ամսվա սկզբին տեղի ունեցած 4-5-օրյա պատերազմի վերաբերյալ մեր հարցերին պատասխանել է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը: Նա ապրում է ՌԴ-ում:

- Պարոն գեներալ, Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոսը) ազատամարտիկներին համախմբվելու կոչ է արել: Հնարավո ՞ր է արձագանքեք, Հայաստան գաք:

- Ինչո ՞ւ ոչ: Մենք ուզում էինք գալ, բայց դեսպանատունն ասաց, որ դրա կարիքը չկա: Մենք հավաքվել էինք եւ պատրաստ էինք ցանկացած պահի պաշտպանել մեր հայրենիքը, բայց դուք մոռանում եք, որ դա ոչ թե ֆիդայական շարժում է, այլ զինված ուժերի կռիվ: Մենք ստեղծել ենք այնպիսի բանակ, որը պատրաստ է պաշտպանել Հայաստանն ու Արցախը եւ պաշտպանել է ժամանակին, ազատել մեր հողը: Իհարկե, հիմա, եթե պատերազմ լինի, միլիոնավոր հայեր սահման կգնան, բայց ինչո ՞ւ գնան: Դա կլինի հերոսություն, բայց չէ որ կա կանոնավոր բանակ:

- Բայց բազմաթիվ ազատամարտիկներ ՊՆախարարի հրամանով արդեն դիրքերում  են, զինվորի կողքին:

- Դա շատ լավ է, մալադցի, մալադցի: Դա շատ լավ է: Բայց այստեղի մարդկանց դա թույլ չեն տալիս: Մենք դիմեցինք դեսպանին, մեզ ասացին, որ Հայաստանը դրա կարիքը չունի:

- Դուք դիմել եք Ռուսաստանում Հայաստանի դեսպանին՝ Հայաստան գալու հարցո՞վ:

- Ժողովուրդը՝ այստեղի հայերը հավաքվեցին դեսպանի մոտ, տարբեր բաներ էին առաջարկում: Նա մեզ ասաց. խնդրում եմ դեսպանատան գործերի մեջ չխառնվել եւ դեսպանատունը ձեր քաղաքացիական գործերին  չի խառնվի: Ու մենք հեռացանք:

- Ըստ ձեզ Արցախում ի՞նչ տեղի ունեցավ ապրիլի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում:

- Տեղի ունեցավ այն, ինչը պետք է տեղի ունենար: Թշնամին ոտքի է կանգնել ու նորից խախտում է հրադադարի պայմանագիրը, որն էն գլխից սխալ պայմաններով է ստորագրվել: 1994-ին պետք էր ստորագրել կապիտուլյացիայի, սահմանների հստակեցման, Ղարաբաղի անկախության մասին պայմանագիր: Բայց ստորագրեցին անտաղանդ, զզվելի փաստաթուղթ՝ կրակի դադարեցում անվամբ: Ու չմտածեցին՝ կրակը դադարեցվեց այսօր, իսկ վա ՞ղը: Արդյունքում իր նավթադոլարների հաշվին Ադրբեջանը զինվեց եւ Թուրքիայի հրահանգով տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ՝ հայերի միջոցով պատասխան Ռուսաստանին:

- Ինչ եք կարծում՝ Ադրբեջանն ի՞նչ էր ուզում անել ու ի՞նչ կանխեց մեր բանակը այդ 4-5 օրերի ընթացքում:

-Ադրբեջանը հզոր հարված էր պատրաստել՝ ուղղված Ղարաբաղի զինված ուժերի դիրքերին ու Հայաստանին: Տեղի ունեցավ հետախուզական մարտ՝ հյուսիսային եւ հարավային ուղղություններով: Ընդ որում թշնամին հարձակում գործեց թույլ ուղղությունների վրա: Պետք է արժանին մատուցել մեր զինվորներին, որ նրանք լավ հակահարված տվեցին, բայց կարելի էր ընդհանրապես թույլ չտալ թշնամու մոտեցումը: Եթե ադրբեջանական տանկերը մեծ արագությամբ մոտենում են, դա պետք էր կանխել ավելի վաղ, քան նրանք կհայտնվեն Ղարաբաղի պաշտպանական տարածքում: Ու հետաքրքիրն այն է, որ Ալիեւն այս հարձակումից հետո գոռում էր՝ հայերն են առաջինը հարձակվել: Ո՞նց են հայերը առաջինը հարձակվել, եթե ադրբեջանական տանկերը գտնվում են Ղարաբաղի պաշտպանական տարածքում: Այսինքն ես կարծում եմ պետք է բացահայտել, մերկացնել Ադրբեջանին: Ու այս ամենի մեջ ամենավտանգավորն այն է, որ զենքը, որով հարձակվել են Հայաստանի վրա, գնված էր Ռուսաստանից: Ադրբեջանը կիրառել է ոչ թե թուրքական, այլ ռուսական զենք, որը պարոն Մեդվեդեւի վստահեցմամբ դեռ շարունակվելու է վաճառվել Ադրբեջանին: Ստացվում է, որ Հայաստանը Ռուսաստանին պաշտպանում է ՆԱՏՕ-ից, իսկ Ռուսաստանը զենք է վաճառում թշնամուն, որը դրանով հարված է հասցնում մեզ: Միայն ռուսական զենքով կրակելու հրաման տալով՝ Ալիեւն աշխարհին ցույց տվեց, որ իրեն սատարում է Ռուսաստանը: Դա շատ վտանգավոր քաղաքականություն է: Հիմա պետք է մեր նախագահը անվտանգության խորհրդի նիստ հրավիրի եւ Ռուսաստանին բողոքի նոտա հղի այս անհասկանալի, զզվելի եւ ագրեսիվ քաղաքականության համար: Եվ չպետք է վախենալ: Ի՞նչ կարիք կա: Չես ուզում, կարող ենք ուրիշ տեղ գնալ: Մյուս կողմից մեր զորքը պիտի շատ ուժեղ լինի, կտրուկ արձագանքի հակառակորդի գործողություններին: Մեր բանակը շատ ամուր, շատ լավ բանակ է, պետք է միայն ավելի լավ պատրաստվել եւ լավ հակահարված տալ հարձակումներին: Պետք էր հետապնդել եւ հենց լեռներում ոչնչացնել նրանց: Զոհեր արդեն ունեինք: Բայց ցավոք, մեր Պաշտպանության նախարարը խղճաց ադրբեջանցիներին: Իսկ նրանք դադարեցրին մարտը եւ հեռացան:

- Ի՞նչ եք կարծում՝ այդ սխալներն ուղղելու հնարավորություն կա՞: Ինչպե՞ս պետք է ուղղվի:

-Անպատճառ կա: Հիմա պետք է տարվի դիվանագիտական աշխատանք՝ իրականությունը աշխարհին ցույց տալու համար: Մեր արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանի ղեկավարությունը, Ազգային ժողովը պետք է աշխարհին ցույց տան, որ Ղարաբաղը մեր հողն է: Դա հայկական պետություն է: Պետք է ապացուցել, որ օկուպանտը Ալիեւն է: Հենց Ադրբեջանն է զավթել Ղարաբաղը: Հիմա նա հարձակվել է մեզ վրա, որովհետեւ աշխարհին ապացուցել է, որ հայերը զավթել են Ղարաբաղը: Իսկ մեր հայերը չեն կարողանում ապացուցել, որ դա ճիշտ չէ: Մեր դիվանագիտությունն աշխատում է զզվելի: Ահա իմ կարծիքը:

- Ի՞նչ եք կարծում՝ առաջիկայում ռազմական դաշտում գործողությունները կշարունակվե՞ն:

- Իհարկե, կշարունակվեն: Ադրբեջանը միշտ խախտել է 1994 թվականի կրակի դադարեցման մասին փաստաթուղթը: Իսկ հիմա, երբ նույնիսկ փաստաթուղթ չի ստորագրել, ինչու չպետք է շարունակի խախտել: Նա աշխարհին ապացուցել է, որ Ղարաբաղը օկուպացված է, որ պետք է ազատագրել: Իսկ ումի՞ց: Հայերից: Իսկ դրա համար պետք է հայերին ոչնչացնել, հարձակվել, հողերը գրավել: Հիմա պետք է աշխատի մեր դիվանագիտությունը, այլապես Ադրբեջանը միշտ կարող է հարձակվել: Միշտ: Մեկ ամսից, մեկ տարուց, բայց կհարձակվի: Հիմա հետ է կանգնել, որովհետեւ հասկացել է, որ մենք կարող ենք հաղթել:

- Իսկ շարունակելու դեպքում մենք կհաղթեի՞նք:

- Ցավում եմ, որ մեր Պնախարարը խղճաց եւ չշպրտեցին ադրբեջանցիներին այնտեղ, որտեղ պետք է: Խղճացին: Իսկ ահա նրանք չղճացին մեր զինվորներին, խոշտանգեցին անգամ մեր սպանվածներին ու վիրավորներին: Նրանք թուրք են:

- Պարոն գեներալ, վերջին օրերին Ղարաբաղի հարցի լուծման ինչ-որ տարբերակներ են շրջանառվում: Խոսվում է, որ հնարավոր է որոշակի տարածքների, խաղաղապահների տեղակայման դիմաց Ղարաբաղի կարգավիճակը հստակեցվի:

 - Լսել եմ, որ իբր մի քանի շրջան պետք է տալ եւ դրանով վերջ կտրվի կռվին: Սկզբում ասում էին, որ պետք է «օկուպացված» շրջանները վերադարձնել: Բայց նրանք Ղարաբաղը եւս օկուպացված են համարում եւ ասում, որ պետք է այնտեղ թողնել ադրբեջանցի փախստականներին: Եթե նրանց թողնենք այդ հողը, Լաչինի միջանցքը չի օգնի, Ղարաբաղն ամբողջությամբ կշրջապատվի ադրբեջանցիներով ու այդ ժամանակ միգուցե այլեւս հնարավոր չլինի հայերին պահել այնտեղ, բոլորը կթողնեն, կգնան: Քաղաքական գործիչներն ամեն ինչ կարող են անել: Իհարկե: Պետք է ճիշտ պայմաններ առաջ քաշել եւ դիվանագիտական մակարդակով որոշել կրակի դադարեցման հարցը:

вторник, 12 апреля 2016 г.

Ռազմական գործողությունները կշարունակվեն. Նորատ Տեր-Գրիգորյանց


Արցախում ապրիլի սկզբին տեղի ունեցած կարճատև պատերազմի վերաբերյալ Հայկական ժամանակ թերթի հարցերին պատասխանել է 1992-1995թթ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ պաշտպանության նախարարի պաշտոնակատար, արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորայր Տեր-Գրիգորյանցը: Նա ապրում է ՌԴ-ում: Ներկայացնում ենք կրճատումներով

- Ինչ եք կարծում՝ Ադրբեջանն ի՞նչ Էր ուզում անել ու ի՞նչ կանխեց մեր բանակը այդ 4-5 օրերի ընթացքում։

- Ադրբեջանը հզոր հարված Էր պատրաստել ուղղված Ղարաբաղի զինված ուժերի դիրքերին ու Հայաստանին։ Տեղի ունեցավ հետախուզական մարտ հյուսիսային և հարավային ուղղություններով։ Ընդ որում, թշնամին հարձակում գործեց թույլ ուղղությունների վրա։ Պետք Է արժանին մատուցել մեր զինվորներին, որ նրանք լավ հակահարված տվեցին, բայց կարելի էր ընդհանրապես թույլ չտալ թշնամու մոտեցումը։ Եթե ադրբեջանական տանկերը մեծ արագությամբ մոտենում են, դա պետք Էր կանխել ավելի վաղ, քան նրանք կհայտնվեին Ղարաբաղի պաշտպանական տարածքում։ Ու հետաքրքիրն այն Է, որ Ալիևն այս հարձակումից հետո գոռում Էր հայերն են առաջինը հարձակվել։ Ո՞նց են հայերը առաջինը հարձակվել, եթե ադրբեջանական տանկերը գտնվում են Ղարաբաղի պաշտպանական տարածքում։ Ու այս ամենի մեջ ամենավտանգավորն այն Է, որ զենքը, որով հարձակվել են Հայաստանի վրա, գնված էր Ռուսաստանից և որը, Մեդվեդևի վստահեցմամբ, դեռ շարունակվելու է վաճառվել Ադրբեջանին։ Ստացվում Է, որ Հայաստանը Ռուսաստանին սատարում Է ՆԱՏՕ-ից, իսկ Ռուսաստանը զենք է վաճառում իմ թշնամուն, որը դրանով հարված Է հասցնում մեզ։ Միայն ռուսական զենքով կրակելա հրաման տալով Ալիևն աշխարհին ցույց տվեց, որ իրեն սատարում Է Ռուսաստանը։ Հիմա պետք Է մեր նախագահը անվտանգության խորհրդի նիստ հրավիրի և Ռուսաստանին բողոքի նոտա հղի այս անհասկանալի, զզվելի և ագրեսիվ քաղաքականության համար։ Եվ չպետք է վախենալ։ Մյուս կողմից մեր զորքը պիտի շատ ուժեղ լինի, կտրուկ արձագանքի հակառակորդի գործողություններին։ Մեր բանակը շատ ամուր, շատ լավ բանակ Է, պետք Է միայն ավելի լավ պատրաստվել և լավ հակահարված տալ հարձակումներին։ Պետք Էր հետապնդել և հենց լեռներում ոչնչացնել նրանց։ Զոհեր արդեն ունեինք։ Բայց, ցավոք, մեր պաշտպանության նախարարը խղճաց ադրբեջանցիներին։

- Ի՞նչ եք կարծում՝ այդ սխալներն ազդելու հնարավորություն կա՞։

- Անպատճառ կա։ Հիմա պետք է տարվի դիվանագիտական աշխատանք իրականությունը աշխարհին ցույց տալու համար։ Մեր ԱԳՆ-ն, Հայաստանի ղեկավարությունը, Ազգային ժողովը պետք է աշխարհին ցայց տան, որ Ղարաբաղը մեր հողն է։ Դա հայկական պետություն Է։ Պետք Է ապացուցել, որ օկուպանտը Ալիևն է: Հենց Ադրբեջանն Է զավթել Ղարաբաղը։ Հիմա նա հարձակվել է մեզ վրա, որովհետև աշխարհին ապացուցել Է, որ հայերը զավթել են Ղարաբաղը։ Իսկ մեր հայերը չեն կարողանում ապացուցել, որ դա ճիշտ չէ։ Մեր դիվանագիտությունն աշխատում է զզվելի։

- Ի՞նչ եք կարծում առաջիկայում ռազմական գործողությունները կշարունակվե՞ն։

- Իհարկե, կշարունակվեն։ Ադրբեջանը միշտ խախտել է 1994 թվականի կրակի դադարեցման մասին փաստաթուղթը։ Իսկ հիմա, երբ նույնիսկ փաստաթուղթ չի ստորագրել, ինչու չպետք է շարունակի խախտել։ Նա աշխարհին ապացուցել Է, որ Ղարաբաղը օկուպացված է, որ պետք Է ազատագրել հայերից։ Իսկ դրա համար պետք է հայերին ոչնչացնել, հարձակվել, հողերը գրավել։ Հիմա պետք է աշխատի մեր դիվանագիտությունը, այլապես Ադրբեջանը միշտ կարող է հարձակվել։ Միշտ։ Մեկ ամսից, մեկ տարուց, բայց կհարձակվի։ Հիմա հետ է կանգնել, որովհետև հասկացել է, որ մենք կարող ենք հաղթել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

среда, 6 апреля 2016 г.

Թամար Հովհաննիսյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին


Ինչ բախտավոր աստղի տակ եք ծնվել, որ այսօր նախագահն եք աշխարհում ամենաներողամիտ, նաիվ, մի փոքր բանից խանդավառվող, քիչ բանով գոհացող, վտանգի պահին մի բռունցք դարձող, նահատակվող, մարտիրոսացող, միմյանց հասնող, միմյանց օգնող (հատկապես վտանգի պահին) և էլի շատ ու շատ բարեմասնություններ ունեցող մի ազգի:

Ձեր կողքիններին ուզում եմ ասել, որ իրենց պարտքն է լինել ոչ թե ձե՛ր այլ պետության կողքին, էս երկրի կողքին, ինչպես էսօրվա նահատակված տղաները՝ ջահել, սիրուն,ազնվագույն աչքերով, ոնց որ հատուկ ընտրված, որ մարդ ավելի մղկտա: Այո՛, պարո՛ն նախագահ, այս երկիրը լավ երկիր է, քանի որ էդպիսի զավակներ ունի: Բա էդպիսի տղաների ապագան կարելի է՞ կասկածի տակ դնել սեփական Հայրենիքում, իրենց իսկ պաշտպանած հողի վրա, կարելի է՞ նրանց քվեն գողանալ կամ կեղծել, կարելի է՞ նրանց աշխատելու ու ընտանիք կազմելու հնարավորությունից զրկել սեփական հողի վրա: Թե դուք նրանց արժեքը հասկանում եք միայն այսպիսի պահերի: Կարելի է՞ նայել այն մարդկանց դեմքին, որ երկրորդ անգամ նույն ճակատամարտը մղելու էին գնում այս օրերին ու ասել «յա իրո՞ք», կարելի է նայել էդ ջահել տղաներին ծնող մայրերին ու ասել. «Ինչքան ուզենք, էնքան կխփենք»:

Պարոն նախագա՛հ, մենք ներողամիտ ազգ ենք, երևի ամենաքրիստոնյան բոլոր քրիստոնյաների մեջ, բայց չափից ավելի ներելն ու միամտորեն նորից հավատալը անխելքություն կլինի: Դուք նեղություն մի կրեք շնորհակալություն հայտնելու զինվորին իր քաջության համար, նրան շնորհակալ է պատմությունը ու պետությունը, իսկ դուք, բարեբախտաբար, ո՛չ մեկն եք, ո՛չ էլ մյուսը: Դուք ավելի լավ է՝ ներողություն խնդրեք: Այ, հենց սա էլ ուզում էի ասել ձեզ:

Սովորական հայուհի՝ Թամար Հովհաննիսյան
frunzik.com–ի ՖԲ էջից

Չորս օրից հետո-ն


Քանի որ շատ ենք լարվել, ուզում ենք արագ մոռանալ: Մեզ դա կհաջողվի: Նրանց, ովքեր կորցրեցին իրենց տղաներին, տղամարդկանց, ամուսիններին, չի հաջողվի: Նրանք կուզեն իմանալ` ում մեղքով, ում պատճառով… Բայց ուժ չեն ունենա խոսելու այդ մասին ու պահանջելու:

Չորս դաժան օրերի ընթացքում մենք երկու անգամ տեսանք հանրապետության նախագահին և մեկ անգամ պաշտպանության նախարարին. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցում էին հայրենիքի պաշտպանների համար մատուցված աղոթքին, և երկրորդ անգամ` հոսպիտալում պառկած վիրավորներին այցի ժամանակ:

Պատերազմի առաջին իսկ օրը երկրի ղեկավարները դիմում են ժողովրդին, բացատրում, գոտեպնդում, հուսադրում, վստահեցնում, որ կանեն ամեն ինչ: Այդ մասին մենք մանկուց ֆիլմերից գիտենք: Չորս դաժան օրերի ընթացքում մենք չլսեցինք ոչ մի բառ: Տպավորությունն այնպիսին էր` կարծես մենք չկանք: Հոսպիտալ և եկեղեցի կարող էր գնալ ցանկացած տնային տնտեսուհի, ու հաստատ ավելի ջերմեռանդ կստացվեր աղոթքն ու հոգատարությունը՝ ավելի ջերմ: Երևանցի կանայք հոսպիտալի մոտ սպասում էին, որ իրենց վիրավորին այցի եկած ծնողներին տանեն իրենց տուն, ապահովեն կացարանով: Իսկ իմ շարքային կարծիքով` երկրի նախագահն ու պաշտպանության նախարարը ժամանակ չպետք է ունենային այսպիսի բաների համար: Մենք՝ ՀՀ շարքային քաղաքացիներս, չենք կարող բանակցել արտգործնախարարների հետ, չենք կարող պատասխանել ԵԽԽՎ նախագահին, չենք կարող այլ պետությունների ղեկավարների առաջ ներկայանալի դարձնել մեր երկիրը ու ցույց տալ մեր խելքը, խորամանկությունը, գրագիտությունը, ուժը:

Մենք պատիվ չունեցանք տեսնելու մեր արտգործնախարարին: Նրա չլինելը լինելու պես սովորական դարձավ: Բայց մենք ողջ ենք մնացել ու պարտավոր ենք շտկել այս ամենը: Մենք պարտավոր ենք գտնել ինքներս մեզ համար այն դիվանագետներին, որոնք կիմանան խաղաղության հասնելու ձևը:

Ամեն օր արթնանալիս պետք է հիշել, որ առնվազն 29 զինվոր` գումարած անհայտ կորած 28-ը, չեն կարող ուրախանալ հրադադարի լուրով, էլ չեն կարող իմանալ՝ ինչ եղավ իրենց երկում: Իրենք էլ չկան…

Տկար քաղաքական ու պետական գործիչների պատճառով նրանք էլ մեզնից մեկը չեն, էլ պլաններ ու հոգսեր չեն ունենալու, էլ չեն իմանալու հետոն: Սա արդեն ցրած ցույց չէ, իսկ իրենք ջրցանի տակ ընկած տղաներ չեն, որ վեր կենան, շտկեն իրենց ու նորից ապրեն: Մեծ հարց է՝ ադրբեջանցի զինվորակա՞նն է սպանել նրանց, թե՞ տկար քաղաքականությունը: Մահ կա շատերի խղճին: Միայն թե իրենք դա շուտ կփորձեն մոռանալ: Մենք պարտավոր ենք հիշեցնել: Բոլորս: Մաշտոցի պուրակ սնունդ տանող քաղաքացիներս, Մարգարյան ծննդատնից սնունդ իջեցնող կանայք, կամավոր առաջին գիծ գնացողները, տանը լացող կանայք ու տառապող տղամարդիկ: Մենք ողջ ենք մնացել, որ պատիվ պահանջենք չարվածի համար: Մենք ողջ ենք նրանց շնորհիվ՝ 29 գումարած 28:

Ինչ չեն արել՝ արդեն չենք վերադարձնի, բայց կարող ենք ստիպել անել այն, ինչ չի արվելու:

Բոլոր զոհվածների ընտանիքները պետք է ապրեն այնպիսի բարեկեցությամբ, ինչպիսին վայել է երկրի անվտանգությունն ապահոված զինվորի ընտանիքին: Նրանց ընտանիքները պետք է ստանան ոչ թե երկրի տերերի մեկ նախաճաշի չափով նպաստ, դա ողորմություն է, իսկ ողորմություն չի կարելի տալ կյանքը զոհաբերած տղային, այլ նրանց ընտանիքի անդամները պետք է ապրեն լավագույն վերանորոգված տներում, լինեն հագնված հերոսին վայել, սովորեն լավագույն ուսումնական հաստատություններում, իրենց զգան երկրի լիիրավ քաղաքացի, բուժվեն անվճար:

Այդպես պետք է ապրեն նաև նրանք, ովքեր առաջին գծից հետ կգան ողջ: Երախտագիտության միայն մահվան գնով չեն հասնում: Երբ կընդունվի որոշում հետ եկած զինվորի բարեկեցության մասին, ու հետ եկած զինվորը կպարգևատրվի ոչ թե անվճար երթևեկությամբ կամ նպաստով, այլ իսկական բարեկեցիկ կյանքով` վերանորոգված տներով, ամառային հանգստի հնարավորությամբ, ընդ որում` ոչ թե Աղվերանում ու Սևանում, այլ այնտեղ, որտեղ հանգստանում են իրենց համար աղոթող իշխանավորները, երբ իրենք նռնականետով ուղղաթիռ էին խփում, տանկ էին ոչնչացնում ու տեսնում ընկերոջ մահը տասնութ, քսան տարեկանում:

Եթե զինվորն իմանա, որ իր վտանգավոր ծառայությունը պարգևատրվում է երախտագիտությամբ, իսկ երախտագիտությունը խոսքի ու մեդալի տեսքով չի լինի միայն, այլ սիրուն կյանքի, կփոխվի նաև խաղաղ ծառայության ընթացքում տեղի ունեցող դեպքերի վիճակագրությունը:

Պատերազմական չորս օրվա ընթացքում մենք տեսանք մահ, գերություն, ադեկվատ հասարակություն, իր հնարավորությունների չափով օգնության պատրաստ մարդիկ, դիվանագետների փոխարեն սոցցանցերում բարձրորակ աշխատանք անող երիտասարդներ, զսպվածություն, նաև անհամ պաթոս: Աստված իրենց հետ, բայց երբեք չհասկացա ուրիշ տղամարդկանց պատերազմի ոգեշնչող ու գոտեպնդող տղամարդկանց:

Այս օրերին մեկ էլ շատ քիչ հնչեց խաղաղություն կարևոր բառը: Դիրք, հենակետ, Սմերչ, ՍՕՍ, նռնականետ, թշնամի, տանկ, ընկած ուղղաթիռ,- այս բառերի ու բառակապակցությունների շարքում շատ քիչ հնչեց խաղաղություն-ը: Միայն հինգերորդ օրը զինվորականներից մեկը, որ գիտեր պատերազմի դեմքը, հարցին, թե ինչ է հաղթանակը, պատասխանեց՝ «հաղթանակը խաղաղությունն է»:

Լուսինե Հովհաննիսյան 

Բացահայտվել է Ադրբեջանի դաշնակիցը. Այն պետք է հեռացվի


Դժվար է կանխատեսել, թե որքան կայուն կլինի այն հրադադարը, որ հաստատվել է Արցաի երկրորդ պատերազմում եւ արդյոք դա քառօրյա պատերազմ էր, ինչպես արդեն մտել է շրջանառության մեջ: Նկատելի է, որ ներկայում բավական ինտենսիվ է բանակցային գործընթացը տարբեր ուղղություններով: Սակայն, ապրիլի 5-ին Վիեննայում կայացած ԵԱՀԿ Մինսկի խմբի նիստը հաստատեց խմբի երեք համանախագահների միջնորդական մանդատը:
Այդ մանդատի հարցը արդեն տեւական ժամանակ դարձել է քննարկման առարկա: Ադրբեջանը դժգոհ է Մինսկի խմբից եւ անթաքույց ձգտել է փոխել այդ մանդատը, այն համարելով հայանպաստ:

Չի բացառվում, որ Բաքուն գնաց պատերազմի նաեւ այդ ակնկալիքով, որ կկարողանա կրակի դադարեցումը «վաճառել» բանակցային մանդատի դիմաց: Բաքվի ծրագրերը խափանվեցին այն բանից հետո, երբ հայկական զինուժը ոչ միայն սկսեց դիմադրել՝ ինչին Ալիեւն ըստ երեւույթին չէր սպասում, այլ անցավ հակագրոհի, Ադրբեջանին պատճառելով էական կորուստներ:

Դրանից հետո պատերազմի դադարը Մինսկի եռանախագահների մանդատի հետ փոխելն իհարկե չէր ստացվի: Ալիեւի այդ ակնկալիքը, որը գուցե գլխավորը չէր իհարկե, ակնհայտ ձախողվեց:

Այդուհանդերձ, Մինսկի խմբի եռանախագահության միջնորդական մանդատի խնդիրը թերեւս բավական հետաքրքրական է, առավել եւս քառօրյա պատերազմի ֆոնին: Լռելյայն կարծիք կամ համաձայնություն կա, որ եռանախագահների մանդատը ձեռնտու է Հայաստանին: Ըստ ամենայնի, այդ ձեռնտու լինելու տակ ենթադրվում է այն, որ այնտեղ չկա Թուրքիան եւ կա մեր դաշնակից Ռուսաստանը:

Անցնող չորս օրերը վկայեցին, որ Հայաստանը չունի «դաշնակից» Ռուսաստան: Մինսկի խմբում ի դեմս Ռուսաստանի գործնական դաշնակից ունի Ադրբեջանը: Դրա փաստերը բացահայտ են: Կարո՞ղ է որեւէ մեկը որեւէ պատմական օրինակ բերել, ներկայի օրինակ բերել, երբ որեւէ պետության դաշնակից այդ պետության հակառակորդին տրամադրում է բազմապատիկ ավելի սպառազինություն՝ ընդ որում թե քանակի, թե մահաբերության պարամետրերի առումով, քան իր դաշնակցին: Եվ դա այն դեպքում, երբ հակառակորդը պարբերաբար սպառնում է դանակցին ոչնչացնելով եւ պետական մակարդակով տարածում հայատյացություն ամբողջ աշխարհում:

Ռուսաստանի դաշնության վերջին շրջանի, եւ հատկապես վերջին չորս օրերի բոլոր քաղաքական քայլերը եղել են հօգուտ Ադրբեջանի եւ պարունակել են արհամարհանք եւ վիրավորանք Հայաստանի հանդեպ: Դրա վառ վկայությունը ԵՏՄ վարչապետների երեւանյան հավաքի հետաձգումն է, բացարձակ անհիմն պատճառով, ինչ է թե այդպես է ուզել Ղազախստանը:

Ռուս-ադրբեջանական դաշնակցության բազմաթիվ փաստեր, եւ ոչ մի փաստ հայ-ռուսական դաշնակցության մասին:
Այդպիսով, ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ի դեմս Ռուսաստանի դաշնակից եւ աջակից ունի Ադրբեջանը, ոչ թե Հայաստանը:

Եթե դրան է գումարվում այն, որ Ռուսաստանը ոչ միայն կասկածի տակ անգամ չի դնում, այլ վերհաստատում է իր հավատարմությունը 1921 թվականի Մոսկվայի պայմանագրին՝ անգամ Թուրքիայի հետ հակադրության պայմաններում, ապա առավել քան ակնհայտ է դառնում Մինսկի խմբում ռուս-թուրք-ադրբեջանական պատմա-քաղաքական դաշինքի առկայությունը:

1921 թվականի պայմանագրի բովանդակությունն արտացոլում է Կովկասի վերջին հարյուրամյակի զարգացման վեկտորը, որը պարբերաբար «ոռոգվում» է հայության արյունով: Եվ եթե Ռուսաստանը որեւէ կերպ կասկածի տակ չի դնում այդ վեկտորը, ապա նշանակում է, որ այդ պետությունն իր շահը անգամ ռուսական օդանավին Անկարայի հասցրած հարվաից հետո կապում է Թուրքիայի, ոչ թե Հայաստանի հետ:

Այդպիսով, այն, որ Մինսկի խմբի եռանախագահների ներկայիս կազմը ձեռնտու է Հայաստանին, մեղմ ասած հարաբերական է, քանի դեռ այնտեղ կա Ռուսաստանը: Քանի դեռ այնտեղ կա Ռուսաստանը, կնշանակի, որ այնտեղ են նաեւ Թուրքիան եւ Ադրբեջանը: Հետեւաբար, Մինսկի խմբում Թուրքիայի անդամությունը բացառելու համար բավարար չէ լոկ փակ պահել խումբը Անկարայի ֆիզիկական մուտքի առաջ: Անկարայի ներկայությունը սահմանափակելու համար պետք է խմբից հեռացվի Ռուսաստանը:

Մոսկվան բազմաթիվ օրինակներով ցույց է տվել, որ չի կարող համարվել խաղաղ միջնորդ՝ որովհետեւ միլիարդների մահաբեր սպառազինություն տրամադրելով Բաքվին նրան տվել է պատերազմի իրավունք, եւ չի կարող համարվել Հայաստանի «դաշնակից», քանի որ նրա հակահայկական քայլերը եւ դրա անգամ ողբերգական հետեւանքները բոլորի աչքի առաջ են, իսկ ահա դաշնակցային գործողությունները՝ միայն դեղնած թղթերի վրա:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

суббота, 26 марта 2016 г.

Ոտնաթաթերի վրա, բայց` հաստատ


Ոտնաթաթերի վրա բողոքը մտնում է քաղաք: Ոտնաթաթերի վրա, բայց` ծանր քայլով: Ուղղակի առաջին մուտքն է, դրա համար էլ ոտնաթաթերի վրա է: Հետո, երբ թաթը լիրաժեք դնի գետնին`մերթընդմերթ վերանորոգվող ասֆալտը ճկվելու է:

Մի քանի օր առաջ բանակում զոհված տղայի հայրը գնաց աննախադեպ, բայց արդեն իր հաջորդն ունենալու լուրջ նախանշանով, իր ուժով ու որոշմամաբ զարհուրելի քայլի: Հուսահատության այս տեսակը հայերիս համար ծանր է: Քաղաքն ու երկիրը համասեռ մարմին չեն` յուրաքանչյուրն ունի բողոքի իր եռման ստիճանը: Մեկինը վաղուց հասել է, մյուսներինը` հասնում է:

Զոհված տղայի դիակը կառավարության շենքի առաջ դնելու որոշումը նախանշեց ծանր բողոքի մուտքը քաղաք ու պետության ղեկավարներն իրար անցան:

Եթե դա տեղի ունենար, սկսվելու էր մի ուրիշ բան… Որովհետև սպանված զինվորը, արդեն որերոդ զինվորը այն է, ինչը չի կարող անտարբեր թողնել որևէ մեկին քաղաքում, գյուղում, երկրում, ապահովին, անապահովին, տղամարդուն, կնոջը: Դեռ չենք բարոյազրկվել մինչև վերջ, ու մահը դեռ փոխում է բոլորի դեմքի արտահայտությունը: Ոչ ոք թույլ չէր տա, որ հնչի «արա դե լավ էլի, ապրում ենք էլի,  էս միտինգներով ինչի՞ն եք հասնելու» կողմնակի ու անհաղորդ տեսակետը: Քաղաքը թնդալու էր: Ողբացող ու բանականությունը կորցրած հայրը իր պատանի դիակի ուղեկցությամբ սպանելու էր թմբիրը, թմբիրը,  որ սպանել էր զինվորին…

Դա էր պատճառը պետական իրարանցման: Վլադմիր Գասպարյանի կարեկից -ախպերական ժեստերն ու լեզուն, որին նա տիրապետում է` անվրեպ դեռ ազդում են պաշտոնյայի սիրո հանդեպ չտես մարդկանց վրա: Բայց դրա ժամանակն էլ կանցնի:

Ամեն ինչ արվեց, որ այդ զարհուրելի քայլը չպատահի: Մարդ չգիտի ինչ ասի` «փառք աստծո՞»: Զոհված տղան խաղաղվեց հողում ու չմնաց կառավարության շենքի դիմաց`դառնալով մեր բոլորիս ամոթը՞` հատկապես նրանց, որոնք, ապահով լուծելով իրենց լավ սնված տղաների բանակի հարցը, գովերգում են` ով ինչպես ու ինչով կարողանում է: Մի՛ քշեք ձեզնից վատ միտքը, մի պահ էդ կոկիկ դագաղում պակերացրե՛ք ձեր լավ սնված տղաներին ու մարդ դառե՛ք. անասուն լինելուց հեշտ բան չկա …

Բողոքը մտավ քաղաք առաջին անգամ ոչ թե անորոշ նախադասության տեսքով, այլ անուն ազգանունով, ծնողով, ստույգ, իրական մահվան տեսքով: Բանակում զոհված զինվորների մասին մենք միայն լսում ենք, ասում ենք «վայ», փոխում ենք ալիքը ու ցրվելու համար մի հատ լավ ֆիլմ ենք փնտրում, իսկ էդ պահին զոհվածի մայրը խելագար է, հայրը` բանականությունը կորցրած, կյանքը կանգ առած, անարդարությունը ռադիոակտիվ ճառագայթի նման անտես թափանցող ու հրկիզող: Այս անգամ մահը բերելու էին բոլորիս դեմ տային, ասեին բանակում պատահած դեպքերը անուն ազգանուն ունեն ու դեմք ունեն` այ էս պատանու մանուկ դեմքի պես անփորձ, անպաշտպան դեմք: Մենք առաջին անգամ տեսնելու էինք հեռուստացույցով հաղորդվող մահը: Ու քանի որ աստված գիտի՝ հետո ինչ էր լինելու` հարկ էր, որ խառնվեր նախարարը, ոստիկանապետը, որի լեզուն օձը բնից կհանի…
Սևանի մայրուղու վրա կանխվեց սպառնացող բողոքի մուտքը քաղաք:

Զինվորը հանձնվեց հողին: Ոչ ոք չի կասկածում, որ բոլորն առանց բացառության ցնցված էին:
Բայց բողոքը ընդհուպ մոտեցել էր քաղաքին: Ուրեմն էլի կմոտենա` միգուցե ուրիշ տեսքով, ուրիշ կոնտեքստում, միգուցե էդ օրն էլ ոստիկանապետի մաստեր կլասը օգնի, բայց մի օր կդադարի օգնել… Բողոքը եթե կորցրեց բանականությունը, հոգեմետը ժամանկավոր էֆեկտ է ունենալու:

Սա զգացմունքային մասը: Իսկ պատճառները բանակում սպանվող զինվորների հիմնականում երեքն են. հակառակորդի դիպուկահարը, ենթակային նվաստացնելու կեղտոտ մղումը և մեկը, որ, ըստ իս, ամենատարածվածն է` մեր տղաների մտահորիզոնը նեղացել է մինչև նախամարդու մակարդակ: Նրանք ապրում են վախկոտ ստահակների գաղափարախոսությամբ: Այն, ինչ կատարվում է մեր բակերում, դպրոցների մերձակա խորշերում, սահուն տեղափոխվում է բանակ: Ու եթե բակերում ու ետնախորշերում նրանց ձեռքին քար ու դանակ է, իսկ ուղեղում բացարձակ ոչինչ, բացի իբր գողական սկզբունքներից` բանակում նրանց ձեռքին հայտնվում է ավտոմատը… Իսկ ավտոմատ բռնելու համար այդ ուղեղը բացարձակ անպատրաստ է մի շատ պարզ, շատ հստակ պատճառով` դպրոցը քանդվել է, դպրոցում արդեն վաղուց մարդ չի ձևավորվում: Հակառակը պատահում է` ձևավորված մարդը հաճախ կազմաքանդվում է` բոլորի պարտադրանքի տակ: Դպրոցում սկսվում է անկիրթ, անազնիվ, անպատասխանատու, վախկոտ ու քծնող մարդու ձևավորումը: Դպրոցում վաղուց ոչինչ ամոթ չէ` չսովորելը, չիմանալը, քծնելը, պաշտոնյա ծնողի հետևում թաքնվելը, ուսուցիչների սոսկալի քծնանքն ընդունելը: Բայց այս վերջին երկու տարբերակի տակ մտնողները բանակ չեն գնում, նրանք իրենց գոյությամբ գազազեցնում են մնացածներին: Դպրոցում տձևացած ուղեղով հավերժ անչափահաս տղաները գնում են բանակ: Ի՞նչ ունեն իրենք: Համարյա ոչինչ: Նրանց սուպերէգոյի մասին խոսելը ծիծաղելի է. նրանք մի սուպերէգո ունեն, և դա նույնիսկ իրենց հայրն ու հորեղբայրը չեն, այլ իբր գողականը, ուժեղը, ստահակը, տգետը, հզորը… Սա է բանակում սպանությունների մեծ մասի պատճառը…

Երբ բոլորը ստում են, ստում են, թե ընտրվել են, ստում են, թե տնտեսկան աճ կա, ստում են, թե կթություն ունենք, ստում են, թե այսքան գերազանց սովորող ունի դպրոցը, այն դեպքում, երբ իրական խելացի տղան կամ աղջիկը կարող է աննկատ մնալ տասը տարի կամ ավելի, խաբում են իրար, մեկը մյուսին, անընդհատ, անվերջ ու ինչպես պորտալարը վզին փաթաթված պտուղը` հաճախ խեղդվեւմ են սեփական ստից: Տհաս, անողնաշար, անկամ, անգրագետ տղաների ձեռքին հայտնվում է ավտոմատը: Այն անպայման մարդ է սպանելու: Հայհոյանքի համար միանշանակ պետք է սպանել` սա է հայ տղայի ամենաառաջին գաղափարը, իսկ թե ինչ կարող է և չի կարող անել «լավ տղան»` հատուկ մասնագիտական միջամտության կարիք ունի: Այս ամենը ամրապնդվում է դպրոցական տարիքում, որովհետև դպրոցը իրական զբաղվածության փոխարեն առաջարկում է նվերով թվանշան ու լավ ատեստատ, որովհետև դպրոցը անհնար չի դարձնում չկրթվելը, հակառակը՝ առաջարկում և հուշում է մեթոդներ կեղծ թվանշան ստանալու: Եվ դանդաղ կամ սրընթաց ձևավորվում են կիսատ մնացած հասունությամբ տղաները, ամեն օր, մեծերի, ուսուցիչների, չինովնիկների, նախարարների, վարչապետերի, նախագահների անտեսանելի աջակցությամբ, ու մի օր ստացվում է սպանություն: Տգիտությունն է բերել սպանությունների` դպրոցում, իսկ հետո բուհ- ում հովանավորված տգիտությունը: Երբ սահմնափակվում են ուղեղները, անդառնալի հիմարության հնարավորությունները անսահման են դառնում:
Այս քաղաքը պայթելու է տգիտության հետևանքով…

Լուսինե Հովհաննիսյան