воскресенье, 3 мая 2015 г.

Գիտնակա՞ն, թե՞…

Բաց նամակ-պատգամ մատաղ սերնդին


Չունի՛ և պարսից արքան 
Որքան պոետն անտուն,
Այնքան գա՛նձ ու խնդում 
Չունի՛ և պարսից արքան...

Կասկածո՞ւմ եք. գիտնակա՞ն, թե՞… այսինքն՝ խորհրդի կարի՞քն ունեք, մատաղ սերնդի սիրելի ներկայացուցիչնե՛ր, ուրեմն ասեմ՝ միանշանակ՝ գիտնակա՛ն, մատա՛ղ, գիտնակա՛ն։ «Մատաղը» իհարկե «մատաղ սերնդի» հետ սազացրած կատակ է՝ բառախաղ, որով ուզեցի ձեզ գրավել, որ խոսքս կարդաք մինչև վերջ։ Ես գիտնական չեմ, այլ, այսօր՝ պոետ, բայց այն բանակին եմ պատկանում, որտեղ գիտության հարգը լավ գիտեն։

Գիտեմ, որ այն երեխաները, որոնք գիտության պոչը բռնելու մտադրություն ու հնարավորություն ունեն, եթե անգամ լրջորեն չեն էլ հետաքրքրվել, միևնույն է՝ ականջի պոչով լսել են, որ վերջին շրջանում ինչքան ասես, բարձրաձայնվեց գիտության զարգացման համար ստեղծված անբարենպաստ վիճակի, ֆինանսավորման աններելի ցածրության, գիտության վարկանիշի բարձրացման անհրաժեշտության, ընդհանրապես, գիտնականի վիճակի մասին մեր երկրում։ Տարուց ավել  է, որ ֆեյսբուքում բացվել է երիտասարդ գիտնականների ՊԳՖԱ (Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում)  նախաձեռնությունն ու որն անվերջ զբաղված է վերը թվարկածս հարցերով։
Հիմա կասեք՝ ինչո՞ւ եք էդ մեծական բաները պատմում մեզ։ Կպատասխանեմ՝ ես ձեզ հետ զրուցում եմ ինչպես հավասարը՝ հավասարի, մեծը՝ մեծի հետ։ Մանավանդ, որ ուզում եմ անկեղծանալ ու ասել, որ մեծերն էլ են սխալվում… Ու մենք սխալվել ենք՝ անտեսելով ձեզ որոշ հարցերում, ես մեղքի զգացում ունեմ, պիտի փորձեմ ուղղել ակամա կատարած սխալները՝ քանի դեռ դրանց հետևանքները չեն երևում։

Երեխաներ ջան, այդ ո՞նց եղավ, որ ես ու ինձ նման շատերը մի պահ աչքներս թեքեցինք ու միգուցե դուք այդ ընթացքում բռնեցիք դաստիարակության ո՛չ այն ուղին, որը մենք նախատեսել էինք ու որը մեր նպատակը չէր։ Մի աֆորիզմ կա. «Խորը գլուխ տալով մեկին՝ մենք մեջքով շրջվում ենք դեպի մյուսը»։ Մեր պարագայում, իհարկե, վիճակը մի քիչ այլ է, քանի որ մենք ոչ թե գլուխ էինք տալիս, այլ անվերջ զբաղված էինք տարբեր ձևերով ու մեթոդներով, դիմում–նամակներով, լրջորեն ու ֆելիետոնային լեզվով՝ գիտության վիճակը բարելավելու կոչով դիմել իշխանավորներին, այսինքն՝ մենք անընդհատ դեմքով կանգնած լինելով դեպի «վերևները», ակամա մեջքով շրջվել էինք դեպի ձեզ։

Մենք մոռացել էինք, որ գիտության վիճակի մասին ասված այդքան վատ բաները դուք էլ եք լսում ու երբ ես ասում եմ՝ գիտնակա՛ն դարձեք, դուք հիմա մտածում եք՝ բայց ինչո՞ւ գիտնական դառնանք, Արամ քեռի, դառնանք, որ 30–60 հազար ստանա՞նք, ավելի լավ չի՞ դառնանք դատավոր ու, եթե ազնիվ աշխատենք, ստանանք 1–1.5 մլն դրամ, իսկ եթե՝ կաշառակեր՝ կրկնակի ու եռակի։ Ես պատասխանում եմ՝ չէ՜, մատա՛ղ՝ գիտնակա՛ն. սկսենք նրանից, որ ամեն մեկը չի կարող գիտնական դառնալ, բայց նա, ով կարող է, ում գիտելիքներն ու իմացությունները թույլ են տալիս, նա չպիտի անգամ երերա կասկածների մեջ։

Այսքան որ բարձրաձայնում ու ասում ենք, բայց չէ՞ որ մենք ուզում ենք այդ ոլորտը կարգավորել հատկապես ձե՛զ համար, դուք էլ հիմա ասում եք՝ որ էդքան վատ է, չենք դառնա՞։ Ոնց թե, սրա համար էի՞նք էսքան պայքարում: Օ’Հենրին մի հայտնի պատմվածք ունի, որը կոչվում է «Մոգերի ընծաները», սրան շատ նման մի իրավիճակ կա. կինը կտրում ու վաճառում է իր շքեղ վարսերն ու ամուսնու ժամացույցի համար շղթա գնում, իսկ ամուսինը վաճառում է ժամացույցն ու կնոջ վարսերի համար գնում վարսակալ։ Սա նման է այն բանին, որ մենք, բան ու գործ թողած, կարգավորում ենք գիտության ոլորտը, որ դուք այնտեղ մտնեք առանց պրոբլեմների. սա մեր նվերը պիտի լիներ ձեզ, իսկ դուք ուզում եք թողնել այն՝ նվիրելով մեզ ձեր (ներեցեք Արամ քեռուն) սխալ որոշո՞ւմը։

Ես համաձայն չե՛մ։ Ասեմ նաև, որ այս պատմվածքը երկու կարևոր խորհուրդ ունի. մեկն այն, որ վերն ասացի, մյուսը՝ որ երջանկությունը հարստության ու մեծ գումարների մեջ չի. երբ  հարուստ ամուսինը տալիս է կնոջը մի քանի հազար դոլար ու ասում՝ գնա քեզ համար նվեր առ իմ կողմից, դա երբեք չի կարող այն արժեքն ունենալ, ինչ ունի ժամացույցի գումարով գնած հասարակ վարսակալը, քանի որ դրանում կան սեր, նվիրում, հույզեր, թրթիռներ...

Շատ շեղվեցինք, երեխե՛ք ջան, վերադառնանք գիտությանը։ Ուրեմն՝ ավելի լավ է ստանալ մի քանի հազար դրամ, քան միլիոն, քանի որ միլիոնի դեպքում դուք փողի գինը չեք իմանա, իսկ մի քանի հազարի դեպքում հայրենական դրամի ամեն լումայի գինը լա՜վ կիմանք։J

Երկրորդ, եթե շատ գումար ունենաք, կարող եք շրջել աշխարհի շատ հետաքրքիր ու զարմանահրաշ վայրեր, բայց կան վայրեր, որ միայն գիտության մարդկանց են հասանելի. դրանք գիտության լաբիրինթոսներն են, որոնք, ասում են, որ շա՜տ ավելի հետաքրքիր, գրավիչ ու զարմանահրաշ են։ Ի վերջո, գիտությունը սահմաններ չունի, ու եթե ինչ–ինչ պատճառներով դու չես կարող լցնել սեփական երկրի գիտական մտքի գանձարանը, դու կարող ես լցնել աշխարհինը. Չէ՞ որ քո երկրին էլ մի կաթիլ կհասնի, իսկ օվկիանոսը կաթիլներից է գոյանում։ Բալզակն ասում է, որ այն մարդիկ, որոնք չափազանց շատ են վայելքներ ճաշակում, անխուսափելիորեն բթանում են: Գիտության մարդուն այդ վտանգը չի սպառնում։ Լավ գիտնականի համար բաց են աշխարհի բոլոր դռները, նա ամենուր ցանկալի ու հարգված է։ Նա կարևոր հյուրի իրավունքով մուտք ունի այնպիսի տեղեր, որտեղ մեկ ուրիշը մե՜ծ գումարներ ծախսելով հազիվ դռան մոտ կհայտնվի։

Այնպես որ, մասնագիտություն ընտրելիս առաջնորդվեք առողջ բանականությամբ և ոչ թե մեծ գումարներ վաստակելու հեռանկարով և շատ էլ մի տարվեք ՊԳՖԱ–ի մեծ քեռիների՝ գիտնականների աղքատության մասին  խոսակցություններով։ Սոկրատեսն ասել է՝ «Հարստությունը կիրթ լինելու մեջ է, իմաստության մեջ, առաքինության մեջ»։ Ի վերջո, գիտնականը աղքատ լինել չի կարող, քանի որ ամենամեծ հարստությունը գիտելիքն է։

Այնպես որ, դուք գիտնական դարձեք։ Դե իսկ ես… ինձ համար արդեն ուշ է. ես կմնամ պոետ, քանի որ...
Հարո՛ւստն է պոետն այնքան
Երկրի մթին բանտում...
Չունի՛ և պարսից արքան
Որքան պոե՛տն անտուն...

ԱՐԱՄ ՊԱՊԱՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий