суббота, 2 июня 2018 г.

Փաշինյանի կառավարության դեմ ծառացած՝ իմ պատկերացրած առաջնային հարցերը


Իշխանությունը փչացնում է, բացարձակ իշխանությունը բացարձակ է փչացնում։ 
Լորդ Ջոն Ակտոն

Հայաստանում կառավարություն է փոխվել։ Վարչապետ Փաշինյանը համաժողովրդական սիրելին է։ Կառավարություն է կազմվել, չարաշահումներ են բացահայտվում։ Մարդիկ լիահույս են, որ երկրում մթնոլորտ է փոխվել և գնալով ամեն ինչ կարգի կգցվի, իսկ նախորդ հանցագործ իշխանությունների ձեռքում հայտնված մղձավանջային Հայաստանն էլ այլևս պատմություն է։

Դատելով ֆեյսբուքյան միջավայրից, որից ես քաղում եմ իմ հիմնական ինֆորմացիան մարդկանց վերաբերմունքների մասով, կարող եմ ասել, որ մեծամասնության մոտ անվերապահ լավատեսություն է։

Պարտված իշխանությունների երիտասարդական հենարանն ակտիվորեն դեմ է կատարվածին և ռեվանշի հույսերով սպասում է նոր իշխանությունների սխալներին։

 Ծայրահեղ արևմտամետները կատարվածում ռուսական ու նույնիսկ Սարգսյանական հետք են տեսնում։ Իսկ թե ինչու, կամ էլ թե որ դրսևորումների վրա է հիմնված իրենց այդ կարծիքը, հոդաբաշխ պատասխան չկա։ Իրենց հիմնական փաստարկն այն է, որ քանի դեռ Հայաստանն իրեն պաշտոնապես Ռուսաստանի թշնամի չի ձևակերպել, Հայաստանում իշխանությունը ռուսական խամաճիկների ձեռքին է լինելու։

Մարդկանց մեծ խումբ կա, որ հոռետես է՝ ռեֆորմների քայլերն ու արագությունն է սխալ համարում ու կառավարության թիմն էլ ոչ բավարար մասնագետ տեսնում։

Որոշներն էլ հոռետես են՝ հիշելով ՀՀՇ-ական առաջին իշխանության մետամորֆոզները, երբ գալով իշխանության, «մեր տղաներն» արագորեն մեկուսացան ժողովրդից և դարձան բացարձակ անհաղորդ մարդկանց ու իրենց պաշտոնական պարտականություններին։
Միարժեք մոտեցում չկա, թե ինչ դիրքորոշում ունենալ հանդեպ նոր կառավարությանը՝ սպասել գոնե 100 օրվան նոր իմի բերել արդյունքերը, թե քննարկել հարցերը և ընթացքում էլ բարձրաձայնել նկատելի թերությունները։

Ես վերջին տեսակետի կողմնակիցն եմ մի քանի նկատառումներով։

1. Հայաստանը չունի իշխանական ժողովրդավարական վարքի ավանդույթները և սպասելը կարող է նախորդ ՀՀՇ-ական իշխանության այլասերման նմանակով անվերահսկելի դարձնել նոր կառավարությունը ևս։

2. Իշխանության պաշտոնեական համալրումն ընթանում է մինչ հիմա համարյա անհայտ երիտասարդներով, ովքեր կառավարման որևէ փորձ չունեն։

3. Նիկոլ Փաշինյանը չի հայտատարել իր ռեֆորմների գաղափարաբանությունը, կոնցեպտը, տեսլականը, քայլերի առաջնահերթությունները, և դրանով իսկ տեղ է թողել բազմաթիվ մտահոգությունների։ Մարդիկ ամեն մեկն իր պատկերացումներն ունի այդ հարցերում և կարող է արվող քայլերը նույնիսկ բացասական էլ համարել։

4. Կառավարությունն ինքը չի ցուցաբերում հակվածություն ժողովրդավարական ավանդույթներին, այն է՝ չի ներկայացնում շաբաթական հաշվետվություն։ Այս խնդիրը նրբություն ունի այն առումով, որ վարչապետական երկրներում հաշվետվությունը ներկայացվում է խորհրդարանին։ Իսկ մեր դեպքում եղած խորհրդարանին հաշվետու լինելն անիմաստ է։ Բայցև, արագորեն նոր ձևաչափ կարելի էր սահմանել, օրինակ, կազմել քաղաքագետների, քաղաքական վերլուծաբանների, երևելի մտավորականների 20-30 հոգանոց խումբ (մեկական հարցի իրավունքով), որոնց հրապարակավ շաբաթական հաշվետու լիներ վարչապետը։

5. Այս կառավարությունը հեղափոխությամբ է եկել իշխանության, այլ ոչ ավանդական ժողովրդավարական ընտրություններով, հետևաբար նրա հանդեպ կիրառելի չեն ժողովրդավարական ավանդույթները և Նրա նկատմամբ պետք է իրացվի ընթացիկ հանրային վերահսկողություն։

6. Հայաստանի առջև կուտակված ու ծառացած խնդիրները և շատ են, և բարդ։ Դրանք հաղթահարելու ունակ փայլուն ուղեղ հաստատապես ունի վարչապետը, բայց իր թիմակիցները դեռս չեն ցուցաբերել նման փայլունություն։ Բացի, այդ, նկատվում է, որ Փաշինյանը նրանց մեծ ինքնուրույնություն ու ազատություն է տվել իրենց ասպարեզներում։ Ժողովուրդը կոնցեպտուալ լուծումների մանդատ է տվել Փաշինյանին, բայց ոչ իր նախարարներին։ Այդ պատճառով հանրությունը պետք է լսելի դարձնի կառավարությանն իր մտահոգությունները գոնե թիմակիցների մասով։

Այս նկատառումներն են, որոնք ինձ թույլ են տալիս, կառավարության դեմ հանդես գալ բազմաթիվ հարցադրումներով։

Իմ աչքին, առաջնահերթ հարցերը, որոնց համար այս կառավարության կողմից չկա հստակ նկարագիր, երկուսն են։

Ա. ինչն է եղել պատճառը, որ նախորդ բոլոր իշխանությունները այլասերվել էին այս աստիճան, և հիմա ինչն է արվելու այլ կերպ, որ հին այլասերումը նորովի չշարունակվի։

Բ. նախորդ իշխանությունների այլասերման մեջ որոնք էին համակարգային, որոնք արժեքային, որոնք օրենսդրական, և որոնք քաղաքական թերություններն ու թուլությունները, և ինչ գործիքներով ու մեթոդականով են պատրաստվում դրանք հաղթահարել։

Այսինքն ես չեմ տեսնում կոնցեպտուլա, մանրամասն ու հստակ մեթոդական, թե որ պրոբլեմն ինչպես է հաղթահարվելու՝ որը առաջին քայլով, որը՝ երկրորդ, որը՝ տասներորդ։

Երեկ տեղեկացել եմ ընդամենը երկու լուրի, որոնք գերսկզբունքային են հենց վերը նշված առումներով։

Առաջին լուրով վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը կատարել է առաջին նշանակումը՝ 21-ամյա Մուղնեցյան Տիգրանին նշանակել է օգնական:

Աղաջանյանի պաշտոնն ակնհայտորեն քաղաքական է, և իր նշանակվելը Փաշինյանի անձնական ընտրության արդյունք է։ Բայց օգնականի դիրքն արդեն ոչ քաղաքական է, այլ մասնագիտական, և այդ պաշտոնի համար պետք է մասնագիտական մրցույթ անցակցվեր։

Բայց դե ում է նման մանրուքը հետաքրում, անցնենք առաջ։
Աղաջանյանը նաև հայտնում է, որ աշխատակազմի տրամադրության տակ կա 110 ծառայողական մեքենա, որոնցից 30 տոկոսը կրճատվելու են (բայց չեն կրճատվելու վարորդները)։ Նաև ասում է, որ նախկինում կարևոր չինովնիկների մեքենաներին շաբաթական 300 լիտր դիզվառելիք է տրվել։ Այսինքն աշխատանքային մեկ օրվա համար ամեն մեքենային տրվել է 60 լիտր վառելիք։ Այդքան վառելիքով Մերսեդես մակնիշի ամենամեծ չափսերի ասենք SUV մեքենեները քաղաքում կգնան առնվազն 450 կիլոմետր։ Եթե հաշվի առնենք, որ քաղաքում միջին արագությունը մոտ 40 կիլոմետր է, ապա ստացվում է, որ նախորդ կառավարության աշխատակազմի «կարևորները» օրեկան իրենց վարորդներով 11 ժամ քշել են փողոցներով։ Իսկ միջին չինովնիկներն էլ ենթադրենք, վառելիքի կեսն են ստացել ու օրեկան 5,5 ժամ են քշել։
Իսկ ե՞րբ են աշխատել։

Իր մանրամասներով սա փաստացի հաղորդագրություն է հանցագործության մասին։ Բայց պարոն Աղաջանյանը այդ մասին ձայն չի հանում, այլ աղոտ ասում է, որ նոր կառավարությունն էդքան վառելիք չեն վատնի։

Ինձ հետաքրքիր է, թե փայլուն օգնականը միթե չի նկատել նման խոսակցության աբսուրդությունը և նախազգուշացրել իր ղեկավարին, որ նման բաներ կամ չխոսի, կամ խոսելուց էլ պատասխանատվությունը ստանձնի դատախազություն դիմելու։
Եվ այս ֆոնին ես բռնեցի ինձ մտքին, որ ինձ՝ միամիտիս թվում էր, թե պաշտոնը ստանձնելուն պես Փաշինյանը հաստատ արգելելու էր այդ մեքենաների շահագործումը։

Հաջորդ լուրն այն մասին էր, որ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը կառավարական ինքնաթիռով, 20 հոգանոց ներկայացուցչական խմբով մեկնել էր Դուշանբե, և գալուց հետո էլ տեղեկանալով, որ իմ պեսները հարցականի տակ էին դրել նման քայլի նպատակահարմարությունը, պարզաբանել էր։

Որ նախ փողային առումով այդքան մարդու գնալն այլ ձևով ավելի էժան չէր նստի, համ էլ ժամանակ կկորցվեր։ Եվ ամենակարևորը, որ պետական հարցերը այնքան կարևոր են, որ նման մանրուքների հետևից պետք չէ ընկնել։
Սա արդեն շատ ավելի լուրջ հարց է, քան աշխատակազմի ղեկավարի արգումենտներն էին ու լուրջ քննարկում է պահանջում։

Մի կողմ դնենք հարցը, թե ինչու հենց 20 հոգի էին պատվիրակության կազմում և այդ 20-ից ամեն մեկն ինչ արդյունք է արձանագրել։ Բայց մի բացատրություն պարտավոր եմ տալու, որը հետագայում ետ կպահի պարոն Միրզոյանին ու իր կոլեգաներին մեզ նման պարզաբանումներ տալուց։

Քաղաքագիտականի տարրականը, որի մասնագետը հենց պարոն Միրզոյանն է, ասում է, որ իշխանությունների ներքին այլասերման առաջին քայլերը սկսվում են հենց արտաքին հարաբերությունների ոլորտի կարևորությունն ու սպեցիֆիկան շահագործելուց։

Ժողովրդավարական երկրներում ներքին հարցերը լիարժեք հրապարակայնության են ենթակա, բայց այլ է արտաքին հարցերում։ Օգտվելով հարցերը գաղտնի պահելու պահանջից, իշխանությունները մարդկանց շանտաժում են իրենց իբր՝ գերկարևոր արտաքին ֆունկցիաներով և ենթարկեցնում ներքին հարցերում՝ առանց որևէ բացատրություն տալու։ Ինչպես պատերազմի վտանգի հարցն է տաբուների բերում ներքին հարցերում՝ թե դու թշնամու ջրաղացին ես ջուր լցնում։ Նմանապես, արտաքին ցանկացած հարցն է շահագործվում՝ բա թե մենք 20 հոգով գնացել էինք մայր Հայաստանի հարցերը լուծելու, ու դու դրա վրա արված ծախսերի՞ն ես դեմ։

Պարզ ասած, սա ուղղակի շանտաժ է, թե ձեններդ կտրեք, մենք երկիր ենք կառավարում ու մենք ենք են որոշում, թե որտեղ ու ումով կգնանք։
Ի՞նչ է ստացվում, որ կառավարության անցած երեք շաբաթներին ամենատարրական թվացող, պադավատի հարցերը որևէ կերպ չեն լուծվել ու դրանք չեն էլ նկատվում որպես առաջնահերթային։ Ավելին, դրան գումարվել է ամսեկան $250 000-ով վարձակալած ու մեծ ծախսերով սպասարկվող ինքնաթիռը որպես պադավատ օգտագործելը։

 Եթե այդպես է, ապա մոռանանք, որ հենց Նիկոլ Փաշինյանն էր տարիներ առաջ խոսում դանիական պառլամենտի 1 մեքենայի դիմաց Հայկական պառլամենտի 82-ի մասին։ Դե մենք հայ ենք, մեր համար պադավատը երրորդական տեխնիկական խնդիր է՝ ոնց ասում էր ԲՀԿևի կվոտայով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Իհարկե, եթե կառավարությունը դեռևս չի ներկայացրել իր առաջնահերթությունների կոնցեպտը՝ թե մեր պետականության խեղաթյուրումներից որն ինչ նշանակության է, խնդիրները կմնան աղոտ ու հենց այդ պատճառով էլ՝ անլուծելի։

Իմ սույն հոդվածը վերջին ամիսներին երևի երրորդն է՝ պադավատային թեմաներով։ Ոմանց աչքին սույն հարցը ներկայանում է որպես սևեռուն գաղափար, որոշներին էլ, հայերեն ասած՝ կռռոց։ Իհարկե, այն կռռոց կընկալվի մի միջավայրում, ուր պետական հանցագործները զուտ այս կամ այն մարդիկ են, բայց ոչ դրանց ծնող արժեքայինն ու միջավայրը։

Դե ինչ, առանց կռռոցի հուսանք, որ 21 տարեկան փայլունների կառավարությունը հարկերը մի քիչ ավելի լավ հավաքելով ու մի քանի սլաքավարի բանտ ուղարկելով երկիրը կհանի մղձավանջից։

Ի դեպ, կառավարության ծրագրի ընթերցումը դադարեցրի հենց առաջին նախադասությունից, ուր գրված էր՝ Հանրապետության կառավարությունը որոշում է. հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին։

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий