Ղարաբաղի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանն արդեն 30 տարի է` նստած է ԳՄ ղեկավարի աթոռին։ 30 տարում ինտրիգներ սարքելով, կասկածելի մրցակիցներին իրար դեմ լարելով, զրպարտելով, երբեմն էլ նաև սպառնալով ու վախեցնելով նրանց` նա անառիկ է պահել իր աթոռը։
Ու ահա, նա դարձյալ զրպարտություն, իրեն յուրահատուկ հերթական ստոր կեղծիքն է տպագրել։ Փորձեց լավ զգալ դրանից։ Իր մեջ կուտակված մաղձը, թույնը թափելուց կարծես թե պիտի հանգստանար, թեթևանար, բայց չէր ստացվում, հոգին չէր խաղաղվում։ Գնաց աշխատավայր, քարտուղարուհին սուրճ մատուցեց, սակայն նրան թվաց, թե քարտուղարուհին խղճահարությամբ նայեց իրեն։ Քիչ հետո դուռը ծեծեցին, ներս մտավ աշխատողներից մեկը, ինչպես միշտ՝ վախեցած ու շողոքորթ ժպիտը դեմքին սառած։ Բայց սա էլ կարծես խղճահարությամբ էր նայում իրեն։
Մինչև կեսօր նրա մոտ եկան նաև կոլեգաներից մի քանիսը։ Բոլորն էլ նրանից վախենում էին, բայց Հակոբյանին թվաց, թե սրանք էլ են իրեն մի ուրիշ ձևով նայում՝ խղճահարությամբ ու ցավով։ Ասես եկել են իրեն ցավակցելու։
Կեսօրից հետո Ղարաբաղի ԳՄ նախագահը որոշեց չգնալ աշխատանքի, որովհետև աստիճաններով բարձրանալիս հարևանը նույնպես ցավակցական հայացքով էր նայում և նույնիսկ մի տեսակ բարևեց։ Այն էլ ոչ թե բարև էր, այլ կարծես ասում էր՝ մնաս բարով...
Հակոբյանն ուզում էր բղավել, գոռալ, ասել, որ կենդանի է դեռ, ոչ մեկի խղճահարության կարիքը չունի, արդեն 30 տարի անփոփոխ ղեկավարում է Ղարաբաղի գրողների միությունը, դեռ մի այդքան էլ է ղեկավարելու։ Ուզում էր գոռալ, հայտարարել, որ ինքը Հայաստանի ու Ղարաբաղի ամենահարուստ գրողն է, այնքան փող ունի, որ կարող է իրեն ցավակցող հարյուրավորներին գնել, բայց կոկորդից ձայնի փոխարեն ինչ-որ խռխռոց դուրս եկավ։
Այդ գիշեր Հակոբյանը շատ վատ քնեց։ Բայց դա ոչ թե քուն էր, այլ մի անտանելի մղձավանջ։ Երազներն էլ խառն ու կցկտուր էին։ Հետո երազում տեսավ նրան։ Դուռը կամաց բացվեց, ու ներս մտավ նա՝ Հակոբյանի խիղճը։ Այս անգամ չբարևեց նույնիսկ։ Մթնված ու անտրամադիր էր։
-Սլավի՛կ, էդ ի՞նչ ես արել նորից,- հանդիմանանքով ասաց նա։-Ուրիշների ստորագրությամբ` այնքա՜ն գրեցիր, կեղծեցիր, զրպարտեցիր, չհանգստացա՞ր, հիմա էլ նույն զրպարտություններդ սկսել ես քո ստորագրությամբ տպել։ Ախր, քեզ ոչ ոք չի հավատում, դու ինքդ բոլորից լավ գիտես, որ ստում ու կեղծում ես։ Մարդիկ արդեն ծիծաղում են քեզ վրա։ Անցյալ անգամ էնքա՜ն երդվել էիր, խոսք էիր տվել, որ վե՛րջ, էլ զրպարտություններ չես գրելու։ Գոնե մի անգամ տղամարդու պես տեր կանգնեիր խոստմանդ։ Էդքան խաբելով, պարսավանքներ գրելով, ինտրիգներ սարքելով ո՞ւր ես գնում, մտածե՞լ ես այդ մասին։ Գոնե մի անգամ հետ նայե՞լ ես անցած ճանապարհիդ։ Կոխած տեղդ ոչ միայն ծաղիկ, խոտ էլ չի բուսնում։ Ոչ մի սրբություն չունես։ Անգամ նահատակված մարդու՝ Վարդան Հակոբյան-Հեսու վարդապետի էջն ես կողոպտել «Վիքիպեդիայում» և այնտեղ քո կենսագրությունը խցկել՝ մոռանալով ջնջել «վախճանվել է 1915 թ. Մուշի մոտ» տողը...
Հակոբյանը փորձեց հակաճառել, բայց բառերի տեղ բերանից անհոդաբաշխ ինչ-որ ձայներ դուրս եկան։
- Չէ՛, մի՛ խոսիր, դու լռի՛ր,- Խիղճն այս անգամ շատ զայրացած էր երևում,- հեքիաթներդ նորից չպատմես։ Վե՛րջ տուր, երդվում ես ու ստում, փորձում հիմարացնել բոլորին։ Գոնե ինձ հետ անկեղծ եղիր, մի՛ խաբիր, մի՛ կեղծիր։ Քո պատճառով արդեն ամաչում եմ մարդամեջ դուրս գալ։ Վերջին անգամ փողոցում անցորդներն այնպես էին ինձ նայում, կարծես օտար մոլորակից եկած հրեշ լինեի։ Մեկն էլ արհամարհանքով ասաց՝ քեզնից ի՞նչ Վարդան, չէ՜ մի, Վարդան Մամիկոնյա՜ն... Քո Սլավիկ անունն էլ փոխել ես մեր քաջ հերոսի անունով՝ որ ի՞նչ։
Կենսագրությունումդ էլ գրում ես. «Վ. Հակոբյանի ստեղծագործությունները տպագրվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, անգլերեն և այլ լեզուներով»։
Երևանում օտար լեզուների «գիտակ» մի քանիսին թարգմանել ես տալիս գրածներդ, Երևանում էլ տպում, որ ի՞նչ։ Ասես անգլիացին ու ֆրանսիացին էնտեղ ոտ ու ձեռ ընկած, իրենց դեսպանների միջոցով մակուլատուրադ իրենց երկիր արտահանելու մասին են մտածում միայն։ Այն դեպքում, որ քո հայրենիքում 20-30 ընթերցող չունես...
Ինչո՞ւ ես անամոթ ստեր տարածում քո խամաճիկների ստորագրությամբ, իբր, «Արցախը մայր Հայաստանին միացնելու մասին նամակի նախաձեռնողներից ու պատրաստողներից մեկն ես ու նամակի տակ առաջին ստորագրության հեղինակը», իբր, «Վարդան Հակոբյանը ոչ միայն պոետ է, այլ ազատամարտիկ, քաղաքական գործիչ...», ու այդ անամոթ խաբեությամբ ոգևորված տարածել ես, թե «մայիսի 8-9-ը Վարդան Հակոբյանն ակտիվորեն մասնակցել է Շուշիի ազատագրության ռազմագործողությանը»...
Գոնե կյանքում 10 մետրից զենք տեսած լինեիր, էլ չեմ ասում՝ զենք բռնած։ Բանակում չես ծառայել ու զորակոչի ենթակա տղաներիդ էլ 1992-ի փետրվարին Մարտակերտի շրջանից վիրավորներ տեղափոխող ուղղաթիռով փախցրել ես Երևան, հետո էլ դու մեկնել...
- Հերի՛ք է, լռի՛ր,- Հակոբյանի դեմքը կապտել էր։
- Ո՛չ, հերիք չէ։ Իսկ դու այդ «հերիքի» մասին երբևէ մտածե՞լ ես։ Հարցազրույցներ ես տալիս, հին փչոցիդ նոր փչոցներ գումարում։ Ասում ես՝ «Լինել Արցախի գրողների միության ղեկավար, նշանակում է ոչ թե պաշտոն վարել, այլ` մարտական դիրք գրավել»: Այդ որտե՞ղ ես մարտական դիրք գրավել՝ Երևանո՞ւմ, թե՞ Ստեփանակերտի կառավարական շենքերի շուրջ՝ իշխանություններից մի բան մուրալու համար։ Ինձնից էլ շարունակ փախչում ես, վախենում ես հիշեցնեմ «քաջագործություններդ»։ Արցախի ինքնապաշտպանության համար զենք ձեռք բերելու համար հավաքված սուղ միջոցներից այն տարիների համար պատկառելի 1700 ռուբլի էիր վերցրել. ի՞նչ ես արել այդ գումարը...
- Բավակա՛ն է...
- Քո միությունում Վերահսկիչ պալատի կողմից անցկացված ստուգումները հիշիր, որի մասին գրել էին թերթերը։ Ու դեռ միայն մի տարվա ֆինանսական գործերդ էին ստուգել և բազմաթիվ խայտառակ խախտումներ հայտնաբերել։ Ի՞նչ կլիներ վիճակդ, եթե քո 30 տարվա գործունեությունդ ստուգեն և դուրս գան կուտակած միլիոններիդ վրա։ Այդ մասին մտածե՞լ ես... Եթե մեկը հարցնի, թե ինչպե՞ս ես 1990-ականներին սփյուռքից կարիքավոր գրողների համար օգնությունից 100 դոլոր ստացել՝ որպես կարիքավոր գրող և 10 տարի հետո սկսել լողալ միլիոնների մեջ, ի՞նչ ես պատասխանելու... Մեր բարեկամ, մշակույթի գործիչ Շահեն Մկրտչյանն է նույնիսկ ձեռ առնում քեզ։ Ինձնից լավ ես հիշում, թե ինչ է գրել. «Դու ասպարեզ ես ելել մի հզոր բարերարի՝ Կևորկովի հովանավորությամբ... Վարդան բանաստեղծը չի գրավում իր հաստատուն տեղը ազգային գրականության մեջ, թեև շատ հեշտությամբ մեկը մյուսի հետևից գրքեր է ասպարեզ հանում... Իբրև համագյուղացի, մի քիչ էլ բարեկամ, խորհուրդ կտայի, որ մանր-մունր քինախնդիր բաները մի կողմ թողնես և զբաղվես ավելի լուրջ գործերով: Վերջակետ դնես «քողարկված» ստորացուցիչ մուրացկանությանը, կարևոր հարցերը սեփական ստամոքսի պրիզմայով լուծելու գեշ սովորությանը... Երեկ քեզ դիտողություն անողներին լռեցնում էիր Կևորկովի հետ ունեցած քո ջերմ հարաբերություններով, իսկ այսօր, դրության տեր պաշտոնյաների անունները շահարկելով, փորձում ես նույնը կատարելու»...
- Լռի՛ր, մի՛ շարունակիր,- Հակոբյանը վախեցած շուրջը նայեց,- կլսեն...
- Իսկ ինչո՞ւ լսելու մասին 2010 թվականի այն օրը չես մտածել, երբ Արցախի իշխանություններին վախեցնելու համար, շանտաժի նպատակով քո գրողների միության վարչությունը հավաքել ու հարց ես բարձրացրել. «Առաջարկում եմ ԼՂՀ գրողների միությունը դուրս բերել ԼՂՀ կազմից և դիմել Ադրբեջանի գրողների միությանը, այդ պետության գրողների միության կազմում ընդունելու խնդրանքով»: Բախտդ բերել էր, որ այդ խայտառակ դեմարշիդ մասին իշխանությունները չեն իմացել, Երևանում՝ նույնպես... Բայց կոլեգաներդ արդեն փսփսում են տարբեր մարդկանց մոտ...
- Վերջացրո՛ւ, վերջացրո՛ւ... Եկել, ինձ դասեր ես տալիս,- Հակոբյանը կատաղած ոտքի ելավ ու գրպանից մի թուղթ հանեց։- Հապա ինչպե՞ս վարվեմ սրա հետ։ Տպագրվելու օրից 20 տարի է անցել, բայց սրա պատճառով քուն ու հանգիստ չունեմ։
Խիղճը վերցրեց թուղթն ու սկսեց հանգիստ կարդալ.
- Ես անկեղծորեն հավատում եմ քեզ,
Դու Ղարաբաղի մասին երգ չունես,
Եվ բանաստեղծի սիրտ չունես մաքուր,
Դու հոնորար ես բառերից սարքում:
Քոնը կեղծելն ու շողոքորթելն է,
Քոնը քծնությամբ պաշտոն շորթելն է,
Քոնը իրար դեմ մարդկանց լարելն է,
Քոնը ամբիոնից ստից ճառելն է:
Քոնը սակարկել, դռներ բախելն է,
Քոնը, ընչաքաղց, առնել-ծախելն է,
Քոնը շանտաժն ու վայրահաչելն է,
Քեզնից ուժեղի ոտքը պաչելն է:
Մատնելն է քոնը, քոնը փքվելն է,
Քոնը սրբության վրա թքելն է:
Դու երկու տիրոջ ոտք լիզող շուն ես,
Դու Ղարաբաղի մասին երգ չունես:
Դե, հա, գիտեմ, Վազգեն Օվյանի պամֆլետն է քո մասին... Բայց խոստովանիր, որ լավ է գրել, իսկը քո դիմանկարն է, մի ավելորդ տող, մի ավելորդ բառ չկա, քո քանդակն է...
- Լռի՛ր, լռի՛ր, լռի՛ր- Հակոբյանը բռունցքը կատաղած զարկեց սեղանին, բայց այնպես պինդ էր զարկել, որ ցավից վեր թռավ։
Լույսն արդեն բացվում էր, բայց մահճակալին կիսանստած, քրտինքի մեջ կորած Հակոբյանին թվաց, թե չորս կողմը խավար է։
Վահրամ Օհանջանյան
Հ.Գ. - Օգտագործված փաստերը վերցված են հայաստանյան և արցախյան մամուլից...
ՎԱՀՐԱՄ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий