воскресенье, 12 июня 2011 г.

«Մեդալի» հակառակ կողմը կամ՝ ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը՝ փակագծերից դուրս

Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի...
Պ. ՍԵՎԱԿ


Իմ խորին համոզմամբ՝ եթե արվեստագետը, գրողը, հատկապես բանաստեղծը չի տեղավորվում մարդու և բարոյականության մասին համընդհանուր պատկերացումների շրջանակներում, անհնար է, որ նա լինի Արվեստագետ կամ Բանաստեղծ։ Որպես գրող սիրում ու հարգում եմ բոլոր նրանց, ովքեր նախ Մարդ ու Քաղաքացի են, ապա՝ Գրող ու Արվեստագետ։ Ուստի խոսելու եմ ոչ թե Վարդան Հակոբյան-բանաստեղծի մասին, այլ մի քանի դրվագով ներկայացնելու եմ Վարդան (Սլավիկ) Հակոբյան-մարդուն։

Սկսած կևորկովյան տարիներից նա իր համար «գրական» ճանապարհ է հարթում ոչ թե սեփական ստեղծագործություններով, այլ օրվա իշխանություններին իր հավատարմությունը հավաստելով և դրա դիմաց մի բան ստանալով։ Արդյունքում՝ բոլոր ղեկավարներից կորզել է առավելագույնը, ինչ հնարավոր է։ Նրա աշխատավայրում, գլխավերևում Գրիգոր Նարեկացու նկարի հարևանությամբ կախված էր Սամվել Բաբայանի մեծադիր լուսանկարը։ Կշեռքի նժարների փոփոխությունից հետո անմիջապես դարձավ Արկադի Ղուկասյանի «կողմնակիցը»։ Այսօր, երբ փոխվել է Արցախի նախագահը, անմիջապես «աստվածափոխ» է եղել նաև Վ.Հ.-ն։ Եթե վաղը իշխանափոխություն լինի, նա առաջիններից մեկն է հայտնելու իր հպատակությունը նոր իշխանությանը...

Բայց այդ մասին ավելի պատկերավոր է արտահայտվել նրա հայրենակից, հայտնի արցախագետ Շահեն Մկրտչյանը, որի նամակը պատճենահանված ու բազմացված կարելի է գտնել շատերի մոտ։ «...Դու ասպարեզ ես ելել մի հզոր բարերարի՝ Կևորկովի հովանավորությամբ: Մի հանգամանք, որը չէր կարող չազդել քո եսակենտրոն մտածողության վրա: Վաղուց նկատվել էր, որ դու քո գործունեության ընթացքում դրսևորում ես ընդգծված սուբյեկտիվ մոտեցումներ: Հավանաբար դու չես զգում, որ արդեն կտրվել ես լայն շրջապատից և պարզապես անհնար է դարձել թոթափելու գավառականության քեզ համար շատ նեղվածք գիրկը: Նաև դա է պատճառը, որ Վարդան բանաստեղծը չի գրավում իր հաստատուն տեղը ազգային գրականության մեջ, թեև շատ հեշտությամբ մեկը մյուսի հետևից գրքեր է ասպարեզ հանում:

Էլ չենք խոսում տեղի-անտեղի փառաբանող մենագրության, գրախոսականների մասին,- գրում է Շ. Մկրտչյանը։- Իբրև համագյուղացի, մի քիչ էլ բարեկամ, խորհուրդ կտայի, որ մանր-մունր քինախնդիր բաները մի կողմ թողնես և զբաղվես ավելի լուրջ գործերով: Վերջակետ դնես «քողարկված» ստորացուցիչ մուրացկանությանը, կարևոր հարցերը սեփական ստամոքսի պրիզմայով լուծելու գեշ սովորությանը և քեզ վստահված բնագավառում միշտ առաջնորդվես ազգային պետականության շահերով: Երեկ քեզ դիտողություն անողներին լռեցնում էիր Կևորկովի հետ ունեցած քո ջերմ հարաբերություններով, իսկ այսօր, դրության տեր պաշտոնյաների անունները շահարկելով, փորձում ես նույնը կատարելու»:

Ավելացնենք, որ Վ. Հակոբյանը, չնայած պատկառելի տարիքին ու ազդեցիկ չափերին, այդպես էլ չսովորեց կանգնել սեփական ոտքերի վրա։ Մշտապես բռնում է երկրի ղեկավարության փեշերից կամ սեփականաշնորհված գրականագետների մեջքին նստած՝ փորձում գրականություն մտնել։ Իսկ իր հեղինակած զրպարտագրերն էլ տպագրում է ուրիշների ստորագրությամբ։

Ընդհանրապես, Վ.Հ.-ն անչափ շատ ունի թույլ ու խոցելի տեղեր, նույնիսկ ավելի շատ, որ կարող է բավարարել մի քանի հոգու։ Բայց նրա աքիլեսյան գարշապարը ՓՈՂՆ է, և դա հայտնի է բոլոր նրան ճանաչողներին։ Այդ մասին մեկ անգամ չէ, որ գրել են մամուլում։ Օրինակ՝ Արցախի գրողների միությունում ԼՂՀ ԱԺ վերահսկիչ պալատի կողմից անցկացված ստուգումների արդյունիքների մասին, որը երևակել է Վ.Հ.-ի կողմից իրականացված կոպիտ օրինախախտումներ, հրապարակվել է ոչ միայն «Ազատ Արցախ» հանրային թերթում ու տեղական այլ լրատվամիջոցներում, այլև հայաստանյան մամուլում, այդ թվում՝ «Իրավունք» թերթում՝ «Արցախի «գլխավոր գրողը» նաև գո՞ղ է» վերնագրով: Պարզ է, որ դրան հետևել է իշխանությունների «դոբրոն» ստացած, ԳՄ խոհանոցում վհակոբյանական նախաձեռնությամբ կազմված «հերքումը»։

Ստուգումների արդյունքում կազմված արձանագրության հիման վրա տարածված տեղեկատվության համաձայն՝ միայն 2002 թվականին Վ.Հ.-ն 130 օր եղել է Երևանում՝ գործուղման մեջ և «գործուղման ծախսերի համար» ստացել է 400 հազար դրամ։ ԳՄ ղեկավարը պարբերաբար «Գրական ուրբաթ» անունը կրող միջոցառումներ է անցկացրել, որի դիմաց դուրս գրած գումարներն այնքան էլ չեն հարաբերվում համեստ այդ միջոցառման նեղ շրջանակներին: ԳՄ հասարակական կազմակերպության ղեկավարը սեփական հրամանով իր աշխատավարձը 50-ից դարձրել է 80 հազար, մինչդեռ մյուս աշխատողների աշխատավարձը մնացել էր նույնը (խոսքը 2002-ի մասին է)։

2005 թվականին երկու գրողի ստորագրությամբ (համահեղինակներից մեկը ես եմ) նամակ է հղվել ԼՂՀ գրական ջոկատի ղեկավար Վարդան Հակոբյանին, խնդրելով օրենքով սահմանված ժամանակում գրավոր պատասխանել վերոհիշյալ հարցերին.

ա) 1994-2004 թթ. ժամանակահատվածում ԼՂՀ ԳՄ-ն պետական բյուջեից որքա՞ն գումար է ստացել և ինչպե՞ս է տնօրինել այդ գումարը (յուրաքանչյուր տարվա կտրվածքով՝ առանձին-առանձին)։

բ) 1988-2004 թթ. ժամանակահատվածում ԼՂՀ ԳՄ-ն որքա՞ն ֆինանսական և նյութական օգնություն է ստացել Հայաստանի և Սփյուռքի մեր բարեկամներից (նվիրատուների անունները և յուրաքանչյուրի օգնության չափը), ինչպե՞ս է տնօրինվել այդ օգնությունը (տես՝ «Դեմո», 15 հունվարի 2005 թ.)։ Սակայն ոչ օրենքով սահմանված ժամանակում, ոչ դրանից հետո նամակին պատասխան չի տրվել...

Զավեշտն այն է, որ վերջերս, Օվյանների դեմ ձեռնարկած զրպարտչական արշավի ժամանակ ԳՄ պաշտոնաթերթում Վ.Հ.-ն հանկարծ «հիշել է», որ «ոչ մի գրող ԳՄ-ի ու նրա ղեկավարության կողմից այնքան հովանավորության չի արժանացել երևի, որքան ինքը՝ գրողի որդին (այսինքն՝ ես - հեղ.), թե ստեղծագործական, թե կենցաղային-սոցիալական բնույթի ամենատարբեր խնդիրներում»։ Պարզ չէ, թե ինչու այդ մասին Վ.Հ.-ն հրապարակավ չի պատասխանել մեր դիմումին՝ 3 տարի առաջ, ի ցույց դնելով նաև «կենցաղային-սոցիալական բնույթի հովանավորության» դիմաց դրած իմ ստորագրությունները։ Թե՞ ԳՄ-ում նման «հովանավորությունները» վավերացնում են առանց ստորագրության՝ գեղական-գողական կարգով...

Արփագյադուկցի շատ համեստ կարողությունների տեր գյուղական վարժապետ Սարգիս Հակոբյանի մեծ ամբիցիաների տեր Սլավիկ որդին Ղարաբաղի գրական բաժանմունքի քարտուղար է նշանակվել հետաքրքիր հանգամանքներում։ Նախկին քարտուղարի պաշտոնանկությունից հետո մինչ գրողները քննարկում էին, թե ում թեկնածությունն առաջադրեն, Վ.Հ.-ն, որ այդ տարիներին աշխատում էր «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրի տեղակալի պաշտոնում, անմիջապես շտապել է ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Բ. Կևորկովի մոտ և այնտեղից վերադարձել որպես գրողների միության մարզային բաժանմունքի քարտուղար (ԳՄ բաժանմունքի քարտուղարի աշխատավարձն ավելի բարձր էր, քան խմբագրի տեղակալինը)։

Մի քանի տարի հետո, երբ բարձրացվել է վերոհիշյալ թերթի խմբագրի տեղակալների աշխատավարձը, ինչպես նաև՝ խմբագրի տեղակալի լրացուցիչ նոր հաստիք են ավելացրել, Վ.Հ.-ն որոշել է վերադառնալ նախկին աշխատանքին։ Ու դարձյալ շտապել է Կևորկովի մոտ՝ խմբագրի տեղակալ նշանակվելու «դոբրո» ստանալու։ Լավ ճանաչելով Վ.Հ.-ն, կոլեկտիվը, սակայն, չի ցանկացել ընդունել նրան։ Մարզկոմի քարտուղարը հանդիպելով խմբագրակազմի անսպասելի դիմադրությանը, հանձնարարել է խմբագրի տեղակալին ընտրել կոլեկտիվի անդամների քվեարկությամբ։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքում գրեթե միաձայն ընտրվել է տեղակալի մյուս թեկնածու Ռաֆայել Մայիլյանը։ ԼՂՀ նախկին նախագահ Ա. Ղուկասյանը, որ այդ տարիներին հիշյալ թերթի ռուսական տարբերակի խմբագրի տեղակալն էր, Մայիլյանի օգտին քվեարկողների մեջ էր...

Մի հետաքրքիր փաստ ևս. 90-ական թվականներին ՀՀ և ԼՂՀ գրողների միության հասցեով կարիքավոր գրողների համար սփյուռքից նյութական օգնություն է ստացվել։ Ղարաբաղում 100-ական դոլար ստացող հինգ «չքավոր գրողներից» մեկը, «Արցախ» թերթի հավաստմամբ, եղել է Վարդան Հակոբյանը։ Ավելացնենք, որ մի քանի տարի հետո նա մասնավոր համալսարան է բացել, այնուհետև Ստեփանակերտի ավտոկայարանի մոտ դղյակ սարքել (լուսանկարը՝ 8-րդ էջում), արտասահմանյան թանկարժեք ավտմեքենա գնել, և այժմ նա Ղարաբաղի ու Հայաստանի ամենահարուստ գրողներից մեկն է, եթե ոչ՝ ամենահարուստը։

Այսօր առնվազն 4-5 պետական հանձնաժողովի ղեկավարն է. նա է որոշում, թե գրականության և արվեստի ո՞ր գործիչը պիտի պետական շքանշան ստանա, ո՞ր ստեղծագործությունները պիտի արժանանան պետական մրցանակի, ո՞ր գրողների հոբելյանները պիտի նշվեն, ո՞ր գրողի գրքերը պիտի տպագրվեն և այլն։ Մի հոգու համար շատ չէ՞ արդյոք... Երևի շատ չէ, որովհետև, վերջերս էլ ստանձնել է դատապարտյալների ներման հանձնաժողովի ղեկը։

Միաժամանակ՝ «Գրիգոր Նարեկացի» իր մասնավոր համալսարանի ռեկտորն է։ Ասենք նաև, որ Վ.Հ.-ն հաջողությամբ և մեծ սիրով ղեկավարում է Ղարաբաղի գրողների միությունը։ Այդ սերն այնքան փոխադարձ է, որ «Գրիգոր Նարեկացի» համալսարանը «հիմնադրվել է» հենց այն նույն հարկի տակ, որտեղ գրողների միությունն էր։ Անձնականն ու ոչ անձնականն այնքան միահյուս են, որ հնարավոր չէ իրարից զանազանել... Այդ համալսարանին կից գործում է նաև Վ.Հ.-ի մասնավոր ատամնաբուժարանը. ասում են՝ բժշկության այդ ճյուղը բավականին եկամտաբեր է։

Ես չեմ բաժանում նրանց կարծիքը, ովքեր ասում են՝ եթե Վ.Հ.-ն չլիներ ԳՄ նախագահ, ապա նրա անունը հազիվ թե անցներ իրենց թաղամասից այնկողմ, բայցև չեմ կարող ժխտել, որ ԳՄ-ն ծառայում է միայնումիայն մի նպատակի և մի մարդու՝ Վ.Հ.-ին։ Ես չգիտեմ, թե նա որքան է պետք այդ կազմակերպությանը, բայց, որ այն խիստ անհրաժեշտ է Վ.Հ.-ին, դրա մասին երկրորդ կարծիք լինել չի կարող։ Այլապես նա 25 տարի պինդ չէր բռնի ԳՄ-ի ղեկը, և նրա անդամների թիվը չէր հասցնի մոտ 5 տասնյակի, որպեսզի ԳՄ նախագահի ընտրությունների ժամանակ մշտապես ունենա ձայների անհրաժեշտ «խմբաքանակ»։ Ի դեպ, Արցախում յուրաքանչյուր 2700 բնակչից մեկը ԼՂՀ ԳՄ անդամ է (Հայաստանում ԳՄ անդամ է մոտավորապես 10 000 բնակչից մեկը)։

Արցախյան մամուլում նշանավոր մտավորականների ստորագրությամբ վերջերս տպագրված նամակ-հոդվածում գրված է. «ԳՄ ղեկավարն այսօր ստանում է նախարարական, վարչության քարտուղարը՝ փոխնախարարական աշխատավարձ, բյուջեն ֆինանսավորում է «Եղիցի լույս» և «Պըլը Պուղի» պարբերականները, որոնք իրականում, բացի նոմենկլատուրային հեղինակների «ներքին գրաքննություն անցած» ստեղծագործություններից ու «հրապարակախոսական հոդվածներից», ուրիշ ոչինչ չեն տպագրում», և հոդվածի հեղինակները առաջարկում են «դադարեցնել ԼՂՀ գրողների միություն՝ անվանապես հասարակական, իրականում՝ նեղ կորպորատիվ կազմակերպությանը պետբյուջեից տրվող հատկացումները» («Ազգ», 06.12.08)։

Այս առթիվ ԳՄ խոհանոցում թխված հոդվածում ցինիզմով հայտարարել են. «...Իսկ ինչո՞ւ նրանց թվում է, թե ԳՄ վարչության նախագահը արժանի չէ, որպեսզի նախարարի չափ աշխատավարձ ստանա»։ Այստեղ են ասել՝ արջը երեք երգ գիտե, երեքն էլ՝ տանձի մասին (թե՞ փողի մասին)։ Իմիջիայլոց, ինչպես իր հեղինակած մյուս բոլոր հոդվածներում, այստեղ էլ ԳՄ-ն փայլել է յուր «գրագիտությամբ»՝ «նախարարի չափ աշխատավարձ» չի լինում, նախարարը փողի չափման միավոր չէ... Բայց, իրոք, ինչո՞ւ սովորական մի ՀԿ-ի ղեկավարը չպիտի նախարարի կամ նույնիսկ Նախագահի աշխատավարձ ստանա։ Հատկապես, երբ Վ. Հակոբյանն ամենուր հայտարարում է, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն իր բարեկամն է, ուստի իր «թուրը և՛ աջ է կտրում, և՛ ձախ»։ Անշուշտ, չմոռանալով ավելացնել, որ դատավոր իր որդուն դարձրել է ԼՂՀ ներկայացուցիչ Ֆրանսիայում, իսկ մյուս որդին դատախազ է...

ԼՂՀ սուղ միջոցներից Վ.Հ.-ն լիաբուռն օգտվում է նաև գրահրատարակչության միջոցով՝ հաստափոր ու շքեղակազմ գրքեր տպագրելով, դրան գումարած՝ «համեստ» հոնորար ստանալով։ Վերջին 5 տարում պետպատվերով նա տպագրել է 8 հաստափոր գիրք, որոնց համար ԼՂՀ պետական բյուջեն ծախսել է ավելի քան 7 մլն դրամ։ «Հոբելյանական» 5 հատորների ծավալը 200 մամուլից ավելի է (ի դեպ, Թումանյանի 100-ամյակի առթիվ տպագրված քառահատորն ընդամենը 80 մամուլ ծավալ ունի)։ Այնպես որ՝ համեստ հնարավորություններով նորանկախ մեր երկրի համար Վ.Հ.-ն չափազանց «թանկ հաճույք» է, միայն թե՝ առայժմ պարզ չէ, թե որն է նրա տվածը մեր երկրին ու ժողովրդին։

Վարդան Հակոբյանը նաև մե՜ծ հայրենասեր է։ Արցախյան շարժման ամենածանր օրերին, երբ մարդիկ փող էին հանգանակում, իրենց վերջին գումարներն էին տալիս՝ Ղարաբաղի պաշտպանության համար զենք ու զինամթերք գնելու համար, «հայրենասեր» գրողը երեք անգամ հսկայական գումար է (մոտ 1700 ռուբլի, այսինքն՝ այն տարիների պաշտոնյայի 11-12 ամսվա աշխատավարձը) անվերադարձ վերցրել ինքնապաշտպանության ուժերի կոմիտեից՝ անձնական «հայրենասիրական» կարիքների համար... Արցախյան շարժման և պատերազմի տարիներին Վ. Հակոբյանի «հայրենասիրության» մասին՝ մի այլ առիթով։ Դա այլ թեմա է։

Նա կարծում է, թե երկրագունդը պտտվում է միայն իր համար, Արեգակի լույսն ուղղված է միայն իրեն։ Այս ցուցանմուշը հնարավոր ու անհնարին բոլոր միջոցներով հասել է իր ուզածին։ Խաբելով, մատնելով, քծնելով, զրպարտությամբ, ստորաքարշությամբ, սողալով նա մեծ կարողություն է դիզել։ Ամեն ինչ ունի՝ փող, արտասահմանյան շքեղ ավտոմեքենա, կոչումներ, շքանշաններ և այլն։ Միայն մի բան չունի նա՝ հարգանք ու պատիվ։

Յուրաքանչյուր մահկանացու ունի մեծ ու փոքր թերություններ։ Դժվար է միանգամայն անթերի գրող ու արվեստագետ գտնել։ Սակայն աշխարհում ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ այսպիսի «պոտենցիալով» հնարավոր է Բանաստեղծ լինել։ Մտավորականների վերոհիշյալ հոդվածում մի շատ կարևոր միտք կա. «գրական արժեքը ոչ թե պարտադրվում, այլ նվաճվում է»։
Առայժմ չակերտներն ավելի չբացենք։ Իր հեղինակած զրպարտագրերի և կեղծագրությունների տակ ուրիշների ստորագրությունը դնող Վարդան (Սլավիկ) Հակոբյանին հիշեցնեմ, որ հոդվածներս ես տպագրում եմ ի՛մ ստորագրությամբ։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
«Տարեգիր», Երեւան, 2009 թ.
«Նոր էջ», 2009 Փետրվար N2

Պամֆլետ, որ «փոթորիկ» է առաջ բերել ԼՂՀ ԳՄ «նախագահությունում»

Ի պատասխան Արցախի ճանաչված և հարգված տասնյակ մտավորականների՝ «Ազգ» թերթի «Մշակույթ» հավելվածում և արցախյան թերթերում տպագրված «Երբ ցինիզմը, իրոք, սահմաններ չի ճանաչում» նամակ-հոդվածի, ՀՀ ԳՄ մի քանի անդամներ, միության նախագահի գլխավորությամբ, «Գրական թերթ»-ում հապշտապ «հոդված» են գրել, որը ոճով, ձևակերպումներով չի տարբերվում Արցախի ԳՄ-ի մամուլում տպագրված զրպարտագրերից:

Հոդվածի տակ «իրենց ստորագրությունն են դրել» նաև մարդիկ, ովքեր կամ անտեղյակ են Վազգեն Օվյանի գրական ժառանգությունից, կամ միանգամայն այլ կարծիք ունեն նրա անվան և գրական վաստակի մասին: Հ. Բեգլարյանը, որ առողջական լուրջ խնդիրներ ունի, հազվադեպ է տնից դուրս գալիս, վերջերս մեկնել է Վ. Օվյանի ծննդավայր, բազմաթիվ մարդկանց ներկայությամբ, որպես մեծագույն հարգանքի տուրք, համբուրել նրա հուշաքարը, հանկարծ «ստորագրել է» ԳՄ նամակը: Սակայն Բեգլարյանը երդվել է «բոլոր սրբություններով» (իր բառերն են - Ն. Օ.), որ ինքը չի ստորագրել այդ նամակը:

Վերջապես ո՞ւմ է պետք այս շոուն: Ակնհայտ է, որ սա «ես՝ քեզ, դու՝ ինձ» սկզբունքով սարքած ներկայացում է. Արցախի ԳՄ նախագահը տեղացի գրողների ստորագրություններով «Գրական թերթ»-ում վերջերս հրապարակավ «սատարել է» ՀՀ ԳՄ նախագահին և, ահա, վերջինս էլ նման ձևով վարձահատույց է լինում նրան՝ արտահայտելով իր աջակցությունը արցախցի կոլեգային (այս երևույթը մեզանում անվանում են «սատարախտ»), որի կազմակերպած արշավը՝ հետմահու ԼՂՀ բարձրագույն պարգևի՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի արժանացած գրող Վազգեն Օվյանի դեմ, ղարաբաղյան լուրջ և իրեն հարգող մտավորականության շրջանում ոչ միայն աջակցություն չի գտել, այլեւ լիովին խայտառակվել է Ղարաբաղում:

Պարոնայք ԳՄ նախագահներ, ձեր աթոռներին կառչած մնալու համար ոտնատակ մի՛ տվեք ազնիվ մարդկանց անունն ու պատիվը, նրանց մի՛ խառնեք ձեր անձնական հաշիվներին: Ամո՛թ է: Դա պատիվ չի բերում մտավորականին: Իսկ որպեսզի ընթերցողը հասկանա, թե ինչո՞ւ հանկարծ Վարդան Հակոբյանը զրպարտչական աննախադեպ արշավ ձեռնարկել 22 տարի առաջ վախճանված գրողի անվան ու գրական ժառանգության դեմ, ստիպված եմ ներկայացնել «մի կաթիլ մեղրի» պատմության իրական պատճառը:
Արցախում Վարդան Հակոբյանին (Սլավիկ Հակոբյան) ճանաչողներն այնքան միամիտ չեն, որպեսզի կարծեն, թե այսօր վերջինս քունն ու հանգիստը կորցրել է, որովհետև 50 տարի առաջ Վազգեն Օվյանն իր անդրանիկ գրքում Թևան Ստեփանյանին ներկայացրել է բացասական ու սարկաստիկ գծերով:

Նախ՝ Հակոբյանը լինելով, նշանավոր արցախագետ ու պատմաբան Շահեն Մկրտչյանի բնորոշմամբ՝ ԵՍԱԿԵՆՏՐՈՆ անձնավորություն, իրենից դուրս ոչինչ չի տեսնում և հազիվ թե հուզվի անգամ մոտիկ մարդկանց անձնական դարդուցավերից: Էլ ո՞ւր մնաց՝ այդպես պատեպատ խփվի հանուն մի մարդու, որը, մեղմ ասած, այնքան էլ բարի անուն չի թողել ղարաբաղցու հիշողության և վերջին 70 տարվա պատմագիտության մեջ: Այնպես որ, ռուսի ասած՝ «նե դա լամպոչկի»...

Եթե Վ. Հակոբյանին առայսօր հանգիստ չի տալիս, դա այն պամֆլետն է, որ Վազգեն Օվյանը գրել է նրա մասին, եւ որը նրա «Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին» բանաստեղծության պարոդիան է: Վերջինս կարող է 200 պասկվիլ մոգոնել հանգուցյալ գրողի դեմ և զետեղել պետական սուղ միջոցներով ֆինանսավորված իր շքեղակազմ հատորներում: Բայց, ի ցավ Հակոբյանի, դրանցից ոչ մեկն այնպես չի «կպնելու» Վազգեն Օվյանին, ինչպես նրա գրածը՝ իրեն: Ահա այդ պամֆլետը.

Ես անկեղծորեն հավատում եմ քեզ,
Դու Ղարաբաղի մասին երգ չունես,
Եվ բանաստեղծի սիրտ չունես մաքուր,
Դու հոնորար ես բառերից սարքում:

Քոնը կեղծելն ու շողոքորթելն է,
Քոնը քծնությամբ պաշտոն շորթելն է,
Քոնը իրար դեմ մարդկանց լարելն է,
Քոնը ամբիոնից ստից ճառելն է:

Քոնը սակարկել, դռներ բախելն է,
Քոնը, ընչաքաղց, առնել-ծախելն է,
Քոնը շանտաժն ու վայրահաչելն է,
Քեզնից ուժեղի ոտքը պաչելն է:

Մատնելն է քոնը, քոնը փքվելն է,
Քոնը սրբության վրա թքելն է:
Դու երկու տիրոջ ոտք լիզող շուն ես,
Դու Ղարաբաղի մասին երգ չունես:

25-30 տարի առաջ գրված այս պամֆլետ-պարոդիայի տպագրման օրվանից՝ 1992 թվականից Հակոբյանը կորցրել է հանգիստը, որովհետև ընդամենը 4 քառատողում խտացված է նրա իրական կերպարը, որի համար վերջինս «փոթորիկ» է բարձրացրել գրականության ու լրագրության բնագավառում չկայացած, սակայն զրպարտության ու կեղծարարության ասպարեզում անգերազանցելի գրչակներից կազմված իր մերձավոր շրջապատում, որը ինքն անվանում է «ԳՄ նախագահություն»:

Հակոբյանին լրջորեն մտահոգում է նաև Վազգեն Օվյանի ժողովրդականությունը: Դե, իհարկե, խորապես մտահոգիչ է. Օվյանը վախճանվել է երկու տասնամյակ առաջ, բայց, ինչպես գրված է Արցախի ճանաչված մտավորականների ստորագրությամբ հրապարակման մեջ, «ի տարբերություն որոշ «կենդանի մեռյալների», Վազգեն Օվյանը այսօր էլ ապրող հեղինակ է, նրան կարդում են, նրա հեղինակած բանաստեղծությունները՝ արտասանում: Եվ եթե դա հարուցում է ոմանց զայրույթը, ապա գրողը մեղք չունի. «ծանիր զքեզ»՝ ասում էին հները: Նշանակում է՝ ընթերցող հանրությունը ներկա գրական գորշությունից վեր է դասում անցյալի իրական արժեքները և իմաստ չունի «սուր ճոճել». ժամանակը ամեն ինչ իր տեղն է դնում... Գրադարաններում այսօր փնտրում են Վազգեն Օվյանի գրքերը: Եվ դա այն դեպքում, երբ պետական միջոցներով տպագրված բազմաթիվ հաստափոր հատորների կողքից ուսանողությունն անցնում է հպարտ անտարբերությամբ» (տես՝ «Երբ ցինիզմը, իրոք, սահմաններ չի ճանաչում», «Ազգ», 06.12.08):

Երբ Վազգեն Օվյանը գրում էր «Ղարաբաղի արծիվը», «Ամարասը», «Այս Ղարաբաղն է»-ն և բազմաթիվ հայրենաշունչ տողեր, երգիծական-սարկաստիկ երկեր էր գրում Լ. Բրեժնևի, Հ. Ալիևի, Բ. Կևորկովի, ադրբեջանական հայատյաց քաղաքականության դեմ («Նազար-նամե», «Կրկես», «Գորշ գայլի, շնագայլի և այլոց մասին», «Սև վեզիրը»:), «շքերթներից հոգնել էր արդեն ու ձանձրացել ճառերից դատարկ», Վ. Հակոբյանը ազգի դահիճներին՝ Հ. Ալիևին և Բ. Կևորկովին հաճոյանալու համար, ոգևորությամբ գովերգում էր «դարի մեծագործությունները»՝ «Աղդամ-Ստեփանակերտ երկաթուղու շինարարությունն ու անասնապահական խոշոր համալիրի կառուցումը», երևի կարծելով, թե դեպի Պառնաս տանող ամենաուղիղ ճանապարհն անցնում է Աղդամ-Ստեփանակերտ երկաթուղով ու անասնապահական համալիրների դռներով: Երբ Վազգեն Օվյանը ի պատասխան հայատյաց Ռասուլ Ռզայի թունոտ մի զառանցանքի՝ «Սմբատ և Բաբեկ» էր գրում («Որքան ոռնաս, Ռասուլ Ռզա, Սմբատները միշտ ծնվել են ու կծնվեն...»), Վ. Հակոբյանը ազերի Մոլլա Փանահ Վագիֆի մասին պոեմ էր երկնում, չտեսնելուն տալիս, որ Թևանն արդեն քանի տասնամյակ, աչքը ջուր կտրած, սպասում է իրեն՝ յուր «փաստաբանին»...

Նախանձի թույնը այնպես է կուրացրել Վ. Հակոբյանին, որ երկու տասնամյակ առաջ մահացած գրողին «ոչնչացնելու» մոլուցքի մեջ կորցրել է ոչ միայն մտավորականին վայել էթիկան, այլև դատելու ունակությունը՝ ինքն իրեն հակասելով և իրեն գցելով ծիծաղելի վիճակի մեջ: Օվյանին մերթ մեղադրում է նրա համար, որ իբր վերջինս իր վիպակը գրել է Կևորկովի պատվերով՝ 1975 թ.-ին (մինչդեռ վիպակը ամսագրում տպագրվել էր 1971 թ.-ին, գրքով՝ 1973-ին, երբ Կևորկովը դեռ չէր եկել Ղարաբաղ: Իսկ իրականում 1975 թ. Վ. Օվյանը Կևորկովի դեմ գրել է «Հուդային», «Բ. Կ.-ին», «Բասարական» բանաստեղծություններն ու տասնյակ պամֆլետներ), մերթ հայտարարում է, թե Օվյանը «չափածո հայհոյել է Կևորկովին»: Անհասկանալի է, թե ինչն է այդպես տանջում ԳՄ ղեկավարին. «Կևորկովի պատվերով գրե՞լը», թե՞ «Կևորկովին չափածո հայհոյելը»: Եթե մարդ մեկին հայհոյում է, էլ ինչո՞ւ պիտի միաժամանակ գրի նրա պատվերով...

Մյուս կողմից՝ մի ասող լինի Հակոբյանին՝ ուժդ չափածո չէր պատում, դու էլ արձակ «հայհոյեիր» ազգիդ դահճին: Ինչո՞ւ ծպտուն չէիր հանում: Թե՞ հայհոյանքիդ պարկը պինդ փակել էիր, որպեսզի հետագայում Արցախյան պատերազմից հետո քեզ հռչակեիր «Արցախյան շարժման առաջին ղեկավարներից մեկը» և հայհոյեիր «Կևորկովին հայհոյողին»: Ինչո՞վ էիր զբաղված այդ տարիներին, ավելի կարևոր գործեր ունեի՞ր: Իսկ գո՞ւցե Հակոբյանն իրոք կարծում է, թե մեռել է ժողովրդի հիշողությունը, և մարդիկ մոռացել են, թե իրականում ով ինչով էր զբաղված թե՛ այդ տարիներին, թե՛ Արցախյան պատերազմի ժամանակ, թե՛ հետո... Գո՞ւցե նրան թվում է, թե ժողովրդի հիշողությունը ևս կարելի է պատվերով «գրել տալ», կամ՝ գրել ու ժողովրդի ստորագրությունը դնել տակը:

Ահա ԼՂՀ «ԳՄ նախագահության» ձեռնարկած արշավի և բարձրացրած աղմուկի ողջ իրական պատճառը, որի համար ԳՄ-ում թիվ մեկ մարտական տագնապ է հայտարարվել: Իսկապես որ շա՜տ հիմնավոր և օրախնդիր պատճառ է:

ՆԱՐԻՆԵ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
Ստեփանակերտ
«Տարեգիր», Երեւան
06.03.2008

Արվեստագետներն ընդդեմ լրագրողների

Հայաստանի ստեղծագործական միությունները հակամրցանակ են շնորհում լրագրողներին «խեղաթյուրված լուսաբանման» համար

Հայաստանում գործող հինգ ստեղծագործական միությունների ղեկավարների կողմից սահմանված մշակութային կյանքը լուսաբանող լրագրողների համար նախատեսված «Գեղանք» և «Կեղանք» մրցանակները հինգշաբթի գտան իրենց հասցեատերերին։

Առաջին անգամ անցկացվող ու մի փոքր հումորային կամ սարկաստիկ երանգ ունեցող «Կեղանք»
մրցանակը, որ նշանակում է քոս, փառ կամ խոց, նախատեսված է մշակույթի ոլորտն առավել վատ կամ խեղաթյուրված լուսաբանած լրատվամիջոցի և լրագրողի համար, իսկ «Գեղանքը» (ծագում է գեղեցիկ բառից), ընդհակառակը, հանձնվում է անաչառ կամ անկողմնակալ վերաբերմունք հանդես բերած լրագրողին կամ լրատվամիջոցին։

Հայաստանի գրողների միության ղեկավար Լևոն Անանյանն ասել է, որ հակամրցանակը մարտահրավեր է որոշ լրատվամիջոցներին իրենց մեծամտության համար։

«Լրագրողների շրջանում անգամ ձևավորվել է մի խավ, որն այնքան է հղփացել ու հոռացել, որ ցեխ է շպրտում ստեղծագործական միությունների հասցեին։ Եվ քանիցս նրանք շարունակեն նման հրապարակումներով հանդես գալ, այնքան պատասխանատվության են կանչվելու` համարժեք և օրինական միջոցներով»,- հայտարարել է Անանյանը հինգշաբթի մրցանակաբաշխության ժամանակ։

Լրագրողների ներկայությամբ կայացած միջոցառման ժամանակ Անանյանը հայտարարեց, որ «Կեղանք» մրցանակը հանձնում են տեղական «Հայոց աշխարհ» թերթի լրագրող Կիմա Եղիազարյանին` «ստեղծագործական միությունների գործունեությունը տարիներ շարունակ խեղաթյուրված ներկայացնելու, հասարակական կարծիքը բարոյախեղդելու համար»։

Եղիազարյանը, որը ներկա չէր «մրցանակաբաշխությանը», ավելի կոնկրետ մրցանակը ստացավ «Հայոց աշխարհում» ապրիլի 27-ին տպագրված «Ծախել, ծախել մինչև վերջ» հոդվածի համար։

Այս հոդվածում հեղինակը պնդում է, որ գրողների միության ղեկավարությունը վաճառել է միության շենքին հարակից այգու տարածքը, որտեղ արդեն բարձրահարկ շենք է կառուցվում, ինչպես նաև վաճառել է Սևանում գտնվող գրողների ստեղծագործական տունը։ Եղիազարյանը նման պնդումներ անում է նաև կոմպոզիտորների, նկարիչների, կինեմատոգրաֆիստների և թատերական գործիչների միությունների վերաբերյալ` թվելով, թե որ ստեղծագործական միությունն ի´նչ է վաճառել։ Ստեղծագործական միությունները հետևողականորեն հերքել են այս պնդումները։

Մրցանակի կազմակերպիչները մրցանակակրին որպես պարգև հանձնեցին, ավելի ճիշտ` խոստացան առաքել 1937 թվականին ստալինյան 3 ռուբլիանոց փոքր թղթադրամ և դիպլոմ։

«Մեծ կեղանք» անվանակարգում «հաղթած» գրողների միության նախկին անդամ, «Նոր դար» գրական հանդեսի խմբագիր Աբգար Ափինյանին էլ տվեցին ստալինյան 3 ռուբլիանոց մեծ թղթադրամ` «միության գործունեությունն անխոնջ բանսարկելու» և ԶԼՄ-ներով հետևողականորեն ապատեղեկատվություն տարածելու համար։

Ափինյանը և գրողների միության ղեկավար անդամներն արդեն մի քանի տարի շարունակ փնովում են միմյանց ու տարբեր առիթներով քննադատում։

Եղիազարյանն ավելի ուշ «ԱրմենիաՆաուին» ասաց, որ իր 20-ամյա «լրագրողական գործունեության ընթացքում առաջին անգամ է, որ մրցանակ է ստանում և շատ «ոգևորված» է։

Իր հրապարակումների մասին լրագրողն ասաց, որ դրանք իրականություն են։

«Ի դեմս Կիմա Եղիազարյանի` հայ լրագրությունը կատարում է իր առաքելությունը, բացահայտում է ճշմարտությունը։ Ուրախ եմ, որ իմ հրապարակումներով ստիպեցի Անանյանին հատուկ մրցանակ հորինել»,- ասաց Եղիազարյանը։

Մրցանակաբաշխության ժամանակ ավելի քիչ ուշադրության արժանացավ «Գեղանքի» մրցանակակիրը` «de facto իրատես» և «Հ1» հեռուստաընկերությունների լրագրող Ջուլիետա Կաժոյանը։ Վերջինս նշեց, որ հաճելի է, որ իրեն հիշել են և գնահատել։

Սիրանույշ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ԱրմենիաՆաուի» թղթակից
24.12.10

Գրական ղալաթներ՝ «Գրական թերթից»

Հանրահայտ հայկական ֆիլմում ռեժիսորը դռան զանգով մի քանի անգամ ընդմիջել է մանկավարժի խոսքը։ Հիշում եք չէ՞ «Ես 40 տարվա մանկավարժ եմ և մի պարզ ճշմարտություն գիտեմ…ծըլը՜նգ-ծըլը՜նգ»։ Այդպես էլ ոչ ոք չիմացավ, թե իր իմացած ո՞ր ճշմարտության մասին էր ցանկանում խոսել քառասուն տարվա այդ մանկավարժը։ Չեմ ցանկանում ընդհանրացնել։ Ճիշտ չի լինի, եւ հոգուս վրա մեղք վերցրած կլինեմ, եթե հենց հիմա չնշեմ, որ ճանաչում եմ քառասուն տարվա մանկավարժների, որոնց կրթած ու կյանք ճանապարհած սերունդները «Հայոց պատմություններ» քերթեցին, Ղարաբաղ ու Շուշի ազատագրեցին։ Ֆիլմի մանկավարժն էլ, ով գիտի, գուցե նրանցից մեկն էր։ Մենք, ցավոք, այդպես էլ չլսեցինք նրա ճշմարտությունը, որը, եթե ֆիլմում հնչեր, այսօրվա որոշ հիսուն տարվա մանկավարժներ դրանից, չի բացառվում, ճիշտ հետևություններ կանեին (ասա՝ դե ֆիլմ եք նկարում, մինչև վերջ նկարեք, էլի)։

Հիմա գանք «Լևոնապատումի» մեր գլխավոր հերոսին՝ Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանին։ Նախապես նշեմ, որ այս գլխում նրա հերոսությունը միջնորդավորված բնույթ է կրում, քանզի առաջին պլան են մղված այլ արժեքներ՝ զորօրնակ հանրահայտ «Գրական թերթը» եւ հազարավոր գրագետների կյանք ճանապարհած Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմա-լեզվագրական բաժանմունքի 50-ական թվականների լավագույն շրջանավարտները, ովքեր, եթե հավատանք նրանց իսկ խոստովանությանը, թերթում հրապարակված որևէ հոդված կարդում են միայն այն բանից հետո, երբ հոդվածի մեջ տեսնում են անչափ սիրելի անձնավորության լուսանկարը։ Հերոսների այս բույլի մեջ, հասկանալի է, Լևոն Անանյանը չէր կարող անընդհատ առաջին պլանում մնալ, եւ դրա անհրաժեշտությունն էլ չկա՝ քանզի սույն գլխի գեղարվեստական առանձնահատկություններն այլ բան են թելադրում (Սա երրորդ գլուխն է։ «Լևոնապատումիս» երկրորդ գլուխը տպագրված է «Հայոց աշխարհ» թերթի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի համարում)։

Վերջապես եկել է ժամանակը, որ ընթերցողը նաև տեղյակ լինի այն ամենին, ինչ կատարվում է գլխավոր հերոսի շուրջը, այլապես կերպարը կարող է թերի մնալ եւ սխալ ընկալվել։ Բացատրեմ՝ ինչու։ Օրինակ, երբ Լևոն Անանյանն իր բոլոր ապարատներով (խոսակցական, դիմածնոտային, կոկորդային, տեսողական, լսողական եւ այլն) իր բոլոր զգայարաններով, իրեն լսելու համար ականջ ունեցող լրատվամիջոցներով, դատարանով, բանով հայտարարում է, որ լրագրողը հանուն «իրեք մանեթի» է վարկաբեկիչ հոդված գրում իր մասին, այնքան էլ համոզիչ չէ։ Բանն այն է, որ լսողն էլ հաշվել գիտի եւ ոչ մի դեպքում նրան չես կարող համոզել, որ այս ճգնաժամի պայմաններում լրագրողն իր թանկարժեք ժամանկը կվատնի «իրեք մանեթանոց» նյութերի վրա։ Լիքը լավ թեմաներ կան, որ հազար ու մի գրանտներով վարձատրվում են շատ ավելի բարձր, քան Լևոն Անանյանի մասին գրված հոդվածները։ Բացի այդ՝ Լևոն Անանյանը դեռ շատ հեռու է ճշմարտությունից։ Նա այդ հոդվածները, վերը նշված բոլոր միջոցներով, փորձում է ներկայացնել որպես իր դեմ գրաված հոդվածներ, մինչդեռ ես, որ «Լևոնապատումի» այս տարբերակի հեղինակն եմ, գտնում եմ, որ իմ հրապարակումները ոչ թե իր դեմ են, այլ իր համար, մեր գրական ընտանիքում խաղաղություն հաստատելու, վերջապես՝ գրականություն ստեղծելու համար։ Հետևաբար, իմ իսկ գլխավոր հերոսը դեռ խնդիր ունի ապացուցելու հակառակը։

Ահա ուրեմն, «Լևոնապատումիս» համապատասխան գլխի հանգույցն արդեն պատրաստ է, որտեղ գլխավոր հերոսը, Մարկոս աղա Ալիմյանի հանգույն, չմասնակցելով գործողությանը, անցնում է այդ հանգույցը բացելու գործին՝ նա այստեղ փորձում է ապացուցել, որ հրապարակված հոդվածներն իրոք իր դեմ են։ Դրա համար նրան պետք է եղել ամբիոն։ Գրողն, ի պատիվ իրեն, այս անգամ գտել է այն՝ ի դեմս «Գրական թերթի», եւ դա լավ է։ Լավ է այնքանով, որ փորձել է գրին գրով պատասխանել, ինչպես վայել է գրիչ ունեցող ամեն մի մարդու։ Վատն այն է, սական, որ այս պատմության հետևից, դատելով ամբիոնի հրապարակած գլուխգործոցից (Մամուլի ազատությո՞ւն, թե՞…, Գրական թերթ, 3 դեկտեմբերի, 2010թ.), Լևոն Անանյանի ականջները բոլորովին չեն երևում։ Բայց, ինչպես պայմանավորվեցինք, դա գեղարվեստական առանձնահատկություններով է թելադրված։

Եվ այսպես, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական բաժանմունքի 50-ական թվականների մի խումբ շրջանավարտներ, պարզվում է, «Հրապարակ» թերթում տեսել են Լևոն Անանյանի նկարն ու ցանկացել են իմանալ, թե ինչ ներբող է գրված նրա մասին այդ հոդվածում։ Ու, այ քեզ բան, հայտնաբերել են, որ ոմն Էդիկ Անդրեասյան հանդգնել է իրենց կուռքին բան ասել։ Հայտնաբերել են ու սկսել. «Մենք քառասուն տարվա մանկավարժ ենք եւ մի պարզ ճշմարտություն գիտենք…»։ Ծըլը՜նգ…

«Գրական թերթին», եթե անունս հրապարակած չլինեին (ի դեպ՝ առաջին անգամ), հանգիստ խղճով կմեղադրեի իր առանց այն էլ սուղ տարածքը նման անհեթեթության տրամադրելու համար։ Քանի՞ նորաթուխ պոետի կարող էին ներկայացնել, այ մարդ։ Բայց քանի որ «Լևոնապատումի» ակամա գործող անձինք հարկ են համարել անդրադառնալ նույն «Լևոնոպատումի» առաջին գլխին (սա նոր գրական հնարք է՝ երբ գրքի հերոսը քննադատում է հեղինակին), ստիպված եմ խոստովանել, որ թերթի այս համարն իրոք ստացվել է։ Շատ չերկարացնեմ։ Շարունակենք։

Նշված հրապարակման հետևից, ուրեմն, ինչպես ասացինք, Լևոն Անանյանի ականջները բնավ չեն երևում։ Երևանի Խաչատուր……… բաժանմունքի 50-ական թվականների մի խումբ շրջանավարտներ, ինքնաբուխ կերպով (Լևոնների պարագայում սա խիստ ակտուալ է) որոշել են Լևոն Անանյանի «թասիբին» կանգնել, թեև խոստովանում են, որ Լևոն Անանյանը դրա կարիքը չի զգում։ Այս իրարանցման պատճառն էլ, ինչպես ասացի, ես եմ՝ «Լևոնապատումիս» առաջին գլխով։ Ինչու եմ նշում միայն առաջին գլխով, որովհետև «Գրական թերթի» մանկավարժ-հրետանին երկրորդ գլուխը չի կարդացել, քանզի այն լուս է տեսել «Գրական թերթի» այս համարի հետ նույն օրը։ Եվ, բացի այդ, հավանաբար չի էլ կարդա, որովհետև երկրորդ գլուխը ներկայացնող հոդվածի մեջ Լևոն Անանյանի լուսանկար չկա։

Գրական այս շեդևրի մանկավարժական թեքումով հեղինակային խումբը (հետաքրքիր է, որ Գրողների միության թերթի էջերում էլ է արտացոլվում գրական նախագահի մարտավարությունը՝ գործել խմբակային), ճիգ ու ջանք չի խնայել ինձ ապացուցելու, որ «Հրապարակ» թերթում տպագրված հոդվածս (Ես՝ «Կեղանքի» առաջին մրցանակակիրս…, Հրապարակ, 13 նոյեմբերի 2010թ.) Լևոն Անանյանի դեմ է գրված։ Քավ լիցի, պարոնայք, ես այդ հոդվածը, որ «Լևոնապատումիս» առաջին գլուխն է, գրել եմ բացառապես Լևոն Անանյանի համար եւ ոչ թե նրա դեմ, ինչպես սխալմամբ ընկալել եք։ Այո, Լևոն Անանյանի կողմից «Կեղանք» մրցանակ հնարելու առիթով ես գրել եմ. «Ո՞վ է Ձեզ նման տափակ միտք հուշել, պարոն Անանյան, ազնվորեն խոստովանեք եւ Ձեզ հետ ոչինչ չի պատահի։ Ոչինչ չի փոխվի Ձեր շուրջը, քանզի Դուք ընդունակ չեք նույնիսկ գիտակցելու, որ Ձեզ դրդել են, ներողություն, հիմարության»։ Հարգարժան Լևոն Անանյանի դեմ որևէ բառ կա՞ այստեղ։ Այդ հոդվածը, հարգելի գրականագետներ եւ ակամա գործող անձեր, տեղով խրատ է, խրատ։ Աչքներդ լավ բացեք։

Ցավով պետք է նշեմ, որ «Գրական թերթի» պատասխանատուներից և ոչ ոք չի կարդացել «Լևոնապատումի» առաջին գլուխը։ Այլապես նրանք, ականջները կախ, չէին համաձայնի Երևանի Խաչատուր Աբովյանի անվան…… բաժանմունքի շրջանավարտների այն հերյուրանքին, թե ես, իբր, խոստովանել եմ, որ Լևոն Անանյանին առաջին անգամ էկրանին եմ տեսել։ Ներողություն, բայց սա է այդ մասին պատմող իմ նախադասությունը. «Լևոն Անանյանին, մինչև Կենտրոն հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդաշարին հյուրընկալվելը, մեկ էլ տեսել էի մեր մեծերի պանթեոնում՝ Հրանտ Մաթևոսյանի գերեզմանին ճառելիս»։ Արտառոց ի՞նչ կա այստեղ, որ այդպես կպել է մեր մանկավարժների սրտին։

«Գրական թերթը», որ թերթ է այնուամենայնիվ, նաև պարտավոր չէր էս գլխից հավատալ «նորաստեղծ գրական խմբակի» առաջնորդի այն խոսքին, թե Էդիկ Անդրեասյանը պատվեր է կատարում, թե նրան վճարել են Անանյանին հայհոյելու համար։ Տղերք ջան, ուրեմն ժամանակն է, որ ձեր գլխի դափնեպսակները հանեք ու մեկ-մեկ ուրիշ թերթերի խմբագրություններ մտնեք՝ վերջապես հասկանալու համար, որ այս կյանքում ամեն ինչ չէ, որ առնվում ու ծախվում է, որ կյանքում որոշ բաներ այնպես չեն, ինչպես գրողների անանյանական միությունում։ Սրանից հետևում է, որ «Գրական թերթը» պարտավոր է ինձնից ներողություն խնդրել իր էջերում հանդես եկող շառլատանների փոխարեն, քանզի ես, բառիս ամենաիսկական իմաստով, որևէ քոռ կոպեկ չեմ ստացել դրա համար եւ հրապարակավ էլ հայտարարել եմ, որ իմ «Լևոնապատումը» նվեր է Հայաստանի Հանրապետությանն ու ողջ հայ ժողովրդին։ Բայց ես, ի տարբերություն ոմանց, նաև չեմ պնդում, որ «Գրական թերթի» թղթակիցը հանուն «իրեք մանեթի» է այսպես դոշ տալիս մեր գրական մեծության համար։ Տգեղ կլիներ, այնպես չէ՞։

Կեղծիքը, «Գրական թերթի» հարգելի կոլեգաներ, սրանով չի ավարտվում։ Դուք կկանխեիք դրա ծավալումը, եթե ձեր «ջանին ջափա» տայիք ու կարդայիք հանուն Անանյանի վաղվա օրվա «Հրապարակ» եւ «Հայոց աշխարհ» թերթերում տպագրված հոդվածը։ Հանկարծ չասեք, որ «Գրական թերթը» ազատ խոսքի ամբիոն է եւ որ նյութն էլ տպագրել եք հատուկ խորագրի տակ, առանց խմբագրական շտկումների։ Ձեր թերթը (գոնե այս համարը) նմուշի համար մի խորագիր էլ չունի։ Բայց դա արդեն բոլորովին այլ թեմա է։

Ես պնդում եմ, որ «Լևոնապատումիս» առաջին գլխում ինձ ցույց տաք, հատկապես այն հատվածը, որտեղ ես, իբր, նկարագրել եմ Լևոն Անանյանի հանդիպումներն իր ընկերների հետ եւ այն էլ պանթեոնում, իբր հետևել եմ նրան, իբր լսել եմ, թե նա պանթեոնում ինչպես է ասել, որ թերթ չի կարդում։ Ավելին, ցույց տվեք այն հատվածը, որից այս շաղակրատներն ու «Գրական թերթը» եզրակացրել են, որ օրվա վերջում մի հանճարեղ երևույթի եմ ականատես եղել՝ Անանյանի հետևից զուգարան գնալով։ Կարո՞ղ եք։ Սա չի՞ մեր գրողների կենսունակ օրգան համարվող թերթը։

Շարունակե՞նք ընթերցել։ Խնդրեմ։ Ես ասել եմ. «Ամեն լավ բանի ձախողում, ի դեպ, սկսվում է լեզվի վրա չկարողանալուց։ Սա հավասարապես վերաբերում է բոլոր երկրների թե ղեկավարներին, թե լրատվամիջոցներին եւ թե ստեղծագործական միությունների նախագահներին»։ «Գրական թերթի» մանկավարժական բաժնի վարիչը սա հասկացել է «մի փոքր» այլ կերպ։ Ըստ նրա՝ թերթ չկարդալն է հավասարապես վերաբերում բոլոր երկրների թե ղեկավարներին, թե լրատվամիջոցներին եւ թե ստեղծագործական միությունների նախագահներին։ Տխո՞ւր է։ Ոչինչ, հիմա կզվարճանաք։

Ես նաև ասել եմ. «Իսկ հիմա, ինչպես խոստացել էինք, Անանյանի փողոցային պահվածքի մասին»։ Այնուհետև, որպես այդ պահվածքի վառ արտահայտություն ներկայացրել Անանյանի՝ հեռուստաէկրանից արած «փողոցային» սպառնալիքը, որ ինքն էլ կին լրագրողի վարքի մասին կսկսի գրել։ Սակայն, գրական եղբայրության թերթում դա այլ մեկնաբանություն է ստացել։ Ըստ այս թերթի՝ ես, Անանյանի փողոցային պահվածք ասելով, նկատի ունեմ լրատվամիջոցներին դատի տալու նրա սովորությունը։ Ցնդաբանություն չէ՞։

Հիմա հարցնում եմ՝ ինչպե՞ս վարվեմ, երբ իմ մասին թերթն այսպիսի հերյուրանք է տպել։ Օրենքն ասում է՝ դատի տուր, վիրավորողի հերն անիծիր։ Լավ։ Բայց ես ո՞ւմ դատի տամ։ «Գրական թերթի՞ն», Խաչատուր Աբովյանի անվան……. բաժանմաունքի շրջանավարտների՞ն։ Իմ «Լևոնապատում» գրքի հերոսների՞ն։ Հարգելի իրավաբաններ, դա հնարավո՞ր է։ Եթե այո, խնդրեմ, դատի եմ տալիս։ Բա մեղք չե՞ն նրանք։ Հապա ասեք «Գրական թերթ», հապա ասեք «Խաչատուր Աբովյան…, հապա ասեք Գրողների միություն… Ես եմ չէ՞ ինձ համար ստեղծել այս կերպարները։ Ես ո՞նց դատի տամ նրանց։ Գրչակից տղերքը չե՞ն ասի՝ էս ինչ ես անում, այդպիսի գրական հնարանք չկա։ Իմ շատ սիրելի վաղամեռիկ Արմեն Մարտիրոսյանն ինձ չէ՞ր ասի՝ արա, ապե, փոքրիկ տղա~ա~ա, դու գրիչ չունե՞ս, որ դատի ես տալի՜իիիս…

Թող ուրեմն Արմեն Մարտիրոսյանի ոտների ջուրը խմեն իմ հերոսները, որ անգրագիտությունից մեռնելով, գրչից խորշելով, իրենց գրածից ամաչելով, լրագրողի ու լրատվամիջոցի են դատի տալիս՝ ինչ է թե լրագրողն ու լրատվամիջոցը փորձել են ձեռք տալ իրենց դափնեպսակին։

Վերջում՝ զավեշտի մասին։ Զավեշտ, որ երկուսն արժե։ Հերոսներս բոլորովին դուրս են եկել իմ վերահսկողությունից։ Ինձ՝ հեղինակիս, հարց են տալիս. «Մի հարցնող լինի (սելը ճռռալու փոխարեն սելվո՞րն է ճռռում), քեզ ինչ, որ այդ լրատվամիջոցին դատի է տվել (Անանյանը, Էդ.Ա.), քո սիրտը ինչո՞ւ է մրմռում (եթե, իհարկե, կեղծանունով չես դիմակավորվել)»։ Տես ո՜ւր են հասել «Գրական թերթն» ու նրա էջերում տպվողները։ Ուզում են ասել՝ թուրքը Վարդենիս է մտել, քե՞զ ինչ, դու Երևանում ես ապրում։ Ի՞նչ համերաշխություն, ի՞նչ հայրենասիրություն, ի՞նչ ֆլան ֆստան…էդ ի՞նչ աննամուսություն է, որ դու ես արել, այ Էդիկ Անդրեասյան։ Բայց սա դեռ հեչ։

Ինձ հատկապես հուզում է կեղծանվան պահը։ Իմ գրքի հերոսներն ինձ չեն ճանաչում։ Այ, այ, այ, այ, այ… Խաչատուր Աբովյանի անվան տը, տը, տը, բաժանմունքի հիսունականների շրջանավարտները, գուցե չճանաչեին։ Նրանք նոր կերպարներ են այս գործում։ Բայց «Գրական թե՞րթը»…

Հարգարժան գլխավոր խմբագիր Սամվել Կոսյան, «Գրական թերթի» ութերորդ էջի ներքևի ձախ անկյունում, որտեղ հանգչում է հսկա տառերով գրված ձեր անուն ազգանունը, փոքրիկ, սև տառերով նշված են նաև խմբագրական խորհրդի անդամները։ Եթե դուք իրոք մոռացել էիք մեր ծանոթանալու տեղն ու ժամանակը, հարցնեիք նրանցից առաջինին՝ Նորայր Ադալյանին։ Եթե նրան չգտնեիք, կարող էիք դիմել Զորի Բալայանին, Վազգեն Գաբրիելյանին, Հենրիկ Էդոյանին, Ռուբեն Հովսեփյանին, վերջապես կարող էիք հարցնել ձեր միության հարյուրավոր անդամների։ Ամաչե՞լ եք հարցնել։ Դրա ճարն էլ կա, հարգելիս։ Համակարգիչ տեսե՞լ եք։ Համակարգչին կարող էիք հարցնել, ու նա ձեզ ամեն ինչ կասեր, թե ով է թաքնվում Էդիկ Անդրեասյան գրական կեղծանվան տակ։

Չէ, ինչպես տեսնում եմ համբերություններդ շատ շահագործեցի։ Գնամ իմ բանին։ Բայց գնալուց առաջ թույլ տվեք «Գրական թերթին» իմ հատուկ շնորհակալությունը փոխանցել։ Ես առաջին անգամ այս թերթից իմացա, որ վերանկախացած Հայաստանի ազգաբնակչության առանձին խմբեր դեռևս շարունակում են պահպանել հին օրերի լավ սովորույթները։ Օրինակ՝ Խաչատուր Աբովյանի անվան….. բաժանմունքի 50-ականների շրջանավարտները, ո՞ւմ մտքով կանցներ, հավաքվում են համակուրսեցիներով եւ, ինչպես այն օրերի խրճիթ-ընթերցարաններում, նախ՝ խմբով կարդում, քննարկում են հայրենական մամուլի հոդվածները եւ ապա՝ իրենց կարծիքը տպագրում «Գրական թերթում»։ Շոյվել կարելի է, այնպես չէ՞։ Միայն՝ լավ կլիներ ասեին, թե ով է այս գրական շարժման ոգեշնչողը, այլապես այս ողջ տգիտության ու կեղծիքի մեղքն ընկնում մի մարդու վրա, ում ականջները նույնիսկ չեն էլ երևում։ Մինչդեռ այդ մարդու համար մենք՝ լրագրողներս, լիքը լավ բան ենք անում, որ համ ճիշտ ճանապարհի գա, համ էլ մեզ համար խայտառակ մրցանակներ չհնարի։ Փոխարենն ինչ ենք ստանո՞ւմ՝ «Լևոնապատումի» հերթական գլխի համար հարուստ նյութ, որ սիրահոժար տրամադրում են նրա վայ երկրպագուներն ու որոշ հրահանգվածներ։

Մինչ նոր հանդիպում՝ «Լևոնապատումիս» հերթական գլխի առիթով։

Էդիկ Անդրեասյան
7or.am
Դեկտեմբեր 4, 2010

Նոր ժամանակների հերոսը

Ուսանողական տարիներին նրան գիտեին որպես Սլավիկ Հակոբյան։ Դեռեւս Բաքվի մանկավարժական ինստիտուտի մեթոդիկայի բաժնում սովորելու տարիներին աչքի էր ընկնում իր աչքածակությամբ եւ շողոքորթելով թվանշաններ կորզելու հատկությամբ (ստացել է տարրական դասարանների ուսուցչի մասնագիտություն)։ Հետո դարձավ Վարդան Հակոբյան եւ Ղարաբաղի բռնակալ Բորիս Կեւորկովի աջակցությամբ նշանակվեց մարզի գրական բաժանմունքի քարտուղար։ Նրան ուղղված նամակում այդ մասին վկայում է իր համերկրացին ու բարեկամը՝ հայտնի արցախագետ, պատմաբան Շահեն Մկրտչյանը. «...Ասպարեզ ես ելել մի հզոր բարերարի՝ Կեւորկովի հովանավորությամբ։ Մի հանգամանք, որը չէր կարող չազդել քո եսակենտրոն մտածողության վրա» (իմ ձեռքի տակ ունեմ այդ նամակի բնօրինակը - հեղ.)։

Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո եւ առանձնապես ս.թ. ՀՀ նախագահական ընտրարշավի օրերին նրա ղեկավարությամբ տպագրվող թերթում առաջնակարգ տեղ էին գրավում հակալեւոնական թունոտ նյութերը։ Ղարաբաղյան շարժումից հետո Վ. Հակոբյանը սկզբում փորձում էր շահել արցախյան բանակի զորահրամանատար եւ Ղարաբաղի փաստացի ղեկավար Սամվել Բաբայանի բարեհաճությունը, իսկ այնուհետեւ դարձավ Արկադի Ղուկասյանի «ժողովրդավարական նոր կուրսի» ջատագովներից մեկը, որի համար ստացավ «Վաչագան բարեպաշտ» շքանշան։ Ղարաբաղի նախկին իշխանությունները աչք են փակել ԼՂՀ գրողների միությունում ԼՂՀ ԱԺ վերահսկիչ պալատի կողմից անցկացված ստուգումների արդյունքների վրա, որը երեւան է հանել Վ. Հակոբյանի կողմից իրականացված կոպիտ օրինախախտումներ (այդ մասին տպագրել է Ղարաբաղի հանրապետական «Ազատ Արցախ» թերթը, ՀՀ թերթերից՝ «Իրավունքը»՝ «Արցախի «գլխավոր գրողը» նաեւ գո՞ղ է» վերնագրով)։

Որոշ փաստեր այդ ստուգումներից. միայն 2002 թ. Վարդան Հակոբյանը տարվա 365 օրից 130-ը եղել է Երեւանում՝ գործուղման մեջ եւ «գործուղման ծախսերի համար» ստացել է 400 հազար դրամ (թե այդ 130 օրն ինչով է զբաղվել Երեւանում՝ անհայտ է)։ Նա 10 հազար դրամ աշխատավարձով ԼՂՀ ԳՄ նախագահի օգնական է պահել, մինչդեռ հաստիքացուցակով սահմանված է 31 հազար դրամ (այսինքն՝ մնացած 21 հազարը... «կորել է»)։ «Գրական ուրբաթ» անվամբ ԼՂՀ ԳՄ-ն պարբերաբար միջոցառումներ է անցկացրել եւ դրա համար դուրս գրել գումարներ, որ ամենեւին չեն տեղավորվում գրական այդ համեստ միջոցառումների շրջանակներում։ Վ. Հակոբյանը, որ զուգահեռաբար որպես ռեկտոր ղեկավարում է նաեւ իր մասնավոր «Գրիգոր Նարեկացի» համալսարանը, 2004 թ. հունվարին սեփական հրամանով ԼՂՀ ԳՄ նախագահի իր աշխատավարձը 50 հազարից դարձրել է 80 հազար, անփոփոխ թողնելով ԳՄ մյուս աշխատողների աշխատավարձը...

Այս փաստերը երեւան են հանվել մի քանի տարվա կտրվածքով ստուգումներից։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչեր կհայտնաբերվեին, եթե ստուգեին ԳՄ նախագահի 25 տարվա «գործունեությունը»։ Այս ամենի համար Վ. Հակոբյանը ոչ միայն պատասխանատվություն չի կրել, այլեւ իշխանությունների թողտվությամբ կոծկել է ամեն ինչ։

Ընդհանրապես Վ. Հակոբյանի իրականացրած հատկապես ֆինանսատնտեսական գործունեության հանդեպ շատ-շատերը լուրջ կասկածներ ունեն։ Օրինակ. «Դեմո» հանրային թերթի 2005 թ. հունվարի 15-ի համարից տեղեկանում ենք, որ ղարաբաղցի երկու գրողի ստորագրությամբ նամակ է հղվել ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանին, խնդրելով ԼՂՀ օրենքով սահմանված ժամանակահատվածում գրավոր պատասխանել նամակում բարձրացված հարցերին. 1994-2004 թթ. ժամանակահատվածում ԼՂՀ ԳՄ-ն պետական բյուջեից որքա՞ն գումար է ստացել եւ ինչպե՞ս է տնօրինել այդ գումարը (յուրաքանչյուր տարվա կտրվածքով՝ առանձին-առանձին)։

Քանի որ, ամենայն հավանականությամբ, նրա անունը հայաստանյան ընթերցողներին ոչինչ չի ասելու, հիշեցնենք, որ 3 տարի առաջ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի թեթեւ ձեռքով Վ. Հակոբյանին շնորհվել է «ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի» կոչում։ Չնայաց նույնիսկ խոշորացույցով հազիվ թե հնարավոր լինի պարզել, թե որն է նրա վաստակը հայկական մշակույթում եւ, բացի 1-2 սեփականաշնորհված գրականագետից ու վարձով կարծիք վաճառող գրողից, հազիվ թե 10 մարդ գտնվի, որ կարողանա մի ոտանավոր հիշել «վաստակաշատ» բանաստեղծից։ Բայց այդ մասին ավելի դիպուկ գրել է Ա. Զախարյանը՝ «Ահա այսպիսի վաստակավոր գործիչ» վերնագրով իր հոդվածում («ՀԺ», 17 նոյեմբերի 2005 թ.)։
Երեւանում ձեռք է բերել ոչ միայն բնակարան, այլեւ դոկտոր, պրոֆեսորի կոչում։

Տեղեկություններ են պտտվում, որ նրա դատավոր որդին շուտով նշանակվելու է ԼՂՀ ներկայացուցիչը Ֆրանսիայում։ Որպես դրա առաջին քայլ վերջինս խորհրդականի պաշտոն է ստացել ԼՂՀ ԱԳՆ-ում։ Նույն լուրերի համաձայն՝ Վ. Հակոբյանը լրջորեն փորձում է սողոսկել նաեւ ՀՀ գիտությունների ակադեմիա՝ դառնալով ակադեմիկոս, այնուհետեւ նաեւ «նշանակվելով» ՀՀ գրողների միության նախագահ։ Նրան լավ ճանաչողները կատակում են՝ նրա ուրվականն արդեն շրջում է Երեւանում...

ԿԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Չորրորդ իշխանություն»
06.10.2008

Ահա այսպիսի վաստակավոր գործիչ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին գրչի մի հարվածով ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման է արժանացրել բանաստեղծ, ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանին։

Նորությունն իմանալուց հետո մեր մեջ ծնված առաջին բնական հարցը հետեւյալն էր՝ ո՞ր արժանիքի համար։ Գուցե Հակոբյանը տաղանդավոր ու հանրահայտ բանաստեղծ է, որի մասին պարզապես մենք՝ անտեղյակներս, թերանալով չե՞նք իմացել այսքան ժամանակ...

Գրախանութում նրա գրքերից գոնե մեկը ձեռք բերելը մեզնից մեծ ջանքեր պահանջեց, որովհետեւ դրանք երկար ժամանակով չվաճառվելու պատճառով մոռացության էին մատնված, եւ գրախանութի աշխատակիցները մեծագույն դժվարությամբ գտան «Թեւերի հեռուն» տարօրինակ վերնագիրը կրող երկերի ժողովածուն, որը 2003 թվականին լույս է տեսել 800 օրինակով, սակայն, ինչպես պարզվեց, այդ թվականից ի վեր, օրինակ, «Նոյյան տապան» գրատանը հատուկենտ է վաճառվել, թեեւ արժե ընդամենը 380 դրամ։

Բանաստեղծ Հակոբյանի ստեղծագործությունների ընթերցելիության վերաբերյալ հետաքրքրվեցինք նաեւ Ավ. Իսահակյանի անվան գրադարանում։ Պրպտումները ցույց տվեցին, որ այստեղ Հակոբյանի հեղինակած չորս ժողովածու կա, որոնցից եւ ոչ մեկը, սակայն, երբեւէ չի պատվիրել ընթերցողը։ Ինչեւէ։ Թեեւ արդեն պեղված էր Վարդան Հակոբյանի՝ «Թեւերի հեռուն» երկերի ժողովածուն, եւ հնարավորություն կար դրան ծանոթանալու ու կարծիք կազմելու, սակայն սուբյեկտիվության մեջ չմեղադրվելու համար դիմեցինք գրական աշխարհի մարդկանց։ Ի վերջո, նաեւ հետաքրքիր էր՝ ինչպե՞ս են վերաբերվում նրա պոեզիային այդ միջավայրում։

Պարզվեց՝ ոչ ոքի առանձնապես չէր ոգեւորելու այդ մասին մի քանի խոսք ասելու վերաբերյալ մեր խնդրանքները։ Նրանք բոլորը խուսափեցին՝ պատճառաբանելով, որ Հակոբյանի պոեզիայի գիտակը չեն եւ այնքան ծանոթ չեն, որ կարծիք հայտնեն։ Այս դեպքը մեզ հիշեցրեց Բեռնարդ Շոուի հետ կապված մի պատմություն։ Երբ նրան գրողներից մեկը հրավիրել է իր պիեսի բեմադրությունը նայելու, Շոուն քնել է ներկայացման ընթացքում, իսկ երբ պիեսի հեղինակը դժգոհել է, թե քնել էիր, հիմա ինչպե՞ս ես կարծիք հայտնելու, նա պատասխանել է, որ հենց քնելով՝ արդեն ինքն իր կարծիքն է արտահայտում։

Գրականության ինստիտուտի ղեկավար Ազատ Եղիազարյանը, սակայն, համաձայնեց խոսել բանաստեղծի պոեզիայի մասին, թեեւ իր խոսքը սկսեց նրանից, որ «Վարդան Հակոբյանը Ղարաբաղի գրողների միության նախագահն է նախ, երեկ (արդեն՝ երկու օր առաջ-Ա.Զ.) նշվում էր գրողների միության 70-ամյակը։ Ե՛վ իբրեւ Գրողների միության նախագահ, ե՛ւ նաեւ իբրեւ բանաստեղծ հասարակական ակտիվ գործունեություն է վարում Ղարաբաղում, մասնակցել է Ղարաբաղյան ազատագրական պատերազմին։ Մի խոսքով, Ղարաբաղում հայտնի դեմք է, հասարակական գործիչ։ Հայտնի բանաստեղծ է արդեն նաեւ Հայաստանում։ Նրա պոեզիան շատ հետաքրքիր զարգացում է ապրել։ Դասական քնարերգության օրենքներով գրված գործեր շատ ունի, լավ գործեր։ Այս վերջին շրջանում, թեեւ տարիքը կարծես թե նրան չպիտի տրամադրեր այդպիսի որոնումների, շատ ակտիվ, աշխույժ որոնումներ է կատարում ժամանակակից գրականության մեջ։

Նա փորձում է ժամանակակից գրել եւ երբեմն շատ հաջողությամբ գրում է՝ ժամանակակից պոեզիայի հնարքներն օգտագործելով։ Շատ ուշադիր ուսումնասիրում է 20-րդ դարի բանաստեղծությունը, ինչն ինձ դուր է գալիս։ Աշխատում է լինել ժամանակակից ու երբեմն բավական հաջող է ստացվում։ Այսինքն՝ այսպես նրա պոեզիան բավական հետաքրքիր էվոլյուցիա ապրեց։ Եվ հետաքրքիր է, որ Վարդան Հակոբյանն ուզում է ներկայանալ նաեւ արտասահմանյան ընթերցողին։ Վերջերս նրա մի գիրքը տպագրեցին անգլերեն, եւ մի երկու շաբաթ առաջ գրողների միությունում այդ գրքի շնորհանդեսն էր։ Անգլերեն թարգմանության որակի մասին չեմ կարող դատել։ Բայց փաստն ինքնին հետաքրքիր է, որ ուզում է դուրս գալ հայկական շրջանակներից եւ ներկայանալ նաեւ օտարալեզու ընթերցողներին։ Այնպես որ, այսօրվա մեր երեւացող բանաստեղծական դեմքերից եւ նշանավոր բանաստեղծներից է, որ դեռ ճանապարհ ունի անցնելու»,- բանաստեղծ Հակոբյանի պոեզիայի մասին ահա այսպիսի, հաճախ դրա հետ կապ չունեցող, առավելություններ նշեց պարոն Եղիազարյանը։

Իսկ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը հայտնեց, որ միանգամայն արժանի համարելով՝ իրենք են այդ կոչման ներկայացրել Վարդան Հակոբյանին՝ նշելով, որ վերջինս «մեր տաղանդավոր բանաստեղծներից է՝ առանց վերապահումների»։ Իսկ մեր այն հարցին՝ արժանի է համարվում որպես բանաստե՞ղծ, թե՞ որպես ԼՂՀ գրողների միության նախագահ, Լ.Անանյանը պատասխանեց՝ հավասարապես։ Նույնը թերեւս «կարելի է» ասել Լեւոն Անանյանի մասին, ու Վարդան Հակոբյանին այդ կոչման ներկայացնելով՝ Անանյանը նկատի է ունեցել նաեւ իրեն։
Հ.Գ. Ստորեւ ներկայացնում ենք Հակոբյանի բանաստեղծություններից մեկը.

«Ագռավը երգեց ծառին եւ մի տերեւ ընկավ ծառից
ագռավը երգեց ծառին եւ էլի մի տերեւ ընկավ ծառից
ագռավը երգեց ծառին եւ դարձյալ տերեւներ ընկան ծառից
ագռավը երգեց, երգեց եւ ծառի վրա ոչ մի տերեւ չմնաց
եւ արեւի ճաքճքած հայելին ջրափոսերում ջարդուփշուր եղավ» («Հարպի»)։

ԱՆՆԱ ԶԱԽԱՐՅԱՆ
«Հայկական ժամանակ»
17.11.2005

Տխուր ենք, Զորի, քո հավեսը չունենք

Անցած շաբաթվա վերջում «Հայլուրի» ռեպորտաժից իմացանք, որ մեր հայրենասեր հայրենակից Զորի Բալայանը հասարակածին է արդեն մոտենում եւ աներեւակայելի հերոսությունների մեջ է. նա բարձրանում է իններորդ ալիքների կատարներին, այնտեղից իր «Արմենիայով» գահավիժում է օվկիանոսի խորխորատները, սակայն կենդանի է մնում, ապա ալիքին ասում է՝ «կենդանի՜ եմ, մին էլ արի», ալիքը մին էլ է գալիս, բայց քանի որ Զորիի առագաստանավին եռագույն դրոշն է, ուժ է տալիս նրան, եւ կանգուն է մնում ինքը, միայն հասկանում եք՝ գեներատորի ֆիլտրն է շարքից դուրս եկել: «Ոսկե հորթը» ֆիլմում երբ Օստապ Իբրահիմովիչը հարցրեց, թե ինչ է պետք Ադամ Կազլեւիչին, պարզվեց, որ նրա «Անտիլոպը» յուղի խողովակի կարիք ունի:

Զորի Գայկովիչն էլ ահա, հայ ժողովուրդ՝ հայաստանցի եւ սփյուռքի, իմացեք, որ գեներատորի ֆիլտրի կարիք ունի: Սակայն «Հայլուրի» տեքստն այնքան գայթակղիչ էր, որ այնտեղից հատվածներ կարդալը լուրջ հաճույք է. «"Արմենիա" նավն արդեն մոտենում է հասարակածին: Գիտարշավի ղեկավար Զորի Բալայանի խոսքով, անձնակազմը հասարակածին մոտենալը զգում է ամեն վայրկյան, քանի որ յուրաքանչյուր մղոն նրանց մերձեցնում է մոլորակի արեւադարձային գոտու կիզակետին... Վենեսուելայի կենտրոնական հատվածին համապատասխանող ափամերձ ջրերում նավը դիմակայել է մի այնպիսի ուժեղ փոթորիկի, որին իր ճանապարհին դեռ չէր հանդիպել: Ոչ միայն Այվազովսկու վրձնին վայել հսկա ալիքները, այլեւ փոթորիկի ընդգրկած տարածքը տպավորիչ էին. փոթորիկի փորձությունը հաղթահարելուց հետո պարզվել է, որ վնասվել է գեներատորի ֆիլտրը, որից անձնակազմը փորձել է հայթայթել Բոնէյր կղզում:

«Արմենիան» իր նավարկությունը շարունակում է դեռեւս չհանդարտված փոթորիկի պայմաններում: Առավոտյան, հոկտեմբերի 28-ին, «Արմենիան» կառանել է Բարսելոնայի առագաստանավային ակումբներից մեկում: Այստեղ եւս անձնակազմը չի կարողացել գտնել անհրաժեշտ ֆիլտրը: Կառանատեղիում անձնակազմը չի կարողացել նաեւ լիցքավորվել: Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն արգելում է վառելիք վաճառել որեւէ մեկին, ով համակրում է Ամերիկային: Խնդիրներ են առաջացել նաեւ հեռախոսակապի հետ, եւ «Մեսրոպ Մաշտոց» գիտարշավի անդամներն իրենց հիմնական առաքելությունը չեն կարողացել իրականացնել` հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Արմենիան» շարունակել է նավարկել իր երթուղով` դեպի Տրինիդատ կղզի, որտեղ արդեն անգլիական կարգեր են: Գուցե այնտեղ հայկական նավի անձնակազմին հաջողվի լիցքավորվել, գտնել գեներատորի ֆիլտր եւ... հանդիպել հայերի»:

Օվկիանի առյուծ Զորի Բալայանը, ինչպես տեսաք, Հեմինգուեյի «Ծերունին եւ ծովի» ծերունուց տարբերվում է նրանով, որ Հեմինգուեյի ծերունին ամբողջ գիշեր մարտնչեց շնաձկան հետ՝ ինքը եւս խոցվելով, իսկ Զորի Գայկովիչը՝ հասարակածի արեւների տակ շորտով ու բոկոտն, մտածում է, թե ո՞ր սփյուռքահայ հարուստին համոզի, որ ֆիլտրը, ինչպես եւ «Արմենիա» առագաստանավը, ինչպես եւ նախկին «Կիլիկիան» ազգանվեր, ազգապահպան եւ նույնիսկ ազգափրկիչ նշանակություն ունեն:

Փաստն այն է, եթե Զորի Բալայանը մեկ-մեկ չհիշեցնի իր մասին, Հայաստանի ժողովուրդն արդեն մոռանում է նրան, մտածում է, որ եթե օվկիանոսում չլիներ էլ, Հանրային պալատում կլիներ, եւ նրանից ոչ մի օգուտ չկա, եւ որ Զորին ինքն է օգուտ սպասում ամբողջ ժողովրդից՝ ծերությունը հարուստ երկրի միլիոնատեր ծերունիների նման կազմակերպելու համար, եւ միեւնույն է ժողովրդի համար, թե շտատով հայրենասերը ծովերո՜վ, հայկական գաղութներից օգնություն հայցելո՜վ կճամփորդի՞, թե՞ «արի տուն» ծրագրի շրջանակում տուն կգա, մանավանդ որ նրա օրագրերում, ծովային «ռեպորտաժներում» բացի իր գովերգությունից, այն էլ՝ տափակ լեզվով, ոչ մի բան չկա:

Նա մի գրառման մեջ, մեկ-մեկ բնութագրելով իր արշավախմբի վեց անդամներին, իրեն է հասնում եւ գրում. «Յոթերորդը ես եմ: Արշավախմբի պետը: Պատասխանատու եմ բոլորի եւ ամեն ինչի համար: Պատասխանատվության զգացումի համար հայրենիքի դրոշի առջեւ, որը ծածանելու ենք երկրագնդի շուրջ: Պատասխանատու եմ այն գործուն գիտակցության համար, որ անցնելու ենք մեր նախնիների ողբերգության ուղիներով...»: Ահա այսպիսի կեղծ ու ձանձրալի «փրկիչ» տեքստեր: Մի հուշագրությունում նա գրում է, թե ինչպես 2004 թվականի ապրիլի 12-ից հետո մեդալը Քոչարյանին ետ տված Սիլվա Կապուտիկյանը խնդրել է իրեն, որ ինքն էլ իր մեդալը ետ տա. «...խնդրագին պնդում էր, որ նախագահ Քոչարյանին վերադարձնեմ իմ շքանշանը: Իմ այն հարցին, թե ինչպես է պատկերացնում, ազնվորեն պատասխանեց՝ չեմ պատկերացնում»:

Խորհրդարանի խմբակցություններին վերջերս մի բաց նամակ էին գրել «Հայերն ու սովը» կազմակերպության անդամները: Նրանք զայրացած էին, որ կառավարությունը, անտեսելով սնունդ չճարող հայաստանցիների խնդրանքը, այն է՝ մի բարեգործական ճաշարան էլ բացել, բյուջեից 96 մլն. դրամ են տրամադրում «Հայերն ու ծովը» կազմակերպությանը, այսինքն՝ Զորի Բալայանին: «Կարծում ենք՝ այս նպատակն ավելի կարեւոր է, քան Զորի Բալայանի շուրջերկրյա ճամփորդությունը»,- ասում են: Ի դեպ, Զորին այդ նամակին պատասխանել է, որ իրենք Հայաստանի բյուջեից չեն օգտվում: Իսկ թե ինչից են օգտվել եւ օգտվում իրենց փոթորկային արկածների տված մեր հերոսները՝ ներկայացնում ենք մի քանի շնորհակալություններ կամ ուզվորության պատմություններ կատաղի ծովագնացների արխիվից:
«"Կիլիկիայի" անձնակազմը երախտագիտություն հայտնեց Նաիրա Մելքումյանին` հիմնադրամի կողմից իրենց ցուցաբերված աջակցության համար»:

«"Կիլիկիայով" նավարկելու դեռ առաջին փուլում Զորի Բալայանն իմ ներկայությամբ զանգահարել է Ամերիկա՝ Հարութ Սասունյանին, ապացուցելով, որ հարկավոր է Քըրք Քըրքորյանին շահագրգռել հայ ժողովրդի պատմության մեջ առաջին շուրջերկրյա նավարկության անհրաժեշտության մեջ»:
«"Կիլիկիայի" նավարկության առաջին փուլում Աթենքում մեզ այցելեց ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, եւ առաջին անգամ Զորի Բալայանը խոսք բացեց իր վաղեմի ծրագրերի մասին»:
«Նավարկության վերջին փուլում Զորի Բալայանը Լոնդոնում հանդիպեց հայտնի գործարար եւ բարեգործ Վաչե Մանուկյանին եւ «Կիլիկիա» վերադարձավ երջանկությունից փայլելով: Հաջորդ օրն ասաց, որ շուրջերկրյա նավարկության հարցը լուծված է»:

Մի բան պարզ է. եթե Քըրքորյանը, Սերժ Սարգսյանը, Վաչե Մանուկյանը եւ այլ մեծահարուստներ Զորի Բալայանի ազգափրկիչ քմահաճույք «Կիլիկիա», «Արմենիա», վաղն էլ գուցե «Արցախ» նավերի շուրջերկրյա ճամփորդության փողով Արցախում մի լուրջ աշխատատեղ հիմնեին, ինչքա՜ն մարդ չէր փախչի Զորի Բալայանի հայրենիք Արցախից:

ԳԱՅԱՆԵ ԲԱԲԱՅԱՆ
hraparak.am