ԱՐՑԱԽ…` ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԿԱՅԱՑՆԵԼՈ՛Ւ ԵՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ
Մենք բոլորս ցավ ենք զգում:
Ամենաշատը մեր առջև հառնում են Հայկական պետականության կայացման համար նահատակվածների աչքերը:
Պարտավոր ենք խոսել այդ մասին:
Չնայած նրան, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պաշտոնավարեցին, ըստ էության, խաղաղ պայմաններում, սակայն այդպես էլ չիրականացրեցին հայոց զենքի հաղթանակն ամրագրող քաղաքական լուծումները:
Լինելով ոչ օրինական` չընտրված իշխանություն, նրանք համագործակցեցին հնարավոր բոլորի հետ, բացի հայ ժողովրդից:
Քառորդ դարից ավելի ընթացող այդ համագործակցության հետևանքով ոչ միայն` Արցախի Հանրապետությունը մինչ օրս ճանաչված չէ Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների կողմից, այլ նաև այդ համագործակցությունը հանգեցրել է ընդհանրապես Հայկական պետականության քաղաքական գործոնի վիճարկմանը:
Պատերազմող և ապրող հայ ժողովրդի վրա ներազդելու լծակները շատ էին, բայց ամենավտանգավորը` ոչ օրինական, ընչաքաղց և ծառայամիտ քաղաքական վերնախավն էր:
Արցախյան ազատամարտով ծնունդ առած Հայկական պետականության ընձեռած հնարավորություններից այս 25 տարիներին բացառապես օգտվեցին խիստ սահմանափակ թվով մարդիկ` կուտակելով աստղաբաշխական կարողություններ, իսկ հայ ժողովրդին բաժին թողեցին զանգվածային աղքատություն ու գործազրկություն, պետական բյուջեն մի քանի անգամ գերազանցող պետական պարտք ու միլիոնավոր արտագաղթած քաղաքացիներ:
Այս անցած 25 տարիներին մենք ականատեսը եղանք, թե ինչպես են իրենց տաքուկ, լուսավոր, հարմարավետ աշխատասենյակներում մաքուր թղթի վրա գրում ու բարձրաձայնում` «Սիրելի հայ ժողովուրդ…»:
Իսկ «սիրելի հայ ժողովուրդը» ցուրտ ու անշուք սենյակում սպասում է իրական Ուղերձի, որը մինչ օրս չհնչեց:
Մենք լուրջ չենք խոսել այս մասին: Մենք լուրջ քայլեր չենք գործադրել:
Հայ ժողովրդին պատկանող եկամուտները գալիս և հանգրվանում էին միայն իրենց` «սիրելի հայ ժողովուրդ» ասողների գրպաններում: Այդ եկամուտները մեր սոցիալական և բժշկական ապահովություններն են, ռազմական անվտանգությունը և կրթությունը:
Այդ խիստ սահմանափակ թվով մարդիկ կարծես թե մեկ այլ աշխարհում են ապրում` չպատկերացնելով պատերազմի իրական դեմքը և ազդեցությունը, թողնելով ժողովրդին մահ ու ավերի, սովի ու անորոշության մեջ:
Նրանք չեն հասկանում այդ կոնտրաստը, որ այդպես ՉԻ ԿԱՐԵԼԻ պատերազմել. ժողովրդի ձեռքում` սուր, իրենց ձեռքում` սուրճի բաժակ:
Նրանք չհասկացան, որ ՉԻ ԿԱՐԵԼԻ ժողովրդին ենթարկել շանտաժի և մոլորեցնել` ասելով, որ անդամակցում ենք ԵՏՄ-ին` ապահովելու համար անվտանգություն և բարեկեցություն:
Ահա այսպես` ոչ լաց է, ոչ ծիծաղ…
Եվ, վերջապես, նրանք չհասկացան, որ ժողովրդի սրով և արյամբ ազատագրված Հայրենիքը` մեր ազգային անվտանգության կարևոր երաշխիքը, ՉԻ ԿԱՐԵԼԻ առևտրի առարկա դարձնել` տարածելով «Մադրիդյան» կամ այլ անվամբ հանձնման պատմություններ:
Այս 25 տարիների ընթացքում ձևավորվեց երկու կողմ. մի կողմում` Հայկական պետականություն կերտող հայ ժողովուրդը, իսկ մյուս կողմում` իշխանությունը զավթած և ամեն գնով այն պահել ձգտող Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն իրենց սահմանափակ մտերիմներով:
Հայ ժողովուրդը կրկին ապացուցեց, որ նա լինելու է, նրա անվտանգության երաշխավորն իր ազգային զինված ուժերն են, և նրա իրական դաշնակիցը` հայ ժողովուրդը: Իսկ քառօրյա պատերազմը փաստեց, որ երկրորդ կողմում գտնվողները վատնել են նաև ռազմական անվտանգության միջոցները` թողնելով երկու կողմերին հարվածի տակ:
Անկախության սերնդի 20-ամյա երիտասարդները գիտակից անձնազոհությամբ վկայեցին, որ ճանաչում են ազատագրված Հայրենիքի անկախությունը և հրամայում են երկրորդ կողմում գտնվողներին` հայ ժողովրդից կողոպտած հարստությունն ամբողջապես ուղղել նոր ստեղծված իրավիճակում Հայկական պետականության կայացմանը և ամրապնդմանը` սկիզբ դնելով Հայկական պետականության ներկա 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով աշխարհում իրական քաղաքական գործոն լինելուն:
Զարուհի Փոստանջյան, 16.04.2016թ., Երևան
Комментариев нет:
Отправить комментарий