ԱԱԾ-ի տեսանյութը Սերժի Վաչոյի ձերբակալության մասին - YouTube
ԱԱԾ-ն երեկ ձերբակալել է ԱԱԾ կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին, նույն ինքը՝ Սերժի Վաչոյին: Ըստ ԱԱԾ հաղորդագրության, նա «անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել է «Յունիբանկ» ՓԲԸ-ից դուրս գալու պահին՝ ձեռքին առկա պայուսակի պարունակությունը, որում եղել է 120 հազար ԱՄՆ դոլարը, ինչպես նաև 436 միլիոն ՀՀ դրամ՝ Վաչագան Ղազարյանի անվամբ գրանցված ավանդային հաշվեհամարից:
Ըստ Վաչագան Ղազարյանի՝ կանխիկացման նպատակը եղել է գումարն իրական տիրոջը վերադարձնելը, իսկ թե ով էր գումարի իրական սեփականատերը՝ Ղազարյանը չի ցանկացել հայտնել:
Վաչագան Ղազարյանն անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել է առօրյա ծախսերի համար գրպանում առկա 500 հարյուր ԱՄՆ դոլարն ու 213 հազար դրամը, իսկ նրան բանկ ուղեկցած «Լեքսուս» մակնիշի մեքենայից հայտնաբերվել է 50 հազար ԱՄՆ դոլար:
Ազգային անվտանգության ծառայությունը տիրապետում է օպերատիվ տեղեկատվության, ըստ որի, Ղազարյանին բերման չենթարկելու դեպքում, վերջինս պատրաստվում էր կանխիկացնել «Արդշինբանկ» ՓԲԸ-ում իր հաշվին առկա 860 միլիոն դրամն ու կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի անձնական հաշվեհամարին առկա 690 միլիոն դրամը: Ընդհանուր հաշվով 1,5 միլիարդ դրամ»:
Վաչագան Ղազարյանը հայտնել է, թե «Յունիբանկ» և «Արդշինբանկ» ՓԲԸ-ների իր հաշիվներում առկա գումարը մոռացել է ներկայացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տրամադրած հայտարարագրում: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել հենց այս հանգամանքով:
Վաչագան Ղազարյանը բացահայտումների լրահոսում հայտնվեց իր ընտանիքին պատկանող Յանս ակումբում ու նրա ընտանիքին պատկանող տանը կատարված խուզարկություններից հետո, երբ մասնավորապես հայտնաբերվեց 1 միլիոն դոլարից ավելի կանխիկ փող: ԱԱԾ կադրային ռեզերվում գտնվող Ղազարյանը, ով Սերժ Սարգսյանի վարորդն էր ու հետո անվտանգության պատասխանատուն, քրեական գործի հարուցումից հետո փաստորեն փորձել է բանկերից հանել իր գումարները, եւ պարզվում է, որ երեք միլիոն դոլարի չափով փող ունի բանկերում, մեկ միլիոն դոլարն էլ արդեն կանխիկացրել էր: Ընդհանուր՝ 5 միլիոն դոլար:
Ուշագրավ է, որ ձերբակալման պահին նրա մոտ գտնվող մոտ 1 միլիոն դոլարը՝ 120 հազար ԱՄՆ դոլար եւ 436 միլիոն ՀՀ դրամ, նա հանել է իր հաշվից, բայց ինչպես ինքն է ասել՝ ուրիշի փող է, որ պետք է վերադարձներ: Փաստացի, այդ ուրիշը, մտահոգվելով Վաչագան Ղազարյանի հետագա ճակատագրով, նրան շտապեցրել է հանել այդ փողը եւ վերադարձնել իրեն:
Ո՞վ է նա, ո՞վ կարող էր բանկում Վաչագան Ղազարյանի անունով մեկ միլիոն դոլար պահել, եւ իմանալով, որ նրան հնարավոր է հետեւում են, ուղարկում է բանկից փող հանելու: Նրա մոտ գումարը պահել էին ապահովությա՞ն, թե հետքերը թաքցնելու համար:
Հայաստանում կատարվում են բացահայտումներ, որոնք «գերազանցում» են նույնիսկ ամենավատատեսների «սպասումները»:
Комментариев нет:
Отправить комментарий