понедельник, 25 июня 2018 г.

Նոր իշխանությունների ներքին և արտաքին անելիքները


Որպես սուբյեկտ, պետությունը հարաբերությունների երկու դաշտեր ունի՝ արտաքին հարաբերությունները ու ներքինը։ Արտաքին հարաբերություններում պետությունը պետք է խորամանկ, անողոք, վճռական, անարդար, նույնիսկ «սրիկա ու հրեշային» լինի հարևանության հանդեպ, որ դիմանա և հաղթող լինի նրանց առաջարկվող համանման մրցակցային սուբյեկտային վարքին։

Իսկ ներսում պետությունը պետք է համերաշխ լինի իր ժողովրդի ու քաղաքացիների հետ, նրանց շահերը պաշտպանի, որ քաղաքացին էլ որպես զինվոր ու գեներալ պետությունը պաշտպանի թշնամուց։

Սա կայուն պետականության գոյաձևի համառոտ, բայց հիմնական բնութագիրն է։ Զուգահեռաբար անհրաժեշտ է նշել, որ արտաքին և ներքին գոյակերպերը փոխկապակցված են և միացյալ են կերտում պետականության հիմնական  դրվածքները։

Ըստ որում, եթե ներքին հարաբերությունները հիմնականում կերտվում են հանրության արժեքայինի ազդեցությամբ և համաձայն նրա դրույթների, ապա արտաքինը հավասարապես կերտվում է ինչպես պետության մերձակա հարևանության և ռեգիոնալ աշխարհքաղաքական տրամաբանությունների ու վեկտորների պահանջներով, այնպես էլ ներքին հանրային-քաղաքական յուրահատկություններով։

Բայց, եթե ի նկատի ունենանք, որ հանրային արժեքայինն էլ նախորդ դարերի ու պատմության ընթացքում կուտակված արտաքին ճնշումների, պարտությունների ու հաղթանակների  հետևանքով ձևավորված վարքի և աշխարհայացքային նորմեր են, ապա պարզ կդառնա, որ գործ ունենք մոտավորապես հավի թե ձվի առաջնային լինելու հայտնի անորոշության հետ։

Նոր իշխանության գալով բոլորիս մոտ են առկա հրատապ հետաքրքրության հիմնական երկու հարցեր՝ թե հիմա ինչ ներքին ու ինչ արտաքին քաղաքականություն է վարվելու։

Հարցը կոնկրետ պատասխան չունի, քանի որ այն իշխանական այրերի արածի ու չարածի հետևանք, կամ արդյունք է լինելու։ Բայց և, փորձենք ուրվագծել, թե տեսականորեն ինչն է հնարավոր, ինչը՝ անհնար, որպեսզի հետագայում կարողանանք արձանագրել, թե ինչում հաջողեցին և ինչում թերացան իշխանությունները։

Հետանկախական Հայաստանի նախորդ երեք իշխանությունների դեպքում էլ արտաքին հարաբերությունները բացառապես առաջին դեմքերի իրավասության հարցն է եղել։ Նրանք են ձևավորել Հայաստանի արտաքին կողմնորոշումները։ Ոմանք կասեն, թե Հայաստանը որևէ այլընտրանք չի ունեցել դեպի Ռուսաստան չկողմնորոշվելու ու վասալային կարգավիճակ չունենալու։ Բայց վերը նշվածի լույսի ներքո հարցն առավել խորը  քննարկելիք ունի։ Եվ փորձենք պարզել, թե իրոք դա այդպես է, թե ոչ։

Պարզունակ դիտարկումը կասի, որ երկու կողմերից Հայաստանը գտնվել է թուրքական թշնամության կիզակետում և այլ ելք չկար, քան ռուսական գոնե թվացյալ պաշտպանական վահանի տակ լինելն էր։

Այո, դա այդպես է թվում, որովհետև անհնար է մտածել, թե Արևմուտքը հօգուտ Հայաստանի դեմ կլինի ՆԱՏՕ-ական Թուրքիային, կամ էլ նավթով հարուստ և առավել մեծ ռեսուրսներ ունեցող Ադրբեջանին։

Բայց եթե հարցին նայենք  առավել լայն՝ ռեգիոնալ տրամաբանություների շրջանակում, ապա այն արդեն միարժեք չի ներկայանա։ Նախ Ռուսաստանն ինքն է շահագրգիռ, որ Թուրանը չկայանա, որ ինքը ռեգիոնալ ներկայություն ունենա Հայաստանի միջոցով, և չկորցնի գոնե փոքր մասշտաբների, ռեգիոնալ գերտերության իր կարգավիճակը։

Բացի այդ, Արևմուտքը խնդիրներ ունի Իրանի ու Ռուսաստանի հետ կապված և արդեն այդ կոնտեքստում, Հայաստանի կարծիքը զրոյից տարբեր է և մեզ գոնե սիրաշահելու պահանջ կա Արևմուտքի մոտ։

Եթե ավելի խորը նայենք հարցին, ապա Գենոցիդի նախադեպի հետ կապված մենք մեծ խաղաքարտ ունենք  Թուրքիայի ու Իսրայելի դեմ, մեկին որպես Գենոցիդի հեղինակի, մյուսին էլ որպես Հոլոքոստ-գենոցիդը  մոնոպոլիզացրածի ու Ադրբեջանին զինողի ու հովանավորողի։

Ավելին, Հայաստանը ռեգիոնալ աշխարհքաղաքական կարևորագույն երկիր է՝ որպես հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք կրոնական, քաղաքակրթական առանցքներում գտնվող սկզբունքային սուբյեկտային միավոր։

Վերադառնալով նախնական պարզ դրվածքին, թե Հայաստանն այլընտրանք չուներ, քան դեպի Ռուսաստան կողմորոշվելը,  կտեսնենք, որ այո, Հայաստանը չուներ, բայց Ռուսաստան էլ Հայաստանին առավել բարձր չդասելու  տարբերակ չուներ, եթե մենք մեր քաղաքական ու ազգային արժանապատվությունն անհրաժեշտ բարձրության վրա դրած լինեինք։

Արևմուտքն էլ մեզ որպես ռուսական վասել դիտարկելու տարբերակը չուներ, Իսրայելն էլ Ադրբեջանին նման ծավալներով զինելու իրավունքը չուներ՝ եթե մենք առավել սուբյեկտային լինեինք։

Այսինքն՝

– Եթե մենք լիարժեք սուբյեկտայնություն ունենայինք, ապա մեր հարաբերությունները բոլոր հարևանների ու հզոր երկրների հետ այլ որակների կլինեին, քան կան հիմա։

– Եթե մենք  հանդես չենք բերել բավական հավակնություններ, որպեսզի մեզ հասանելիքը ստանանք թե ռուսներից և թե մնացածից, դա մեր մեղքն է, այլ ոչ ռուսական կգբ-ի պարտադրանքն է։ Որովհետև օբյեկտիվորեն, մենք հնարավորություններն ունեցել ենք որպես սուբյեկտ դրսևորվելու։

Եվ եթե մեր ռուսաֆոբների աչքին գերհզոր թվացող ԿԳԲ-ն, Ելցինը, կամ Ելցինի ու հետո էլ Պուտինի դռնապանը մեզանից պահանջել է ապասուբյեկտայնություն, անվերապահ ռուսական ենթակայություն ու Սևան-Հրազդան կասկադի ու ողջ երկրի նվիրումը Ռուսաստանին, ապա դա ոչ թե ԿԳԲ-ի կամ ռուսական դռնապանի հզորության մասին է խոսում, այլ հայկական իշխանությունների փալասության։

Այս ներածականից հետո էլ փորձենք վերլուծել, թե որտեղից է գալիս հայկական իշխանությունների քրոնիկ փալասությունը։

1. Լիդերական փալասության առաջնահերթային պատճառը լիդերի անձնական անորակությունն է որպես պետական գործիչի, որպես պետական շահերի հետապնդողի, որպես այլ ազգերի՝ իր կարգի լիդերների հետ մրցակից բանակցողի, որպես կամային ու հզոր անհատի, որպես ազգին ու իր պարտականություններին նվիրված հավակնոտ մարդու։

Ծանծաղ մտածելակերպի ժողովրդավարներն ասում են, որ եթե Հայաստանը ժողովրդավար երկիր լիներ, ապա ավտոմատորեն Հայաստանն այլ սուբյեկտայնություն կունենար և մենք այլ դիրքերում կլինեինք։

Բայց դա  դեմագոգիա է։ Նրանում պատճառի ու հետևանքի տեղերն են նենգափոխված։ Լիդերն ու երկրում եղած արժեքայինը, բարքերն ու դրվածքները նույն արմատի վրա են։ Եթե մարդիկ արժեքայինի մակարդակում ժողովրդավար լինեին, իրենք համ ժողովրդավար երկիր կերտած կլինեին, համ էլ գրագետ ու մակարդակով լիդեր կունենային։ Այսինքն պատճառը ոչ թե ժողովրդավար երկիր չունենալն է, այլ ժողովրդավար երկիր կերտելու ունակ ժողովրդավար ժողովուրդ չունենալն է։

2. Հանրության ժողովրդավար չլինելը հանգեցրել է նրան, որ մենք շարունակաբար ընտրություն ենք կեղծել և ամեն  ցիկլով վերարտադրել առավել վատ ու անկարող իշխանությունների։ Այդ իշխանությունների գլուխ կանգնած անկարող լիդերը անպայմանորեն զիջել է իր արտաքին մրցակիցներին պահանջվող որակներում, և որպեսզի որևէ կերպ պահպանի հարաբերություններն այլ երկրների հետ, որպես սեփական փրկագին նրանց է մատուցել մեր երկիրն իր հարստություններով։

Դա սովետական ժամանակների կոնյակ-բաստուրմով հարց լուծելու ժամանակակից տարբերակն է, ուր բաստուրման ու կոնյակն այլևս չեն կարող կոմպենսացնել լիդերի ոչնչությունը։

Միակ բանը, որ Հայաստանը ռուսներին նվիրող նախագահները ռուսներից խնդրել են, դա անձանական տանիք  ապահովելն է եղել։ Որն էլ ռուսները միշտ հաճույքով արել են։ Ի՞նչ մի դժվար բան է՝ ամեն ընտրությունից հետո շնորհավորել նոր կեղծիքներով ընտրվածին, մանավանդ որ արևմուտքն էլ է նույնն անում։

3. Հայկական լիդերներին ձեռնտու է եղել վիճակը ներկայացնել այնպես, որ իրենք չեն եղել պարտվողն ու անպիտանը, այլ անողոք ու նենգ ռուսական ԿԳԲ-ն, որն ամենազոր է, ու որի դեմ իրենք խաղ չունեն։ Որ ով էլ լինի, նույնն է լինելու, որովհետև ով կարող է ԿԳԲ-ի դեմ խոսել։

Ասվածից բխում է, որ Հայաստանը որպես ինքնիշխան, սուբյեկտային, նորմալ, որակյալ ու ամբիցիոզ լիդերով երկիր կառուցելու համար նախ և առաջ ներհանրային արժեքայինն է պետք վերակերտել։ Որ այդ արժեքայինն էլ անի մնացածը՝ որակյալ լիդերներ ու քաղաքացիներ կերտի, պետականության լուրջ կոնցեպտները լիդերներից պահանջի ու ապահովի։ Մի խոսքով, կայուն պետություն ստեղծի։

Ասվածից բխում է, որ ինչ հարցի քննարկման էլ լինենք, վերջում հանգելու ենք նույն խնդրին՝ մեր հանրային-ազգային արժեքայինի վերափոխման, մոդեռնացման խնդրին։

Եթե այս պնդումը վերածենք կոնկրետ թեզերի, ապա կեզրակացնենք.

Որ Հայաստանին ոչ մի ներդրում էլ պետք չէ։ Հայաստանին պետք է ինքնուրույն աշխատել իր ներքին ռեսուրսների հաշվին, որովհետև եկած ցանկացած ներդրում  կմսխվի անորակ լիդերների ու տիրող արժեքայինի պայմաններում։

Որ Նիկոլը պետք է ներհանրային տրամադրություններ, դրվածքներ ու արժեքային փոխի, որպեսզի հայը սկսի ինքն արարել-արտադրել, կերտել ու իր ապրանքը արտահանելով՝ իր ներդրումների փողը վաստակել։

Որ երկրում առկա մարդկանց փոխադարձ զրոյական վստահությունը նորմայի բերելու համար անհապաղ ներհանրային համերաշխության ու ընդհանուր հայտարարի գալու պրոցես է պետք  սկզբնավորել։

Որ մեր արժեքայինում ձևակերպված մեկ հզոր փրկիչի կոնցեպտը պետք է մոդեռնացվի գոնե բազմաթիվ փոքր փրկիչների ու համատարած անհատ քաղաքացի-սուբյեկտների կոնցեպտի, որպեսզի տեղերում հարցերն օբյեկտիվ քննարկվեն, տեղերում լիդերներ ծնվեն և ինքնուրույն գործի լծվեն։

Նման անհապաղ անելիքների ցուցակն անվերջ է։ Բայց առաջնայինը, հիմնականը՝ խաթարված ներքին հարաբերություններն են, որոնք ի վերջո պետք է կտրուկ վերանայվեն ու փոխվեն։

Մանվելի տուշոնկաները բացահայտելը, կամ քաղաքապետի ապարանքների մասին կլիպ նկարահանելն իհարկե կարևորագույն գործեր են, բայց շատ ավելի կարևոր է, որպեսզի կառավարությունը հասկանա իր անելիքները որպես թիմ և ամեն մեկը՝ որպես իր ասպարեզի լիդեր։

Անելիքներն իհարկե հազարավոր են, երկրում ամեն ինչն է գլխիվայր շուռ տրված։  Բայց այն, ինչ արվում է,  ծայրահեղ հատվածային է ու հախուռն։ Միակ լիդերը, ով դեռևս հետևողական է, Նիկոլն է։ Բայց կառավարական թիմը չկա, ասպարեզային լուծումները չկան, արժեքայինի վերակերտման մոդելներն ու ձևաչափերը չկան։

Առաջին նախագահի կործանարար թեզը՝ թե բարոյականություն քարոզելն անբարոյականություն է, դեռ ուժի մեջ է։ Բայց էլ ինչ ձևով է հնարավոր հանրայինի վրա մակաբուծող սրիկային կարգի հրավիրել ու չեզոքացնել, եթե ոչ բարոյականը քարոզելով ու այն նորովի հաստատողներին թիկունք լինելով։

Նոր կառավարության հետ կապված ամենաերկրորդական թվացող հարցերում մեկ էլ էնպեսի աբսուրդների ես հանդիպում, որ կասկածի տակ ես առնում հեղափոխության փաստն իսկ։

Оրինակ, երեկ  կարդում եմ վարչապետի օգնական, կոնֆլիկտոլոգ Արսեն Խառատյանի հախուռն հարցազրույցը, ուր հանդիպում եմ, մեղմ ասած, անսպասելի  ձևակերպումների։

Օրինակ, ասում է՝ «Փառք Աստծո, դեռևս Սերժ Սարգսյանը շատ հստակ ձևակերպեց մի կարևոր բան, երբ ասում էր՝ քառօրյա պատերազմի ընթացքում Թուրքիան միակ պետությունն էր, որ ամենօրյա ռեժիմով սպառնում էր Հայաստանին: Շատ ճիշտ էր ասում, և մենք կրկնում ենք դա ու ասում, որ այստեղ կաշկանդվածություն կա, և այստեղ օբյեկտիվ մոտեցում չի կարող լինել»:

Կամ էլ՝ «Դիտարկմանը, թե, օրինակ՝ Սերժ Սարգսյանը տիրապետում է բանակցային գործընթացին, նա նշել է. «Ոչ միայն նա: Օրը կգա, գուցե Սերժ Սարգսյանը գնա հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով, ո՞վ գիտի»:

Տեղյակ է արդյոք երիտասարդը, որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի հոծ մասնակցությամբ Սերժ Սարգսյանին իշխանազրկեց հենց որպես անկարող, գործերը տապալած ու թալան կազմակերպած ուզուրպատորի, որի գործունեությունը դեռ դատաիրավական գնահատականի է սպասում։ Տեսել է արդյոք հեղինակը Պոզների հարցազրույցը Սարգսյանի հետ ու ինչ է կարծում, այդ մարդը որևէ բանակցման ընդունա՞կ է։

Բացի այդ, Սարգսյանի օրոք առավելապես բարգավաճած Մանվել Գրիգորյանի բեսպրեդելի կադրերը տեսանք  ազգովի, ու այդ ֆոնին կոնֆլիկտոլոգը նրան դեռ որպես Արցախի կողմից հնարավոր բանակցո՞ղ է տեսնում։

Ըստ որում կանխատեսումն էլ համեմված  է անորոշությամբ՝ թե «ով գիտի»։ Ես իհարկե չգիտեմ, բայց վարչապետի օգնականի խոսքերում «ով գիտի»ն առնվազն զավեշտ է։

Ու այսքանից հետո էլ, ֆեյսբուքյան էջում իր հարցազրույցը քննադատողներին երիտասարդը նորից հախուռն քամահրանքով պիտակել է որպես անհասկացողների, ինտրիգանների, սադրիչների, ֆեյքերի ու չարախոսների։

Եթե ավելացնենք, որ նույն օրը 4 նախարարներով էլ բլոտ էին խաղում, պատկերը դաժանորեն է ամբողջանում։

Ծանր վիճակ է, հազարավոր խնդիրներ՝ մեկ Նիկոլ, մտքերը ձևակերպել չկարողացող արտաքին հարցերով  օգնական, ու բլոտի սիրահար նախարարներ։

Իմ նախնական թեզը, թե ներքին հարաբերությունները փոխելով ենք անցնելու արտաքին մարտահրավերները սանձելուն, դառնում է արդեն հրամայական։

Իմ առաջարկն է, որ վարչապետն ամենօրյա, 10-15 րոպեանոց կարճ ելույթներ ունենա հեռատեսիլով՝ հատուկ ներքին արժեքայինի վերակերտման հարցերով և ներկայացնի պահի ու հաջորդ օրվա խնդիրները։ Ինքն առաջարկի հանրային կոնկրետ անելիքները, ինքը ձևակերպի մեր ազգային անելիքների ճանապարհային քարտեզն օր առ օր։

Մենք ազգովի հեղինակություններ ընդունող չենք, բայց անվերապահ հավատում ենք փրկիչների։ Օրվա փրկիչը Նիկոլն է, և նա էլ պետք է վերցնի փրկչական դերը։ Ես երջանիկ կլինեի, որ Նիկոլի հետ մի քանի գոնե կիսահամարժեք ֆիգուրներ լինեին, որ փրկիչների սխեմաներից դուրս գայինք վերջապես։ Բայց ցավոք, այդպիսիք չկան և գործի ողջ ծանրությունը, ոնց հեղափոխության օրերին էր, էլի Նիկոլի ուսերին է։

Միայն ներքին մոբիլիզացիայով, ներքին վերակերտմամբ, նոր աշխարհընկալմամբ է հնարավոր, որ բոլորով գանք ընդհանուր հայտարարի ու դուրս գանք թալանի ու ապամասնագիտականի ճիրաններից։

Արևելյան վագրերում մարդիկ պատրաստ էին անմիջականորեն աշխատելուն, և նրանցում գործը սկսվեց ներդրումներից, տնտեսական վերափոխումներից ու անհապաղ աշխատանքից։

Մեզանում մինչև տնտեսական վերելքը դեռ  ներքին մակաբույծին, ներքին սրիկային, ներքին տականքին սանձելու փուլը կա, որը լիդերի քարոզով, պահանջով ու կոչով պետք է արվի՝ այլ ուղի չկա։

Комментариев нет:

Отправить комментарий