вторник, 4 июня 2013 г.

Մի լուսանկարի պատմություն

Ինտերնետում ուշադրությունս գրավեց մի լուսանկար` տարեց կինը գորովանքով գրկել էր զինվորականի հագուստով մի երիտասարդ տղամարդու։ Լուսանկարը մակագրություն ուներ. «Ադրբեջանցի տատիկը և հայ ազատամարտիկը»։ Ես տարածեցի լուսանկարը Facebook ցանցով և խնդրեցի տեղեկություն հաղորդել լուսանկարում պատկերված անձանց մասին։ Շուտով ինձ գրեց Ստամբուլի համալսարանի պատվելի դասախոս, հայազգի Ալբեր Քեշիշը։ Նա ասաց, որ ազատամարտիկը իր դասընկերն է` Սարգիս Հացպանյանը, որը Արցախյան պատերազմի մասնակից է։ Եվ ահա Սարգիս Հացպանյանն իմ աշխատասենյակում է և պատմում է հայտնի լուսանկարի հետաքրքիր ու սրտառուչ պատմությունը։

-Ե՞րբ է ստեղծվել այս լուսանկարը, ի՞նչ պայմաններում…
-Լուսանկարին ավելի ուշ կանդրադառնամ, փոքրիկ նախապատմությունից հետո։

1993-ի ապրիլին էր, Քարվաճառի ազատագրության օրերին։ Քարվաճառում հարյուրավոր խաղաղ բնակիչներ կային` հիմնականում ծերեր, երեխաներ և կանայք։ Տղամարդիկ, զինվորականները և ռազմիկները փախել էին` անզեն մարդկանց թողնելով անօգնական։ Մոտեցանք դռան շեմին նստած կանանց խմբին, և ես թուրքերեն ողջունեցի նրանց։ 80-ն անց ծեր կինը հանդիմանանքով նայեց վրաս ու ասաց. «Ինչո՞ւ այսքան ուշացաք։ Հայերը շուտով քաղաք կմտնեն։ Մերոնք ասացին` մենք գնում ենք, որ ձեզ համար ուղղաթիռներ ուղարկենք։ Իրենք թռան ու մեզ թողեցին այստեղ… տղամարդիկ փախան, կանանց թողեցին»։
Ես հասկացա ամեն ինչ։ Ադրբեջանուհին մեզ յուրայինի տեղ էր դրել։

-Հայերն արդեն եկել են,- ասացի ես։
Ռազմագերիների պատասխանատուն ես էի։ Բոլորը խիստ հրահանգված էին հարգալից լինել խաղաղ բնակչության հետ։ Մենք հավաքեցինք մարդկանց, տեղավորվեցինք Քարվաճառի երկու շենքերում, ինքս անձամբ զրուցեցի նրանց հետ և բացատրեցի, որ իրենց կյանքն ու պատիվը պաշտպանված է այստեղ, քանի որ մեր կռիվը մեր դեմ զենք հանած թշնամու դեմ է և ոչ խաղաղ բնակչության։ Որ, ի տարբերություն ադրբեջանցի ռազմիկի ու զինվորականի, մենք զենք չենք բարձրացնում անզեն մարդու վրա, չենք խոշտանգում նրան, չենք վիրավորում մարդկային արժանապատվությունը։ Եվ իրենք որոշ ժամանակ անց անվնաս կճանապարհվեն մոտակա քաղաքը` Գանձակ (Կիրովաբադ)։

-Նրանք հավատացի՞ն… Ինչպե՞ս  կարող էին հավատալ հայերի խոստումներին, եթե յուրայինները չէին կատարել իրենց խոստումը, փախել էին առանց հետ նայելու` իրենց ծնողներին, կանանց, երեխաներին թողնելով բախտի քմահաճույքին։
-Սկզբում, իհարկե չհավատացին, շատ վախեցած էին։ Մենք գնացինք մոտակա գյուղերը և բոլորին բերեցինք Քարվաճառ։ Գյուղերից մեկում հանդիպեցինք զարհուրելի տեսարանի։ Մի վիրավոր կին խնամում էր իր մահամերձ աղջկան։ Աղջիկը գրեթե արյունաքամ էր եղել։ Անկեղծ ասած, սկզբում ինձ թվաց, թե մերոնք են վիրավորել նրանց, շատ բարկացա, բայց քիչ անց կինը փարատեց զայրույթս. պարզվեց` ամուսինն է գնդակահարել կնոջն ու աղջկան, որ «հայերի ձեռքը» չընկնեն, իսկ ինքը փախել է։ Մենք անմիջապես ուղղաթիռ խնդրեցինք և երկուսին էլ տեղափոխեցինք Վարդենիս։ Մեր բժիշկները երկուսի կյանքն էլ փրկեցին։ Աղջիկը շատ ծանր վիրահատության ենթարկվեց… Այս ամենը եղավ ռազմագերիների աչքի առաջ։ Նրանք ապշած էին.. Նրանց մեջ կար մի կին, որ տարբերվում էր մյուսներից։ 81-ամյա Շեյխա խանումը։ Բոլորը մի առանձնակի ակնածանք ունեին նրա հանդեպ։ Շեյխա խանումը բանաստեղծ էր, աշուղ, բանասաց։ Սուր միտք ուներ, ճարտար լեզու ու բնատուր փիլիսոփա էր։ Ես սիրում էի զրուցել նրա հետ։ Ասում էր` էս կռիվը մեր երկու ժողովուրդների կռիվ չէ, մենք սիրում ենք հայերին, մենք բոլորս էլ գիտենք, որ սա հայերի երկիրն է, ամենուր հայկական գերեզմաններ են, խաչերով զարդարված քարեր, ամենուր հայկական մշակույթի հետքեր են։

-Դե, չի բացառվում, որ շողոքորթում էր… վախից…
-Սկզբում` գուցե, բայց հետո` ոչ։ Որովհետև մենք, իրոք, շատ վեհանձնաբար վերաբերվեցինք նրանց։ Սնունդը քիչ էր, չէր հերիքում, մենք օրը մեկ անգամ էինք սնվում, բայց ռազմագերիներին ապահովում էին ալյուրով, մթերքով։ Նրանք հաց էին թխում, ուտելիք էին պատրաստում ու հրավիրում էին մեզ… Այդ նույն ժամանակ ադրբեջանցիներն աշխարհով մեկ տարածում էին, որ Քարվաճառում սոսկալի սպանդ է, որ հայերը մորթում, խոշտանգում են խաղաղ բնակչությանը։ Եվ ահա Ֆրանսիայից ժուռնալիստներ եկան Քարվաճառ։ Երկուսը հայ էին` լուսանկարիչներ Զավեն Խաչիկյանը և երջանկահիշատակ Ռուբեն Մանգասարյանը… Նրանք բազմաթիվ լուսանկարներ արեցին, զրուցեցին ադրբեջանցիների հետ, տեսագրեցին. խոսեց նաև Շեյխա խանումը։ Նա ասաց, որ հայերը այստեղ յուրայիններից ավելի ջերմ են։ Որ իր տղաները փախան` թողնելով իրենց մորը անպաշտպան, իսկ ահա այս հայ տղաները որքան հոգատար էին իր և մյուսների հանդեպ։ Կուզեի այսպիսի տղաներ ունենալ` ասաց Շեյխա խանումը մատնացույց անելով մեզ և առաջին անգամ բերանից թռցրեց, որ որդին Քարվաճառի ոստիկանապետն է, բայց փախավ, մորը թողնելով։ Եվ ահա Զավեն Խաչիկյանը այդ զրույցի ընթացքում աննկատ լուսանկարել է մեզ…

-Դուք քանի՞ տարեկան էիք այդ ժամանակ։
-30։ Եվ ահա Ֆրանսիայի «Libration» թերթը հրապարակում է այս լուսանկարը և գրում, որ ադրբեջանցի կինը Ֆրանսիայից եկած հայ կամավորականին ավելի է սիրում, քան իր որդուն, նաև տպագրվում է հոդված` հրապարակելով ադրբեջանցի ռազմագերիների խոսքը հայերի բարյացակամ և մարդկային վերաբերմունքի մասին։ Դրանից մեկ օր հետո հոդված է տպագրում նաև թուրքական «Milliyet» թերթը և գրում, որ տասնյակ հազարներով խաղաղ բնակիչներ Քարվաճառում ենթարկվում են սպանդի։ Զետեղում է նույն այդ լուսանկարը, մակագրությամբ` ադրբեջանցի տատիկը գրկում-համբուրում է իր թոռնիկին (ինձ), և ասում` գնա քո մորթված ու անարգված հարազատների վրեժը առ հայերից։ Փարիզում ընկերներիցս մեկը տեսնելով «Milliyet»-ի առաջին էջում իմ մեծադիր պատկերը, գնում է թերթը և զարմանքով տեսնում, որ իր ընկերոջը` Սարգիս Հացպանյանին, թուրքերը ներկայացրել են որպես ադրբեջանցի… Նա այդ նույն ժամանակ բախտի բերմամբ գնում է նաև «Libration» թերթը և տեղեկանում լուսանկարի իրական պատմությանը։ Ու որպես թուրքերի ստախոսության ու զրպարտանքի ցայտուն օրինակ, այս երկու թերթերը միասին ուղարկում է Եվրախորհուրդ։

-Ի՞նչ եղան Քարվաճառի ռազմագերիները։
-Մենք մոտ 20 օր ապրեցինք միասին։ Նրանց Կիրովաբադ ճանապարհելուց առաջ հորդորեցինք գնալ իրենց տները, վերցնել իրենց թաքցրած թանկարժեք իրերը, հավաստիացնելով, որ մենք ոչինչ չենք խլի իրենցից։ Մենք` հայերս, ճակատագրի բերումով հաճախ ենք ստիպված եղել թողնել մեր հարստությունն ու հեռանալ մեր տներից, մենք արյան մեջ ունենք այդ ցավը և չենք նմանվի թուրքերին։ Անհեթեթության հասնող տեսարան էր. մեզանից բաժանվելիս ադրբեջանցիները արտասվում էին, փաթաթվում էին մեզ ու լաց էին լինում… Նրանց անվնաս, ապահով ճանապարհեցինք Կիրովաբադ։

…Հետո իմացանք, որ երբ արտասահմանցի լրագրողներ են եկել Կիրովաբադ, որպեսզի հարցուփորձ անեն, թե ինչպես են վերաբերվել հայերը նրանց հետ։ Հակառակ բոլոր զգուշացումներին և սպառնալիքներին, Շեյխա խանումը պատմել է ճշմարտությունը։ Ասել է, որ հայերը Քարվաճառում ավելի լավ էին վերաբերվում իրենց, քան ադրբեջանցիները` Կիրովաբադում։

Տարիներ անց, երբ պատերազմն արդեն ավարտվել էր, մեր օդանավակայանում տեսա այս նույն նկարը ահռելի մեծությամբ ցուցապաստառի վրա… Հետաքրքրվեցի և իմացա, որ Միջազգային Կարմիր խաչը այս լուսանկարը համարել է մարդասիրություն խորհրդանշող տարվա լավագույն լուսանկար և միլիոնավոր տպաքանակով տարածել բոլոր այն երկրներում, որտեղ Միջազգային Կարմիր խաչը ներկայացված է։

-Նաև փաստագրական ֆիլմ է նկարահանվել այս լուսանկարի առնչությամբ։
-Այո՛, կինովավերագրող Ֆրեդերիկ Թոնոլլին ֆիլմ նկարեց։ Նա եկավ Հայաստան, գտավ ինձ, հետո գնաց Ադրբեջան… Նրա ֆիլմը բազմաթիվ միջազգային մրցանակների արժանացավ։ Ֆրեդերիկ Թոնոլլին մորական կողմից հայ էր, բայց սկզբում մեկ բառ անգամ չէր խոսում հայերեն։ Հետագայում այնքան կապվեց Հայաստանին, որ վերջին այցելության ժամանակ հայերեն էր խոսում և ասում էր, որ ինքը էությամբ հայ է։ Որ շփվելով հայերի ու Հայաստանի հետ, հասկացել է, որ իր արյան ու գենի մեջ գերիշխում է հայկականությունը։ Հետագայում նա էլի ֆիլմեր նկարեց Հայաստանի և Արցախի մասին, մի խոսքով` դարձավ Հայաստանի նվիրյալ ու Հայաստանի մասին աշխարհին պատմելը դարձրեց իր առաքելությունը։

«Շարմ» ընկերությունը նույնպես նկարահանել է մի վավերագրական ֆիլմ, ուր այս լուսանկարի պատմությունն ամբողջությամբ ներկայացվել է։
Ֆիլմ է նկարահանել նաև «Ինտերնյուզը», Գարեգին Խումարյանը և մի վրացուհի համատեղ նկարահանեցին «Մոր ձեռքերը» վերնագրով ֆիլմը, որ նույնպես արժանացել է մրցանակների։

-Ի՞նչ շեշտադրում ունի ֆիլմը…
-Մայրը, ինչ ազգից էլ լինի, մնում է մայր, ու կարող է իրեն որդիաբար վերաբերվող տղայի հանդեպ մայրական զգացում տածել։ Այն ձեռքերը, որ պատերազմի ժամանակ փարվել էին հակառակորդի զինվորին, մոր ձեռքեր էին` մայրական ջերմությամբ, քնքշանքով ու սիրով լի։

Մի օր 4-րդ դասարանում սովորող աղջիկս եկավ տուն ու ասաց, որ իրենց գրականության դասագրքում Պարույր Սևակի «Մոր ձեռքերը» բանաստեղծության հարևանությամբ զետեղված է իմ և ադրբեջանցի տատիկի լուսանկարը։ Տեսնելով լուսանկարը` աղջիկս ուսուցչուհուն ասել էր, որ նկարում իր հայրն է, սակայն ուսուցչուհին չէր հավատացել։ Հաջորդ օրը աղջիկս այդ նկարը տարավ դպրոց։ Հետո դպրոցի տնօրենը հրավիրեց ինձ, հանդիպում կազմակերպեցին դպրոցականների հետ… Վրացուհու ֆիլմը ավարտվում է Պարույր Սևակի «Մոր ձեռքերը» բանաստեղծության ընթերցանությամբ։ Իմ Մարիամն է կարդում` աղջիկս։

Հ.Գ. Սարգիս Հացպանյանը ծնվել է Կիլիկիայի Ալեքսանդրետ քաղաքում։ Հետո տեղափոխվել են Ֆրանսիա։ Նա Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի քրոջ` Հռիփսիմեի թոռն է։ Մասնագիտությամբ կինոռեժիսոր է։ 1990-ին Փարաջանովի հրավերով եկել է Հայաստան։ Այնուհետև անդամագրվել է Լեոնիդ Ազգալդյանի հիմնադրած «Ազատագրական բանակին» և մասնակցել Արցախի ինքնապաշտպանությանն ու ազատագրությանը։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Հացպանյանների ընտանիքը բնակվում է Հայաստանում։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
gayanepoghosyan.blog

Մարտական խաչի «ասպետն» ու Հորադիզի մսաղացը

Մայիսի 8-ին Սերժ Սարգսյանը ստորագրել էր հրամանագիր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրելու մասին: Ըստ ամենայնի, նկատի են առնվել նրա ծառայությունները Ղարաբաղյան պատերազմում, որի ժամանակ Սուրիկ Խաչատրյանը Գորիսի առանձնակի գումարտակի հրամանատարն էր: Սակայն, մյուս կողմից, հարց է առաջանում, թե այդ ինչ ծառայություններ են, որոնք գնահատվում են հրադադարից 19 տարի անց: Եւ անմիջապես էլ կասկած է առաջանում, որ այդ «ծառայություններից» պետք է անցնեին շատ տարիներ, որպեսզի ինչ որ բաներ մոռացվեին:

Ղարաբաղյան պատերազմի մասին հայ ժողովուրդն այդպես էլ չի իմանալու ճշմարտությունը: Որովհետեւ նրանք, ովքեր գիտեն ճշմարտությունը, այդ մասին երբեք հրապարակավ չեն խոսում: Պատերազմի իրական հերոսները նույնպես չեն խոսում, նրանք համեստորեն լռում են: Փոխարենը, պատերազմի մասին ասվում ու խոսվում է այն, ինչը կապ չունի իրականության հետ, եւ կամ նենգափոխում է այդ իրականությունը:
Սուրիկ Խաչատրյանին թերեւս պարգեւատրել են պատերազմի վերջին շրջանում նրա գործունեության համար: Նա, ինչպես նշվեց, մոտ 150 հոգանոց գումարտակի հրամանատարն էր, որը գործում էր Ղարաբաղի հարավային ճակատում: Սովորաբար, գումարտակների հրամանատարները գտնվում էին առաջին գծում, եւ նրանցից էր կախված մարտական գործողությունների ելքը:

Հարավային ճակատում կռված հրամանատարները պատմում են, որ Սուրիկ Խաչատրյանին առաջին գծում այդ ժամանակաշրջանում չեն տեսել: Փոխարենը, ըստ հրամանատարների, նա «քաջագործություններ» էր կատարում թիկունքում: Օրինակ, այդ ժամանակ նա շրջում էր Նիսսան Պատրոլ մեքենայով, որը ձեռք էր բերել Սուլթանլուի գինու կոմբինատի թալանից ստացված եկամտով: Դա խոշոր կոմբինատ էր, որտեղ սպիրտի ահռելի պահուստներ կային: Սուրիկ Խաչատրյանը, ըստ հրամանատարների, հիմնականում զբաղված էր թալանով, եւ այս գործը հասցրել էր կատարելության: Մասնավորապես, նրա հրամանով պայթեցվել էր Կապանը հարավային ճակատի հետ կապող երկու կամուրջ, որոնք ռազմավարական նշանակություն ունեին ճակատի մատակարարման համար: Այս ճանապարհը թե անվտանգ էր, թե նաեւ բավական կարճ, բացի այդ՝ համեմատաբար որակյալ: Պայթեցնելու իմաստն այն էր, որպեսզի սյունեցիներն իրենց ավարը չկարողանային այս ճանապարհով տեղափոխել եւ օգտվեին Խնձորեսկի ճանապարհից, որտեղ Սուրիկ Խաչատրյանը «պոստ» ուներ եւ կարող էր վերահսկել անցուդարձը:

Պատերազմի վերջին շրջանն ամենածանրն էր հայկական կողմի համար: 1994 թ. հունվարից հարավային ճակատում ադրբեջանցիներն աննախադեպ զանգվածային հարձակում սկսեցին Հորադիզ կայարանի ուղղությամբ: Հայկական բանակի հրամանատարությունը Սուրիկ Խաչատրյանին էր վստահել 4 կիլոմետր երկարությամբ հատվածը:  Հրամանատարները պատմում են, որ Սուրիկ Խաչատրյանն այդպես էլ անձամբ չերեւաց հայերի համար վճռական այդ ճակատամարտում, իր գումարտակին թողնելով բախտի քմահաճույքին: Նրան վստահված հատվածի մի մասը մնաց բաց, որտեղից ադրբեջանցիները կարողացան թափանցել հայերի թիկունքը մոտ 30 կմ տարածքով: Սկսվեց իսկական մսաղաց, եղան հազարավոր զոհեր, այդ թվում մեծ կորուստներ ունեցավ Սուրիկ Խաչատրյանի գումարտակը: Զոհերի դիակները մարտի դաշտից հանեցին Հադրութի գումարտակի մարտիկները եւ հանձնեցին նրանց հարազատներին:

Սուրիկ Խաչատրյանը զարմանալի կենսունակ արարած է: Չնայած այս հանգամանքին, չնայած Հայաստանի ու Ղարաբաղի պաշտպանության նախարարների դժգոհությանը, բանակի հրամանատարների դժգոհություններին, նա կարողացել է մնալ ջրի երեսին եւ խուսափել պատասխանատվությունից: Ավելին, նա ղեկավար պետական պաշտոնների անցավ Սյունիքում, որտեղ շարունակեց իր «փառավոր» գործունեությունը:

Սուրիկ Խաչատրյանի եւ նրա հարազատների, մասնավորապես եղբայրների՝ Աղալարի ու Հոպոպի անուններն այս տարիներին շոշափվում էին Սյունիքում տեղի ունեցած մի քանի խոշոր հանցագործությունների կապակցությամբ: Ըստ հայկական մամուլի հրապարակումների, խոսքը մեկ տասնյակից ավելի հաշվվող քրեական գործերի մասին է, իսկ դրանց «ամպլիտուդը»՝ թմրամոլությունից, երիտասարդ աղջկան Գորիսի հանրախանութում բռնաբարության փորձից մինչեւ մի երիտասարդի սպանություն: Իսկ սպանության պարագան առավել քան սահմռկեցուցիչ էր՝ ըստ մամուլում հրապարակված քրեական գործի նյութերի, Լիսկայի եղբայրները սպանվածին դանակի տասնյակ հարվածներ էին հասցրել, այդ թվում՝ դանակը մտցրել էին հետանցքը եւ վերեւ քաշել: Մարզպետն ինքը բազմաթիվ անգամ հայտնվել է ուշադրության կենտրոնում, սկսած ընտրություններից, վերջացրած բռնություններով:

Իհարկե, որեւէ պատիժ այս ամենի համար չի եղել, եւ ավելին՝ եղել է պարգեւատրում: Մարտական խաչի շքանշանը ազգային հերոսին հավասարվող շքանշան է: Շքանշանը ստանալուց հետո Սյունիքի մարզպետի շուրջ տեղի ունեցավ հերթական հանցագործությունը՝ սպանվեց Գորիսի նախկին քաղաքապետը, նրա եղբայրը՝ զորամասի հրամանատարը, ծանր վիճակում գտնվում է հոսպիտալում: Այս անգամ էլ Սուրիկ Խաչատրյանը կազատվի պատժից. դատելով սպանությանը հետեւած առաջին օրերի տեղեկատվությունից, նրան հետեւողականորեն մաքրում են՝ իբր տեղում չի եղել, քնած է եղել: Ձերբակալվել են նրա որդին ու թիկնապահը, սպանությունը կատարելու կասկածանքով. որդուն թերեւս ազատ կարձակեն, թիկնապահը կնստի մի երկու տարի, եւ վերջ:

Հայկ Արամյան
Lragir.am

Վաշինգտոնը հովացրեց Բաքվի գլուխը

Վաշինգտոնում ընդունելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հետաքրքիր մեսիջ է փոխանցել այդ երկրին: «Ադրբեջանը հանդիսանում է տարբեր կրոններ դավանող մարդկանց համակեցության եւ նրանց համատեղ ապագայի կառուցման հիանալի օրինակ», Քերրիի խոսքերը մեջբերում է Azertag-ը:

Ադրբեջանի հասցեին դիվանագիտական այդ հաճոյախոսության համատեքստում թերեւս բավական տեսանելի է զգուշացումը, որ պաշտոնական Բաքվին հղում է պաշտոնական Վաշինգտոնը: Բաքվին փաստացի հիշեցնում են Ադրբեջանում բնակվող տարբեր ժողովուրդների գոյության մասին: Իսկ այն, որ այդ ժողովուրդներն ունեն բազում խնդիրներ, որոնք այսօր «քնած» են, իսկ վաղը կարող են «արթնանալ», վաղուց արդեն հայտնի փաստ է եւ անգամ միջազգային քաղաքագիտական շրջանակների օրակարգերում բավականաչափ դիտարկվող խնդիր: Ի վերջո, բոլորովին վերջերս էր, որ Ադրբեջանում մեղմ ասած անհանգիստ էին թալիշները, որոնք բողոքի զանգվածային ցույցեր էին կազմակերպել իրենց բնակավայրերում եւ որի առիթ էր հանդիսացել կենցաղային մի միջադեպ:

Բաքվին Վաշինգտոնից ուղղված զգուշացումը ուշագրավ է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին: Թուրքական իրադարձությունների էությունն առայժմ այդքան էլ հստակ չէ, բայց երեւի թե կասկած չկա, որ այստեղ ոչ միայն ներթուրքական հասարակական խնդիրներ են, այլ երեւի թե ներթափանցել են բավական լուրջ աշխարհաքաղաքական շահեր:

Թուրքիայի իշխանությունն առայժմ փորձում է առերեւույթ հանգստություն ցուցաբերել: Բայց, դա կարծես թե չի օգնում իրավիճակը հանդարտեցնելու հարցում: Մինչդեռ հնարավոր է, որ պաշտոնական Անկարան որպես ինքնապաշտպանության տարբերակ դիտարկի տարածաշրջանային ապակայունացումը, անկախ այն բանից, թե արդյոք տեղի ունեցող ցույցերն ունեն արտաքին հետք կամ միջամտություն, թե ոչ: Եթե ունեն, ապա այդ դեպքում Անկարան կարող է փորձել տարածաշրջանային անկայունության շանտաժով արտաքին ազդեցության այդ սուբյեկտներին ստիպել գնալ զիջումների: Եթե արտաքին հետք չկա, ապա միեւնույն է, Անկարան կարող է տարածաշրջանի ապակայունացման շանտաժով ստիպել, որ միձազգային քաղաքականության կենտրոններն օժանդակեն ներքին իրավիճակն արագ կայունացնելու հարցում:

Տարածաշրջանային ապակայունացման շանտաժի համար Անկարան բնականաբար կդիմի «կրտսեր եղբոր»՝ Բաքվի օգնությանը, որը կարող է ապակայունացնող, սադրող քայլեր անել Արցախի ուղղությամբ: Այդ առումով ուշագրավ էր, որ ադրբեջանցիները հերթական դիվերսիոն գործողությունն էին կատարել Քարվաճառի շրջանի ուղղությամբ:

Ժամանակագրական առումով դրան հետեւել էր ԱՄՆ հիշեցումն ու զգուշացումը Բաքվին, որ պետք չէ շատ ոգեւորվել, ունենալով տարբեր կրոններ դավանող ժողովուրդների բազում խնդիրներ:
Բաքուն ըստ ամենայնի հասկացել է Վաշինգտոնին, ինչի մասին վկայում է Մամեդյարովի խոսքը. «Ադրբեջանը մտադիր է եւ շահագրգռված է ապրել խաղաղության պայմաններում, եւ չնայած հակամարտության անցյալի բացասական հետեւանքներին, մենք նայում ենք համատեղ լուսավոր ապագային, որտեղ լինելու է հաջող գործակցություն եւ բարիդրացիություն»:

Ամենայն հավանականությամբ, Վաշինգտոնում սառը ջուր է լցվել Բաքվի այն ոգեւորության վրա, որի լիցքերը ստացել էր օրեր առաջ Մոսկվայում, երբ Մամեդյարովին ընդունած Սերգեյ Լավրովը խոսել էր ստատուս-քվոյի անընդունելիության եւ «ադրբեջանական տարածքների» ճակատագրի մասին:
Վաշինգտոնում Բաքվին ըստ երեւույթին ակնարկեցին, որ չեղած տարածքների փոխարեն ավելի լավ է մտածի եղած ժողովուրդների մասին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Lragir.am

четверг, 30 мая 2013 г.

Հույժ գաղտնի. «Ղարաբաղյան սինդրոմ»

Մեր Հանրապետությունում գործում են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ եւ միություններ, որոնք զբաղվում են շրջակա միջավայրի, կենդանական ֆաունայի, էկոլոգիայի, հաշմանդամների, եւ կանանց իրավունքների պաշտպանության գործերով: Սակայն մենք մոռանում ենք ամենակարևոր եւ հայրենանվեր հարցերից մեկը, ես կառաջարկեի այդ հասարակական կազմակերպությունների կողքին ավելացնել մեկը եւս եւ այն կոչել «Ազատամարտիկների իրավունքների պաշտպանության» կազմակերպություն: Կարծում եմ այդ կառույցի հաջող գործունությունը կարելի է համարել հայրենասիրական եւ ազգանվեր:

Շատերին տարօրինակ կթվա այս առաջարկությունը, սակայն հիմնավոր պատճառները կարծում եմ որ կհամոզի: Շատերը կմտածեն, որ կան բազմաթիվ Երկրապահ վարչություններ և այլ հասարակական նմանատիպ կառույցեր որոնք զբաղվում են Ազատամարտիկների հարցով: Հասարակության մոտ ձեւավորում են կարծիքներ, սակայն կարող եմ վստահել, որ այդ կառույցները չեն կարող կատարել այն գործը որի մասին ասացի:

Հաշվի առնելով այն կարեւոր փաստը որ Ազատամարտիկների Պաշտպանության կազմակերպությունը չպետք է կախում ունենա պետական կառույցներից ոչ ՊՆ-ից եւ ոչ էլ իշխանություններից: Քանի որ ինչպես ասացի Երկրապահ Կամավորականների միությունը՝ դա սեփականաշնորհված կազմակերպություն է իր մասնաճուղերով հանդերձ, և իսկական Ազատամարտիկները որոնք գրանցված են այդ մասնաճուղերում գրեթե կազմում են 0,5 % և նրանց իրավունքները այդ մասնաճուղերում սահմանափակվում է միայն անդամավճար մուծելով, քանի որ այդ մասնճուղերի շատ ղեկավարներ առանձնապես ազատամարտի հետ կապ էլ չունեն, այստեղ գործում է խնամի, ծանոթ և բարեկամներ հարաբերությունները: Իսկ իրականում հենց նրանք են որոշում պարգեւատրել կամ չպարգեւատրել այս կամ այն ազատամարտիկին:

Ես իրականում չեմ ուզում վիրավորել այն վարչություններին, որոնք գործում են արդարության սկզբունքով, սակայն դրանք անշան են, եւ նրանց համար դժվար է որեւէ արդյունքի հասնել: Եվ վստահ եմ որ նրանք եւս կհաստատեն այս խոսքերս: Այդպիսով ինչու՞մն է կայանում այն հարցը թե ազատամարտիկները պաշտպանության կարիք ունեն: Ժամանակները փոխվել, պատերազմի ժամանակ Ազատամարտիկներն էին պաշտպանում մեր ժողովրդին, իսկ հիմա եկել է ժամանակը, որպեսզի ժողովուրդը պաշտպանի իր իրական հերոսներին: Իսկ շատերը հարց կտան այդ ինչպե՞ս եղավ որ Ազատամարտիկները պաշպանեցին երկիրը, ժողովրդին և սահմանները սակայն անզորու են պաշտպանել իրենք իրենց:

Դա հենց այդպես է, դեռեւս պատերազմի տարիներին Ազատամարտիկների թիկունքում գործող պետական պաշտոնյանները ամեն ինչ անում էին որպեսզի ոտատակ տան Ազատամարտիկներին և նրանց պատիվը, սակայն նրանք այդ ամենը տեսնելով և հասկանալով լռում էին, քանի որ երկրի առջև ծառացած վտանգը՝ դա էր պահանջում, արտաքին թշնամու դիմաց հաղթելու համար պատրաստ էին և զոհաբերեցին իրենց կյանքը և անգամ արժանապատվություն: Նրանք հասկանում էին, որ բարձաձայնելով և կտրուկ գործողությունների դեպքում կկորցնենք այն տարածքները, երկրում կբռնկվի քաղաքացիական պատերազմ, որը և խուճապի մեջ կգցեր առանց այն էլ սովի մատնված ժողովրդին և այդ ամենը կհանգեցներ պատերազմի պարտությանը և կվտանգեր երկրի անվտանգությանը:

Ազատամարտիկները տանելով այդ ծանր բեռը կարողանում էին լռել, տեսնելով իրենց հանդեպ իշխանությունների անուշադիր կեցվածքը, սակայն մտածելով որ մի գուցե հնարավոր է որ հետագայում իշխանությունները կկարողանան փոխվել, եւ կորդեգրեն ազգանպաստ քաղաքականության ծրագիրը, սակայն նրանց սպասումները այդպես էլ չարդարացան, չնայած նրան որ կենդանի ազատամարտկներից շատերը դեռ հույսով սպասում են, որ երբեւէ իրենց կհիշեն: Անցել է տասը տարի, այն ժամանակ Ազատամարտիկներից շատերը միջին տարիքի էին, նրանցից ամենաերիտասարդները հիմա քառասունհինգ տարեկան են, որոնք համեմատաբար ավելի քիչ էին, իսկ զգալի մասը արդեն ալեհեր ծերունիներ են, որոնք այդպես էլ չեն տեսնի այդ արժանի գնահատականը:

Պատերազով անցած ազատամարտիկներից շատերը մահացան չքավորության մեջ անգամ սովահար, գտնվեցին ազատամարտիկներ որոնք այս լուսավոր դարում գնացին ինքնասպանության եւ ինչու՞ մենք չենք տալիս այն հարցը թե ինչու՞… Իսկ արդյոք ե՞րբ է գալու ժամանակը, որպեսզի արժանավույնս գնահատենք նրանց: Դեռևս պատերազմի սկզբից էլ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունների կողմից մշակվել է հույժ գաղտնի մի ծրագիր, որը իբր թե թույլ կտար հետագայում՝ պատերազմից հետո կանխել այդպես ասած «Ղարաբաղյան Սինդրոմի» տարածումը: «Ղարաբաղյան Սինդրոմի» մասին բացատրությունը ես կտամ քիչ ավելի ուշ:

Այդպես ասած Հանրապետություն իշխանությունների հաշվարկի արդյունքը եղավ այն, որ մինչ պատերազմի ավարտը կանխամտածված ոչնչացվեցին իրենց համար հետագայում «վտանգ սպառնացող» հմուտ հրամանատարներին և անգամ ջոկատներ, պատկերացում կազմելու համար կարող եմ օրինակներ բերել: Հիշում եմ 90-ականներին էր երբ Լյուդմիլա Հարությունյանը ազգային ժողովի ամբիոնից իշխանություններին սթափեցնում էր ասելով որ «կռիվը կվերջանա, ու տղերքը սարերից կիջնեն եւ պատասխան կտա՛ք…» Սակայն այս խոսքերը ոչ միայն Լյոդմիլան էր ասում այլ ողջ ժողովուրդը, միայն հույսով սպասելով այդ օրվան: Ինչքանով հիշողությունս չի դավաճանում Լյուդմիլա Հարությունյանի հարցմանը եղավ պատասխան՝ Վազգեն Սարգսյանի կողմից, նա հանգստացրեց պատգամավորներին, որ Ղարաբաղյան պատերազմը, դա ոչ Վետնամական պատերազմ է եւ ոչ էլ Աղվանական: Այսինքն հասկացնելով, որ Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո Հայաստանում չի կարող բռնկվել Վետնամական կամ Աֆղանական Սինդրոմների վարակը: Այսինքն նա պարզ բացատրեց, որ ղարաբաղյան պատերազմը վերջանալուց հետո այդ պատերազմի վետերանները երբեք չեն կարողանալու իրենց պահանջները թելադրել կամ պարտադրել իշխանություններին:

Լյուդմիլա Հարությունյանը դեռեւս չգիտեր Հայաստանի իշխանությունների կողմից մշակված գաղտնի ծրագրի մասին, որի մասին հիշատակեցի նախորդում, այդ միջոցառումները թույլ կտար որպեսզի՝ պատերազմից հետո իշխանությունները կանխեին երկրում բռնկված պատերազմական սինդրոմը: «Ղարաբաղյան Սինդրոմը»: Ինչպես կարելի էր ասել «Կռիվը վերջացավ, սակայն տղերքը, այդպես էլ չիջան սարերից»: Պարզաբանելով այդ Սինդրոմ կոչվածի մանրամասները, որը իր հերթին մի մեծ աղետ է եւ չարիք՝ ոչ միայն իշխանությունների համար, այլև հասարակության: Դեռեւս Ամերիկայի Միացյալ նահանգների կողմից Վետնամական պատերազմի ավարտից հետո՝ 60 – 70 ականներին ԱՄՆ-ն ընկղվում չհայտարարված պատերազմի մեջ եւ այդ չհայտարարված պատերազմը սկսելվել էր հենց իր երկրի վետերանների կողմից, որոնք վերադառնալով նորմալ կյանքի հայտնվում են սոցիալապես աղքատության մեջ, հաշված այն որ նրանք պատերազմում անցնելով ստրեսային և հոգեկան ապրումների միջով կոցնելով իրենց արողջությունը, վերադառնլով հայտնվում են մի միջավայրում, որտեղ իրեն ոչ մեկ չի սպասում, իրարկե չհաշված հարազատներին:

Ժամանակին նրանք ամեն ինչ արել էին իրենց երկրի և պետության համար, իսկ հիմա նրանք դարձել են այդ պետության համար անպիտան մի գործիք, որին օգտագործելուց հետո դեն են նետել: Իշխանությունները անգամ չէին կարողանում ապահովվել նրանց նորմալ աշխատանքով, բարոյազրկում և նվաստացնում առիթ էր դառնում ընտանիքների քայքայման և չքավորության: Վետերաններից շատերը հայտնվելով այդ հոգեբանական ընկվաճության մեջ, չարանալով սեփական երկրի ղեկավարներից և անգամ հասարակությունից, նրանք շարունակում են իրենց «չավարտված պատերազմը» իրենք իրենց դեմ, և այդ ամենը հանգեցնում էր մի կատաղի առճակատման, այս անգամ սեփական իշխանությունների դեմ: Եւ գնալով խորանում էր այդ հոգեբանական վիճակը վերածվում էր իրական պատերազմի, որի դեմ պայքարելը դառնում էր ավելի վտանգավոր:

Հուսալքված վետերանները պատերազմից հետո կորցնում էին արողջությունը, ընտանիքները, հնարավորությունը, ապրելու ունակությունը և անգամ հույսը, նրանցից շատերը ինքնասպանությամբ վերջ տվեցին իրենց տառապանքներին, իսկ ովքեր համառ էին փորձեցին զենքի ուժով վերադարձնել իրենց ոտնահարված բարոյականությունը հասարակության մեջ, դա մի հոգեւիճակ էր, որը կոչվեց «Վետնամական Սինդրոմ»: Վետերանները միավորվելով իրենց ընկերներով կամ քրեական խմբավորումների մեջ սեցին իսկական պատերազմ օրենիքի և իշխանությունների դեմ: Եվ Հոլիվուդյան հազարավոր ֆիլմեր նկարվեցին այդ թեմայով, և շարունակում են նկարվել մինչ այսօր: Այդ իրավիճակը կրկնվեց նույն ձևով Սովետական Միությունում, երբ Աֆղանստանի պատերազմից վերադարձան Խորհրդային զինվորները սակայն համեմատ ԱՄՆ-ի այստեղ քիչ ավելի մեղմ էր արտահայտված Աֆղանական պատերազմի վետերանները խմբերով մտնում էին քաղաքապետարաններ դաժան հաշվեհարդար տեսնում պետական չինովնիկների հետ, նրանցից շատերը միանալով քրեակա խմբերին դառնում էին ավելի վտանգավոր պետության համար:

Իշխանությունները անգամ խուսափում էին գնալ նրանց հետ առճակատման, գիտակցելով որ դա ավելի կբարդացնի նրանց վիճակը: Պատերազմական Սինդրոմը անկախ նրանից առկա է եղել աշխարհի բազմաթիվ երկրներում, որտեղ մոլեգնում են պատերազմները՝ Աֆղանստանը, Արևմտյան Սահարա, հատկապես Կենտրոնական Ամերիկայի երկրները՝ Գվատեմալա, Էլ Սալվադոր, Կոլումբիա, շատ երկրներ որտեղով անցել էր պատերազմի մրրիկը: Պատերազմներ տեսած երկրները միշտ վերապրել են այդ հակամարտությունների պտուղները: Անգամ Հայրենական եւ Քաղաքացիական պատերազմներից հետո էլ առաջ եկավ այդ պրոբլեմը: Մեր Կովկասյան տարածաշրջանում գոյություն ունեցող «Չեչենական և Վրացական սինդրոմները» Սակայն երի համաշխարհային պատմության մեջ միակ երկիրը դա Հայաստանն էր, որտեղ պատերազմից հետո չբռնկվեց՝ «Ղարաբաղյան Սինդրոմը»: Դա պայմանվորված է մի շարք գործոններով, որոնց մասին մենք լռում ենք

Առաջին գործոնը դա այն էր որ Ղարաբաղյան պատերազմը պարտադրված պատերազմ էր մեր հակառակորդի կողմից, և Ազատամարտիկները կամավոր եւ գիտակցաբար գնացին պաշպանելու հայրենիքը:

2. Երկրորդ որ մեր Ազատամարտիկները այնքան հայրենասեր և խոհեմ գտնվեցին, որ տեսնելով իրենց թիկունքում սեփական իշխանությունների դավաճանությունը լռեցին, հասկանալով, որ իրենց դժգոհությունը և ընդվզումը կարող է երկիրը ներքաշել քաղացիական պատերազմի մեջ: 3. Իսկ երրորդ գործոնի մասին հիշատակեցի նախորդում: Հայաստանի Հանրապետություն իշխանությունները նախօրոք ձեռք էին առել համապատասխան միջոցներ, որոնց մասին կտամ մանրամասն բացատրություններ: Այդպիսով ինչու՞ էր այդպես վստահ Վազգեն Սարգսյանը երբ 1990 թվականին ելունթ էր ունենում Ազգային ժողովում: Այդ ժամանակ դեռ Ղարաբաղյան պատերազմը ակտիվ ընթացք էր ստանում: Ինչպես ասացի նա այդ ժամանակ նա հանդիսանում էր Երկրապահ խորհուրդի եւ Ազգային Ժողովում Պաշտպանության հանձնաժողովի նախագահ և նա գիտակցում էր, որ երկրի միակ պաշտպանները, դրանք Ազատամարտիկներն են, և հարկավոր էր անել ամեն ինչ, որպեսզի կազմակերպեր երկրի պաշպանությունը, սակայն չմոռանալով նաև Կրեմլի իշխանությունների կողմից հրահանգավորված առաջարկը: Այդպիսով բացելով Հույժ գաղտնի պատմության մանրամասները:

1990 թվականին Մոսկվայից Երևան են ժամանում Գեներալ Ալեքսանդր Ռուցկոյի կողմից ուղարկված պատվիրակությունը, ( Руцкой Александр Владимирович Генерал-майор СССР ) որը շատ խիստ պահանջներ էր դնում Հայաստանի իշխանությունների առջև: Հիշեցնեմ որ Ալեքսանդր Ռուցկոյը զինվորական էր՝ գեներալ լեյտենանտ եւ Աֆղանական պատերազմի մասնակից, Սովետական Միության հերոս, այդ թվում նաև ՌՍՖՍՀ-ի պատգամավոր, հանձնաժողովի նախագահ է այնուհետև ՍՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, Աֆղանական պատերազմի վետերանների եւ հաշմանդամների միության նախագան: Այդպիսով 1990 թվականի Գեներալ Ռուցկոյի պատվիրակությանը գալիս է Հայաստան, նրանց դիմավորում են Հայաստանում համանման կազմակերպության անդամները:

Ռուցկոյը շատ խիստ էր դրել հարցը, որպեսզի Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության նորընտիր իշխանությունները ապահովվեն Հայաստանում գտնվող Աֆղանական վետերանների սոցիալական եւ տնտեսական պահանջները, այդպիսով նրանց հստակ նշված էր, որ այդ վետերաններին պետք է նշանակել հանրային սննդի օբեկտներ տնօրեններ, այսինքն, հանրախանութների և շուկաների: Իսկ իրենց հերթին էլ Կրեմլի իշխանություններին կհաջողվի այդ Հայաստանի «Աֆղանցի» վետերանների միջոցով կանգնեցնել Ղարաբաղում և Հայաստանում նոր թափ առնող պատերազմը: Հայաստանի իշխանությունները բավարարեցին Ռուցկոյի պահանջները և եւ Աֆղանական պատերազմի մի շարք վետերաններ զբաղեցրին մի քանի հանրային խանութների տնօրինությունը: Սակայն սա վերաբերվում «Աղվանցի» վետերանների նեղ շրջանակին միայն:

Այդպիսով հաշվի առնենք, որ դեռեւս ոչ մեկ չէր կարող գուշակել, որ մեկ տարի հետո քանդվելու է Խորհրդային Կայսրությունը: Անգամ չգուշակեցին Խորհրդային գլխավոր հետախուզությունն և անվտանգությանը կոմիտեն; ( Военная разведка ГРУ СССР – КГБ) Հաշվի առնելով Գեներալ Ռուցկոյի փորձը, քանի որ նա հանդիսանում էր Խորհրդային հետախուզության ամենահմուտ մասնագետներից մեկը, նա փորձում էր Հայաստանի Աֆղանական վետերանների միջոցով իրագործել որոշ ծրագրեր, որոնք անհայտ են սակայն հիմնականը կարելի էր պատկերացնել որ ավելի մտահոգված էին կարգավորել տարածաշրջանի կայունությունը, հնարավոր է, որ գեներալ Ռուցկոյը համանման պատվիրակություն ուղարկված լինի նաև Բաքու, որպեսզի պայմանավորվեն նույն տարբերակը ադրբեջանցի վետերանների հետ: Սակայն այդ պատվիրակության հանդիպումը Վազգեն Սարգսյանի հետ դարձավ ճակատագրական, քանի որ այդ հանդիպումը եղել է փակ դռների ետևում, և այդ ամենի մանրամասները կմնաին այդպես էլ անհայտ, եթե պատահական այդ հանդիպմանը չմասնակցել է Վազգեն Սարգսյանի մտերիմներից մեկը, որը Ղարաբաղյան պատերազմի իրական հերոսներից է:

Անվտանգության համար չեմ նշում այդ բարձրաստիճան հրամանատարի անունը: Այդպիսով չեմ նշում այդ հանդիպման մանրամասները, սակայն կցանկանաի շեշտել այն փաստը, որ Ռուցկոյի պատվիրակները Վազգեն Սարգսյանին հասկացնում են որ նա հետագայում կանգնելու է մի փաստի առջև, որը և կոչվում է՝ «Պատերազմի Սինդրոմ»: Ճիշտ է Վ. Սարգսյանը չփորձեց դա ընդունել որպես լուրջ պրոբլեմ, քանի որ երկրում ավելի բարդացող իրավիճակը այլ մոտեցում էր պահանջվում: Այդպիսով Ռուցկոյի պատվիրակների խորհուրդը կարծես թե իր հետեւ անքները թողեցին Վ. Սարգսյանի վրա, որն էլ կարծես անտարբեր չեղավ այդ խորհուրդին հետեւելու: Քանի պատերազմը շարունակվում էր, նրանք այդ ծրագրի շրջանակում փորձում էին գտնել հավատարիմ զինակիցներ, որոնց տալով պաշտոններ և իշխանություն կարող էին ապահովվել իրենց դիրքերը, ժամանակի հետ էլ հենց այդ համախոխների ձեռքով ոչնչացնել իրենց իշխանության դեմ արտահայտվող քննադատող կամ ընդվզող ազատամարտիկներին:

Չնայած մինչև Ռուցկոյի պատվիրակության այցը ՀՀՇ -ական գործիչները նախօրոք որդեգրել էին իրենց դիրքերը ամրապնդելու քաղաքականությունը, որի արդյունքում կամ պատահական պատահարներից անհայտ պատճառներով ոչնչացվեցին մի շարք աչքի ընկնող երիտասարդներ, ազգային շարժմանը նվիրված դեմքեր եւ ավորականներ: Ինչպե՞ս էր այդ ամենը կազմակերպված, եւ ո՞րն էր իշխանությունների ամրապնդման ծրագիրը, այն որ ՀՀՇ-ականների կողմից գործում էին զինված խմբեր դա հասկանալի էր, նրանք չէին կարողանում իրենց իշխանությունը ապահովվել ՀԱԲ-ի տարբերակում: ՀԱԲ-ի ղեկավարներին որոնք չէին ընդումում ՀՀՇ-ական գործիչների քաղաքական հայացքները, և շատ դեպքերում նրանք օգտագործելով խորամանկ քաղաքականություն Երևանում տիրում էր անկայուն մթնոլորտ, գիշերային փոխհրաձգություններ, որը եւ վախեցնում էր ազգաբնակչությանը: ՀՀՇ.-ն օգտագործելով քարոզչական մեքենան փորձեց ժողովրդին հանել ՀԱԲ-ի դեմ:

Չեմ փորձի արդարացնել ՀԱԲ-ին, քանի որ իրոք այդ խմբավորման մեջ քրեական տարրերի առկայությունը շատ էր: Սակայն ինչ որ ծրագրել էին ՀՀՇ- ականները դա վտանգավոր քայլ էր: Շրջանցելով այդ դեպերը, անցնեմ կարևոր հարցին՝ իշխանությունների այդ գաղտնի ծրագրի մանրամասնություններին: ՀՀՇ-ական գործիչները հասկանում էին և պատկերացնում էին Ազատամարտիկների երազանքների և նպատակի հստակ պատկերը, այսինքն այդ պատկերը հետևյալն էր՝ Հայաստանը տեսնել ազատ անկախ եւ ուժեղ, որտեղ կգնահատվեն հայ մարդու իրավունքները եւ ազատությունը: Իսկ քանի որ նրանք այդ գաղափարախոսությունով են ելել պաշտպանելու հայրենիքը, ապա նրանք պատրաստ են ամեն գնով հասնել այդ գաղափարի իրականացմանը: Սակայն իշխանությունների ծրագիրը կարծես տարբերվում էր այդ ծրագրից: Քանի որ նրանց բռնած ուղին տանում էր դեպի կապիտալիզմ նույնիսկ կարելի է ասել իմպերիալիզմ, և ինչպես հասկանալի է կապիտալիստական հասարակարգում մարդու իրավունքները սահմանափակվում են այնտեղ, որտեղ սկիզբ է առնում դասակարգային բաժանումը: Իսկ ՀՀՇ-ի որդեգրված այդ ուղին կարող էր փլուզվել միայն հենց այդ Ազատամարտիկների շնորհիվ, քանի որ նրանք չէին հանդուրժի սեփական ժողովրդին հարստահարող եւ կողոպտող իշխանավորներին լուռ և խոնհար ծառայել:

Ուստի քանի շարունակվում էր պատերազմը հարկավոր էր կազմակերպել այդ գործընթացը, որը թույլ կտար ժողովրդի աչքից հեռու իրագործել դավադիր ծրագիրը: Ռուցկոյի պատվիրակների այցից հետո արդեն նկատելի էր դառնում Վազգեն Սարգսյանին հարաբերությունների կտրուկ վատացում Ազատամարտիկների հանդեպ, այսինքն իր ասելով «զինակից ընկերների» հանդեպ: Այդ պատճառով սկսեց նա ավելի վստահել և նախապատվությունը տալ ՆԳՆ-ի աշխատակիցների վրա, քան այսպես կոչված «զինակիցների»: Չնայած որ ինչպես ասացի նա սկսում էր կամաց- կամաց իր կողմը գրավվել իր կողմակիցներին, որոնք անգամ հեռու էին հայրենասիրական գաղափարախոսությունից, փոխարենը կարող էին հպատակվել եւ կատարել ցանկացած հրաման, անգամ սեփական ժողովրդի գնդակահարելու հրամանը իրագործելով:

Այդպիսով այդ գայթակղիչ առաջարկի շնորհիվ նա կարողացավ հավաքել իսկապես մի «զինակիցների թիմ», որը պատրաստ էր ամեն ինչի, իսկ նրանց իսկ ձեռքով կամաց կամաց ոչնչացնել հայրենասեր և ազգասեր անհատականություններին: Շատերը չգիտեն 50-ական թվականներին Խորհրդային Հայաստանում տեղի ունեցող մի շարք գաղտնի գործարքներ, որոնց ետևում կանգնած էին Կոմունիստական կուսակցական որոշ գործիչներ, ՊԱԿ -ի գլխավորությամբ և նրանք կարծես վերցնելով այդ փորձը օգտագործեցին Ազատամարտիկների տարբերակում:

Հարցը նրանումն էր, որ 50-ական թվականներին Ստալինի մահից շատ քրեական հեղինակություններ ազատվեցին եւ վերադարձան, սակայն իշխանությունների կողմից նրանց դեմ պայքարելու համար խուլիգաններից գրպանահատներից ստեղծում են մի գաղտնի կառույց՝ «Գվարդիականներ» անուններով և հենց նրանց միջոցով էլ հաշվեհարդար էր տեսնում քրեական աշխարհի ներկայացուցիչների եւ հեղինակություններ դեմ: Չնայած ինչքանով պատմում են այդ պատմության մասին տեղյակ մարդիկ հետագայում հենց նույն այդ «Գվարդիականները» դարձան ավելորդ բեռ իշխանությանների համար, չնայած նրանց հարցերը լուծելը բարդ գործ չէր այն ժամանակվա իշխանությունների համար: Չնայած որ ինչպես ասում են իշխանությունները՝ «Ուրիշի ձեռքով շագանակներ հանեցին կրակից»:

Խորհրդային Իշխանությունների գաղտնի ծառայությունների այն տարիների «Գվարդիականների» քայլերը հասկանալի էին ուղղված էին քրեական աշխարհի դեմ, իսկ ՀՀՇ – ական իշխանավորների կողմից ստեղծված քրեական՝ Աֆ-ի ջոկատները ստեղծված էին ու՞մ պատժելու համար, ազգային գաղափարին նվիրված տղաների՞… Երկրի ժողովրդի պաշտպանի դեմ… թե՞ իրենց իշխանությունը և կարողությունները պահելու համար: Նշանակում է եկած ռեժիմը ավելի բարբարոս և դաժան էր քան Խորհրդային համակարգը: Նշանակում է, որ այդ հրեշավոր հաշվեհարդար սեփական ազգի դեմ, ավելի սարսափելի է քան Բերիայի եւ Ստալինյան Գուլագները:

Ղարաբաղյան Պատերազմի ժամանակ բազմիցս անգամ դաշտային հրամանատարներ դժգոհություններով եւ հանդուգն քայլերով սպառնացել են իրենց «զինակից» Վազգեն Սարգսյանին իր անփույթ և անպատասխանատու քայլերի համար, չնայած հետագայում այդպիսի մարդիկ տարբեր առիթներով կամ մարտադաշտում ընկան՝ թշնամու գնդակից, կամ էլ յուրայինների դավաճանության հետևանքով, այդպիսի մարդկանց թվին կարելի է գումարել՝ ԼՂՀ առաջին նախագահ Արթուր Մկրտչյան, Գնդապետ Վլադիմիր Կարապետյանը, Նորիկ Դանելյանը, Մոնթե Մելքոնյանը, Աշոտ Ղուլյանը՝ Ասկոլկեն, Ռեմիկ Մարդանյանը, Մեղրի հրամանատար Ղեւոնդ Հովհաննիսյանը եւ մի շարք հայրենասեր գործիչներ:

Իսկ գեներալ Ռուցկոյի հայ գործընկերների մասին շարունակում ենք լռել, հնարավոր է, որ նրանք ինչ որ կապ ունենաին այդ գործընթացների հետ, սակայն հետագայում նրանց գործունեությունը Լևոն Տեր-Պետրոսյանին թիկնազորում առիթ էր տալիս խորհել: Ինչպես ասացի սա վերաբերվում է Աֆղանստան ծառայած մի խումբ վետերանների, որոնք իշխանությունների կողմից ստացան հասարակական օբեկտների այդ յուղոտ պատառը: Ինչպես գիտենք այդ նույն «Աֆղանցի» էին նաև Դուշման Վարդանը ( Վարդան Ստեփանյան ) եւ մի շարք տղաներ, որոնք միավորվելով ՀՀՇ -ի Սմբատ Հակոբյանի հետ կազմեցին այդպես կոչված «Ազգային Լեգիոնը», որի գործունեությունը երկար չտեւեց, չհաշված մեկ դրվագից, որը տեղի ունեցավ Մեղրու շրջանի Նյուվադի գյուղի դեմ կատարված հեռահար գնդակոծումից: Հետագայում այդ գյուղում նկարահանված տեսաերիզով պիտի համոզեին, հասարակությանը որ իրենք կռվել են հայրենիքի համար:

Այդ խումբը տրոհվեց և հայրենիքին նվիրված հեռացան «Աֆղանակական» այդ ջոկատից, մնացածները մնացին, դառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանին թիկնազորի հավատարիմ անդամները: Երեւի հենց այդ ժամանակ էլ Դուշման Վարդանը նկատել էր այդ եւ առանձնանալով նրանցից, դարձել էր դաշտային հրամանատար: Նույնիսկ Դուշման Վարդանը խորհուրդ էր տվել այդ «Աֆղանցիներին» հեռանալ հանցագործ ճանապարհից: Այդ թվում մի շարք Աֆղանական պատերազմի տղաներ, որոնք մեր Ազատամարտի առաջին շարքերում էին կռվում անձնվեր կռվեցին մինչեւ վերջ, զոհվելով հերոսի նման: Պատերազմական գործողությունների ընթացքում թիկունքից անկատ ոչնչացված ըմբոստ հրամանատարի մահը իշխանությունները ներկայացնում էր որպես ճակատային գծում զոհված:

Այդ թվում նաև պատերազմի վերջում հմուտ ազատամարտիկների ջոկատները ուղղորդվում էին ականապատված տարածքներում գրոհ կազմակերպելու համար, և այդպիսի «հմուտ հրամանատարներից» մեկը՝ 5- րդ հաղթական բրիգադի հրամանատար՝ Վազգեն Սարգսյանի սանիկ՝ գնդապետ Մանվել Գրիգորյանն էր: Այս ձև եին վարվում Խորհրդային իշխանությունները 1941 թվականին՝ Հայրենական պատերազմում «Տուգանային մահապարտների գումարտակները» որոնք ՆԿՎԴ-ի գնդացիրների կրակի տակ գրոհի էին նետվում: Սակայն մեր Ազատամարտիկները ոչ դասալիքներ էին եւ ոչ հանցագործեր, նրանք հայրենիքի պաշտպանելու համար կամավոր էին գնում ականների վրա, առանց քննարկելու այդ դավաճան հրամանատարների հրամանը: Այստեղ ոչ թե պատերզմի ընթացքից էր կապված նրանց լինելու և չլինելու հարցը, այլ դավաճանության և անհեռանկար «հրամանատարների» քայլերից:

Շատ դեպքերում ճակատային գծում չպլանավորված գործողությունների արդյունքում հայկական ջոկատները իրար դեմ կռիվ էին մղում չիմանալով անգամ, որ կռվում են հենց յուրայինների դեմ: Տաքուկ առանձնասենյակներում որոշումներ էր կայացվում, որոնք խլում էին հարյուրավոր կյանքեր, որոնց ետևում հարյուրավոր ընտանիքներ էին՝ կանայք եւ երեխաներ: Իսկ արդյունքում այդպիսի արկածախնդիրները եւ տականքները հետագայում դարձան զորավարներ եւ քաղաքական գործիչներ: Եւ նրանք ամեն ինչ արեցին որպեսզի այդ հաղթանակների դափնիները իրենց շնորհվեն, ամեն ինչ արեցին որպեսզի իրենց անուներով գրքեր եւ սուտ պատմություններ հյուսվեն: Ղարաբաղյան պատերազմի իրական պատկերը դեռ բացահայտված չէ, իրական էլ չէ «փորփրել» այն, քանի որ այդ ամենը մնաց հաղթանակի ստվերում, սակայն հարկավոր է այդ սխալներից դասեր քաղել, որովհետև պատերազմը դեռ ավարտված չէ:

Արդյունքում՝ Ազատամարտիկները այդպես լռեցին և լռելով կարողացան տանել իշխանությունների կողմից իրենց համար նախատեսված դառնությունների ու դժբախտությունների փշոտ արահետը: Պատերազմի ավարտից հետո իշխանությունները փնտրեցին քավության նոխազ եւ դրանք եղան նորից նրանք՝ Ազատամարտիկները: Իրավապահպան մարմինների տրված արտոնությունները, ռազմական ոստիկանությունում կաշառքով «դեսանտ» իջած զինվորական կոչեցիալներին՝ գնդապետ Վահրամ Խոռխոռունու պես «Ազգային հերոսները» որոնք ավելի սարսափելի դահիճներ էին քան ՆԿՎԴ-ի ոճրագործները: (Վահրամ Խորխոռունի. ՀՀ պաշտպանության փոխնախարար, գնդապետ: Սպանվել է 1998 թվականի դեկտեմբերի 10-ին՝ իր բնակարանի շքամուտքում, հրազենից: Սպանությունը բացահայտված չէ: )

Նրա հրամանով Ռազմական ոստիկանությունում մի զինվորի այդպես ասած իրենց լեզվով «Նստացրել են շշի վրա» բռնաբարելով նրան: Այդպիսով իշխանությունները անօրինական զենք եւ զինամթերքի անվան տակ ձերբակալվեցին հարյուրավոր Ազատամարտիկների այնուհետև հորինվեց ինչ որ Դաշնակցական «Դրո» կառույցը, որը հնարավորություն կտար իշխանություններին ժողովրդի անվտանգության ապահովելու անվան տակ ոչնչացնել և ձերբակալել ազատամարտիկներից շատերին: Երկրում տիրում էր Ստալինյան և Բերիական ռեժիմը: Գործում էր Կոմունիստական Դիկտատուրայի ամենախիստ միջոցները, իշխանությունները գործ էին դնում նաև վարկաբեկումը անգամ՝ հայրենիքի դավաճանության տակ էին ձերբակալվում ազատամարտիկներ: Սակայն կար եւ մեդալիոնի հակառակ կողմը, բերեմ միայն մեկ օրինակ փորձելով տալ միայն նրա անունը:

ՆԳՆ համակարգում աշխատող՝ Մուրադը բարձրաստիճան՝ Վազգեն Սարգսյանի զինակիցներից մեկը կապեր հաստատելով Թուրքիայում գտնվող քրդերի հետ, նրանց էր վաճառել խոշոր եղջուրավոր անասուններ, սակայն դա ավելի սարսափելի չէր լինի եթե նրանք քրդերին չվաճառեին մի հայ կնոջ, աղմուկը շատ մեծ էր և հարցը հասավ արդեն զենքին: Միայն Վազգեն Սարգսյանի միջամտելուց հետո, ինչպես իրենք են ասում այդ միջադեպը «ջրեցին գնաց»: Ինչու՞ էր դա այդպես, ի՞նչ խաղ էր, այդպիսի մարդիկ իրենց իշխանությանը վտանգ չէին սպառնում, քանի որ նրանք էին պատմություններ ստեղծելու չեղած «հերոսների» շուրջ:

Պատերազմից անցել է տասը տարի սակայն այդ նվաստացած դեգերումների միջով անցած Ազատամարտիկները հայտնվել են բառիս բուն «բոմժի» կարգավիճակում, ինքներդ տեսեք մեր իշխանությունները Ազատամարտիկ ասելով նկատի ունեն միայն զոհված Ազատամարտիկներին, հեռուստատեսային քարոզներով և մեծ տոնակատարություններով հիշելով մեր զոհված ազատամարտիկներին, դա շատ լավ է եւ խրախուսելի, սակայն ինքներդ տեսեք ոչ մի խոսք կենդանի ազատամարտիկների մասին, որոնք հայտնվել են չքավորության մեջ, քանի որ իշխանությունները վստահ են որ զոհվածները իրենց գահին չեն կարող սպառնալ: Սակայն այն որ նրանք վախենում են այն թշվառ եւ անճար Ազատամարտիկներից, որոնք անգամ դեղորայքի համար գումար չունեն դա փաստ է:

Ազատամարտիկների սպանդը շարունակվեց նաև Ռոբերտ Քոչարյանի իշխանավության օրոք եւ մինչև հիմա շարունակվում է կարժես դա արդեն ավանդույթ է դարձել մեր իշխանություննեի մոտ: Տասնամյակներ է անցել եւ իշխանությունները համոզվեցին որ Ղարաբաղյան պատերազմի վետերանները երբեք էլ «Ղարաբաղյան Սինդրոմով» չեն տառապել, եւ երբեք էլ նպատակ չեն ունեցել իրենց պահանջները թելադրել Հայաստանի իշխանություններին, սակայն այնուամենայնիվ նրանք վախենում են նրանցից, որովհետեւ հասկանում են որ երբեւէ կգտնվեն ազատամարտիկներ, որոնք ժողովրդին կուղորդեն դեպի ճշմարիտ ուղին:

Պետական կառույցների կողմից ստեղծվել են հասարակական տարբեր կառույցներ, որոնք ընդհանրապես կապ չունեն Ազատամարտիկների հետ, անգամ ՊՆ-ի թոշակավորման հանձնաժողովը, որի եզրակացության հիման վրա թոշակավորվում են վիրավոր և հաշմանդամ ազատամարտիկները, այդ եզրակացությունների դիմաց բժիշկ կոչեցիալները առանց ամաչել կաշառք են պահանջում: Չհաշված որ նրանց եզրակացության հիման վրա հարյուրավոր քաղաքացիներ, որոնք կապ չունեն ազատամարտի հետ թոշակավորվել են որպես «Ազատամարտիկներ»:

Կցանկանաի բերել մեկ օրինակ: Արտաշատի շրջանի Մխչյան գյուղի ազատամարտիկներից մեկի հազար դրամ էլեկտրաներգիայի պարտքի դիմաց բնակարանը հոսանքազրկել են, հարեւանների բողոքին էլեկտրոցանցի աշխատակիցը պատասխանել է, որ դա ռուսական ընկերություն է ու նրանց չի հետաքրքրում, ազատամարտիկ ով լինելը: Ահա ի՞նչ կարելի է պատասխանել այդ մարդ կոչեցիալին, որի ետեւում կանգնած են մեր իշխանությունները, նրա մեղադրել չի լինի քանի որ դա արվել և արվում է պետական պաշտոնյանների հովանավորությամբ: Իսկ ամենահետաքրքիրը այն դեպքն է, որը կարելի է անունով կոչել Արտաշատի երկրապահ վարչության Քարտուղարուհի՝ Մարիետայի ամուսինը հարբած խրախճանքից վերադառնալիս իր ընկերուհիների հետ ենթարկվում է ավտովթարի, իսկ արդյունքում այն եղավ, որ Մարիետան դարձավ «զոհված ազատամարտիկի այրի» իսկ ընտանիքը «զոհված ազատամարտիկի ընտանիք»:

Ա՛յ տեսնու՞մ եք թե հաջողությունը ոնց է իր ոտքով գալիս, մեկ կրակոցով ոչ թե երկու այլ մի քանի նապատակ… Այդպիսով Մարիետան ազատվեց՝ դավաճան ամուսնուց, հետո էլ կարողացավ օգտվել զոհված ազատամարտիկների ընտանիքներին նախատեսված արտոնություններից, նույնիսկ ես վստահ եմ որ ավելին քան հասնում է:

Այդպիսով ինչպես կարելի է ավարտել Լյուդմիլա Հարութունյանին ասելով որ «Պատերազմը ավարտվեց սակայն տղերքը սարերից այդպես էլ չիջան, որպեսզի պայքարեն գոնե իրենք իրենց պաշտպանության և իրավունքների համար» Ազատամարտիկներից շատերը հեռացան կյանքից չքավորության և դժբախտության մեջ, մի թե մեր ժողովորդը ընդունակ է մեր իշխանությունների պես ոտի տակ տալ այդ ազնվասիրտ մարդկանց:

15.06.2004 թվական Վարդան Հովհաննինսյան Իսպանիա  © VH

 «Ազատամարտիկի  Նոթատետրից» surhandak

http://azatamartikihishatakaran.blogspot.se/p/1988-1988-1991-1991-1988-1988-1-2-3-1945.html

http://surhandak.wordpress.com

http://blognews.am/arm/news/43315/huyzh-gaxtni-xarabaxyan-sindrom.html

вторник, 23 апреля 2013 г.

Բոստոնի ահաբեկչությանն ի պատասխան ԱՄՆ-ն պետք է ներխուժի Չեխիա. Ալյասկայի նախկին նահանգապետը «փայլել» է իր գիտելիքներով


ԱՄՆ-ի Ալյասկա նահանգի նախկին նահանգապետ Սառա Պալինը, Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում անդրադառնալով բոստոնյան ահաբեկչության թեմային, «փայլել է» իր աշխարհագրական գիտելիքներով։ Մասնավորապես՝ Չեչնիայի փոխարեն նա կոչ է արել ներխուժել Չեխիայի Հանրապետություն։

Ինչպես նշում է The Daily Currant-ը, Պալինը նշել է, որ թեև ահաբեկչության գործով դաշնային հետաքննությունը դեռևս չի ավարտվել, այնուամենայնիվ, արդեն գործելու ժամանակն է։ Խոսելով ահաբեկչության կասկածյալներ Թամերլան և Ջոխար Ցարնաև եղբայրների մասին՝ Պալինն ասել է.«Մենք դեռևս ամեն ինչ չէ, որ գիտենք կասկածյալների մասին։ Հայտնի է միայն, որ նրանք մուսուլմաններ են Չեխիայի Հանրապետությունից։ Բայց պետք չէ կանգ առնել միայն Չեխիայի  վրա, հարկավոր է գնալ բոլոր արաբական երկրներն ու նրանց մի լավ դաս տալ։

Արաբները պետք է սովորեն, որ չեն կարող պարզապես այստեղ գալ ու ամեն ինչ պայթեցնել»։
Սակայն նախկին նահանգապետն ավելի հեռուն է գնացել և առաջարկել մի քանի միջուկային զենք օգտագործել Իսլամաբադում, ամբողջովին այրել Պրահան ու ռմբակոծել Թեհրանը։ Պալինի աշխարհագրական գիտելիքների վրա զարմացած հաղորդավարները շտապել են նրան ուղղել՝ ասելով, որ Իսլամաբադն իրականում Պակիստանի մայրաքաղաքն է, որն ընդհանրապես արաբական երկիր չէ, Թեհրանն Իրանի մայրաքաղաքն է, որը ևս արաբական պետություն չէ, իսկ ինչ վերաբերում է Պրահային, ապա այն, լինելով Չեխիայի մայրաքաղաքը,  որևէ կապ չունի արաբների ու մուսուլմանների հետ։

Այնուհանդերձ, իր սխալն ընդունելու փոխարեն, Պալինը շարունակել է իրենը պնդել՝ հաստատելով, որ Չեխիայի Հանրապետությունն իրականում մուսուլմանական պետություն է։ Հաղորդավարները փորձել են քաղաքական գործչին տեղեկացնել, որ Ցարնաև եղբայրները մուսուլմաններ են, էթնիկ չեչեններ, ովքեր մեծացել են Ղրղըզստանում և ԱՄՆ-ում։ Նրանք Պալինին բացատրել են, որ չեչենները ոչ թե Չեխիայից, այլ Չեչնիայից են գալիս, որը մտնում է Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ։

Սրան ի պատասխան Պալինն է՛լ ավելի «հանճարեղ» պատասխան է տվել.«Իսկ ի՞նչ տարբերություն։ Մի՞թե Ռուսաստանը Չեխիայի Հանրապետության մասը չէ»։
«Ո՛չ, Չեխիայի Հանրապետությունն առանձին երկիր է։ Այն Եվրոպական Միության մի մասն է, ինչպես նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցներից»,-բացատրել է հաղորդավարը։
Իր համար բացահայտումներով լի հարցազրույցից հետո Սառա Պալինը մեղադրել է Fox News-ին իսլամին աջակցելու և աշխարհագրությանը չափից ավելի մեծ ուշադրություն դարձնելու համար։

newsbox.am

вторник, 26 марта 2013 г.

Վարդան Հակոբյանը «Վիքիպեդիա»-ում

Գրական միջակությունները սողոսկել են «Վիքիպեդիա»

Արդեն չենք էլ զարմանում, երբ քնում-արթնանում ենք ու հանկարծ հայտնաբերում, որ սերիալի այս կամ այն «դերասանը», որին երեւի ֆայլաբազարից են գտել, դարձել է վաստակավոր արտիստ: Մեկ ուրիշը, ասենք մի անհայտ գրող՝ մշակույթի վաստակավոր գործիչ: Երրորդին՝ ձեռաց սարքել են «նշանավոր արձակագիր» եւ դոշից կախել «Մեսրոպ Մաշտոց շքանշան» եւ այլն: Չենք զարմանում այլեւս, քանզի մեր երկրում ոչ մի չափանիշ չի գործում:

Վերջին օրերին, սակայն, այս զավեշտալի պատմությունը հիշելով՝ ուղղակի լիաթոք ծիծաղում եմ: Ո՞վ է ճանաչում կամ ո՞վ է լսել Վարդան Հակոբյան «պոետի» անունը: Պարզվում է՝ այս մարդը, որ լավագույն դեպքում կարող էր լինել քելեխների ու հարսանիքների թամադա, փորձ է արել իր անունը անմահացնել «wikipedia» (Վիքիպեդիա) հանրահայտ հանրագիտարանում։

Սույն «պոետը» կողոպտել է Վարդան Հակոբյան կամ Հեսու վարդապետի էջը (1862, գյուղ Ահարոնք (Սասուն գավառում), 1915, Մեծ Եղեռնի զոհ) եւ դրա վրա կառուցել իր էջը:
Ուշադրություն. ստացվել է, որ «պոետ» Վարդան Հակոբյանը ծնվել է 1948-ին եւ վախճանվել …1915-ին...

Ահավասիկ.

Վարդան Հակոբյան (բանաստեղծ)
«Վիքիպեդիայից»՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ գործածումների համար տես՝ Հակոբյան

Վարդան Հակոբյան (բանաստեղծ)
ԱԱՀ՝   Վարդան (Սլավիկ) Սարգսի Հակոբյան
Ծննդյան օր՝   մայիսի 21, 1948 (64 տարեկան)
Ծննդավայր՝   Արփագյադուկ, ԽՍՀՄ
Վախճանի օր՝   1915 թ.
Վախճանի վայր՝   Մուշից ոչ հեռու
Ազգություն՝   հայ
Կրոն՝   Հայ Առաքելական եկեղեցի

Վարդան (Սլավիկ) Սարգսի Հակոբյան (ծնված 21. 5. 1948, գյուղ Արփագյադուկ (ԼՂՀ Հադրութի շրջանում)), բանաստեղծ, դրամատուրգ, բանասիրական գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր։ Ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը (1969)։ 1969-83-ին աշխատել է Ստեփանակերտի «Սովետական Ղարաբաղ» օրաթերթում, 1976-83-ին՝ գլխավոր խմբագրի տեղակալ։ 1983-91-ին՝ գրողների միության Լեռնային Ղարաբաղի մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար, 1991-ին՝ ԼՂՀ գրողների միության նախագահ, միաժամանակ՝ միության պաշտոնաթերթ «Եղիցի լույսի» գլխավոր խմբագիր։ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը բեմադրել է Հակոբյանի «Հայելիներ» (1979) և «Քո սերը քո տունն է» (1981) պիեսները։ Հակոբյանը հիմնադրել և խմբագրել է «Արցախ» (1989) երկամսյա և «Պըլը-Պուղի» (1991) երգիծական հանդեսները։ Հակոբյանի քնարական բանաստեղծությունների («Մեղեդիներ», 1969, «Շանթահար կաղնին», 1974, «Մայրանում է լույսը», 1975, «Անմարելի-անմեկնելի», 1981, «Վաղվա աչքերով», 1987, «Արցախա ծուխ», 1989, «Ամարասի զանգերը», 1989 ևն ժողովածուներ) հիմնական թեման ժամանակակից մարդու խոհերն են, կարոտի, սիրո ապրումները։

ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից
25.03.13

http://zham.am/am/news/1673.html

среда, 20 марта 2013 г.

Ռուբեն Հախվերդյան. «Պաշտպանեք ձեր բաժին ոսկորը»


Սերժ Սարգսյանն ընդամենը հաստատել է Ռուբեն Հախվերդյանի խոսքը.

Ըստ էության, Սերժ Սարգսյանն իմ ասածները չի հերքել: Միայն մեկ ճշտում՝ Սերժ Սարգսյանը Կեւորկովի օրոք աշխատել է որպես Կոմկուսի քարտուղար: Եթե հիշում եք՝ մենք հանրահավաքներ էինք անում եւ ուզում էինք ազատվել ԽՍՀՄ-ից եւ այդ կուսակցությունից: Սակայն պատմությունը կրկնվեց՝ սկզբում ՀՀՇ-ն, հետո՝ ՀՀԿ-ն ստանձնեցին Կոմունիստական կուսակցության դերակատարումը: Ըստ էության, ՀՀՇ-ն, ՀՀԿ-ն ու Կոմունիզմը նույնն են բովանդակությամբ, էությամբ: Եվ անունները փոխելով՝ բովանդակությունը չես փոխի:  Որովհետեւ ստրուկը ստրկությունից ազատվելուց հետո ուզում է ստրկատեր դառնալ:

Ստրուկի եւ ստրկատիրոջ հոգեբանությունը.

Սերժ Սարգսյանն իրեն շրջապատել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի, Արմեն Մազմանյանի, Շուշան Պետրոսյանի,  Հանրայինի ղեկավար Ռուբեն Ջաղինյանի նման ստրկամիտ պնակալեզներով: Ռուբեն Ջաղինյանն իր տեսակով, իր կրթությամբ ոչ մի ընդհանրություն չունի հայկական մշակույթի հետ: Նշվածներն ամենասովորական պնակալեզներ են, որ ստացել են իրենց բաժին ոսկորն ու հիմա իրենց պիտի պատեպատ խփեն, որպեսզի պաշտպանեն իրենց բաժինը:

Սերժ Սարգսյանն անտաղանդ քաղաքական գործիչ է.

Ի դեպ, Սերժ Սարգսյանը այդ ասուլիսի ժամանակ ասել էր, որ ես գուցե տաղանդավոր երգիչ եմ, բայց քաղաքականության մեջ եւ մարդկային հարաբերություններում հեռու եմ տաղանդավոր լինելուց: Ասեմ, որ ես բնավ էլ քաղաքականությամբ չեմ զբաղվում: Ես իմ քաղաքացիական դիրքորոշումն են բարձրաձայնում: Քաղաքականությամբ զբաղվում է Սերժ Սարգսյանը, եւ կարող եմ վստահաբար ասել, որ նա անտաղանդ է այդ գործում: Եվ Սերժ Սարգսյանը ավելի լավ կանի ընդհանրապես չխոսի կաշառակերության, ստախոսության, գողության եւ այն կանխելու մասին: Պատճառը՝ պարզ է: Բոլորդ գիտեք:

Մարինա Բաղդագյուլյան
hayeli.am
20.03.13