среда, 3 июня 2015 г.

1918-ի մասին պետք է ճշմարտությունն ասվի


Մայիսի 28-ը տոնում ենք որպես հանրապետության օր: Տոնում ենք եւ անցնում առաջ: Տոնում ենք եւ այդպես էլ չենք ցանկանում գտնել մի շարք հարցերի պատասխաններ: Իսկ առաջին հանրապետության պարտությունից դասեր քաղելու եւ համապատասխան հետեւություններ անելու համար մենք պետք է ուժ գտնենք եւ հասկանանք, թե ինչպես հնարավոր դարձավ վերականգնել անկախությունը, երբ մեր ազգը ենթարկվել էր ցեղասպանության, ինչպես ստացվեց, որ ընդլայնեցինք մեր պետության սահմանները, իսկ հետո շատ արագ կորցրինք հսկայական տարածքներ եւ վերջին հաշվով կորցրինք անկախությունը:

Բաց աչքերով իրենց պատմությանը նայում են ուժեղները: Մենք դեռ չենք ցանկանում տեսնել այն, ինչ մինչեւ հիմա չտեսնելու ենք տալիս, իսկ որ ամենակարեւորն է, շարունակում ենք առաջին հանրապետությանը նայել այն պատուհանից, որը մեզ համար բացել են խորհրդային պատմաբանները եւ մի փոքր մեծացրել դաշնակցականները:

Մենք ամաչում ենք ասել, որ 1918 թ. մայիսի վերջին, երբ Վրաստանն ու Ադրբեջանը հռչակեցին իրենց անկախությունը, մենք այդպես էլ այդ քայլին չգնացինք: Այսօր մենք ասում ենք, որ 1918թ. մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի անկախությունը, բայց իրականում նման բան չի եղել: Մայիսի 29-ին Թիֆլիսում գումարվում է ՀՅԴ Արեւմտյան եւ Արեւելյան բյուրոների, Ազգային խորհրդի դաշնակցական ներկայացուցիչների, ինչպես նաեւ Սեյմի հայ պատվիրակների միացյալ խորհրդաժողովը: Քննարկվում է ստեղծված վիճակը եւ Հայոց ազգային խորհուրդը որոշում է մի հռչակագիր ընդունել, որում նշված է, որ Ադրբեջանի եւ Վրաստանի կողմից իրենց անկախությունը հռչակելուց հետո ստեղծվել է նոր իրավիճակ, եւ որ Հայոց Ազգային Խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն: Այս հայտարարությունն ընդունվում է մայիսի 30-ին:

Ահա այսպես, Ազգային խորհուրդը չի համարձակվում հռչակել Հայաստանի անկախությունը: Ծանոթանալով ժամանակակիցների հուշերին, պարզվում է, որ չեն ցանկացել նեղացնել Ռուսաստանին եւ ձեռնպահ են մնացել անկախության հռչակումից: Ավելին, Ռուբենի «Հայ հեղափոխականի հիշատակները» գրքում նշված է, թե Ազգային խորհրդի անդամները չէին ցանկանում ուրախացնել թուրքերին եւ հռչակել Հայաստանի անկախությունը: Տարօրինակությունները, ինչպես տեսնում եք, շատ են: Նույն գրքում նշվում է, որ որեւէ մեկը Հայաստան պետությանը լուրջ չէր վերաբերում: Այն համարում էին Ռուսաստանի ծայրագավառ, մեր զորքերը ռուսական բանակի մի մաս, եւ որ հայ քաղաքական միտքը երբեք չի ցանկացել տուրք տալ թուրքերին եւ Ռուսահայաստանը պոկել Ռուսաստանից: Ամենատխուրն այն է, որ նշվում է, թե շատերը ստեղծված պետությունը համարում էին գերեզմանոց:

Հայաստանի անկախությունը հռչակվեց միայն 1919թ. մայիսի 28-ին, բայց համաձայնվեք, որ չնայած պատմության անիվը մեր կողմում էր, բայց ունենալով նման քաղաքական առաջնորդներ, նման վերաբերմունք պետության հանդեպ, հնարավոր չէր հաղթած դուրս գալ այս ամենի միջից: Ինչի մասին է խոսում այն, որ Հայաստանի կառավարությունը Երեւանում հայտնվեց միայն 1918թ. հուլիսի կեսերին, այն էլ այն բանից հետո, երբ վրացիներն այլեւս չհանդուրժեցին, որ Հայաստանի կառավարությունը գործի իրենց պետության մայրաքաղաքի ամենակենտրոնում: Կարող եք պատկերացնել մեկ այլ երկիր, որի կառավարությունը ցանկանա երկիրը ղեկավարել այլ պետության մայրաքաղաքից:

Եթե ցանկանում եք հասկանալ, թե ինչու տարածքներ կորցրինք եւ կորցրինք նաեւ անկախությունը, ապա գնացեք Պատմության թանգարան եւ ուշադիր նայեք առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու նոթատետրին: Այնտեղ միայն ռուսերեն գրառումներ են: Եւ ինչպես կարող է ռուսերեն մտածող եւ ռուսերեն գրող մարդը նպաստել Հայաստանի հզորացմանն ու զարգացմանը: Նույն Ռուբենի գրքում նշված է, որ բոլորը համոզված էին, որ այս վիճակը ժամանակավոր է եւ շատ շուտով Հայաստանը կրկին կհայտնվի Ռուսաստանի կազմում: Ահա այսպես:

Եւ մենք մինչեւ հիմա շարունակում ենք 1918-1920 թվականներին իրադարձություններին նայել խորհրդային պատմագիտության մատուցմամբ: Շատերը մինչեւ հիմա կարծում են, թե անգլիական զորքերը եղել են մեր թշնամիները, մեր հակառակորդները, այնինչ անգլիացիները մեզ միայն օգնել են, եւ ոչ միայն պարենով եւ հագուստով: Անգլիական բանակը քաղաքներ է ազատագրել եւ հանձնել Հայաստանին, անգլիացիները իրատեսական սահմաններով ուժեղ Հայաստան ստեղծելու առաջարկներ են արել, ինչը չի ընդունվել այն կառավարության կողմից, որը չէր ցանկանում ժամանել Երեւան: Արդյունքում անգլիացիները հուսահատ հեռացել են, հասկանալով, որ հայ քաղաքական միտքը շատ հեռու է պետություն ղեկավարելուց: Ի դեպ, Հայաստանին իրատեսական առաջարկներ են արվել նաեւ բոլշեւիկյան Ռուսաստանի կողմից, ինչը եւս մերժվել է: Հայերը Կասպից ծովից մինչեւ Միջերկրական ծով, Սեւ ծովից մինչեւ Տիգրիս ձգվող երկիր էին ուզում եւ ցանկանում էին, որ այն մեզ նվիրեն, իսկ իրականում այդպես չի լինում:

Թուրքերն առանց մարտերի գրավեցին Էրզրումը, Կարսը, Ալեքսանդրապոլը, իսկ մեր բանակն ավելի լավ էր զինված եւ ավելի մարդաշատ էր, բայց բանակը չկռվեց: Հայերը չէին հասկանում, թե ինչ է պետությունը եւ չէին ցանկանում կռվել հանուն իրենց պետության: Հայերը ցանկանում էին կռվել հանուն Ռուսաստանի կամ Թուրքիայի: Եթե այս մասին մենք բարձրաձայն չխոսենք, եթե այս մասին մենք համարձակորեն չխոսենք, ապա այս խնդիրներից մենք չենք ազատվի:

Մենք պետք է համարձակորեն խոսենք մաուզերիստների մասին, որոնք կեղեքում էին ժողովրդին, չթողնելով հասկանալ, թե ինչ լավ է ազգային պետություն ունենալ: Ահա սա է իրականությունը, որի մասին մենք նախընտրում ենք չխոսել, բայց առանց այս մասին խոսելու մենք չենք հասկանա, թե ինչու են ներկա իշխանությունները կեղեքում ժողովրդին, ինչու հայը չի սիրում Հայաստանը եւ շտապում է արտագաղթել, ինչու Սերժ Սարգսյանի «եւ-եւ»-ի պատճառով արտաքին ճակատում մենք միայն պարտություններ ենք կրում:

Հակոբ Ասատրյան 

Комментариев нет:

Отправить комментарий