среда, 3 июня 2015 г.

«Եկեղեցաշինությանը հաջորդում է պետության կորուստը»



Հարցազրույց Հայկական ճարտարապետու-թյունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ

Որքան եկեղեցաշինությունը զարգանում է, այնքան երկիրը հյուծվում, քայքայվում է

- Մայիսի 31-ին Սևանում և Արտաշատում նորակառույց երկու եկեղեցիների օծման արարողությունն էր, իսկ դրանից առաջ արդեն ներկայացվել էր Կոմիտասի անվան զբոսայգում կառուցվող եկեղեցու մակետը: Եկեղեցաշինության այս միտումներն ինչի՞ հետևանք են:

- Արդեն խրոնիկ, անհույս, անբուժելի տգիտության հետևանք է: Եկեղեցաշինությունն այդքան չի մտահոգում ինձ, որքան անխուսափելիորեն դրան հաջորդող պետության կորուստը: Հիմա պետության հյուծման պրոցեսն է: Որպես կանոն միշտ աշխատել ենք այդ ուղղությամբ՝ մեր ազգային ռեսուրսն ամբողջությամբ քայքայել ենք, ըստ էության, սխալ հունի մեջ ենք դրել, մոտեցրել ենք պետության վախճանին: Երբ ասում ենք «դաս քաղել» կամ նման բաներ, հիմա չգիտեմ, ինչի՞ համար ենք ասում, բայց երբ հետ ենք նայում, տեսնում ենք, որ վանքաշինության, եկեղեցաշինության ցանկացած բուռն շրջանին անմիջապես հաջորդել է պաշտպանվածության զրոյական վիճակ, ազգային իշխանությունների ինքնուրույնության, անկախության կորուստ:

Սա եղել է, օրինակ, 12-13-րդ դարերում, որ անվանում ենք վերածնունդ: 13-րդ դարի սկզբին 15-20 տարվա ընթացքում կառուցված որքա՞ն վանք-եկեղեցի ունենք մինչև մոնղոլների մուտքը: Ընդ որում, մոնղոլները միանգամից չեկան, նրանք հետախուզական փոքրիկ զորաջոկատներ էին ուղարկում տնտղելու, թե ինչ բերդեր, ինչ պաշտպանություն ունենք, ինչ ուժ է պետք իրենց էս երկիրը նվաճելու համար: Իսկ երկիրը՝ տարված վանքաեկեղեցաշինության ճիշտ այսօրվա համանման մոլուցքով, նույնիսկ այդ փոքրիկ ջոկատներին պատասխան չտվեց, նրանք անարգել հետախուզեցին Հայաստանը, տեղեկացրին, որ ոչինչ է իրենից ներկայացնում, մինչդեռ մի փոքր զգոն որևէ ազգ այդ ջոկատներից կազատվեր: Մենք հարյուր տոկոս բթացած էինք, հիմա նույնն է կատարվում: Ակնհայտ է, որ բյուջեները կրճատվում են ամեն ոլորտում, երկրի քայքայումը համահունչ է. որքան եկեղեցաշինությունը զարգանում է, այնքան երկիրը հյուծվում, քայքայվում է, իր պաշտպանությունից է ընկնում, ամեն մի մասից:

- Բայց դրանք ի՞նչ ճիգեր են:

- Տգիտության դրսևորումներ են, տգիտության զարթոնք է, որը պայմանավորված է ընտրությամբ, երբ կանգնած ես երկընտրանքի առջև: 91-ին մենք կանգնած էինք այդ երկընտրանքի առջև՝ լույսն էլ է զենք, խավարն էլ է զենք, պետք է բարձր լինես, որ նախապատվությունը տաս լույսին: Ընդհանրապես, լույսն իբրև զենք քչերին է տրված: Մենք պարտավոր էինք ճիշտ կողմնորոշվել, մենք ի սկզբանե նախապատվությունը տվեցինք խավարին: Մեր պետականության անցած ամբողջ քառորդ դարի մեջ պարարտացնում ենք խավարը, որովհետև սնվում ենք խավարից: Բայց սա բերում է երկրի կործանման: Միջնադարից օրինակ բերեցի, բայց կարող եմ բոլոր դարաշարջաններից օրինակներ բերել, որ եկեղեցաշինությանը հաջորդում է պետականության կորուստը: Սա է:

- Շատ հոռետեսական է:

- Շատ ներողություն, թերթենք պատմությունը, ի՞նչ հոռետեսական: Մի քանի օր առաջ ընկերս էստեղ էր, իր խոսքը պիտի ասեմ. ասաց, որ «մեր ժողովուրդը տարօրինակ ժողովուրդ է, որքան իրեն խաբում ես, այնքան քեզ ավելի շատ են սիրում, որքան ճշմարտություններ ես փորձում մեջտեղ բերել, այնքան քեզ ատում են»:

Մենք թույլ տվեցինք, որ մեզ մեր գերեզմանին ավելի մոտեցնեն

- Ազգային գիտակցության ճգնաժամ կա՞:

- Միշտ ենք եղել այդ ճգնաժամի մեջ:

- Ձեր նշած վերջին քառորդ դարի ընթացքում:

- Դե, այս քառորդ դարում ակնհայտ է, որ ճգնաժամի մեջ ենք:

- Որտեղի՞ց սկսվեց սխալը, ո՞ր կետից շեղվեցինք:

- Հենց պետականության ընդունման սկզբում, իհարկե, ավելի վաղ էլ կարող եմ ասել: Մենք ողնաշար չունենք, դեմք չունենք: Օրինակ, տեսեք երկրաշարժ եղավ (սարքած էր, սարքած չէր, դա մի կողմ ենք թողնում), ամբողջ Խորհրդային Միությունը հայտնվեց մեր երկրում՝ օգնության ձեռք մեկնելու: Մենք՝ մեր հայրենիքի տերերս, ի՞նչ կեցվածք ընդունեցինք, եկեք մեզ օգնե՛ք: Մենք բացակա ենք մեր տան մեջ: Հաշված մետրերով սևահողային տարածքը, որի հաշվին գոյատևում ես, դրեցինք բետոնի տակ: Մեզ օգնության ձեռք մեկնելով՝ մեր հերն անիծեցին: Գիտեք ինչ կա, կարող էին ասել, բարով ես եկել, համեցեք, էս ղռերը, որ ոչ մի բանի պիտանի չեն, խոտ էլ չի բուսնում անասնապահության համար, կարող էիր տալ, բայց մենք թույլ տվեցինք, որ մեզ մեր գերեզմանին ավելի մոտեցնեն:

Բերքն աշխատանքով է լինում, աղոթքով չի լինում

- Հիմա ի՞նչ ունենք:

- Հիմա մեր էս կեցվածքի պատճառով խաթարված, պղծված, հարամված և շարունակաբար հարամվող, որովհետև մեր նկարագիրը չի վերականգնվել, նույն կեցվածքն ունենք, նույն անտարբերությունը, նույն անհոգիությունը: Սպառում ենք, սպառում, որովհետև տանտեր չես զգում, քո սիրտը չի ցավում քո երկրի համար, և սպառում ես, ամեն անցնող տարվա հետ սակավաթիվ անտառների քանակն է կրճատվում: Էս տարվա ապրիլին կրկին Տավուշի մարզի անտառներում էի, ի՜նչ է կատարվում, գիշատչի պես հարձակվել են, այսինքն՝ ոչ միայն մեր թոռան, այլև մեր երեխայի մասին չենք մտածում: Անկախության ամբողջ շրջանում մեր շատ-շատ ղեկավարներ, իրավահաջորդ տարբեր օղակներ ասել են, էսքան կտաս՝ կաշխատես, քանիսի՞ն ենք խրտնեցրել, վանել, հեռացրել՝ հայ, թե օտար, կապ չունի: Դրան գումարած անբուժելի տգիտությունը:

Տեսեք, մեր երկիրը, մեր հողը պիտի ջրարբիացվի: Պետական, համազգային նշանակությամբ ջրանցքներ են հարկավոր դրա համար: Ջրանցք կառուցելու փոխարեն նախապատվությունը տալիս ենք եկեղեցուն, որ աղոթենք, անձրև գա: Երբ պատմությանն ենք նայում, թե հայ մարդն իր հայրենիքում երբ է ջրանցք կառուցել, շատ հետաքրքիր բան է ստացվում. 3000 տարվա ջրանցքները մինչ օրս գործում են, այսինքն՝ նախաքրիստոնեական շրջանում էր, Վանի թագավորության ժամանակ: Այդ ջրանցքները հավերժական արժեքներ են, մի 3000 տարի և դեռ հայտնի չէ ինչքան՝ գործելու են: Երկիրը ջրարբիացնելու ծրագիր իրականացվում էր մեկ էլ խորհրդային տարիներին: Այսինքն՝ դա արվում էր այն բոլոր ժամակներում, երբ սա չէր արվում (ցույց է տալիս խաչակնքվելը): Բերքն աշխատանքով է լինում, աղոթքով չի լինում:

Խավարի որջերի համար հերթ են կանգնած

- Երբ ասում եք եկեղեցաշինությանը հաջորդում է պետականության կորուստը, արդյո՞ք նկատի ունեք այն, որ եկեղեցինությունը սխալ գործընթաց է:

- Եկեղեցաշինությունը՝ ոչ միայն այսօր, այսօր ուղղակի չի հասկացվում: 3-րդ հազարամյակում եկեղեցի կառուցելը նշանակում է՝ դեռ միջնադարի կաղապարված պատկերացումներից, այդ տգիտությունից դուրս չես եկել: Մեր գրասենյակ էր եկել Լոս Անջելեսից մի ճարտարագետ (անունը կարող եմ նշել, գաղտնիք չէ՝ Խորեն Սալմասյանը, 70-ն անց մարդ է): Լոս Անջելեսի Բըրբենք քաղաքում եկեղեցին էին կառուցել, որի ակունքներում ինքն էր կանգնած՝ սկսած կառուցման թույլտվություն ստանալուց: Նա պատմում էր, որ Կալիֆորնիա նահանգի մակարդակով՝ մինչև նահանգապետ, ընտանիքներով մոտ են եղել (իսկապես, հարգված մեկն էր): Դրանով հանդերձ, սակայն, եկեղեցի կառուցելու թույլտվություն ստանալու համար կյանքը գնաց: Իրենց ասել էին՝ ինչ մտքներով անցնում է՝ մշակույթի տներ, գիտության օջախներ, կարող են կառուցել, բայց այն, ինչ ցանկանում էին կառուցել, համահունչ չէ իրենց երկրին: Վերջում, ասաց, եկեղեցու հետ առնչություն չունեցող ծրագրեր են ընդգրկել, որպեսզի կառուցման թույլտվություն ստանան: Այդ եկեղեցին հայ համայնքին արժեցել է 70 մլն դոլար:

Իսկ երկրի ռազմավարական ճանապարհների կառուցման համար ամբողջ հայությանը թափ են տալիս՝ մարաթոն, տելեթոն, եսիմ ինչեր, մի 20 մլն հավաքվում կամ չի հավաքվում: Ասենք, երբ Մռավից թուրքերը մտնեն, ճանապարհ պիտի ունենաս հասնելու: Կամ, ասենք, «Շանթը» դրամահավաք էր կազմակերպել Գյումրիում «Թումոյի» մասնաճյուղ կառուցելու համար (գործն, ի վերջո, գլուխ բերեցին), մի մեծահարուստ հովանավոր չգտնվեց, որ լույսի օջախին մեկենաս լիներ, իսկ խավարի որջերի համար հերթ են կանգնած:

Ազգի համար աստվածային օրրանն իր հայրենիքն է

- Սոցիալական մեդիայում կարծիքներ հնչեցին, որ նոր կառուցվող եկեղեցիների գումարն ավելի լավ կլիներ տրամադրել միջնադարյան եկեղեցիների վերականգնմանը: Ձեզ համար տարբերություն կա՞, թե գումարներն ուր են ուղղվում:

- Եթե անպայման եկեղեցու ոլորտում պիտի ներդրվի, ասելու բան չէ, բայց 1000 տարվա հիշատակը թողնում ես կործանվի, չես ուզում փրկել, բայց այսօր չգիտեմ ինչ արժեքները սնկի պես բուսնում են, եկեղեցիներ ես կառուցում: Ամբողջ հարցն այն է, որ մենք այնքան խավարին կուլ գնացած վիճակում ենք, որ կաթողիկոսն ասում է՝ աղանդները կերան ազգս, ես եկեղեցիներ պիտի կառուցեմ: Նրա հետ մի քանի անգամ եմ հանդիպել, վերջին անգամ՝ մի 8 տարի առաջ: Բայց տեսնում ենք, որ ինչքան եկեղեցիները շատացան, այնքան աղանդավորները շատացան, որովհետև այդ եկեղեցիների մեջ նախևառաջ Աստված չկա: Ճիշտն ասած, եկեղեցում Աստված չի էլ եղել, ոչ թե միայն այսօր չկա: Մարդու հիվանդ մտքի հորինվածք է, թե եկեղեցին Աստծո տուն է: Որևէ ազգի համար աստվածային օրրանն իր հայրենիքն է, դրանից ավելի չի կարող լինել:

Մենք 1700 տարի հայրենիքի պաշտպանություն չունենք: «Հանուն»-ները շատ կարևոր են: Մեր ազգը 1700 տարի հանուն հայրենիքի չի ապրել, այսօր էլ չենք ապրում: Մեր կեցվածքից, գործունեությունից, արժեքների կարևությունը ցուցաբերելուց երևում է, որովհետև միակ ճշմարիտ արժեքը, հանուն որի արժե ապրել (եթե պետք է՝ մեռնել), հայրենիքն է, եթե դա չկա, քեզնից անկախ, սկսում ես լինել հաճույքներին տրված մեկը, այսինքն՝ հաճույքն է դառնում կյանքի շքեղությունը:

- Եկեղեցականների կողմից մրցակցություն տեսնո՞ւմ եք աշխարհիկ դասի հետ:

- Մրցակցություն չեմ տեսնում, տեսնում եմ խավարի սահմանները լայնացնելու, արմատացնելու ճիգեր: Ախր, իրենց հրաշապատումները 3-րդ հազարամյակի հետ ուղղակի կարճ միացում են տալիս:

- Նյութական ձգտումների, իշխանական լծակներ ձեռք բերելու մասին է խոսքը:

- Որևէ կառույց, որ ազգային չէ, ինձ համար արժեք չունի: Ապազգային կառույցներով հետաքրքրված չեմ: Դասալիքների որջ է: Մի քիչ ամաչում եմ մեր պետական այրերի համար, անկեղծ ասած: Պաշտպանության նախարարին չհաջողվեց դասալիքներին զինվորականի հագուստ հագցնել, բայց հոգևորականներին հաջողվեց նախարարին իրենց շապիկից հագցնել: Ամոթ վիճակում ենք:

Պաշտպանության նախարարությունը զինվորականության շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակությունը խորացնելու նպատակով դասախոսություններ էր կազմակերպել զորամասերում: Ինքս մասնակցել եմ երկու տարի, չգիտեմ՝ այս տարի կազմակերպելո՞ւ են, թե՞ ոչ, բայց հաստատ չեմ մասնակցի: Ինքս ինձ սկսում եմ չհարգել, եթե հոգևորականին մտցնում եք զորամաս իր այդ ապուշություններով, լայլայներով, թե ռմբակոծում էին, ռումբերը գալիս էին հասնում Գանձասար, բայց թռնում-գնում ուրիշ տեղ էին պայթում, որովհետև հրեշտակներն օգնում էին: Բերում եք, որ դա ասի, հետո կանչում եք ինձ, որ ի՞նչ ասեմ: Տեղ չեն թողնում: Եթե 1-2 անգամ հրաժարվել եմ, զուտ ժամանակի պատճառով էր, բայց մի անելանելի վիճակ են ստեղծել, ինչի պատճառով հրաժարվելու եմ:

Կարսում 1915 թ. ավարտվեց (դեռ 1900-ականի սկզբից թույլտվություն ստանալու գրագրություն էին արել, շինարարությունն սկսվել էր 1910-11 թթ.) մեծ գմբեթավոր եկեղեցու կառուցումը՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ անվամբ: Դրա օծումը տեղի ունեցավ 1915 թ.: Այն Կարսում կառուցված վերջին եկեղեցին էր, որը քանդեցին 1950-ականներին: Ցեղասպանության օրերին ինչպիսի՜ ներդրումներով կառուցվում է մի եկեղեցի, որպեսզի հավատքը զորանա, անսասան մնա, իսկ 3 տարի անց հենց այդ քաղաքը, որտեղ հավատքը եսիմ ուր էր հասել, առանց կրակոցի հանձնում են: Արդյո՞ք այդ եկեղեցու պատճառով էր, որ մեկ կրակոց չհնչեց: Ես գտնում եմ, որ կապ ունի:

«Մեր գործը խաբելն է, թող խաբենք, էլի»

- Ստեղծված իրավիճակից ելք տեսնո՞ւմ եք:

- Առողջ ծիլը կա, առողջ ուժերը կան: Այն միշտ էլ փոքր տոկոս է կազմել մեր ազգի մեջ, նույնիսկ անկեղծացող հոգևորականներ կան: Մի անգամ բարձրաստիճան հոգևորականներից մեկը (անունը չեմ տալիս, իրեն եմ խնայում) ինձ ասաց, որ «եթե մարդիկ ուզում են խաբվել, քո ինչ գործն է, մեր գործը խաբելն է, թող խաբենք, էլի»: Չեմ կարող ասել, թե ազնիվ է, ուրիշ բան է, որ չիմանաս, որ խաբում ես: Կույր հոգևորականներ կան, օրինակ, մի անգամ մի հոգևորական ինձ ասաց. «Իմ և Աստծու միջև կեղծիք չկա»: Նա չի իմանում, որ խաբում է: Սա ավելի տանելի է ինձ համար, քան այն, երբ իմանալով խաբում է, շարունակում է խաբել:

- Դուք ասացիք՝ «դասալիքների որջ»: Ի՞նչ հարաբերություններ ունեք այդ «որջի» ղեկավարի հետ:

- Ապազգային որևէ կառույցի հետ կապ չունեմ, հազվագյուտ մի քանի հոգևորականներ կան, որոնցից մեկն անկեղծացավ, այդ խոսքն ասաց ինձ:

- Շփումներն ի՞նչ մակարդակի վրա են:

- Շփում չունեմ նրանց հետ:

- Նախկինում հանդիպել էիք, ասացիք:

- Երբ նախկինում հանդիպել ենք, իմ նախաձեռնությամբ չի եղել: Մեր կազմակերպության հիմնադիր-նախագահը մեկ-երկու հանդիպման ժամանակ ինձ ասաց՝ կընկերակցե՞ս: Հանգուցյալ Հախնազարյանի հետ ենք եղել երկու անգամ: Հախնազարյանն այս բաներն ընդունում էր, բայց չէր բարձրաձայնում: Մենք շատ ենք խոսել այս նյութերի շուրջ, բայց բնույթից է գալիս: Շատ մարդիկ կան, ովքեր կկիսեն այս կարծիքը, բայց երբեք մի խոսք չեն ասի այդ մասին:

Ես պաշտամունք ունեմ՝ հայրենիքս է

- Աթեի՞ստ եք:

- Աթեիստը նա է, ով հավատք չունի: Ոչ, աթեիստ չեմ: Ես պաշտամունք ունեմ՝ հայրենիքս է, ինձ ուժեղ եմ զգում այդ պաշտամունքով: Դրա համար այնքան փոքր, մանր ու ողորմելի են ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները բարձր ու ցածր աստիճանների վրա, այլև համեմատաբար ավելի տանելի հայ կաթողիկեները կամ հայ բողոքականները կամ հայ մահմեդականները:

200 շնչից ավելի հայ մահմեդական ազգականներ ունեմ: Պապիկիս հորեղբոր սերունդներն են, պապիկիս հորը սպանել են, եղբայրը մահմեդականացել է: Ընտիր հայեր են: Երբ ճամփորդում էինք, լուր չունեինք, մեկամսյա ճամփորդություն էր, կտրվում էինք, իրենցից էինք իմանում, որ այսինչ օրը սահմանի այս կետի վրա հարձակում է եղել: Հեռավոր Մանազկերտի, Արածանիի վրա մի գյուղի մեջ գյուղացի հայ մարդիկ շատ ուշիմ ասացին. «Նայեք, մենակ մեր գյուղից մեր զենքով 100 հոգի կգանք, պատրաստ ենք, եթե խնդիր լինի, մեզ էլ նկատի առեք»:

Իսկ Պարգևի նման մեկը (սրբազան ասենք, իրենք սիրում են էս խոսքը) ասաց՝ ով առաքելական չէ, նա հայ չէ: Սա ի՞նչ նեղմտություն է, ի՞նչ ինքնասպառող մտայնություն է, ի՞նչ ասեմ՝ չգիտեմ: Ո՞ւր պիտի հասնես քո խելքով, քո ողորմելի քայլերով: Պատերազմի ժամանակ Ադրբեջանի տանկերի վրա Ադրբեջանի դրոշն էր նկարված, մեր տանկերի վրա՝ խաչ: Ամոթ չէ՞: Մեկը մտածե՞լ է այս ուղղությամբ: Մի ջոկատ կար, գիտե՞ք՝ ի՞նչ վնաս է բերել այն: Բեյրութում պատմում էին ինձ, թե ինչքան ջանք են դրել, որ ասեն՝ այդ ջոկատը կրոնական չէ, քրիստոնեության համար պատերազմ չէ, հայրենիքի կռիվ է:

«Ալ Ջազիրա»-ով ցույց էին տվել այդ կադրերը, և արաբական հեռուսալիքներն ասում էին՝ «բա ասում եք՝ կրոնական չէ»: Թիկունքից հարվածեցին, չգիտեմ՝ ինչ ներդրում են ունեցել պատերազմի ժամանակ, բայց իրենք սիրել են նկարվել, նորմալ կռվողներից շատերին գիտեմ, որ մի լուսանկար չունեն, կամ հազիվ 1-2 լուսանկար կգտնեք նրանց մոտ: Այդ բեմադրությունն ո՞ւմ համար էր: Եվ վերջերս տոնախմբություններին էլի մի ջոկատ տեսա, որ թևերին խաչեր էին: Տգետ ենք, չենք հասկանում, որ հանուն խաչի չէ այս պատերազմը, հանուն հայրենիքի է:

Ուժը պիտի տանք ազգությանն ու հայրենիքին, ինչքան կարողանում ենք ստորադասենք կրոնական կառույցները՝ հայ առաքելականից սկսած մինչև մնացածը: Եթե ուժը տանք ազգությանն ու հայրենիքին, տեսնելու ենք՝ ոնց ենք զորանալու, հայ մահմեդականն էլ պատրաստ կլինի նվիրվել, աթեիստն էլ, հեթանոսն էլ, այսինքն՝ հայը: Ուժը պետք է տալ հային, այլ ոչ թե հարցնել՝ ո՞ր կուսակցությունից ես: Աշխարհիկ կուսակցություններն աշխարհիկ դաշտում, կրոնական ուղղություններն էլ հոգևոր դաշտում ազգը պառակտելու միջոցներ են: Պիտի հասկանա՞նք, որ վնաս են, թե՞ ոչ:

Մարինե Մարտիրոսյան

1918-ի մասին պետք է ճշմարտությունն ասվի


Մայիսի 28-ը տոնում ենք որպես հանրապետության օր: Տոնում ենք եւ անցնում առաջ: Տոնում ենք եւ այդպես էլ չենք ցանկանում գտնել մի շարք հարցերի պատասխաններ: Իսկ առաջին հանրապետության պարտությունից դասեր քաղելու եւ համապատասխան հետեւություններ անելու համար մենք պետք է ուժ գտնենք եւ հասկանանք, թե ինչպես հնարավոր դարձավ վերականգնել անկախությունը, երբ մեր ազգը ենթարկվել էր ցեղասպանության, ինչպես ստացվեց, որ ընդլայնեցինք մեր պետության սահմանները, իսկ հետո շատ արագ կորցրինք հսկայական տարածքներ եւ վերջին հաշվով կորցրինք անկախությունը:

Բաց աչքերով իրենց պատմությանը նայում են ուժեղները: Մենք դեռ չենք ցանկանում տեսնել այն, ինչ մինչեւ հիմա չտեսնելու ենք տալիս, իսկ որ ամենակարեւորն է, շարունակում ենք առաջին հանրապետությանը նայել այն պատուհանից, որը մեզ համար բացել են խորհրդային պատմաբանները եւ մի փոքր մեծացրել դաշնակցականները:

Մենք ամաչում ենք ասել, որ 1918 թ. մայիսի վերջին, երբ Վրաստանն ու Ադրբեջանը հռչակեցին իրենց անկախությունը, մենք այդպես էլ այդ քայլին չգնացինք: Այսօր մենք ասում ենք, որ 1918թ. մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի անկախությունը, բայց իրականում նման բան չի եղել: Մայիսի 29-ին Թիֆլիսում գումարվում է ՀՅԴ Արեւմտյան եւ Արեւելյան բյուրոների, Ազգային խորհրդի դաշնակցական ներկայացուցիչների, ինչպես նաեւ Սեյմի հայ պատվիրակների միացյալ խորհրդաժողովը: Քննարկվում է ստեղծված վիճակը եւ Հայոց ազգային խորհուրդը որոշում է մի հռչակագիր ընդունել, որում նշված է, որ Ադրբեջանի եւ Վրաստանի կողմից իրենց անկախությունը հռչակելուց հետո ստեղծվել է նոր իրավիճակ, եւ որ Հայոց Ազգային Խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն: Այս հայտարարությունն ընդունվում է մայիսի 30-ին:

Ահա այսպես, Ազգային խորհուրդը չի համարձակվում հռչակել Հայաստանի անկախությունը: Ծանոթանալով ժամանակակիցների հուշերին, պարզվում է, որ չեն ցանկացել նեղացնել Ռուսաստանին եւ ձեռնպահ են մնացել անկախության հռչակումից: Ավելին, Ռուբենի «Հայ հեղափոխականի հիշատակները» գրքում նշված է, թե Ազգային խորհրդի անդամները չէին ցանկանում ուրախացնել թուրքերին եւ հռչակել Հայաստանի անկախությունը: Տարօրինակությունները, ինչպես տեսնում եք, շատ են: Նույն գրքում նշվում է, որ որեւէ մեկը Հայաստան պետությանը լուրջ չէր վերաբերում: Այն համարում էին Ռուսաստանի ծայրագավառ, մեր զորքերը ռուսական բանակի մի մաս, եւ որ հայ քաղաքական միտքը երբեք չի ցանկացել տուրք տալ թուրքերին եւ Ռուսահայաստանը պոկել Ռուսաստանից: Ամենատխուրն այն է, որ նշվում է, թե շատերը ստեղծված պետությունը համարում էին գերեզմանոց:

Հայաստանի անկախությունը հռչակվեց միայն 1919թ. մայիսի 28-ին, բայց համաձայնվեք, որ չնայած պատմության անիվը մեր կողմում էր, բայց ունենալով նման քաղաքական առաջնորդներ, նման վերաբերմունք պետության հանդեպ, հնարավոր չէր հաղթած դուրս գալ այս ամենի միջից: Ինչի մասին է խոսում այն, որ Հայաստանի կառավարությունը Երեւանում հայտնվեց միայն 1918թ. հուլիսի կեսերին, այն էլ այն բանից հետո, երբ վրացիներն այլեւս չհանդուրժեցին, որ Հայաստանի կառավարությունը գործի իրենց պետության մայրաքաղաքի ամենակենտրոնում: Կարող եք պատկերացնել մեկ այլ երկիր, որի կառավարությունը ցանկանա երկիրը ղեկավարել այլ պետության մայրաքաղաքից:

Եթե ցանկանում եք հասկանալ, թե ինչու տարածքներ կորցրինք եւ կորցրինք նաեւ անկախությունը, ապա գնացեք Պատմության թանգարան եւ ուշադիր նայեք առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու նոթատետրին: Այնտեղ միայն ռուսերեն գրառումներ են: Եւ ինչպես կարող է ռուսերեն մտածող եւ ռուսերեն գրող մարդը նպաստել Հայաստանի հզորացմանն ու զարգացմանը: Նույն Ռուբենի գրքում նշված է, որ բոլորը համոզված էին, որ այս վիճակը ժամանակավոր է եւ շատ շուտով Հայաստանը կրկին կհայտնվի Ռուսաստանի կազմում: Ահա այսպես:

Եւ մենք մինչեւ հիմա շարունակում ենք 1918-1920 թվականներին իրադարձություններին նայել խորհրդային պատմագիտության մատուցմամբ: Շատերը մինչեւ հիմա կարծում են, թե անգլիական զորքերը եղել են մեր թշնամիները, մեր հակառակորդները, այնինչ անգլիացիները մեզ միայն օգնել են, եւ ոչ միայն պարենով եւ հագուստով: Անգլիական բանակը քաղաքներ է ազատագրել եւ հանձնել Հայաստանին, անգլիացիները իրատեսական սահմաններով ուժեղ Հայաստան ստեղծելու առաջարկներ են արել, ինչը չի ընդունվել այն կառավարության կողմից, որը չէր ցանկանում ժամանել Երեւան: Արդյունքում անգլիացիները հուսահատ հեռացել են, հասկանալով, որ հայ քաղաքական միտքը շատ հեռու է պետություն ղեկավարելուց: Ի դեպ, Հայաստանին իրատեսական առաջարկներ են արվել նաեւ բոլշեւիկյան Ռուսաստանի կողմից, ինչը եւս մերժվել է: Հայերը Կասպից ծովից մինչեւ Միջերկրական ծով, Սեւ ծովից մինչեւ Տիգրիս ձգվող երկիր էին ուզում եւ ցանկանում էին, որ այն մեզ նվիրեն, իսկ իրականում այդպես չի լինում:

Թուրքերն առանց մարտերի գրավեցին Էրզրումը, Կարսը, Ալեքսանդրապոլը, իսկ մեր բանակն ավելի լավ էր զինված եւ ավելի մարդաշատ էր, բայց բանակը չկռվեց: Հայերը չէին հասկանում, թե ինչ է պետությունը եւ չէին ցանկանում կռվել հանուն իրենց պետության: Հայերը ցանկանում էին կռվել հանուն Ռուսաստանի կամ Թուրքիայի: Եթե այս մասին մենք բարձրաձայն չխոսենք, եթե այս մասին մենք համարձակորեն չխոսենք, ապա այս խնդիրներից մենք չենք ազատվի:

Մենք պետք է համարձակորեն խոսենք մաուզերիստների մասին, որոնք կեղեքում էին ժողովրդին, չթողնելով հասկանալ, թե ինչ լավ է ազգային պետություն ունենալ: Ահա սա է իրականությունը, որի մասին մենք նախընտրում ենք չխոսել, բայց առանց այս մասին խոսելու մենք չենք հասկանա, թե ինչու են ներկա իշխանությունները կեղեքում ժողովրդին, ինչու հայը չի սիրում Հայաստանը եւ շտապում է արտագաղթել, ինչու Սերժ Սարգսյանի «եւ-եւ»-ի պատճառով արտաքին ճակատում մենք միայն պարտություններ ենք կրում:

Հակոբ Ասատրյան 

четверг, 21 мая 2015 г.

Անմեղսունակությունը որպես կենսաձև


Հունիսի 12-28-ը Բաքվում առաջին եվրոխաղերն են: Ադրբեջանցիք են նախաձեռնել և «խաղացնելու» են այդ խաղերն՝ ի շահ իրենց ազգային ու պետական ամբիցիաների:
Ադրբեջանցիք միշտ էլ սուբյեկտային ու նախաձնող են եղել, սկսած իրենց ստեղծման պահից՝ 1918 թվականից ու մինչ հիմա:
Երբ մենք միտինգվում էինք պերեստրոյկայի հովերով, իրենք ազգովի Սումգայիթի սպանդն էին սարքում մեր գլխին:
Երբ մենք բողոքում էինք Գորբաչովին, իրենք 400 հազար հայի՝ անարգանքով, ծեծ ու ջարդով, թալանով ու սպանություններով արտաքսում էին տներից ու իրենց ֆորմալ տարածքից:
Երբ մենք կովկասյան «միակ» ժողովրդավարությունն էինք խաղում, իրենք պատերազմն էին սանձազերծում:
Երբ մենք «եվրոժողովրդավարություն» էինք խաղում, իրենք հենց Եվրոպայում քնած հային էին կացնահարում ու հերոս կարգվում:

Այսօր էլ իրենք իրենց խաղերն են խաղում:
Իսկ մենք ի՞նչ ենք անում:
Կասկած չունեմ, որ մենք էլ ենք խաղում: Ուղղակի «անմեղսունակ» ենք խաղում: Որովհետև այսքանից հետո միայն անմեղսունակությունը կարող է դրդել հազար անգամ ադրբեջանցուց տմարդի խաբված ու անարգված ազգին պետական ներկայացուցչությամբ գնալ Բաքու, մասնակցել իրենց խաղերին, ճաշակել նոր ստորացումներ ու մի գուցե, նաև հերթական սպանդի ենթարկվել:
Այդ կապակցությամբ միակ ու հիմնարար հարցը կա- գնում եք որ ինչ անեք, ինչի հասնեք, ում ի՞նչ ցույց տաք, կամ ապացուցեք:
Այլ հարց ուղղակի գոյություն չունի:

Իրականում այդ հարցն էլ գոյություն չունի: Ես, որպես մասնավոր անձ եմ այն ինքս ինձ տալիս: Իսկ որպես պետական-իշխանական, ազգային, կամ հանրային- հրապարակային, այն իրոք, պատշաճ հնչեղությամբ գոյություն չունի:
Մի մարդ «որոշել է» գնալ, պառլամենտը դակել է, մնացածն էլ ջուր են առել բերանները:
Իրականում այդ մարդն էլ չի որոշել: Ինչ որ մեկը, ինչ որ մի հեռախոս, օդից վերցրած մի վերին խորհուրդ, այդ մարդուն ասել է- գնալն է ճիշտը: Ու ազգովի, պետականորեն, գնում ենք Բաքու՝ խաղալու և առնվազն որպես օգտագործված, անպետք առարկա՝ ավելորդ անգամ դեն շպրտվելու:

Անկախության առաջին իսկ օրվանից, իշխանություն կոչված գյադաների կույտը երկրի ու ժողովրդի ձեռը «կրակն» էր ընկած: Այդ կոհորտան երկիրը պետություն սարքելու ձևը չգտավ, բայց և հայ մարդուց շահույթով ազատվելու ձևը գտավ՝ սկսեց արտաքսել-արտահանել նրան ու միլիոնատեր դարձավ:
Հիմա էլ պետականության ձեռն է կրակն ընկած՝ չգիտի որ պատովն այն տա, որ ջնջխվի, պրծնի- վերանա:
Սեպտեմբերի 3-ին հենց նույն մարդը միայնակ որոշեց բիրիքով ազատվել երկրի ու պետության բեռից- կապելով այն եվրասիականության սայլին: Ստորագրման պահին իսկ պարզ էր, որ այդ սայլը բլեֆ է՝ չկա այն ու չի կարող լինել: Բայց մեկ է, մենք համառորեն մեզ կապված ենք համարում այդ չեղած սայլին:

Ենթադրենք ինքնախաբեություն էր, տրված էինք ինքնախաբեության: Բայց ինչո՞ւ հենց մենք: Գենոցիդ է՝ ուրեմն մեր գլխին: Պատերազմ է՝ մեր գլխին, ամենաշատ զոհ տալ է պետք՝ մենք ենք: Արտագաղթելու ռեկորդներ են պետք՝ մենք ենք:
Մարդկությանը բազմաթիվ մահացու հիվանդություններ են հայտնի ու դրա դեմ բժշկություն կա: Իսկ մեր դեպքում ոչ մի դարման չկա՝ մենք ենք ու դեմ հանդիման, մեր վրա մակաբուծող ներքին տգետին ու անինքնասեր պաշտոնյային:
Հաղթանակած պատերազմով հանդերձ, ողբալի վիճակում ենք:

Մարդ չգիտի ինչ լեզվով ու ոճով խոսի, որ ընկալելի լինի որոշում կայացնողի հեռակա ականջներին, պառլամենտ կոչված «լավ տղերքին» և կյանքից կուչ եկած ու մարդկային «լսողությունը» կորցրած հայրենակիցներին:
Լավ, փողն ու իշխանությունը մթագնել են իշխանավորների ուղեղը, բայց մեր բոլորիս աչքերն էլ հո բաց են՝ մենք ինչո՞ւ ենք կույր ձևանում:
 Ենթադրենք թե «քաղաքացին» ու ուղեղակիր մարդը չկան, պետական շահն ու արժանապատվությունը չկան, բայց կյանքի վտանգով Բաքու մեկնող սպորտսմենները, իրենց ծնողները, ընկերներն ու շրջապատն էլ չկա՞ն:

Բա ձայն հանեք, ասեք որ թքած ունենք այդ մեկ մարդու տեսլականների վրա, պառլամենտ կոչված համազգային թյուրիմածության որոշման վրա: Ասեք, որ շախմատի «պեշկա» չեք, որին կարելի է տեղի- անտեղի է զոհել:
Բայց այդ ձայնն էլ չկա: Համատարած խաբեության, հուռա-հայրենասիրության, լպիրշ կեղծիքի, իշխանական ու ընդդիմադիր տհասության պայմաններում մի գուցե իրոք, դժվար է կողմնորոշվելը, բայց 24 տարի շարունա՞կ:

Պետական քարոզչամեքենան խրոնիկ մարդակերին որպես չարաճճի է ներկայացնում, դժոխային կյանքը՝ որպես աստվածատուր երջանկություն, միջազգային նորմերից 10 անգամ շատ ոստիկանությունը որպես կարգ ու կանոնի աղբյուր, սահմանից ներս եռակի թանկացած գազն ու դրա հետագա շղթայական ալան- թալանը՝ որպես հեռատես ռազմավարություն, մասսայական արտագաղթը- որպես անխուսափելի ժամանակագրություն, մտքի ու արժանապատվության բռնաբարումը՝ որպես հայրենասիրություն, երկրի կործանումն էլ որպես օրինաչափ վախճան:
Հետո՞...

Ամեն սուբյեկտ գոյության իր ձևն ունի: Մերոնք արդեն սկսել են հատել գոյության ամենստորին ձևերի սահմաններն էլ:
Օլիգարխիան տնտեսությունը, կյանքն ու ապագայի հարցերն է մոնոպոլացրել, ընդդիմություն էլ հայրենասիրությունը, ժողովրդավարությունն ու քաղաքացիականությունը: Բայց, բացի երկիր ավիրող մի բուռ դրանցից, երկու միլիոն հասարակ մահկանացու կա, անմեղ երեխա ու պատանեկություն կա, հայրենիք կոչվածով տառապող աշխարհասփյուռ հայություն կա:
Ժամանակին մի հիմար էր քար գցում ջրհորը ու մտահոգում հարյուրավորների: Իսկ հիմա երկիրը ջրհորի տեղ դրած հազարավոր հիմարներ են իրենց աղբն այնտեղ թափում:

Համազգային փրկիչը չկա, հանրային հերոսը չկա, ջրհորից քար հանող գիտունները չկան, բայց կան հարց լուծող հայտնի մարզպետները, «լավ տղերքը», նրանց «փառապանծ» սերունդն ու մանկլավիկները՝ անպարտ օլիգարխիան ու աճպարար քրեաոստիկանությունը:
Իգական, հոխորտացող տղամարդու տարօրինակ սեռատեսակ է կերտված երկրում: Կենսաբանորեն այն իբր տղամարդ է, բայց քաղաքական ու հանրային դրսևորումներով՝ կոնչիտայակերպ ինչ որ հիբրիդ:

24 տարի է, օր ու գիշեր ժողովրդավարություն բարբաջելով բռնապետություն էինք կերտում, բայց արարվածն անշուք ու անիմաստ, թքած- կպցրած բալագան է ընդամենը: Գոնե բռնապետություն լիներ, տղամարդու, բռնապետի մեղադրելու տեղ կունենայինք:
Էն օրը ամերիկացի ընկերս ասում է- ես իմ տուն մտնողին կգյուլլեմ: Ես էլ ասում եմ- թե իհարկե կգյուլլես, որովհետև օրենքը քո կողմն է, չես վախենա: Ինքն էլ զարմացած ինձ է նայում, թե ի՞նչ կապ ունի օրենքը: Մտել է տունս, ինձ է սպառնում, կգյուլլեմ: Դա իմ արժանապատվության հարցն է: Հետո կդատեն, չեն դատի, դա ինձ չի հետաքրքրում:

Զուգահեռ չեմ անցկացնում մեր հետ, որովհետև անիմաստ է: Նայենք կողքներս ու կտեսնենք, որ իրականում ոչ մեկս էլ իր տունն արդեն չունի: Դրանք բոլորը նվաճված են իգական տղամարդակերպի կողմից:
Անկազմակերպ ու անհոգ էինք՝ գենոցիդ ունեցանք:
Քաղաքականապես տգետ էինք՝ քրեականի բաժին դառանք:
Անինքնասեր ու զիջող ենք՝ Բաքու կգնանք:

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

воскресенье, 3 мая 2015 г.

Գիտնակա՞ն, թե՞…

Բաց նամակ-պատգամ մատաղ սերնդին


Չունի՛ և պարսից արքան 
Որքան պոետն անտուն,
Այնքան գա՛նձ ու խնդում 
Չունի՛ և պարսից արքան...

Կասկածո՞ւմ եք. գիտնակա՞ն, թե՞… այսինքն՝ խորհրդի կարի՞քն ունեք, մատաղ սերնդի սիրելի ներկայացուցիչնե՛ր, ուրեմն ասեմ՝ միանշանակ՝ գիտնակա՛ն, մատա՛ղ, գիտնակա՛ն։ «Մատաղը» իհարկե «մատաղ սերնդի» հետ սազացրած կատակ է՝ բառախաղ, որով ուզեցի ձեզ գրավել, որ խոսքս կարդաք մինչև վերջ։ Ես գիտնական չեմ, այլ, այսօր՝ պոետ, բայց այն բանակին եմ պատկանում, որտեղ գիտության հարգը լավ գիտեն։

Գիտեմ, որ այն երեխաները, որոնք գիտության պոչը բռնելու մտադրություն ու հնարավորություն ունեն, եթե անգամ լրջորեն չեն էլ հետաքրքրվել, միևնույն է՝ ականջի պոչով լսել են, որ վերջին շրջանում ինչքան ասես, բարձրաձայնվեց գիտության զարգացման համար ստեղծված անբարենպաստ վիճակի, ֆինանսավորման աններելի ցածրության, գիտության վարկանիշի բարձրացման անհրաժեշտության, ընդհանրապես, գիտնականի վիճակի մասին մեր երկրում։ Տարուց ավել  է, որ ֆեյսբուքում բացվել է երիտասարդ գիտնականների ՊԳՖԱ (Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում)  նախաձեռնությունն ու որն անվերջ զբաղված է վերը թվարկածս հարցերով։
Հիմա կասեք՝ ինչո՞ւ եք էդ մեծական բաները պատմում մեզ։ Կպատասխանեմ՝ ես ձեզ հետ զրուցում եմ ինչպես հավասարը՝ հավասարի, մեծը՝ մեծի հետ։ Մանավանդ, որ ուզում եմ անկեղծանալ ու ասել, որ մեծերն էլ են սխալվում… Ու մենք սխալվել ենք՝ անտեսելով ձեզ որոշ հարցերում, ես մեղքի զգացում ունեմ, պիտի փորձեմ ուղղել ակամա կատարած սխալները՝ քանի դեռ դրանց հետևանքները չեն երևում։

Երեխաներ ջան, այդ ո՞նց եղավ, որ ես ու ինձ նման շատերը մի պահ աչքներս թեքեցինք ու միգուցե դուք այդ ընթացքում բռնեցիք դաստիարակության ո՛չ այն ուղին, որը մենք նախատեսել էինք ու որը մեր նպատակը չէր։ Մի աֆորիզմ կա. «Խորը գլուխ տալով մեկին՝ մենք մեջքով շրջվում ենք դեպի մյուսը»։ Մեր պարագայում, իհարկե, վիճակը մի քիչ այլ է, քանի որ մենք ոչ թե գլուխ էինք տալիս, այլ անվերջ զբաղված էինք տարբեր ձևերով ու մեթոդներով, դիմում–նամակներով, լրջորեն ու ֆելիետոնային լեզվով՝ գիտության վիճակը բարելավելու կոչով դիմել իշխանավորներին, այսինքն՝ մենք անընդհատ դեմքով կանգնած լինելով դեպի «վերևները», ակամա մեջքով շրջվել էինք դեպի ձեզ։

Մենք մոռացել էինք, որ գիտության վիճակի մասին ասված այդքան վատ բաները դուք էլ եք լսում ու երբ ես ասում եմ՝ գիտնակա՛ն դարձեք, դուք հիմա մտածում եք՝ բայց ինչո՞ւ գիտնական դառնանք, Արամ քեռի, դառնանք, որ 30–60 հազար ստանա՞նք, ավելի լավ չի՞ դառնանք դատավոր ու, եթե ազնիվ աշխատենք, ստանանք 1–1.5 մլն դրամ, իսկ եթե՝ կաշառակեր՝ կրկնակի ու եռակի։ Ես պատասխանում եմ՝ չէ՜, մատա՛ղ՝ գիտնակա՛ն. սկսենք նրանից, որ ամեն մեկը չի կարող գիտնական դառնալ, բայց նա, ով կարող է, ում գիտելիքներն ու իմացությունները թույլ են տալիս, նա չպիտի անգամ երերա կասկածների մեջ։

Այսքան որ բարձրաձայնում ու ասում ենք, բայց չէ՞ որ մենք ուզում ենք այդ ոլորտը կարգավորել հատկապես ձե՛զ համար, դուք էլ հիմա ասում եք՝ որ էդքան վատ է, չենք դառնա՞։ Ոնց թե, սրա համար էի՞նք էսքան պայքարում: Օ’Հենրին մի հայտնի պատմվածք ունի, որը կոչվում է «Մոգերի ընծաները», սրան շատ նման մի իրավիճակ կա. կինը կտրում ու վաճառում է իր շքեղ վարսերն ու ամուսնու ժամացույցի համար շղթա գնում, իսկ ամուսինը վաճառում է ժամացույցն ու կնոջ վարսերի համար գնում վարսակալ։ Սա նման է այն բանին, որ մենք, բան ու գործ թողած, կարգավորում ենք գիտության ոլորտը, որ դուք այնտեղ մտնեք առանց պրոբլեմների. սա մեր նվերը պիտի լիներ ձեզ, իսկ դուք ուզում եք թողնել այն՝ նվիրելով մեզ ձեր (ներեցեք Արամ քեռուն) սխալ որոշո՞ւմը։

Ես համաձայն չե՛մ։ Ասեմ նաև, որ այս պատմվածքը երկու կարևոր խորհուրդ ունի. մեկն այն, որ վերն ասացի, մյուսը՝ որ երջանկությունը հարստության ու մեծ գումարների մեջ չի. երբ  հարուստ ամուսինը տալիս է կնոջը մի քանի հազար դոլար ու ասում՝ գնա քեզ համար նվեր առ իմ կողմից, դա երբեք չի կարող այն արժեքն ունենալ, ինչ ունի ժամացույցի գումարով գնած հասարակ վարսակալը, քանի որ դրանում կան սեր, նվիրում, հույզեր, թրթիռներ...

Շատ շեղվեցինք, երեխե՛ք ջան, վերադառնանք գիտությանը։ Ուրեմն՝ ավելի լավ է ստանալ մի քանի հազար դրամ, քան միլիոն, քանի որ միլիոնի դեպքում դուք փողի գինը չեք իմանա, իսկ մի քանի հազարի դեպքում հայրենական դրամի ամեն լումայի գինը լա՜վ կիմանք։J

Երկրորդ, եթե շատ գումար ունենաք, կարող եք շրջել աշխարհի շատ հետաքրքիր ու զարմանահրաշ վայրեր, բայց կան վայրեր, որ միայն գիտության մարդկանց են հասանելի. դրանք գիտության լաբիրինթոսներն են, որոնք, ասում են, որ շա՜տ ավելի հետաքրքիր, գրավիչ ու զարմանահրաշ են։ Ի վերջո, գիտությունը սահմաններ չունի, ու եթե ինչ–ինչ պատճառներով դու չես կարող լցնել սեփական երկրի գիտական մտքի գանձարանը, դու կարող ես լցնել աշխարհինը. Չէ՞ որ քո երկրին էլ մի կաթիլ կհասնի, իսկ օվկիանոսը կաթիլներից է գոյանում։ Բալզակն ասում է, որ այն մարդիկ, որոնք չափազանց շատ են վայելքներ ճաշակում, անխուսափելիորեն բթանում են: Գիտության մարդուն այդ վտանգը չի սպառնում։ Լավ գիտնականի համար բաց են աշխարհի բոլոր դռները, նա ամենուր ցանկալի ու հարգված է։ Նա կարևոր հյուրի իրավունքով մուտք ունի այնպիսի տեղեր, որտեղ մեկ ուրիշը մե՜ծ գումարներ ծախսելով հազիվ դռան մոտ կհայտնվի։

Այնպես որ, մասնագիտություն ընտրելիս առաջնորդվեք առողջ բանականությամբ և ոչ թե մեծ գումարներ վաստակելու հեռանկարով և շատ էլ մի տարվեք ՊԳՖԱ–ի մեծ քեռիների՝ գիտնականների աղքատության մասին  խոսակցություններով։ Սոկրատեսն ասել է՝ «Հարստությունը կիրթ լինելու մեջ է, իմաստության մեջ, առաքինության մեջ»։ Ի վերջո, գիտնականը աղքատ լինել չի կարող, քանի որ ամենամեծ հարստությունը գիտելիքն է։

Այնպես որ, դուք գիտնական դարձեք։ Դե իսկ ես… ինձ համար արդեն ուշ է. ես կմնամ պոետ, քանի որ...
Հարո՛ւստն է պոետն այնքան
Երկրի մթին բանտում...
Չունի՛ և պարսից արքան
Որքան պոե՛տն անտուն...

ԱՐԱՄ ՊԱՊԱՅԱՆ

четверг, 2 апреля 2015 г.

Անարգված Գենոցիդի վերջնական վարկաբեկումը


Ամեն հիմար կարող է իմանալ, կարևորը հասկանալն է:
Էյնշտեյն

Առանց նախապես մշակված ազգային ու պետական ռազմավարության ու մարտավարության սրըթնաց մոտենում ենք Գենոցիդի 100 րդ տարելիցին: Արդեն ուշ է մեղավոր պաշտոնեական պատասխանատուների մասին խոսելը: Առավել ևս, որ նրանք թքած ունեն թե մեր, թե իրենց պարտականությունների ու թե Գենոցիդի խնդրի վրա:
Իսկ ընդհանուր առմամբ, ներկա ողբալի քաղաքական-ազգային- հանրայինից այլ բան սպասելի էլ չէր: Անկախությունից հետո  մենք  բազմիցս անարգել ենք Գենոցիդի հիշատակը մեր առօրյա պետական վարք ու բարքով: Էնպես որ ներկա  անփառունակ վիճակը անսպասելիություն չունի իր մեջ:

Որպես պետականապաշտպան միջազգային ու անմիջական գործոն Գենոցիդը մենք չկարողացանք օգտագործել: Հակառակը, նույնիսկ պախարակվեցինք նրա հետ կապված անճարակության ու ոչ ադեկվատության դրսևորումներով: Ապրիլի 24 ին էլ անշուքության, մաշտաբային գաճաճության  ու ոչ պատշաճության այլ դրվագներ կգումարվեն եղածին ու ազգովի և պետականորեն կհայտնվենք մի նոր իրականության մեջ, ուր Գենոցիդն այլևս բեռ է լինելու՝ խեղճության, թուլության ու փոքրության խորհրդանիշ:

Ինչևէ, գոնե հիմա, ինքներս մեզ համար պարտավոր ենք որոշ ընդհանուր հայտարարների գալ:
Որովհետև երբ լսում եմ Գենոցիդով մեջտեղ հայտնվածներին ու նույնիսկ նրանում «մասնագիտորեն» կողմնորոշվողներին, ապա տեսնում եմ, որ էս էլ իմ ասելիքն ունեմ: Ըստ որում ոչ միայն որպես հայ, Գենոցիդի անձնական պահանջատեր, այլ նաև որպես տարրական կրթության տեր անհատ:

Գենոցիդի հարցը միջազգային քաղաքական լուսանցքներում է, բայց և, ապրիլի 24 -ի հետ կապված, մեզ որոշ տհաճ պարզաբանումներ են անհրաժեշտ, որպեսզի հայրենասիրական  հուռռա էյֆորիան մեզ  լրիվ չկործանի: 

1-Գենոցիդի իրացման պահին հայկական պետականություն գոյություն  չի ունեցել: Հետևաբար ներկա Հայաստանի հանդես գալը որպես գենոցիդված հայության պահանջատեր-իրավահաջորդ, միջազգային իրավանաբանական հիմնավորում է պահանջում:

Դա շատ մեծ ու լուրջ դիվանագիտական, մասնագիտական աշխատանք էր ենթադրում, որը պետք է կատարվեր, բայց չի կատարվել: ԵՎ մենք ձևակերպված,  միջազգային օրենքներին համապատասխան պատրաստի փաստագրված թղթապանակ չունենք: Եթե ինչ որ հրաշքով միջազգային մի ատյան  մեզանից պահանջի մեր ձևակերպված  դիրքորոշումները, մենք որևէ  ներկայացնելիք փաստաթուղթ չունենք:

2-  Թուրքիայում էլ, Գենոցիդի պատասխանատու երիտթուրքերի կառավարությունը ինքնալիկվիդացվել էր դեռ 1918 թվականին: Իսկ 1919 թվականի հուլիսի 5-ի թուրքական դատարանի որոշմամբ, Թալեաթը, Ջեմալը, Էնվերը և Նազիմը դատապարտվել էին մահապատժի, իսկ 27 այլ հանցագործներ էլ՝ տարբեր պատժաչափերի:
Հետևաբար Ժամանակակից Թուրքիան էլ իր արգումենտներն ունի՝

Ա-Գենոցիդի հանցագործության մասով ֆորմալ առումով իբր պատժել է մեղավորներին:

Բ-Ներկա Թուրքիան իրեն  չի համարում  երիտթուրքերի իրավահաջորդը:

Գ-Հայտարարում է, որ Գենոցիդ չի եղել, այլ եղել է ռազմական նկատառումներով իր քաղաքացիների տեղահանություն: Այս արգումենտը  հեռահար թաքնված տարր ունի իր մեջ: Այն նախապես մերժում է տեսականորեն հնարավոր հայկական ավտոնոմիայի ստեղծումը Թուրքիայի որևէ տարածքում:

Դ –Հայաստանի պահանջատիրության մասով Թուրքիան չի տեսնում   միջպետական քննարկման առարկա նույնիսկ: Ավելին, ինքը մասնակից է ադրբեջանական ագրեսսիային և դիվանագիտորեն և ռազմականով և անմիջականորեն՝ շրջափակման փաստով:
Իսկ քաղաքացիական սեփականության մասով ինքը պատրաստ է քննարկման- դատական կարգով կոմպենսացման, եթե կան հիմնավոր փաստաթղթեր անհատների ձեռքին: 
Եթե կողմնակի դիտորդի աչքերով՝ միջազգային իրավունքի  ֆորմալ-իրավաբանական առումով  նայենք խնդրին, ապա մենք ահավոր թերացած ենք ներկայանում մեր պարտադիր անելիքների մեջ և ոչ լուրջ արգումենտներով՝  պահանջատիրականի շրջանակներում:
Անկախության սկզբում Գենոցիդի հարցում ՀՀՇ-ի ռազմավարությունը ենթադրում էր, որ Հայկական անկախ պետությունը  ձեռնպահ է մնում ոչ միայն Թուրքիայի հանդեպ պահանջատիրությունից, այլև սփյուռքին է ընձեռում Գենոցիդի  հարցի հետապնդումը միջազգային ատյաններում: Այսինքն ՀՀՇ-ի մոտեցումներն իրականում ամբողջովին թուրքական շահերի շրջանակներում էին:

ՀՀՇ-ից հետո էլ հայկական մոտեցումներում ես որևէ լուրջ փոփոխություն չեմ տեսնում:  Ֆուտբոլային դիվանագիտությունը նույնիսկ առաջին քայլերն էլ չունեցավ, որ մարդ իմանար, թե ինչի մասին էր լինելու այն:

Այսօր էլ, ըստ էության հայտնի չէ, թե որն է հայկական պետության սկզբունքային դիրքորոշումը Գենոցիդի հարցում: ԵՎ չեմ էլ կարծում, թե ապրիլի 24-ին ինչ որ կոնկրետ դիրքորոշում կհայտնվի:

Անտերությունը, անսկզբունքայնությունը, անպատասխանատվությունը համապարփակ է  թե իշխանության, թե հանրության  և թե ընդդիմության մասով:
Իհարկե, այս բարձիթողի  վիճակն ունի իր միարժեք բացատրությունը: Թալանով ու երկրի մսխմամբ զբաղված հայկական  քրեաօլիգարխիկ իշխանությանը պետք չէ սուբյեկտայնություն ու դրանով պայմանավորված որևէ պատասխանատվություն: Հետևաբար հայկական իշխանությունների կողմից որևէ լուրջ անելիքն այս հարցում հակացուցված է նրանց:

Բայց և փաստն այն է, որ անցած 100 տարիներին Գենոցիդը եղել է և հայի և Հայաստանի պաշտպանական վահանը Թուրքիայից և մասնակիորեն՝ նաև Ադրբեջանից: Իհարկե Գենոցիդը  խաղաքարտ է եղել ուրիշների ձեռքին, շահարկվել է հարևանների ու գերուժերի կողմից, բայց և գոնե մասնակի, մեզ էլ է ծառայել:

Հենց հիմա էլ, մեր այս  ծնկաչոք վիճակում էլ, Գենոցիդը դեռ որ մեր միակ միջազգային պաշտպանական լծակն է, որը զուսպ է պահում անմիջական ու հեռակա թշնամիներին: Հայկական իշխանությունները սա շատ լավ գիտեն, բայց և չկա մեխանիզմը, որը կստիպի նրանց առավել էֆֆեկտիվ օգտագործել Գենոցիդի ընձեռած գործիքային դաշտն  ի շահ պետության,  հայության,  նահատակների հիշատակի ու իրավունքների: 

Թե ինչքանով կարժեզրկվի Գենոցիդը  ապրիլի 24-ին սպասվող մեր պետական ու հանրային անշնորհքությունների արդյունքում,  դժվար է ասել:

Ուղղակի անհրաժեշտ եմ համարում հարցի մեջ խորամուխ չեղած, ոչ հեռատես ու իրականության հետ հաշվի չնստողներին հիշեցնել հետևյալը:

-Սրբություն չհարգելը անձնական հարց է: Մի հարգեք, եթե այն ձեզ է վերաբերվում: Բայց դուք իրավունք չունեք հաշվի չնստելու ազգային-պետական սրբության՝ Գենոցիդի սպասարկման  պահանջների հետ, որի շնորհիվ դեռ որ գոյություն ունենք:

-Հրեաները Հոլոքոստը սարքեցին աշխարհի պատմության մեջ հայտնի որևէ  զենքից առավել գերհզոր մի զենք, լծակ, գործիք, որի սպառնալիքի  տակ կռացել է ողջ աշխարհը:
Ոչ միայն որևէ հրեա, այլև քաղաքակիրթ աշխարհի որևէ ներկայացուցիչ իրավունք չունի ոչ հարգալից վերաբերվել հանդեպ Հոլոքոստը: Իսկ մենք  անարգել ենք Գենոցիդն այն աստիճան, որ արդեն քրեականններն են նրա մասին ֆիլմ նկարում:  Իսկ աշխարհի առաջնորդներն  էլ, տեղյակ լինելով մեր պետական խամաճիկությանը, գերադասում են ենթարկվել հրավերքին՝ մասնակցել թուրքական ֆարսին, քան հարգել մեր համամարդկայինը:

-Մենք  արդեն անարգել ենք Գենոցիդը ոնց կարողացել ենք: Ապրիլի 24-ին էլ կանենք  անհնարինը՝ խղճուկ խեղկատակության ու աբսուրդի կվերածենք այն:
Խնդիրն է, թե ինչ ենք անելու ապրիլի 25-ին ու դրանից հետո:

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
https://www.facebook.com/notes/արա-հարությունյան/անարգված-գենոցիդի-վերջնական-վարկաբեկումը/934153713304187

пятница, 20 февраля 2015 г.

Գենոցիդը խիստ կարիքն ունի մեր գիտակցման և մեկնաբանման


Գենոցիդի 100-ամյա տարելիցի շեմին ենք: Արդյոք հասկացե՞լ ենք Գենոցիդն ինքներս, գիտակցել թե ինչու, ինչպես, ինչու հենց մենք:

Դատողություններ անելուց առաջ  նախապես պետք է պատասխան տրվի հիմնարար հարցին՝  թե ինչու հենց մենք: Տարածված կարծիքը, թե ռուսամետ ու քրիստոնյա հայությանը վերացնելով, Թուրքիան ռազմաստրատեգիական նկատառումներով իր թիկունքն էր ապահովում՝ գուցե ճշմարտացի է: Բայց այն ամբողջությամբ չի պատասխանում «ինչու հենց մենք» հարցին:

Օսմանյան կայսրության ներսում բազմաթիվ այլ փոքր ազգեր էլ կային, բայց  աննախադեպ գենոցիդի ենթարկվեցինք հենց մենք՝ հայերս: Հետևաբար, մենք ինչ որ թուլություններ ունեինք, որոնք տեսանելի էին թուրքերին և քաջալերեցին նրանց՝ մեր հանդեպ բնաջնջման քաղաքականության գնալու:

Իմ կարծիքով, մեր հիմնարար թուլությունը պետության մասին գիտելիքի իսպառ բացակայութունն էր մեզանում, և դրա հետ կապված, նաև ազգամիջյան և  ներհանրային համակեցության մասին մեր թյուր ու խոցելի պատկերացումները:

Ըստ բազմաթիվ վկայությունների, Արևմտահայաստանում հայերը ենթակա վիճակում են եղել և թուրքերի, և քրդերի համեմատ: Որոշ դեպքերում ենթակայությունը ծայրահեղ ստորացուցիչ է եղել, որի մասին մենք խուսափում ենք բարձրաձայնել:
Այդ մասին բազմաթիվ անհերքելի վկայություններ կան, որոնք առկա են նույնիսկ հայ դասականների, օրինակ Շիրվանզադեի մոտ:

Չխորանալով այդ մանրամասների մեջ, կարելի է պնդել, որ թուրքերը նախապես համոզված են եղել, որ գենոցիդը մեծ դիմադրության չի հանդիպելու, որ այն իրագործելի է, և նվազագույն միջոցներով ու ջանքերով իրագործել են այն:

Գենոցիդի օրինակը հետագայում գայթակղիչ է եղել նաև ադրբեջանական թուրքերի համար, որոնք հենց նույն ձեռագրով իրացրել են հայերի «մինի» գենոցիդ 1918-20-ին՝ արդեն ողջ Ադրբեջանի տարածքում:

Գենոցիդի նույն ձեռագիրը հասել է մինչև  մեր օրերը՝ 1988-1991 թվերի սումգայիթյան ու բաքվի ջարդերի ձևով, 340 հազար ադրբեջանահայության տեղահանման ու ռամիլ սաֆարովի կացնի տեսքով, Հրանտ Դինքի սպանության փաստով:
Այսինքն, գենոցիդը զետեղված է թուրք-հայ հարաբերությունների ներկա առանցքում էլ: Թուրքը համոզված է, որ կարող է ու պարտավոր է կացնահարել հային, իսկ հային էլ թվում է, որ ինքը հենց կացնահարվողն է:

Փաստացի, գենոցիդը երբեք էլ չի ավարտվել: Այն այսօր էլ կա ու ընթանում է: Մեծ առումով, գենոցիդի դրվագ էր նաև ֆուտբոլային դիվանագիտությունը՝ սկսած թշեր քաշքշելուց, վերջացրած թուրք նախագահի ներկայությամբ թուրքերից «կերած» գոլերի վրա հրճվող հայ նախագահով:

Այսինքն, «ինչու հենց մենք» հարցը արդեն նոր ձևակերպման ու պատասխանի է սպասում՝ իսկ հիմա ինչու էլի հենց մենք:

Մի գուցե կարելի էր այս ամենը որպես սադոմազոխիստական դժբախտ զուգադիպության ու հայության ճակատագրի հարցի հանգեցնել: Բայց 100-ամյակն է մոտերքում, և բացի այդ էլ գենոցիդը նաև հայապաշտպան ֆունկցիաներ ունի, որը լրջության է պարտավորեցնում:
Վերջին հազարամյակի ընթացքում մենք ոչ սուբյեկտիվ, ռեակտիվ՝ այսինքն արդեն կատարվածին արձագանքող վարքի մեջ ենք եղել: Այն հանգեցրել է պասիվ, ենթարկվող, կամազուրկ հանրային արժեքայինի ձևավորմանը, որն էլ իր հերթին կերտել է ենթակա, վախկոտ, զիջող անհատների:
Հիմա մենք գտնվում ենք ինքնակործան մի շրջանի մեջ, որի ամեն մի պտույտով ավելի ու ավելի ենք մոտենում վախճանի:

Առաջին հերթին մենք ինքներս, մեզ համար պետք է պարզենք գենոցիդը և դիրքավորվենք ըստ եզրակացությունների՝ թե ներսում, որպես հանրություն, և թե դեպի արտաքին աշխարհը՝ որպես ազգ ու պետություն:
Գենոցիդի հետ կապված ես հետևյալ հարցերն եմ տեսնում, որոնք մենք, հայերս պետք է հասկանանք, մշակենք ու ձևակերպենք մեր օգտին:

1. Ներկա Հայաստանը որպես Գենոցիդի արդյունք:

Այս հարցով հիմնական ասելիքն իհարկե պատմաբաններինն է: Բայց ես էլ իմ տեսակետն ունեմ: Մշեցի և սասունցի ավագներից լսած իմ տեղեկություններն ինձ այն համոզման են բերել, որ 1915-1918 թվականներին, գենոցիդից մազապուրծ հայ փախստականների հոսքը դեպի ներկա Հայաստանի տարածքը թվական առավելություն է ստեղծել հայերի և տեղի թուրքերի միջև: Այդ գործին ազգային մեծագույն ներդրում է ունեցել Անդրանիկը, որն իր փոքրաքանակ զորքով պաշտպանության տակ է վերցրել փախստականների ահռելի թափորները: Իր զորքի և փախստական կամավորների օգնությամբ կռիվներ է տվել Հայաստանի տարածքում վայրագություններ անող տեղական թուրքերի դեմ և ազատագրել տարածքներ՝ հայերի բնակեցման համար:

Առաջին Հանրապետության կազմավորումը չի եղել ներքին, կամային, քաղաքական պրոցես: Պետականությունը շնորհվել է դրսից՝ ի հետևանք Գենոցիդի և ի հետևանք Անդրանիկի հերոսամարտերի, որոնց արդյունքում գերակշիռ հայ էթնոս էր կուտակվել Հայաստանի տարածքում:

Մենք հաճախ նշում ենք Նժդեհի դերը Սյունիքի ազատագրման հարցում, բայց մոռանում ենք նշել Անդրանիկի շատ ավելի մեծ դերը՝ Հայաստանի մեծ մասը տեղաբնակ ագրեսիվ թուրքերից ազատագրելու հարցում:
Անփառունակ է, որ ներկա Հայաստանի կազմավորումն արդյունք էր արտաքին պրոցեսի՝ սովետի տրոհման, երկրորդ հանրապետությունը՝ ԽՍՀՄ կազմավորման,  իսկ առաջին հանրապետության ստեղծումն էլ արդյունք էր ոչ թե քաղաքական կամքի ու հասուն քայլերի, այլ գենոցիդվելու, և Անդրանիկի ու Նժդեհի ազգանվեր հերոսության:

2. Գենոցիդի հարցը տեսականորեն ձևակերպելու անկարողությունը հայկական 3 պետականությունների կողմից:

Այս հարցով վիճակն այնքան անմխիթար է, որ ասելիք էլ չկա: Համեմատենք քանակապես նույն կարգի երկու մեծագույն դժբախտությունները՝ հրեական Հոլոքոստը և հայկական Գենոցիդը: Թվապես համեմատելի այս երևույթները որպես աշխարհին հայտնի պատմական ու քաղաքական իրողություն որակապես ոչ համեմատելի են: Մեր թերացումների սրանից առավել ապացույց դժվար է գտնել:

3. Գենոցիդի հարցի ստվերումը սովետական շրջանում:

Չնայած պետական մակարդակով Գենոցիդը ստվերելու Սովետների քաղաքականությանը, 1965-ին նշվել է նրա 50-ամյակը, իսկ 1967-ին էլ կառուցվել է Մեծ եղեռնի հուշահամալիրը: Իմ կարծիքով, ամբողջատիրական ռեժիմի պայմաններում հուշահամալիրի կառուցումը հայ քաղաքական կամքի, մտքի և ջանքերի եզակի, մնայուն և հիմնարար նվաճում պետք է համարվի:

4. Հետսովետական շրջանում Գենոցիդի վարկաբեկումը:

Սա մեծ ներազգային խոսակցության նյութ է: Սուբյեկտայնությունը հարևաններին զիջած ու իր ժողովրդին արտագաղթի պարտադրող քրեապետությունից ոչ հաշիվ ու ոչ էլ պատիվ կարող ես պահանջել: Իշխանությունները Գենոցիդը սարքել են ծախու ապրանք, որը կարող է զիջվել ֆուտբոլային մի գոլով, սահման-բացել-փակվելով, կամ միջազգային շոուներով: Նրանց ձեռքին Գենոցիդն արդեն միջպետական առևտրի առարկա էլ չէ, այլ վայրկենական, որևէ որ մեկի խելքին փչած, թուրքերին հաճոյանալու էժանագին միջոց:

5. Գենոցիդի փաստերի հանդեպ անլուրջ վերաբերմունքը պետության ու հայության կողմից:

Այս հարցով պետք է խոսեն մասնագետները: Մի գուցե փաստերը համակարգված, հավաքագրված են ու ինչ որ տեղ կուտակված են: Բայց ընդհանուր կոնցեպտուալ մոտեցումներ և քաղաքական ձևակերպումներ հրապարակի վրա չկան: Իրականում շարքային հայն անտեղյակ է խնդրին:

6. Գենոցիդի հարցի մոնոպոլիզացիան հայկական լոբբիստական խմբերի կողմից:

Վերջին 30-40 տարիներին արևմտյան հայկական լոբբիզմը բավական մեծ գործ է արել գենոցիդը մատուցելու հարցում: Հայկական մեծ սփյուռք ունեցող որոշ երկրներում և ամերիկյան նահանգներում հաջողվել է պաշտոնապես  ճանաչել տալ Գենոցիդը որպես պետական դիրքորոշում: Բայց և, լոբբիստների մատուցած հաղթական թղթերն օգտագործվել են արևմտյան կառավարությունների կողմից՝ Թուրքիային շանտաժելով սեփական հարցերը լուծելու լծակ:

Իմ կարծիքով, արդյունավետ լոբբիզմի ուժը նրանում պետք է լիներ, որպեսզի չդառնար խաղալիք մեծ ուժերի ինտրիգների մեջ: Օրինակ վերջին տարիների ամերիկյան բոլոր ընտրված նախագահները խոստացած են եղել ճանաչել գենոցիդը, բայց և պաշտանավարման ընթացքում դրժել են իրենց խոստումը: Տրամաբանական կլիներ, եթե խաբված լոբբիստները հաշիվ պահանջեին ուխտադրուժ նախագահներից: Բայց ես չեմ հիշում նման որևէ դեպք: Նրանք աննկուն շարունակում են փողահավաքը հայությունից, հերթական նախագահին «համոզելու» համար: Իսկ իրականում այդ ապաշնորհ լոբբիզմն արդեն հաղթաթուղթ է դարձել հենց թուրքերի ձեռքում, որոնք այս ոչ էֆեկտիվ լոբբիզմը մատնացույց անելով՝ իրենց լուրջն են անում:

Գենոցիդի լոբբիզմի մյուս բացասական հետևանքը դա հայկական քրեածին իշխանությունների լեգիտիմացումն է: Մշտապես համագործակցելով հայկական ոչ լեգիտիմ իշխանությունների հետ, հենց լոբբսիտներն են նրանց ճանապարհ հարթել  դեպի միջազգային քաղաքական ասպարեզներ:

7. Գենոցիդը որպես ներկա հայ պետականության միակ պաշտպան և տարածքում հայության գոյության երաշխավոր:

Ներկա Հայաստանը գեոքաղաքական առումով մի մեծ փուշ է թուրանական կոկորդում: Մինչև եվրասիական միությանը միանալը, քանի դեռ կար գոնե  նվազագույն սուբյեկտայնությունը, Հայաստանը կայունության որոշակի դիրքեր ու երաշխիքներ ուներ հյուսիս–հարավ, արևելք- արևմուտք, Թուրքիա-Թուրան, Թուրքիա-Ադրբեջան, Իրան-ադրբեջանական Ատրպատական-Թուրքիա, Թուրքիա-քրդական ստեղծվելիք պետություն, ու մի քանի այլ՝ խիստ թեժ առանցքներում:
Իսկ ներկայում, ապասուբյեկտացած Հայաստանը կարող է ամեն վայրկյան զիջվել թուրքերին և նոր ոչնչացման ենթարկվել, եթե չլինի Գենոցիդի խիստ սաստող միջազգային գործոնը թուրքերի հանդեպ:
Եթե ներկա քաղաքական կուրությամբ ու ազգային անպատասխանատվությամբ շարունակվի Գենոցիդի հետագա վարկաբեկումը, ապա գործը կարող է հասնել մի անդառնալի սահմանի, որից այն կողմ այլևս Գենոցդիդն էլ չի կարող փրկել Հայաստանը նոր արհավիրքներից:

8. Գենոցիդի միջոցով ձևակերպելիք պահանջատիրությունն ու 100-ամյակի նշումը, որպես հայության և հայ պետականության դեմ ծառացած ներկա ամենակարևոր խնդիրը:

Ներկա պահին Գենոցիդի մատուցումը, մեկնաբանումն ու ձևակերպումը  մրցակցության մեծ խնդիր է մի կողմից հայության ու Հայաստանի, և մյուս կողմից էլ  Թուրքիայի ու թուրանական ազգերի միջև: Այո, և էրդողանը, և Ալիեւը, և նույնիսկ Նազարբաևն են շահագռգիռ, որ գենոցիդը նսեմացվի կամ չեղյալ հայտարարվի:
Եվ չեղյալ հայտարարելը մեծապես հենց մեզանից է կախված՝ Գենոցիդին գիտականորեն, ներկա դարին հարիր մոտեցումներով ու մեթոդաբանությամբ տեր կանգնելու մեր ունակությունից, մեր կարողություններից ու մեր կամքից:

Գենոցիդը դեռ որ մեր քաղաքական զենքն է ու մեր ձեռքին է: Բայց կախված 100-րդ տարելիցին նրա մատուցման որակից, Գենոցիդը կարող է դառնալ մեր պատուհասը: Այն, ինչ այսօր տեղի է ունենում հայաստանյան իշխանականի ներսում, և ըստ նախաշանների՝ հանդեպ Գենոցիդի 100-ամյա տարելիցը, տանում է հենց դրան:

Ակնհայտ է, որ իշխանական- պետական մակարդակով Գենոցիդի պատշաճ մատուցման խնդիրն արդեն իսկ տանուլ է տրված: Առաջին նախագահի կոչով՝ ժամանակին Գենոցիդն անտեսած իր կոհորտայից կազմված խմբով ու ներկա նախագահով հարցն առաջ տանելը ճանապարհ է դեպի նույն միջազգային աննախադեպ վարկաբեկումը: Այդ մարդիկ ժամանակին իշխանություն են եղել և Գենոցիդի վարկաբեկումը հենց իրենցից է սկսվել:
Ներկա վիճակում միակ ելքը դա կարող, գիտակ մասնագետ անհատների մեջտեղ գալն է, ինքնուրույն կազմակերպվելը, հիմնավորված ու քաղաքականապես հասուն հոդվածներով հանդես գալը, փոքր խմբերով հեռուստատեսային լուրջ քննարկումներ կազմակերպելը, և թարգմանված նյութերն ինտերնետ տեղադրելը:

Հենց հիմա պետք է շեշտվի, որ 100-ամյա տարելից ասելով մենք հասկանում ենք ոչ թե ապրիլի 24-ի օրը, այլ այդ օրվանից սկսվող մեկ տարվա ժամանակահատվածը, որի ընթացքում մենք շարունակելու ենք մեր ներքին հարցերի քննարկումը: Այս տարին առաջին հերթին հենց մեզ համար պետք է լինի ազգային վերակերտման տարի:
Պետք է սփյուռքի ու ողջ հայության ջանքերով անհապաղ Գենոցիդի ֆոնդ ձևավորվի, որը հնարավորություն կտա ֆինանսավորելու Գենոցիդի տվյալների բանկի ստեղծումը,  անգլերեն ֆիլմերի ու նյութերի անհապաղ ստեղծումը և տարածումը:

Մենք ինքներս ենք պարտավոր տալու Գենոցիդի կոնցեպտուալ ձևակերպումը՝ որպես հայկական պետականության ու գոյության հիմքերից մեկի, որպես անժամկետ պահանջատիրության, որպես ներհայկական կոնսոլիդացման մշտական գործոնի:
Նույն սկզբունքների վրա հրեությունը հասավ համաշխարհային գերիշխող դիրքերի: Մեզ նման բան իհարկե անհասանելի է: Բայց և պարտավոր ենք գոնե հետապնդել  Գենոցիդի ենթարկվածների վրեժը: Եվ դիտարկելով Գենոցիդը որպես մեր խարանը, միաժամանակ օգտագործել այն  որպես մեր վերակերտման ներկա միջոցն ու գործիքը:

Սույն հոդվածով ես ներազգային բաց խոսակցության և գործունեության կոչ եմ անում մասնագետներին, քաղաքագետներին, ինքնասիրության նշույլներ պահպանած իշխանավորներին ու բոլորին, որոնք ասելիք ունեն և ազգապահպանության պատասխանատվություն են կրում իրենց մեջ:

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 
Մեկնաբան

среда, 24 декабря 2014 г.

ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանի երազը


Ղարաբաղի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանն արդեն 30 տարի է` նստած է ԳՄ ղեկավարի աթոռին։ 30 տարում ինտրիգներ սարքելով, կասկածելի մրցակիցներին իրար դեմ լարելով, զրպարտելով, երբեմն էլ նաև սպառնալով ու վախեցնելով նրանց` նա անառիկ է պահել իր աթոռը։
Ու ահա, նա դարձյալ զրպարտություն, իրեն յուրահատուկ հերթական ստոր կեղծիքն է տպագրել։ Փորձեց լավ զգալ դրանից։ Իր մեջ կուտակված մաղձը, թույնը թափելուց կարծես թե պիտի հանգստանար, թեթևանար, բայց չէր ստացվում, հոգին չէր խաղաղվում։ Գնաց աշխատավայր, քարտուղարուհին սուրճ մատուցեց, սակայն նրան թվաց, թե քարտուղարուհին խղճահարությամբ նայեց իրեն։ Քիչ հետո դուռը ծեծեցին, ներս մտավ աշխատողներից մեկը, ինչպես միշտ՝ վախեցած ու շողոքորթ ժպիտը դեմքին սառած։ Բայց սա էլ կարծես խղճահարությամբ էր նայում իրեն։
Մինչև կեսօր նրա մոտ եկան նաև կոլեգաներից մի քանիսը։ Բոլորն էլ նրանից վախենում էին, բայց Հակոբյանին թվաց, թե սրանք էլ են իրեն մի ուրիշ ձևով նայում՝ խղճահարությամբ ու ցավով։ Ասես եկել են իրեն ցավակցելու։
Կեսօրից հետո Ղարաբաղի ԳՄ նախագահը որոշեց չգնալ աշխատանքի, որովհետև աստիճաններով բարձրանալիս հարևանը նույնպես ցավակցական հայացքով էր նայում և նույնիսկ մի տեսակ բարևեց։ Այն էլ ոչ թե բարև էր, այլ կարծես ասում էր՝ մնաս բարով...

Հակոբյանն ուզում էր բղավել, գոռալ, ասել, որ կենդանի է դեռ, ոչ մեկի խղճահարության կարիքը չունի, արդեն 30 տարի անփոփոխ ղեկավարում է Ղարաբաղի գրողների միությունը, դեռ մի այդքան էլ է ղեկավարելու։ Ուզում էր գոռալ, հայտարարել, որ ինքը Հայաստանի ու Ղարաբաղի ամենահարուստ գրողն է, այնքան փող ունի, որ կարող է իրեն ցավակցող հարյուրավորներին գնել, բայց կոկորդից ձայնի փոխարեն ինչ-որ խռխռոց դուրս եկավ։
Այդ գիշեր Հակոբյանը շատ վատ քնեց։ Բայց դա ոչ թե քուն էր, այլ մի անտանելի մղձավանջ։ Երազներն էլ խառն ու կցկտուր էին։ Հետո երազում տեսավ նրան։ Դուռը կամաց բացվեց, ու ներս մտավ նա՝ Հակոբյանի խիղճը։ Այս անգամ չբարևեց նույնիսկ։ Մթնված ու անտրամադիր էր։

-Սլավի՛կ, էդ ի՞նչ ես արել նորից,- հանդիմանանքով ասաց նա։-Ուրիշների ստորագրությամբ` այնքա՜ն գրեցիր, կեղծեցիր, զրպարտեցիր, չհանգստացա՞ր, հիմա էլ նույն զրպարտություններդ սկսել ես քո ստորագրությամբ տպել։ Ախր, քեզ ոչ ոք չի հավատում, դու ինքդ բոլորից լավ գիտես, որ ստում ու կեղծում ես։ Մարդիկ արդեն ծիծաղում են քեզ վրա։ Անցյալ անգամ էնքա՜ն երդվել էիր, խոսք էիր տվել, որ վե՛րջ, էլ զրպարտություններ չես գրելու։ Գոնե մի անգամ տղամարդու պես տեր կանգնեիր խոստմանդ։ Էդքան խաբելով, պարսավանքներ գրելով, ինտրիգներ սարքելով ո՞ւր ես գնում, մտածե՞լ ես այդ մասին։ Գոնե մի անգամ հետ նայե՞լ ես անցած ճանապարհիդ։ Կոխած տեղդ ոչ միայն ծաղիկ, խոտ էլ չի բուսնում։ Ոչ մի սրբություն չունես։ Անգամ նահատակված մարդու՝ Վարդան Հակոբյան-Հեսու վարդապետի էջն ես կողոպտել «Վիքիպեդիայում» և այնտեղ քո կենսագրությունը խցկել՝ մոռանալով ջնջել «վախճանվել է 1915 թ. Մուշի մոտ» տողը...
Հակոբյանը փորձեց հակաճառել, բայց բառերի տեղ բերանից անհոդաբաշխ ինչ-որ ձայներ դուրս եկան։

- Չէ՛, մի՛ խոսիր, դու լռի՛ր,- Խիղճն այս անգամ շատ զայրացած էր երևում,- հեքիաթներդ նորից չպատմես։ Վե՛րջ տուր, երդվում ես ու ստում, փորձում հիմարացնել բոլորին։ Գոնե ինձ հետ անկեղծ եղիր, մի՛ խաբիր, մի՛ կեղծիր։ Քո պատճառով արդեն ամաչում եմ մարդամեջ դուրս գալ։ Վերջին անգամ փողոցում անցորդներն այնպես էին ինձ նայում, կարծես օտար մոլորակից եկած հրեշ լինեի։ Մեկն էլ արհամարհանքով ասաց՝ քեզնից ի՞նչ Վարդան, չէ՜ մի, Վարդան Մամիկոնյա՜ն... Քո Սլավիկ անունն էլ փոխել ես մեր քաջ հերոսի անունով՝ որ ի՞նչ։
Կենսագրությունումդ էլ գրում ես. «Վ. Հակոբյանի ստեղծագործությունները տպագրվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, անգլերեն և այլ լեզուներով»։

Երևանում օտար լեզուների «գիտակ» մի քանիսին թարգմանել ես տալիս գրածներդ, Երևանում էլ տպում, որ ի՞նչ։ Ասես անգլիացին ու ֆրանսիացին էնտեղ ոտ ու ձեռ ընկած, իրենց դեսպանների միջոցով մակուլատուրադ իրենց երկիր արտահանելու մասին են մտածում միայն։ Այն դեպքում, որ քո հայրենիքում 20-30 ընթերցող չունես...
Ինչո՞ւ ես անամոթ ստեր տարածում քո խամաճիկների ստորագրությամբ, իբր, «Արցախը մայր Հայաստանին միացնելու մասին նամակի նախաձեռնողներից ու պատրաստողներից մեկն ես ու նամակի տակ առաջին ստորագրության հեղինակը», իբր, «Վարդան Հակոբյանը ոչ միայն պոետ է, այլ ազատամարտիկ, քաղաքական գործիչ...», ու այդ անամոթ խաբեությամբ ոգևորված տարածել ես, թե «մայիսի 8-9-ը Վարդան Հակոբյանն ակտիվորեն մասնակցել է Շուշիի ազատագրության ռազմագործողությանը»...
Գոնե կյանքում 10 մետրից զենք տեսած լինեիր, էլ չեմ ասում՝ զենք բռնած։ Բանակում չես ծառայել ու զորակոչի ենթակա տղաներիդ էլ 1992-ի փետրվարին Մարտակերտի շրջանից վիրավորներ տեղափոխող ուղղաթիռով փախցրել ես Երևան, հետո էլ դու մեկնել...

- Հերի՛ք է, լռի՛ր,- Հակոբյանի դեմքը կապտել էր։
- Ո՛չ, հերիք չէ։ Իսկ դու այդ «հերիքի» մասին երբևէ մտածե՞լ ես։ Հարցազրույցներ ես տալիս, հին փչոցիդ նոր փչոցներ գումարում։ Ասում ես՝ «Լինել Արցախի գրողների միության ղեկավար, նշանակում է ոչ թե պաշտոն վարել, այլ` մարտական դիրք գրավել»: Այդ որտե՞ղ ես մարտական դիրք գրավել՝ Երևանո՞ւմ, թե՞ Ստեփանակերտի կառավարական շենքերի շուրջ՝ իշխանություններից մի բան մուրալու համար։ Ինձնից էլ շարունակ փախչում ես, վախենում ես հիշեցնեմ «քաջագործություններդ»։ Արցախի ինքնապաշտպանության համար զենք ձեռք բերելու համար հավաքված սուղ միջոցներից այն տարիների համար պատկառելի 1700 ռուբլի էիր վերցրել. ի՞նչ ես արել այդ գումարը...
- Բավակա՛ն է...

- Քո միությունում Վերահսկիչ պալատի կողմից անցկացված ստուգումները հիշիր, որի մասին գրել էին թերթերը։ Ու դեռ միայն մի տարվա ֆինանսական գործերդ էին ստուգել և բազմաթիվ խայտառակ խախտումներ հայտնաբերել։ Ի՞նչ կլիներ վիճակդ, եթե քո 30 տարվա գործունեությունդ ստուգեն և դուրս գան կուտակած միլիոններիդ վրա։ Այդ մասին մտածե՞լ ես... Եթե մեկը հարցնի, թե ինչպե՞ս ես 1990-ականներին սփյուռքից կարիքավոր գրողների համար օգնությունից 100 դոլոր ստացել՝ որպես կարիքավոր գրող և 10 տարի հետո սկսել լողալ միլիոնների մեջ, ի՞նչ ես պատասխանելու... Մեր բարեկամ, մշակույթի գործիչ Շահեն Մկրտչյանն է նույնիսկ ձեռ առնում քեզ։ Ինձնից լավ ես հիշում, թե ինչ է գրել. «Դու ասպարեզ ես ելել մի հզոր բարերարի՝ Կևորկովի հովանավորությամբ... Վարդան բանաստեղծը չի գրավում իր հաստատուն տեղը ազգային գրականության մեջ, թեև շատ հեշտությամբ մեկը մյուսի հետևից գրքեր է ասպարեզ հանում... Իբրև համագյուղացի, մի քիչ էլ բարեկամ, խորհուրդ կտայի, որ մանր-մունր քինախնդիր բաները մի կողմ թողնես և զբաղվես ավելի լուրջ գործերով: Վերջակետ դնես «քողարկված» ստորացուցիչ մուրացկանությանը, կարևոր հարցերը սեփական ստամոքսի պրիզմայով լուծելու գեշ սովորությանը... Երեկ քեզ դիտողություն անողներին լռեցնում էիր Կևորկովի հետ ունեցած քո ջերմ հարաբերություններով, իսկ այսօր, դրության տեր պաշտոնյաների անունները շահարկելով, փորձում ես նույնը կատարելու»...

- Լռի՛ր, մի՛ շարունակիր,- Հակոբյանը վախեցած շուրջը նայեց,- կլսեն...
- Իսկ ինչո՞ւ լսելու մասին 2010 թվականի այն օրը չես մտածել, երբ Արցախի իշխանություններին վախեցնելու համար, շանտաժի նպատակով քո գրողների միության վարչությունը հավաքել ու հարց ես բարձրացրել. «Առաջարկում եմ ԼՂՀ գրողների միությունը դուրս բերել ԼՂՀ կազմից և դիմել Ադրբեջանի գրողների միությանը, այդ պետության գրողների միության կազմում ընդունելու խնդրանքով»: Բախտդ բերել էր, որ այդ խայտառակ դեմարշիդ մասին իշխանությունները չեն իմացել, Երևանում՝ նույնպես... Բայց կոլեգաներդ արդեն փսփսում են տարբեր մարդկանց մոտ...
- Վերջացրո՛ւ, վերջացրո՛ւ... Եկել, ինձ դասեր ես տալիս,- Հակոբյանը կատաղած ոտքի ելավ ու գրպանից մի թուղթ հանեց։- Հապա ինչպե՞ս վարվեմ սրա հետ։ Տպագրվելու օրից 20 տարի է անցել, բայց սրա պատճառով քուն ու հանգիստ չունեմ։
Խիղճը վերցրեց թուղթն ու սկսեց հանգիստ կարդալ.

- Ես անկեղծորեն հավատում եմ քեզ,
Դու Ղարաբաղի մասին երգ չունես,
Եվ բանաստեղծի սիրտ չունես մաքուր,
Դու հոնորար ես բառերից սարքում:

Քոնը կեղծելն ու շողոքորթելն է,
Քոնը քծնությամբ պաշտոն շորթելն է,
Քոնը իրար դեմ մարդկանց լարելն է,
Քոնը ամբիոնից ստից ճառելն է:

Քոնը սակարկել, դռներ բախելն է,
Քոնը, ընչաքաղց, առնել-ծախելն է,
Քոնը շանտաժն ու վայրահաչելն է,
Քեզնից ուժեղի ոտքը պաչելն է:

Մատնելն է քոնը, քոնը փքվելն է,
Քոնը սրբության վրա թքելն է:
Դու երկու տիրոջ ոտք լիզող շուն ես,
Դու Ղարաբաղի մասին երգ չունես:

Դե, հա, գիտեմ, Վազգեն Օվյանի պամֆլետն է քո մասին... Բայց խոստովանիր, որ լավ է գրել, իսկը քո դիմանկարն է, մի ավելորդ տող, մի ավելորդ բառ չկա, քո քանդակն է...
- Լռի՛ր, լռի՛ր, լռի՛ր- Հակոբյանը բռունցքը կատաղած զարկեց սեղանին, բայց այնպես պինդ էր զարկել, որ ցավից վեր թռավ։
Լույսն արդեն բացվում էր, բայց մահճակալին կիսանստած, քրտինքի մեջ կորած Հակոբյանին թվաց, թե չորս կողմը խավար է։
Վահրամ Օհանջանյան
Հ.Գ. - Օգտագործված փաստերը վերցված են հայաստանյան և արցախյան մամուլից...

ՎԱՀՐԱՄ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ